ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/19868/02/20 2022 թ. | ||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/19868/02/20 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | ||
Հ. Բեդևյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
2022 թվականի մայիսի 27-ին
գրավոր ընթացակարգով քննելով անհատ ձեռնարկատեր Խաչատուր Խաչիկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25․03․2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի (այսուհետ՝ Կառավարիչ) ընդդեմ ԱՁ Խաչատուր Խաչիկյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Կառավարիչը պահանջել է անհատ ձեռնարկատեր Խաչատուր Խաչիկյանից բռնագանձել 1.049.180 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև հայցադիմումը ներկայացնելու օրվանից մինչև պարտավորության ամբողջական կատարումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ` հաշվարկված հայցադիմումի 1.3 կետով նախատեսված պարտքի չափից:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ․ Սարգսյան) (այսուհետ՝ Դատարան) 16․11․2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25․03․2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ անհատ ձեռնարկատեր Խաչատուր Խաչիկյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել անհատ ձեռնարկատեր Խաչատուր Խաչիկյանը (ներկայացուցիչ՝ Արթուր Խաչիկյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կառավարիչը (ներկայացուցիչ՝ Գայանե Ավագյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանի որոշումը պատասխանողին չի հանձնվել, նրա ստորագրությամբ որոշումն ստանալու փաստը չի հաստատվել:
Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված հանձման հավաստագրերում առկա ստորագրությունները նախ ակնհայտորեն տարբերվում են միմյանցից, իսկ այդ երկու ստորագրություններն էլ տարբերվում են պատասխանողի ստորագրությունից:
Չնայած այն հանգամանքին, որ Դատարանը պարտավոր չէ հաստատված համարել ստորագրությունների իսկությունը, այնուամենայնիվ բողոքի հիմքում դրված է հենց այն հանգամանքը, որ բողոքաբերը չի ստորագրել հանձման հավաստագրեր, չի ստացել դատական ակտերը, հետևաբար արդարադատության էությունից է բխում կողմերի միջև ապահովելու արդարացի հավասարակշռություն: Այսինքն՝ բողոքաբերի համար իր վերաբերյալ քննվող գործով գոնե պետք է տրամադրվի ողջամիտ հնարավորություն՝ ներկայացնելու իր կարծիքը, այն էլ այն պայմաններում, երբ դատական ակտով ակնհայտորեն թույլ է տրվել նյութական իրավունքի խախտում: Նույնիսկ պարզ համադրման արդյունքում հաստատվում է, որ նշված հավաստագրերում առկա ստորագրությունները չեն համապատասխանում իրականությանը:
Արդյունքում, բողոքաբերը հարուցված գործի մասին ծանուցված չլինելու արդյունքում զրկվել է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:
Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի խախտում, այն է՝ սխալ է գնահատել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, առաջին ատյանի դատարանի դատական ակտերը պատասխանողին հանձնված լինելու վերաբերյալ արժանահավատ հետևության չի հանգել: Արդյունքում նշված խախտումը հանգեցրել է դատարան դիմելու իսպառ արգելքի:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 25.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները․
Անհատ ձեռնարկատեր Խաչատուր Խաչիկյանի ներկայացրած վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Դատարանի վճիռը հրապարակվել է 16․11․2020 թվականին, ըստ գործում առկա հանձնման հավաստագրի բողոք բերած անձը դատական ակտը ստացել է 21․11․2020 թվականին, ինչից հետևում է, որ եթե նույնիսկ դատական ակտի բողոքարկման ժամկետի սկիզբը հաշվարկվի դատական ակտը ստանալու հաջորդ օրը՝ 22․11․2020 թվականը, ապա վերաքննիչ բողոքը կարող էր ներկայացվել մինչև 11․12․2020 թվականը, մինչդեռ բողոքը ներկայացվել է 02․03․2021 թվականին։ Հետևաբար Վերաքննիչ դատարանն իրավացիորեն մերժել է դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու մասին բողոք բերած անձի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում բողոքարկելու դեպքում, վերաքննիչ բողոք բերելու բաց թողած ժամկետն իրավունքի ուժով (ex jure) վերականգնելու առանձնահատկություններին:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` բողոքարկման ժամկետներին վերաբերող նորմերը անկասկած սահմանված են արդարադատության պատշաճ իրականացման և իրավական որոշակիության սկզբունքի ապահովման նպատակով, սակայն հիշյալ նորմերը կամ դրանց կիրառումը չպետք է գործին մասնակցող անձին զրկեն իրենց իրավունքի իրականացման հնարավորությունից (տե՛ս, Pérez de Rada Cavanilles v. Spain, application, թիվ 116/1997/900/1112 գանգատով Եվրոպական դատարանի, 28.10.1998 թվականի վճիռը, կետ 45): Որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (տե՛ս, Bellet v. France, 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճիռը նույն օրենսգրքով սահմանված կարգով հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե օրենքով վճռի հրապարակման համար ավելի կարճ ժամկետ սահմանված չէ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացված վճիռը, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ են մտնում այն հրապարակելու օրվանից տասնհինգ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարզեցված վարույթի կարգով կայացված գործի վարույթը կարճելու մասին որոշման կամ վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակելու օրվանից տասնհինգօրյա ժամկետում։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է դատարանի վճիռն օրենսդրությամբ սահմանված ժամկետում անձին չհանձնելու և բողոքարկման ժամկետները բաց թողնելու իրավական հետևանքներին: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Այդ ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման համար օրենքն ընդհանուր իրավասության դատարանին պարտավորեցնում է վճիռը հրապարակվելուց անմիջապես հետո դրա օրինակը հանձնել գործին մասնակցած անձանց, իսկ նրանցից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկել նրան: Միաժամանակ այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնել դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը վերաքննիչ դատարանը պարտավոր է իրականացնել` հաշվի առնելով նաև անձի` սահմանադրական նորմով երաշխավորված դատական պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները (տե′ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Դանիել Բարսեղյանի և այլոց թիվ ԱՐԱԴ/0716/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2011 թվականի որոշումը):
ՀՀ սահմանադրական դատարանը, քննելով Վահան Խաչատրյանի դիմումը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված «(...) կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին» դրույթը՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ, 02․02․2021 թվականի թիվ ՍԴՈ-1574 որոշմամբ ճանաչել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 75-րդ հոդվածին հակասող: ՀՀ սահմանադրական դատարանը 02․02․2021 թվականի թիվ ՍԴՈ-1574 որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթի՝ «հասցեատիրոջ (...) հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող (...) անձ» ձևակերպումը բավարար չափով որոշակի չէ և հնարավորություն չի ընձեռում իրավունքի սուբյեկտներին ընկալել օրենսդրի պահանջը, կանխատեսել դրա հետևանքները և իրենց վարքագիծը համապատասխանեցնել վիճարկվող դրույթով ամրագրված պահանջին: Հետևաբար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթի հիշյալ ձևակերպումը համահունչ չէ իրավական որոշակիության սկզբունքին:
(...) ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ դատական նիստի վայրի և ժամանակի մասին դատավարության մասնակցին ծանուցելը պետք է նպատակ հետապնդի ապահովելու նրան լսելու հնարավորությունը, ինչը հնարավորություն կտա վերջինիս լիարժեք իրացնել իր իրավունքները, իրականացնել դրանց պաշտպանությունը։ Հետևաբար՝ ծանուցման ձևը պետք է լինի այնպիսին, որ անձին հնարավորություն ընձեռվի ապահովել վերոհիշյալ պահանջները: Դատական գործընթացում անձն իր իրավունքների իրացումը և պաշտպանությունն ամբողջ ծավալով կարող է կազմակերպել այն դեպքում, երբ նրան ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն (գործի բանավոր քննության դեպքում), քանի որ այդպիսի հնարավորությունն է կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանը: Վերոգրյալի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ այլ անձի՝ ծանուցագրի հասցեատիրոջ հետ տվյալ հասցեում համատեղ բնակվելու կամ տվյալ հասցեում աշխատելու հանգամանքը փոստային ծառայության աշխատակցի կողմից ստուգելու օրենսդրական կառուցակարգը բացակայում է:
Թեպետ օրենսդիրը վիճարկվող դրույթով հետապնդում է դատավարության մասնակիցներին դատարանի կողմից հնարավոր բոլոր միջոցներով իրազեկելու իրավաչափ նպատակ, ինչը բխում է դատավարական խնայողության, դատավարության կանխատեսելիության, օրինականության, գործի ողջամիտ ժամկետում քննության սկզբունքներից, սակայն նման իրավակարգավորումը չի երաշխավորում ծանուցման, արդյունքում՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրականացման արդյունավետ կառուցակարգ:
Ելնելով վերոգրյալից ՀՀ սահմանադրական դատարանը որոշել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված՝ «(...) կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին» դրույթը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 75-րդ հոդվածին հակասող:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 16․11․2020 թվականի վճիռը Խաչատուր Խաչիկյանին ուղարկելու ուղեկցական թիվ ԴԴ-9․1-239624/20 գրությունը կազմվել է 19․11.2020 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 124), սակայն գործում բացակայում է այն փոստային ծառայությանը հանձնելու վերաբերյալ ապացույցը: Դատարանի կողմից Խաչատուր Խաչիկյանի հասցեով ուղարկված փոստային առաքանին, համաձայն գործում առկա հանձնման հավաստագրի ստացվել է 21․11.2020 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 125): Համաձայն վերաքննիչ բողոքի ծրարի վրա առկա փոստային կնիքի, վերաքննիչ բողոքը փոստային առաքման Խաչատուր Խաչիկյանի կողմից ներկայացվել է 02․03․2021 թվականին: Վերաքննիչ բողոքով միաժամանակ վերջինս միջնորդել է հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառները և վերականգնել այն` պատճառաբանելով, որ Դատարանի 16․11․2020 թվականի վճռի մասին տեղեկացել է «15․02.2020 թվականին» (հատոր 1-ին, գ.թ. 144-149):
Վերաքննիչ դատարանը, 25․03.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ անդրադառնալով բողոքաբերի վերը նշված միջնորդությանը, արձանագրել է, որ «(...) Տվյալ դեպքում Դատարանի վճիռը հրապարկվել է 16.11.2020 թվականին թվականին, ըստ գործում առկա հանձնման հավաստագրի բողոքաբերը դատական ակտը ստացել է 21.11.2020 թվականին, ինչից էլ հետևում է, որ եթե նույնիսկ դատական ակտի բողոքարկման ժամկետի սկիզբը դիտարկվի 22.11.2020 թվականը, ապա միևնույն է բողոքը կարող էր բերվել մինչև 11.12.2020 թվականին, մինչդեռ բողոքը ներկայացվել է 02.03.2021 թվականին: Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու հիմքեր առկա չեն, ուստի այն ենթակա չէ վերականգնման:»: Հիշյալ պատճառաբանությամբ Վերաքննիչ դատարանը գտել է, որ Խաչատուր Խաչիկյանի վերաքննիչ բողոք ներկայացնելու համար ժամկետի բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Խաչատուր Խաչիկյանի կողմից վճռաբեկ բողոքին կից ներկայացվել է ՀՀ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության կապիտան Ռ․ Մուրադյանի 19․04․2021 թվականի «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշման պատճենը, համաձայն որի՝ Արթուր Պարգևի Խաչիկյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով մերժվել է քրեական գործի հարուցելը՝ հանցակազմի բացակայության հիմքով: Ոստիկանությունում Խաչատուր Խաչիկյանն իր բացատրությամբ հայտնել է, որ ինքն անձամբ չի ստորագրել և չի ստացել դատարանից իրեն հասցեագրված նամակների ստացականները և տեղեկություն չունի թե ով կարող է ստացած լինել իր փոխարեն, այդ պատճառով չի կարողացել օգտվել դատարան դիմելու իր իրավունքից: Նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ են տվել «ՀայՓոստ» ՓԲԸ-ի 0020 տեղամասի փոստատարներ Անժելա Ենոքի Ավետիսյանը և Սարգիս Ռուբենի Սարգսյանը, ովքեր հայտնել են, որ իրենք պատշաճ կերպով դատարանից ստացված նամակները 15.08.2020 թվականին և 21.11.2020 թվականին առաքել են Խ. Խաչիկյանի Նոր Արեշ 28-րդ փողոց 33 հասցե, որտեղ նամակների ստացականները ստորագրել և ստացել են վերջինիս ընտանիքի անդամները, մասնավորապես մայրը' Մարետա Ռաֆիկի Մարտոյանը: Մ. Մարտոյանն իր բացատրությամբ հայտնել է, որ 2013 թվականից տառապում է «գլխուղեղի արյան շրջանառության խրոնիկ խանգարում վերտեբրոբազիլյար ավազանում, աթերոզկլերոզիկ էնցեֆալոպատիա 2-րդ աստիճանի, անոթային համախտանիշ, պարանոցային օստերոխոնդրոզ, արտերիալ հիպերտոնիա» հիվանդությամբ և գտնվում է հսկողության մեջ «Էրեբունի» բ/կ-ում նյարդաբանի մոտ, ինչի վերաբերյալ ներկայացրել է 20.04.2021 թվականին տրված մեծահասակի ամբուլատոր քարտի քաղվածքը: Միաժամանակ նշել է, որ ինքն է ստացել նամակները և մոռացել դրանց մասին, կարևորություն չի տվել և չի հայտնել որդուն՝ Խ. Խաչիկյանին, որպիսի չանհանգստացնի նրան, քանի որ վերջինս այդ ժամանակ սրտի վիրահատություն էր ունեցել և գտնվել է բուժման մեջ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 25․03․2021 թվականին որոշում կայացնելով վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելու և վերականգնելու միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին, ըստ էության առաջադրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքից բխող իրավաչափ պահանջ, որն ինքնին չի արգելափակում անձի` դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորությունը` հաշվի առնելով այն, որ օբյեկտիվ իրականության մեջ Վերաքննիչ դատարանի տնօրինության տակ առկա է եղել միայն վերաքննիչ բողոքի ծրարը՝ դրանում առկա «02․03․2021 թվական» թվագրմամբ փոստային կնիքով, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը զրկված է եղել հետագայում վճռաբեկ բողոքին կից ներկայացված ապացույցը հետազոտելու հնարավորությունից:
Մինչդեռ՝ վերը նշված ապացույցի՝ ՀՀ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության կապիտն Ռ․ Մուրադյանի 19․04․2021 թվականի «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշման ուսումնասիրության արդյունքոմ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոք բերած անձը Դատարանի 16․11.2020 թվականի վճիռը չի ստացել գործում առկա հանձնման հավաստագրում նշված ժամկետում, Դատարանի կողմից ուղարկված նամակները ստացել է նրա մայրը և կարևորություն չտալով չի հայտնել որդուն դրանց մասին։ Այսինքն՝ բողոքը բերած անձը դատական ակտի մասին տեղեկանալուց հետո, օրենքով սահմանված կարգով, 02․03․2021 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք, միաժամանակ միջնորդելով վերականգնել բաց թողնված ժամկետը:
Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա են բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասանելի լինելու, ինչպես նաև այն հասանելի լինելու պահից սահմանված ժամկետում բողոքարկելու հանգամանքները, որպիսի պայմաններում բաց թողնված ժամկետը համապատասխան միջնորդության և ապացույցների առկայության դեպքում ենթակա է վերականգնման իրավունքի ուժով (ex jure):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 02․02․2021 թվականի թիվ ՍԴՈ-1574 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված՝ «(...) կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին» դրույթը ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 75-րդ հոդվածին հակասող ճանաչելը Վերաքննիչ դատարանի 25․03․2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու հիմք է:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, մերժելով Խաչատուր Խաչիկյանի վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը, սահմանափակել է վերջինիս` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 25․03․2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25․03․2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Մ. Դրմեյան գ. Հակոբյան Ս. Միքայելյան Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան
Հ. Բեդևյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2022 թվական: