ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հոկտեմբերի 2022 թվականի N 1589-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 389-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ ու 6.2-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 10-ի «Անհատույց օգտագործման իրավունքով տարածք հանձնելու մասին» N 389-Ա որոշման 1-ին կետում «52 211 000» թիվը փոխարինել «72 000 000» թվով, իսկ «10» թիվը՝ «18» թվով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Պրոֆեսիոնալ և սիրողական քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հետ կնքել 2014 թվականի օգոստոսի 5-ին կնքված՝ ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 70/0014 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝
1) կազմակերպությունը պարտավոր է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո տարածքի վերանորոգման և մարզական գույքի ձեռքբերման նպատակով 10 տարվա ընթացքում կատարել 10 մլն դրամի ներդրումներ՝ համաձայն իր կողմից ներկայացված ծրագրի.
2) կազմակերպությունը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում.
3) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50% կատարելու դեպքում կազմակերպությունը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20%-ի չափով.
4) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում կազմակերպությունը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15%-ի չափով.
5) կազմակերպության կողմից ստանձնված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.
6) սույն կետի 1-ին ենթակետով ստանձնված ներդրումային պարտավորությունների շրջանակներում կատարված ինչպես անբաժանելի, այնպես էլ բաժանելի բարելավումները վերադարձման ենթակա չեն.
7) համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
13.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |