ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2022 թվականի N 1933-Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում շարունակական մասնագիտական զարգացման (այսուհետ՝ ՇՄԶ) առանձին տեսակների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ արտակարգ իրավիճակներում, անհրաժեշտությունից ելնելով, պետական նպատակային ծրագրերի շրջանակում կազմակերպել և իրականացնել ՇՄԶ դասընթացներ` տվյալ իրավիճակով պայմանավորված բուժաշխատողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները բարձրացնելու նպատակով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 15-ի N 1933-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում շարունակական մասնագիտական զարգացման (այսուհետ` ՇՄԶ) առանձին տեսակների (այսուհետ` միջոցառում) իրականացման գործընթացի կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները։
2. Արտակարգ իրավիճակներում բնակչության բժշկական օգնության և սպասարկման հավելյալ կարիքի դեպքում, առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում իրականացվում են առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց տեսական գիտելիքների և գործնական հմտությունների զարգացման միջոցառումներ։
3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դեպքում միջոցառումներն իրականացվում են մասնագիտական լրացուցիչ կրթություն իրականացնող կազմակերպությունների միջոցով:
4. Մասնագիտական լրացուցիչ կրթություն իրականացնող կազմակերպությունները սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դեպքում միջոցառման անցկացումից առնվազն երեք օր առաջ կարող են ներկայացնել միջոցառման կրեդիտավորման հայտ:
5. Հայտը՝ կից փաստաթղթերով, ուսումնասիրվում, բավարարվում կամ մերժվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացվելու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
6. Ներկայացված փաստաթղթերի ամբողջական չլինելու դեպքում լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ ծանուցում է հայտատուին և առաջարկում դրանք երկու աշխատանքային օրվա ընթացքում համալրել:
7. Լիազոր մարմին ներկայացված հայտի և կից փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա ընդունվում է միջոցառման ծրագրի հաստատման և կրեդիտների շնորհման կամ հայտի մերժման վերաբերյալ լիազոր մարմնի ղեկավարի հրաման:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
15.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2022 թվական: