«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2003 թվականի N 224-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «Իրավական կրթության եվ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 16.08.12 N 1054-Ն, փոփ. 24.11.16 N 1253-Ն)
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կենտրոն) «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական հիմնարկի իրավահաջորդն է:
(1-ին կետը փոփ. 24.11.16 N 1253-Ն)
2. Սահմանել, որ կենտրոնի գործունեության առարկան և խնդիրներն են՝
1) Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայողների վերապատրաստման ու հատուկ ուսուցման դասընթացների կազմակերպումը.
2) իրավախախտում կատարած անձանց ուղղման, սոցիալական վերականգնման և վերաինտեգրման արդյունավետ և նպատակային ծրագրերի (այսուհետ՝ սոցիալական վերականգնողական ծրագրեր), այդ թվում՝ կրթական, մշակութային, մարզական, մանկավարժական, հոգեբանական ու սոցիալական աշխատանքի միասնական չափորոշիչների մշակումը և լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնելը.
3) սոցիալական վերականգնողական ծրագրերի իրականացումը քրեակատարողական հիմնարկներում պահվող կամ ազատությունից զրկման հետ չկապված պատիժ կրող կամ վերահսկողության տակ գտնվող, ինչպես նաև պատժից ազատված անձանց համար.
4) դատապարտյալների աշխատանքային զբաղվածության ապահովումը.
5) քրեական արդարադատության ոլորտում իրավախախտների հետ աշխատանքում հասարակական նախաձեռնությունների սատարումն ու խթանումը, դրանց պետական աջակցության ցուցաբերումը.
6) սոցիալական վերականգնողական ծրագրերի իրականացման շրջանակում պետական և ոչ պետական մարմինների փոխգործակցության համալիր միջոցառումների իրականացումը, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ միջոցառումների, խորհրդատվության և համաժողովների կազմակերպումը.
7) Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայողների, ինչպես նաև դատապարտյալների համար համապատասխան կրթական ծրագրերով բարձրագույն կրթության իրականացումը.
8) գիտատեսական և կիրառական հետազոտությունների փորձագիտական գնահատումները.
9) կրթության բոլոր մակարդակներում համապարփակ և համակարգված եղանակով նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգչային և էլեկտրոնային միջոցների կիրառումը և հեռանկարային մասնագիտությունների համակարգերի մշակումն ու արմատավորումը.
10) տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստումը:
(2-րդ կետը լրաց. 29.11.07 N 1485-Ն, խմբ. 11.03.10 N 216-Ն, լրաց. 16.08.12 N 1054-Ն, խմբ. 24.11.16 N 1253-Ն)
3. Թույլատրել կենտրոնին, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, իրականացնել`
1) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության, ինչպես նաև հանրակրթական, միջին մասնագիտական, լրացուցիչ, շարունակական կրթության կազմակերպում.
2) վերապատրաստում, վերաորակավորում, մասնագիտական որակավորման բարձրացում, հատուկ ուսուցում.
3) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, մասնագիտական որակավորման բարձրացում, ուսուցման կենտրոնների գործունեություն, դասընթացների կազմակերպում.
4) հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.
5) իր աշխատողների, սովորողների (ունկնդիրների) և այլ անձանց հանրային սննդի, հանգստի, բուժման, կենցաղի կազմակերպում և սպասարկում.
6) հրաձգարանների գործունեություն.
7) պատանի հանդիսատեսի և մանկական թատրոնների ներկայացումների ցուցադրում.
8) ցուցահանդեսների կազմակերպում և անցկացում.
9) ինքնագործ նկարիչների ստեղծագործությունների և արտադրատեսակների ցուցահանդեսների կազմակերպում և անցկացում.
10) զարդակիրառական արվեստի վարպետների ստեղծագործությունների և արտադրատեսակների ցուցահանդեսների կազմակերպում և անցկացում.
11) սիրողական ակումբների և ստուդիաների անդամների ստեղծագործությունների և արտադրատեսակների ցուցահանդեսների կազմակերպում և անցկացում.
12) ժողովրդական ստեղծագործության ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպում և անցկացում.
13) փշալարերի և թույլ տեսանելի մետաղալարերի արտադրություն.
14) մետաղե մահճակալների արտադրություն.
15) ցեմենտ-բետոնյա տարբեր չափերի միջնորմային սալիկների արտադրություն.
16) կար ու ձևի և կոշիկի արտադրություն.
17) կահույքի արտադրություն.
18) հացի և հացամթերքի ու հրուշակեղենի արտադրություն.
19) ապրանքամանների (տարա) արտադրություն.
20) կաթնամթերքի, մսամթերքի արտադրություն.
21) հացահատիկային և բանջարաբոստանային մշակաբույսերի աճեցում.
22) այգեգործություն և բերքի վերամշակում.
23) անասնապահություն, թռչնաբուծություն և մեղվաբուծություն.
24) քրեակատարողական հիմնարկներում կրպակային գործունեություն (խանութ՝ մանրածախ առևտրի) և էլեկտրոնային (առցանց խանութ) առևտուր.
25) ծրագրային ապահովման մշակում:
(3-րդ կետը խմբ. 29.11.07 N 1485-Ն, լրաց. 29.05.08 N 504-Ն, 16.08.12 N 1054-Ն, խմբ. 24.11.16 N 1253-Ն)
4. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական հիմնարկի տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող 5831975,37 դրամ հաշվեկշռային արժողությամբ գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել կենտրոնին:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնօրինության` Երևանի Մովսես Խորենացու 162 ա հասցեում գտնվող շինության առաջին հարկից 632.8 քառ. մետր և նկուղային հարկից 70,6 քառ. մետր մակերես ունեցող տարածքը, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի 4480974 դրամ հաշվեկշռային արժողությամբ գույքն կենտրոնին տրվում են անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:
(4-րդ կետը փոփ. 29.05.03 N 648-Ն, 19.01.12 N 50-Ն, 24.11.16 N 1253-Ն)
5. Կենտրոնի կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:
(5-րդ կետը խմբ. 16.08.12 N 1054-Ն, փոփ. 24.11.16 N 1253-Ն)
6. (կետն ուժը կորցրել է 24.11.16 N 1253-Ն)
7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին`
ա) մեկամսյա ժամկետում ապահովել կենտրոնի պետական գրանցումը.
բ) մեկամսյա ժամկետում` հաստատել կենտրոնին սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը` փոխանցման ակտը:
(7-րդ կետը փոփ. 24.11.16 N 1253-Ն)
8. Կենտրոնի վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Լրացուցիչ կրթության ուսուցման գծով պետական պատվեր» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:
(8-րդ կետը փոփ. 24.11.16 N 1253-Ն)
9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի կանոնադրությունը հաստատելու մասին» N 899 որոշումը:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2003 թ. մարտի 13 |
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
(հավելվածն ուժը կորցրել է 24.11.16 N 1253-Ն)