ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 ապրիլի 2022 թվականի |
թիվ 55 |
քաղ. Մոսկվա |
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան (այսուհետ` Հանձնաժողով) «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ համապատասխանաբար՝ Արձանագրություն, Պայմանագիր) 10-րդ կետի 3-րդ ենթակետին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննման կարգի (այսուհետ` Գործերի քննման կարգ) 44-րդ և 45-րդ կետերին համապատասխան՝ քննել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ հարցը՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործով, որը անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների քննման արդյունքներով հարուցվել է 2021 թվականի մարտի 11-ին՝ հետևյալ անձանց նկատմամբ (այսուհետ՝ գործ, պատասխանողներ)՝
«Բելառուսսկայա լեսնայա կոմպանիա» բաց բաժնետիրական ընկերության (Բելառուսի Հանրապետություն, քաղ. Մինսկ, փող. Դոմբրովսկայա, շ. 9, գր. 2.2.1, ՎՀՀ 190119648) (այսուհետ՝ «ԲԼԿ» ԲԲԸ) և «Մոզիրսկի ԴՈԿ» բաց բաժնետիրական ընկերության (Բելառուսի Հանրապետություն, Գոմելի մարզ, Մոզիրսկի շրջան, քաղ. Մոզիր, փող. Սոցիալիստիչեսկայա, շ. 120ա, ՎՀՀ 490617960) (այսուհետ՝ «Մոզիրսկի ԴՈԿ» ԲԲԸ) կազմում մի խումբ անձանց.
««ՑՍԿ» Տորգովիյ դոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվայի մարզ, քաղ. օկրուգ Օդինցովսկի, քաղ. Օդինցովո, փող. Մարշալ Նեդելինի, շ. 6ա, հ. 7, ՀՎՆՀ 5047184546) (այսուհետ՝ ««ՑՍԿ» ՏԴ» ՍՊԸ).
«Մոզիրսկի ԴՈԿ» ԲԲԸ-ի տնօրեն Ա.Ն. Լուկյանենկո.
«ԲԼԿ» ԲԲԸ-ի տնօրեն Ա.Ռ. Սյուլժին.
«ԲԼԿ» ԲԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Գ.Ա. Սիսոև.
«ԲԼԿ» ԲԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Օռլովա.
««ՑՍԿ» ՏԴ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ի.Լ. Սոլոմախո, որն անցկացվել է «Ալֆա Գրին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումի հիման վրա (Ռուսաստանի Դաշնություն, Թաթարստանի Հանրապետություն, քաղ. Կազան, Պետրյաև եղբայրների փողոց, շ. 5, գր. 208, ՀՎՆՀ 1659142802) (այսուհետ՝ «Ալֆա Գրին» ՍՊԸ)։
Գործերի քննման կարգի 23-րդ կետին համապատասխան՝ 2021 թվականի սեպտեմբերի 3-ին գործի քննման հարցերով հանձնաժողովի նախագահ՝ Հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի (այսուհետ՝ Դեպարտամենտ) տնօրեն Ա.Գ. Սուշկևիչը հայտարարել է գործի քննման ավարտի մասին՝ հետևյալ անձանց ներկայությամբ՝
գործի քննման հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ, Դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ա.Ա. Կալիև.
գործի քննման հարցերով հանձնաժողովի անդամներ՝
Դեպարտամենտի հակամրցակցային համաձայնագրերի և մեթոդաբանության քննությունների բաժնի խորհրդական Ա.Մ. Շչերբակով.
Դեպարտամենտի մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի և դիմումների (նյութերի) քննման բաժնի խորհրդատու Ա.Բ. Աբդիլդաևա.
տեսակոնֆերանս-կապի միջոցով․
Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության առևտրի, ագրոարդյունաբերական համալիրի, արդյունաբերության, շինարարության և բնական ռեսուրսների վարչության պետ Ա.Վ. Վոյնո.
պատասխանողների ներկայացուցիչներ՝
Ու.Լ. Շարշկովա՝ «ԲԼԿ» ԲԲԸ-ի ներկայացուցիչ՝ 2019 թվականի հուլիսի 4-ի թիվ 21 լիազորագրով.
Տ. Բ. Կարասևա՝ «Մոզիրսկի ԴՈԿ» ԲԲԸ-ի ներկայացուցիչ՝ 2021 թվականի մարտի 15-ի թիվ 29/1 լիազորագրով.
Ա.Մ. Գալիցկա՝ ««ՑՍԿ» ՏԴ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ՝ 2021 թվականի մարտի 31-ի թիվ 122 լիազորագրով.
Դ.Ա. Լոբանովա՝ «Ալֆա Գրին» ՍՊԸ-ի, «Ալֆա Գրին» ՍՊԸ-ի տնօրենի ներկայացուցիչ։
Գործի քննման արդյունքներով պարզվել է հետևյալը՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 97 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին դիմումների (նյութերի) քննման կարգի (այսուհետ՝ Դիմումների քննման կարգ) 3-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից վարույթ է ընդունվել «Ալֆա Գրին» ՍՊԸ-ի 2020 թվականի ապրիլի 30-ի դիմումը։
թիվ (ա/հ) (մտից թիվ 6878 առ 2020 թվականի մայիսի 14-ի)՝ Պայմանագրի 76-րդ հոդվածի խախտման հնարավոր հատկանիշների մասին, որոնք, «Ալֆա Գրին» ՍՊԸ-ի կարծիքով, արտահայտված են «Մոզիրսկի ԴՈԿ» ԲԲԸ-ի, «ԲԼԿ» ԲԲԸ-ի, ««ՑՍԿ» ՏԴ» ՍՊԸ-ի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում ««ՑՍԿ» ՏԴ» ՍՊԸ-ի արտադրանքի իրացման բացառիկ իրավունքների տրամադրման գործողություններում (այսուհետ՝ դիմում)։
Դիմումների քննման կարգի 13-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) այն լիազորված մարմինները, որոնց իրավասության շրջանակներում է գտնվում մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացումը և (կամ) վարումը, Հանձնաժողով են ներկայացրել առաջարկներ՝ քննություն անցկացնելու ընթացքում Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար պատասխանատու աշխատակիցների թեկնածությունների վերաբերյալ։
Դիմումների քննման կարգի 131 - 1311 կետերին համապատասխան՝ դիմումի քննման շրջանակներում անցկացվել են մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների հատկանիշների վերացմանն ու անդրսահմանային շուկաներում մրցակցության ապահովմանն ուղղված գործողությունների կատարման վերաբերյալ առաջարկների նախագծի մշակման և համաձայնեցման ընթացակարգեր և երկու համաձայնեցման խորհրդակցություններ (2020 թվականի հունիսի 10-ին և օգոստոսի 5-ին), որոնց արդյունքների հիման վրա առաջարկի նախագիծը չի համաձայնեցվել։
Դիմումի և դրան կցվող նյութերի, տեղեկատվության (փաստաթղթերի, տեղեկությունների, պարզաբանումների) (այսուհետ՝ տեղեկատվություն) ուսումնասիրման արդյունքներով, ինչպես նաև Պայմանագրի 76-րդ հոդվածի 1-3-րդ կետերի և 5-րդ կետի հնարավոր խախտումների հատկանիշների առկայության կապակցությամբ և Արձանագրությանը, Դիմումների քննման կարգին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների քննություն անցկացնելու կարգին (այսուհետ՝ Քննություն անցկացնելու կարգը) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մայիսի 14-ի թիվ 112 որոշման 1-ին կետին համապատասխան՝ Հանձնաժողովը կայացրել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների քննության (այսուհետ՝ քննություն) անցկացման մասին 2019 թվականի ապրիլի 5-ի թիվ 14/opr որոշումը և անցկացրել է համապատասխան քննությունը:
Քանի որ բավարար չեն այն տեղեկությունները, որոնք թույլ են տալիս եզրակացության հանգել անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշների առկայության կամ բացակայության մասին, Հանձնաժողովը քննություն անցկացնելու կարգի 6-րդ կետին համապատասխան, քննություն անցկացնելու ժամկետի երկարաձգման մասին 2020 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 90/opr որոշմամբ՝ քննություն անցկացնելու ժամկետը երկարաձգել է 60 աշխատանքային օրով։
Արձանագրությանը, քննություն անցկացնելու կարգին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հունվարի 30-ի թիվ 7 որոշմամբ հաստատված՝ Մրցակցության վիճակի գնահատման մեթոդիկային (այսուհետ՝ Մեթոդիկա) համապատասխան՝ քննության ընթացքում Դեպարտամենտը գրավոր հարցմամբ անդամ պետությունների մարմիններից, ֆիզիկական և իրավաբանական անձանցից պահանջել է դիմումի մեջ շարադրված փաստերի վերաբերյալ տեղեկատվություն։
Մեթոդիկայի 4-րդ կետի համաձայն՝ Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված արգելքների խախտումները քննելիս մրցակցության վիճակի գնահատումը կարող է իրականացվել՝ Մեթոդիկայի 3–րդ կետի «զ» և «թ» ենթակետերով նախատեսված փուլերի բացառմամբ։
Արձանագրության 11-րդ կետին և Մեթոդիկայի 61-63-րդ կետերին համապատասխան՝ մրցակցության վիճակի գնահատման յուրաքանչյուր փուլում կատարված հիմնական եզրահանգումները շարադրված են այն մասով, որով չեն խախտվում գաղտնի տեղեկատվության պաշտպանությանը ներկայացվող պահանջները։
Ղեկավարվելով Մեթոդիկայի II բաժնի դրույթներով՝ ապրանքային շուկայի ուսումնասիրման ժամանակային միջակայքը սահմանվել է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։
Մեթոդիկայի 13-րդ կետին համապատասխան՝ ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանների որոշումը հիմնված է մեկ ապրանքային խումբ կազմող ապրանքների փոխադարձ փոխարինելիության մասին գնորդների կարծիքի վրա։ Գնորդների կարծիքը որոշվում է ըստ հարցման կամ պայմանագրի այն առարկայի վերլուծության արդյունքների, որի հիման վրա իրականացվում է ապրանքի իրացումը։
Գործի նյութերում ներկայացված են հետևյալ պայմանագրերի պատճենները՝ 2018 թվականի մայիսի 4-ի թիվ 05-01/196 պայմանագիր՝ «Մոզիրսկի ԴՈԿ» ԲԲԸ-ի և «Ալֆա Գրին» ՍՊԸ-ի միջև, որի առարկան 110-200 կգ/մ3 ընդրգկույթում խտությամբ, ուղիղ եզրերով կամ բութակ-փորակ եզրերով Beltermo-top, Beltermo-ultra, Meltermo-multi և Beltermo-kombi ջերմամեկուսիչ փայտամանրաթելային սալերի վաճառքն է.
2019 թվականի օգոստոսի 30-ի թիվ 04-01/275 դիստրիբյուտորական պայմանագիր «Մոզիրսկի ԴՈԿ» ԲԲԸ-ի և ««ՑՍԿ» ՏԴ» ՍՊԸ-ի միջև, որի առարկան «Մոզիրսկի ԴՈԿ» ԲԲԸ-ի սարքավորումների վրա և դրա մասնակցությամբ «ԲԵԼՏԵՐՄՈ» ապրանքային նշանով արտադրվող արտադրանքի (ջերմամեկուսիչ փայտամանրաթելային սալեր) վաճառքն է.
2020 թվականի մարտի 27-ի թիվ 1 դիլերային պայմանագիր «ԲԼԿ» ԲԲԸ-ի և ««ՑՍԿ» ՏԴ» ՍՊԸ-ի միջև, որի առարկան ջերմամեկուսիչ փայտամանրաթելային սալերի վաճառքն է Ռուսաստանի Դաշնության տարածքում։
Ջերմամեկուսիչ փայտամանրաթելային սալերը համապատասխանում են Բելառուսի Հանրապետության տարածքում գործող՝ «Ջերմամեկուսիչ նյութեր շենքերի ու շինությունների համար։ Փայտամանրաթելային արտադրատեսակներ (WF)։ Տեխնիկական պայմաններ» ԳՕՍՏ EN 13171-2015-ի (այսուհետ՝ ԳՕՍՏ EN 13171-2015) պահանջներին։
Շենքերի ու շինությունների ջերմամեկուսացման համար նախատեսված փայտամանրաթելային սալերի որակական ու տեխնիկական բնութագրերը որոշվում են ԳՕՍՏ EN 13171-2015-ով և ենթակա են ՏԿ 2009/013/BY տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջներին համապատասխանության պարտադիր հավաստման՝ Բելառուսի Հանրապետության տարածքում սերտիֆիկացման ձևով։
Տեխնոլոգիական առանձնահատկությունները և առանձին դեպքերում նյութերին ներկայացվող տեխնիկական պահանջները (ներառյալ դրանց էկոլոգիականությունը) հաշվի առնող՝ ջերմամեկուսիչ փայտամանրաթելային սալերի որակական ու տեխնիկական բնութագրերի, ինչպես նաև դրանց օգտագործման նպատակների վերլուծությունը գործի քննման հարցերով հանձնաժողովին թույլ է տվել եզրակացնել փոխադարձ փոխարինելի ապրանքների բացակայության մասին։
Նշված պայմանագրերի անցկացված վերլուծությունից հետևում է, որ տվյալ պայմանագրերի առարկան ջերմամեկուսիչ փայտամանրաթելային սալերի վաճառքն է։
Անդամ պետությունների՝ լիցենզավորման վերաբերյալ օրենսդրության համաձայն՝ ջերմամեկուսիչ փայտամանրաթելային սալերի իրացումը չի դասվում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներին։
Այսպիսով, Մեթոդիկայի III բաժնի պահանջներից ելնելով, հիմնվելով գործի նյութերում ներկայացված տեղեկատվության վրա՝ սահմանվել է, որ ջերմամեկուսիչ փայտամանրաթելային սալերի անդրսահմանային ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահման է համարվում ԳՕՍՏ EN 13171-2015 պահանջներին համապատասխանող ջերմամեկուսիչ փայտամանրաթելային սալերի մեծածախ իրացման շուկան։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Շուկան անդրսահմանային համարելու չափանիշների (այսուհետ՝ Չափանիշներ) 2-րդ կետով սահմանվել է, որ Պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված՝ մրցակցության ընդհանուր կանոնների կիրառման նպատակներով շուկան համարվում է անդրսահմանային, եթե ապրանքային շուկայի աշխարհագրական սահմաններն ընդգրկում են երկու և ավելի անդամ պետությունների սահմաններ։
Մեթոդիկայի IV բաժնի դրույթներին համապատասխան՝ հաշվի առնելով այն փաստը, որ ջերմամեկուսիչ փայտամանրաթելային սալերը շրջանառվում են Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներում՝ սահմանվել է, որ անդրսահմանային ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանները Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներն են։
Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմինների կողմից ներկայացված տեղեկությունների, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) տեղեկատվության համաձայն՝ նշված տարածքների սահմաններում ջերմամեկուսիչ փայտամանրաթելային սալերի մեծածախ իրացումն իրականացնում են «Մոզիրսկի ԴՈԿ» ԲԲԸ-ն, «ԲԼԿ» ԲԲԸ-ն, ««ՑՍԿ» ՏԴ» ՍՊԸ-ն, «Խոնկա» մասնավոր ձեռնարկությունը, «Ագրոպրոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Էկոպլատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Սելենա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (Nordic Fibreboard LTD, Էստոնիա), «Մոնոլիտստրոյկոմպլեկտ» սահմանափակ պատասխանատվությամբ համատեղ ընկերությունը, «Սոլնցե Գրուպպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Ռեգիոնալնիյ ցենտր էկոլոգիչեսկիխ ստրոիտելնիխ մատերիալով» [Էկոլոգիական շինանյութերի տարածաշրջանային կենտրոն] (SТЕIСО, Գերմանիա/Լեհաստան)։
Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության աշխարհագրական սահմաններին ջերմամեկուսիչ փայտամանրաթելային սալերի մեծածախ իրացման շուկայում՝ «Մոզիրսկի ԴՈԿ» ԲԲԸ-ի և «ԲԼԿ» ԲԲԸ-ի կազմում ներառված անձանց խմբի մասնաբաժինն անդրսահմանային շուկայում մրցակցության վիճակի գնահատման ժամանակահատվածում կազմել է 20 տոկոսից ավելի։
Ղեկավարվելով Մեթոդիկայի 26-րդ կետով և Պայմանագրի 74-րդ հոդվածի 2-րդ կետի, 76-րդ հոդվածի 7-րդ կետի, Արձանագրության 9-րդ կետի և Չափանիշների 1-ին և 2-րդ կետերի, նյութի գործերում ներկայացված տեղեկատվության հիման վրա, ելնելով մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ջերմամեկուսիչ փայտամանրաթելային սալերի մատակարարումների առկայությունից՝ ջերմամեկուսիչ փայտամանրաթելային սալերի մեծածախ իրացման շուկան համարվում է անդրսահմանային շուկա։
Հաշվի առնելով շարադրվածը և այն փաստը, որ ջերմամեկուսիչ փայտամանրաթելային սալերի մեծածախ իրացման շուկան համարվում է անդրսահմանային շուկա, 74-րդ հոդվածի 2-րդ կետի, Արձանագրության 9-րդ կետի և Չափանիշների 3-րդ կետի հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով այն փաստը, որ «Ալֆա Գրին» ՍՊԸ-ն գրանցված է Ռուսաստանի Դաշնության տարածքում, իսկ պատասխանողները՝ Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներում, Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետի խախտումների կանխումը վերապահված է Հանձնաժողովի իրավասությանը։
Գործի նյութերի համաձայն սահմանվել է, որ «Մոզիրսկի ԴՈԿ» ԲԲԸ-ն ««ՑՍԿ» ՏԴ» ՍՊԸ-ի հետ կնքել է պայմանագիր, որով Ռուսաստանի Դաշնության տարածքում ջերմամեկուսիչ փայտամանրաթելային սալերի մեծածախ իրացումը նախատեսվում է բացառապես ««ՑՍԿ» ՏԴ» ՍՊԸ-ի միջոցով, ինչպես նաև «ԲԼԿ» ԲԲԸ-ն կնքել է պայմանագիր ««ՑՍԿ» ՏԴ» ՍՊԸ-ի հետ, որով Ռուսաստանի Դաշնության տարածքում ջերմամեկուսիչ փայտամանրաթելային սալերի մեծածախ իրացումը նախատեսվում է բացառապես ««ՑՍԿ» ՏԴ» ՍՊԸ-ի միջոցով։ Նշված պայմանագրերով պարտավորությունների կատարման շրջանակներում իրականացվել է ջերմամեկուսիչ փայտամանրաթելային սալերի մեծածախ մատակարարումը Բելառուսի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն։
Պայմանագրի դրույթներից հետևում է, որ ջերմամեկուսիչ փայտամանրաթելային սալերի մեծածախ իրացման ժամանակ ««ՑՍԿ» ՏԴ» ՍՊԸ-ի վրա դրվել է Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս նշված սալերի հետագա իրացումը չիրականացնելու պարտականությունը։
Ջերմամեկուսիչ փայտամանրաթելային սալերի ձեռքբերման հարցով պատասխանողին դիմելու «Ալֆա Գրին» ՍՊԸ-ի խնդրանքը մերժվել է, ուստի այն դիմել է Հանձնաժողովին։
Իրենց հերթին՝ գործի նյութերում ներկայացված՝ «Մոզիրսկի ԴՈԿ» ԲԲԸ-ի և ««ՑՍԿ» ՏԴ» ՍՊԸ-ի միջև 2019 թվականի օգոստոսի 30-ին կնքված թիվ 04-01/275 դիստրիբյուտորական պայմանագիրը և «ԲԼԿ» ԲԲԸ-ի և ««ՑՍԿ» ՏԴ» ՍՊԸ-ի միջև 2020 թվականի մարտի 27-ին կնքված թիվ 1 դիլերային պայմանագիրը առևտրային կոնցեսիայի պայմանագիր չեն, ուստի «ուղղահայաց» համաձայնագրի թույլատրելիության չափանիշները չեն տարածվում դրանց վրա։
Պայմանագրի 76-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների), ինչպես նաև անդամ պետությունների՝ ձեռնարկատիրական գործունեություն չիրականացնող ֆիզիկական անձանց և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից Պայմանագրի XVIII բաժնով սահմանված մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից՝ Արձանագրությամբ նախատեսված կարգով, եթե այդպիսի խախտումներն ունեն կամ կարող են ունենալ բացասական ազդեցություն երկու կամ ավելի անդամ պետությունների տարածքներում անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա՝ բացառությամբ ֆինանսական շուկաների։
Արձանագրության 9-րդ կետին համապատասխան՝ Պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից, եթե այդ խախտումներն ունեն կամ կարող են ունենալ բացասական ազդեցություն անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա։
Գործի նյութերում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 2018 թվականի մարտ-ապրիլ ամիսներին (ապրանքի ձեռքբերման հարցով «Ալֆա Գրին» ՍՊԸ-ի կողմից դիմելու ժամանակահատվածում) տնտեսավարող սուբյեկտ (շուկայի սուբյեկտ) հանդիսացող պատասխանողների միանձնյա գործադիր մարմինների լիազորություններն իրականացնող անձինք են եղել՝
«Մոզիրսկի ԴՈԿ» ԲԲԸ-ի տնօրեն Ա.Ն. Լուկյանենկոն, որը նշանակվել է այդ պաշտոնին «Մոզիրսկի ԴՈԿ» ԲԲԸ-ի 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 53K հրամանով՝ Ա.Ն. Լուկյանենկոյի 2019 թվականի փետրվարի 1-ի դիմումի և 2019 թվականի փետրվարի 1-ի աշխատանքային պայմանագրի հիման վրա, Գործերի քննման կարգի 28-րդ կետին և «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին» 2021 թվականի մարտի 11-ի թիվ 17/opr որոշման (այսուհետ՝ թիվ 17/opr) 4-րդ կետին համապատասխան ներգրավվել է որպես գործով պատասխանող.
«ԲԼԿ» ԲԲԸ-ի տնօրեն Ա.Ռ. Սյուլժին, որը նշանակվել է այդ պաշտոնին «ԲԼԿ» ԲԲԸ-ի 2018 թվականի հուլիսի 30-ի թիվ 132-k հրամանով՝ «ԲԼԿ» ԲԲԸ-ի դիտորդ խորհրդի անդամների հարցման 2018 թվականի հուլիսի 27-ի թիվ 12 արձանագրությունից քաղվածքի, 2018 թվականի հուլիսի 25-ի դիմումի և 2018 թվականի հուլիսի 30-ի թիվ (ա/հ) աշխատանքային պայմանագրի հիման վրա, Գործերի քննման կարգի 28-րդ կետին և թիվ 17/opr 4-րդ կետին համապատասխան ներգրավվել է որպես գործով պատասխանող.
«ԲԼԿ» ԲԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գ.Ա. Սիսոևը, որը նշանակվել է այդ պաշտոնին «ԲԼԿ» ԲԲԸ-ի 2019 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 186-K հրամանով՝ «ԲԼԿ» ԲԲԸ-ի դիտորդ խորհրդի անդամների հարցման 2019 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 15 արձանագրությունից քաղվածքի, «Բորիսովդրև» բաց բաժնետիրական ընկերության, «ԲԼԿ» ԲԲԸ-ի և Գ.Ա. Սիսոևի միջև 2019 թվականի սեպտեմբերի 30-ի համաձայնագրի և «ԲԼԿ» ԲԲԸ-ի 2019 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 3-31/2659 գրության հիման վրա, Գործերի քննման կարգի 28-րդ կետին և թիվ 17/opr 4-րդ կետին համապատասխան, ներգրավվել է որպես գործով պատասխանող.
«ԲԼԿ» ԲԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Վ. Օռլովա, որը նշանակվել է այդ պաշտոնին «ԲԼԿ» ԲԲԸ-ի 2019 թվականի օգոստոսի 5-ի թիվ 144-k հրամանով՝ տնօրենի տեղակալ Մ.Ա. Սկորոբոգատովին աշխատանքից ազատելու մասին 2019 թվականի հուլիսի 24-ի թիվ 188-k հրամանի, «ԲԼԿ» ԲԲԸ-ի դիտորդ խորհրդի 2019 թվականի հունիսի 17-ի թիվ 11 արձանագրության հիման վրա, Գործերի քննման կարգի 28-րդ կետին և թիվ 17/opr 4-րդ կետին համապատասխան ներգրավվել է որպես գործով պատասխանող.
««ՑՍԿ» ՏԴ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ի.Լ. Սոլոմախո, որը նշանակվել է այդ պաշտոնին ««ՑՍԿ» ՏԴ» ՍՊԸ-ի 2020 թվականի հունիսի 11-ի թիվ 23 հրամանով՝ ««ՑՍԿ» ՏԴ» ՍՊԸ-ի միակ հիմնադրի 2016 թվականի ապրիլի 12-ի թիվ 1 որոշման և 2020 թվականի հուլիսի 11-ի թիվ 00063/20 աշխատանքային պայմանագրի հիման վրա, Գործերի քննման կարգի 28-րդ կետին և թիվ 17/opr 4-րդ կետին համապատասխան ներգրավվել է որպես գործով պատասխանող.
Քանի որ 2019 թվականի հունվարից մինչև 2020 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում նշված անձինք համարվել են տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) ղեկավարների ու աշխատակիցների կազմակերպչակարգադրական կամ վարչատնտեսական գործառույթներ կատարող և տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միանձնյա գործադիր մարմինների լիազորություններ իրականացնող՝ պատասխանողների պաշտոնատար անձինք, նրանք կարող էին չկատարել մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշներ պարունակող գործողություններ (անգործություններ), սակայն չեն արել դա։
Արձանագրության 2-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան, ինպես նաև գործի նյութերում ներկայացված տեղեկատվությանը համապատասխան՝ «Մոզիրսկի ԴՈԿ» ԲԲԸ-ն «ԲԼԿ» ԲԲԸ-ի հետ մտնում է անձանց մեկ խմբի մեջ։
Արձանագրության 2-րդ կետի 5-րդ ենթակետի իններորդ պարբերությանը համապատասխան՝ անձանց խումբը դիտարկվում է որպես միասնական տնտեսավարող սուբյեկտ (շուկայի սուբյեկտ), անձանց այդ խմբի վրա տարածվում են Պայմանագրի XVIII բաժնի և Արձանագրության դրույթները, որոնք առնչվում են տնտեսավարող սուբյեկտներին (շուկայի սուբյեկտներին)՝ բացառությամբ Արձանագրությամբ նախատեսված դեպքերի։
Արձանագրության 2-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն՝ մրցակցություն ասելով՝ հասկացվում է տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) այնպիսի մրցողականությունը, որի դեպքում նրանցից յուրաքանչյուրի ինքնուրույն գործողություններով բացառվում կամ սահմանափակվում է համապատասխան ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա միակողմանի կարգով ազդելու նրանցից յուրաքանչյուրի հնարավորությունը։
Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ արգելվում են տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև այլ համաձայնագրեր՝ բացառությամբ այնպիսի «ուղղահայաց» համաձայնագրերի, որոնք ճանաչվում են թույլատրելի՝ Արձանագրությամբ սահմանված թույլատրելիության չափորոշիչներին համապատասխան՝ այն դեպքում, երբ պարզվել է, որ այդ համաձայնագրերը հանգեցնում են կամ կարող են հանգեցնել անդրսահմանային շուկաներում մրցակցության սահմանափակմանը։
Արձանագրության 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ ««ուղղահայաց» համաձայնագիր» ասելով ենթադրվում է համաձայնություն այն տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև, որոնցից մեկը ձեռք է բերում ապրանքը կամ դրա հավանական ձեռք բերողն է, իսկ մյուսը տրամադրում է ապրանքը կամ դրա հավանական վաճառողն է։
Արձանագրության 2-րդ կետի 1-ին ենթակետի և Պայմանագրի 76-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ «ուղղահայաց» համաձայնագիրը մեկ ապրանքային շուկայի կառուցվածքի տարբեր մակարդակներում գտնվող առնվազն երկու տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից իրենց գործողությունների համաձայնեցումն է։
Պայմանագրի 76-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան արգելված «ուղղահայաց» համաձայնագրերի հիմնական չափանիշներն են՝
ըստ իրավախախտման սուբյեկտի՝ «ուղղահայաց» համաձայնագրերի արգելքը հասցեագրված է առնվազն երկու տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի).
ըստ ապրանքային շուկայի կառուցվածքում տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) դիրքի՝ «ուղղահայաց» համաձայնագրի մասնակիցները գործունեություն են իրականացնում մեկ ապրանքային շուկայի կառուցվածքի տարբեր մակարդակներում.
ըստ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) փոխգործակցության բնույթի՝ «ուղղահայաց» համաձայնագրի մասնակիցները ձեռք են բերում փոխադարձ պայմանավորվածություն՝ ապրանքային շուկայում իրենց տնտեսական գործունեության պայմանների շուրջ։
Գործի նյութերին կցվել է «Ալֆա Գրին» ՍՊԸ-ի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 12 գրությունը (մտից թիվ 7488 առ 2021 թվականի ապրիլի 26-ի)` բողոքը հետ կանչելու մասին դիմումով։ Որպես փաստարկներ՝ «Ալֆա Գրին» ՍՊԸ-ն մատնանշում է «Մոզիրսկի ԴՈԿ» ԲԲԸ-ի արտադրանքի մատակարարումների հետ կապված՝ «Մոզիրսկի ԴՈԿ» ԲԲԸ-ի, «ԲԼԿ» ԲԲԸ-ի, ««ՑՍԿ» ՏԴ» ՍՊԸ-ի մասով նախապահանջների բացակայությունը, ինչպես նաև նշում է այն փաստը, որ իրեն ձեռք է տալիս «Մոզիրսկի ԴՈԿ» ԲԲԸ-ի գնային քաղաքականությունը և արտադրանքի մատակարարման ժամկետները։ Գործի քննման շրջանակներում «Ալֆա Գրին» ՍՊԸ-ի կողմից տրվել են պարզաբանումներ այն մասին, որ «Ալֆա Գրին» ՍՊԸ-ն «Մոզիրսկի ԴՈԿ» ԲԲԸ-ի արտադրանքը գնում է «ԲԵԼՏԵՐՄՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից։ Գործի քննման շրջանակներում «Ալֆա Գրին» ՍՊԸ-ի կողմից ներկայացվել են այլ փաստարկներ (տեղեկատվություն, փաստաթղթեր, տեղեկություններ, դիրքորոշում), որոնք կցվել են գործի նյութերին և ուսումնասիրվել են գործի քննման հարցերով հանձնաժողովի կողմից։
Գործի քննման շրջանակներում անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումներ կատարելու փաստը չի ճանաչվել, որպես իրենց գործողություններում տվյալ խախտման բացակայության հիմնավորում, նշվում է հետևյալը՝
ապրանքային շուկայի ուսումնասիրման ժամանակ պետք է հաշվի առնել ոչ միայն բացառապես ջերմամեկուսիչ փայտամանրաթելային սալերի շուկան, այլ նաև ջերմամեկուսիչ ապրանքների շուկան.
«ԲԼԿ» ԲԲԸ-ի և «Մոզիրսկի ԴՈԿ» ԲԲԸ-ի ապրանքային շուկայում մասնաբաժինը չի գերազանցում 10 տոկոսը յուրաքանչյուրի մոտ, համապատասխանաբար, իրենց գործողությունները չեն կարող որակավորվել որպես արգելված «ուղղահայաց» համաձայնագրի եզրակացություն.
քննման արդյունքների հիման վրա եզրակացության նկարագրական մասի 2.1 կետի մասով «Մոզիրսկի ԴՈԿ» ԲԲԸ-ն հաղորդել է, որ «Ալֆա Գրին» ՍՊԸ-ի կողմից «Մոզիրսկի ԴՈԿ» ԲԲԸ-ի հասցեով նամակներ ուղարկելու ժամանակահատվածում գործել է Փայտամշակման արդյունաբերության կազմակերպությունների հոլդինգի մասնակիցների՝ ապրանքի արտադրության ու իրացման գործընթացում փոխգործակցության կանոնակարգը, որի համաձայն, «ԲԼԿ» ԲԲԸ-ն նշված հոլդինգի ձեռնարկությունների համար կատարել է վաճառքների միասնական կենտրոնի դերը.
«Ալֆա Գրին» ՍՊԸ-ի հետ առևտրային համագործակցության դադարեցումը կապված է այդ կոնտրագենտի անբարեխիղճ վարքագծի հետ.
ջերմամեկուսիչ փայտամանրաթելային սալերն ամբողջությամբ փոխադարձ փոխարինելի են ցանկացած տեսակի ջերմամեկուսիչ նյութերով, այդ պատճառով շուկան պետք է դիտարկվի որպես միասնական շուկա, իսկ ջերմամեկուսիչ փայտամանրաթելային սալերը չպետք է առանձնացվեն առանձին կատեգորիայի մեջ։ Բացի այդ՝ «Մոզիրսկի ԴՈԿ» ԲԲԸ-ի մասնաբաժինը չափազանց փոքր է, այդ պատճառով մրցակցության որևէ սահմանափակում չի կարող լինել.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4411 94 100 0 ծածկագրի համաձայն՝ «Մոզիրսկի ԴՈԿ» ԲԲԸ-ի կողմից բաց թողնվող արտադրանքը դասվում է «Փայտամանրաթելային սալեր փայտանյութից կամ այլ փայտացած նյութերից՝ խեժերի կամ օրգանական այլ նյութերի հավելումով կամ առանց հավելման» ապրանքների խմբին.
«Մոզիրսկի ԴՈԿ» ԲԲԸ-ի արտադրության ջերմամեկուսիչ փայտամանրաթելային սալերը չունեն եզակի սպառողական հատկություններ, որպեսզի առանձնացվեն ապրանքների առանձին կատեգորիայի մեջ, դրանք շուկայում ջերմամեկուսիչ նյութերի տեսակներից մեկն են (ինչպիսիք են գազալցված պլաստմասսաները, ֆիբրոլիտը, արբոլիտը, վուշի մանրաթելի հիմքով ջերմամեկուսիչ նյութերը, փրփրապոլիուրետանը, ՄՓՄՍ (ՓՓՄՍ), պենոպլաստը)։ Մասնավորապես, առկա են «Մոզիրսկի ԴՈԿ» ԲԲԸ-ի արտադրության՝ թողարկվող ջերմամեկուսիչ փայտամանրաթելային սալերին նույնանման՝ Nordic Fibreboard LTD (Էստոնիա) արտադրության փայտային սալերը։ Բացի այդ՝ ջերմամեկուսիչ փայտամանրաթելային սալերն արտադրվում են ISOPLAAT, RUNKOLEIJONA, TUULILEIJONA, LATTI ALETJONA բրենդների ներքո։ Այսպիսով, STEICO-ն (Գերմանիա) մշակում և արտադրում է փայտային հումքից բնական ջերմամեկուսիչ նյութ՝ «STEICO» ապրանքային նշանով։ ISOPLAAT-ը, STEICO-ն, «ԲԵԼՏԵՐՄՈ»-ն արտադրում են փափուկ փայտամանրաթելային սալեր, որոնք իրենց կառուցվածքով դասվում են նույն կատեգորիային և կարող են փոխադարձ փոխարինելի լինել.
հանքային մանրաթելից սալերի ջերմահաղորդականության գործակիցն ավելի ցածր է, քան փայտային մանրաթելից սալերինը (միևնույն խտությամբ սալերը դիտարկելիս), ինչը վկայում է լավագույն ջերմամեկուսիչ հատկանիշների մասին՝ բուսական հումքից սալերի համեմատ։ Ինչպես նաև հանքային մանրաթելերից պատրաստված սալերը (ապակեբամբակ, բազալտային մանրաթել և այլն) դասվում են ոչ վառելիքային նյութերին, ինչն էապես ընդլայնում է դրանց կիրառության ոլորտը և թույլ է տալիս դրանք օգտագործել որպես ջերմամեկուսացման միջոց հրդեհային անվտանգությանը ներկայացվող խիստ պահանջներ ունեցող շենքերում՝ ծխատար խողովակների կառուցվածքում և օդափոխության հակահրդեհային համակարգերում, որոնց ներկայացվում են հատուկ, շատ խիստ պահանջներ։ Բացի այդ՝ հանքային մանրաթելերից սալերը ներառված են առաջարկված ջերմամեկուսիչ այնպիսի նյութերի ցանկի մեջ, որոնց օգտագործումը թույյլատրված է ինչպես բարձրահարկ, այնպես էլ սակավահարկ տնաշինության մեջ.
Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության 2020 թվականի հունիսի 29-ի թիվ 17-02-13/615K գրության համաձայն, որտեղ հղում է արվում «Ս.Ս. Աթաևի անվ. Բնակարանային ինստիտուտ — ՆԻՊՏԻՍ» Հանրապետական տեղեկատվական ունիտար ձեռնարկության կողմից հրապարակված տեղեկատվությանը (2020 թվականի հունիսի 26-ի թիվ 7-1307 գրություն), «Մոզիրսկի ԴՈԿ» ԲԲԸ-ի արտադրության 110-200 կգ/մ3 խտությամբ, 20-240 մմ հաստությամբ ջերմամեկուսիչ փայտամանրաթելային սալերը կիրառվում են ապակեթելքից սալերին, փրփրապոլիստերոլային սալերին ու հանքաբամբակյա սալերին համանմանորեն.
պատասխանողների մյուս փաստարկները (տեղեկատվություն, փաստաթղթեր, տեղեկություններ, դիրքեր) կցվել են գործի նյութերին և ուսումնասիրվել են գործի քննման հարցերով հանձնաժողովի կողմից։
Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության կողմից ներկայացվել է տեղեկատվություն, որում, մասնավորապես, նշվում է, որ ապրանքային շուկայի ապրանքային սահմանները որոշվել են «Ալֆա Գրին» ՍՊԸ-ի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա, ինչպես նաև ներկայացված է այլ տեղեկատվություն, որը կցվել է գործի նյութերին և քննվել է։
Գործի նյութերի քննման արդյունքների հիման վրա՝ ներառյալ գործի քննմանը մասնակցող անձանց փաստարկներն ու պարզաբանումները, գործի քննմանը մասնակցող այլ անձանց կողմից ներկայացված ապացույցների վերաբերյալ՝ գործի քննմանը մասնակցող անձանց կարծիքներն ու պարզաբանումները լսելը, քննվող գործի հանգամանքների վերաբերյալ տեղեկությունների տիրապետող անձանց լսելը, գործի քննման հարցերով հանձնաժողովի անցած նիստերի շրջանակներում պարզվել է հետևյալը.
Հակամրցակցային համաձայնության մասով արգելքի պահպանմանը վերաբերվող հարցը լուծելիս իրավաբանորեն նշանակալի է այն բացասական ազդեցության պարզումը, որն ունի կամ կարող է ունենալ տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) վարքագիծը շուկայի մյուս մասնակիցների (տնտեսավարող սուբյեկտների, սպառողների) վրա, ինչպես նաև նշված անձի վարքագծի համապատասխանությունն այն վարքագծին, որը նման իրավիճակում սպասվում էր իր գույքային շահերը հետապնդող, բայց դրա հետ մեկտեղ քաղաքացիական իրավունքների իրականացման սահմանները չխախտող ցանկացած այլ տնտեսավարող սուբյեկտից (շուկայի սուբյեկտից):
Գործի նյութերում ներկայացված՝ պայմանագրային պարտավորությունների կատարումից հրաժարումը՝ ներառյալ պայմանագրերի կնքումից հրաժարումը, որը պարունակվում է «Ալֆա Գրին» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ գործի մյուս նյութերի հետ համակցությամբ գնահատված փաստաթղթերում, չի հաստատում անդրսահմանային շուկաներում մրցակցությունը սահմանափակող համաձայնության առկայությունը։ Նշված հրաժարումը կողմերի կողմից պայմանագրային հարաբերությունների և (կամ) նախապայմանագրային աշխատանքի շրջանակներում ստանձնած պարտավորությունների պատշաճ կամ ոչ պատշաճ կատարման մասին քաղաքացիական իրավական վեճի առարկա է։
Այդ կապակցությամբ ջերմամեկուսիչ փայտամանրաթելային սալերի ձեռքբերման վերաբերյալ պայմանագրի կնքումից հրաժարումը և ավելի վաղ կնքված պայմանագրերի լուծումը, ինչի մասին «Ալֆա Գրին» ՍՊԸ-ի կողմից ներկայացվել է համապատասխան տեղեկատվություն, քաղաքացիական իրավական հարաբերությունների առարկա են, որոնք լուծվում են սահմանված կարգով, այդ թվում՝ դատական կարգով, և չեն կարող լուծվել գործի քննման հարցերով հանձնաժողովի կողմից։
Նաև գործի քննման հարցերով հանձնաժողովի նիստին ներկայացված՝ ջերմամեկուսիչ փայտամանրաթելային սալերն իրենց տեխնիկական, տնտեսական և այլ ցուցանիշներով «Մոզիրսկի ԴՈԿ» ԲԲԸ-ի արտադրության ջերմամեկուսիչ փայտամանրաթելային սալերի հետ համադրելի այլ ջերմամեկուսիչ նյութերով փոխարինելու հնարավորության առկայության վերաբերյալ տեղեկատվությունը գործի քննման հարցերով հանձնաժողովին թույլ է տալիս փոխադարձ փոխարինելի ապրանքների խմբի առկայության մասին եզրակացության հանգել և, որպես հետևանք, հաստատել այն փաստը, որ ուսումնասիրվող շուկայում պատասխանողների մասնաբաժինը կազմում է առնվազն 20 տոկոս, ինչը նրանց կողմից կնքված «ուղղահայաց» համաձայնագիրը բացառում է արգելված համաձայնագրերի շարքից։
Իր ամբողջությամբ նշվածը վկայում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «Մոզիրսկի ԴՈԿ» ԲԲԸ-ի, «ԲԼԿ» ԲԲԸ-ի և ««ՑՍԿ» ՏԴ» ՍՊԸ-ի, ինչպես նաև «Մոզիրսկի ԴՈԿ» ԲԲԸ-ի տնօրեն Ա.Ն. Լուկյանենկոյի, «ԲԼԿ» ԲԲԸ-ի տնօրեն Ա.Ռ. Սյուլժինի, «ԲԼԿ» ԲԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գ.Ա. Սիսոևի, «ԲԼԿ» ԲԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Վ. Օռլովայի և ««ՑՍԿ» ՏԴ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ի.Լ. Սոլոմախոյի գործողություններում (անգործության մեջ) Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետի՝ «Մոզիրսկի ԴՈԿ» ԲԲԸ-ի, «ԲԼԿ» ԲԲԸ-ի և ««ՑՍԿ» ՏԴ» ՍՊԸ-ի կողմից Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետով արգելված համաձայնագրերի կնքմամբ արտահայտված խախտման բացակայության մասին։
Ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին հիմնադրույթի (Պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 2-րդ ենթակետով, Արձանագրության 10-րդ կետի 3-րդ ենթակետով և Գործերի ուսումնասիրման կարգի 44-46 կետերով, Հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ճանաչել «Մոզիրսկի ԴՈԿ» ԲԲԸ-ի, «ԲԼԿ» ԲԲԸ-ի և ««ՑՍԿ» ՏԴ» ՍՊԸ-ի, ինչպես նաև «Մոզիրսկի ԴՈԿ» ԲԲԸ-ի տնօրեն Ա.Ն. Լուկյանենկոյի, «ԲԼԿ» ԲԲԸ-ի տնօրեն Ա.Ռ. Սյուլժինի, «ԲԼԿ» ԲԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գ.Ա. Սիսոևի, «ԲԼԿ» ԲԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Վ. Օրլովայի և ««ՑՍԿ» ՏԴ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ի.Լ. Սոլոմախոյի գործողություններում (անգործության մեջ) Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետի՝ «Մոզիրսկի ԴՈԿ» ԲԲԸ-ի, «ԲԼԿ» ԲԲԸ-ի և ««ՑՍԿ» ՏԴ» ՍՊԸ-ի կողմից Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետի խախտման բացակայությունը և դադարեցնել նշված անձանց նկատմամբ գործի քննությունը։
2. Սույն որոշումը սահմանված կարգով կարող է բողոքարկվել Եվրասիական տնտեսական միության դատարան։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: