ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2022 թվականի N 1928-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1261-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի որակական, պատահական, տեխնոլոգիական և այլ կորուստների փաստաթղթավորման կարգը սահմանելու մասին» N 1261-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը՝
1) որոշման 1-ին կետով սահմանված կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ» պարբերությամբ.
«գ. առևտրական (առք ու վաճառքի) գործունեության նպատակով ձեռք բերված խոտան ապրանքը կամ ապրանքի մատակարարման հրապարակային պայմանագրով սահմանված երաշխիքային ժամանակահատվածում գնորդի հայտնաբերած և հետ ընդունված խոտան ապրանքը՝ բացառությամբ այն խոտան ապրանքի, որի դիմաց առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շահութահարկ վճարողն ապրանքի մատակարարից ստացել է (ստանալու է) փոխհատուցում: Ընդ որում, սույն որոշման կիրառության իմաստով խոտան ապրանք (արտադրանք) է համարվում ապրանքի (արտադրանքի) արտադրության գործընթացով պայմանավորված՝ պատշաճ որակական հատկանիշներ չունեցող ապրանքը (արտադրանքը), որը չի կարող օգտագործվել ըստ նշանակության.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
15.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2022 թվական: