ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի 2025 թվականի N 373-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը, 4-րդ կետի 1-ին ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ քաղ. Երևան, Կենտրոն, Մյասնիկյան պողոտա 2 հասցեում գտնվող՝ 7875.0 հազ. դրամ սկզբնական արժեքով, 1587.8 քառ. մետր մակերեսով դպրոցի շենքը, 21525.6 հազ. դրամ սկզբնական արժեքով, 24 քառ. մետր մակերեսով կաթսայատունը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.33912 հա հողամասը (որից՝ 0.0863 հա-ը՝ ընդհանուր բաժնային սեփականություն) (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները.
2) սույն կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հետ կնքել քաղ. Երևան, Կենտրոն, Մյասնիկյան պողոտա 2 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքի անժամկետ, անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
03.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|