ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ
Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք
Ընդունված է 2002 թվականի նոյեմբերի 6-ին
Սույն օրենսգրքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքից օգտվելու սկզբունքները, կարգը, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված հարաբերությունները:
Բ Ա Ժ Ի Ն I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսդրությունը |
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսդրությունը հիմնված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա և բաղկացած է սույն օրենսգրքից, այդ ոլորտին վերաբերող օրենքներից և իրավական այլ ակտերից:
Ընդերքն օգտագործելիս հողային, անտառային և օդային տարածքների, բուսական և կենդանական աշխարհի, ինչպես նաև ջրային ավազանների հետ առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Հոդված 2. | Հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
ընդերք՝ հողածածկույթից, իսկ դրա բացակայության դեպքում` երկրի մակերևույթից, ջրավազանների և ջրհոսքերի հատակից ներքև՝ ըստ խորության տեղադրված երկրակեղևի մաս.
ընդերքօգտագործում՝ ընդերքի տրամադրումը երկրաբանական ուսումնասիրությունների, ձեռնարկատիրական գործունեության և այլ նպատակներով.
ընդերքի տեղամաս՝ երկրի մակերեսում սահմանագծված որոշակի տարածքի տակ տեղադրված ընդերքի մաս.
անշարժ գույք հանդիսացող ընդերքի մաս՝ բոլոր կողմերից ամրագրված սահմաններ ունեցող ընդերքում արհեստականորեն ստեղծված կառույցների, ինչպես նաև բնական խոռոչների (քարանձավների) զբաղեցրած տարածք, որը կարող է օգտագործվել տարբեր նպատակներով.
օգտակար հանածո՝ օգտագործման համար պիտանի՝ ընդերքի պինդ, հեղուկ, գազային բաղադրամասեր, այդ թվում՝ ստորերկրյա քաղցրահամ, հանքային, թերմալ ջրեր, երկրաջերմային էներգիա, ջրավազանների և ջրհոսքերի հատակային նստվածքներ, ինչպես նաև ընդերքօգտագործման հետևանքով առաջացած պահեստավորված թափոններ.
ընդհանուր տարածում ունեցող օգտակար հանածո՝ երկրի կեղևում լայն տարածում ունեցող ինտրուզիվ, հրաբխածին և նստվածքային ապարներ, իսկ ստորերկրյա ջրերից՝ միայն գրունտային ջրեր.
օգտակար հանածոյի պաշարներ՝ օգտակար հանածոյի կուտակումներ, որոնց ծավալը, քանակը, որակը և տարածքային դիրքն ու ձևը որոշված են.
օգտակար հանածոյի կանխատեսումային ռեսուրսներ՝ օգտակար հանածոյի ենթադրվող կուտակումներ, որոնց քանակը, որակը և տարածքային դիրքը գնահատված են ուղղակի և անուղղակի տվյալների, ինչպես նաև ընդհանուր երկրաբանական նախադրյալների հիման վրա.
երկրաբանահետախուզական աշխատանքներ՝ ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների համալիր, որի նպատակն է հայտնաբերել ու գնահատել օգտակար հանածոների կանխատեսումային ռեսուրսներ և պաշարներ.
օգտակար հանածոյի հանքավայր՝ ընդերքի տեղամաս, որը պարունակում է օգտակար հանածոյի պաշարներ ու կանխատեսումային ռեսուրսներ և ստացել է երկրաբանատնտեսագիտական գնահատական.
օգտակար հանածոյի երևակում՝ ընդերքի տեղամաս, որում հայտնաբերվել է օգտակար հանածոյի առկայություն, որի քանակը, որակը և արդյունաբերական նշանակությունը դեռ որոշված չեն.
երկրաբանական հատկացում՝ ընդերքի տեղամաս, որը տրամադրված է երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով.
օգտակար հանածոների պաշարների հաշվեկշիռ՝ ընդերքում հայտնաբերված օգտակար հանածոների պաշարների պետական հաշվառման ձև՝ յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ, որը պարունակում է տվյալներ հետախուզված հանքավայրերի պաշարների քանակի, որակի և ուսումնասիրվածության աստիճանի, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանում դրանց փոփոխության մասին.
օգտակար հանածոների հանքավայրերի երևակումների կադաստր՝ օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների և հանքայնացման կետերի մասին համակարգված ամփոփ տեղեկատվություն, որն ընդգրկում է բոլոր հայտնաբերված օբյեկտները, անկախ դրանց տիպից, չափերից, ուսումնասիրվածության աստիճանից ու արդյունաբերական նշանակությունից.
լեռնահատկացում՝ օգտակար հանածոների արդյունահանման և ստորերկրյա կառույցների շինարարության նպատակով տրամադրված՝ մակերեսում և ըստ խորության սահմանափակված ընդերքի մաս.
ստորերկրյա ջրերի սանիտարական պահպանման գոտիներ՝ ջրհանների և աղբյուրների շուրջը սահմանագծված տարածք, որտեղ արգելվում կամ սահմանափակվում է տնտեսական գործունեությունը՝ ստորերկրյա ջրերն աղտոտումից զերծ պահելու և պահպանությունն ապահովելու նպատակով.
օգտակար հանածոյի հանքավայրի շահագործում՝ ընդերքում պարփակված օգտակար հանածոյի արդյունահանում.
օգտակար հանածոյի կորզվող արժեք՝ արդյունահանված և վերամշակման ենթարկված օգտակար հանածոյի միավորի արժեք՝ հաշվարկված արտադրանքի շուկայական գներով և կիրառվող տեխնոլոգիաների նորմատիվային ցուցանիշներով.
ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկություն՝ ընդերքի տեղամասի կառուցվածքի, կազմի, քանակի, դրանում օգտակար հանածոների առկայության և այլ հատկությունների, ինչպես նաև ընդերքի օգտագործման տեխնիկատնտեսական ցուցանիշների մասին տվյալներ:
Հոդված 3. | Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի խնդիրները |
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի խնդիրներն են՝
1) ընդերքի օգտագործման և պահպանության շուրջ ծագող հարաբերությունների կարգավորումը.
2) հանքային հումքի նկատմամբ տնտեսության պահանջների բավարարման նպատակով ընդերքի արդյունավետ, համալիր օգտագործման ու պահպանության, ընդերքն օգտագործելիս շրջակա միջավայրը վնասակար ազդեցություններից պաշտպանության, ինչպես նաև աշխատանքների կատարման անվտանգության ապահովումը.
3) պետության և քաղաքացիների շահերի, ինչպես նաև ընդերքօգտագործողների իրավունքների պաշտպանությունը:
Հոդված 4. | Ընդերքի նկատմամբ սեփականության իրավունքը |
Հայաստանի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, որը կարող է տրվել օգտագործման իրավունքով և սեփականաշնորհման ենթակա չէ:
Ընդերքի տեղամասերը չեն կարող հանդիսանալ առք ու վաճառքի, գրավի առարկա կամ օտարվել այլ ձևով:
Ընդերքօգտագործման իրավունքը կարող է օտարվել կամ անցնել մեկ օգտագործողից մյուսին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 5. | Ընդերքի օգտագործման և պահպանության պետական կառավարումը |
Ընդերքի օգտագործման և պահպանության պետական կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և տվյալ բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինները (այսուհետ՝ լիազորված մարմին)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 6. |
Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության և պետական կառավարման մարմինների իրավասությունները |
1. Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են՝
1) ընդերքօգտագործման ոլորտում քաղաքականության իրականացման ապահովումը.
2) Հայաստանի Հանրապետության ընդերքի տիրապետումը, դրա տնօրինման և օգտագործման կարգի սահմանումը.
3) ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազորված մարմինների իրավասությունների սահմանազատումը.
4) հանքահումքային հենքի զարգացման և ընդերքի պահպանության ծրագրերի հաստատումը և դրանց իրագործման ապահովումը.
5) ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում հարաբերությունները կարգավորող նորմատիվ ակտերի ընդունումը.
6) ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, օգտակար հանածոների արդյունահանման և օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակներով ընդերքի օգտագործման իրավունքի տրամադրման և ընդերքօգտագործման լիցենզավորման կարգերի սահմանումը.
7) ընդերքի մասին երկրաբանական տեղեկատվության միասնական համակարգի ստեղծման, վարման և տնօրինման կարգի սահմանումը.
8) հետախուզված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկատվության պետական փորձաքննության կարգի սահմանումը.
9) ընդհանուր տարածում և ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ցանկերի և երկրաբանական ուսումնասիրությունների հատուկ ցանկի հաստատումը.
10) օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման, օգտակար հանածոների արդյունահանման և ստորերկրյա կառույցների շինարարության նպատակով ընդերքի տրամադրած տեղամասերի պետական հաշվառման, օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրի վարման, ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման կարգերի սահմանումը.
11) ազգային անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության ապահովման նպատակով առանձին տեղամասերում ընդերքօգտագործման սահմանափակման և արգելման կարգի սահմանումը.
12) իր իրավասության սահմանում ընդերքօգտագործման վճարների դրույքաչափերի սահմանումը.
13) ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, օգտագործման և պահպանության իրականացման կարգերի սահմանումը.
14) ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերի սահմանումը.
15) ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, օգտագործման և պահպանության բնագավառում միջազգային համագործակցության իրականացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ իրավասություններ:
2. Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազորված մարմնի իրավասություններն են՝
1) մասնակցությունն ընդերքօգտագործման ոլորտում պետական քաղաքականության ձևավորմանը.
2) ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում ընդունված նորմերի ու կանոնների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
3) հանքահումքային հենքի զարգացման ռազմավարության, ընդերքի օգտագործման և պահպանության ծրագրերի մշակումն ու իրականացումը.
4) ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, օգտակար հանածոների արդյունահանման և օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակներով ընդերքի օգտագործման իրավունքի և լիցենզիաների տրամադրումը.
5) հետախուզված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկատվության պետական փորձաքննության իրականացումը.
6) օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարումը, օգտակար հանածոների արդյունահանման և ստորերկրյա կառույցների շինարարության նպատակով ընդերքի տրամադրած տեղամասերի պետական հաշվառման իրականացումը, օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրի վարումը.
7) ընդերքի օգտագործման և պահպանության նորմատիվ ակտերի վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
8) ընդերքօգտագործման վճարների դրույքաչափերի վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
9) ընդհանուր տարածում և ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ցանկերի և երկրաբանական ուսումնասիրությունների հատուկ ցանկի վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
10) ընդերքօգտագործման նպատակով հողհատկացման, երկրաբանական հատկացման, լեռնահատկացման, ջրօգտագործման և այլ անհրաժեշտ թույլտվությունների ու համաձայնությունների տրամադրումը.
11) մասնակցությունն ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, օգտագործման և պահպանության բնագավառում միջազգային համագործակցության իրականացմանը, ինչպես նաև իրավական այլ ակտերով սահմանված այլ իրավասություններ:
Հոդված 7. | Ընդերքօգտագործման ձևերը |
Ընդերքը կարող է օգտագործվել՝
1) երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով.
2) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով.
3) օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների ստեղծման նպատակով:
Հոդված 8. | Ընդերքօգտագործման սահմանափակումը |
1. Մարդու առողջությունը, ազգային անվտանգությունը և շրջակա միջավայրի պահպանությունն ապահովելու նպատակով ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումը կարող է սահմանափակվել կամ արգելվել Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով:
2. Բնակավայրերի, մերձքաղաքային գոտիների, արդյունաբերական, հաղորդակցության և կապի օբյեկտների տարածքում ընդերքօգտագործումը կարող է սահմանափակվել կամ արգելվել, եթե դա վնաս է հասցնում տնտեսական օբյեկտներին:
Հոդված 9. | Ընդերքօգտագործողները |
1. Ընդերքօգտագործողներ են համարվում սույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով թույլտվություն ունեցող իրավաբանական անձինք (այդ թվում՝ օտարերկրյա) և Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
2. Ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման և շահագործման, ինչպես նաև ռադիոակտիվ և վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործողներ են համարվում միայն հատուկ թույլտվություն ունեցող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած իրավաբանական անձինք:
Ընդերքօգտագործման հատուկ թույլտվության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 10. | Ընդերքօգտագործման հետ կապված լիցենզավորումը |
Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքօգտագործման՝ երկրաբանահետախուզական աշխատանքների որոշ տեսակների կատարումը, օգտակար հանածոների հանքավայրերի շահագործումը, ստորերկրյա կառույցների շինարարությունն ու շահագործումը ենթակա են լիցենզավորման:
Լիցենզավորման կարգերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով:
Հոդված 11. | Ընդերքօգտագործման կարգը |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքն օգտագործման է տրամադրում լիազորված մարմինը՝ օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
2. Երկրաբանահետախուզական աշխատանքները և հանքավայրերի շահագործումը կատարվում են լիազորված մարմնի և ընդերքօգտագործողի միջև կնքված պայմանագրի համաձայն:
3. Որոշակի տեղամասերում միներալոգիական, հնէաբանական և այլ երկրաբանական հավաքածուների ստեղծման, գիտական, մշակութային և այլ նշանակության երկրաբանական օբյեկտների (եզակի երկրաբանական առաջացումներ, բնության հուշարձաններ, քարանձավներ) ընտրման և նկարագրման աշխատանքները կատարվում են լիազորված մարմնի տված գրավոր համաձայնության հիման վրա:
4. Օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շինարարությունը և շահագործումը, բացառությամբ սույն օրենսգրքի 33-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, իրականացվում է լիազորված մարմնի տված լիցենզիաների հիման վրա:
5. Կախված բնույթից՝ ընդերքօգտագործումը կարող է լինել ինչպես վճարովի, այնպես էլ անվճար՝ սույն օրենսգրքի 44-45-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի համաձայն:
Հոդված 12. | Ընդերքօգտագործման ժամկետները |
1. Երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքն օգտագործման է տրամադրվում որոշակի ժամկետով՝ ոչ ավելի, քան 50 տարի՝ ելնելով նախատեսվող աշխատանքների նախագծով սահմանված ծավալից և իրագործման պայմաններից: Ընդերքօգտագործման ժամկետներն ամրագրվում են համապատասխան փաստաթղթերում՝ պետական գրանցում, լիցենզիա և (կամ) պայմանագիր:
2. Ընդերքօգտագործումը կարող է լինել անժամկետ, եթե դա տրամադրված է ստորերկրյա կառույցների շահագործման և հատուկ պահպանվող երկրաբանական արգելոցների ստեղծման նպատակով:
Հոդված 13. | Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումը |
1. Ընդերքօգտագործման իրավունքը փոխանցվում է նոր ընդերքօգտագործողին, եթե այն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ճանաչվել է նախկին ընդերքօգտագործողի իրավահաջորդ: Այս դեպքում ընդերքօգտագործման պայմանագիրն անվերապահորեն կնքվում է առանց դրա բովանդակության փոփոխության:
2. Ընդերքօգտագործման իրավունքը (լրիվ կամ մասամբ) կարող է փոխանցվել ընդերքօգտագործողի նախաձեռնությամբ, լիազորված մարմնի համաձայնությամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 14. | Ընդերքօգտագործման իրավունքի գրավը |
1. Ընդերքօգտագործման իրավունքը կարող է հանդիսանալ գրավի առարկա:
2. Ընդերքօգտագործողի և գրավառուի միջև գրավի պայմանագիրը կնքվում է լիազորված մարմնի նախնական համաձայնությամբ, որը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 15. | Ընդերքօգտագործման իրավունքի վաղաժամկետ դադարեցման և ընդերքօգտագործման պայմանագրի լուծման հիմքերը |
Ընդերքօգտագործման իրավունքը վաղաժամկետ դադարեցվում է, իսկ պայմանագիրը լուծվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև սույն օրենսգրքով սահմանված հետևյալ հիմքերով, եթե՝
1) ընդերքի տվյալ տարածքը վերցվում է պետական և (կամ) հասարակական կարիքների համար.
2) ստեղծվել է ակնհայտ սպառնալիք աշխատողների ու բնակչության անվտանգության և առողջության համար.
3) ստեղծվել է արտակարգ իրավիճակ (բնական աղետներ, պատերազմական գործողություններ և այլն).
4) ընդերքն օգտագործվել է ոչ այն նպատակով, որի համար տրամադրվել է.
5) խախտվել են ընդերքօգտագործման պայմանագրային պարտավորությունները.
6) ընդերքօգտագործման ընթացքում չեն պահպանվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները.
7) ընդերքօգտագործողը հրաժարվել է իր իրավունքներից՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
Հոդված 16. | Ընդերքօգտագործման իրավունքի դադարեցումը և պայմանագրի լուծումը |
Ընդերքօգտագործման իրավունքը վաղաժամկետ դադարեցվում է, և պայմանագիրը լուծվում է օրենքով ու սույն օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված հիմքերով հետևյալ կարգով.
1) սույն օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման մասին որոշումը կայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
2) սույն օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-7-րդ կետերով նախատեսված դեպքերում ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու և (կամ) պայմանագիրը լուծելու մասին որոշումը կայացնում է լիազորված մարմինը.
3) սույն օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքերում որոշումն ընդունելուց հետո ընդերքօգտագործողին տրվում է ժամանակ՝ սահմանված կարգով աշխատանքները դադարեցնելու կամ սառեցնելու (կոնսերվացնելու) համար.
4) սույն օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-3-րդ կետերով նախատեսված դեպքերում ընդերքօգտագործումը դադարեցվում է այդ մասին որոշում ընդունելուց և ընդերքօգտագործողին սահմանված կարգով գրավոր ծանուցելուց անմիջապես հետո.
5) սույն օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-5-րդ կետերով նախատեսված դեպքերում ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման և (կամ) պայմանագրի լուծման մասին որոշումն ընդունվում է ընդերքօգտագործողի թույլ տված խախտումների մասին սահմանված կարգով ծանուցելուց երեք ամիս հետո, եթե նշված ժամկետում նա չի վերացրել այդ խախտումները.
6) սույն օրենսգրքի 15-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված դեպքում ընդերքօգտագործողը պարտավոր է վեց ամիս առաջ գրավոր տեղեկացնել ընդերքը տրամադրող լիազորված մարմնին:
Բ Ա Ժ Ի Ն II
ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 17. | Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ձևերը |
Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ձևերն են՝
1) ռեգիոնալ երկրաբանական ուսումնասիրություն, որն ընդգրկում է ռեգիոնալ երկրաբանաերկրաֆիզիկական աշխատանքներ, երկրաբանական հանույթ (քարտեզագրում), երկրաքիմիական, սեյսմոլոգիական, հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական հետազոտություններ, գիտահետազոտական, հնէաբանական և այլ աշխատանքներ՝ ուղղված ընդերքի ընդհանուր ուսումնասիրությանը.
2) հրաբխային գործունեության ուսումնասիրության երկրաբանական աշխատանքներ, արտածին երկրաբանական պրոցեսների մշտադիտարկումների՝ մոնիթորինգի համակարգի ստեղծում և վարում, ինչպես նաև այլ աշխատանքներ, որոնք կատարվում են առանց ընդերքի ամբողջականության խախտումների.
3) օգտակար հանածոների հանքավայրերի որոնում, հետախուզում և գնահատում, որն ընդգրկում է միջին և խոշոր մասշտաբի երկրաբանական քարտեզագրում, մասնագիտացված հատուկ երկրաֆիզիկական և երկրաքիմիական աշխատանքներ, լեռնային փորվածքների և հորատանցքերի անցում, փաստագրում, նմուշարկում, հանքային հումքի և պարփակող ապարների պետրոգրաֆիական, միներալոգիական, տեխնոլոգիական և այլ հատկությունների ուսումնասիրություն, պաշարների և կանխատեսումային ռեսուրսների որոշում ու գնահատում.
4) շահագործվող ու շահագործմանը նախապատրաստվող հանքավայրերի լրահետախուզում և շահագործական հետախուզություն՝ օգտակար հանածոների լրացուցիչ պաշարների հայտնաբերման, դրանց քանակի, որակի ճշգրտման, ինչպես նաև շահագործման ընթացքում պաշարների շարժի հաշվառման և ռացիոնալ օգտագործման նպատակով.
5) ստորերկրյա կառույցների շինարարության համար ընդերքի նախատեսված տեղամասերի երկրաբանական ուսումնասիրություն՝ դրա կառուցվածքային առանձնահատկությունների, լեռնային ապարների կազմի և հատկությունների բացահայտման նպատակով.
6) միներալոգիական, հնէաբանական և երկրաբանական այլ հավաքածուների ստեղծում, գեղագիտական և կիսաթանկարժեք քարերի հավաքում.
7) գիտական, մշակութային, գեղագիտական և այլ նշանակություն ունեցող երկրաբանական օբյեկտների (եզակի երկրաբանական առաջացումներ, բնության հուշարձաններ, քարանձավներ և այլն) նկարագրում ու պահպանում:
Հոդված 18. | Ընդերքի պետական երկրաբանական ուսումնասիրությունը |
1. Ընդերքի պետական երկրաբանական ուսումնասիրությունն իրագործում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ լիազորված մարմնի միջոցով, որի խնդիրներն են՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքի երկրաբանական հանույթը (քարտեզագրումը).
2) ընդերքի վիճակի մշտադիտարկումը՝ մոնիթորինգը, դրանում տեղի ունեցող պրոցեսների (այդ թվում՝ արտածին) կանխատեսումը.
3) օգտակար հանածոների հանքավայրերի որոնումը և գնահատումը.
4) ընդերքի մասին տեղեկատվության կուտակումը և պահպանումը.
5) պետական պատվերով կառուցվող ստորերկրյա կառույցների տեղամասերի երկրաբանական ուսումնասիրությունը.
6) պետական ծրագրերով նախատեսված՝ ընդերքի երկրաբանական ուսումնասիրության հետ կապված այլ աշխատանքների իրագործումը:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված աշխատանքների պետական պատվերը տեղադրում է լիազորված մարմինը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 19. | Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցումը և հաշվառումը |
1. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները ենթակա են պետական գրանցման և հաշվառման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ կատարելն առանց պետական գրանցման արգելվում է:
Հոդված 20. | Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության կարգը |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ կարող են կատարել այն կազմակերպությունները և քաղաքացիները, որոնք ձեռք են բերել այդ իրավունքը սույն օրենսգրքի 9-րդ և 10-րդ հոդվածների համաձայն:
2. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները կատարվում են հետևյալ կարգով.
1) սույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-2-րդ կետերով նախատեսված աշխատանքները կատարվում են պետական գրանցումից հետո:
Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած հատուկ ցանկում ընդգրկված աշխատանքներն իրագործելիս, ինչպես նաև այն դեպքերում, երբ անհրաժեշտ է լեռնային փորվածքների և հորատանցքերի անցում, պետական գրանցումը և ընդերքօգտագործումն այդ մասով թույլատրվում է լիազորված մարմնի և ընդերքօգտագործողի միջև կնքված պայմանագրի հիման վրա.
2) սույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-5-րդ կետերով նախատեսված աշխատանքները կատարվում են պայմանագրի հիման վրա, որը կնքվում է լիազորված մարմնի և ընդերքօգտագործողի միջև.
3) ընդերքօգտագործողի ներդրումների հաշվին երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու դեպքում ընդերքի տեղամասը կարող է տրամադրվել օգտագործման օգտակար հանածոների որոնման, հետախուզման, գնահատման և հետագա շահագործման նպատակով կնքված պայմանագրով.
4) սույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված աշխատանքներ կատարելու իրավունքն ընդերքօգտագործողը ստանում է լիազորված մարմնի հետ՝ օգտակար հանածոյի հանքավայրի շահագործման նպատակով կնքված պայմանագրի հիման վրա.
5) սույն հոդվածի երկրորդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված՝ ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները պետական գրանցում են ստանում այդ աշխատանքների կատարման՝ սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծի և կնքված պայմանագրի հիման վրա.
6) սույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 6-7-րդ կետերով նախատեսված՝ ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներն իրականացվում են սույն օրենսգրքի 11-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով:
Հոդված 21. | Պետական պատվերով կատարվող օգտակար հանածոների հանքավայրերի որոնման, հետախուզման և գնահատման նպատակով ընդերքօգտագործման պայմանագիրը |
Պետական պատվերով օգտակար հանածոների հանքավայրերի որոնման, հետախուզման և գնահատման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրով ամրագրվում են՝
1) երկրաբանական առաջադրանքը՝ տրված պետական պատվերը տեղադրող լիազորված մարմնի կողմից՝ բյուջեի մասին օրենքի հիման վրա.
2) երկրաբանական հատկացման և ժամանակավոր հողօգտագործման սահմանները.
3) երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման ժամկետներն ըստ փուլերի՝ նախագծի ներկայացումը, աշխատանքների կատարման սկիզբն ու ժամանակացույցը և երկրաբանական հաշվետվության ներկայացումը.
4) կանխավճարի և կատարված աշխատանքների վճարման չափն ու կարգը.
5) պայմանագրի գործողության ժամկետը՝ ըստ նախագծի.
6) կողմերի փոխհարաբերությունները որոշող և օրենսդրությանը չհակասող այլ պայմաններ:
Հոդված 22. | Ընդերքօգտագործողի միջոցներով օգտակար հանածոների հանքավայրերի որոնման, հետախուզման, գնահատման և հետագա արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման պայմանագիրը |
1. Ընդերքօգտագործողի միջոցներով օգտակար հանածոների հանքավայրերի որոնման, հետախուզման, գնահատման և հետագա արդյունահանման նպատակով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով, ընդերքօգտագործողի և լիազորված մարմնի միջև կնքված պայմանագիրը հանդիսանում է իրավական փաստաթուղթ, որով սահմանվում է ընդերքօգտագործողի իրավունքը՝ որոշակի ժամկետներում նշված նպատակներով իրեն տրամադրված ընդերքի տեղամասի օգտագործման նկատմամբ:
2. Պայմանագիրը կարող է ընդերքօգտագործումը նախատեսել արտադրանքի բաժանման հիմունքներով:
Արտադրանքի բաժանման հիմունքներով տրամադրվող ընդերքի տեղամասերի ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Ընդերքօգտագործողների միջոցներով օգտակար հանածոների որոնման, հետախուզման, գնահատման և հետագա արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսվում են՝
1) ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքների նպատակը.
2) երկրաբանական հատկացման և ընդերքօգտագործման հետ կապված հողօգտագործման սահմանները.
3) պայմանագրի գործողության ժամկետը` ըստ նախագծի.
4) այն օգտակար հանածոների տեսակները, որոնց որոնումը, հետախուզումը, գնահատումը և հետագա արդյունահանումը թույլ է տրվում ընդերքօգտագործողին:
Եթե աշխատանքների կատարման ընթացքում հայտնաբերվում են նոր՝ նախապես չնշված օգտակար հանածոների տեսակներ, ապա դրանց ուսումնասիրման և արդյունահանման համար, ընդերքօգտագործողի հայտի հիման վրա, սույն օրենսգրքով, օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով նրան տրվում է թույլտվություն, իսկ պայմանագրում կատարվում է համապատասխան լրացում.
5) աշխատանքների կատարման ժամկետն ըստ փուլերի՝ երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման ժամանակացույցը, ստացված տեղեկատվությունը պետական փորձաքննության ներկայացնելու, օգտակար հանածոների հանքավայրերի մշակման և հումքի վերամշակման աշխատանքների ենթադրվող ժամկետները.
6) բնապահպանական միջոցառումները.
7) ընդերքօգտագործման հետ կապված բացասական հետևանքների վնասի հատուցման կարգը.
8) կողմերի վնասի փոխհատուցման կարգը՝ համաձայն սույն օրենսգրքի 61-րդ հոդվածի դրույթների.
9) պայմանագրի վաղաժամկետ դադարեցման հիմքերը և կարգը.
10) ընդերքօգտագործողի պարտականությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրել աշխատատեղեր՝ ընդհանուր աշխատատեղերի քանակից նախապես որոշված տոկոսից ոչ պակաս չափով.
11) ընդերքօգտագործողի պարտավորությունը՝ օգտագործել ապրանքների, աշխատանքների և սպասարկման ընդհանուր ծավալի որոշակի մաս, որը պետք է իրագործեն Հայաստանի Հանրապետության կազմակերպությունները.
12) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող նորմատիվ փաստաթղթերով նախատեսված հաշվետվությունների ներկայացման և աշխատանքների վերահսկման կարգը:
Փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը կարող է պարունակել կողմերի հարաբերությունները կարգավորող և օրենսդրությանը չհակասող այլ պայմաններ:
4. Ուսումնասիրվող տարածքում հայտնաբերված և հետախուզված հանքավայրերի մասին երկրաբանական տեղեկատվությունը պետական փորձաքննության ներկայացնելուց և օգտակար հանածոների պաշարները հաստատելուց հետո կողմերի միջև կնքվում է լրացուցիչ համաձայնագիր, որով նախատեսվում են՝
1) օգտակար հանածոներ արդյունահանող և վերամշակող ձեռնարկության նախագծման և շինարարության ժամկետները.
2) լեռնահատկացման սահմանները.
3) օգտակար հանածոների արդյունահանման ժամանակացույցը.
4) արտադրանքի բաժանման կարգը, եթե այն նախատեսված է պայմանագրով.
5) ընդերքօգտագործման հետ կապված վճարների չափն ու վճարման կարգը՝ Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավական այլ ակտերի պայմանների համաձայն:
5. Համաձայնագիրը կցվում է նախապես կնքված պայմանագրին և համարվում է դրա անբաժանելի մասը:
Հոդված 23. | Ընդերքօգտագործողի միջոցների հաշվին ստորերկրյա կառույցների շինարարության համար նախատեսված՝ ընդերքի տեղամասի ուսումնասիրության պայմանագիրը |
1. Ընդերքօգտագործողի միջոցների հաշվին ստորերկրյա կառույցների շինարարության համար նախատեսված՝ ընդերքի տեղամասի ուսումնասիրության պայմանագիրը կնքվում է լիազորված մարմնի և ընդերքօգտագործողի միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Պայմանագրում նշվում են՝
1) աշխատանքների նպատակը, կատարման ժամկետները և հիմքերը.
2) երկրաբանական հատկացման և հողօգտագործման սահմանները.
3) աշխատանքների կատարման և պայմանագրի գործողության ժամկետները.
4) անհրաժեշտ տեղեկատվությունը սահմանված կարգով լիազորված մարմին ներկայացնելը:
Հոդված 24. |
Երկրաբանական հատկացման կարգը |
Երկրաբանական հատկացումը տրամադրում է լիազորված մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 25. | Ընդերքի երկրաբանական ուսումնասիրությանը ներկայացվող հիմնական պահանջները |
Ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն կատարելիս անհրաժեշտ է ապահովել՝
1) Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և պահպանության պահանջների կատարումը.
2) աշխատանքների կատարման համապատասխանությունը հաստատված նախագծին.
3) սկզբնական երկրաբանական փաստագրության, լեռնային ապարների և հանքանյութերի նմուշների պահպանությունը.
4) հիդրոերկրաբանական, բնապահպանական, լեռնատեխնիկական և օգտակար հանածոների հանքավայրերի մշակման մյուս պայմանների մասին, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շինարարության պայմանների մասին ստացված տեղեկատվության տվյալների հավաստիությունն ու լիակատարությունը.
5) հիմնական և դրանց հետ համատեղ գտնվող օգտակար հանածոների պաշարների և դրանցում պարունակած բաղադրամասերի որակի և քանակի որոշման հավաստիությունը.
6) օգտակար հանածոների չարդարացված կորուստները և դրանց որակի վատացումը բացառող մեթոդների ու եղանակների կիրառումը.
7) ընդերքի երկրաբանական ուսումնասիրության արդյունքների մասին ամփոփ տեղեկատվությունը (հաշվետվությունները) պետական փորձաքննության և լիազորված մարմին ներկայացնելը.
8) մարդկանց անվտանգությունը և շրջակա միջավայրի պահպանությունը երաշխավորող մեթոդների ու եղանակների կիրառումը.
9) պայմանագրով նախատեսված այլ պարտավորությունների կատարումը:
Հոդված 26. | Ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվությունը |
1. Պետական միջոցների հաշվին ընդերքի երկրաբանական ուսումնասիրության արդյունքում ստացված տեղեկատվությունը, այդ թվում՝ սկզբնական երկրաբանական, երկրաֆիզիկական և այլ փաստագրությունը, դրանց ամփոփման և վերլուծության տվյալները, ինչպես նաև լեռնային ապարների նմուշները, հորատահանուկը (կեռնը), շերտային հեղուկը տնօրինում է պետությունը:
Նշված տեղեկատվությունն անհատույց հանձնվում է լիազորված մարմնին և պահպանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ահմանած կարգով:
2. Ընդերքօգտագործողի ներդրումների հաշվին ստացված՝ ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվությունը տնօրինում են պետությունը և ընդերքօգտագործողը:
3. Ամփոփ տեղեկատվությունն անհատույց հանձնվում է լիազորված մարմնին, իսկ սկզբնականը պահպանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
4. Ընդերքօգտագործողը կարող է ազատ ու անհատույց օգտագործել իր ներդրումների հաշվին ստացված ընդերքի մասին տեղեկատվությունը սեփական կարիքների համար, սակայն նա իրավասու չէ տրամադրել այն երրորդ կողմին՝ առանց լիազորված մարմնի համաձայնության:
5. Ընդերքօգտագործողն իրավասու է մինչև հինգ տարի ժամկետով երրորդ կողմի համար սահմանափակել իր ներդրումների հաշվին ստացված և լիազորված մարմնին տրամադրած տեղեկատվության օգտագործումը, ինչպես նաև տվյալների հրապարակումը՝ համաձայն կնքված պայմանագրի:
Ընդերքօգտագործողի դիմումով, կողմերի փոխհամաձայնությամբ, տեղեկատվություն տրամադրելու սահմանափակման ժամկետը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան երեք տարի:
6. Ընդերքօգտագործողը զրկվում է տեղեկատվությունը տնօրինելու իրավունքից, եթե երկրաբանահետախուզական աշխատանքներն ավարտելուց հետո պայմանագրով սահմանված ժամկետներում լիազորված մարմնի հետ չի կնքում լրացուցիչ համաձայնագիր, որով ճշգրտվում է օգտակար հանածո արդյունահանող օբյեկտի (ձեռնարկության) կամ ստորերկրյա կառույցի նախագծման ու գործարկման ժամանակացույցը:
7. Պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել տեղեկատվության խորհրդապահությունը դրա կուտակման, արձանագրման, պահպանության, փոխանցման և օգտագործման ընթացքում:
8. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն կատարող անձն իրավունք ունի օգտագործել աշխատանքների ընթացքում ընդերքի մասին ստացված երկրաբանական և այլ տեղեկատվությունը գիտական և մանկավարժական գործունեության համար, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Հոդված 27. | Օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատումը |
1. Օգտակար հանածոների հանքավայրերի արդյունաբերական նշանակության որոշման, դրանց մշակման առավելագույն արդյունավետ և անվտանգ եղանակների ընտրման և օգտակար հանածոների պաշարների հաշվարկման համար՝ կոնդիցիաների հիմնավորման նպատակով, կատարվում է հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատում՝ լիազորված մարմնի հաստատած չափանիշներին և պահանջներին համապատասխան:
2. Օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատումը կատարվում է ընդերքօգտագործողի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 28. | Ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության պետական փորձաքննությունը |
1. Երկրաբանական և այլ տեղեկատվությունը՝ օգտակար հանածոների պաշարների, ինչպես նաև ստորերկրյա շինարարության համար տրամադրվող տեղամասերի կառուցվածքի և այլ հատկությունների մասին, ենթակա է պետական փորձաքննության, որն իրականացնում է լիազորված մարմինը:
2. Ընդերքի տրամադրումն օգտակար հանածոների արդյունահանման նպատակով թույլատրվում է միայն դրանում պարփակված պաշարների պետական փորձաքննությունից, ինչպես նաև հետախուզված և նախնական գնահատված պաշարների քանակը և որակը լիազորված մարմնի սահմանած կարգով հաստատելուց հետո:
3. Օգտակար հանածոների պաշարների վերաբերյալ պետական փորձաքննության եզրակացությունը հիմք է ծառայում դրանք պետական հաշվեկշռում գրանցելու համար:
4. Պետական փորձաքննությունը կարող է կատարվել հանքավայրի երկրաբանական ուսումնասիրության ցանկացած փուլում՝ սահմանված կարգով, եթե փորձաքննության ներկայացրած նյութը թույլ է տալիս կատարել օգտակար հանածոների քանակի և որակի, դրանց արդյունաբերական նշանակության, լեռնատեխնիկական, հիդրոերկրաբանական, բնապահպանական և այլ պայմանների օբյեկտիվ գնահատում:
5. Պետական փորձաքննության ենթակա է նաև օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շինարարության և շահագործման համար պիտանի տեղամասերի վերաբերյալ երկրաբանական տեղեկատվությունը: Օգտագործման նպատակով այդպիսի տեղամասերի տրամադրումը թույլատրվում է միայն երկրաբանական տեղեկատվության պետական փորձաքննությունից հետո:
Հոդված 29. | Օգտակար հանածոների հանքավայրեր հայտնաբերողները |
1. Օգտակար հանածոների հանքավայրեր հայտնաբերողներ են համարվում այն անձինք, որոնք պաշտոնապես ներկայացնում են տվյալներ որոշակի տեղամասում կոնկրետ օգտակար հանածոների երևակումների, ինչպես նաև հայտնի հանքավայրերում արդյունաբերական նշանակություն ունեցող նոր հանքային հումքի առկայության մասին, հետախուզում և գնահատում են նոր՝ նախկինում անհայտ հանքավայր, հայտնաբերում են օգտակար հանածոների նոր պաշարներ, որոնք էապես ավելացնում են դրա արդյունաբերական գնահատականը:
2. Օգտակար հանածոների հանքավայրերի հայտնաբերող ճանաչելու փաստը հաստատում է լիազորված մարմինը, որը քննարկում է հայտը և տալիս համապատասխան տեղեկանք: Դրա առկայությունը հաշվի է առնվում տվյալ հանքավայրը մրցույթով տրամադրելու դեպքում:
Բ Ա Ժ Ի Ն III
ԸՆԴԵՐՔԻՑ ՕԳՏՎԵԼՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ
Հոդված 30. | Օգտակար հանածոների արդյունահանման և օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների ստեղծման նպատակներով ընդերքօգտագործման եղանակներն ու ձևերը |
1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման եղանակներն են՝
1) օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման ստորերկրյա եղանակ՝ օգտակար հանածոյի արդյունահանումն իրականացվում է ստորերկրյա փորվածքների համակարգով՝ առանց երկրի մակերևույթի էական խախտման.
2) օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման բաց եղանակ՝ օգտակար հանածոյի արդյունահանումն իրականացվում է երկրի մակերևույթից՝ բաց լեռնային փորվածքների համակարգով.
3) օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման հորատանցքային եղանակ՝ օգտակար հանածոյի արդյունահանումն իրականացվում է շահագործական հորատանցքերի համակարգով.
4) օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման համակցված եղանակ՝ օգտակար հանածոյի արդյունահանումն իրականացվում է վերը նշված եղանակների համակցությամբ:
Արդյունահանումը կարող է իրականացվել նաև օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման և շահագործման ընթացքում առաջացող թափոնների՝ տեխնածին հանքավայրերի (մակաբացման և պարփակվող ապարների, ինչպես նաև հարստացնող, մետաղագործական և այլ վերամշակող արտադրության լցակույտերի) վերամշակման նպատակով:
Վերը նշված եղանակներում կարող են կիրառվել օգտակար հանածոների արդյունահանման ֆիզիկական, քիմիական, կենսաքիմիական և այլ ձևեր:
2. Օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակներով ընդերքից օգտվելու ձևերն են՝
1) ստորերկրյա կառույցների շինարարություն.
2) տրանսպորտային ուղիների ստեղծում.
3) արտադրության թափոնների տեղադրում:
Հոդված 31. | Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման կարգը |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքօգտագործողներ կարող են լինել իրավաբանական և ֆիզիկական այն անձինք, որոնք, համաձայն սույն օրենսգրքի 9-10-րդ հոդվածների, ձեռք են բերել օգտակար հանածոների, այդ թվում՝ նավթի, գազի և ստորերկրյա ջրերի հանքավայրերի շահագործման, ինչպես նաև հանքային հումքի արդյունահանման և վերամշակման ընթացքում առաջացած թափոնների մշակման իրավունքը:
2. Սեփական միջոցների հաշվին օգտակար հանածոների հանքավայր հետախուզող և գնահատող իրավաբանական և ֆիզիկական անձինք ձեռք են բերում այդ հանքավայրի շահագործման բացառիկ իրավունքը լիազորված մարմնի հետ լրացուցիչ համաձայնագիր կնքելու միջոցով՝ համաձայն սույն օրենսգրքի 22-րդ հոդվածի:
3. Օգտակար հանածոների հանքավայրերը շահագործման են տրամադրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 32. | Օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների ստեղծման նպատակներով ընդերքօգտագործումը |
Ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակներով՝ ստորերկրյա կառույցների շինարարության (այդ թվում՝ տրանսպորտային ուղիների և արտադրության թափոնների տեղադրման) համար, տրամադրում է լիազորված մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 33. | Իրավաբանական անձանց և քաղաքացիներին հատկացված հողամասերի սահմաններում ընդերքօգտագործումը |
Իրավաբանական անձինք և քաղաքացիներն իրենց հատկացված հողամասերի սահմաններում (անկախ սեփականության ձևից) տնտեսական և կենցաղային սեփական կարիքների բավարարման նպատակով իրավասու են կատարել պետական հաշվեկշռում չգրանցված ընդհանուր տարածում ունեցող օգտակար հանածոների արդյունահանում, ինչպես նաև ստորերկրյա կառույցների շինարարություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 34. | Պահուստային հանքավայրերի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման պայմանագիրը |
1. Հետախուզված և պետական հաշվեկշռում գրանցված, բայց շահագործման չտրամադրված կամ տիրազուրկ օգտակար հանածոների հանքավայրերը համարվում են պահուստային հանքավայրեր:
2. Պահուստային հանքավայրերի շահագործման նպատակով ընդերքօգտագործողների և լիազորված մարմնի միջև կնքվում է ընդերքօգտագործման պայմանագիր, որը հանդիսանում է կողմերի փոխհարաբերությունը որոշող իրավական փաստաթուղթ և հիմնականում նախատեսում է՝
1) ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքների նպատակը.
2) պայմանագիր կնքելու հիմքերը.
3) ընդերքօգտագործման ժամկետները.
4) օգտագործման տրամադրվող ընդերքի տեղամասերի տարածական սահմանները և ընդերքից օգտվելու հետ կապված լեռնահատկացման ու հողահատկացման սահմանները.
5) աշխատանքների կատարման ժամանակացույցն ըստ փուլերի՝ աշխատանքների սկիզբը, ձեռնարկության գործարկումը, նախագծային հզորության հասնելը և այլն.
6) արդյունահանվող հումքի նվազագույն քանակը.
7) ստացված արտադրանքի բաժանման համաձայնագիրը, եթե դա նախատեսվում է.
8) ընդերքօգտագործման վճարները և ընդերքի պահպանության ծախսերը.
9) բնապահպանական միջոցառումների ժամանակացույցը և ծախսերը.
10) ընդերքօգտագործման ընթացքում ստացվող տեղեկատվության հավաքման, պահպանման և ներկայացման պահանջները.
11) ընդերքօգտագործման մասին անհրաժեշտ հաշվետվությունները, դրանց բովանդակությունը և ներկայացման ժամկետները.
12) ընդերքօգտագործման վերահսկողության պայմանները.
13) ընդերքօգտագործողի պարտավորությունը՝ փոխհատուցելու ընդերքի օգտագործման ընթացքում և հետևանքով առաջացած վնասը.
14) ընդերքօգտագործողի կատարած ծախսերի հատուցման կարգը՝ ընդերքը տրամադրողի նախաձեռնությամբ ընդերքօգտագործումը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում.
15) ընդերքօգտագործման պայմանագրում փոփոխություն մտցնելու հիմքերը.
16) ընդերքօգտագործողի նախաձեռնությամբ իր իրավունքներից վաղաժամկետ հրաժարվելու կարգը և դրանից ծագող պատասխանատվությունը:
3. Փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը կարող է պարունակել կողմերի հարաբերությունները կարգավորող և օրենսդրությանը չհակասող այլ պայմաններ:
Հոդված 35. | Օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների ստեղծման նպատակներով ընդերքօգտագործման լիցենզիան |
Օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակներով ընդերքօգտագործման լիցենզիայով նախատեսվում են՝
1) ստորերկրյա կառույցի նպատակը.
2) լիցենզիայի տրամադրման հիմքերը.
3) աշխատանքների կատարման ժամանակացույցն ըստ փուլերի՝ շինարարական աշխատանքների սկիզբը և ավարտը.
4) օգտագործման տրվող ընդերքի տեղամասի տարածական սահմանները և ընդերքից օգտվելու հետ կապված լեռնահատկացման սահմանները.
5) կառույցի շահագործման և պահպանության հաշվարկային ժամկետները.
6) ընդերքօգտագործման վճարները և ընդերքի պահպանության ծախսերը.
7) բնապահպանական միջոցառումների ժամանակացույցը և ծախսերը.
8) ստորերկրյա կառույցների շահագործման հատուկ պահանջները և այլ պայմաններ:
Հոդված 36. | Լեռնահատկացման կարգը |
1. Օգտակար հանածոների հանքավայրերի (բացառությամբ ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի) շահագործման, ինչպես նաև ստորերկրյա կառույցների շինարարության համար լեռնահատկացումը կատարվում է լիազորված մարմնի կնքած լիցենզային պայմանագրի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Լեռնահատկացումը կատարվում է հանքավայրի շահագործման և ստորերկրյա կառույցների շինարարության նախագծերով։ Համապատասխան փաստաթուղթը (Լեռնահատկացման ակտը) կցվում է լիցենզային պայմանագրին՝ որպես դրա անբաժանելի մաս:
3. Լեռնահատկացում չի թույլատրվում մինչև սահմանված կարգով լիցենզային պայմանագրի կնքումն ու գրանցումը:
4. Ընդերքօգտագործողը լեռնահատկացման սահմաններում ունի գործունեության բացառիկ իրավունք. այլ անձի կողմից ցանկացած գործունեություն կարող է իրականացվել միայն ընդերքօգտագործողի համաձայնությամբ։
Հոդված 37. | Ստորերկրյա ջրերի (քաղցրահամ և հանքային) հանքավայրերի սանիտարական պահպանման գոտիները |
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ ստորերկրյա ջրերի (քաղցրահամ և հանքային) հանքավայրերն ու ջրատար հորիզոնները աղտոտումից զերծ պահելու և պահպանությունն ապահովելու նպատակով ջրհանների ու աղբյուրների շուրջը ստեղծվում են սանիտարական պահպանման գոտիներ (ՍՊԳ), որոնց սահմաններում իրագործվում են հողը, ջուրը, մթնոլորտը և կանաչապատ տարածքները հնարավոր աղտոտումից բացառող միջոցառումներ:
2. Սանիտարական պահպանման գոտիների նախագծումը կատարվում է բնապահպանական պահանջների (հիդրոերկրաբանական, հիդրոլոգիական և սանիտարական նորմերի) հիման վրա, որոնք հանդիսանում են հանքավայրի և ջրատար հորիզոնի շահագործման և ջրամատակարարման նախագծի անբաժանելի մասը, և համաձայնեցվում է լիազորված մարմնի հետ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Ընդերքօգտագործողը սանիտարական գոտիների սահմաններում ունի գործունեության բացառիկ իրավունք, և ցանկացած գործունեություն այլ անձի կողմից կարող է իրականացվել միայն ընդերքօգտագործողի համաձայնությամբ։
Հոդված 38. | Օգտակար հանածոների արդյունահանումն առանց լեռնահատկացման և հատուկ պահպանվող սանիտարական գոտիների |
Առանց լեռնահատկացման և հատուկ պահպանվող սանիտարական գոտիների, օգտակար հանածոների արդյունահանումը թույլատրվում է՝
1) հաստատված նախագծերով իրականացվող հանքավայրերի հետախուզման ընթացքում՝ դրա մի մասի փորձարտադրական շահագործման նպատակով՝ երկրաբանական աշխատանքների պայմանագրին և ժամանակացույցին համապատասխան.
2) ընդհանուր տարածում ունեցող օգտակար հանածոներ արդյունահանելիս սույն օրենսգրքի 33-րդ հոդվածով նախատեսված դեպքում։
Հոդված 39. | Օգտակար հանածոներ արդյունահանող և հանքային հումք վերամշակող օբյեկտների (ձեռնարկությունների), ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների նախագծումը |
1. Օգտակար հանածոներ արդյունահանող օբյեկտների (ձեռնարկությունների) և ստորերկրյա կառույցների նախագծումը կատարվում է օգտագործման տրամադրված ընդերքի տեղամասի վերաբերյալ պետական փորձաքննության ենթարկված երկրաբանական և այլ կարգի տեղեկատվության հիման վրա։
2. Ընդերքօգտագործումը, օգտակար հանածոների հանքավայրերի (այդ թվում՝ նավթի, գազի և ստորերկրյա ջրերի) շահագործման, արդյունահանված հանքային հումքի վերամշակման, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շինարարության նպատակներով, առանց սահմանված կարգով պետական փորձաքննության ենթարկված նախագծի, արգելվում է:
3. Օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների նախագծումը կատարվում է երկրաբանական հետազննման նյութերի հիման վրա:
Հոդված 40. | Օգտակար հանածոներ արդյունահանող և հանքային հումք վերամշակող օբյեկտների (ձեռնարկությունների), օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների ստեղծման նպատակներով նախագծմանը, շինարարությանը և գործարկմանը ներկայացվող հիմնական պահանջները |
1. Օգտակար հանածոներ արդյունահանող և հանքային հումք վերամշակող օբյեկտների (ձեռնարկությունների), օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների նախագծերում պետք է նախատեսվեն՝
1) օգտակար հանածոների հանքավայրերի բացման այնպիսի եղանակներ և շահագործման համակարգեր, որոնք ապահովում են հիմնական և դրանց հետ համատեղ գտնվող օգտակար հանածոների պաշարների առավել լիակատար, համալիր, տնտեսապես նպատակահարմար կորզումը, ինչպես նաև զանգվածից զուգընթաց անջատվող պարփակող ապարների օգտագործումը կամ պահեստավորումը, կառույցների անվտանգ և երկարատև շահագործումը.
2) հեռացվող հողաշերտի և զուգընթաց արդյունահանվող, ժամանակավորապես չօգտագործվող օգտակար հանածոների պահեստավորումը և պահպանությունը.
3) նախագծվող օբյեկտների (ձեռնարկությունների) շինարարության և գործարկման ընթացքում ընդերքի երկրաբանական փաստագրությունն ու մարկշեյդերական փաստաթղթերի կազմումը և դրանց ներկայացվող պահանջները.
4) հանքարդյունահանման հետևանքով առաջացած դատարկ տարածության նպատակային օգտագործումը.
5) աշխատանքի անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության սահմանված կանոնների և նորմերի ապահովումը.
6) խախտված հողերի պահպանումն ու վերականգնումը:
2. Ստորերկրյա ջրերի հանքավայրերի շահագործման նախագծերում անհրաժեշտ է նախատեսել ռեժիմային դիտարկումներ, ջրային ռեսուրսները սպառումից և աղտոտումից պահպանելու միջոցառումներ։
Հոդված 41. | Ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության անկախ փորձաքննությունը |
1. Ընդերքօգտագործողն իրավունք ունի սեփական միջոցների հաշվին կատարել իրեն տրամադրված ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության անկախ փորձաքննություն:
2. Այն դեպքերում, երբ անկախ փորձաքննության արդյունքներով էապես փոխվում են հանքավայրի երկրաբանատնտեսագիտական գնահատականը կամ ստորերկրյա կառույցի համար նախատեսված ընդերքի տեղամասի երկրաբանական կառուցվածքի և այլ հատկությունների վերաբերյալ պատկերացումները, ապա ընդերքօգտագործողը կարող է դիմել լիազորված մարմին՝ ընդերքօգտագործման պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով: Լիազոր մարմինը պարտավոր է դիմումը քննարկել և մեկամսյա ժամկետում ընդունել որոշում:շ
3. Երկրաբանական տեղեկատվության անկախ փորձաքննություն կարող է կատարվել նաև օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման և ստորերկրյա կառույցների նախագծերի մշակման, հանքի նախապատրաստման ու շահագործման, ստորերկրյա կառույցների շինարարության ընթացքում, եթե այդպիսի անհրաժեշտություն առաջացել է տեղեկատվության նկատմամբ նոր մոտեցումների կամ նոր ստացած տվյալների հետևանքով:
4. Անկախ փորձաքննությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 42. | Ընդերքօգտագործողների հիմնական իրավունքները և պարտականությունները |
1. Ընդերքօգտագործողներն իրավունք ունեն՝
1) տնօրինել սեփական գործունեության արդյունքները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավական այլ ակտերի.
2) օգտագործել սեփական լեռնահանքային և դրա հետ կապված վերամշակող արտադրությունների թափոնները, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ.
3) սահմանափակել տարածքների կառուցապատումը տրամադրված լեռնահատկացման սահմաններում.
4) կատարել ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն սեփական միջոցների հաշվին տրամադրված լեռնահատկացման սահմաններում.
5) դիմել ընդերքը տրամադրող լիազորված մարմին՝ ընդերքօգտագործման պայմանները փոփոխելու նպատակով, եթե հանդես են գալիս էապես նոր՝ նախկինում չնախատեսված հանգամանքներ.
6) վաղաժամկետ հրաժարվել ընդերքօգտագործման իրավունքից՝ կատարելով պայմանագրով նախատեսված պարտավորությունները:
2. Ընդերքօգտագործողները պարտավոր են ապահովել՝
1) հանքային հումքի արդյունահանման, տեղափոխման և վերամշակման ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ընդունված ստանդարտների, նորմերի ու կանոնների կատարումը.
2) ընդերքօգտագործման նախագծերի, լեռնային աշխատանքների զարգացման պլանների և սխեմաների պահանջների կատարումը.
3) երկրաբանական, մարկշեյդերական և այլ փաստագրության վարումը, դրանց պահպանումը՝ ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում.
4) լիազորված մարմնին անհրաժեշտ երկրաբանական տեղեկատվության հանձնումը.
5) հետախուզված, ընդերքից արդյունահանված և դրանում թողնված օգտակար հանածոների պաշարների, դրանց պարունակած բաղադրամասերի, որակի ու քանակի, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակներով ընդերքօգտագործման մասին հավաստի տվյալների հավաքումը, պահպանումը և լիազորված մարմնին տրամադրումը.
6) ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքների կատարման անվտանգությունը.
7) ընդերքի, մթնոլորտի, հողի, անտառների, ջրերի և շրջակա միջավայրի մյուս օբյեկտների, ինչպես նաև շինությունների և այլ կառույցների պահպանությունն ընդերքի օգտագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից.
8) բնության, պատմական և մշակույթի հուշարձանների պահպանությունն ընդերքի օգտագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից.
9) ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողամասերը, համաձայն նախագծի և պայմանագրի, անվտանգ վիճակի բերելը, ինչպես նաև դրանք տնտեսության մեջ օգտագործման համար պիտանի դարձնելը.
10) պայմանագրային բոլոր պարտավորությունների կատարումը:
Հոդված 43. | Օգտակար հանածոներ արդյունահանող և օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված լեռնային փորվածքների և դրանց գործունեության հետ առնչվող կառույցների սառեցումը և լուծարումը |
Օգտակար հանածոներ արդյունահանող և օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված լեռնային փորվածքների և դրանց գործունեության հետ առնչվող կառույցների սառեցումը և լուծարումը կատարվում է հատուկ նախագծով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Բ Ա Ժ Ի Ն IV
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐ
Հոդված 44. | Ընդերքօգտագործման հետ կապված վճարները |
Ընդերքօգտագործումը վճարովի է, բացառությամբ սույն օրենսգրքի 45-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Ընդերքն օգտագործելիս կատարվում են հետևյալ վճարները.
1) մրցույթի մասնակցության.
2) ընդերքի մասին տրամադրված երկրաբանական տեղեկատվության.
3) ընդերքի օգտագործման (բնավճար, ռոյալթի).
4) պետական բյուջեի միջոցներով կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների ծախսերի փոխհատուցման:
Հոդված 45. | Ընդերքից անվճար օգտվելը, վճարներից լրիվ կամ մասնակի ազատվելը |
1. Հայաստանի Հանրապետության ընդերքօգտագործման վճարներից ազատվում են ընդերքօգտագործողների հետևյալ կատեգորիաները (խմբերը).
1) իրավաբանական անձինք և քաղաքացիները, որոնք սեփական կարիքների համար իրենց հատկացված տեղամասի սահմաններում, համաձայն սույն օրենսգրքի 33-րդ հոդվածի, կատարում են ընդհանուր տարածում ունեցող օգտակար հանածոների արդյունահանում, ինչպես նաև ստեղծում են կենցաղային նպատակով ստորերկրյա կառույցներ.
2) ընդերքօգտագործողները, որոնք կատարում են՝
- ռեգիոնալ երկրաբանական ուսումնասիրություններ,
- առանց ընդերքի ամբողջականության խախտումների հատուկ նշանակության երկրաբանական ուսումնասիրություններ (բնական միջավայրի մոնիթորինգ և այլն),
- միներալոգիական, հնէաբանական և այլ հավաքածուների ստեղծում,
- եզակի երկրաբանական առաջացումների, բնության հուշարձանների ուսումնասիրություն, նկարագրում և պահպանում,
- ընդերքի՝ պետական պատվերով երկրաբանական ուսումնասիրություն.
3) օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա շինությունների շահագործումը, եթե այն եկամուտ կամ շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում:
Հոդված 46. | Ընդերքօգտագործման վճարների որոշումը և վճարման կարգը |
Սույն օրենսգրքի 44-րդ հոդվածով նախատեսված վճարները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքով։
Բ Ա Ժ Ի Ն V
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՈՒ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ, ԵՐԵՎԱԿՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
Հոդված 47. | Ընդերքօգտագործման պետական ֆոնդերը |
1. Ընդերքօգտագործման պետական ֆոնդերն են՝
1) օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների ֆոնդ.
2) ստորերկրյա կառույցների համար տրամադրված ընդերքի մասերի ֆոնդ:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված օգտակար հանածոների հանքավայրերը և երևակումներն ընդգրկվում են մեկ միասնական ֆոնդում, որում հաշվառվում են շահագործվող, պահուստային, հետախուզվող հանքավայրերը, ինչպես նաև երևակումները, դրանց հետախուզված ու նախնական գնահատված պաշարները և կանխատեսումային ռեսուրսները:
3. Ստորերկրյա կառույցների համար տրամադրված ընդերքի մասերի ֆոնդում ընդգրկվում են օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շինարարության և շահագործման նպատակով տրամադրված լեռնահատկացումները և այն քարանձավները, որոնք տրամադրվել են օգտագործման:
Հոդված 48. | Օգտակար հանածոների պաշարների, հանքավայրերի և երևակումների պետական հաշվառումը |
1. Օգտակար հանածոների պաշարները, հանքավայրերը և երևակումները ենթակա են պետական հաշվառման՝ օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի, ինչպես նաև օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների կադաստրի ձևով:
2. Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը և հանքավայրերի ու երևակումների պետական կադաստրը վարում է լիազորված մարմինը:
3. Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը կազմվում և պարբերաբար փոփոխվում է դրանց հաստատված պաշարների և սահմանված կարգով ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող համապատասխան տեղեկատվության (հաշվետվությունների) հիման վրա:
Այն պետք է պարունակի տեղեկություններ արդյունաբերական նշանակություն ունեցող հանքավայրերում պարփակված բոլոր տեսակի օգտակար հանածոների պաշարների քանակի, որակի և ուսումնասիրվածության աստիճանի, գործող կամ նախագծվող արդյունաբերական ձեռնարկության հետախուզված և նախնական գնահատված պաշարներով ապահովվածության մասին:
4. Օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրը վարվում է լիազորված մարմնում կուտակվող տեղեկատվության հիման վրա: Դա պարունակում է տվյալներ, որոնք բնութագրում են յուրաքանչյուր հանքավայրի և երևակման երկրաբանական կառուցվածքը, դրանցում պարփակված օգտակար հանածոների հետախուզված, նախնական գնահատված պաշարները և կանխատեսումային ռեսուրսները, հանքավայրերի շահագործման լեռնատեխնիկական, հիդրոերկրաբանական, էկոլոգիական և այլ պայմանները, ինչպես նաև երկրաբանատնտեսագիտական գնահատականը:
5. Օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական հաշվեկշիռն ու պետական կադաստրը վարվում են լիազորված մարմնի սահմանած ձևով:
Հոդված 49. | Օգտակար հանածոների հաշվեկշռային պաշարների դուրսգրումը |
1. Պետական հաշվեկշռում գրանցված օգտակար հանածոների պաշարները ենթակա են դուրսգրման, եթե դրանք՝
1) արդյունահանվել են.
2) կորսվել են արդյունահանման ընթացքում.
3) տնտեսական, տեխնիկական և այլ պատճառներով կորցրել են արդյունաբերական նշանակությունը.
4) չեն հաստատվել հետագա երկրաբանահետախուզական աշխատանքների և հանքավայրերի մշակման ընթացքում:
2. Օգտակար հանածոների մարված (արդյունահանված և ընդերքում կորսված) պաշարների դուրսգրումը կատարվում է ընդերքօգտագործողի ներկայացրած տեղեկատվության հիման վրա:
3. Արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա աշխատանքների արդյունքում չհաստատված պաշարների դուրսգրումը կատարվում է անհրաժեշտ տեղեկատվության՝ սահմանված կարգով պետական փորձաքննությունից հետո, որի եզրակացությունը հիմք է պաշարների պետական հաշվեկշռում համապատասխան փոփոխություն մտցնելու համար:
Հոդված 50. | Օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված օգտագործման տրամադրված ընդերքի տեղամասերի պետական հաշվառումը |
Օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շինարարության և շահագործման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասերը սահմանված կարգով ենթակա են հաշվառման մեկ միասնական ֆոնդում: Դրանում նշվում են յուրաքանչյուր տեղամասի երկրաբանական բնութագիրը, լեռնահատկացման տեղադրումը և տարածական սահմանները, կառույցի նպատակը, ընդերքից օգտվելու աշխատանքների փուլը (նախագծում, շինարարություն, շահագործում), ինչպես նաև կառույցի շահագործման նախատեսվող ժամկետները:
Բ Ա Ժ Ի Ն VI
ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 51. | Ընդերքի պահպանության հիմնական պահանջները |
Հայաստանի Հանրապետությունում ընդերքը ենթակա է պահպանության:
1. Ընդերքի պահպանության հիմնական պահանջներն են՝
1) երկրաբանական լիակատար և համալիր ուսումնասիրման հիման վրա ընդերքի կառուցվածքի, դրանում պարփակվող օգտակար հանածոների քանակի, որակի և այլ հատկությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվության ապահովումը.
2) ընդերքօգտագործման տրամադրման սահմանված կարգի պահպանումը և ընդերքի ինքնակամ օգտագործման արգելումը.
3) օգտակար հանածոների պաշարների շարժի հավաստի հաշվառման ապահովումը.
4) օգտակար հանածոների պաշարների լիակատար կորզումը և հիմնական ու համատեղ գտնվող օգտակար հանածոների և դրանց ուղեկցող բաղադրամասերի արդյունավետ օգտագործումը.
5) ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցության բացառումը.
6) օգտակար հանածոների հանքավայրերի մակերեսների ինքնակամ կառուցապատման կանխումը և այլ նպատակների համար այդ մակերեսների օգտագործման սահմանված կարգի պահպանումը.
7) օգտակար հանածոների հանքավայրերի պահպանումը հրդեհումից, հեղեղումից և օգտակար հանածոների որակն ու հանքավայրերի արդյունաբերական արժեքը նվազեցնող կամ դրանց շահագործումը բարդացնող այլ գործոններից.
8) ընդերքի աղտոտման կանխումը նավթի, գազի և մյուս նյութերի ստորերկրյա պահեստավորման, վնասակար նյութերն ու արտադրության թափոնները (այդ թվում՝ ռադիոակտիվ) թաղելու, կեղտաջրերը թափելու ժամանակ:
2. Սույն հոդվածի պահանջների խախտման դեպքում լիազորված մարմինը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, սահմանափակում, դադարեցնում կամ արգելում է ընդերքից օգտվելը:
Հոդված 52. | Օգտակար հանածոների հանքավայրերի և ստորերկրյա կառույցների տեղադրման մակերեսների կառուցապատման պայմանները |
1. Արգելվում է բնակավայրերի, արդյունաբերական և այլ օբյեկտների նախագծումն ու կառուցումը օգտակար հանածոների հանքավայրերի և ստորերկրյա կառույցների տեղադրման մակերեսների սահմաններում։
2. Անհրաժեշտության դեպքերում պահուստային հանքավայրերի մակերեսների կառուցապատման թույլտվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝ լիազորված մարմնի ներկայացմամբ:
Հոդված 53. | Գիտական և գիտամշակութային արժեք ներկայացնող ընդերքի տեղամասերի պահպանությունը |
1. Հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական օբյեկտների ու գիտական և գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող ընդերքի մյուս տեղամասերի կարգավիճակը և պահպանության ռեժիմները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Հազվագյուտ երկրաբանական մերկացումներ և հանքաբանական գոյացումներ, երկնաքարեր, հնէաբանական, հնագիտական, գիտական և գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող այլ օբյեկտներ հայտնաբերելու դեպքում ընդերքից օգտվողները պարտավոր են համապատասխան տեղամասերում աշխատանքները դադարեցնել և այդ մասին հայտնել լիազորված մարմին:
Հոդված 54. | Հասարակական միավորումների ու քաղաքացիների մասնակցությունն ընդերքի պահպանության բնագավառում |
Հասարակական միավորումներն ու քաղաքացիները մասնակցում են ընդերքի պահպանության հետ կապված հարցերի քննարկմանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Պետական մարմիններն ընդերքի պահպանության միջոցառումներ իրականացնելիս պարտավոր են ըստ ամենայնի հաշվի առնել հասարակական միավորումների ու քաղաքացիների առաջարկությունները:
Հոդված 55. | Ընդերքի պահպանության միջոցառումների ֆինանսավորումը |
1. Ընդերքի պահպանության միջոցառումների ֆինանսավորումը կատարվում է ընդերքօգտագործողների միջոցների հաշվին:
2. Առանձին դեպքերում կարևոր նշանակություն ունեցող ընդերքի պահպանության միջոցառումները կարող են իրականացվել պետական ծրագրերով, բյուջեի միջոցների կամ այլ աղբյուրների հաշվին՝ որպես ընդհանուր բնապահպանական ծրագրի մաս:
Բ Ա Ժ Ի Ն VII
ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 56. | Ընդերքի օգտագործման և պահպանության պետական վերահսկողության խնդիրները |
Ընդերքի օգտագործման և պահպանության պետական վերահսկողության խնդիրներն են՝
1) ընդերքօգտագործման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանության ապահովումը.
2) օգտակար հանածոների պաշարների շարժի, հանքավայրերի պետական հաշվառման և հաշվետվությունների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանության ապահովումը.
3) ընդերքի մասին օրենսդրությամբ սահմանված նորմերի, կանոնների ու ստանդարտների պահպանման ապահովումը:
Հոդված 57. | Ընդերքի օգտագործման և պահպանության պետական վերահսկողությունն իրականացնող մարմինները |
Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում պետական վերահսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
Հոդված 58. | Ընդերքի օգտագործման և պահպանության պետական երկրաբանական վերահսկողությունը |
Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքի օգտագործման և պահպանության բոլոր աշխատանքները, անկախ դրանց ֆինանսավորման աղբյուրներից և կատարող անձանց սեփականության ձևերից, ենթակա են պետական երկրաբանական վերահսկողության, որն իրականացնում է լիազորված մարմինը՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
Հոդված 59. | Ընդերքի օգտագործման և պահպանության պետական վերահսկողության իրականացումը |
1. Ընդերքի օգտագործման և պահպանության պետական վերահսկողությունն իրականացնող մարմիններն ստուգում են՝
1) ընդերքի օգտագործման, պահպանության և օգտագործման տրամադրման սահմանված կարգի պահպանումը.
2) երկրաբանական ուսումնասիրության, օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման և այլ նպատակներով ընդերքօգտագործման սահմանված կարգի պահպանումը.
3) ընդերքօգտագործման ընթացքում երկրաբանական և մարկշեյդերական փաստագրության վարման լիարժեքությունը, արդյունահանված և ընդերքում թողնված օգտակար հանածոների պաշարների հաշվառման և ներկայացվող տեղեկատվության հավաստիությունը.
4) աշխատանքների կատարման համապատասխանությունը հաստատված նախագծին.
5) ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքների անվտանգության նորմերի ու կանոնների պահպանումը.
6) ընդերքօգտագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունների առկայությունը և բնապահպանական միջոցառումների կատարումը.
7) ընդերքօգտագործման վճարների կարգի պահպանումը.
8) ընդերքօգտագործողների կողմից պայմանագրով և արտոնագրով նախատեսված այլ պարտավորությունների կատարումը:
2. Ընդերքի օգտագործման և պահպանության պետական վերահսկողությունն իրականացնող մարմիններն իրավունք ունեն՝
1) դադարեցնել ընդերքօգտագործողների աշխատանքները տվյալ տեղամասում, եթե խախտվում են դրա օգտագործման և պահպանության կանոնները, ինչպես նաև աշխատանքների անվտանգ կատարման պայմանները.
2) դադարեցնել ընդերքի ապօրինի օգտագործումը և օգտակար հանածոների հանքավայրերի մակերեսների ինքնակամ կառուցապատումը.
3) կատարման համար պարտադիր ցուցումներ տալ ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքների կանոնների ու նորմերի խախտումների վերացման մասին.
4) ընդերքօգտագործողների նկատմամբ օրենսդրության պահանջների խախտման դեպքում կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:
Բ Ա Ժ Ի Ն VIII
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 60. | Պատասխանատվությունը սույն օրենսգրքի պահանջները խախտելու համար |
Ընդերքի պետական սեփականության իրավունքի, ինչպես նաև ընդերքի տրամադրման և օգտագործման՝ սույն օրենսգրքի պահանջների խախտումներով գործարքներն անվավեր են:
Սույն օրենսգրքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
Հոդված 61. | Վնասների հատուցումը |
1. Ընդերքի տարածքը պետական կամ հասարակական կարիքների համար վերցնելիս (15-րդ հոդված, 1-ին կետ), երբ ընդերքօգտագործման իրավունքը վաղաժամկետ դադարեցվում է, ընդերքօգտագործողին հասցված վնասը (այդ թվում՝ բաց թողնված օգուտը) ենթակա է փոխհատուցման բյուջեի միջոցների հաշվին:
2. Պայմանագրային պարտավորությունների խախտման պատճառով ընդերքօգտագործման իրավունքը սահմանված կարգով վաղաժամկետ դադարեցնելու դեպքում (15-րդ հոդված, 3-5-րդ կետեր) ընդերքօգտագործողի վնասը ենթակա չէ փոխհատուցման:
3. Պետական կառավարման մարմինների գործողությունների հետևանքով ընդերքօգտագործողին հասցված վնասը փոխհատուցվում է պետության կողմից, եթե խախտվել են Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի դրույթները, ընդերքօգտագործողին տրամադրվել է խեղաթյուրված տեղեկատվություն, կամ խախտվել են պայմանագրային պարտավորությունները: Այս դեպքում փոխհատուցման վնասի չափը որոշվում է դատական կարգով:
4. Իրավաբանական անձանց և քաղաքացիների կողմից ընդերքի բնական հատկությունները խախտող, ընդերքից լրիվ կամ մասնակի հետագա օգտվելու հնարավորությունները խոչընդոտող գործողությունների հետևանքով ընդերքօգտագործողին հասցված վնասը ենթակա է փոխհատուցման՝ այդ իրավաբանական անձանց և քաղաքացիների միջոցների հաշվին:
5. Ընդերքօգտագործողի գործողությունների պատճառով պետությանը հասցված վնասը՝ հանքավայրի ընտրովի մշակման, ընդերքօգտագործման ընթացքում խեղաթյուրված տեղեկատվության ներկայացման (այդ թվում՝ արդյունահանված և ընդերքում կորսված պաշարների մասին) հետևանքով, որոնք հանգեցրել են հանքավայրի փչացմանը կամ ընդերքից հետագա օգտվելու հնարավորության լրիվ կամ մասնակի բացառմանը, ենթակա է փոխհատուցման ընդերքօգտագործողի հաշվին. նա պարտավոր է մուծել սահմանված բնավճար (ռոյալթի)՝ պետական հաշվեկշռում գրանցված և պայմանագրով օգտագործման տրամադրված պաշարների ամբողջ քանակի համար:
6. Ընդերքից ինքնակամ օգտվելը և օգտակար հանածոների հանքավայրերի մակերեսները ինքնագլուխ կառուցապատելը դադարեցվում է առանց կատարված ծախսերի հատուցման:
7. Վնասների հատուցման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով:
Բ Ա Ժ Ի Ն IX
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԾԱԳՈՂ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
Հոդված 62. | Վեճերի լուծման կարգը |
Ընդերքօգտագործման ընթացքում ծագած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
Բ Ա Ժ Ի Ն X
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
Հոդված 63. | Միջազգային պայմանագրերը |
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենսգրքով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը:
Բ Ա Ժ Ի Ն XI
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 64. | Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի ուժի մեջ մտնելու կարգը |
1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրքը կիրառվում է ուժի մեջ մտնելուց հետո՝ ընդերքի վերաբերյալ ծագող հարաբերությունների նկատմամբ:
3. Մինչև սույն օրենսգրքից բխող իրավական ակտերի ընդունումը գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած՝ ընդերքին առնչվող իրավական ակտերը:
Հոդված 65. | Անցումային դրույթներ |
1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրքը գործողության մեջ դրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, ընդերքօգտագործողները պարտավոր են վերագրանցել ընդերքօգտագործման իրավունք սահմանող փաստաթղթերը՝ թույլտվությունները, լիցենզիաները և պայմանագրերը՝ համապատասխանեցնելով դրանք սույն օրենսգրքի պահանջներին:
2. Ուժը կորցրած ճանաչել՝
1) 1992 թվականի մարտի 19-ի՝ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրքը.
2) 1992 թվականի փետրվարի 25-ի՝ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի «Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը կիրարկելու մասին» որոշումը:
|
Ռ. Քոչարյան |
|