ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 1993 թ. N 199
Քաղ. Երևան
ՀԱՑԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԻ ԵՎ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հացահատիկի և վառելիքաէներգետիկ ռեսուրսների գների բարձրացման առնչությամբ և արտադրության վնասաբերության կանխման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1993 թվականի մայիսի 1-ից գործողության մեջ մտցնել`
հացի մանրածախ գին` 1 կգ 60 ռուբլի, ալյուրի մանրածախ գին` 1 կգ 50 ռուբլի, ներառյալ 2 տոկոս առևտրական զեղչը, ընդ որում, յուրաքանչյուր 1 կգ հացի կամ 1 կգ ալյուրի իրացումից 20 ռուբլի վճարել բյուջեին.
ներքաղաքային տրանսպորտով (ավտոբուս, տրոլեյբուս, տրամվայ) և մետրոյով ուղևորների փոխադրման համար սակագին` յուրաքանչյուր անձից 10 ռուբլի:
Սահմանել, որ հացի և բնակչությանն իրացման ենթակա ալյուրի բեռնումն ու փոխադրումը մինչև սպառողը կատարվում են մատակարարի միջոցով և նրա հաշվին, իսկ բեռնաթափումը` ստացողի միջոցով և նրա հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, առևտրի նախարարության և Հայկոոպի վարչության հետ համաձայնեցնելով, 1993 թվականի մայիսի 1-ի դրությամբ սահմանել հացի և ալյուրի մնացորդների վերագնահատման կարգը.
բ) հաստատել հացի մանրածախ գնի գնացուցակը և դրանով ապահովել բոլոր սպառող ձեռնարկությունների և կազմակերպություններին:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի դեկտեմբերի 18-ի «Ներքաղաքային տրանսպորտի սակագների փոփոխման մասին» N 630 որոշման 1-ին կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 23-ի «Գների և սակագների փոփոխման մասին» N 16 որոշման 2-րդ կետը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
