ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2023 թվականի N 1461-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը և հանրակրթության պետական չափորոշիչը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 771-Ն և հունիսի 17-ի N 900-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 439-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) NN 1 և 2 հավելվածներում «աշակերտ» բառը բոլոր հոլովաձևերով փոխարինել «սովորող» բառով և հոլովաձևերով.
2) N 1 հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում «հենքային ուսումնական պլան» բառերը փոխարինել «ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածք և ուսումնական պլանի կազմման կանոններ» բառերով:
2. N 2 հավելվածի՝
1) 1-5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Հանրակրթության պետական չափորոշիչը (այսուհետ` չափորոշիչ) սահմանում է միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտին ներկայացվող որակական պահանջները՝ կարողունակությունները (կոմպետենցիաներ), ըստ կրթական աստիճանների՝ ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները, սովորողի ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները, ուսումնական բնագավառները, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջները, ուսումնական պլանի և առարկայացանկերի ձևավորման սկզբունքները, սովորողի գնահատման տեսակները, ձևերը և սանդղակը:
2. Չափորոշչին համապատասխան՝ մշակվում են հանրակրթական հիմնական, լրացուցիչ և այլընտրանքային ծրագրերը, այդ թվում` առարկայական ծրագրերը, ուսումնական պլանները, դասագրքերը և ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութեր:
3. Չափորոշիչը նպատակաուղղված է ներառական, հավասարապես որակյալ և հասանելի կրթության քաղաքականության ապահովմանը:
4. Չափորոշչի նորմերն ու դրույթները պարտադիր են Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական ուսումնական հաստատությունների լիազոր մարմինների, հանրակրթական ծրագրեր մշակողների ու իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ ուսումնական հաստատություններ) համար՝ անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևերից և ենթակայությունից:
5. Չափորոշչի պարտադիր պահանջների օբյեկտիվ իրականացման համար հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններն ապահովում են սովորողի անհատական ուսուցման պլանով սահմանված կրթության առանձնահատուկ պայմանները՝ ներառյալ խելամիտ հարմարեցումները (այդ թվում՝ մատչելի ձևաչափերով մշակած ուսումնական նյութեր, բանավոր և գրավոր հաղորդակցման այլընտրանքային միջոցներ, ուսուցման անհատական տեխնիկական միջոցներ):».
2) 13-րդ կետում «հանրակրթության» բառը փոխարինել «հանրակրթական» բառով, նույն կետի 4-րդ ենթակետում «արժեքային բաղադրիչ» բառերը փոխարինել «արժեք» բառով.
3) 16-րդ կետի 6-րդ ենթակետում «ժամաքանակիուղղ. բաշխումը ըստ դասարանների» բառերը փոխարինել «ըստ դասարանների և թեմաների՝ ժամաքանակի բաշխման նմուշօրինակ» բառերով.
4) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«17. Առարկաների ծրագրերը կազմվում են ըստ իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի ուղղվածության` պահպանելով չափորոշչի պահանջները: Առարկայի ծրագրերի հիման վրա մշակվում են թեմատիկ պլաններ, ստեղծվում են դասագրքեր, ուսուցչի ձեռնարկներ, ուսումնական նյութեր, որոնք հիմք են նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար մշակվող անհատական ուսուցման պլանների համար:».
5) 18-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
6) 7-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«VII. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԻ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
19. Հանրակրթական ծրագրերի ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքը և ուսումնական պլանի կազմման կանոնները ներառում են սովորողի ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը` ըստ կրթական երեք աստիճանների, ուսումնական բնագավառները, դրանց հատկացվող ժամաքանակների տոկոսային համամասնությունը: Այն ընդհանուր է հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների համար` անկախ կազմակերպական-իրավական ձևերից և ենթակայությունից:
20. Հանրակրթական ծրագրերի ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքի և ուսումնական պլանի կազմման կանոնների համաձայն՝ ուսումնական բնագավառներն են`
1) հայոց լեզու և գրականություն.
2) հայրենագիտություն.
3) օտար լեզուներ.
4) ԲՏՃՄ.
5) արվեստ և արհեստ.
6) հասարակություն, հասարակական գիտություններ.
7) ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն:
21. Հանրակրթական ծրագրերի ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքի և ուսումնական պլանի կազմման կանոնների հիման վրա մշակվում են ընդհանուր, մասնագիտացված և հատուկ հանրակրթական պետական և այլընտրանքային ծրագրերի ուսումնական պլանները։
22. Ուսումնական պլանը ներառում է երեք բաղադրիչ՝
1) պետական բաղադրիչ.
2) դպրոցական բաղադրիչ.
3) անհատական (ընտրովի) բաղադրիչ, որը հատկացվում է խմբակներին և նախագծերին՝ սովորողի ընտրությամբ։
23. Պետական բաղադրիչով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանվում են տվյալ դասարանի երաշխավորված պետական պարտադիր առարկայացանկում ընդգրկված առարկաների վերջնարդյունքների ապահովման համար հատկացված անհրաժեշտ նվազագույն ժամաքանակները և երաշխավորված առարկայացանկը:
24. Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է ուսումնական հաստատության կողմից սահմանված առարկաներին, պետական բաղադրիչով սահմանված առարկաներին: Ուսումնական հաստատության կողմից սահմանված առարկաների ծրագրերը երաշխավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից։
Անհատական (ընտրովի) բաղադրիչի ժամերը հատկացվում են ուսումնական խմբակներին և ուսումնական նախագծերին:
25. Հաստատությունը սահմանում է տվյալ դասարանի առարկայացանկը, ուսումնական առարկաներին, ուսումնական նախագծերին ու խմբակներին հատկացված ժամաքանակները՝ պահպանելով սույն հավելվածի 27-րդ, 28-րդ և 30-րդ կետերի պահանջները:
26. 7-12-րդ դասարաններում յուրաքանչյուր սովորող տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից։
27. Հանրակրթական ծրագրի ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի և ուսումնական գործունեության կազմակերպման տեսակների (խմբակ, ուսումնական նախագիծ) իրականացման համար սահմանվում են հետևյալ նորմատիվային ծավալները (դասաժամ)՝
1) տարրական դպրոց` ոչ պակաս, քան 2945, ոչ ավելի, քան 3320.
2) հիմնական (միջին դպրոց)` ոչ պակաս, քան 5385, ոչ ավելի, քան 6220.
3) միջնակարգ (ավագ դպրոց)` ոչ պակաս, քան 2020, ոչ ավելի, քան 4080:
28. Հանրակրթական պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների համար սահմանվում են հետևյալ նորմատիվային ծավալները (դասաժամ)՝
1) տարրական դպրոց` 3320, որից պետական բաղադրիչ՝ 1764, դպրոցական բաղադրիչ՝ 1366, անհատական (ընտրովի) բաղադրիչ՝ 190.
2) հիմնական (միջին դպրոց)` 6220, որից պետական բաղադրիչ՝ 3060, դպրոցական բաղադրիչ՝ 2480, անհատական (ընտրովի) բաղադրիչ՝ 680.
3) միջնակարգ (ավագ դպրոց)` 4080, պետական բաղադրիչ՝ 1632, դպրոցական բաղադրիչ՝ 1836, անհատական (ընտրովի) բաղադրիչ՝ 612:
29. Հանրակրթական պետական ծրագրի ծավալները պետք է համապատասխանեն պետական բաղադրիչի ժամաքանակին: Ուսումնական բնագավառներին հատկացված տարեկան նորմատիվային ժամաքանակները պետք է համապատասխանեն կրթական աստիճանին, սույն չափորոշչի 28-րդ կետով սահմանված ժամաքանակին և տոկոսային արտահայտմամբ կազմեն՝
1) «հայոց լեզու և գրականություն» բնագավառին տարրական դպրոցում՝ 24-28 %, միջին դպրոցում՝ 12-16 %, ավագ դպրոցում՝ 9-20 %.
2) «հայրենագիտություն» բնագավառին տարրական դպրոցում՝ 5 %, միջին դպրոցում՝ 7-8 %, ավագ դպրոցում՝ 7-20 %.
3) «օտար լեզուներ» բնագավառին տարրական դպրոցում՝ 10-15 %, միջին դպրոցում՝ 12-20 %, ավագ դպրոցում՝ 7-20 %.
4) «ԲՏՃՄ» բնագավառին տարրական դպրոցում՝ 20-29 %, միջին դպրոցում՝ 32-38 %, ավագ դպրոցում՝ 12-38 %.
5) «արվեստ և արհեստ» բնագավառին տարրական դպրոցում՝ 7-9 %, միջին դպրոցում՝ 3-6 %, ավագ դպրոցում՝ 3-5 %.
6) «հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառին տարրական դպրոցում՝ 2 %, միջին դպրոցում՝ 3-6 %, ավագ դպրոցում՝ 6-12 %.
7) «ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառին տարրական դպրոցում՝ 7-9 %, միջին դպրոցում՝ 7-9 %, ավագ դպրոցում՝ 7-10 %.
8) ընտրովի բաղադրիչին տարրական դպրոցում՝ 6 %, միջին դպրոցում՝ 8 %, ավագ դպրոցում՝ 15 %։
30. Հանրակրթական հիմնական ծրագրի նորմատիվային ծավալը տվյալ ուսումնական հաստատության ուսումնական պլանում ներկայացվում է շաբաթական կամ տարեկան ժամաքանակներով: Ուսումնական շաբաթների թիվը սահմանվում է 1-ին դասարանի համար` առնվազն 30, 2-4-րդ դասարանների համար` առնվազն 32, մյուս դասարանների համար` առնվազն 34 շաբաթ։ Ըստ դասարանների՝ շաբաթական ծանրաբեռնվածությունը սահմանում է ուսումնական հաստատությունը՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված սանիտարական կանոնները և նորմերը:
31. Պետական ուսումնական հաստատություններում մեկ ակադեմիական դասաժամի նորմատիվային տևողությունը 45 րոպե է։ Հեռավար ուսուցման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, ինչպես նաև տնային կամ հիվանդանոցային պայմաններում անհատական ուսուցման պլանով իրականացվող ուսուցման համար կարող է սահմանվել դասաժամի այլ տևողություն, որը հաստատվում է հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ:
32. Ուսումնական պլանների և ուսումնական պլաններում փոփոխությունների հաստատումը կատարվում է ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան նոր ուսումնական տարվա սկզբից առնվազն երկու ամիս առաջ:»:
7) 33-րդ կետի 4-րդ ենթակետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) «օտար լեզուներ» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 2-րդ դասարանում ներկայացվում է մեկ օտար լեզվով, 3-12-րդ դասարաններում՝ առնվազն երկու օտար լեզվով.».
8) 33-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«10) միջնակարգ կրթության երրորդ աստիճանում պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության ուսումնական պլանում ընդգրկվում են պետական պարտադիր հիմնական և սովորողի կողմից ընտրված նպատակային ծրագրերով ուսումնական առարկաները, պետական ավարտական քննական և «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի ուսումնական առարկաները:»:
9) 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«35. Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում առարկայական հիմնական և նպատակային ծրագրերի իրականացման ժամանակ պարտադիր է «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա» առարկաների և առնվազն մեկ օտար լեզվի ուսուցումը՝ առանձին կամ ինտեգրված առարկաների ձևով:».
10) 9-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«IX. ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
37. Ուսումնառության արդյունքների գնահատումը (այսուհետ` գնահատում) նպատակ ունի որոշելու սովորողի կարողունակության զարգացման աստիճանը՝ ըստ ուսումնական առարկաների չափորոշչով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների և հմտությունների մակարդակի, ինչպես նաև դիրքորոշումների ու արժեքների ձևավորման աստիճանի:
38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում գնահատումն իրականացվում է ուսումնական որևէ փուլի սկզբում (հայտորոշիչ), փուլի ընթացքում՝ ձևավորող և փուլի ավարտին՝ ամփոփիչ եղանակով:
39. Հանրակրթական ուսումնական հաստատությունում կիրառվում են գնահատման հայտորոշիչ, ձևավորող և ամփոփիչ տեսակները՝ համաձայն կրթության կառավարման պետական լիազորված մարմնի հաստատած կարգի:
40. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ, որտեղ յուրաքանչյուր նիշ արտահայտում է սովորողի հաջողության որևէ մակարդակ և անբավարար գնահատական չէ: Այն արձանագրում է սովորողի ձեռքբերումները:
41. Ուսումնական հաստատությունները կարող են կիրառել գնահատման այլ համակարգ, որը համապատասխանեցվում է 10 միավորային սանդղակին:
42. Ձևավորող գնահատման մեթոդներն ու ձևերն ընտրում և հաստատում է հանրակրթական ուսումնական հաստատությունը:
43. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, չափորոշչային պահանջների կատարումը ստուգելու նպատակով, իր կողմից հաստատություններում պետք է կազմակերպի արտաքին գնահատում։
44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ուսումնական որևէ փուլի սկզբում իրականացվում է հայտորոշիչ, փուլի ընթացքում՝ ձևավորող գնահատում: Սովորողի ամփոփիչ գնահատումն իրականացվում է բնութագրման միջոցով: Որպես կիսամյակային ամփոփիչ գնահատական կազմվում է սովորողի առաջադիմության բնութագիր յուրաքանչյուր առարկայից:
45. Միավորային գնահատումը կիրառվում է՝ սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից:
46. Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ համակարգ:
47. Սովորողների ամփոփիչ գնահատականների հիման վրա կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների հիման վրա` տարեկան գնահատականները ձևավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
48. Հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին իրականացվում է պետական ամփոփիչ ատեստավորում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
49. Պետական ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է ուսումնական առարկաների տարեկան գնահատականների, ավարտական քննությունների կամ ստուգարքների և բնութագրման արդյունքներով: Պետական ամփոփիչ ատեստավորման արդյունքները գրանցվում են ավարտական փաստաթղթում:
50. 4-րդ դասարանում իրականացվում է ամփոփիչ գնահատում՝ բնութագրման միջոցով, 9-րդ դասարանում՝ ավարտական քննություններ, 12-րդ դասարանում՝ պետական ավարտական քննություններ: Քննությունների և գիտելիքների ստուգումների ցանկի հաստատումը, կազմակերպման եղանակները և փոփոխություններն իրականացվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:
51. Հիմնական և միջնակարգ դպրոցի ավարտական քննությունների ժամանակ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի որոշմամբ կարող են կիրառվել գնահատման այլ համակարգեր:
52. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումն իրականացվում է նույն սկզբունքներով՝ ապահովելով սովորողի անհատական ուսուցման պլանով նախատեսված խելամիտ հարմարեցումները, մատչելի ձևաչափերն ու անհատական օժանդակ սարքավորումներն ու միջոցները:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
31.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 օգոստոսի 2023 թվական: