«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2006 թվականի N 1391-Ն
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 18-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել փրկարարական կազմավորումների և փրկարարների որակավորման անցկացման կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին` եռամսյա ժամկետում հաստատել փրկարարական կազմավորումների և փրկարարների որակավորման պահանջները և նորմատիվները:
(2-րդ կետը փոփ. 25.12.08 N 1564-Ն, 17.08.23 N 1382-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ Ե Վ Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով և պայմաններով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության փրկարարական կազմավորումների և փրկարարների որակավորման անցկացումը, որակավորման հանձնաժողովի խնդիրներն ու աշխատակարգը, հանձնաժողովի կողմից որակավորման կազմակերպումը և անցկացումը:
2. Փրկարարական կազմավորումների և փրկարարների որակավորման պահանջներն ու նորմատիվները հաստատում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը:
(2-րդ կետը փոփ. 25.12.08 N 1564-Ն, 17.08.23 N 1382-Ն)
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (այսուհետ` լիազոր մարմին) փրկարար ծառայության և այլ փրկարարական կազմավորումներում ընդգրկված քաղաքացիներն ստանում են փրկարարի կարգավիճակ` փրկարարների որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա` լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
(3-րդ կետը խմբ. 03.03.11 N 184-Ն, փոփ. 25.09.14 N 1039-Ն, 17.08.23 N 1382-Ն)
4. Առաջին անգամ որակավորված և փրկարարի կարգավիճակ ստացած փրկարարները տալիս են երդում, որից հետո նրանց տրվում են փրկարարի վկայական, փրկարարի գրքույկ և փրկարարի ժետոն:
5. Փրկարարական կազմավորումները և փրկարարները ենթակա են պարտադիր որակավորման:
6. Փրկարարական կազմավորումների և փրկարարների հերթական որակավորումն անցկացվում է յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ:
7. Փրկարարական կազմավորումների և փրկարարների արտահերթ որակավորումն անցկացվում է հերթական որակավորումից առնվազն մեկ տարի հետո` փրկարարական կազմավորումներ ստեղծած մարմնի, փրկարարին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հիմնավորված որոշման հիման վրա և փրկարարական կազմավորումների ու փրկարարի ցանկությամբ:
8. Որակավորման ենթակա չեն`
ա) նոր որակավորում անցնելուց, նոր որակավորման դաս ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, եթե փրկարարները նման ցանկություն չեն հայտնել.
բ) միջազգային կարգի փրկարարները.
գ) հղի կամ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի, առողջության ժամանակավորապես կորստի կապակցությամբ արձակուրդում գտնվող փրկարարները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:
9. Հղիության կամ երեխայի խնամքի, առողջության ժամանակավորապես կորստի կապակցությամբ արձակուրդում գտնվող փրկարարները ենթակա են որակավորման` արձակուրդից վերադառնալուց հետո` ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նրանք ցանկություն չեն հայտնել ավելի վաղ որակավորվելու համար:
II. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
10. Որակավորման նպատակը փրկարարական կազմավորումների և փրկարարների առջև դրված խնդիրների լուծման պատրաստականության որոշումն է:
Որակավորման ընթացքում պարտադիր ստուգման են ենթակա փրկարարական կազմավորումների և փրկարարների մասնագիտական պատրաստությունը, հանդերձավորումը փրկարարական միջոցներով ու սարքավորումներով և փրկարարական աշխատանքների կատարման պատրաստության աստիճանը:
11. Որակավորման հիմնական խնդիրներն են`
ա) արտակարգ իրավիճակներում փրկարարական և այլ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման համար փրկարարական կազմավորումների և փրկարարների պատրաստվածության աստիճանի ստուգումը.
բ) փրկարարների գիտելիքների, մասնագիտական հմտությունների, հակահրդեհային, առաջին բուժօգնության, ֆիզիկական պատրաստվածության և առողջական վիճակի ստուգումը.
գ) համապատասխան խնդիրների լուծման համար անհրաժեշտ տեխնիկայով, գույքով և հանդերձանքով` որակավորվող կազմավորման և փրկարարի ապահովվածության ստուգումը:
12. Որակավորման ենթակա են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող փրկարարական կազմավորումները, կազմավորումների կազմի մեջ մտնող և անհատ փրկարարները:
III. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
13. «Փրկարար» որակավորման դաս շնորհվում է այն քաղաքացուն, որն ուսուցում է անցել և հանձնել քննություններ` փրկարարների պատրաստման ծրագրով:
14. «3-րդ կարգի փրկարար» որակավորման դաս շնորհվում է 3-րդ կարգի համար վերաորակավորված այն փրկարարին, որն ունի փրկարար աշխատելու 2 տարվանից ոչ պակաս աշխատանքային փորձ:
15. «2-րդ կարգի փրկարար» որակավորման դաս շնորհվում է 2-րդ կարգի համար վերաորակավորված այն փրկարարին, որն ունի 3-րդ կարգի փրկարար աշխատելու 2 տարվանից ոչ պակաս աշխատանքային փորձ:
16. «1-ին կարգի փրկարար» որակավորման դաս շնորհվում է 1-ին կարգի համար վերաորակավորված փրկարարին, որն ունի 2-րդ կարգի փրկարար աշխատելու 2 տարվանից ոչ պակաս աշխատանքային փորձ:
17. «Միջազգային կարգի փրկարար» որակավորման դաս շնորհվում է այն փրկարարին, որն ունի 1-ին կարգի փրկարար աշխատելու 2 տարվանից ոչ պակաս աշխատանքային փորձ և մասնակցել է միջազգային փրկարարական աշխատանքների:
18. Համապատասխան որակավորման դաս կարող է շնորհվել նաև այն անձանց, ովքեր չունեն որակավորման պահանջներով նախատեսված փրկարարի աշխատանքային փորձ, սակայն տիրապետում են փրկարարական գործին հարակից մասնագիտությունների և ունեն բավականաչափ տեսական գիտելիքներ ու գործնական ունակություններ:
19. Փրկարարական կազմավորումներին ներկայացվում են հետևյալ պահանջները`
ա) ունենալ փրկարարական աշխատանքներ կատարելու համար նախատեսված համապատասխան փրկարարական գույք, տեխնիկա, սարքավորումներ, հանդերձանք և կապի միջոցներ.
բ) համալրված լինել մասնագիտացված փրկարարներով:
IV. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
20. Որակավորող հանձնաժողովը կազմավորում է լիազոր մարմնի ղեկավարը` ելնելով փրկարարական որակավորման առանձնահատկություններից:
21. Որակավորումն անցկացվում է փրկարարական կազմավորումների ղեկավարների ներկայացրած նյութերի հիման վրա` որակավորումից առնվազն 2 շաբաթ առաջ։ Փրկարարական կազմավորումների, փրկարարի անմիջական ղեկավարը ներկայացնում է որակավորվող փրկարարի ծառայողական բնութագիրը, փրկարարական աշխատանքների մասնակցության ցուցակ, մասնագիտական պատրաստության դասընթացի մասնակցությունը հավաստող փաստաթուղթ, տեղեկանք առողջության մասին:
Անհատ փրկարարն իր փաստաթղթերը (մասնագիտական պատրաստությունը հավաստող փաստաթուղթ, տեղեկանք առողջության մասին) ներկայացնում է որակավորող հանձնաժողով` անձամբ:
22. Որակավորող հանձնաժողովը, քննարկելով որակավորվող փրկարարների փաստաթղթերը, ընդունում է որոշում նշված փրկարարական դասին ներկայացված փրկարարի համապատասխանության մասին:
23. Առաջին անգամ որակավորվող կազմավորումների և «Փրկարար» որակավորման դասի համար որակավորվող փրկարարների համար փրկարարական աշխատանքների մասնակցության ցուցակ և ծառայողական բնութագրեր չեն պահանջվում:
24. Որակավորման անցկացման ժամանակը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
(24-րդ կետը փոփ. 03.03.11 N 184-Ն)
25. Որակավորվողները, նախքան որակավորումը, որակավորող հանձնաժողովի կողմից լիազորված մասնագետներին հանձնում են քննություններ (ընդհանուր ֆիզիկական պատրաստության նորմատիվներից, առաջին բուժօգնության, փրկարարական աշխատանքների հիմունքներից, հակահրդեհային պատրաստության հիմունքներից, ջրափրկարարական աշխատանքների հիմունքներից (տեսական և գործնական)` համաձայն լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատված փրկարարական կարգերին և կազմավորումներին ներկայացվող որակավորման պահանջների և նորմատիվների:
(25-րդ կետը փոփ. 03.03.11 N 184-Ն)
26. Որակավորող հանձնաժողովը յուրաքանչյուր փրկարարի հետ անցկացնում է հարցազրույց` համապատասխան փրկարարական դասին ներկայացվող պահանջների նրա իմացությունը և գործնական կարողություններն ստուգելու համար: Հարցազրույցի ժամանակ հաշվի են առնվում ծառայողական բնութագիրը, աշխատանքային փորձը, փրկարարական տվյալ դասին ներկայացվող պահանջներից և նորմատիվներից հանձնվող քննությունների արդյունքները:
27. Որակավորող հանձնաժողովը որակավորման օրվանից հետո մեկշաբաթյա ժամկետում որակավորման արդյունքներն ու ընդունված որոշումները ներկայացնում է որակավորող փրկարարական կազմավորման վերադաս մարմին կամ փրկարարին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, որն ընդունում է համապատասխան որոշում` հիմք ընդունելով որակավորող հանձնաժողովի որոշումները։ Որակավորող հանձնաժողովն անհատ փրկարարների որակավորման արդյունքներն ու նրանց մասին ընդունված որոշումները մեկշաբաթյա ժամկետում հանձնում է անհատ փրկարարներին:
28. Որակավորող հանձնաժողովը որակավորման արդյունքում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
ա) փրկարարի նկատմամբ`
«Նրան շնորհել որակավորման դաս»,
«Հաստատել նրան տրված որակավորման դասը»,
«Բարձրացնել նրա որակավորման դասը»,
«Հետաձգել նրա որակավորումը և առաջարկել` փրկարարին գործուղել վերապատրաստման»,
«Չի համապատասխանում տրված որակավորման դասին».
բ) փրկարարական կազմավորման նկատմամբ`
«Թույլատրել կատարել փրկարարական աշխատանքներ»,
«Արգելել կատարել փրկարարական աշխատանքներ»,
«Հետաձգել որակավորումը և առաջարկել վերապատրաստվել»:
Որակավորող հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել որակավորող հանձնաժողովի անդամների երկու երրորդը:
29. Փրկարարական կազմավորումների և փրկարարների որակավորման, ինչպես նաև փրկարարի գրքույկի, ժետոնի պատրաստման և այլ ծախսերը կատարվում են փրկարարական կազմավորումների և փրկարարների կամ նրանց վերադաս մարմինների ու կազմակերպությունների միջոցների հաշվին:
(հավելվածը փոփ. 25.12.08 N 1564-Ն, խմբ., փոփ. 03.03.11 N 184-Ն, փոփ. 25.09.14 N 1039-Ն, 17.08.23 N 1382-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |