ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի մարտի 20-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 63.2-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «պահանջները» բառից հետո լրացնել «կամ պայմանները» բառերով.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Առանց ջրօգտագործման թույլտվության մակերևութային ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.
«1.1. Լուծարված հորատանցքերը վերաբացելը կամ առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելը կամ առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման նպատակով հորատանցք հորատելը կամ առանց ջրօգտագործման թույլտվության կոնսերվացված հորատանցքերը վերաբացելը, եթե դա էական վնաս չի պատճառել (պատճառված նյութական վնասը չի գերազանցում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը)՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հազարհինգհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից մինչև երեքհազարապատիկի չափով:
1.2. Ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող տարածքներում լուծարված հորատանցքերի վերաբացումը, իսկ առանց ջրօգտագործման թույլտվության նաև ջրօգտագործման նպատակով հորատանցքերի հորատումը կամ առանց ջրօգտագործման թույլտվության կոնսերվացված հորատանցքերի վերաբացումը տարածքի սեփականատեր հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հազարհինգհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից մինչև երեքհազարապատիկի չափով:».
4) 2-րդ մասը «պահանջները» բառից հետո լրացնել «կամ պայմանները» բառերով.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Արտեզյան (ճնշումային) ջրերից ջրօգտագործման դեպքում ջրօգտագործման թույլտվության պահանջները կամ պայմանները չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հազարհինգհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 88-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 88. | Կենդանական, այդ թվում` ձկան պաշարների պահպանության, որսի և ձկնորսության, ինչպես նաև կենդանական աշխարհից օգտվելու մյուս կանոնները խախտելը |
1. Կենդանական, այդ թվում` ձկան պաշարների պահպանության, որսի և ձկնորսության, ինչպես նաև կենդանական աշխարհից օգտվելու մյուս կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրքառասնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն հանդիսացող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու գործիք համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը, որը կատարվել է սիգ ձկնատեսակի նկատմամբ՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով՝ խախտողի անձնական սեփականություն հանդիսացող որսագործիքների, ձկնորսական ցանցերի, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու գործիք համարվող մյուս առարկաների կամ որսված սիգի, ինչպես նաև դրա արգասիքների բռնագրավմամբ:
3. Սևանա լճում ձկնորսության նպատակով օգտագործվող լողամիջոցներով արդյունագործական որսի համար ստեղծված կամ նախատեսված մուտքի և ելքի տեղամասերից դուրս տարածքներից մուտք և ելք իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը որսի թույլտվության ժամանակահատվածում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։»:
Հոդված 3. Օրենսգրքի 89-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ մասերով.
«2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը, որը կատարվել է սիգ ձկնատեսակի կամ սիգ ձկնատեսակի ձկնկիթի նկատմամբ՝ մանր չափի գույքային վնաս պատճառելով՝
1) առանց համապատասխան թույլտվության կամ
2) դրա որսի կամ արդյունահանման համար արգելված ժամանակ կամ
3) արգելված վայրում կամ
4) արգելված գործիքներով, միջոցներով կամ եղանակներով՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով՝ խախտողի անձնական սեփականություն հանդիսացող որսագործիքների, ձկնորսական ցանցերի, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու գործիք համարվող մյուս առարկաների, ապօրինի որսված կամ ապօրինի արդյունահանված սիգի կամ սիգի ձկնկիթի բռնագրավմամբ:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի իմաստով՝ մանր չափ է համարվում մինչև 150 000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը)։»։
Հոդված 4. Օրենսգրքի 162-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը, որը կատարվել է սիգ ձկնատեսակի կամ սիգ ձկնատեսակի ձկնկիթի նկատմամբ՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով՝ առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով՝ առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների կամ կենդանիների կամ դրանց արգասիքների բռնագրավմամբ կամ առանց դրա:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. ապրիլի 8 Երևան ՀՕ-130-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 ապրիլի 2024 թվական: