ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
27 մարտի 2025թ. ք. Երևան |
N 17-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՏՈՐԴՆԵՐԻ, ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ, ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ, ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ ԵՎ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՈՒՂԵԿՑՈՂ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱՍՈՍՆՁՎՈՂ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՏՊԱԳՐՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Սահմանել դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, այցելուների, միջազգային դիտորդներին և այցելուներին ուղեկցող թարգմանիչների և վստահված անձանց կողմից քվեաթերթիկների և ինքնասոսնձվող դրոշմանիշերի տպագրման, փոխադրման, պահպանման և հաշվարկման գործընթացներին հետևելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Վ. Հովակիմյան |
Հավելված Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2025թ. մարտի 27-ի N 17-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԴԻՏՈՐԴՆԵՐԻ, ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ, ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ ԵՎ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՈՒՂԵԿՑՈՂ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԻ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱՍՈՍՆՁՎՈՂ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՏՊԱԳՐՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, այցելուների, միջազգային դիտորդներին և այցելուներին ուղեկցող թարգմանիչների և վստահված անձանց կողմից քվեաթերթիկների և ինքնասոսնձվող դրոշմանիշերի տպագրման, փոխադրման, պահպանման և հաշվարկման գործընթացներին հետևելու հետ կապված հարաբերությունները:
2. Դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, այցելուները, միջազգային դիտորդներին և այցելուներին ուղեկցող թարգմանիչները և վստահված անձինք իրավունք ունեն տպագրության ողջ ընթացքում տպարանում հետևելու քվեաթերթիկների և ինքնասոսնձվող դրոշմանիշերի տպագրմանը, ինչպես նաև հետևելու քվեաթերթիկների և ինքնասոսնձվող դրոշմանիշերի փոխադրման, պահպանման և հաշվարկման գործընթացներին:
3. Տպագրության ընթացքում տպարանում միաժամանակ կարող է ներկա գտնվել մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի յուրաքանչյուր թեկնածուի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի մեկ վստահված անձ, իսկ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի մինչև երկու վստահված անձ:
Տպագրության ընթացքում տպարանում միաժամանակ կարող է ներկա գտնվել յուրաքանչյուր զանգվածային լրատվության միջոցը ներկայացնող մեկ լրագրող և մեկ լուսանկարիչ կամ տեսաձայնագրման մեկ օպերատոր, յուրաքանչյուր միջազգային կազմակերպությունից մինչև երկու դիտորդ` թարգմանչի ուղեկցությամբ, իսկ տեղական դիտորդների դեպքում` յուրաքանչյուր կազմակերպությունից, այդ թվում՝ համատեղ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններից միասնական՝ երկու դիտորդ:
4. Դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, այցելուները, միջազգային դիտորդներին և այցելուներին ուղեկցող թարգմանիչները և վստահված անձինք կարող են իրենց միջոցներով ուղեկցել քվեաթերթիկները և ինքնասոսնձվող դրոշմանիշերը տպագրատնից ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, ինչպես նաև քվեարկության նախորդ օրը` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղամասային ընտրական հանձնաժողով, իսկ տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո` ընտրական փաստաթղթերը տեղամասային ընտրական հանձնաժողովից ընտրատարածքային ընտրական հանձնաժողով տեղափոխող մեքենան:
5. Դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, այցելուները, միջազգային դիտորդներին և այցելուներին ուղեկցող թարգմանիչները և վստահված անձինք կարող են քվեարկության նախորդ օրը հետևել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում քվեաթերթիկները և ինքնասոսնձվող դրոշմանիշերը տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացնելու գործընթացին:
6. Դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, այցելուները, միջազգային դիտորդներին և այցելուներին ուղեկցող թարգմանիչները և վստահված անձինք քվեարկությանը նախորդող և քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովում, չմիջամտելով հանձնաժողովի աշխատանքներին, կարող են հետևել քվեաթերթիկների և ինքնասոսնձվող դրոշմանիշերի հաշվարկման և պահպանման գործընթացներին:
7. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության արդյունքների ամփոփման, իսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթացը կազմակերպում են այնպես, որ դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, այցելուները, միջազգային դիտորդներին և այցելուներին ուղեկցող թարգմանիչներն ու վստահված անձինք հնարավորություն ունենան հետևելու քվեաթերթիկների վավերականության որոշման, քվեաթերթիկների տեսակավորման, քվեաթերթիկների և ինքնասոսնձվող դրոշմանիշերի հաշվարկման գործընթացներին:
8. Դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, այցելուները, միջազգային դիտորդներին և այցելուներին ուղեկցող թարգմանիչները և վստահված անձինք քվեաթերթիկների և ինքնասոսնձվող դրոշմանիշերի տպագրման, փոխադրման, պահպանման և հաշվարկման գործընթացներին հետևելու համար պարտավոր են պարտադիր կարգով տեսանելի ձևով կրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրված՝ սահմանված նմուշի վկայականը։
9. Ընտրական հանձնաժողովներում քվեաթերթիկների և ինքնասոսնձվող դրոշմանիշերի փոխադրման, պահպանման և հաշվարկման գործընթացներին հետևելու ընթացքում դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, այցելուների, միջազգային դիտորդներին և այցելուներին ուղեկցող թարգմանիչների ու վստահված անձանց համար գործում են ընտրական հանձնաժողովների նիստերին «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով ներկա գտնվելու կանոնակարգումները:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2025 թվական:
