ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2023 թվականի N 2102-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ, 12-րդ, 18-րդ և 22-րդ կետերի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության անունից կնքված գործարքներով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը, սահմանել պետական գույքի գրավադրման պայմաններն ու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ պետական գույքի մասնավորեցման, օտարման և օգտագործման տրամադրման պայմանագրերում ամրագրվում են միայն այն պարտավորությունները, որոնք սահմանվել են պետական գույքի մասնավորեցման, օտարման, օգտագործման տրամադրման գործարքների մասին համապատասխան իրավական ակտերով (Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահի հրամաններ) կամ առաջարկվել են մրցութային եղանակով (պետական գույքի մասնավորեցման կամ օտարման կամ օգտագործման տրամադրման դեպքերում) մրցույթի հաղթող ճանաչված մասնակից գնորդի, վարձակալի կամ փոխառուի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լինելու դեպքում:
3. Պետական գույքի մասնավորեցման, օտարման և օգտագործման տրամադրման պայմանագրերում սահմանված պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է կոմիտեի կողմից պայմանագրով սահմանված ժամկետներում և սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն գնորդի կողմից ներկայացված հաշվետվությունների և պարտավորությունների կատարումը հաստատող փաստաթղթերի հիման վրա՝ կատարվող ուսումնասիրությունների և տեղազննումների միջոցով։
4. Սահմանել, որ շինարարության ոլորտում գույքի ներգրավմամբ ներդրումային ծրագրի իրականացման դեպքում ծրագրով նախատեսված ներդրումների կառուցվածքի արժեքային համամասնությունների մինչև 10 տոկոսի փոփոխությունները համարվում են ընդունելի, եթե գնորդը սահմանված ժամկետում կատարել է ներդրումների գծով ստանձնած պարտավորությունները և ներկայացրել է ավարտական ակտի և իրավունքի գրանցման վկայականի պատճեններ։
5. Կոմիտեի նախագահին՝
1) պետական գույքի մասնավորեցման, օտարման և օգտագործման տրամադրման մասին իրավական ակտերում ներառել դրույթներ՝ ըստ ներդրումային ծրագրի ներդրումների ընդհանուր ծավալի և կատարման միջանկյալ ու ավարտական ժամկետներում իրականացվող ներդրումների չափի, ներդրումների կատարման սկզբի և ներդրումների ամբողջական կատարման պայմանների մասին, ինչպես նաև չկատարման դեպքում՝ կիրառվող տուգանքների չափի, մասնավորեցվող և օտարվող գույքի դեպքում՝ գրավադրման ենթակա լինելու կամ չլինելու վերաբերյալ.
2) պետական գույքի մասնավորեցման, օտարման և օգտագործման տրամադրման պայմանագրերում սահմանել, որ գնորդը, վարձակալը և փոխառուն առանց կոմիտեի գրավոր համաձայնության չի կարող երրորդ անձի վաճառել կամ օգտագործմանը հանձնել պարտավորություններով ծանրաբեռնված գույքը։ Ընդ որում, երրորդ անձին տվյալ գույքի վաճառքի կամ օգտագործման հանձնելու դեպքում կողմերի միջև կնքվում է եռակողմ համաձայնագիր, պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման մասին.
3) պետական գույքի մասնավորեցման, օտարման և օգտագործման տրամադրման պայմանագրերում ամրագրված պարտավորությունների առանձնահատկություններից և անհրաժեշտությունից ելնելով, ոլորտային մասնագետների ներգրավմամբ ստեղծել համապատասխան հանձնաժողով՝ պայմանագրերով ստանձնված պարտավորությունների ամբողջական կատարումն ընդունելու և գրավադրումից հանելու աշխատանքները կատարելու համար.
4) գրավի պայմանագրում նախատեսել, որ գրավ դրված գույքը կոմիտեի կողմից վաճառքի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանում է իր ուժը և նոր սեփականատերն իրավահաջորդության կարգով ստանձնելու է գործարքի արդյունքում գնորդին վերապահված ամբողջ պարտավորությունները.
5) յուրաքանչյուր հաշվետու տարվա մինչև դեկտեմբերի 25-ը ներդրումների կատարումն հավաստող փաստաթղթերի հիման վրա հաշվառել տվյալ հաշվետու տարվա ընթացքում փաստացի կատարված ներդրումների ծավալը՝ ըստ իրականացված գործարքների տեսակների։ Ընդ որում, ներդրումների ծավալում հաշվարկել նաև գնորդի կողմից մասնավորեցված և օտարված օբյեկտների ձեռքբերման ուղղությամբ ներդրված միջոցները (վաճառքի գները)։
6. Սույն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 12-րդ, 14-19-րդ կետերի պահանջները տարածվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված և դեռևս չավարտված պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) և օգտագործման պայմանագրերում պարտավորությունների ամրագրման և դրանց կատարման վերահսկման, ինչպես նաև գրավադրման գործընթացի վրա։
7. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում որոշման 6-րդ կետի հիմքով փոփոխություններ կատարել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված և դեռևս չավարտված պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) և օգտագործման պայմանագրերում։
8. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի «Պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագրերում պարտավորությունների ամրագրման և դրանց կատարման վերահսկման գործընթացը կանոնակարգելու, ինչպես նաև գրավադրման պայմանները սահմանելու մասին» N 1955-Ն որոշումը, բացառությամբ որոշման 1-ին կետի, որն իր ուժը պահպանում է մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը։
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
01.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականինոյեմբերի 30-ի N 2102-Ն որոշման |
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով կանոնակարգվում են պետական գույքի մասնավորեցման, օտարման, անհատույց օգտագործման և վարձակալությամբ տրամադրված պայմանագրերով (այսուհետ՝ պայմանագրեր) ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով՝ պայմանագրերում պահանջվող փաստաթղթերի հիման վրա պարտավորություններն ամրագրելու, դրանց կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու, նաև գրավադրումը գրանցելու և գրավադրումից հանելու հարաբերությունները։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե) պայմանագրերը համապատասխան կողմերի հետ կնքում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին և պայմաններին համապատասխան:
3. Մասնավորեցման և օտարման պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով պայմանագրում գույքի գրավադրման վերաբերյալ համապատասխան դրույթի համաձայն մասնավորեցված և օտարված գույքը պարտադիր ենթակա է գրավադրման հետևյալ պահանջներին համապատասխան՝
1) պայմանագրային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով մասնավորեցման և օտարման պայմանագրի առարկան համարվում է գրավադրված, եթե պետական գույքը վաճառվում է գնահատված շուկայական արժեքի կամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 75 տոկոսից ցածր գնով.
2) տարաժամկետ վճարման պայմանով պետական գույքի մասնավորեցման և օտարման պայմանագրի առարկան համարվում է պարտադիր գրավադրված.
3) պետական գույքի մասնավորեցման և օտարման պայմանագրերի առարկան չի համարվում գրավադրված, եթե որոշակի պարտավորությունների դիմաց պետական գույքը վաճառվել է գնահատված շուկայական արժեքի կամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 75 տոկոս և ավելի գնով.
4) պայմանագրի պարտավորություններով ծանրաբեռնված մասնավորեցման և օտարման մասին իրավական ակտով կամ ներդրումային ծրագրով քանդման ենթակա համապատասխան անշարժ գույքի դեպքում գնորդը պարտավոր է ներկայացնել բանկային երաշխիք քանդման ենթակա գույքի գնահատված շուկայական արժեքի կամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի չափով կամ գրավի առարկա դարձնել սեփականության իրավունքով իրեն պատկանող համարժեք այլ գույք, ինչպես նաև 3-րդ անձին պատկանող համարժեք գույք, վերջինիս համաձայնությամբ.
5) պետական գույքը գնահատված շուկայական արժեքի կամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 75 տոկոսից ցածր գնով մասնավորեցվելու և օտարվելու դեպքում՝ պայմանագրային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով պետական գույքի մասնավորեցման և օտարման պայմանագրերի առարկան չի համարվում գրավադրված, եթե գնորդը կոմիտե է ներկայացնում պետական գույքի գնահատված շուկայական արժեքի կամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 75 տոկոսի և վաճառքի գնի տարբերության արժեքի չափով բանկային երաշխիք.
6) ներդրումային պարտավորությունների դիմաց պետական գույքի հետ ոչ պետական գույքային փոխանակության դեպքում՝ փոխանակության պայմանագրի առարկան չի համարվում գրավադրված, եթե գնորդը կոմիտե է ներկայացնում փոխանակության ենթակա պետական գույքի գնահատված շուկայական արժեքի կամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով բանկային երաշխիք։
4. Ընկերության պետական սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) մասնավորեցման պայմանագրի կնքումից հետո, մինչև գնորդի կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունների սահմանված կարգի համաձայն կատարման ավարտն ընկերությունն իր ակտիվների հաշվեկշռային արժեքի 25 և ավելի տոկոսի չափով իրականացվող օտարման գործարքների դեպքում՝ պարտավոր է դրա մասին տեղեկացնել պայմանագրի կողմ հանդիսացող կողմին և ստանալ գրավոր համաձայնություն։
5. Մասնավորեցված կամ օտարված գույքը գրավադրման ենթակա լինելու դեպքում գույքի նկատմամբ իրավունքների սահմանափակում գրանցելու համար դիմում է ներկայացվում Կադաստրի կոմիտե «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով:
6. Սույն կարգի համաձայն գնորդի, վարձակալի և փոխառուի կողմից իրականացվող ներդրումներ են համարվում՝
1) ներդրումային ծրագրին համապատասխան նոր շինարարության, գործող ձեռնարկությունների և անշարժ գույքի օբյեկտների ընդլայնումը, ինչպես նաև վերանորոգումը.
2) սարքավորումների ձեռքբերումը.
3) օտարվող, այդ թվում՝ նաև գույքի ներդրումների դիմաց ընթացակարգով կամ օգտագործման իրավունքով տրամադրվող գույքի ներդրումային ծրագրով նախատեսված գործունեությունն ապահովելու նպատակով ենթակառուցվածքների կառուցումը (գազ, ջուր, էլեկտրաէներգիայի մատակարարման գծերի, ճանապարհի կառուցում, որոնք կարող են գտնվել նաև տվյալ տարածքից դուրս)։
7. Գնորդը, վարձակալը և փոխառուն պարտավոր են պայմանագրային պարտավորությունների շրջանակներում՝ ըստ սահմանված ժամկետների, կոմիտե ներկայացնել վճարումների, ներդրումների, սոցիալական երաշխիքների, ինչպես նաև գործունեության ուղղվածության (պրոֆիլի) պահպանության պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունները՝ կցելով հաստատող փաստաթղթերը։
8. Պայմանագրային պարտավորությունների վերաբերյալ գնորդը, վարձակալը և փոխառուն ներկայացնում են հաշվետվություններ, որոնցում պարտադիր պետք է ներառված լինի հետևյալ տեղեկատվությունը՝
1) եթե գնորդը, վարձակալը և փոխառուն իրավաբանական անձ է, ապա ներդրումների իրականացման դեպքում՝ համապատասխան կատարված ներդրումների ծավալի, կառուցվածքի և համամասնությունների ու անշարժ գույքի անբաժանելի բարելավումների մասին տեղեկատվություն՝ կցելով դրանց կատարումը հաստատող, ինչպես նաև կազմակերպության հաշվապահական հաշվառ ման մեջ ներդրումների արտացոլումը հաստատող փաստաթղթերի և շինարարական աշխատանքների՝ ըստ փուլերի կամ ամբողջական ծավալով կատարելու վերաբերյալ տեղեկատվությունը (որը կարող է ներառել կապալի պայմանագրի պատճեն): Անհրաժեշտ է օտարման և մասնավորեցման դեպքում ներկայացնել նաև ըստ ներդրումային ծրագրի ձեռք բերվող և տեղակայվող սարքավորումների և այլ շարժական գույքի ցանկը և արժեքները, ինչպես նաև սոցիալական երաշխիքների և պարտավորությունների կատարումը (աշխատատեղերի պահպանում, նոր աշխատատեղերի ստեղծում և աշխատավարձի պահպանում և տրամադրում) հաստատող փաստաթղթերի պատճենները.
2) գնորդը, վարձակալը և փոխառուն, եթե ֆիզիկական անձ է անկախ ընդհանուր ներդրումների և անշարժ գույքի անբաժանելի բարելավումների արժեքից, եթե իրավաբանական անձ է 100 մլն դրամ և ավելի ներդրումներ (այդ թվում՝ անբաժանելի բարելավումների) իրականացնելու դեպքում պայմանագրով նախատեսված միջանկյալ և ավարտական փուլի համար ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ պարտավոր է ներկայացնել նաև անկախ գնահատողի կողմից իրականացված գնահատման հաշվետվությունը.
3) շինարարության ոլորտում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներդրումային ծրագրով նախատեսված պարտավորությունների վերաբերյալ հաշվետվությանը պարտադիր կցվում են նաև շենքի քանդման դեպքում՝ շենքի քանդման թույլտվության պատճենը, կառուցման և վերակառուցման դեպքում՝ շինարարության իրականացման թույլտվության պատճենը, շինարարության ավարտը փաստագրող ավարտական ակտի պատճենը, ինչպես նաև Կադաստրի կոմիտեի կողմից տրված՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը։
9. Մասնավորեցման և օտարման մասին համապատասխան իրավական ակտերով, անհրաժեշտության դեպքում, ներդրումային պարտավորությունների կատարման ժամկետի սկիզբ կարող է սահմանվել տեղական ինքնակառավարման համապատասխան լիազորված մարմնի կողմից շինարարության իրականացման թույլտվություն տալու ժամկետը։
10. Պետական գույքի գնորդը, վարձակալը և փոխառուն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ժամկետը լրանալուց հետո պարտավոր է 15 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտե ներկայացնել սույն կարգի 8-րդ կետով սահմանված տեղեկությունները՝ կցելով կատարումը հաստատող փաստաթղթերը, գնահատման հաշվետվությունը, ինչպես նաև կոմիտեի պահանջով ներկայացնել պարտավորությունների կատարումը հիմնավորող փաստաթղթերի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ և տեղեկություններ։ Ընդ որում, պարտավորությունների վաղաժամկետ կատարման դեպքում կարող է հաշվետվությունը ներկայացնել սույն կարգով սահմանված ժամկետից շուտ։
11. Կոմիտեն սույն կարգի 10-րդ կետով սահմանված տեղեկություններն ստանալուց հետո պարտավոր է մինչև 30 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնել ուսումնասիրություններ և տեղազննումներ ու կայացնել որոշում պարտավորությունների կատարումն ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ։
12. Կոմիտեն իրավունք ունի մինչև պայմանագրային պարտավորությունների ամբողջական կատարման ավարտը ցանկացած ժամանակ պայմանագրի առարկա հանդիսացող տարածքում իրականացնել ուսումնասիրություններ, ինչպես նաև կատարել մշտադիտարկման աշխատանքներ (չխոչընդոտելով ներդրումային ծրագրով իրականացվող աշխատանքները)։
13. Գնորդի, վարձակալի և փոխառուի կողմից պայմանագրով նախատեսված պարտավորությունը՝
1) սահմանված ժամկետում պայմանագրով նախատեսված ներդրումը չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում գնորդը, վարձակալը և փոխառուն 6 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 15 (տասնհինգ) տոկոսի չափով՝ եթե ներդրումների ծավալը չի գերազանցում 300 մլն դրամը, եթե գերազանցում է 300 մլն դրամը՝ 10 (տասը) տոկոսի չափով.
2) սահմանված ժամկետում պայմանագրով նախատեսված ներդրումը 50 կամ ավելի տոկոսով կատարելու, բայց ամբողջությամբ չկատարելու դեպքում գնորդը, վարձակալը և փոխառուն 4 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 10 (տասը) տոկոսի չափով՝ եթե ներդրումների ծավալը չի գերազանցում 300 մլն դրամը, եթե գերազանցում է 300 մլն դրամը՝ 5 (հինգ) տոկոսի չափով:
14. Պարտավորություններից որևէ մեկը տուգանքով հաշվարկված ժամկետում չկատարելու դեպքում կոմիտեն օրենքով սահմանված կարգով դիմում է դատարան՝ գնորդին, վարձակալին և փոխառուին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ բռնագանձում կիրառելու կամ պայմանագիրը լուծելու, ինչպես նաև պայմանագրային պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պահանջով։
15. Պետական գույքի մասնավորեցման և օտարման պայմանագրերի առարկայի նկատմամբ բռնագանձում կիրառելու, ինչպես նաև օգտագործման տրամադրման պայմանագրերը լուծվելու դեպքում վճարված և գնորդի, վարձակալի, փոխառուի ներդրված գումարներն ենթակա չեն վերադարձման։
16. Կոմիտեն պայմանագրային պարտավորություններով նախատեսված յուրաքանչյուր պարտավորության կատարման վերաբերյալ տեղում ուսումնասիրության և տեղազննության արդյունքներն ամփոփելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գրությամբ տեղեկացնում է պայմանագրի կողմին՝ պարտավորությունները կատարելու կամ ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ։
17. Կոմիտեն պարտավորությունների կատարումն ընդունելու և գրավադրումից հանելու համար հիմք ընդունելով գնորդի կողմից ներկայացված ներդրումային պարտավորությունների կատարման վերաբերյալ անկախ գնահատողի գնահատման հաշվետվությունը և/կամ ներդրումային պարտավորությունների կատարումը հաստատող փաստաթղթերը, պարտադիր իրականացնում է տեղազննություն, որի վերաբերյալ կազմվում է արձանագրություն՝ անհրաժեշտության դեպքում կցելով նաև գնորդի գրավոր կարծիքը։
18. Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվում է հանձնաժողով 300 մլն դրամ և ավելի ներդրումային ծրագրերի իրականացման դեպքում պայմանագրային պարտավորությունների կատարումն ընդունելու համար։
19. Կոմիտեն սույն կարգի համաձայն պայմանագրային պարտավորությունների կատարումն ընդունելուց հետո՝ 15-օրյա ժամկետում գրավոր դիմում է համապատասխան իրավասու մարմնին գրավադրումից հանելու համար, որից հետո՝ 5-օրյա ժամկետում այդ մասին տեղեկացնում պայմանագրի կողմին։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
01.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 դեկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.10.2024, N 1568-Ն | 05.10.2024, N 2102-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|