ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2018 թվականի |
թիվ 215 |
քաղ. Մոսկվա |
ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 7-րդ և 44-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ստեղծել խորհրդատվական կոմիտե՝ մրցակցային քաղաքականության, հակամենաշնորհային կարգավորման և գների պետական կարգավորման հարցերով:
2. Հաստատել կից ներկայացվող՝ «Մրցակցային քաղաքականության, հակամենաշնորհային կարգավորման և գների պետական կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթը։
3. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 15-օրյա ժամկետում Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել թեկնածություններ՝ Մրցակցային քաղաքականության, հակամենաշնորհային կարգավորման և գների պետական կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկելու համար։
4. Ուժը կորցրած ճանաչել՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հուլիսի 5-ի «Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման, գնային կարգավորման և պետական (մունիցիպալ) գնումների հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» թիվ 200 որոշումը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի մարտի 12-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հուլիսի 5-ի թիվ 200 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 40 որոշումը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունիսի 20-ի ««Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման, գնային կարգավորման և պետական (մունիցիպալ) գնումների հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ» թիվ 67 որոշումը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 14-ի «Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման, գնային կարգավորման և պետական (մունիցիպալ) գնումների հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմի մասին» թիվ 161 կարգադրության 1-ին կետը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 10-ի ««Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման, գնային կարգավորման և պետական (մունիցիպալ) գնումների հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 84 կարգադրությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 215 որոշմամբ |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Մրցակցային քաղաքականության, հակամենաշնորհային կարգավորման և գների պետական կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին
I. Ընդհանուր դրույթներ
1. Մրցակցային քաղաքականության, հակամենաշնորհային կարգավորման և գների պետական կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ստեղծվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային (այսուհետ համապատասխանաբար՝ Հանձնաժողով, Կոլեգիա) առընթեր՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 7-րդ և 44-րդ կետերին համապատասխան:
Կոմիտեն Հանձնաժողովի՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում մրցակցային քաղաքականության, հակամենաշնորհային կարգավորման և գների պետական կարգավորման հարցերով խորհրդատվական մարմին է:
2. Իր գործունեությունն իրականացնելիս Կոմիտեն առաջնորդվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Միության իրավունքի մաս կազմող միջազգային այլ պայմանագրերով և ակտերով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգով, ինչպես նաև սույն հիմնադրույթով:
II. Կոմիտեի հիմնական խնդիրները
3. Կոմիտեի հիմնական խնդիրներն են՝
ա) Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) պետական իշխանության մարմինների հետ խորհրդակցությունների անցկացում՝ մրցակցային քաղաքականության, հակամենաշնորհային կարգավորման և գների պետական կարգավորման հարցերով.
բ) անդամ պետությունների համար առաջարկների նախապատրաստում՝ մրցակցային քաղաքականության, հակամենաշնորհային կարգավորման և գների պետական կարգավորման ոլորտի հետ կապված հարցերի վերաբերյալ.
գ) Հանձնաժողովի համար առաջարկությունների և առաջարկների մշակում՝ մրցակցային քաղաքականության, հակամենաշնորհային կարգավորման և գների պետական կարգավորման ոլորտի հետ կապված՝ սույն հիմնադրույթի 17-19-րդ կետերում նշված հարցերի վերաբերյալ.
դ) իր իրավասության սահմաններում այլ հարցերի ուսումնասիրում։
III. Կոմիտեի (ենթակոմիտեների) կազմը և ձևավորման կարգը
4. Կոմիտեի կազմը ձևավորվում է անդամ պետությունների պետական իշխանության մարմինների ղեկավարներից (ղեկավարների տեղակալներից) (և անդամ պետությունների կոլեգիալ մարմինների անդամներից)։
5. Կոմիտեին առընթեր ստեղծվում են մշտական հիմունքներով գործող և Կոմիտեի աշխատանքային մարմինները հանդիսացող հետևյալ ենթակոմիտեները՝
մրցակցային քաղաքականության հարցերով ենթակոմիտե.
հակամենաշնորհային կարգավորման հարցերով ենթակոմիտե.
գների պետական կարգավորման հարցերով ենթակոմիտե։
Սույն հիմնադրույթի 3-րդ կետում նշված խնդիրների իրագործման նպատակով Կոմիտեին առընթեր կարող են ստեղծվել այլ ենթակոմիտեներ:
Ենթակոմիտեների կազմը ձևավորվում է անդամ պետությունների պետական իշխանության մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից և աշխատակիցներից։
Ենթակոմիտեի նախագահի հրավերով հարցերի քննարկմանը մասնակցելու համար ենթակոմիտեի նիստին կարող են մասնակցել Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձինք և աշխատակիցները։
Անդամ պետությունների առաջարկով ենթակոմիտեների կազմում կարող են ներառվել գործարար համայնքի, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ անկախ փորձագետներ:
6. Կոմիտեին առընթեր մշտական կամ ժամանակավոր հիմունքներով կարող են ստեղծվել փորձագիտական և աշխատանքային խմբեր, որոնք ձևավորվում են անդամ պետությունների պետական իշխանությունների մարմինների ներկայացուցիչներից, Հանձնաժողովի պաշտոնատար անձանցից և աշխատակիցներից։
Անդամ պետությունների առաջարկով փորձագիտական և աշխատանքային խմբերի կազմում կարող են ընդգրկվել գործարար համայնքի, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ անկախ փորձագետներ:
Փորձագիտական ու աշխատանքային խմբերի աշխատակարգը սահմանվում է Կոմիտեի կողմից։
7. Կոմիտեի (ենթակոմիտեների, փորձագիտական և աշխատանքային խմբերի) կազմը ձևավորելու համար անդամ պետությունների պետական իշխանության մարմինները ներկայացնում են համապատասխան թեկնածությունների վերաբերյալ իրենց առաջարկները։
Անդամ պետությունների պետական իշխանության մարմինները Հանձնաժողովին ժամանակին տեղեկացնում են Կոմիտեի (ենթակոմիտեի, փորձագիտական և աշխատանքային խմբի) կազմում իրենց ներկայացուցիչներին փոխարինելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև ներկայացնում են առաջարկներ՝ դրա կազմի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ։
Կոմիտեի կազմը հաստատվում է Հանձնաժողովի կոլեգիայի կարգադրությամբ:
8. Կոմիտեի նիստերը նախագահում և դրա աշխատանքի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հանձնաժողովի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը) (այսուհետ՝ Կոմիտեի նախագահ):
Մրցակցային քաղաքականության հարցերով ենթակոմիտեի նիստը նախագահում և դրա աշխատանքի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հանձնաժողովի՝ պետական գնումների բնագավառում մրցակցային քաղաքականության և քաղաքականության հարցերով դեպարտամենտի տնօրենը։
Հակամենաշնորհային կարգավորման հարցերով ենթակոմիտեի և գների պետական կարգավորման հարցերով ենթակոմիտեի նիստերը նախագահում և դրա աշխատանքի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հանձնաժողովի՝ հակամենաշնորհային կարգավորման հարցերով դեպարտամենտը:
Փորձագիտական և աշխատանքային խմբերի նիստերը նախագահում և դրանց աշխատանքի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է համապատասխան խմբի ղեկավարը։
9. Կոմիտեի նախագահը՝
ա) ղեկավարում է Կոմիտեի գործունեությունը և կազմակերպում է Կոմիտեի վրա դրված խնդիրների կատարման աշխատանքները.
բ) հաստատում է անդամ պետությունների առաջարկների հիման վրա նախապատրաստված՝ Կոմիտեի նիստի օրակարգը, որոշում է դրա անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը.
գ) վարում է Կոմիտեի նիստերը.
դ) ստորագրում է Կոմիտեի նիստերի արձանագրությունները.
ե) հաստատում է Կոմիտեին առընթեր ստեղծվող ենթակոմիտեների, փորձագիտական ու աշխատանքային խմբերի կազմերը.
զ) ներկայացնում է Կոմիտեն Հանձնաժողովի կոլեգիայի նիստերին և այլ մարմինների ու կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.
է) Հանձնաժողովի՝ մրցակցային քաղաքականության և պետական գնումների բնագավառում քաղաքականության հարցերով դեպարտամենտի տնօրենի ներկայացմամբ նշանակում է Կոմիտեի քարտուղարին և հակամրցակցային քաղաքականության հարցերով ենթակոմիտեի քարտուղարին և Հանձնաժողովի՝ հակամենաշնորհային կարգավորման հարցերով դեպարտամենտի տնօրենի ներկայացմամբ՝ հակամենաշնորհային կարգավորման հարցերով ենթակոմիտեի և գների պետական կարգավորման հարցերով ենթակոմիտեի քարտուղարներին.
ը) իրականացնում է այլ գործառույթներ՝ Կոմիտեի իրավասության սահմաններում:
10. Կոմիտեի նախագահի տեղակալներն են Հանձնաժողովի՝ մրցակցային քաղաքականության և պետական գնումների բնագավառում քաղաքականության հարցերով դեպարտամենտի տնօրենը և Հանձնաժողովի՝ հակամենաշնորհային կարգավորման հարցերով դեպարտամենտի տնօրենը՝ իրենց վրա դրված խնդիրներին համապատասխան (այսուհետ՝ Կոմիտեի նախագահի տեղակալներ)։
Կոմիտեի նախագահի տեղակալը Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում կատարում է Կոմիտեի նախագահի գործառույթները:
11. Կոմիտեի նախագահի տեղակալը Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ապահովում է Կոմիտեի նիստի կազմակերպումը և իրականացնում է հսկողություն հետևյալի նկատմամբ՝
ա) Կոմիտեի նիստի օրակարգի նախագծի նախապատրաստում.
բ) Կոմիտեի նիստի օրակարգի հարցերին առնչվող նյութերի նախապատրաստում.
գ) Կոմիտեի նիստի արդյունքներով արձանագրության նախապատրաստում.
դ) գրությունների նախագծերի նախապատրաստում և դրանց ուղարկում Կոմիտեի անդամներին.
ե) Կոմիտեի արձանագրային որոշումների կատարում։
12. Ենթակոմիտեի նախագահը՝
ա) ղեկավարում է ենթակոմիտեի գործունեությունը և կազմակերպում է ենթակոմիտեի վրա դրված խնդիրների կատարման աշխատանքները.
բ) հաստատում է անդամ պետությունների առաջարկների հիման վրա նախապատրաստված՝ ենթակոմիտեի նիստի օրակարգը, որոշում է դրա անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը.
գ) վարում է ենթակոմիտեի նիստերը.
դ) ստորագրում է ենթակոմիտեի նիստերի արձանագրությունները:
13. Ենթակոմիտեի նախագահի տեղակալը Կոմիտեի կողմից հաստատվող՝ ենթակոմիտեի անդամ՝ Հանձնաժողովի համապատասխան դեպարտամենտի տնօրենի տեղակալն է։
Ենթակոմիտեի նախագահի տեղակալը հարգելի պատճառով ենթակոմիտեի նախագահի բացակայության դեպքում կատարում է վերջինիս գործառույթները։
14. Կոմիտեի քարտուղարը նշանակվում է Հանձնաժողովի՝ մրցակցային քաղաքականության և պետական գնումների բնագավառում քաղաքականության հարցերով դեպարտամենտի աշխատակիցների թվից։
Հանձնաժողովի՝ մրցակցային քաղաքականության և պետական գնումների բնագավառում քաղաքականության հարցերով դեպարտամենտի տնօրենը և Հանձնաժողովի՝ հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի տնօրենը Կոմիտեի նախագահին առաջարկում են թեկնածություններ՝ համապատասխան ենթակոմիտեների քարտուղարներին Հանձնաժողովի համապատասխան դեպարտամենտների աշխատակիցների թվից նշանակելու համար։
15. Կոմիտեի (ենթակոմիտեի) քարտուղարը՝
ա) ապահովում է Կոմիտեի (ենթակոմիտեի) նիստի օրակարգի նախագծի նախապատրաստումը և այն ներկայացնում է Կոմիտեի (ենթակոմիտեի) նախագահի հաստատմանը.
բ) Կոմիտեի անդամներին ուղարկելու համար նախապատրաստում է Կոմիտեի (ենթակոմիտեի) նիստի օրակարգի նախագիծը և դրան կցվող՝ Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների և անդամ պետությունների պետական իշխանության մարմինների կողմից ներկայացված նյութերը.
գ) էլեկտրոնային փոստի միջոցով Կոմիտեի (ենթակոմիտեի) անդամներին տեղեկացնում է Կոմիտեի (ենթակոմիտեի) նիստի անցկացման ամսաթվի, ժամի ու վայրի մասին.
դ) վարում է Կոմիտեի (ենթակոմիտեի) նիստի արձանագրությունը.
ե) Կոմիտեի (ենթակոմիտեի) նիստի արդյունքներով նախապատրաստում է արձանագրության նախագիծը՝ ստորագրման համար.
զ) կազմակերպում է Կոմիտեի (ենթակոմիտեի) նիստի արդյունքների հիման վրա նախապատրաստված ամփոփիչ փաստաթղթերի նախապատրաստումը և դրանց ուղարկումը Կոմիտեի (ենթակոմիտեի) անդամներին.
է) յուրաքանչյուր եռամսյակ նախապատրաստում է Կոմիտեի (ենթակոմիտեի) արձանագրային որոշումների կատարման վերաբերյալ տեղեկանքը։
IV. Կոմիտեի (ենթակոմիտեների) գործունեությունը
16. Կոմիտեի նիստերն անցկացվում են հետևյալ նպատակներով՝
ա) Կոմիտեի գործունեության ուղղություններին առնչվող հարցերի շուրջ գիտահետազոտական աշխատանքների թեմաների քննարկում և համաձայնեցում՝ Հանձնաժողովի գիտահետազոտական աշխատանքների ծրագրի մեջ ներառելու համար.
բ) անդամ պետությունների կողմից գների պետական կարգավորում վարելու փաստերին առնչվող հարցերի քննարկում.
գ) մի քանի ենթակոմիտեների գործունեության ուղղություններին առնչվող հարցերի քննարկում.
դ) այնպիսի հարցերի կարգավորում, որոնց՝ ենթակոմիտեի նիստին քննարկելու ժամանակ տարաձայնություններ են առաջացել.
ե) այնպիսի հարցերի քննարկում, որոնց մասով արդեն առկա է ենթակոմիտեի որոշում՝ Կոմիտեում դրանք քննարկելու անհրաժեշտության մասին.
զ) այլ դեպքերում՝ Կոմիտեի անդամների առաջարկով։
17. Մրցակցային քաղաքականության հարցերով ենթակոմիտեն ուսումնասիրում է հետևյալ հարցերը՝
ա) առաջարկների նախապատրաստում՝ մրցակցության և գների պետական կարգավորման ոլորտում՝ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերի, Միության մարմինների ակտերի և անդամ պետությունների օրենսդրական ակտերի դրույթների կատարելագործման վերաբերյալ.
բ) անդամ պետությունների մրցակցային (հակամենաշնորհային) մարմինների և հանձնաժողովի միջև Մրցակցային քաղաքականության, հակամենաշնորհային կարգավորման և գների պետական կարգավորման հարցերով փոխգործակցության (այդ թվում՝ տեղեկատվական) կարգի կատարելագործում.
գ) մրցակցային քաղաքականության և հակամենաշնորհային կարգավորման ոլորտում՝ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերն ու Միության մարմինների ակտերն անդամ պետությունների կողմից կատարելու նկատմամբ մոնիթորինգի արդյունքների քննարկում.
դ) Միության ներքին շուկայի գործունեության վրա ազդող խոչընդոտները (արգելքները, սահմանափակումները, բացառումները) վերացնելու վերաբերյալ առաջարկների նախապատրաստում.
ե) մրցակցային քաղաքականության և հակամենաշնորհային կարգավորման հարցերի շուրջ՝ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերի ու Միության մարմինների ակտերի նախագծեր մշակելու վերաբերյալ առաջարկների նախապատրաստում.
զ) Հանձնաժողովի մյուս խորհրդատվական մարմինների և դեպարտամենտների համար առաջարկների նախապատրաստում՝ մրցակցային քաղականության ոլորտին առնչվող հարցերը նրանց կողմից քննարկելու դեպքում.
է) Միության շրջանակներում մրցակցության ոլորտին առնչվող այլ հարցեր։
18. Հակամենաշնորհային կարգավորման հարցերով ենթակոմիտեն ուսումնասիրում է հետևյալ հարցերը՝
ա) իրավակիրառ պրակտիկա՝ հակամենաշնորհային կարգավորման ոլորտում.
բ) Հանձնաժողովի մյուս խորհրդատվական մարմինների և դեպարտամենտների համար առաջարկների նախապատրաստում՝ հակամենաշնորհային կարգավորման ոլորտին առնչվող հարցերը նրանց կողմից քննարկելու դեպքում.
գ) հակամենաշնորհային կարգավորման ոլորտին առնչվող այլ հարցեր։
19. Գների պետական կարգավորման հարցերով ենթակոմիտեն ուսումնասիրում է հետևյալ հարցերը՝
ա) իրավակիրառ պրակտիկա՝ գների պետական կարգավորման ոլորտում.
բ) Հանձնաժողովի մյուս խորհրդատվական մարմինների և դեպարտամենտների համար առաջարկների նախապատրաստում՝ գների պետական կարգավորման ոլորտին առնչվող հարցերը նրանց կողմից քննարկելու դեպքում.
գ) գների պետական կարգավորման ոլորտին առնչվող այլ հարցեր։
V. Կոմիտեի (ենթակոմիտեների) աշխատակարգը
20. Կոմիտեի (ենթակոմիտեների) նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության:
Կոմիտեի (ենթակոմիտեի) նիստի անցկացման մասին որոշումն ընդունվում է Կոմիտեի (ենթակոմիտեի) նախագահի կողմից՝ հաշվի առնելով անդամ պետությունների առաջարկները:
21. Կոմիտեի (ենթակոմիտեի) անդամները ոչ ուշ, քան Կոմիտեի (ենթակոմիտեի) նիստի անցկացման օրվանից 30 օրացուցային օր առաջ, Կոմիտեի (ենթակոմիտեի) նախագահին են ուղարկում Կոմիտեի (ենթակոմիտեի) նիստի օրակարգի նախագծի ձևավորման վերաբերյալ առաջարկներ՝ կցելով նյութեր, որոնք ներառում են՝
ա) քննարկվող հարցերի վերաբերյալ տեղեկատվական և վերլուծական նյութեր.
բ) քննարկման համար առաջարկվող փաստաթղթերի նախագծերը (առկայության դեպքում).
գ) արձանագրային որոշման նախագիծը.
դ) այլ փաստաթղթեր ու նյութեր, որոնք նշանակություն ունեն հարցերը քննարկելիս (առկայության դեպքում):
22. Կոմիտեի նիստի օրակարգում ներառված՝ հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի ուղղություններին առնչվող հարցերի վերաբերյալ նյութերը Կոմիտեի քարտուղարին են ներկայացվում Կոմիտեի նիստի անցկացման օրվանից առնվազն 20 օրացուցային օր առաջ։
23. Կոմիտեի (ենթակոմիտեի) նիստի հաստատված օրակարգը, դրան կցվող նյութերը, ինչպես նաև Կոմիտեի (ենթակոմիտեի) նիստի անցկացման ամսաթվի, ժամի և վայրի վերաբերյալ տեղեկատվությունը, Կոմիտեի (ենթակոմիտեի) նիստի անցկացման օրվանից առնվազն 15 օրացուցային օր առաջ, Կոմիտեի (ենթակոմիտեի) քարտուղարի կողմից ուղարկվում են Կոմիտեի (ենթակոմիտեի) անդամներին, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով։ Կոմիտեի (ենթակոմիտեի) քարտուղարն ապահովում է Կոմիտեի (ենթակոմիտեի) նիստի օրակարգին առնչվող նյութերի հրապարակումը Միության պաշտոնական կայքում՝ Կոմիտեի (ենթակոմիտեի) տիրույթում, ոչ ուշ, քան Կոմիտեի (ենթակոմիտեի) նիստի անցկացման օրվանից 15 օրացուցային օր առաջ (բացառությամբ այն փաստաթղթերի, որոնք պարունակում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պետական գաղտնիքի (պետական գաղտնիքների) կամ սահմանափակ տարածման տեղեկությունների շարքին դասվող տեղեկություններ)։
Կոմիտեի (ենթակոմիտեի) նիստի օրակարգի վերաբերյալ ստացված լրացուցիչ առաջարկների մասին տեղեկատվությունն էլեկտրոնային փոստով ուղարկվում է Կոմիտեի (ենթակոմիտեի) անդամներին այդ առաջարկներն ստանալու օրվանից հետո 3 աշխատանքային օրվանից ոչ ուշ։
24. Կոմիտեի (ենթակոմիտեի) նիստերն անցկացվում են Հանձնաժողովի սենքերում:
Անդամ պետության պետական իշխանության լիազորված մարմնի առաջարկով և Կոմիտեի (ենթակոմիտեի) նախագահի որոշմամբ Կոմիտեի (ենթակոմիտեի) նիստը կարող է անցկացվել անդամ պետություններից յուրաքանչյուրում: Այդ դեպքում ընդունող անդամ պետությունը աջակցություն է ցուցաբերում Կոմիտեի (ենթակոմիտեի) նիստի կազմակերպման և անցկացման հարցում:
Կոմիտեի (ենթակոմիտեի) նախագահի որոշմամբ Կոմիտեի (ենթակոմիտեի) նիստը կարող է անցկացվել առերես կամ տեսաժողովի միջոցով։
Կոմիտեի (ենթակոմիտեի) նիստի անցկացման համար անհրաժեշտ է Կոմիտեի (ենթակոմիտեի) նախագահի (նախագահի տեղակալի) և Կոմիտեի (ենթակոմիտեի) առնվազն մեկ անդամի՝ յուրաքանչյուր անդամ պետության պետական իշխանության մարմնի ներկայացուցչի մասնակցությունը։
25. Կոմիտեի (ենթակոմիտեի) անդամները Կոմիտեի (ենթակոմիտեի) նիստերին մասնակցում են անձամբ՝ առանց փոխարինման իրավունքի։ Եթե Կոմիտեի (ենթակոմիտեի) անդամի ներկայությունը Կոմիտեի (ենթակոմիտեի) նիստին անհնար է, ապա նա իրավունք ունի Կոմիտեի (ենթակոմիտեի) նիստի անցկացման օրվանից առնվազն 3 աշխատանքային օր առաջ, քննարկվող հարցերի վերաբերյալ իր կարծիքը գրավոր ներկայացնելու Կոմիտեի (ենթակոմիտեի) նախագահին։
26. Կոմիտեի նիստին Կոմիտեի (ենթակոմիտեի) անդամի կողմից ներկայացված իր կարծիքը չի կարող դիտարկվել որպես անդամ պետության վերջնական դիրքորոշում:
27. Կոմիտեի (ենթակոմիտեի) նախագահի հրավերով կամ Կոմիտեի (ենթակոմիտեի) անդամների առաջարկով Կոմիտեի (ենթակոմիտեի) նիստին կարող են մասնակցել անդամ պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչները, անհրաժեշտ որակավորում ունեցող՝ գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, անկախ փորձագետները, Հանձնաժողովի այն պաշտոնատար անձինք և աշխատակիցները, որոնց իրավասությանն են առնչվում Կոմիտեի (ենթակոմիտեի) նիստին քննարկվող հարցերը։
Անդամ պետությունների հրավերով Կոմիտեի (ենթակոմիտեի) նիստին կարող են մասնակցել պետական իշխանության մարմինների այն ներկայացուցիչները, որոնց իրավասությանն են վերապահված Կոմիտեի նիստին քննարկվող հարցերը:
Անդամ պետությունների գործարար համայնքների, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, անկախ փորձագետները չեն թույլատրվում մասնակցել սույն հիմնադրույթի 16-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված հարցերի, ինչպես նաև այլ հարցերի, այդ թվում՝ սույն հիմնադրույթի 16-րդ կետի «գ»-«զ» ենթակետերում և 17-19-րդ կետերում նշված հարցերի քննարկմանը այն դեպքում, երբ անդամ պետություններից մեկի պետական իշխանության մարմիններն անհրաժեշտ կհամարեն սահմանափակել քննարկմանը մասնակցող անձանց շրջանակը։
28. Կոմիտեի (ենթակոմիտեի) նիստերին հարցերի քննարկման արդյունքները ամրագրվում են համապատասխան արձանագրություններում։
Այն դեպքում, երբ ենթակոմիտեի նիստի օրակարգի հարցի վերաբերյալ կան որոշակի տարաձայնություններ, տվյալ հարցը ներկայացվում է Կոմիտեի ուսումնասիրմանը։
29. Կոմիտեի նիստի արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ, որում ամրագրվում են Կոմիտեի անդամների դիրքորոշումները և ձեռք բերված պայմանավորվածությունները: Արձանագրության նախագիծը համաձայնեցվում է Կոմիտեի՝ նիստին մասնակցած անդամների հետ՝ Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Այն դեպքում, երբ Կոմիտեի անդամը հատուկ կարծիք ունի Կոմիտեի նիստին քննարկվող հարցի վերաբերյալ, այն գրավոր շարադրվում և Կոմիտեի նիստի անցկացման օրվանից հետո 2 աշխատանքային օրվանից ոչ ուշ փոխանցվում է Կոմիտեի քարտուղարին՝ Կոմիտեի նիստի արձանագրությանը կցելու համար։ Կոմիտեի նիստի արձանագրությանը կարող են կցվել նաև քննարկվող փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ առաջարկները, տեղեկատվական և վերլուծական նյութերն ու համապատասխան հիմնավորումները:
Ենթակոմիտեի նիստի արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ, որում ամրագրվում են ենթակոմիտեի անդամների դիրքորոշումները և ձեռք բերված պայմանավորվածությունները: Ենթակոմիտեի նիստի արձանագրության նախագիծը նիստի անցկացման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում համաձայնեցման համար ուղարկվում է անդամ պետության պետական իշխանության այն մարմին, որը, այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, լիազորված է Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար։ Այն դեպքում, երբ արձանագրության նախագիծն ուղարկելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում նշված մարմնից ստացվում են դիտողություններ կամ առաջարկներ, դրանք հաշվի են առնվում (արտացոլվում են) արձանագրության մեջ։ Եթե արձանագրության նախագիծն ուղարկելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում նշված մարմնից դիտողություններ և առաջարկներ չեն ստացվում, ապա արձանագրության նախագիծը համարվում է համաձայնեցված։
Այն դեպքում, երբ ենթակոմիտեի անդամը հատուկ կարծիք ունի ենթակոմիտեի նիստին քննարկվող հարցի վերաբերյալ, այն գրավոր շարադրվում և ենթակոմիտեի նիստի անցկացման օրվանից հետո 2 աշխատանքային օրվանից ոչ ուշ փոխանցվում է ենթակոմիտեի քարտուղարին՝ ենթակոմիտեի նիստի արձանագրությանը կցելու համար։
30. Կոմիտեի (ենթակոմիտեի) նիստի արձանագրությունը Կոմիտեի (ենթակոմիտեի) նախագահի կողմից ստորագրվում է Կոմիտեի (ենթակոմիտեի) նիստի անցկացման օրվանից հետո 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ։
Կոմիտեի (ենթակոմիտեի) նիստի արձանագրության պատճեններն ուղարկվում են անդամ պետությունների պետական իշխանության մարմիններ, ինչպես նաև Կոմիտեի (ենթակոմիտեի) անդամներին՝ Կոմիտեի (ենթակոմիտեի) նախագահի կողմից դրա ստորագրման օրվանից հետո 3 աշխատանքային օրվանից ոչ ուշ։
Կոմիտեի (ենթակոմիտեի) նախագահի որոշմամբ Կոմիտեի (ենթակոմիտեի) նիստի արձանագրությունը կամ դրա քաղվածքը կարող է ուղարկվել Կոմիտեի (ենթակոմիտեի) նիստին մասնակցած՝ հրավիրված անձանց:
Կոմիտեի նիստերի արձանագրությունները պահվում են Հանձնաժողովի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) քարտուղարությունում։ Մրցակցային քաղաքականության հարցերով ենթակոմիտեի նիստերի արձանագրությունները պահվում են Հանձնաժողովի՝ մրցակցային քաղաքականության և պետական գնումների բնագավառում քաղաքականության հարցերով դեպարտամենտում, հակամենաշնորհային կարգավորման հարցերով ենթակոմիտեի և գների պետական կարգավորման հարցերով ենթակոմիտեի նիստերի արձանագրությունները՝ Հանձնաժողովի՝ հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտում։
31. Կոմիտեի (ենթակոմիտեի) որոշումները հանձնարարական բնույթ են կրում:
32. Կոմիտեի (ենթակոմիտեների) գործունեության կազմակերպատեխնիկական ապահովումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից:
Կոմիտեի (ենթակոմիտեների) նիստերին անդամ պետությունների պետական իշխանության մարմինների լիազորված ներկայացուցիչների մասնակցության հետ կապված ծախսերը կրում են նրանց ուղարկող անդամ պետությունները:
Կոմիտեի (ենթակոմիտեների) նիստերին անդամ պետությունների գործարար համայնքների, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, անկախ փորձագետների մասնակցության հետ կապված ծախսերը նշված անձինք հոգում են ինքնուրույն:
33. Կոմիտեի գործունեությունը դադարեցնելու համար հիմք է Հանձնաժողովի կոլեգիայի որոշումը:
Ենթակոմիտեների, փորձագիտական և աշխատանքային խմբերի գործունեությունը դադարեցնելու համար հիմք է Կոմիտեի որոշումը:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: