«Նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու գործերով էլեկտրոնային համակարգ» համակարգչային ծրագիրը գործարկվել է 2023 թվականի դեկտեմբերի 1-ից` www.e-notary.am ինտերնետային կայքի հասցեով՝ համաձայն 2023 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՀ նոտարական պալատի հայտարարության:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հունիսի 26-ին
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ մասով.
«Սույն օրենքը, «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, սահմանում է նաև գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության կատարման պայմանները և կարգը այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են այդ ակտերի կատարման նկատմամբ:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.2-րդ կետով.
«8.2) գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը.»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը «, արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար մշտապես գործող արբիտրաժային հաստատության էլեկտրոնային հաղորդագրությունը,» բառերից հետո լրացնել «գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության էլեկտրոնային հաղորդագրությունը,» բառերով:
Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակության 5.1-ին մասով.
«5.1. Գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության էլեկտրոնային հաղորդագրությունը կարող է ներկայացվել հարկադիր կատարման կողմերի համար պարտադիր դառնալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:»։
Հոդված 5. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.
«2.2. Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության էլեկտրոնային հաղորդագրությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում:»։
Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.6-րդ հոդվածով.
«Հոդված 31.6. |
Գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության էլեկտրոնային հաղորդագրությունը վերադարձնելը |
1. Գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության էլեկտրոնային հաղորդագրությունը հարկադիր կատարողը վերադարձնում է նոտարին, եթե այն չի համապատասխանում «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82.10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության էլեկտրոնային հաղորդագրությանը ներկայացվող պահանջներին, ինչպես նաև եթե լրացել է էլեկտրոնային հաղորդագրությունը հարկադիր կատարման ներկայացնելու մեկամսյա ժամկետը:»։
Հոդված 7. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունել գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը չեղյալ ճանաչելու մասին դիմումը:»:
Հոդված 8. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով կասեցված կատարողական վարույթը վերսկսվում է գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը չեղյալ ճանաչելու մասին դիմումի քննությամբ կայացված որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:»:
Հոդված 9. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ կետով.
«18) գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության պահանջը փաստացի կատարվել է, կամ կարգադրության հարկադիր կատարման ընթացքում պարզվել է, որ անձը կատարել է իր պարտավորությունը մինչև նոտարի կողմից էլեկտրոնային հաղորդագրությունը հարկադիր կատարման ուղարկվելը, կամ օրինական ուժի մեջ է մտել գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը չեղյալ ճանաչելու մասին դատարանի որոշումը։»։
Հոդված 10. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ նոտարական պալատի հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից չեղյալ ճանաչել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի օրենքի 1-ին հոդվածով լրացվող տասներորդ պարբերությունը, 2-րդ հոդվածը, ինչպես նաև 3-րդ հոդվածի «նոտարի արձակած վճարման կարգադրությունը» բառերը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. հուլիսի 18 Երևան ՀՕ-231-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2023 թվական: