ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
ԲԴԽ-1-Ո-Կ-3 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎՐԻՊԱԿԻ ՈՒՂՂՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ |
մասնակցությամբ՝ անդամներ |
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻ |
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ | |
Մ․ ՄԱԿՅԱՆԻ | |
Ա. ՄԽԻԹԱՐՅԱՆԻ | |
Վ. ՔՈՉԱՐՅԱՆԻ | |
Ս. ՉԻՉՈՅԱՆԻ |
2023 թվականի մարտի 6-ին |
ք. Երևանում |
քննության առնելով, Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 30-ին կայացրած «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-3 որոշման մեջ առկա վրիպակի ուղղման հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 2022 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 97-Ա որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։
Արդարադատության նախարարը 2022 թվականի դեկտեմբերի 26-ին կայացրել է «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» N 112-Ա որոշումը:
Դռնփակ նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 26-ի N 112-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը, 2023 թվականի հունվարի 30-ին կայացված թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-3 որոշմամբ Բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ նաև՝ Խորհուրդ) որոշել է. «(․..) Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել:»:
Խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշմամբ հաստատված Հավելվածի 1-ի 93-րդ կետի համաձայն՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության փուլում Խորհուրդը, որպես դատարան գործելիս, ղեկավարվում է Օրենքով, իսկ այն դեպքում, երբ կոնկրետ դատավարական գործընթացը կարգավորված չէ Օրենքով՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների, դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ վճռի կայացման, վճռի պարզաբանման վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:
Հիշյալ օրենսդրական նորմերի վերլուծությունից հետևում է, որ որպես դատարան գործելիս Խորհուրդը կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության փուլում ղեկավարվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերով այն դեպքում, երբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով կոնկրետ դատավարական գործընթացը կարգավորված չէ: Իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքն իր «Վարչական դատարանի դատական ակտերին ներկայացվող պահանջները» վերտառությամբ 123-րդ հոդվածով սահմանել է, որ ի թիվս այլնի դատական ակտում առկա վրիպակների ուղղման վրա տարածվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթները:
Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն՝ դատական ակտում թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին միջնորդությունը կարող է ներկայացվել, իսկ դատարանն իր նախաձեռնությամբ այդ գործողությունները կատարում է դատական ակտի կայացման պահից մինչև դրա կատարումը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական ակտում տեղ գտած վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում:
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 23.12.2022 թվականին ընդունված և 07.01.2023 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-575-Ն օրենքի 36-րդ հոդվածի 14-րդ և 15-րդ մասերը համապատասխանաբար սահմանում են.
«14. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը համարվում է վերակազմակերպված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանների:
15. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորները շարունակում են պաշտոնավարել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության համապատասխանաբար քաղաքացիական և քրեական դատարանի դատավորների պաշտոնում և շարունակում են քննել իրենց վարույթում եղած գործերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով:»:
Խորհուրդն արձանագրում է, որ Արդարադատության նախարարի N 112-Ա որոշման կայացման ժամանակ՝ 2022 թվականի դեկտեմբերի 26-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դեռևս վերակազմակերպված չի եղել, իսկ նույն միջնորդության քննությունը նշանակվել է 2023 թվականի հունվարի 17-ին, ակտի հրապարակման օրը՝ հունվարի 30-ին, այսինքն` այն ժամանակ, երբ թիվ ՀՕ-575-Ն օրենքի ուժով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը համարվել է վերակազմակերպված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանների:
Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ 2023 թվականի հունվարի 30-ի թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-3 որոշման մեջ առկա է վրիպակ, այն է՝ Խորհուրդը որոշման վերնագրում, գործի քննությանը մասնակցող անձանց թվարկման, «Գործի նախապատմությունը» և «ՈՐՈՇԵՑ» մասերում նշել է «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյան», մինչդեռ պետք է նշվեր «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյան»:
Նկատի ունենալով, որ Խորհուրդն օրենսդրորեն օժտված է իր նախաձեռնությամբ որոշման մեջ առկա վրիպակն ուղղելու լիազորությամբ և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերը նշված վրիպակները չեն փոխում որոշման բովանդակությունը՝ Խորհուրդը գտնում է, որ պետք է ուղղել 2023 թվականի հունվարի 30-ի թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-3 որոշման մեջ թույլ տված վերը նշված վրիպակները, մասնավորապես Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 30-ի թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-3 որոշման վերնագրում, գործի քննությանը մասնակցող անձանց թվարկման, «Գործի նախապատմությունը» և «ՈՐՈՇԵՑ» մասերում նշված «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյան»-ի փոխարեն կարդալ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյան»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 2-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշմամբ հաստատված Հավելվածի 1-ի 93-րդ կետով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերի իրավակարգավորումներով՝ Խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 30-ի թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-3 որոշման վերնագրում, գործի քննությանը մասնակցող անձանց թվարկման, «Գործի նախապատմությունը» և «ՈՐՈՇԵՑ» մասերում նշված «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյան»-ի փոխարեն կարդալ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյան»:
2․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Բարձրագույն դատական խորհրդի
նախագահ |
Կ. Անդրեասյան |
անդամներ` | Հ. Գրիգորյան |
Ե. Թումանյանց | |
Ն. Հովսեփյան | |
Մ. Մակյան | |
Ա. Մխիթարյան | |
Վ. Քոչարյան | |
Ս. Չիչոյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 մարտի 2023 թվական: