ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
ԲԴԽ-16-Ն-5 |
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի ԹԻՎ ԲԴԽ-53-Ն-9 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(որոշումը գործում է մինչև 2024 թվականի մարտի 25-ը` համաձայն սույն որոշման 2-րդ կետի)
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 10-ի «Դատավորի գործունեության գնահատման կարգը և ժամկետները, գնահատման համար անհրաժեշտ տվյալների հավաքման կարգը, մեթոդաբանությունը, սանդղակները և գնահատման թերթի ձևը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-53-Ն-9 որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ լրացումները.
1) Որոշումը լրացնել նոր՝ 3-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«3. Մինչև սույն որոշման 2-րդ հավելվածի 3.1-ին կետով նախատեսված ծրագրային և տեխնիկական լուծումների ներդնումը և գործարկումը՝ որոշման 3-րդ հավելվածի «ԴԱՏԱՎՈՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ» վերտառությամբ բաժնի «Աշխատանքային ծանրաբեռնվածության արդյունավետ կառավարման ունակությունը և աշխատանքի պլանավորումը (առավելագույն միավորը՝ 50)» ենթաբաժնի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված ցուցիչները կիրառելի չեն համարվում, իսկ դրանցով նախատեսված՝ համապատասխանաբար 20 և 10 գնահատման միավորները բաշխվում են նույն ենթաբաժնի համապատասխանաբար 2-րդ և 3-րդ ցուցիչների միջև»,
2) Որոշումը լրացնել նոր՝ 4-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«4. Մինչև սույն որոշման 2-րդ հավելվածի 3.1-ին կետով նախատեսված ծրագրային և տեխնիկական լուծումների ներդնումը և գործարկումը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դատական ակտերի և դատական նիստի ձայնային արձանագրությունների (բացակայության դեպքում՝ պարզ թղթային արձանագրությունների) պատահական ընտրությունն իրականացվում է Դատական ավտոմատացված համակարգից փնտրման արդյունքում արտահանված տվյալների հիման վրա՝ հետևյալ եղանակով.
1) Դատավորի՝ գնահատման ենթակա գործունեության ժամանակահատվածում ներառվող առաջին տարվա համար տվյալ տարվա ընթացքում ավարտված գործերի քանակը բաժանվում է երկուսի, և տրամադրվում են ստացված թվին համապատասխան առաջին և դրան հաջորդող՝ ստացված թվին համապատասխան երկրորդ գործերը,
2) Դատավորի՝ գնահատման ենթակա գործունեության ժամանակահատվածում ներառվող երկրորդ տարվա համար տվյալ տարվա ընթացքում ավարտված գործերի քանակը բաժանվում է երկուսի, և տրամադրվում են ստացված թվին համապատասխան առաջին և դրան հաջորդող՝ ստացված թվին համապատասխան երկրորդ գործերը,
3) Դատավորի՝ գնահատման ենթակա գործունեության ժամանակահատվածում ներառվող երրորդ տարվա համար տվյալ տարվա ընթացքում ավարտված գործերի քանակը բաժանվում է երեքի, և տրամադրվում են ստացված թվին համապատասխան առաջին, դրան հաջորդող՝ ստացված թվին համապատասխան երկրորդ և համապատասխանաբար երրորդ գործերը,
4) Դատավորի՝ գնահատման ենթակա գործունեության ժամանակահատվածում ներառվող չորրորդ տարվա համար տվյալ տարվա ընթացքում ավարտված գործերի քանակը բաժանվում է երեքի, և տրամադրվում են ստացված թվին համապատասխան առաջին, դրան հաջորդող՝ ստացված թվին համապատասխան երկրորդ և համապատասխանաբար երրորդ գործերը:
Եթե սույն կետով սահմանված եղանակով իրականացված պատահական ընտրության արդյունքում ընտրվել է օրենքով գնահատման ենթակա դատական ակտ չպարունակող դատական գործ, տրամադրվում է ընտրված գործին հաջորդող, իսկ դրա անհնարինության դեպքում՝ նախորդող՝ օրենքով գնահատման ենթակա դատական ակտ պարունակող դատական գործը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև համապատասխան ծրագրային և տեխնիկական լուծումների ներդնումը և գործարկումը՝ 2024 թվականի մարտի 25-ը:
(2-րդ կետը փոփ. 24.02.22 ԲԴԽ-24-Ն-3, 06.03.23 ԲԴԽ-28-Ն-11)
Բարձրագույն դատական |
Ռ. Վարդազարյան |
2021 թ. մարտի 25 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մարտի 2021 թվական: