ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
4 հոկտեմբերի 2022 թ. |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐԱՄԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆԸ (ԼՎԱՑՄԱՆԸ) ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ն. Երիցյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր` 2022 թվականի հուլիսի 28-ի N 1158-Ա որոշմամբ հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով դիմել Սահմանադրական դատարան:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2022 թվականի օգոստոսի 3-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2021 թվականի հուլիսի 20-ին Մոսկվայում` Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև մաքսային հայտարարագրում ներառված տեղեկատվության փոխանակման կարգի, ինչպես նաև այդպիսի տեղեկատվության օգտագործման և պահպանության պայմանների սահմանմամբ՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում համատեղ ջանքերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
2. Համաձայնագիրն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև: Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
3. Համաձայնագրով սահմանվում է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ ֆիզիկական անձի կողմից համապատասխան հայտարարագրերում նշվող տեղեկությունն ստանալու վերաբերյալ հարցում կատարելու և տեղեկությունը տրամադրելու կարգը, ինչպես նաև հայցվող տեղեկատվության տրամադրումը մերժելու հիմքերը։ Համաձայնագրի առանձին հոդվածներ վերաբերում են համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվության կիրառման, պաշտպանության, պահպանման և ոչնչացման հետ կապված առանձնահատկություններին։
4. Համաձայնագրում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 19-ի պայմանագրում սահմանված իմաստներով։
Համաձայնագրով անդամ պետությունների միջև փոխգործակցությունը և տեղեկատվության փոխանակումն իրականացվում են (այսուհետ՝ տեղեկատվական փոխգործակցություն) Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման (այսուհետ՝ տեղափոխում) ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու նպատակով՝ կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ ֆիզիկական անձի կողմից ուղևորային մաքսային հայտարարագրում և ապրանքների հայտարարագրում նշված տեղեկությունները ներկայացվելու միջոցով։
5. Համաձայնագրով սահմանվում է, որ Համաձայնագրի այն դրույթները, որոնք նախատեսում են Համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվության գաղտնիության ապահովում, ուժի մեջ են մնում Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում կամ դրա մասնակիցների կազմից անդամ պետության դուրս գալու դեպքում: Անդամ պետությունների պետական գաղտնիք (գաղտնիքներ) կազմող տեղեկությունների փոխանակման կարգը, պաշտպանության պայմանները և միջոցները սահմանվում են անդամ պետությունների միջև հարաբերություններում կիրառվող առանձին միջազգային պայմանագրերով:
6. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության հիման վրա ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
ա) սահմանել կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման մասին տվյալների բազա ձևավորելու համար պատասխանատու մարմին, ինչպես նաև նշված տվյալների բազայում պարունակվող տեղեկությունները ներկայացնելու համար պատասխանատու մարմին (մարմիններ) (այսուհետ՝ պատասխանատու մարմին), և Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին գրավոր ծանուցումն ուղարկելու հետ միաժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին դիվանագիտական ուղիներով տեղեկացնել այդ մարմինների, լիազորված մարմնի, ՀՀ իրավապահ և մաքսային մարմինների մասին, որոնք մասնակցում են տեղեկատվական փոխգործակցությանը, իսկ նշված մարմինների փոփոխության դեպքում 10-օրյա ժամկետում դիվանագիտական ուղիներով դրա մասին ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (հոդված 3, պարբերություններ 1 և 2),
բ) տեղեկատվական փոխգործակցությունն իրականացնել մի անդամ պետության լիազորված, իրավապահ և մաքսային մարմինների այն հարցումների (այսուհետ՝ հարցումը ներկայացնող մարմին) հիման վրա, որոնք գրավոր, ռուսերենով կամ անդամ պետության պետական լեզվով (կից ներկայացնելով ռուսերեն թարգմանությունը) ուղարկվում են ՀՀ պատասխանատու մարմին (այսուհետ՝ հարցումն ստացող մարմին) (հոդված 4, կետ 1),
գ) ապահովել, որ Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկություններն ստանալու վերաբերյալ հարցումն ստորագրվի հարցումը ներկայացնող ՀՀ մարմնի ղեկավարի կամ ղեկավարի տեղակալի կողմից և պարունակի Համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետում շարադրված տեղեկատվությունը (հոդված 4, կետ 2),
դ) ապահովել, որ հարցումն իրականացնելու ժամկետը չգերազանցի հարցումն ստացող ՀՀ մարմնի կողմից հարցումն ստանալու օրվանից 30 օրացուցային օրը, իսկ շտապ հարցումն իրականացնելու դեպքում` դա ստանալու օրվանից 10 օրացուցային օրը (հոդված 4, կետ 3, պարբերություններ 1 և 2),
ե) ապահովել, որ հարցումը Համաձայնագրի 4-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ժամկետներում մասամբ կամ ամբողջությամբ իրականացնելու անհնարինության դեպքում հարցումն ստացող ՀՀ մարմինը հարցումը ներկայացնող մարմնին գրավոր տեղեկացնի հարցումն իրականացնելու ենթադրվող ժամկետի մասին (հոդված 4, կետ 3, պարբերություն 4),
զ) ապահովել, որ Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «գ» և «դ» ենթակետերով նախատեսված՝ հարցման իրականացումը մերժելու դեպքերում հարցումը ներկայացնող մարմինը հարցումն ստացող ՀՀ մարմնի կողմից հարցումն ստանալու օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում գրավոր ծանուցվի մերժման պատճառների մասին (հոդված 5, կետ 2),
է) Համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվությունը գաղտնի է, և առանց այդ տեղեկատվությունը տրամադրած մարմնի գրավոր համաձայնության, չօգտագործել այլ նպատակներով, քան այն նպատակները, որոնց համար այն հարցվել և ներկայացվել է (հոդված 6, կետ 1, պարբերություն 1),
ը) ապահովել, որ Տեղեկատվական փոխգործակցությանը մասնակցող՝ ՀՀ մարմինները ձեռնարկեն Համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվության պաշտպանությանը, պահպանմանը և ոչնչացմանն ուղղված միջոցներ՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև նշված տեղեկատվությունը պահել ոչ ավելի երկար, քան պահանջվում է այն նպատակներով, որոնց համար դա փոխանցվել է (հոդված 6, կետ 1, պարբերություն 2),
թ) ապահովել, որ hամաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվության չարտոնված տարածման, դրա կորստի, ոչնչացման կամ ոչ պատշաճ օգտագործման դեպքում տեղեկատվության հարցումը կատարած ՀՀ իրավասու մարմինն անհապաղ տեղեկացնի տեղեկատվությունը ներկայացրած անդամ պետության իրավասու մարմնին և անցկացնի համապատասխան քննություն` անհրաժեշտության դեպքում փոխգործակցելով անդամ պետությունների իրավասու մարմինների հետ (հոդված 6, կետ 1, պարբերություն 3),
ժ) իրականացնել անդամ պետությունների միջև հարաբերություններում կիրառվող միջազգային պայմանագրերի շրջանակներում այն վարչական և քրեական գործերի մասին տեղեկատվության փոխանակումը, որոնց առարկան հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և (կամ) ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքներն են (հոդված 7):
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՆԱԽԱԳԱՀող |
Ա. ԴիլանՅԱՆ |
4 հոկտեմբերի 2022 թվականի ՍԴՈ-1663 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2022 թվական: