ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի նոյեմբերի 22-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 75-րդ հոդվածը «Անտառները» բառից հետո լրացնել «կեղտաջրերով,» բառով։
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 182.8-րդ հոդվածով.
«Հոդված 182.8. |
Էկոպարեկային ծառայության ծառայողի օրինական պահանջը չկատարելը |
Իր լիազորությունների շրջանակում էկոպարեկային ծառայության ծառայողի օրինական պահանջը չկատարելը կամ նրա պարտականությունների կատարումը խոչընդոտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:»։
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 242.4-րդ հոդվածով.
«Հոդված 242.4. |
Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության կիրառման նկատմամբ պետական հսկողության գործառույթներ իրականացնող լիազոր մարմինը |
Էկոպարեկային ծառայությունը քննում է վարչական գործեր և նշանակում վարչական տույժեր պահպանության ծառայության իրականացման շրջանակներում հայտնաբերված և սույն օրենսգրքի 64-րդ, 65-րդ հոդվածներով, 66-րդ հոդվածով (պետական սեփականություն հանդիսացող ծառերի մասով), 68-րդ, 70-72-րդ հոդվածներով, 75-79-րդ հոդվածներով, 85.2-րդ հոդվածի 2-րդ մասով, 88-րդ հոդվածով (պետական անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում), 88.4-րդ հոդվածով (պետական անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում), 89-րդ հոդվածով (պետական անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում), 91-րդ հոդվածով (պետական անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում), 93-րդ հոդվածով (պետական անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում), 94-րդ և 182.8-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ:»։
Հոդված 4. Օրենսգրքի 258-րդ հոդվածի երրորդ պարբերությունը «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «էկոպարեկային ծառայողները և» բառերով։
Հոդված 5. Օրենսգրքի 263-րդ հոդվածի երրորդ պարբերությունում «անտառային պահպանության մարմինների» բառերը փոխարինել «էկոպարեկային ծառայության, շրջակա միջավայրի օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով։
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. դեկտեմբերի 6 Երևան ՀՕ-369-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 դեկտեմբերի 2023 թվական: