ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2020 թվականի |
թիվ 46 |
քաղ. Մոսկվա |
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան (այսուհետ՝ Հանձնաժողով), «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ համապատասխանաբար՝ Արձանագրություն, Պայմանագիր) 10-րդ կետի 3-րդ ենթակետին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու վերաբերյալ գործերի քննության կարգի (այսուհետ՝ Գործերի քննության կարգ) 44-րդ և 45-րդ կետերին համապատասխան՝ քննել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու վերաբերյալ գործը (այսուհետ՝ գործ)՝ Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետի խախտման այն հատկանիշներով, որոնք հայտնաբերվել են «Տորգովի դոմ Կամա» սահմանափակ պատասխանատվության ընկերության (ՀՎՆՀ՝ 1651024807, 423570, Ռուսաստանի Դաշնություն, Թաթարստանի Հանրապետություն, Նիժնեկամսկի շրջան, քաղ, Նիժնեկամսկ, արդյունաբերական գոտու տարածք, մասնաշենք 84) (այսուհետ՝ «ՏԴ ԿԱՄԱ» ՍՊԸ) այն գործողությունների (անգործության) մեջ, որոնք դրսևորվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ, տնտեսավարող սուբյեկտներ (շուկայի սուբյեկտներ)) տնտեսական գործունեությունը համակարգելու ձևով այն դեպքում, երբ նման համակարգումը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել մարդատար ավտոմեքենաների համար նոր (օդաճնշական) դողերի անդրսահմանային ապրանքային շուկայի բաժանմանը՝ ըստ տարածքային սկզբունքի, ապրանքների վաճառքի կամ գնման ծավալի, իրացվող ապրանքների տեսականու, կամ վաճառողների, կամ գնորդների (պատվիրատուների) կազմի, ինչը չի կարող թույլատրելի ճանաչվել՝ Արձանագրությամբ սահմանված թույլատրելիության չափորոշիչներին համապատասխան։
Գործերի քննության կարգի 23-րդ կետին համապատասխան՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին գործը քննող հանձնաժողովի նախագահ, Հանձնաժողովի՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու լիազորություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող՝ Հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի (այսուհետ՝ Դեպարտամենտ) տնօրեն Ա․Գ․Սուշկևիչի կողմից հայտարարվել է գործի քննության ավարտի մասին՝
Գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ, Դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ա․Ա․Կալիևի․
Գործի քննության հարցերով հանձնաժողովի անդամներ՝
Դեպարտամենտի՝ մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու վերաբերյալ դիմումների (նյութերի) և գործերի քննության բաժնի պետի տեղակալ Շ․Տ․Ժուսուպբեկովայի․
Դեպարտամենտի՝ մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու վերաբերյալ դիմումների (նյութերի) և գործերի քննության բաժնի խորհրդական Ե.Պ.Կրիվցունի.
Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար պատասխանատու՝ անդամ պետությունների պետական իշխանության այն մարմինների աշխատակիցների, որոնց իրավասության մեջ է մտնում մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացումը և (կամ) անցկացումը (այսուհետ՝ անդամ պետությունների լիազոր մարմիններ) (տեսակոնֆերանսային կապի միջոցով).
Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության առևտրի, ագրոարդյունաբերական համալիրի, արդյունաբերության, շինարարության և բնական ռեսուրսների վարչության արդյունաբերության, շինարարության և բնական ռեսուրսների բաժնի պետ Ե․Ա․Մախնաչի․
Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության առևտրի, ագրոարդյունաբերական համալիրի, արդյունաբերության, շինարարության և բնական ռեսուրսների վարչության արդյունաբերության, շինարարության և բնական ռեսուրսների բաժնի խորհրդատու Յա․Ա․Դիբայի․
Դաշնային հակամենաշնորհային ծառայության միջազգային տնտեսական համագործակցության վարչության միջազգային նախագծերի բաժնի առաջատար մասնագետ-փորձագետ Տ․Ա․Գոնյուկովայի ներկայությամբ․
պատասխանողի (նրա ներկայացուցիչների) բացակայությամբ։
Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելիս, այդ թվում՝ մարդատար ավտոմեքենաների համար նոր (օդաճնշական) դողերի անդրսահմանային ապրանքային շուկայում մրցակցության վիճակը գնահատելու համար տնտեսավարող սուբյեկտները (շուկայի սուբյեկտները) ներկայացրել են տեղեկատվություն, փաստաթղթեր, տեղեկություններ և պարզաբանումներ, որոնց հիման վրա Հանձնաժողովը «ՏԴ ԿԱՄԱ» ՍՊԸ-ի գործողությունների (անգործության) մեջ նկատել է Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետով արգելված՝ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) տնտեսական գործունեության այնպիսի համակարգման հնարավոր հատկանիշներ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդատար ավտոմեքենաների համար նոր (օդաճնշական) դողերի անդրսահմանային ապրանքային շուկայի բաժանմանը՝ ըստ տարածքային սկզբունքի, ապրանքների վաճառքի կամ գնման ծավալի, իրացվող ապրանքների տեսականու կամ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) կազմի։
Արձանագրության 10-րդ կետի 1-ին ենթակետին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների քննության անցկացման կարգի (այսուհետ՝ Քննության անցկացման կարգ) 3-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝ Հանձնաժողովը 2017 թվականի մարտի 21-ին կայացրել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների նախաձեռնողական քննության անցկացման մասին որոշում՝ կապված մարդատար ավտոմեքենաների համար նոր (օդաճնշական) դողերի անդրսահմանային ապրանքային շուկայում «ՏԴ ԿԱՄԱ» ՍՊԸ-ի գործողությունների (անգործության) մեջ Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետի խախտումների հնարավոր հատկանիշներ հայտնաբերելու հետ։
Անդամ պետությունների լիազոր մարմինները (Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարությունը, Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարությունը, Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հակամենաշնորհային կարգավորման պետական գործակալությունը և Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը) Հանձնաժողով են ներկայացրել այն աշխատակիցների թեկնածությունների վերաբերյալ առաջարկներ, որոնք պատասխանատու են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների քննություն անցկացնելիս Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար ։
Քննության անցկացման կարգի 6-րդ կետին համապատասխան՝ կապված այն բանի հետ, որ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու հատկանիշների առկայության կամ բացակայության մասին եզրահանգում կատարելը թույլ տվող տեղեկատվությունը, փաստաթղթերը, տեղեկությունները և պարզաբանումները բավարար չեն, 2017 թվականի սեպտեմբերի 1-ին անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու քննություն անցկացնելու ժամկետի երկարաձգման մասին որոշմամբ` Հանձնաժողովը անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու քննություն անցկացնելու ժամկետները (այսուհետ՝ քննություն) երկարաձգել է նշված ամսաթվից 60 աշխատանքային օրով։
Արձանագրությանը, Քննության անցկացման կարգին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հունվարի 30-ի թիվ 7 որոշմամբ հաստատված՝ Մրցակցության վիճակի գնահատման մեթոդիկային (այսուհետ՝ Մեթոդիկա) համապատասխան՝ Դեպարտամենտը քննության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանցից, անդամ պետությունների մարմիններից գրավոր պահանջել է քննություն անցկացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություններ, փաստաթղթեր, տեղեկություններ և պարզաբանումներ։
Քննության և մարդատար ավտոմեքենաների համար նոր (օդաճնշական) դողերի անդրսահմանային ապրանքային շուկայում մրցակցության վիճակի՝ համապատասխան վերլուծական հաշվետվության մեջ ներկայացված գնահատման արդյունքներով, Մեթոդիկայի II բաժնի դրույթների համաձայն՝ ապրանքային շուկայի ուսումնասիրության ժամանակային միջակայքը (մարդատար ավտոմեքենաների համար նոր (օդաճնշական) դողերի անդրսահմանային ապրանքային շուկայում մրցակցության ընդհանուր կանոնների հնարավոր խախտման ժամանակահատվածը) սահմանված է 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի հունիսի 30-ը։
Մեթոդիկայի III բաժնի պահանջներին համապատասխան և մարդատար ավտոմեքենաների համար նոր (օդաճնշական) դողերի անդրսահմանային ապրանքային շուկայում մրցակցության վիճակի գնահատման արդյունքներով պատրաստված վերլուծական հաշվետվության, ինչպես նաև քննությունն անցկացնելիս և գործը քննելիս Հանձնաժողովի կողմից ստացված տեղեկատվության, փաստաթղթերի, տեղեկությունների և պարզաբանումների համաձայն՝ սահմանվել է, որ մարդատար ավտոմեքենաների համար նոր (օդաճնշական) դողերի անդրսահմանային ապրանքային շուկայի ապրանքային սահմանները մարդատար ավտոմեքենաների համար նոր (օդաճնշական) դողերն են, որոնք համապատասխանում են ԳՕՍՏ 4754-97 «Դողեր օդաճնշական մարդատար մեքենաների ու դրանց կցանքների, թեթև բեռնատար մեքենաների և հատուկ փոքր տարողության ավտոբուսների համար. Տեխնիկական պայմաններ» միջպետական ստանդարտի պահանջներին, որն ընդունվել է Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի կողմից (1997 թվականի ապրիլի 25-ի թիվ 11 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության համար, և Ռուսաստանի Դաշնության ԳՕՍՏ Ռ 52900-2007 «Օդաճնշական դողեր մարդատար ավտոմեքենաների և դրանց կցորդների համար. Տեխնիկական պայմաններ» ազգային ստանդարտի՝ որը հաստատվել է Տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 602-ստ հրամանով պահանջներին՝ Ռուսաստանի Դաշնության համար (գործողության մեջ է դրվել և կիրառվում է 2009 թվականի հունվարի 1-ից)։
Մեթոդիկայի IV բաժնի դրույթներին համապատասխան սահմանվել են ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանները, որոնք որոշված են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության վարչատարածքային սահմաններով։
Մեթոդիկայի 26-րդ կետին համապատասխան և Պայմանագրի 74-րդ հոդվածի 2-րդ կետի, 76-րդ հոդվածի 7-րդ կետի, Արձանագրության 9-րդ կետի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Շուկան անդրսահմանային համարելու չափորոշիչների (այսուհետ՝ Չափորոշիչներ) 1-ին և 2-րդ կետերի հիման վրա, մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք մարդատար ավտոմեքենաների համար նոր (օդաճնշական) դողերի մատակարարումների և երրորդ երկրների տարածքներից 2 կամ ավելի անդամ պետությունների տարածքներ նշված ապրանքի մատակարարումների առկայությունը հաստատող տեղեկատվության, փաստաթղթերի, տեղեկությունների և պարզաբանումների հիման վրա սահմանվել է, որ մարդատար ավտոմեքենաների համար նոր (օդաճնշական) դողերի ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանները համապատասխանում են Չափորոշիչներին՝ այդ շուկան անդրսահմանային համարելու մասով։
Հաշվի առնելով Մեթոդիկայի V ու VI բաժինների դրույթները և այն փաստը, որ հայտնաբերված տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) քանակը որոշված է հասանելի տեղեկատվության, փաստաթղթերի, տեղեկությունների և պարզաբանումների հիման վրա և չի կարող ընդլայնվել տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) մասին այն տեղեկատվության, փաստաթղթերի, տեղեկությունների և պարզաբանումների հաշվին, որին տիրապետում են մարդատար ավտոմեքենաների համար նոր (օդաճնշական) դողերի անդրսահմանային ապրանքային շուկայում գնորդներն ու վաճառողները, պարզվել է, որ որպես ապրանքի արտադրության և ներմուծման (առանց արտահանման) հանրագումար հաշվարկված՝ ապրանքային շուկայի ծավալը 2016 թվականի հունվարի 1-ից 2017 թվականի հունիսի 30-ը կազմել է ավելի, քան 67 216 680 նոր (օդաճնշական) դող՝ մարդատար ավտոմեքենաների համար։
Մեծածախ իրացվող՝ մարդատար ավտոմեքենաների համար նոր (օդաճնշական) դողերի անդրսահմանային ապրանքային շուկայում գործունեություն է իրականացնում ավելի, քան 266 տնտեսավարող սուբյեկտ (շուկայի սուբյեկտ), որից 15 խոշորագույն տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) բաժին է ընկնում մարդատար ավտոմեքենաների համար նոր (օդաճնշական) դողերի իրացման ծավալի ավելի, քան 92 տոկոսը՝ 2016 թվականին, և նշված ապրանքի իրացման ծավալի ավելի, քան 82 տոկոսը՝ 2017 թվականի առաջին կիսամյակում։ Մնացած տնտեսավարող սուբյեկտներին (շուկայի սուբյեկտներին) բաժին է ընկնում մարդատար ավտոմեքենաների համար նոր (օդաճնշական) դողերի իրացման ընդհանուր ծավալի 1 և ավելի քիչ տոկոսը։ Ընդ որում, տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) մեծամասնությունը ապրանքի իրացումն իրականացրել է մեկ անգամ՝ արտադրական և այլ նպատակներով։ Մեծածախ իրացվող՝ մարդատար ավտոմեքենաների համար նոր (օդաճնշական) դողերի ներմուծումը անդամ պետությունների տարածքներում 2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի հունիսի 30-ը իրականացրել է ավելի, քան 486 տնտեսավարող սուբյեկտ (շուկայի սուբյեկտ)։
Մեծածախ իրացվող՝ մարդատար ավտոմեքենաների համար նոր (օդաճնշական) դողերի՝ առավելապես անդրսահմանային ապրանքային շուկայում հիմնական գործունեություն (հաշվի առնելով անդամ պետությունների ֆիզիկական և իրավաբանական անձանց համակցությունը՝ որպես անձանց մեկ խումբ սահմանելը՝ Արձանագրության 2-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան), այդ թվում՝ ապրանքի իրացման կազմակերպում (հաշվի առնելով ապրանքի գնորդներին և ապրանքի վաճառքների տարածաշրջանները, ինչպես նաև՝ նրանց մոտ արտադրական հզորությունների առկայությունը) իրականացնող տնտեսավարող սուբյեկտներ (շուկայի սուբյեկտները) են հանդիսանում «Դողերի արտադրության ռուսական Միշլեն ընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անձանց խումբը, «Վոլթայր-Պրոմ» բաժնետիրական ընկերության անձանց խումբը, «Տոյո Թայա Ռուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անձանց խումբը, «Բելշինա» բաց բաժնետիրական ընկերության անձանց խումբը, «Պիրելլի Թայր Ռուսսիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անձանց խումբը, «ՏԴ ԿԱՄԱ» ՍՊԸ անձանց խումբը, «Կորդիանտ» բաժնետիրական ընկերության անձանց խումբը և «Կոնտինենտալ Թայրս Ռուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անձանց խումբը։
Ստացված տեղեկատվության, փաստաթղթերի, տեղեկությունների և պարզաբանումների հիման վրա քննության ընթացքում պարզվել է, որ «ՏԴ ԿԱՄԱ» ՍՊԸ-ն կնքել է պայմանագրեր, որոնցով նախատեսվում է մարդատար ավտոմեքենաների համար նոր (օդաճնշական) դողերի մեծածախ իրացումը Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության տարածքներում գրանցված տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից։ Նշված պայմանագրերով պարտավորությունների կատարման շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունից մյուս անդամ պետություններ մարդատար ավտոմեքենաների համար նոր (օդաճնշական) դողերի մատակարարում է իրականացվել։
Պայմանագրերի դրույթների վերլուծությունը ցույց է տվել, որ մարդատար ավտոմեքենաների համար նոր (օդաճնշական) դողերի մեծածախ իրացման դեպքում Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության տարածքներում գրանցված տնտեսավարող սուբյեկտներին (շուկայի սուբյեկտներին) է վերապահվում պարտականություն՝ չիրականացնել նշված դողերի հետագա իրացում այն անդամ պետության վարչատարածքային սահմաններից դուրս, որի տարածքում գրանցված է համապատասխան տնտեսավարող սուբյեկտը (շուկայի սուբյեկտը)։
Պայմանագրերով նաև նախատեսվել է մարդատար ավտոմեքենաների համար նոր (օդաճնշական) դողերի իրացման տարածքի մասին հիմնադրույթը տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից խախտվելու դեպքում այդ տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) նկատմամբ համապատասխան տարածքի սահմաններից դուրս բեռնառաքված արտադրանքի արժեքի 100 տոկոսի չափով տուգանային պատժամիջոց նշանակելու «ՏԴ ԿԱՄԱ» ՍՊԸ-ի իրավունքը, ինչպես նաև՝ համապատասխան գնորդին արտադրանքի բեռնառաքումը դադարեցնելու իրավունքը՝ առանց մատակարարումը չիրականացնելու հետևանքով «ՏԴ ԿԱՄԱ» ՍՊԸ-ի նկատմամբ որևէ պատասխանատվություն սահմանելու։
Պայմանագրերի դրույթներով նաև նախատեսվել է գնորդների (Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության տարածքներում գրանցված և «ՏԴ ԿԱՄԱ» ՍՊԸ-ից արտադրանք ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների)) պատասխանատվությունն այն երրորդ անձանց գործողությունների համար, որոնք գնորդից ձեռք բերված արտադրանքի հետագա իրացում են իրականացրել այն անդամ պետության տարածքի սահմաններից դուրս, որի տարածքում գրանցված է գնորդը։
Պայմանագրերի նշված դրույթները՝ այդ դրույթների խախտման համար գնորդների (Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության տարածքներում գրանցված տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների)) նկատմամբ պատասխանատվություն սահմանելու «ՏԴ ԿԱՄԱ» ՍՊԸ-ի իրավունքի հետ միասին հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել «ՏԴ ԿԱՄԱ» ՍՊԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության տարածքներում գրանցված այն տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) գործողությունների համակարգմանը, որոնք ընդգրկված չեն «ՏԴ ԿԱՄԱ» ՍՊԸ-ի հետ անձանց մեկ խմբում և գործունեություն չեն իրականացնում այն ապրանքային շուկայում (շուկաներում), որտեղ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) գործողությունների համակարգում է իրականացվում։ «ՏԴ ԿԱՄԱ» ՍՊԸ-ի նշված գործողությունները Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետի խախտման հնարավոր հատկանիշներ են, որոնք դրսևորվել են տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) տնտեսական գործունեության համակարգում իրականացնելու առևտրային կազմակերպության արգելքի խախտման ձևով այն դեպքում, երբ նման համակարգումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ապրանքային շուկայի բաժանմանը՝ ըստ տարածքային սկզբունքի, ապրանքների վաճառքի կամ գնման ծավալի, իրացվող ապրանքների տեսականու կամ վաճառողների, կամ գնորդների (պատվիրատուների) կազմի։
Նկատի ունենալով Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետի խախտման հատկանիշների առկայությունը՝ 2017 թվականի նոյեմբերի 17-ին Հանձնաժողովի կողմից գործ է հարուցվել, և ստեղծվել է Գործի քննության հարցերով հանձնաժողով, ինչի մասին համապատասխան որոշում է կայացվել։
Պայմանագրի 74-րդ հոդվածի 2-րդ կետի, 76-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերի, Արձանագրության 2-րդ կետի 10-րդ և 17-րդ ենթակետերի և Չափորոշիչների բովանդակության իրավաբանական և լեզվաբանական անորոշության հետ կապված՝ Գործի քննության հարցերով հանձնաժողովի կողմից 2018 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ նշանակվել է Միության իրավունքի մեջ մտնող ակտերի նշված դրույթների լեզվաբանական փորձաքննություն, որի անցկացման համար որպես փորձագիտական կազմակերպություններ նշանակվել են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան, Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիան, Բելառուսի Հանրապետության օրենսդրության և իրավական հետազոտությունների ազգային կենտրոնը, Ղազախստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան, Ղրղզստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիան և Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր օրենսդրության և համեմատական իրավագիտության ինստիտուտը։
Փորձագիտական կազմակերպությունները, ելնելով Միության իրավունքի մեջ մտնող ակտերի նշված կետերի բովանդակության քերականական, բառային և իմաստաբանական վերլուծությունից, պետք է ներկայացնեին հետևյալ հարցերի՝ տարբերությունների առկայությանն առնչվող պատասխանները․
Արձանագրության 2-րդ կետի 10-րդ և 17-րդ ենթակետերի իրավական կարգադրությունների միջև,
«գործողությունների համաձայնեցում» և «պայմանավորվածություն» կատեգորիաների միջև եւ Չափորոշիչների 2-րդ կետի, 3-5-րդ կետերի իրավական կարգադրությունների միջև՝ դրանց համակարգային ընթերցմամբ, և Պայմանագրի 74-րդ հոդվածի 2-րդ կետի, 76-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերի դրույթների իրավական կարգադրությունների միջև։
Հանձնաժողովում ստացված՝ Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի 2018 թվականի մայիսի 16-ի թիվ 30-08/2602 եզրակացության համաձայն՝ «տնտեսական գործունեության համակարգում» և «համաձայնություն» հասկացություններն իրենց բովանդակությամբ չեն համընկնում։ «Տնտեսական գործունեության համակարգում» հասկացությունը մատնանշում է շահագրգիռ կողմերի կողմից իրենց գործողությունների համաձայնեցման անհրաժեշտությունը, ինչի արդյունքը պետք է դառնա որոշակի պայմանավորվածությունը կամ համաձայնությունը։ «Համաձայնություն» հասկացությունը նշանակում է բանակցային գործընթացի գրավոր կամ բանավոր ամրագրված արդյունք։ «Գործողությունների համաձայնեցում» և «պայմանավորվածություն» հասկացությունները տարբերվում են իրենց բովանդակությամբ։ «Գործողությունների համաձայնեցում» հասկացությունը բնութագրում է գործընթաց (կողմերի գործողությունները սահմանված պահանջներին համապատասխանեցնելը)։ «Պայմանավորվածություն» հասկացությունը նշանակում է բանակցությունների արդյունքում գրավոր կամ բանավոր ձևով ձեռք բերված համաձայնություն։ Չափորոշիչների 2-րդ կետի, 3-5-րդ կետերի իրավական կարգադրությունների միջև՝ դրանց համակարգային ընթերցմամբ, և Պայմանագրի 74-րդ հոդվածի 2-րդ կետի, 76-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերի դրույթների իրավական կարգադրությունների միջև տարբերությունների մասին հարցը լեզվաբանների իրավասության շրջանակներում չէ։
Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր օրենսդրության և համեմատական իրավագիտության ինստիտուտի՝ 2018 թվականի մայիսի 8-ի թիվ 01-17/12 գրությամբ ներկայացված եզրակացության մեջ նաև նշվում է, որ «համաձայնություն» և «տնտեսական գործունեության համակարգում» հասկացությունների սահմանումների իմաստաբանական վերլուծության հիման վրա սահմանվել են համաձայնությունների և համակարգման մասնակիցների տարբեր կարգավիճակներ․ վերջին դեպքում համակարգողը (Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ ֆիզիկական անձը, առևտրային կազմակերպությունը կամ ոչ առևտրային կազմակերպությունը) որպես համաձայնության կողմ հանդես չի գալիս և գործունեություն չի իրականացնում այն ապրանքային շուկայում, որտեղ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) գործողությունների համաձայնեցում է իրականացվում։ Եզրակացության մեջ նշվում է, որ Պայմանագրում «գործողությունների համաձայնեցում» և «պայմանավորվածություն» հասկացությունները սահմանված չեն։ Փորձագետների կարծիքով՝ Արձանագրության մեջ օգտագործվող «պայմանավորվածություն» հասկացության իրավական վերլուծությունը թույլ է տալիս պայմանավորվածությունը սահմանել որպես որևէ օբյեկտի նկատմամբ փոխադարձ համաձայնություն, մինչդեռ «գործողությունների համաձայնեցում» հասկացությունը նշանակում է որոշակի արդյունքի հասնելուն ուղղված՝ հատուկ կազմակերպված գործունեության առկայություն․ բացի այդ՝ Միության իրավունքի մեջ մտնող ակտերում նշվում է, որ Արձանագրության 2-րդ կետի 10-րդ ենթակետում խոսքը երրորդ անձի կողմից գործողությունների համաձայնեցման մասին է։ Այսպիսով, փորձագետները հանգել են այն եզրակացության, որ պայմանավորվածությունը, որպես համաձայնության հիմք, կարող է հանդես գալ այնպիսի ձևով, որի շրջանակներում իրականացվում է գործողությունների համաձայնեցումը, ընդ որում՝ պայմանավորվածությունը կարող է լինել գրավոր կամ բանավոր և հանդես գալ որպես պայմանավորվող կողմերի գործունեության համար իրավական հիմք՝ նրանց փոխադարձ իրավունքներին և պարտականություններին համապատասխան։ Նշված եզրակացության մեջ նշվում է, որ Չափորոշիչների 2-րդ կետի և 3-5-րդ կետերի իրավական կարգադրությունների անցկացված վերլուծությունը՝ դրանց համակարգային ընթերցմամբ, և Պայմանագրի 74-րդ հոդվածի 2-րդ կետի, 76-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերի դրույթների իրավական կարգադրությունների անցկացված վերլուծությունը թույլ է տալիս հանգել եզրակացության՝ Միության իրավունքի մեջ մրցակցության ընդհանուր կանոնների արգելքների և սահմանափակումների տարբեր իրավաբանական կազմերի առկայության մասին, ընդ որում՝ նշվում է, որ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխարգելման մասով Հանձնաժողովի իրավասության իրականացման ընթացքում պետք է հաշվի առնվի Պայմանագրի 76-րդ հոդվածով նախատեսված արգելքներից յուրաքանչյուրի առանձնահատկությունը (այդ թվում՝ «տնտեսական գործունեության համակարգում» և «համաձայնություն» հասկացություններում պարունակվող իրավաբանական հատկանիշների տարբերությունները)։ Պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված մրցակցության ընդհանուր կանոնների՝ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների), ինչպես նաև անդամ պետությունների ֆիզիկական անձանց և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից խախտումների կանխարգելումը Հանձնաժողովի կողմից իրականացվում է այն դեպքում, երբ այդ խախտումները անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա ունեն կամ կարող են ունենալ բացասական ազդեցություն՝ բացառությամբ անդրսահմանային ֆինանսական շուկաներում մրցակցության վրա բացասական ազդեցություն ունեցող խախտումների, որոնց կանխարգելումն իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
Ղրղզստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան 2018 թվականի հունիսի 14-ի թիվ 01-2140/594 գրության մեջ և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը 2019 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 2476-56 գրության մեջ չեն ներկայացրել առաջադրված հարցերի վերաբերյալ եզրակացություն։ Ղազախստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան նույնպես եզրակացություն չի ներկայացրել։
2019 թվականի հուլիսի 31-ին Հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության դատարան (այսուհետ՝ Միության դատարան) է դիմել Պայմանագրի և Չափորոշիչների դրույթների պարզաբանման մասին թիվ СТ-1824/03 դիմումով, որում նշել էր, որ Պայմանագրի 76-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների), ինչպես նաև՝ անդամ պետությունների՝ ձեռնարկատիրական գործունեություն չիրականացնող ֆիզիկական անձանց և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից Պայմանագրի XVIII բաժնով սահմանված մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխարգելումն այն դեպքում, երբ այդ խախտումները 2 և ավելի անդամ պետությունների տարածքներում՝ անդրսահմանային շուկաներում (բացառությամբ ֆինանսական շուկաների) մրցակցության վրա ունեն կամ կարող են ունենալ բացասական ազդեցություն, իրականացվում է Հանձնաժողովի կողմից Արձանագրությամբ նախատեսված կարգով։ Արձանագրության 8-րդ կետի համաձայն՝ Պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխարգելումն անդամ պետությունների տարածքներում իրականացվում է անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից։
Արձանագրության 9-րդ կետին համապատասխան Պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխարգելումը Հանձնաժողովի կողմից իրականացվում է այն դեպքում, երբ նման խախտումները անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա ունեն կամ կարող են ունենալ բացասական ազդեցություն։ Արձանագրության 10-րդ կետով սահմանված լիազորությունները Հանձնաժողովի կողմից իրականացնելու ընթացքում ծագել է հարց՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների տարանջատման մասին, որոնց արգելքը սահմանված է Պայմանագրի 76-րդ հոդվածի 4-րդ («ուղղահայաց» համաձայնությունների կնքումը) և 6-րդ (տնտեսական գործունեության համակարգման իրականացումը) կետերով, այդ թվում՝ նշված խախտումներից վերջինի առնչությամբ Չափորոշիչների 2-րդ կետի կիրառման հնարավորության մասին։ Ընդ որում, Չափորոշիչների 3-5-րդ կետերով նախատեսված են պայմաններ, որոնց դեպքում Հանձնաժողովի կողմից իրականացվում է տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից Պայմանագրի 76-րդ հոդվածի 1-5-րդ կետերով նախատեսված խախտումների արգելքների կանխարգելումը։ Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված խախտումների կանխարգելման մասով Հանձնաժողովի լիազորությունների իրականացման հատուկ պայմաններ Չափորոշիչներում բացակայում են։
Այդ կապակցությամբ Հանձնաժողովն իր դիմումի մեջ Միության դատարանին խնդրել է պարզաբանել Պայմանագրի և Չափորոշիչների հետևյալ դրույթները (ներկայացվում են դիմումի մեջ ձևակերպմանը համապատասխան)․
Չափորոշիչների 2-րդ կետը՝ մրցակցության ընդհանուր կանոնների՝ Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված խախտման կանխարգելման դեպքում Հանձնաժողովի իրավասությունը սահմանելու մասով՝ հաշվի առնելով այն, որ Չափորոշիչների 3-5-րդ կետերը կիրառվում են Պայմանագրի 76-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված խախտումների կանխարգելման դեպքում, իսկ Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետի մասով նման լրացուցիչ չափորոշիչ սահմանված չէ․
Պայմանագրի 76-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերը՝ դրանց համակարգային փոխկապվածության և տվյալ կետերով նախատեսված արգելքների հարաբերակցության մեջ, այդ թվում՝ Պայմանագրի 76-րդ հոդվածի նշված կետերով սահմանված խախտումների նշված տարրերի տարանջատման հնարավորության և հիմքերի մասով։
Ղեկավարվելով Եվրասիական տնտեսական միության դատարանի ստատուտի (Պայմանագրի թիվ 2 հավելված) 50-րդ կետով՝ Միության դատարանի մեծ կոլեգիան 2018 թվականի դեկտեմբերի 17-ին պարզաբանել է Պայմանագրի և Միության մարմինների ակտերի դրույթները դրանց համակարգային փոխկապվածության մեջ՝ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների և նորմերի հիման վրա՝ հաշվի առնելով «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» 1969 թվականի մայիսի 23-ի Վիեննայի կոնվենցիայի 31-րդ հոդվածի դրույթները, և նշված հարցերի մասով խորհրդատվական եզրակացություն է կայացրել։
Միության դատարանի մեծ կոլեգիայի խորհրդատվական եզրակացության համաձայն՝ Միության իրավունքում «մրցակցություն» ասելով պետք է հասկանալ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) մրցություն, որի արդյունքում նրանցից յուրաքանչյուրի ինքնուրույն գործողությունների շնորհիվ բացառվում կամ սահմանափակվում են համապատասխան ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա նրանցից յուրաքանչյուրի միակողմանի ազդելու հնարավորությունը (Արձանագրության 2-րդ կետի 8-րդ ենթակետ)։
Պայմանագրի 74-րդ հոդվածի 1-ին կետի ուժով մրցակցության ընդհանուր սկզբունքներն ու կանոններն ուղղված են անդամ պետությունների տարածքներում հակամրցակցային գործողությունների ու 2 և ավելի անդամ պետությունների տարածքներում՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա բացասական ազդեցություն ունեցող գործողությունների բացահայտման և կանխարգելման ապահովմանը։
Մրցակցության ընդհանուր կանոնները ձևակերպված են Պայմանագրի 76-րդ հոդվածում՝ գերիշխող դիրքի չարաշահման (1-ին կետ), անբարեխիղճ մրցակցության (2-րդ կետ), մրցակիցների միջև համաձայնությունների (3-րդ կետ), «ուղղահայաց» համաձայնությունների (4-րդ կետ), այլ համաձայնությունների (5-րդ կետ) և տնտեսական գործունեության համակարգման իրականացման (6-րդ կետ) արգելքների ձևով։
Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետի հիման վրա՝ անդամ պետությունների ֆիզիկական անձանց, առևտրային կազմակերպություններին և ոչ առևտրային կազմակերպություններին արգելվում է տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) տնտեսական գործունեության համակարգում իրականացնել այն դեպքում, երբ այդպիսի համակարգումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերում նշված այն հետևանքներից ցանկացածին, որոնք չեն կարող ճանաչվել թույլատրելի՝ Արձանագրությամբ սահմանված թույլատրելիության չափորոշիչներին համապատասխան։
Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան՝ արգելվում են մրցակիցներ հանդիսացող և մեկ ապրանքային շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև այնպիսի համաձայնությունները, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել նաև ապրանքային շուկայի բաժանմանը՝ ըստ տարածքային սկզբունքի, ապրանքների վաճառքի կամ գնման ծավալի, իրացվող ապրանքների տեսականու կամ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) կազմի։
Բացի այդ՝ Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետի հիման վրա անդամ պետություններն իրավասու են իրենց օրենսդրության մեջ սահմանելու տնտեսական գործունեության համակարգման արգելք այն դեպքում, երբ այդ համակարգումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել այն հետևանքներին, որոնք նշված են նաև Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետում և չեն կարող թույլատրելի ճանաչվել՝ Արձանագրությամբ սահմանված թույլատրելիության չափորոշիչներին համապատասխան։
Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ արգելվում են տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև այլ համաձայնություննեը՝ բացառությամբ Արձանագրությամբ սահմանված թույլատրելիության չափորոշիչներին համապատասխան թույլատրելի ճանաչվող «ուղղահայաց» համաձայնությունների, այն դեպքում, երբ պարզվել է, որ այդպիսի համաձայնությունները հանգեցնում են կամ կարող են հանգեցնել անդրսահմանային շուկաներում մրցակցության սահմանափակմանը։
Նշված նորմերը վկայում են այն մասին, որ Միության իրավունքով արգելված է տնտեսական գործունեության այն համակարգումը, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել անդրսահմանային շուկաներում մրցակցության համար բացասական այն հետևանքների վրա հասնելուն, որոնք համանման են Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով արգելված համաձայնությունների (մրցակիցների միջև համաձայնություններ և «ուղղահայաց» համաձայնություններ) հետևանքներին։
Արձանագրության 2-րդ կետի 10-րդ ենթակետին համապատասխան՝ «տնտեսական գործունեության համակարգում» ասելով՝ պետք է հասկանալ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) գործողությունների համաձայնեցում այնպիսի երրորդ անձի կողմից, որը նման տնտեսավարող սուբյեկտներից (շուկայի սուբյեկտներից) ոչ մեկի հետ չի ընդգրկվում անձանց մի խմբում և գործունեություն չի իրականացնում այն ապրանքային շուկայում (շուկաներում), որում իրականացվում է տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) գործողությունների համաձայնեցումը։
Արձանագրության 2-րդ կետի 10-րդ ենթակետի և Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթների վերլուծությունը Միության դատարանի մեծ կոլեգիային թույլ է տվել առանձնացնել Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված արգելքի շրջանակների մեջ մտնող տնտեսական գործունեության համակարգման հետևյալ բնորոշող հատկանիշները՝
տնտեսական գործունեության համակարգումն իրականացվում է երրորդ անձի կողմից, և որպես երրորդ անձ կարող է հանդես գալ անդամ պետության ֆիզիկական անձը, առևտրային կազմակերպությունը կամ ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ համակարգող).
համակարգողը նույն խմբի մեջ չի ընդգրկվում տնտեսավարող սուբյեկտներից (շուկայի սուբյեկտներից) ոչ մեկի հետ, որոնց գործողությունները համաձայնեցվում են, և չի իրականացնում գործունեություն այն ապրանքային շուկայում (շուկաներում), որտեղ իրականացվում է տնտեսական գործունեության համակարգումը․
համակարգողի գործողություններն ուղղված են առնվազն 2 տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) տնտեսական գործունեության համաձայնեցմանը (համակարգմանը)․
տնտեսական գործունեության համակարգումն արտահայտվում է տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) վրա համակարգողի նպատակային ազդեցությամբ՝ նրանց մոտ վարքագծի որոշակի մոդելի ձևավորման և ապրանքային շուկայում մրցակցության վրա ազդելու նպատակով։
Արձանագրության 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ «ուղղահայաց համաձայնություն» ասելով՝ պետք է հասկանալ համաձայնությունն այն տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև, որոնցից մեկը ձեռք է բերում ապրանքը կամ դրա հավանական ձեռք բերողն է, իսկ մյուսը մատակարարում է ապրանքը կամ դրա հավանական վաճառողն է։
Արձանագրության 2-րդ կետի 1-ին ենթակետի և Պայմանագրի 76-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթների վերլուծությունը Միության դատարանի մեծ կոլեգիային թույլ է տվել հանգել այն եզրակացության, որ «ուղղահայաց»-ը մեկ ապրանքային շուկայի կառուցվածքում՝ տարբեր մակարդակներում գտնվող առնվազն 2 տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից իրենց գործողությունների համաձայնեցումն է։
Հաշվի առնելով շարադրվածը՝ Միության դատարանի մեծ կոլեգիան փաստել է Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան արգելված տնտեսական գործունեության համակարգման և Պայմանագրի 76-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան արգելված «ուղղահայաց» համաձայնությունների տարանջատման հետևյալ հիմնական չափորոշիչների առկայությունը՝
ըստ իրավախախտման սուբյեկտի՝
տնտեսական գործունեության համակարգման արգելքը հասցեագրված է մեկ տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի), որի կարգավիճակում կարող է հանդես գալ անդամ պետության ցանկացած ֆիզիկական անձ, առևտրային կազմակերպություն կամ ոչ առևտրային կազմակերպություն,
«ուղղահայաց» համաձայնությունների արգելքը հասցեագրված է առնվազն 2 տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների)․
ըստ ապրանքային շուկայի կառուցվածքում տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) ունեցած դիրքի՝
համակարգողն այն ապրանքային շուկայի մասնակից չէ, որտեղ իրենց գործունեությունն են իրականացնում նրա կողմից համակարգվող տնտեսավարող սուբյեկտները (շուկայի սուբյեկտները),
«ուղղահայաց» համաձայնության մասնակիցները գործունեություն են իրականացնում մեկ ապրանքային շուկայի կառուցվածքում՝ տարբեր մակարդակներում․
ըստ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) փոխգործակցության բնույթի՝
համակարգողը համաձայնեցնում է այլ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) գործողությունները,
«ուղղահայաց» համաձայնության մասնակիցները ձեռք են բերում փոխադարձ պայմանավորվածություն՝ ապրանքային շուկայում իրենց տնտեսական գործունեության պայմանների վերաբերյալ։
Այսպիսով, Պայմանագրի 76-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերի, Արձանագրության 2-րդ կետի 1-ին և 10-րդ ենթակետերի դրույթների վերլուծությունը Միության դատարանի մեծ կոլեգիային թույլ է տվել հանգել այն եզրակացության, որ արգելված «ուղղահայաց» համաձայնությունը և տնտեսական գործունեության արգելված համակարգումը մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների 2 ինքնուրույն տարրեր են, որոնց նկատմամբ արգելքը սահմանված է Միության իրավունքով։
Ուսումնասիրելով Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան արգելված տնտեսական գործունեության համակարգման ձևով արտահայտված՝ մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու կանխարգելման մասով Հանձնաժողովի լիազորությունների մասին հարցը՝ Միության դատարանի մեծ կոլեգիան նշել է, որ լինելով Միության մարմին՝ Հանձնաժողովը գործում է իր լիազորությունների շրջանակներում, որոնք նրան վերապահված են Պայմանագրով և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով (Պայմանագրի 8-րդ հոդվածի 2-րդ կետ)։
Պայմանագրի XVIII բաժնով սահմանված՝ մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու կանխման մասով լիազորությունները Հանձնաժողովին են վերապահվել Պայմանագրի 76-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան։
Նշված նորմին համապատասխան՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից այն դեպքում, երբ այդ խախտումներն ունեն կամ կարող են ունենալ բացասական ազդեցություն 2 և ավելի անդամ պետությունների տարածքներում անդրսահմանային շուկաներում (բացառությամբ ֆինանսական շուկաների) մրցակցության վրա՝ Արձանագրությամբ նախատեսված կարգով։
Արձանագրության 8-րդ և 9-րդ կետերի համեմատական վերլուծության հիման վրա՝ Միության դատարանի մեծ կոլեգիան հանգել է այն եզրակացության, որ մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխարգելումն իրականացվում է ազգային մակարդակով՝ անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից, և վերազգային մակարդակով՝ Հանձնաժողովի կողմից։ Ընդ որում, անդամ պետության լիազորված մարմնի և Հանձնաժողովի իրավասության տարանջատումը տեղի է ունենում՝ մեկ անդամ պետության շուկայում մրցակցության վրա կամ 2 և ավելի անդամ պետությունների տարածքներում՝ անդրսահմանային շուկայում մրցակցության վրա մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու բացասական ազդեցությամբ պայմանավորված։
Հաշվի առնելով, որ Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետի (տնտեսական գործունեության համակարգում իրականացնելու արգելք) առնչությամբ մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու կանխարգելման մասով անդամ պետության լիազորված մարմնի և Հանձնաժողովի իրավասության տարանջատման լրացուցիչ պայման Չափորոշիչներում սահմանված չէ, տնտեսական գործունեության արգելված համակարգում իրականացնելու ձևով արտահայտված՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտումը կանխարգելելու դեպքում, նշված խախտման կանխարգելման մասով իրավասությունը տարանջատելու դեպքում անդամ պետությունների լիազորված մարմինները և Հանձնաժողովը պետք է առաջնորդվեն Չափորոշիչների 2-րդ կետով նախատեսված ընդհանուր կանոնով և շուկան համարեն անդրսահմանային՝ պայմանով, որ ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանները 2 և ավելի անդամ պետությունների տարածք են ընդգրկում։
Քննություն անցկացնելիս և գործը քննելիս Հանձնաժողովի կողմից ստացված տեղեկատվության, փաստաթղթերի, տեղեկությունների և պարզաբանումների համաձայն, Արձանագրության 2-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան՝ «ՏԴ ԿԱՄԱ» ՍՊԸ-ի անձանց խմբում ընդգրկված են՝ «Տատնեֆտ» հրապարակային բաժնետիրական ընկերությունը, «Նիժնեկամսկշինա» հրապարակային բաժնետիրական ընկերությունը, «Նիժնեկամսկի տեխնիկական ածխածնի գործարան» բաժնետիրական ընկերությունը, «Նիժնեկամսկի մեխանիկական գործարան» բաժնետիրական ընկերությունը, «Յարպոլիմերմաշ-Տատնեֆտ» բաժնետիրական ընկերությունը, «Տատնեֆտ-Նեֆտեխիմսնաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Նիժնեկամսկի բեռնատար անվադողերի գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Նիժնեկամսկի ՑՄԿ անվադողերի գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ««Կամա» գիտատեխնիկական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Էներգոշինսերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ««Շիննիկ» Սոցկենցսպասարկում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ««Շիննիկ» Սննդի կոմբինատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Կամա-Յուգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Կամա-Նևա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ««Կամա-Ցենտր» առևտրի տուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Կամա-Նիժնեկամսկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Կամա-Սանկտ Պետերբուրգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Կամա-Ուրալ-Եկատերինբուրգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ««Կամա-Ղազախստան» առևտրի տուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցությունը, «Կամա-Սամարա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «ԿաՄաՌետրեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Կամա-Նաբերեժնիե Չելնի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Պրոֆ-Շիպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և «Կամա-Կրասնոդար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ ԿԱՄԱ շուկայի սուբյեկտ)։
Արձանագրության 2-րդ կետի 5-րդ ենթակետի իններորդ պարբերությանը համապատասխան՝ անձանց խումբը դիտվում է որպես միասնական տնտեսավարող սուբյեկտ (շուկայի սուբյեկտ), տնտեսավարող սուբյեկտներին (շուկայի սուբյեկտներին) առնչվող՝ Պայմանագրի XVIII բաժնի դրույթները և Արձանագրության դրույթները տարածվում են անձանց խմբի վրա՝ բացառությամբ Արձանագրությամբ նախատեսված դեպքերի։ Արձանագրությունը չի սահմանում Արձանագրության 2-րդ կետի 5-րդ ենթակետի դրույթների կիրառման բացառությունները՝ Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետով արգելված տնտեսական գործունեության համակարգման դեպքերի համար։
«ՏԴ ԿԱՄԱ» ՍՊԸ-ի և «ՏԴ ԿԱՄԱ» ՍՊԸ-ի հետ անձանց մեկ խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից ներկայացված տեղեկատվության, փաստաթղթերի, տեղեկությունների և պարզաբանումների համաձայն՝ նշված տնտեսավարող սուբյեկտները (շուկայի սուբյեկտները) իրականացնում են մարդատար ավտոմեքենաների համար նոր (օդաճնշական) դողերի ինչպես մեծածախ իրացման գործունեություն՝ հետագա վերավաճառքի կամ արտադրական օգտագործման նպատակներով, այնպես էլ այն մանրածախ շուկաներում, որտեղ իրականացվում է մեկ ապրանքի վաճառք՝ առավելապես անձնական օգտագործման համար։
Գործերի քննության կարգին համապատասխան գործով ապացույցները հետազոտելուց, գործի քննությանը մասնակցող անձանց կարծիքները, փորձագետների եզրակացությունները շարադրելուց, Գործի քննության հարցերով հանձնաժողովի կողմից ուսումնասիրվող հանգամանքների մասին տեղեկություններին տիրապետող անձանց հարցում անցկացնելուց հետո (այդ թվում՝ հաշվի առնելով Միության դատարանի մեծ կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 17-ի խորհրդատվական եզրակացությունը) պարզվել է հետևյալը՝
ԿԱՄԱ շուկայի սուբյեկտը անդրսահմանային շուկայում իրականացնում է մարդատար ավտոմեքենաների համար նոր (օդաճնշական) դողերի ինչպես մեծածախ իրացում՝ դրանց հետագա վերավաճառքի կամ արտադրական օգտագործման նպատակներով, այնպես էլ այն մանրածախ շուկաներում, որտեղ իրականացվում է մեկ ապրանքի վաճառք՝ առավելապես անձնական օգտագործման համար, հետևաբար ԿԱՄԱ շուկայի սուբյեկտն այն ապրանքային շուկայի մասնակից է, որտեղ իրականացվում է համակարգվող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) գործունեությունը․
պայմանագրում սահմանված տարածքից դուրս ապրանքի իրացման արգելքը ներառված է «ՏԴ ԿԱՄԱ» ՍՊԸ-ի կողմից տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) հետ կնքված պայմանագրերում, և ոչ թե «ՏԴ ԿԱՄԱ» ՍՊԸ-ի հետ պայմանագրային հարաբերությունների բացակայության դեպքում «ՏԴ ԿԱՄԱ» ՍՊԸ-ի կոնտրագենտների գործողությունները «ՏԴ ԿԱՄԱ» ՍՊԸ-ի հետ համաձայնեցնելու արդյունք է։
Հանձնաժողովը հանգել է այն եզրակացության, որ «ՏԴ ԿԱՄԱ» ՍՊԸ-ի գործողություններում բացակայում է Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետի խախտումը, որն արտահայտվել է տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) տնտեսական գործունեության՝ նշված կետին համապատասխան արգելված «ՏԴ ԿԱՄԱ» ՍՊԸ-ի կողմից այն համակարգումն իրականացնելու ձևով, որով նախատեսվել է ապրանքային շուկայի բաժանում՝ ըստ տարածքային սկզբունքի, ապրանքների վաճառքի կամ գնման ծավալի, իրացվող ապրանքների տեսականու կամ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) կազմի՝ 2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում։
Ղեկավարվելով Արձանագրության 10-րդ կետի 3-րդ ենթակետով, Գործերի քննության կարգի 44-րդ կետով և 46-րդ կետի 1-ին ենթակետով՝ Հանձնաժողովի կոլեգիան որոշեց,
1․ Դադարեցնել «ՏԴ ԿԱՄԱ» ՍՊԸ-ի նկատմամբ մարդատար ավտոմեքենաների համար նոր (օդաճնշական) դողերի անդրսահմանային ապրանքային շուկայում մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու վերաբերյալ գործի քննությունը՝ նրա գործողություններում Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետի խախտման բացակայության կապակցությամբ։
2․ Սույն որոշումը կարող է սահմանված կարգով բողոքարկվել Միության դատարանում։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: