ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Սույն օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, սննդի շղթայի և առևտրի ու հանրային սննդի ոլորտում ծառայությունների մատուցման փուլերում անվտանգությանն առնչվող հարաբերությունները, ինչպես նաև ամրագրում է պետության կողմից նախատեսվող մարդու առողջության պաշտպանության երաշխիքները սննդամթերքի և սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի վնասակար ու վտանգավոր ազդեցությունից:
Հոդված 2. |
Հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) լիազոր մարմին՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը.
2) սննդային արտադրանք (այսուհետ` սննդամթերք)` կենդանական, բուսական, մանրէաբանական, հանքային, արհեստական կամ կենսատեխնոլոգիական ծագման մթերք` բնական, մշակված կամ վերամշակված տեսքով, նախատեսված մարդու կողմից սննդի մեջ օգտագործման համար, ներառյալ` հատուկ նշանակության սննդամթերքը, շշալցված խմելու ջուրը, շշալցված խմելու հանքային ջուրը, ալկոհոլային արտադրանքը (ներառյալ` գարեջուրը և գարեջրի հիմքով ըմպելիքները), ոչ ալկոհոլային ըմպելիքները, կենսաբանական ակտիվ հավելումները, ծամոնը, միկրոօրգանիզմների ելակետային կուլտուրաները և մակարդը, խմորիչները, սննդային հավելումները և համաբուրավետիչները, ինչպես նաև պարենային (սննդային) հումքը.
3) պարենային (սննդային) հումք` կենդանական, բուսական, մանրէաբանական, հանքային, արհեստական կամ կենսատեխնոլոգիական ծագման հումք և խմելու ջուր, որոնք օգտագործվում են սննդամթերքի արտադրության (պատրաստման) համար.
4) սննդամթերքի բաղադրիչ (սննդի բաղադրամաս)` մթերք կամ նյութ (ներառյալ` սննդային հավելումները, համաբուրավետիչները), որոնք բաղադրատոմսի պատրաստման կանոններին համապատասխան օգտագործվում են սննդամթերքի արտադրության (պատրաստման) ժամանակ և կազմում են դրա բաղադրիչ մասը.
5) հատուկ նշանակության սննդամթերք` սննդամթերք, որի համար սահմանված են առանձին նյութերի կամ բոլոր նյութերի և բաղադրիչների պարունակությանը և (կամ) դրանց հարաբերակցությանը ներկայացվող պահանջներ, կամ որի համար փոփոխված է առանձին նյութերի պարունակությունը և (կամ) դրանց հարաբերակցությունը` ի համեմատություն այդպիսի սննդամթերքում դրանց բնական պարունակությանը, և (կամ) որի բաղադրության մեջ ներառված են սկզբնապես ոչ առկա նյութեր կամ բաղադրիչներ (բացի սննդային հավելումներից և համաբուրավետիչներից), և (կամ) որի համար արտադրողը հայտարարագրում է դրանց բուժիչ և (կամ) կանխարգելիչ հատկությունների մասին, և որը նախատեսված է մարդկանց առանձին կատեգորիաների կողմից այդ սննդամթերքի օգտագործման համար.
6) հարստացված սննդամթերք` սննդամթերք, որում ավելացված են մեկ կամ ավելի սննդային և (կամ) կենսաբանական ակտիվ նյութեր և (կամ) պրոբիոտիկ միկրոօրգանիզմներ, որոնք ի սկզբանե առկա չեն կամ առկա են անբավարար քանակությամբ կամ քայքայվել են տեխնոլոգիական գործընթացի ժամանակ (արտադրության ընթացքում) և արտադրողի կողմից երաշխավորված հարստացման համար օգտագործված յուրաքանչյուր սննդային կամ կենսաբանական ակտիվ նյութերի պարունակությունը հասցված է այն մակարդակին, որը համապատասխանում է սննդամթերքի սննդային կամ այլ տարբերակիչ հատկանիշների աղբյուր հանդիսացող սննդամթերքի համար սահմանված չափանիշներին, իսկ սննդային և (կամ) ակտիվ նյութերի պարունակության առավելագույն մակարդակը չպետք է գերազանցի դրանց օգտագործման անվտանգ վերին մակարդակը` բոլոր հնարավոր աղբյուրներով ստացման դեպքերում (այդպիսի մակարդակների առկայության դեպքում).
7) սննդի շղթա (սննդի ոլորտ)` սննդամթերքի և դրա բաղադրիչների արտադրության, մշակման, վերամշակման, բաշխման, պահման, պահպանման, փոխադրման, ներմուծման, արտահանման և իրացման փուլերը` նախնական արտադրությունից մինչև սպառում: Սննդի շղթան ընդգրկում է նաև սննդամթերքի կամ պարենային հումքի հետ շփման մեջ մտնելու համար նախատեսված նյութերը, ինչպես նաև առևտրի և հանրային սննդի ծառայությունների ոլորտը.
8) նախնական (առաջնային) արտադրություն` պարենային հումքի արտադրություն, բույսերի, մշակաբույսերի և վայրի բույսերի բերքահավաքը, գյուղատնտեսական կենդանիների արտադրանքը` մինչև սպանդը, կիթը, ինչպես նաև որսորդությունը, ձկնորսությունը.
9) մշակում` պարենային հումքի մաքրում, տեսակավորում կամ դասակարգում, չորացում, պաղեցում, կտրտում, փաթեթավորում, որոնց միջոցով արտադրանքը (հումքը) նախապատրաստվում է սննդամթերքի վերամշակման կամ պատրաստման մեջ օգտագործելու համար.
10) սննդամթերքի պիտանիության ժամկետ` ժամանակահատված, որի ընթացքում սննդամթերքը պետք է ամբողջությամբ համապատասխանի դրան ներկայացվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` անվտանգության վերաբերյալ պահանջներին, պահպանի մակնշման մեջ ներկայացված իր սպառողական հատկությունները, և որի լրանալուն պես սննդամթերքը վտանգավոր է և պիտանի չէ ըստ նպատակային նշանակության օգտագործման համար.
11) սննդամթերքի անվտանգություն` սննդամթերքի վիճակ, որը հավաստում է մարդու կյանքի կամ առողջության կամ ապագա սերունդների կյանքի և առողջության վրա վնասակար ներգործության հետ կապված անընդունելի ռիսկի բացակայությունը.
12) կեղծված սննդամթերք` սննդամթերք`
ա. որի բաղադրությունը փոփոխվել է առանց մակնշման համապատասխան փոփոխության,
բ. որի մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության,
գ. որին ավելացվել են այլ նյութեր կամ վերամշակվել է այլ նյութերի ներառմամբ` սննդամթերքի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին թաքցնելու նպատակով,
դ. որի մակնշման մեջ առկա է ոչ ճիշտ նշում սննդամթերքի հատուկ նշանակության մասին,
ե. որի ներկայացման կամ առաջարկման համար օգտագործվում է մեկ այլ կազմակերպության անվանումը, առևտրային նշանը կամ ֆիրմային անվանումը` առանց այդ կազմակերպությունից պատշաճ կերպով թույլտվություն ձեռք բերելու.
13) սննդամթերքի անվտանգությանը սպառնացող վտանգ (վտանգ)` սննդի մեջ առկա կենսաբանական, քիմիական կամ ֆիզիկական նյութ և (կամ) սննդամթերքի վիճակ, որը կարող է բացասաբար անդրադառնալ մարդու առողջության վրա.
14) վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգ (այսուհետ` ՎՎՀԿԿ համակարգ)` սննդամթերքի անվտանգությունն ապահովող կանխարգելիչ կառավարման համակարգ.
15) վտանգավոր սննդամթերք` սննդամթերք, որը պիտանի չէ մարդու կողմից սպառման համար և ըստ իր նշանակության պահվելու, պատրաստվելու, օգտագործվելու, մատուցվելու և սպառվելու դեպքում վնասակար է մարդու կյանքի և առողջության համար.
16) սննդամթերքի աղտոտում (կոնտամինացիա)` սննդամթերքի մեջ առարկաների, մասնիկների, նյութերի և օրգանիզմների (կոնտամինանտների, աղտոտիչների) ներթափանցումը և դրանց առկայությունը տվյալ սննդամթերքին ոչ հատուկ կամ սահմանված մակարդակները գերազանցող քանակությամբ, որի հետևանքով սննդամթերքը ձեռք է բերում մարդու առողջության համար վտանգավոր հատկություններ.
17) մնացորդային նյութեր` սննդամթերքում քիմիական և (կամ) կենսաբանական ծագման ցանկացած նյութերի և (կամ) տարրերի, ինչպես նաև դրանց նյութափոխանակման և քայքայման (տրոհման) արդյունքում ստացվող նյութերի և (կամ) տարրերի մնացորդային քանակներ, որոնց որոշակի չափերով օգտագործումը թույլատրված է սննդամթերքի արտադրության առանձին փուլերում, մասնավորապես նախնական արտադրության փուլում.
18) սննդային հավելում` ցանկացած նյութ (կամ նյութերի խառնուրդ), անկախ դրա սննդային արժեքից, որը սովորաբար մարդու կողմից անմիջապես սննդի մեջ չի օգտագործվում և սննդամթերքին է ավելացվում դրա արտադրության, տեղափոխման (փոխադրման) և պահպանման փուլերում` դառնալով սննդամթերքի բաղադրիչ.
19) կենսաբանական ակտիվ հավելում` բնական կամ բնականին համանման սննդանյութերի կամ ֆիզիոլոգիական ազդեցությամբ օժտված այլ նյութի առանձին կամ համակցված խտացված միավորներ, որոնք նախատեսված են սննդամթերքի հետ միաժամանակ կամ սննդամթերքի բաղադրության մեջ ներառելով օգտագործման համար և շուկայահանվում է ճշգրտված փոքր չափաբաժնով` հաբերի, պատիճների, սրվակների կամ փոքր այլ փաթեթավորումների տեսքով.
20) սննդային համաբուրավետիչ (համաբուրավետիչ)` մարդու կողմից սննդի մեջ անմիջապես չօգտագործվող համաբուրավետիչ նյութ կամ համաբուրավետիչ պատրաստուկ կամ ջերմային տեխնոլոգիական համաբուրավետիչ կամ ծխահարման համաբուրավետիչ կամ համաբուրավետիչներին նախորդող նյութ կամ դրա խառնուրդը (համաբուրավետիչ մասը), որը նախատեսված է սննդամթերքին բույր և (կամ) համ հաղորդելու համար (բացառությամբ քաղցր, թթու և աղի)` այլ բաղադրիչների ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման.
21) մակնշում` սննդամթերքի մասին տեղեկություններ, որոնք զետեղվում են գրառումների, նկարների, նշանների, խորհրդանիշների, այլ նշագրումների և դրանց համակցության տեսքով` սպառողական փաթեթվածքի, տրանսպորտային փաթեթվածքի կամ տեղեկակրի այլ տեսակի վրա` սպառողական փաթեթվածքին և (կամ) տրանսպորտային փաթեթվածքին ամրացված, կցված կամ դրանց մեջ տեղադրված.
22) սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութ` Կառավարության կողմից սահմանված սննդամթերք չհամարվող ցանկացած նյութ, որն օգտագործվում է սննդամթերքի արտադրության, պահման, փոխադրման, իրացման, փաթեթավորման ու մակնշման փուլերում և անմիջական շփման մեջ է սննդամթերքի հետ.
23) սննդային արժեք` սննդամթերքի էներգետիկ և կենսաբանական արժեքները կազմող բաղադրիչ մասերը` սննդանյութերը (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ, հանքային նյութեր և այլն) գնահատելու համար ընդունված հասկացություն, որոնք`
ա. օրգանիզմում քայքայվելով` առաջացնում են էներգիա (սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր), կազմում են սննդամթերքի էներգետիկ արժեքը և արտահայտվում են կալորիաներով կամ ջոուլներով,
բ. էներգիա չեն առաջացնում, սակայն մասնակցում և կարգավորում են օրգանիզմի նյութափոխանակությունը (վիտամիններ, հանքային աղեր, այդ թվում` միկրոէլեմենտներ, այլ նյութեր և ջուր), և դրանց պարունակությամբ է որոշվում սննդամթերքի կենսաբանական արժեքը.
24) տեխնոլոգիական գործընթացներ` սննդամթերք արտադրելու համար անհրաժեշտ գործողություններ, որոնց միջոցով պարենային հումքը ենթարկվում է որոշակի տեխնոլոգիական մշակման կամ վերամշակման.
25) տեխնոլոգիական սարքավորումներ` տեխնոլոգիական գործընթացներ իրագործելու համար համապատասխան սարքավորումներ, որոնք ապահովում են տվյալ տեխնոլոգիական գործընթացում նախատեսված գործելակարգի (ռեժիմի) իրականացումը.
26) տեխնոլոգիական հրահանգ` արտադրողի հաստատած փաստաթուղթ, որում ամրագրվում են ըստ բաղադրագրի տվյալ արտադրանքի պատրաստման տեխնոլոգիական գործելակարգը (ռեժիմը), տեխնոլոգիական գործընթացների կատարման կարգը և դրանց իրականացման համար օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումները.
27) գենետիկորեն ձևափոխված (գենետիկ ինժեներիայի եղանակով ստացված, տրանսգենային) օրգանիզմներ՝ օրգանիզմ կամ մի քանի օրգանիզմներ, ցանկացած ոչ բջջային, միաբջիջ կամ բազմաբջիջ գոյացություն՝ ունակ վերարտադրելու կամ փոխանցելու ժառանգական գենետիկ նյութը, որոնք տարբերվում են գենետիկ ինժեներիայի մեթոդների կիրառմամբ ստացված բնական օրգանիզմներից և պարունակում են գենետիկ ինժեներիայի նյութ, ներառյալ գեները, դրանց հատվածները կամ գեների համակցությունները.
28) ճառագայթահարմամբ մշակված սննդամթերք` իոնացնող ճառագայթով մշակված սննդամթերք.
29) նորահայտ սննդամթերք` սննդամթերք կամ սննդամթերքի բաղադրամաս, որը Հայաստանի Հանրապետության տարածքում մարդու սպառման համար նախկինում կիրառություն չի ունեցել, մասնավորապես նորահայտ սննդամթերք է համարվում նոր կամ նախնական մոլեկուլային կառուցվածքը կանխամտածված փոփոխության ենթարկած, մանրէներից, սնկերից կամ ջրիմուռներից, բույսերից կազմված կամ անջատված, կենդանիներից անջատված սննդամթերքը կամ սննդամթերքի բաղադրամասերը, բացառությամբ այն սննդամթերքի կամ սննդամթերքի բաղադրամասերի, որոնք ստացվում են ավանդական եղանակներով և հանրահայտ են որպես անվտանգ, ինչպես նաև սննդամթերքը և սննդամթերքի բաղադրամասերը, որոնց նկատմամբ կիրառվել է նախկինում չկիրառված արտադրական գործընթաց, և արդյունքում նշանակալիորեն փոփոխվել է սննդամթերքի և սննդամթերքի բաղադրամասերի կազմությունը կամ կառուցվածքը, որն ազդեցություն է թողել սննդամթերքի սննդային արժեքի, մարսելիության կամ դրանում անցանկալի նյութերի պարունակության վրա.
30) արագ սառեցված սննդամթերք` սննդամթերք, որի սառեցման ժամանակ` կախված սննդամթերքի տեսակից, առավելագույն բյուրեղացման փուլը (գոտին) անցել է հնարավորինս արագ, և արդյունքում ջերմային կայունացումից հետո ստացված ջերմաստիճանը սննդամթերքի բոլոր մասերում պահպանվում է մինուս 1800 C և ավելի ցածր ջերմաստիճան, և որի շուկայահանման ժամանակ այդ հատկանիշների մասին մակնշվում է: Արագ սառեցված սննդամթերք չի համարվում ԱԱ ԱՏԳ «Պաղպաղակ և արտադրանք համանման, սառեցրած» դասի 2105.00 ծածկագրով սննդամթերքը.
31) շրջանառության մեջ դնել` արտադրանքն իրացնելը կամ այլ ձևով փոխանցելը կամ ցանկացած այլ տեսակի փոխանցման համար առաջարկելը.
32) սննդամթերքի հետագծելիություն` շրջանառության մեջ գտնվող սննդամթերքն արտադրողին և դրա հետագա սեփականատերերին, բացի վերջնական սպառողից, ինչպես նաև սննդամթերքի և (կամ) պարենային (սննդային) հումքի ծագման (արտադրության, պատրաստման) վայրը փաստաթղթերի (թղթային և (կամ) էլեկտրոնային կրիչներով) միջոցով պարզելու հնարավորությունը.
33) սննդամթերքի խմբաքանակ` մեկ անվանում ունեցող` նույն նշանակության, նույն կերպ փաթեթավորված, մեկ արտադրողի կողմից որոշակի ժամանակահատվածում մեկ տարածաշրջանային (միջպետական) ազգային ստանդարտին և (կամ) կազմակերպության ստանդարտին և (կամ) արտադրողի այլ փաստաթղթերին համապատասխան արտադրված (պատրաստված) սննդամթերքի որոշակի քանակ, որին կից ներկայացվում են սննդամթերքի հետագծելիությունն ապահովող` ապրանքներն ուղեկցող փաստաթղթեր.
34) սննդի շղթայի օպերատոր` սննդի շղթայի բոլոր փուլերում գործառնություն իրականացնող ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ.
35) սննդամթերքի անվտանգության համար պատասխանատու (պաշտոնատար) անձ` սննդի շղթայի օպերատորի աշխատակից, որն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պատասխանատու է սննդի շղթայի օպերատորի տնօրինության տակ գտնվող սննդամթերքի անվտանգության և սննդամթերքի անվտանգության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումն ապահովելու համար.
36) տեխնիկական կանոնակարգ` փաստաթուղթ, որն ընդունվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան կամ Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Կառավարության որոշմամբ, որով սահմանվում են արտադրանքի անվտանգությանը, բնութագրերին և (կամ) դրա հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին, ներառյալ` կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաև արտադրանքի ներմուծման և շուկայահանման պայմաններ: Այն կարող է ներառել նաև արտադրանքի, գործընթացի կամ արտադրական եղանակի նկատմամբ կիրառվող հասկացություններ, պայմանանշաններ, փաթեթավորման, մակնշման և պիտակավորման պահանջներ, սանիտարական, բուսասանիտարական, անասնաբուժասանիտարական նորմեր, ինչպես նաև արտադրանքի և (կամ) արտադրական օբյեկտների պետական գրանցման մասին պահանջներ.
37) սննդամթերքի հիգիենա (այսուհետ` հիգիենա)` ըստ նշանակության օգտագործվող սննդամթերքի անվտանգության և պիտանիության ապահովման, ինչպես նաև ռիսկերի կառավարման համար անհրաժեշտ բոլոր պայմանները և միջոցառումները.
38) նախնական (առաջնային) արտադրանք` սննդամթերքի արտադրությունում օգտագործվող չվերամշակված արտադրանքը, ներառյալ` ուտելի բույսերը, բուսական, անասնապահական, որսորդական և ձկնորսական արտադրանքները.
39) տարայավորում` փաթեթավորված մեկ կամ մի քանի սննդամթերքի կամ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի տեղադրումը երկրորդ տարայում.
40) փաթեթավորում` սննդամթերքի տեղակայում տարայի մեջ` անմիջական շփմամբ.
41) վերամշակում` ջերմային մշակում (բացի սառեցումից և պաղեցումից), ապխտում, պահածոյացում, հասունացում, հնձում, աղ դնել, չորացում, թթվեցում, մարինացում, խտացում, լուծամզում, արտամղում (էքստրուզիա) կամ այդ գործընթացների զուգակցությունը.
42) սառնարանային շղթա` սննդամթերքի այն տեսակների (հատկապես սառեցված) սառնարանային պահպանումը սննդի շղթայի բոլոր փուլերում, որոնց պատշաճ պահպանումն անհնար է շրջակա միջավայրի ջերմաստիճանի պայմաններում.
43) ոչնչացում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին չհամապատասխանող սննդամթերքն այնպիսի վիճակի հասցնելը, որում այն պիտանի չէ դրա ցանկացած օգտագործման կամ կիրառման համար, և որը բացառում է դրա անբարենպաստ ներգործությունը մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի վրա.
44) օգտահանում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին չհամապատասխանող սննդամթերքի օգտագործումն այնպիսի նպատակներով, որոնք տարբերվում են սննդամթերքի համար նախատեսված նպատակներից կամ այն նպատակներից, որոնցով այդ սննդամթերքը սովորաբար օգտագործվում է.
45) տեխնոլոգիական օժանդակ միջոց՝ ցանկացած նյութ (բացառությամբ սարքավորումների և սպասքի,), որը, չլինելով սննդային բաղադրիչ, տեխնոլոգիական նպատակներով նախատեսված է օգտագործելու հումքի վերամշակման և սննդամթերքի արտադրությունում.
46) դասիչ` նիշավորում՝ ըստ սննդային հավելումների կոդավորման միջազգային թվային համակարգի:
2. Սննդամթերքի անվտանգության ապահովման բնագավառում Կառավարության քաղաքականությունը մշակում է համապատասխան նախարարությունը:
(2-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-239-Ն, 07.12.15 ՀՕ-173-Ն, խմբ., լրաց., փոփ. 23.03.18 ՀՕ-285-Ն, խմբ. 17.01.23 ՀՕ-15-Ն)
Հոդված 3. |
Օրենքի կիրառման ոլորտը |
1. Սույն օրենքը տարածվում է սննդի շղթայի, ինչպես նաև սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի անվտանգության ոլորտում ծագած հարաբերություններին մասնակից բոլոր սուբյեկտների վրա:
2. Սույն օրենքը չի տարածվում`
1) անձնական կամ ընտանեկան օգտագործման համար նախատեսված սննդամթերքի տնային պայմաններում պատրաստման, վերամշակման, օգտագործման կամ պահման վրա.
2) Հայաստանի Հանրապետության տարածքում տարանցիկ փոխադրվող սննդամթերքի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ տարանցիկ փոխադրումը կարող է վտանգ սպառնալ բնակչության առողջությանը և շրջակա միջավայրին.
3) գիտահետազոտական և ուսումնական նպատակներով իրականացվող` սննդամթերքի մշակման և պատրաստման աշխատանքների արդյունքում ստացված սննդամթերքի վրա, որը ենթակա չէ շուկայահանման:
Հոդված 4. |
Սննդամթերքի անվտանգության մասին օրենսդրությունը |
1. Սննդամթերքի անվտանգության բնագավառում ծագած հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և այլ իրավական ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 5. |
Սննդամթերքի անվտանգության ապահովման ուղղությամբ կիրառվող պետական քաղաքականության սկզբունքներն ու խնդիրները |
1. Սննդամթերքի անվտանգության ապահովման պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն ու խնդիրներն են`
1) սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի իրավական ակտերի կատարման ապահովումը և մարդու կյանքի, առողջության պահպանման նպատակով անվտանգ սննդամթերքի օգտագործման և սպառողների իրավունքների պաշտպանության գերակայությունը.
2) սննդի շղթայի բոլոր փուլերում կատարվող գործառնությունների ժամանակ մարդու կյանքի, առողջության և շրջակա միջավայրի անվտանգության երաշխիքների ապահովումը.
3) սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով միջազգային և տարածաշրջանային համապատասխան կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը և տեղեկատվության փոխանակումը.
4) Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության միջազգային չափանիշների ու պահանջների ներդրման ապահովումը.
5) սննդամթերքի անվտանգության գիտականորեն հիմնավորված ռիսկերի գնահատման և դրանց կառավարման ընթացքում գիտականորեն հիմնավորված գնահատականների հիման վրա պետական քաղաքականության մեջ փոփոխությունների մասին որոշումների ընդունումը:
Սննդամթերքի անվտանգության ոլորտում Կառավարության լիազորությունները |
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-285-Ն)
1. Սննդամթերքի անվտանգության ոլորտում Կառավարության լիազորություններն են`
1) սննդամթերքի անվտանգության բնագավառի պետական նպատակային ծրագրերի հաստատումը.
2) Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության միջազգային չափանիշների ու պահանջների ներդրման ապահովումը.
3) սննդամթերքի և սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման կարգի սահմանումը.
4) սանիտարահիգիենիկ պահանջների և սննդամթերքի անվտանգության նորմերի սահմանումը.
5) տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող միասնական սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջների հաստատումը.
6) սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի անվտանգությանը ներկայացվող պահանջների և ցանկի հաստատումը, որոնք օգտագործվում են սննդամթերքի արտադրության, պահման, փոխադրման, իրացման, փաթեթավորման ու մակնշման փուլերում.
7) արտադրության և շրջանառության փուլերում կենսաբանական ակտիվ հավելումների անվտանգությանը ներկայացվող պահանջների հաստատումը.
8) արտադրության և շրջանառության փուլերում կիրառման համար արգելված կենսաբանական ակտիվ հավելումների ցանկի հաստատումը.
9) Հայաստանի Հանրապետությունում թույլատրված սննդային հավելումների և բուրավետիչների անվտանգությանը ներկայացվող պահանջների հաստատումը.
10) տեխնոլոգիական հրահանգին ներկայացվող պահանջների հաստատումը.
11) Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) և պետական գրանցման ենթակա սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի միասնական ցանկերի հաստատումը.
12) Հայաստանի Հանրապետությունում սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութեր արտադրողների և սննդամթերքի մատակարարների պետական գրանցման և վկայականի ռեեստրի վարման կարգերի հաստատումը.
13) կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորի գործունեության եզրակացություն տալու կարգի հաստատումը.
14) սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջների, այդ թվում` սննդամթերքի հիգիենային ներկայացվող առանձնակի, ինչպես նաև սննդային արժեքին ներկայացվող պահանջների հաստատումը.
15) սննդամթերքի սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին համապատասխանությունը հավաստող անվտանգության միասնական փաստաթղթի` պետական գրանցման վկայականի ձևի և տրման կարգի, պետական գրանցման վկայականների ռեեստրի վարման կարգի հաստատումը.
16) (կետն ուժը կորցրել է 08.12.17 ՀՕ-255-Ն)
17) սննդամթերքի արտադրության և շրջանառության առաձին ոլորտներին ներկայացվող պահանջների հաստատումը.
18) պատշաճ հիգիենիկ ու արտադրական գործելակարգի և ՎՎՀԿԿ համակարգի ներդրման ժամանակացույցի սահմանումը.
19) սննդամթերքի, սննդային հավելումների և սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի մակնշմանը ներկայացվող պահանջների և մակնշման առանձնահատկությունների սահմանումը.
20) վտանգավոր սննդամթերքի օգտահանման և ոչնչացման կարգի սահմանումը.
21) սննդամթերքի և սննդային միջավայրի հետ շփման համար նախատեսված պոլիմերային և այլ նյութերից պատրաստված արտադրանքին և նյութերին ներկայացվող պահանջների հաստատումը.
22) շշալցված խմելու ջրին ներկայացվող պահանջների հաստատումը.
22.1) Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում հայտնաբերված` մարդու առողջության համար վտանգավոր սննդամթերքի, սննդային հավելումների և սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի մասին ծանուցման կարգի հաստատումը.
22.2) արգելված սննդային հավելումների ցանկի հաստատումը.
22.3) կենդանական ծագման հումքի վարակազերծման կարգի սահմանումը.
22.4) Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության տարածք արտահանվող՝ կենդանական ծագում ունեցող մթերքում մնացորդային նյութերի հսկողության, կենդանական ծագում ունեցող մթերքում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակների, մնացորդային նյութերի նկատմամբ հսկողության իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կարգի հաստատումը.
22.5) Եվրոպական միության երկրներ արտահանման նպատակով ձկան, ջրային կենդանիների, այլ հիդրոբիոնտների և դրանցից ստացված մթերքների մեջ վտանգավոր նյութերի առավելագույն քանակների հսկողության կանոնների սահմանումը.
22.6) Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ արտահանվող մեղրին ներկայացվող պահանջների հաստատումը.
23) սույն օրենքից բխող այլ իրավական ակտերի ընդունումը:
(6-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 17.12.14 ՀՕ-239-Ն, փոփ. 08.12.17 ՀՕ-255-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-285-Ն, լրաց. 07.07.22 ՀՕ-307-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 7. |
Վտանգավոր համարվող սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութեր և դրանց տնօրինումը |
1. Սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը համարվում են վտանգավոր, եթե`
1) չեն համապատասխանում սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին.
2) չունեն անվտանգությունը հավաստող փաստաթուղթ.
3) պիտանիության ժամկետն անցել է:
2. Վտանգավոր սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը ենթակա են հետկանչի` սահմանված կարգով օգտահանելու կամ ոչնչացնելու համար:
3. Եթե բացակայում է ապրանքն ուղեկցող փաստաթուղթը, և ապրանքի սեփականատերը չի կարող հավաստել վերջինիս ծագումը, և առկա են փչացման նշաններ, կամ առկա է մարդու առողջությանը սպառնացող վտանգ, ապա տվյալ արտադրանքի խմբաքանակը ենթակա է օգտահանման կամ ոչնչացման Կառավարության սահմանած կարգով:
4. Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման ժամանակ, եթե բացակայում են ապրանքն ուղեկցող փաստաթղթերը, ապա այն վերադարձվում է արտահանող երկիր:
5. Վտանգավոր սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր նյութեր տնօրինողը դրանց վտանգավոր լինելու կամ վտանգավոր լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած ունենալու դեպքում կամ այդ մասին տեղեկացվելուց հետո պարտավոր է անհապաղ սկսել հետկանչման գործընթաց` ձեռնարկելով հետևյալ քայլերը`
1) տվյալ խմբաքանակի սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը ենթարկել առանձին հաշվառման ու պահման` բացառելով վերջինիս հասանելիությունը սպառողին.
2) այդ մասին տեղեկացնել տվյալ սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի մատակարարին, ձեռք բերողին և լիազոր մարմնին:
6. Լիազոր մարմինն իրականացնում է հայտնաբերված վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր նյութերի ամբողջ խմբաքանակի շուկայից հետկանչման գործընթացի վերահսկողությունը և դրա շրջանառության հետ կապված ռիսկի տեսակի, ծավալի և աստիճանի վերլուծությունը, ինչպես նաև այդ մասին, ըստ անհրաժեշտության, զանգվածային լրատվության միջոցներով իրազեկում է ազգաբնակչությանը:
7. Եթե վտանգավոր սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր նյութերն իրացվել են սպառողին, ապա վաճառողը պարտավոր է հետ վերցնել այդ սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բավարարել սպառողների պահանջները:
8. Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր նյութերի հետկանչումը, փորձաքննությունը, փոխադրումը, պահումը, օգտահանումը կամ ոչնչացումը կատարվում է տվյալ սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը տնօրինողի միջոցների հաշվին:
(7-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-239-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-285-Ն)
Հոդված 8. |
Սննդամթերքի արտադրությանը ներկայացվող պահանջները |
1. Սննդամթերքի արտադրությունը (բացառությամբ հանրային սննդի), տեխնոլոգիական գործելակարգը (ռեժիմը) և տեխնոլոգիական գործընթացը պետք է իրականացվեն տվյալ սննդամթերքի համար արտադրողի հաստատած տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:
2. Վերամշակման համար ձեռք բերված պարենային հումքը, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումները և սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը պետք է բավարարեն իրավական ակտերով սահմանված և արտադրողի սահմանած պահանջները:
3. Սննդամթերքի պատրաստման, մշակման և վերամշակման ժամանակ սննդամթերքին ավելացվող խմելու ջուրը պետք է համապատասխանի իրավական ակտերով սահմանված խմելու ջրին ներկայացվող պահանջներին:
4. Արգելվում է սննդամթերքի պատրաստման, մշակման և վերամշակման փուլերում օգտագործել կամ սննդամթերքի արտադրության և պահման համար նախատեսված տարածքներում պահել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չթույլատրված սննդային հավելումներ:
5. Սննդամթերքի արտադրության և պահման պահեստային տարածքների, տեխնոլոգիական սարքավորումների և գործիքների մաքրման ու ախտահանման, ինչպես նաև միջատների և կրծողների դեմ օգտագործվող պայքարի միջոցները, սարքերը և նյութերը չպետք է աղտոտեն սննդամթերքը կամ փոփոխեն դրա հատկությունները և դրանով վտանգեն մարդու առողջությունը:
6. Սննդամթերքի արտադրությունը, փոխադրումը, պահպանումը և իրացումը կատարվում են իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
7. Սննդամթերքի անվտանգությունն ապահովելու նպատակով ներդրվում է պատշաճ հիգիենիկ ու արտադրական գործելակարգի և ՎՎՀԿԿ ինքնահսկման համակարգ:
8. Պատշաճ հիգիենիկ ու արտադրական գործելակարգի և ՎՎՀԿԿ համակարգի ներդրման աշխատանքներին աջակցելու նպատակով լիազոր մարմինը, ըստ արտադրության ոլորտների, իրականացնում է մեթոդական ձեռնարկների թողարկում և կազմակերպում է ուսուցում:
9. Պատշաճ հիգիենիկ ու արտադրական գործելակարգի և ՎՎՀԿԿ համակարգի ներդրման և կիրարկման նպատակով սննդի շղթայի օպերատորն ապահովում է աշխատակիցների ուսուցումը և վերապատրաստումը:
(8-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-239-Ն)
Հոդված 9. |
Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի անվտանգությանը, մակնշմանը և փաթեթավորմանը ներկայացվող պահանջները |
1. Սննդի շղթայում սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը պետք է բավարարեն սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի իրավական ակտերով սահմանված պահանջները:
2. Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի մակնշումը հայերեն լեզվով պարտադիր է։ Սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը մակնշվում են ընթեռնելի` առնվազն 3 մմ տառաչափով:
3. Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի մակնշումը պետք է ներառի`
1) անվանումը.
2) բաղադրությունը, իսկ կաթի և կաթնամթերքի դեպքում` տեղեկատվություն պարենային հումքի մշակման ենթարկված լինելու վերաբերյալ: Բաղադրության վերաբերյալ տեղեկատվությունը կարող է չնշվել հետևյալ դեպքերում`
ա. մշակում չանցած թարմ մրգերի (ներառյալ` հատապտուղների) և բանջարեղենի (ներառյալ` կարտոֆիլի),
բ. քացախի, որն ստացվել է պարենային հումքի մեկ տեսակից (առանց այլ բաղադրիչներ ավելացնելու),
գ. սննդամթերքի, որը կազմված է մեկ բաղադրիչից, պայմանով, որ սննդամթերքի անվանմամբ հնարավոր է սահմանել այդ բաղադրիչի առկայությունը,
դ. եթե սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սննդամթերքի առանձին տեսակների համար այլ պահանջ նախատեսված չէ.
2.1) սննդամթերքի մեջ օգտագործված սննդային հավելումների ցանկը (եթե այդպիսիք կան) և դասիչները.
3) ալերգենների ցանկը, որոնք օգտագործվել են սննդամթերքի արտադրության կամ պատրաստման ժամանակ և պարունակվում են վերջնական արտադրանքում, նույնիսկ ձևափոխված տարբերակով.
4) զտաքաշը կամ ծավալը.
5) արտադրման ամսաթիվը.
6) պիտանիության ժամկետը.
7) պահման պայմանները` սահմանված արտադրողի կողմից կամ նախատեսված սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող օրենսդրությամբ` սննդամթերքի առանձին տեսակների համար։ Այն սննդամթերքի համար, որի որակն ու անվտանգությունը փոխվում է այն փչանալուց պաշտպանող փաթեթվածքը բացելուց հետո, նշվում են նաև այդ փաթեթվածքը բացելուց հետո պահպանման պայմանները.
8) արտադրողի, ներմուծողի, վերջիններիս ներկայացուցչի անվանումը (անունը), գործունեության (բնակության) հասցեն.
9) սննդամթերքի, այդ թվում` սննդամթերքի պատրաստմանը վերաբերող ցուցումներ և (կամ) սահմանափակումներ, եթե առանց տվյալ ցուցումների կամ սահմանափակումների սննդամթերքի օգտագործումը դժվարանում է կամ կարող է վնաս հասցնել սպառողների առողջությանը, հանգեցնել սննդամթերքի համային հատկությունների նվազմանը կամ կորստին.
10) ծագման երկիրը.
11) սննդային արժեքի ցուցանիշները` հաշվի առնելով սննդամթերքի սննդային արժեքի մակնշմանը ներկայացվող ընդհանուր պահանջները.
12) խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանը.
13) սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սննդամթերքի առանձին տեսակների համար սահմանված պարտադիր մակնշման այլ տեղեկատվություն.
14) սննդամթերքում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների օգտագործմամբ ստացված բաղադրիչների առկայության մասին տվյալները.
15) տեղական արտադրության, սպանդից գոյացած և չվերամշակված, թարմ կամ պաղեցված կամ սառեցված, փաթեթավորված և մակնշված մսեղիքի, կիսամսեղիքի, քառորդ մսեղիքի, տեսակավորված ոսկրոտ և անոսկր մսի, աղացած և ծեծած մսի, պոչի և դմակի, վերջույթների՝ նախաբազկի և սրունքի հոդերից անջատված, ներքին օրգանների (լյարդ, փայծաղ, սիրտ, երիկամ, թոք, ըմպան, շնչափող, ստոծանի, թռչնի ստամոքս, որոճող կենդանիների կտրիչ), ենթամաշկային և ընդերային ճարպի, ուղեղի, արյան, լեզվի, ամորձիների, գլխի, կրծի դեպքում՝ սպանդանոցի անվանումը, սպանդի ամսաթիվը.
16) տեղական արտադրության, սպանդից գոյացած և չվերամշակված, թարմ կամ պաղեցված կամ սառեցված, չփաթեթավորված և չմակնշված մսեղիքի, կիսամսեղիքի, քառորդ մսեղիքի, տեսակավորված ոսկրոտ և անոսկր մսի, աղացած և ծեծած մսի, պոչի և դմակի, վերջույթների՝ նախաբազկի և սրունքի հոդերից անջատված, ներքին օրգանների (լյարդ, փայծաղ, սիրտ, երիկամ, թոք, ըմպան, շնչափող, ստոծանի, թռչնի ստամոքս, որոճող կենդանիների կտրիչ), ենթամաշկային և ընդերային ճարպի, ուղեղի, արյան, լեզվի, ամորձիների, գլխի, կրծի դեպքում՝ տեղեկատվական թերթիկում կամ ուղեկցող փաստաթղթում նշվում են սպանդանոցի անվանումը, սպանդի ամսաթիվը.
17) սպանդից գոյացած մթերքի վերամշակման դեպքում կիսապատրաստվածքի և մսամթերքի մեջ նաև մսի տեղական արտադրության, սպանդանոցային ծագման և (կամ) ներմուծված լինելու մասին տեղեկատվությունը՝ բաղադրության մեջ տեղական արտադրության կամ ներմուծված մսի համամասնությամբ:
4. Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի մակնշումը կարող է պարունակել լրացուցիչ տվյալներ, այդ թվում` այն փաստաթղթի մասին, որի համաձայն արտադրվել և կարող է տարբերակվել (նույնականացվել) տվյալ սննդամթերքը, սննդամթերքի համար մտածված անունը, ապրանքային նշանը, ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքներ ունեցողի մասին տվյալները, ծագման վայրի անվանումը, լիցենզիա տրամադրողի անվանումը և գտնվելու վայրը, կամավոր հավաստագրման համակարգերի նշանները։
5. Արգելվում է շրջանառության մեջ դրված սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի տեղեկակրի վրա զետեղված տեղեկությունների փոփոխությունը:
6. Արգելվում է պիտանիության ժամկետը լրացած սննդամթերքի վերափաթեթավորումը և իրացումը` որպես սննդամթերք:
7. Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի մակնշումը պետք է լինի ընթեռնելի, ամբողջական ու հավաստի, որը հնարավոր կդարձնի սննդամթերքի և դրա արտադրողի նույնականացումը:
8. Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի փաթեթավորումը պետք է ապահովի դրանց անվտանգությունն արտադրության և շրջանառության բոլոր փուլերում` համաձայն տեխնոլոգիական հրահանգի:
9. Արգելվում է վնասված փաթեթավորումով և մակնշումով սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի իրացումը:
10. Արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել և Հայաստանի Հանրապետությունում իրացնել կամ հանրային սննդի ծառայության ոլորտում օգտագործել սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութեր, անկախ այն հանգամանքից, թե պիտանիության ժամկետի նշումը որ լեզվով է կատարված, եթե`
1) պիտանիության ժամկետն անցած է.
2) ընդհանուր պիտանիության ժամկետի լրանալուն մնացել է 30 օրից պակաս, իսկ 120 օրից պակաս պիտանիության ժամկետ ունեցող արտադրանքի դեպքում` 1/4-ից պակաս ժամկետ.
3) փաթեթավորման կամ տարայի վրա պիտանիության ժամկետը բացակայում է կամ ընթեռնելի չէ.
4) ժամկետը կրկնակի մակնշված է կամ բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված է, և նշված է պիտանիության նոր ժամկետ:
Սույն մասի 2-րդ կետի պահանջը տարածվում է միայն Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի վրա:
11. Արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի հայերեն մակնշումը փակցնել արտադրողի նշած բնօրինակ պիտանիության ժամկետի վրա:
12. Սույն հոդվածով սահմանված` սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջների վերաբերյալ դրույթները չեն տարածվում հանրային սննդի ոլորտում արտադրվող և տեղում իրացվող սննդամթերքի վրա:
(9-րդ հոդվածը փոփ., լրաց. 07.12.15 ՀՕ-173-Ն, լրաց. 08.12.17 ՀՕ-255-Ն)
Հոդված 10. |
Վտանգի վերլուծությունը և հսկման կրիտիկական կետերը |
1. Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ) համակարգը հիմնված է հետևյալ սկզբունքների և քայլերի վրա`
1) վտանգի վերլուծություն` հատկորոշվում է հավանական վտանգի աղբյուրը և գնահատվում դրա առկայության հավանականությունը, սահմանվում են վերահսկման միջոցները.
2) հսկման կրիտիկական կետերի հատկորոշում` որոշվում են այն կետերը, ընթացակարգերը կամ արտադրության փուլերը, որոնք ենթակա են վերահսկման` վտանգը կանխելու, վերացնելու կամ մինչև ընդունելի մակարդակը նվազեցնելու նպատակով.
3) յուրաքանչյուր կրիտիկական կետի համար կրիտիկական սահմանի հատկորոշում` հսկման յուրաքանչյուր կրիտիկական կետի համար որոշվում է կրիտիկական սահմանը, որի չափանիշներով հնարավոր է տարանջատել վտանգի աղբյուրի ընդունելի և անընդունելի մակարդակները, կամ որի պահպանումը երաշխավորում է, որ կրիտիկական կետը վերահսկվում է.
4) յուրաքանչյուր կրիտիկական կետի համար աուդիտի ընթացակարգերի սահմանում.
5) ուղղիչ գործողությունների ծրագրի սահմանում այն դեպքերի համար, երբ աուդիտի ընթացքում հայտնաբերվում է, որ տվյալ կրիտիկական կետը դուրս է եկել վերահսկողությունից (կրիտիկական կետի չափանիշներով վտանգի աղբյուրն անցել է ընդունելի մակարդակը).
6) պլանավորված պարբերականությամբ իրականացվող ստուգման ընթացակարգի սահմանում` հիմնավորվում է ՎՎՀԿԿ համակարգի գործողության արդյունավետությունը (գնահատումը), սահմանվում են ստուգման նպատակը, եղանակը, հաճախականությունը, ընթացակարգը, փորձաքննությունը և գնահատման այլ գործողություններ, ինչպես նաև դրանց կատարման պատասխանատուները.
7) ՎՎՀԿԿ համակարգի քայլերի և ընթացակարգերի փաստաթղթավորման և գրանցումների համակարգի ստեղծում:
2. ՎՎՀԿԿ համակարգը կիրառվում է սննդի արտադրության, վերամշակման և բաշխման փուլերում` նախնական արտադրության գործառնություններից հետո:
Հոդված 11. |
Սննդամթերքը շրջանառության մեջ դնելը |
1. Սննդամթերքը և (կամ) դրանց բաղադրիչները պետք է անվտանգ լինեն մարդու կյանքի, առողջության ու շրջակա միջավայրի համար:
2. Արգելվում է`
1) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող սննդամթերքում կերային հավելումների և կենդանիների աճի խթանիչների, այդ թվում` հորմոնալ միջոցների, ինչպես նաև արգելված դեղամիջոցների մնացորդներ պարունակող պարենային հումքի օգտագործումը.
2) կենսաբանական ակտիվ հավելումներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հսկման ենթակա թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պարունակությունը.
3) կենսաբանական ակտիվ հավելումների գրանցումը, եթե դրանց անվանումը համընկնում կամ շփոթեցնելու աստիճան նման է Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանում (ռեեստրում) գրանցված դեղի անվանմանը.
4) Հայաստանի Հանրապետությունում արտադրել, ներմուծել և շուկայահանել Կառավարության հաստատած գրանցման ենթակա ապրանքների ցանկում ընդգրկված սննդամթերքը` առանց դրա` սահմանված կարգով գրանցելու, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
3. Կենսաբանական ակտիվ հավելումների գրանցումը, գրանցումը մերժելը, կասեցնելը, անվավեր ճանաչելը և գրանցման ժամկետի երկարաձգման իրականացումն ապահովում է լիազոր մարմինը` բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ոլորտի լիազոր մարմինների տված եզրակացության հիման վրա:
(11-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-239-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-285-Ն)
Հոդված 12. |
Նորահայտ, ճառագայթահարմամբ մշակված, հատուկ նշանակության սննդամթերքը շրջանառության մեջ դնելը |
1. Նորահայտ, ճառագայթահարմամբ մշակված, հատուկ նշանակության սննդամթերքը և (կամ) դրանց բաղադրիչները պետք է անվտանգ լինեն մարդու կյանքի, առողջության ու շրջակա միջավայրի համար:
2. Նորահայտ սննդամթերքի արտադրության, փաթեթավորման, պահման, տեղափոխման և իրացման նոր տեխնոլոգիական գործընթացների հաստատման վերաբերյալ տեխնոլոգիական հրահանգներով սննդի շղթայի օպերատորները պարտավոր են հիմնավորել դրանց անվտանգությանը, փաթեթավորմանը, մակնշմանը և սննդային արժեքի պահպանմանը ներկայացվող պահանջները և սահմանել դրանց պիտանիության ժամկետները: Պիտանիության ժամկետները սահմանվում են այն սննդամթերքի նկատմամբ, որի հատկությունները, սկսած դրա արտադրման պահից, որոշակի ժամանակահատված հետո փոփոխվում են կամ ձեռք են բերում հատկություններ, որոնք վտանգավոր են մարդու առողջության համար:
3. Սննդամթերքի մշակումը ճառագայթահարմամբ պետք է իրականացվի, եթե առկա է դրա տեխնոլոգիական անհրաժեշտությունը, հետևյալ նպատակներով`
1) միկրոօրգանիզմների ոչնչացմամբ` փտման (փչացման) ընթացքի դադարեցման և սննդային թունավորումների վտանգի վերացման.
2) հասունացման, ծլման կամ ծլարձակման ընթացքի դանդաղեցմամբ` պահման ժամանակ սննդամթերքի կորուստների կրճատման.
3) բուսական ծագման սննդամթերքի և բույսերի համար վնասակար օրգանիզմների ոչնչացման:
4. Արգելվում է ճառագայթահարմամբ մշակված և ճառագայթահարմամբ մշակված բաղադրամաս պարունակող հատուկ նշանակության սննդամթերքի արտադրությունը, ներմուծումն ու շուկայահանումը:
5. Արգելվում է հատուկ նշանակության սննդամթերքի արտադրությունում, ինչպես նաև ներմուծման և իրացման փուլերում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների, կերային հավելումների և կենդանիների աճի խթանիչների, այդ թվում` հորմոնալ միջոցների օգտագործումը:
6. Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է արտադրել, ներմուծել և շուկայահանել այն նորահայտ, ճառագայթահարմամբ մշակված, հատուկ նշանակության և հարստացված սննդամթերքը, որը գրանցված է և ունի պետական գրանցման վկայական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
Հոդված 13. |
Սննդի օպերատորների պարտականությունները հիգիենայի պահանջների կատարման ընթացքում |
1. Սննդի օպերատորները պարտավոր են ապահովել սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի հիգիենային ներկայացվող պահանջների կատարումը, որոնք հիմնված են հետևյալ սկզբունքների վրա`
1) սննդի օպերատորների կողմից սննդամթերքի անվտանգության համար հիմնական պատասխանատվության կրում.
2) սննդամթերքի անվտանգության երաշխավորում սննդի շղթայի փուլերում, ներառյալ` նախնական արտադրությունը.
3) Կառավարության սահմանած` սննդի հիգիենայի պահանջների կատարման համար ընթացակարգերի իրականացում.
4) սննդի օպերատորների կողմից արտադրվող, վերամշակվող և իրացվող սննդամթերքի նմուշառման և լաբորատոր փորձաքննության իրականացում.
5) սառնարանային շղթայի ապահովում.
6) ՎՎՀԿԿ համակարգի սկզբունքների կիրառմամբ սննդամթերքի անվտանգության նկատմամբ սննդի օպերատորների պատասխանատվության և վստահության ամրապնդում.
7) ջերմային ռեժիմի վերահսկողության մանրէաբանական չափորոշիչների և պահանջների սահմանում` հիմնված ռիսկերի գիտական գնահատման վրա.
8) ներմուծվող սննդամթերքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիգիենայի պահանջներին համապատասխանության երաշխավորում:
2. Սննդի օպերատորները պարտավոր են`
1) պահպանել սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները, որոնք ամրագրված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ.
2) ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներին բժշկական զննության ենթարկելը.
3) իրենց սահմանած պարբերականությամբ ապահովել արտադրական հսկողություն արտադրանքի խմբաքանակի նկատմամբ, արտադրական ցանկացած փուլում, ներառյալ` արտադրությունը, շրջանառությունը և օգտահանումը.
4) անհապաղ դադարեցնել արտադրությունը, իրացումը կամ օգտահանումը այն դեպքում, երբ տեղի է ունեցել խախտում, որը կարող է դարձնել սննդամթերքը վտանգավոր, ապահովել հետկանչ, կատարել համապատասխան փորձարկում, որից հետո կազմակերպել ոչնչացում.
5) սննդամթերքի գնորդներին, լիազոր մարմնին` նրանց պահանջի դեպքում, տրամադրել արտադրանքի անվտանգությունը հավաստող փաստաթղթեր.
6) համագործակցել լիազոր մարմնի հետ` ռիսկի կանխարգելման կամ նվազման նպատակով.
7) ապահովել նույնականացումը և հետագծելիությունը սննդի շղթայի բոլոր փուլերում:
3. Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները տարածվում են սննդի շղթայի բոլոր փուլերի վրա:
4. Սննդի օպերատորները պետք է երաշխավորեն, որ իրենց հսկողության ներքո գտնվող սննդի շղթայի փուլերում սննդամթերքի արտադրությունը, մշակումը, վերամշակումը և բաշխումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին համապատասխան:
(13-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-239-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-285-Ն)
Հոդված 14. |
Սննդամթերքի նախնական արտադրությանը փոխկապակցված գործընթացներում ներկայացվող հիգիենայի պահանջները |
1. Սննդի շղթայի նախնական արտադրության և փոխկապակցված գործընթացներում ներգրավված սննդի օպերատորները պետք է իրականացնեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վտանգավոր գործոնների վերահսկման կանոնները, ներառյալ`
1) օդից, հողից, ջրից, սննդամթերքից, պեստիցիդներից, ագրոքիմիկատներից, անասնաբուժական դեղամիջոցներից և կենսասպաններից (բիոցիդներից), ինչպես նաև թափոնների պահպանումից, վերամշակումից և հեռացումից սննդամթերքի հնարավոր աղտոտման նկատմամբ հսկողությունը.
2) մարդու առողջության վրա հնարավոր ներգործող կենդանիների և բույսերի վիճակի ու առողջության նկատմամբ հսկողությունը:
2. Կենդանական ծագման մթերքի, ինչպես նաև որսորդության ու ձկնորսության արտադրանքի արտադրության և փոխկապակցված գործընթացների փուլերում ներգրավված սննդի օպերատորները պետք է ձեռնարկեն հետևյալ համարժեք միջոցառումները`
1) նախնական արտադրության և (կամ) փոխկապակցված գործընթացներում օգտագործվող արտադրական, այդ թվում` անասնակերի պահման տարածքների մաքրության և, ըստ անհրաժեշտության, մաքրելուց հետո դրանց ախտահանման ապահովում.
2) արտադրության և (կամ) փոխկապակցված գործընթացներում օգտագործվող բոլոր սարքավորումների, գործիքների, տարողությունների, բեռնարկղերի և տրանսպորտային միջոցների մաքրության և մաքրելուց հետո դրանց ախտահանման ապահովում.
3) հնարավորության սահմաններում սպանդի ենթակա և արտադրող կենդանիների մաքրության ապահովում.
4) միայն խմելու ջրի օգտագործում, իսկ անհրաժեշտության դեպքում ջրի աղտոտման կանխարգելում.
5) սննդամթերքի հետ անմիջապես շփվող անձնակազմի առողջական բավարար վիճակի և առողջության հետ կապված ռիսկերի մասին հրահանգավորման ապահովում.
6) կենդանիների և վնասատուների կողմից առաջացող աղտոտման կանխարգելում.
7) սննդամթերքի աղտոտումը կանխարգելող եղանակով վտանգավոր նյութերի ու թափոնների տեղափոխում.
8) սննդամթերքի միջոցով մարդկանց փոխանցվող ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման ու տարածման կանխարգելում, ներառյալ` նոր կենդանիների ընդունման և լիազոր մարմնի կողմից նման հիվանդությունների բռնկման հավանականության մասին տեղեկատվության հիման վրա ձեռնարկված նախազգուշական միջոցառումների իրականացումը.
9) կենդանիների հիվանդությունների կանխարգելման նպատակով օգտագործվող դեղերի և դեղամիջոցների մնացորդային քանակի նկատմամբ հսկողության սահմանում.
10) կերային հավելումների և անասնաբուժական պատրաստուկների` հրահանգներով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան օգտագործում:
3. Բուսական ծագման մթերքի արտադրության, այդ թվում` վայրի բույսերի բերքահավաքի և փոխկապակցված գործընթացներում ներգրավված սննդի շղթայի օպերատորները պետք է ձեռնարկեն հետևյալ համարժեք միջոցառումները`
1) արտադրության և (կամ) փոխկապակցված գործընթացներում օգտագործվող բոլոր տարածքների, սարքավորումների, գործիքների, տարողությունների, բեռնարկղերի և տրանսպորտային միջոցների մաքրության և մաքրելուց հետո դրանց ախտահանման ապահովում.
2) արտադրության, փոխադրման և պահման պայմանների հիգիենայի ապահովում` բուսական ծագման մթերքի մաքրությունն ապահովելու նպատակով.
3) միայն խմելու կամ մաքուր ջրի օգտագործում, իսկ անհրաժեշտության դեպքում ջրի աղտոտման կանխարգելում.
4) սննդամթերքի հետ անմիջապես շփվող անձնակազմի առողջական բավարար վիճակի և առողջության հետ կապված ռիսկերի մասին հրահանգավորման ապահովում.
5) սննդամթերքի աղտոտումը կանխարգելող եղանակով վտանգավոր նյութերի ու թափոնների տեղափոխում.
6) բույսերից վերցված կամ այլ նմուշների համապատասխան փորձաքննության արդյունքների նկատմամբ առանձնակի ուշադրության սահմանում, որոնք ազդում են մարդու առողջության վրա.
7) պեստիցիդների, ագրոքիմիկատների ու կենսասպանների (բիոցիդների)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան օգտագործում:
4. Սննդի շղթայի օպերատորները պետք է ձեռնարկեն համապատասխան ուղղիչ գործողություններ` լիազոր մարմնի կողմից պետական վերահսկողության իրականացման ընթացքում բացահայտված խնդիրներն ու խախտումները վերացնելու համար:
(14-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-239-Ն)
Հոդված 15. |
Արտադրության, վերամշակման և շրջանառության փուլերում սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի անվտանգության հիմնավորման ընթացակարգը |
1. Արգելվում է սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծումը, օգտագործումը արտադրության մեջ կամ իրացումը, առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերի (անասնաբուժասանիտարական հաշվառված ձևաթղթեր (վկայական, տեղեկանք, սերտիֆիկատ), բուսասանիտարական հավաստագիր, առողջության սերտիֆիկատ, որակի և անվտանգության կառավարման համակարգի սերտիֆիկատ, համապատասխանության հավաստագիր կամ հայտարարագիր համապատասխանության գնահատման, հավատարմագրված և նշանակված փորձարկման լաբորատորիայի եզրակացություն):
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերն արտադրության մեջ կարող են օգտագործվել միայն անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերի առկայությամբ:
3. Հայաստանի Հանրապետությունում իրացվող կենդանական ծագման մթերքը, համաձայն «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ենթակա է պարտադիր փորձաքննության:
4. (մասն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-239-Ն)
5. Սննդամթերքի առևտուրը, ինչպես նաև հանրային սննդի ոլորտում մատուցվող ծառայությունները պետք է համապատասխանեն «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:
(15-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-239-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3
ՍՆՆԴԻ ՇՂԹԱՅԻ ՓՈՒԼԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 16. |
Սննդի շղթայի փուլերին ներկայացվող պահանջները |
1. Սննդի շղթայի փուլերը պետք է իրականացվեն սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան:
2. Սննդամթերքի փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցները պետք է ապահովեն սննդամթերքի որակական հատկությունների պահպանությունը, չվնասեն դրա փաթեթավորումը և պաշտպանեն աղտոտումից` սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխան:
3. Սննդամթերքի փոխադրումը պետք է իրականացվի սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանող փոխադրամիջոցներով:
4. Սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար տրամադրվում է սանիտարական անձնագիր, որի տրամադրման կարգը և օրինակելի ձևը հաստատում է լիազոր մարմինը:
5. Սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերի համար նախատեսված տարածքները պետք է կառուցվեն, կահավորվեն, վերանորոգվեն և պահպանվեն սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի իրավական ակտերով սահմանված` տվյալ սննդամթերքին ներկայացվող պահանջներին համապատասխան:
6. Սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներն օրենքով սահմանված կարգով պետք է ենթարկվեն բժշկական զննության:
Հոդված 17. |
Սննդի շղթայում ընդգրկված սննդի շղթայի օպերատորների գրանցումը |
1. Հայաստանի Հանրապետությունում սննդի շղթայի օպերատորները (բացառությամբ գյուղատնտեսական մթերքի ու գյուղատնտեսական կենդանիների վաճառքով և շրջիկ առևտրով զբաղվողների, անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկներ արտադրողների) գրանցման համար սննդի շղթայի օպերատորների գրանցման և ռեեստր վարող մարմին են ներկայացնում հետևյալ տեղեկատվությունը`
1) սննդի շղթայի օպերատորի անվանումը կամ անունը, ազգանունը.
2) գործունեության (գործառնության) տեսակը.
3) գործունեության իրականացման վայրը.
4) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).
5) պետական գրանցման վկայականի սերիան և համարը:
2. Գրանցումը կատարվում է հետևյալ ժամկետներում`
1) օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող սննդի շղթայի օպերատորները` օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում.
2) օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո ստեղծված սննդի շղթայի օպերատորները` մինչև փաստացի գործունեություն սկսելը:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված` սննդի շղթայի օպերատորի ներկայացրած տվյալները մուտքագրվում են սննդի շղթայի օպերատորների գրանցման և ռեեստր վարող մարմնի պաշտոնական էլեկտրոնային կայքի համապատասխան բաժին, որից հետո սննդի շղթայի օպերատորն ընդգրկվում է սննդի շղթայի օպերատորների համար նախատեսված տվյալների բազա:
4. Ներկայացված տեղեկատվության տվյալներում տեղի ունեցած փոփոխության դեպքում այդ մասին սննդի շղթայի օպերատորը լրացուցիչ տեղեկացնում է սննդի շղթայի օպերատորների գրանցման և ռեեստր վարող մարմնին` փոփոխությունը կատարելուց հետո` 3 օրվա ընթացքում:
5. Սննդի շղթայի օպերատորը սույն հոդվածի 1-ին և 4-րդ մասերում նշված տեղեկատվությունը սննդի շղթայի օպերատորների գրանցման և ռեեստր վարող մարմնին փոխանցում է առձեռն կամ փոստային առաքման կամ ֆաքսի կամ էլեկտրոնային փոստի կամ պաշտոնական էլեկտրոնային կայքում առցանց գրանցվելու միջոցով:
6. Ստացված տեղեկատվության հիման վրա սննդի շղթայի օպերատորների գրանցման և ռեեստր վարող մարմինը ստեղծում է սննդի շղթայի օպերատորների կողմից կատարվող գործառնությունների և դրանց իրականացման տարածքների տեղեկատվական բազա:
Հոդված 18. |
Կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորների գործունեության եզրակացության տրամադրումը |
1. Կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորները գործունեություն են իրականացնում գործունեության եզրակացության հիման վրա։
2. Գործունեության եզրակացությունը տրվում է հետևյալ ժամկետներում`
1) օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորներին` օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում.
2) օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո ստեղծված կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորներին` մինչև փաստացի գործունեություն սկսելը:
3. Կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորին գործունեության եզրակացություն տրամադրելու համար գանձվում է վճար` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված վճարը կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորը փոխանցում (վճարում) է պետական բյուջե գործունեության եզրակացություն ստանալու վերաբերյալ դիմում ներկայացնելուց առաջ:
5. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված` կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորներին գործունեության եզրակացություն տալու նպատակով կենդանական ծագման սննդամթերքի արտադրության ոլորտները և տեսակները, ինչպես նաև եզրակացություն տալու կարգը սահմանում է Կառավարությունը:
(18-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-239-Ն, 23.03.18 ՀՕ-285-Ն, 14.11.19 ՀՕ-241-Ն)
Հոդված 19. |
Հետագծելիությունը |
1. Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, սննդային և կենսաբանական ակտիվ հավելումների հետագծելիությունն ապահովվում է սննդի շղթայի բոլոր փուլերում:
2. Սննդի շղթայի օպերատորները պետք է մշակեն և ներդնեն համակարգեր և ընթացակարգեր, որոնք թույլ կտան նույնականացնել իրենց արտադրանք մատակարարող և իրենց կողմից արտադրանք ստացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց:
3. Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, հետագծելիության ընթացակարգերով իրավաբանական կամ ֆիզիկական անձանց և (կամ) արտադրանքի շարժի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը սննդի շղթայի օպերատորները տրամադրում են լիազոր մարմնին վերջինիս պահանջի դեպքում:
(19-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-239-Ն)
Հոդված 20. |
Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի ներմուծման, օգտագործման և իրացման սահմանափակումները |
1. Արգելվում է ներմուծել, արտադրել, իրացնել կամ հանրային սննդի ծառայությունների ոլորտում օգտագործել վտանգավոր և կեղծված սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր և կեղծված նյութեր:
2. Եթե վտանգավոր սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերը վերաբերում են խմբաքանակի մի մասին, ապա տվյալ խմբաքանակի մեջ մտնող սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը կամ սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումներն ամբողջությամբ համարվում են վտանգավոր:
Հոդված 21. |
Սննդամթերքի գովազդին ներկայացվող պահանջները |
1. Արգելվում է գովազդել այն սննդամթերքը, որը չունի դրա անվտանգությունը հիմնավորող փաստաթղթեր:
2. Արգելվում է հատուկ նշանակության սննդամթերքի գովազդն առանց առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցման:
3. Արգելվում է ապրանքային նշանների կամ ֆիրմային անվանումների գովազդը, եթե այդ ապրանքային նշաններով կամ ֆիրմային անվանումներով թողարկվում են սննդամթերքի այնպիսի տեսակներ, որոնց նկատմամբ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսվել են սահմանափակումներ:
Գ Լ ՈՒ Խ 4
ՍՆՆԴԻ ՇՂԹԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 22. |
Սննդի շղթայի օպերատորների իրավունքները և պարտականությունները |
1. Սննդի շղթայի օպերատորներն իրավունք ունեն`
1) լիազոր մարմնից ստանալու սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի իրավական ակտերի, ինչպես նաև սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն.
2) սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ իրավունքներ:
2. Սննդի շղթայի օպերատորները պարտավոր են`
1) ապահովել սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների հետ կապված գործառույթները կարգավորող իրավական ակտերի պահանջների կատարումը.
2) Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ արտադրվող և շուկայահանվող նորահայտ, հարստացված, ճառագայթահարմամբ մշակված, հատուկ նշանակության սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների (բացառությամբ հանրային սննդի) տվյալների շտեմարանում ընդգրկելու համար սննդի շղթայի օպերատորների գրանցման և ռեեստր վարող մարմնի սահմանած կարգով տրամադրել իրենց կողմից արտադրվող և (կամ) շուկայահանվող այդպիսի արտադրանքի վերաբերյալ սույն օրենքով սահմանված տեղեկատվությունը.
3) տրամադրել սույն օրենքով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթեր, ապահովել լիազոր մարմնի պաշտոնատար անձի մուտքը համապատասխան արտադրամասեր, սահմանված կարգով տրամադրել փորձաքննության համար անհրաժեշտ նմուշներ.
4) համագործակցել լիազոր մարմնի հետ` ռիսկի կանխարգելման կամ նվազեցման նպատակով.
5) ռիսկի վերլուծության նպատակով լիազոր մարմնին տրամադրել տվյալներ վտանգավոր սննդամթերքի, դրա հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի կամ սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների հետագծելիությունը որոշելու համար.
6) իրենց գործունեության ընթացքում ապահովել շրջակա միջավայրի պաշտպանությունը.
7) ձեռնարկել համապատասխան ուղղիչ գործողություններ` լիազոր մարմնի կողմից պետական վերահսկողության իրականացման ընթացքում բացահայտված խնդիրներն ու խախտումները վերացնելու համար.
8) իրականացնել սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ պարտականություններ:
3. Սննդի շղթայի օպերատորները պատասխանատու են անվտանգ սննդամթերք արտադրելու համար:
(22-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-239-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ, ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 23. |
Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար |
1. «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքով սահմանված պահանջները խախտող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Հոդված 24. |
Եզրափակիչ և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը, 3-րդ մասը, 12-րդ հոդվածի 6-րդ մասը և 16-րդ հոդվածի 4-րդ մասն ուժի մեջ են մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-193-Ն օրենքը, բացառությամբ 8-րդ հոդվածի 3-րդ մասի, որն ուժի մեջ է մինչև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը:
4. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-193-Ն օրենքի համաձայն (ի կատարումն) ընդունված իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:
(24-րդ հոդվածը խմբ. 17.12.14 ՀՕ-239-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. հուլիսի 22 Երևան ՀՕ-135-Ն |