ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2022 թվականի N 1234-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածները, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման NN 1 և 2 հավելվածներով հաստատված կարգերի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող՝ քաղ. Երևան, Կենտրոն, Հրազդանի կիրճ խճուղի 2/3 հասցեում գտնվող՝ 0.041632 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք 1) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 12032018-01-0216 վկայական) և քաղ. Երևան, Կենտրոն, Հրազդանի կիրճ խճուղի 2/4 հասցեում գտնվող՝ 747.8 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.41772 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք 2) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 04062020-01-0094 վկայական) օտարել աճուրդով՝ որպես մեկ լոտ (այսուհետ՝ գույք):
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2022 թվականի մարտի 25-ի և հունիսի 23-ի դրությամբ՝
ա. գույք 1-ի գնահատված շուկայական արժեքում ներառված հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 63 956 000 դրամ,
բ. գույք 1-ի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 58 045 416 դրամ,
գ. գույք 2-ի գնահատված շուկայական արժեքը՝ 618 656 000 դրամ,
դ. գույք 2-ի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 591 416 000 դրամ,
ե. գույք 2-ի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 582 406 110 դրամ.
2) աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը՝ 640 451 526 դրամ (գույք 1-ի և գույք 2-ի հողամասերի շուկայական արժեքներին մոտարկված կադաստրային արժեքների չափով).
3) աճուրդին մասնակցելու նախավճարը՝ գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 32 022 577 դրամ, որն աճուրդի հաղթող մասնակցի (այսուհետ` գնորդ) համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Աճուրդի չհաղթող մասնակցին (մասնակիցներին) նախավճարը վերադարձվում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ իրենց կողմից ներկայացված հաշվեհամարին.
4) գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 193 164 դրամ գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում՝ գնահատողի համապատասխան հաշվին ու չի ներառվում աճուրդի արդյունքում գնորդի առաջարկած գնի մեջ.
5) աճուրդի արդյունքում գնորդի առաջարկած գինը ենթակա է վճարման՝ արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10 օրվա ընթացքում։
3. Կոմիտեի նախագահին՝
1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ կոմիտեի պաշտոնական և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.
2) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.
3) սույն որոշման 2-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված վճարումներն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը։
4. Գնորդի կողմից սույն որոշման 2-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված ժամկետում վճարումները չկատարվելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած և լոտը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով։
5. Սահմանել, որ գնորդը վճարումը կատարում է Հայաստանի Հանրապետության արժույթով` «Շենք-շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
11.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |