Գլխավոր տեղեկություն
Համար
N 1385-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.09.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.09.05-2022.09.18 Պաշտոնական հրապարակման օրը 08.09.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.09.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 2022 թվականի N 1385-Լ

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-274-25.05.2022-ԱռՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

08.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-274-25.05.2022-ԱՌՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ազգային ժողովի պատգամավորներ Ն. Զեյնալյանի և Լ. Բադալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-274-25.05.2022-ԱռՀ-011/0) (այսուհետ` նախագիծ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է հետևյալ առաջարկությունները.

Նախագծի վերնագրում «լրացումներ» բառն անհրաժեշտ է փոխարինել «լրացում» բառով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծով կատարվում է մեկ լրացում: Ըստ այդմ, նախագծի հիմնավորման մեջ նույն փոփոխությունը կատարելու անհրաժեշտություն կառաջանա:

Նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացման մեջ «վարձատրությունը» բառն անհրաժեշտ է փոխարինել «աշխատավարձը» բառով։

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող կարգավորումն անհրաժեշտ է նախատեսել որպես 33-րդ հոդվածի առանձին` 2.1-ին մաս:

Նախագծի 1-ին հոդվածից անհրաժեշտ է հանել «ստաժը,» բառը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եթե տվյալ ժամանակահատվածում պահպանվում են աշխատատեղը և վարձատրությունը, ապա նշված ժամանակահատվածն արդեն իսկ աշխատողի համար աշխատանքային ստաժ է համարվում։ Մասնավորապես` հարկ է նշել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված է, որ աշխատաժամանակը ներառում է` աշխատավայրում կամ ուսումնական հաստատություններում որակավորման բարձրացման համար անհրաժեշտ ժամանակահատվածը։

Հետևաբար, անհրաժեշտ է առաջարկվող դրույթը վարձատրության մասով խմբագրել։

Շարունակական մասնագիտական զարգացման գործընթացն իրականացվում է հնգամյա ժամանակահատվածում, և այս ժամանակահատվածում կրեդիտներ ապահովելու նպատակով մասնագիտական դասընթացների, սեմինարների, սիմպոզիումների, գիտական, գիտագործնական գիտաժողովների և համագումարների մասնակցությունը կարող է լինել ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ այլ պետություններում, ինչը կարող է բուժաշխատողների համար գրավիչ լինել և հանգեցնել չարաշահումների, ինչն էլ իր հերթին ծանրաբեռնվածության պատճառ կարող է դառնալ բժշկական հաստատությունների համար:

Շարունակական մասնագիտական զարգացման գործընթացի համակարգը ներդնելիս կառավարությունը բուժաշխատողի աշխատատեղի պահպանման, ինչպես նաև գործատուի կողմից աշխատավարձը վճարելու իմպերատիվ պահանջ չի սահմանել, դրանով իսկ ապահովելով գործատուի և բուժաշխատողի միջև ճկուն փոխհարաբերություն:

Ուստի, հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածում կատարվող լրացումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Շարունակական մասնագիտական զարգացման գործընթացն իրականացնելու ժամանակահատվածում պահպանվում է բուժաշխատողի աշխատատեղը, իսկ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են գործատուի և բուժաշխատողի փոխադարձ համաձայնությամբ:»:

Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է սահմանել, որ շարունակական մասնագիտական զարգացման գործընթացն իրականացնելու ժամանակահատվածում պահպանվում են բուժաշխատողի աշխատատեղը, ստաժը, ինչպես նաև վարձատրությունը։

Մինչդեռ, նախագծի հիմնավորման «Ակնկալվող արդյունքը» հատվածում նշվում է՝ «Նշված հստակեցումները հնարավորություն կտան առողջապահության բնագավառի մասնագետներին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը, նաև աշխատողի աշխատանքային այլ իրավունքներ իրականացնելու ժամանակ կիրառել ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններում կատարված աշխատանքի դիմաց վարձատրություն առանց սահմանափակումների...»։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է լրամշակել նախագծի հիմնավորման «Ակնկալվող արդյունքը» հատվածը՝ համապատասխանեցնելով այն նախագծով առաջարկվող կարգավորմանը։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 սեպտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան