ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 654-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 568-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի կանոնադրությունը հաստատելու մասին» N 568-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի կառուցվածքում գործող միջազգային տնտեսական ինտեգրման վարչությունը և վարկային և դրամաշնորհային ծրագրերի համակարգման վարչությունը միաձուլել` ստեղծելով համագործակցության և բարեփոխումների վարչություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
08.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 654-Լ որոշման |
«Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. մայիսի 25-ի N 568-Լ որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը (այսուհետ՝ գրասենյակ) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի գրասենյակ է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ընթացիկ գործունեության իրականացումը:
2. Գրասենյակի ստեղծման, կառուցվածքի փոփոխության և գործունեության դադարեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Գրասենյակը գործում է իր կանոնադրությամբ, որը փոխվարչապետի ներկայացմամբ հաստատում և դրանում փոփոխություններ է կատարում վարչապետը:
3. Գրասենյակը հաշվետու է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:
4. Գրասենյակի գործունեության ֆինանսական, փաստաթղթաշրջանառության, անձնակազմի կառավարման, նյութատեխնիկական ապահովումը և սպասարկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը:
5. Գրասենյակն իր իրավասությանը վերաբերող հարցերով դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
6. Գրասենյակը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ:
7. Գրասենյակի անվանումն է՝
1) հայերեն՝ «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ».
2) ռուսերեն՝ «Офис Вице-Премьер Министра Мгера Григоряна».
3) անգլերեն՝ «Offi ce of the Deputy Prime Minister Mher Grigoryan»:
8. Գրասենյակի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1:
2. ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
9. Գրասենյակի նպատակը փոխվարչապետի ընթացիկ գործունեության իրականացման ապահովումն է:
10. Գրասենյակի խնդիրներն են՝
1) ՀՀ վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի կողմից համակարգվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ոլորտները սահմանելու և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերին հանձնարարություններ տալու իրավասություն վերապահելու մասին» N 565-Լ որոշմամբ սահմանված՝ փոխվարչապետի համակարգման ոլորտներում աշխատանքների կազմակերպումը և գործընթացների ապահովումը.
2) փոխվարչապետի համակարգմամբ և (կամ) ղեկավարմամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովների, աշխատանքային խմբերի և կառավարման խորհուրդների գործունեության շրջանակներում անհրաժեշտ աշխատանքների ապահովումը.
3) փոխվարչապետի համակարգման ոլորտներում պետական կառավարման համակարգի մարմինների հետ աշխատանքների կազմակերպումը.
4) փոխվարչապետի համակարգման ոլորտներում օտարերկրյա պետությունների, միջազգային և տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն կազմակերպությունների, զարգացման գործընկերների և միջազգային ֆինանսական հաստատությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ աշխատանքների ապահովումը.
5) փոխվարչապետի համակարգման ոլորտներում պաշտոնական և աշխատանքային քննարկումների և խորհրդակցությունների ապահովումը.
6) փոխվարչապետի համակարգման ոլորտներում շարունակական բարեփոխումների ապահովումը.
7) փոխվարչապետի գործունեության վարչարարական և կազմակերպական սպասարկումը:
3. ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
11. Գրասենյակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխվարչապետի համակարգման ոլորտներում իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) նախապատրաստում է վերլուծական նյութեր և առաջարկություններ, կազմակերպում և ապահովում է վերլուծությունների, ուսումնասիրությունների և առաջարկությունների մշակման աշխատանքներ.
2) հավաքագրում և մշակում է անհրաժեշտ տվյալներ և տեղեկատվություն իր աշխատանքների իրականացման համար.
3) դիրքորոշում, առաջարկություն և եզրակացություն է ներկայացնում ռազմավարությունների, քաղաքականության փաստաթղթերի, ծրագրերի և իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
4) համագործակցելով պետական կառավարման իրավասու մարմնի (մարմինների) և վարչապետի աշխատակազմի հետ՝ կարող է մշակել քաղաքականության և ռազմավարական փաստաթղթերի, ծրագրերի և իրավական ակտերի նախագծեր՝ ապահովելով վերջիններիս հաստատման (ընդունման) գործընթացը.
5) փոխվարչապետի համակարգման ոլորտներում շարունակական բարեփոխումներ ապահովելու նպատակով կարող է հանդես գալ առանձին նախաձեռնությունների առաջարկություններով և ապահովել դրանց իրականացման համակարգումը՝ համագործակցելով պետական կառավարման մարմինների և վարչապետի աշխատակազմի հետ.
6) նախապատրաստում է փոխվարչապետի կողմից տրվող հանձնարարականներ, գրություններ և փաստաթղթեր, իրականացնում դրանց կատարման նկատմամբ մշտադիտարկում և հսկողություն.
7) մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում և միջազգային հարթակներում հանդիպումների, քննարկումների և այլ միջոցառումների.
8) նախաձեռնում, կազմակերպում և անցկացնում է խորհրդակցություններ, քննարկումներ, հանդիպումներ՝ ներգրավելով պետական կառավարման համակարգի իրավասու մարմինների ներկայացուցիչների, մասնագետների, փորձագետների.
9) ապահովում է փոխվարչապետի գլխավորությամբ անցկացվող նախարարական կոմիտեներին մասնակցությունը, համաձայնեցնում է կոմիտեների արձանագրության նախագծերը և ապահովում արձանագրություններով տրվող հանձնարարականների կատարման նկատմամբ հսկողությունը՝ վարչապետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցությամբ.
10) ապահովում է փոխվարչապետի ղեկավարությամբ կայացած խորհրդակցությունների և քննարկումների արձանագրությունների կատարման նկատմամբ մշտադիտարկում և հսկողություն.
11) կարող է ներգրավվել և մասնակցել միջգերատեսչական, միջկառավարական աշխատանքային խմբերի և հանձնաժողովների աշխատանքներին.
12) նախապատրաստում է փոխվարչապետի ելույթները, կազմակերպում է փոխվարչապետի պաշտոնական և աշխատանքային այցերը, հանդիպումները.
13) ապահովում է փոխվարչապետի գործունեության հետ կապված հանրային հաղորդակցությունը:
4. ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
12. Գրասենյակի կառավարումն իրականացնում է փոխվարչապետը:
13. Գրասենյակի կանոնադրությունը, կառուցվածքը և դրանց փոփոխությունները հաստատում է ՀՀ վարչապետը:
14. Գրասենյակի ղեկավարին, փոխվարչապետի խորհրդականին, օգնականին, մամուլի քարտուղարին, ռեֆերենտին, արարողակարգի պատասխանատուին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է փոխվարչապետը:
15. Գրասենյակի գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերը ստորագրում է գրասենյակի ղեկավարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
16. Գրասենյակի ղեկավարն աշխատանքների կազմակերպման մասով սույն կանոնադրությամբ սահմանված դեպքերում ընդունում է որոշումներ, գրասենյակի՝ իրեն ենթակա աշխատողներին տալիս է ցուցումներ և հանձնարարականներ:
17. Գրասենյակի ղեկավարը՝
1) ղեկավարում, համակարգում և վերահսկում է գրասենյակի ընթացիկ գործունեությունը, մասնավորապես՝
ա. պատասխանատու է գրասենյակի առջև դրված նպատակների, խնդիրների ու գործառույթների իրականացման համար,
բ. իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ,
գ. իր իրավասությունների շրջանակներում տալիս է ցուցումներ, հանձնարարականներ, առանց լիազորագրի հանդես է գալիս գրասենյակի անունից, ինչպես նաև տալիս է գրասենյակի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր,
դ. փոխվարչապետին ներկայացնում է առաջարկություններ իր համակարգման ոլորտում առկա խնդիրների, օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված՝ գրասենյակի նպատակների ու խնդիրների իրականացման վերաբերյալ,
ե. ապահովում է փոխվարչապետի որոշումների, ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում փոխվարչապետին,
զ. իր լիազորության սահմաններում համագործակցում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, մյուս գրասենյակների, հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ,
է. փոխվարչապետին պարբերաբար զեկուցում է նախարարական կոմիտեների արձանագրություններով տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ.
2) իր լիազորության սահմաններում վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գրասենյակի աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
3) փոխվարչապետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
4) փոխվարչապետի հանձնարարությամբ համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
5) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
18. Փոխվարչապետի օգնականը՝
1) փոխվարչապետի կողմից սահմանված պարբերականությամբ ամփոփ տեղեկատվություն է ներկայացնում փոխվարչապետին՝ իրեն հանձնարարված ոլորտում առկա իրավիճակի, արդի հիմնահարցերի վերաբերյալ և առաջարկություններ է ներկայացնում փոխվարչապետին դրանց լուծման վերաբերյալ.
2) փոխվարչապետի հանձնարարությամբ, համագործակցելով վարչապետի աշխատակազմի ստորաբաժանումների աշխատողների հետ, փոխվարչապետի համար նախապատրաստում է տեղեկատվական նյութեր.
3) փոխվարչապետի հանձնարարությամբ, համագործակցելով փոխվարչապետի ռեֆերենտների հետ, նախապատրաստում է փոխվարչապետի առանձին ելույթներ, նամակներ.
4) մասնակցում է իրեն հանձնարարված բնագավառին առնչվող` փոխվարչապետի այցերի, զրույցների, բանակցությունների, խորհրդակցությունների, հանդիպումների և ուղևորությունների նախապատրաստմանը.
5) իր գործառույթներն իրականացնելիս համագործակցում է իրեն հանձնարարված բնագավառում գործող պետական կառավարման համակարգի մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև փորձագետների հետ.
6) փոխվարչապետի հանձնարարությամբ հրավիրում է աշխատանքային խորհրդակցություններ, քննարկումներ շահագրգիռ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, մասնակցում է պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում իրեն հանձնարարված բնագավառին վերաբերող հարցերի քննարկմանը.
7) փոխվարչապետի հանձնարարությամբ իրականացնում է քաղաքացիների ընդունելություն.
8) փոխվարչապետին առաջարկություններ է ներկայացնում կառավարության, վարչապետի որոշումների և այլ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
9) վերլուծում է փոխվարչապետի կողմից իրեն մակագրված փոստը և ամփոփ տեղեկատվություն ներկայացնում փոխվարչապետին.
10) կատարում է փոխվարչապետի առանձին հանձնարարականներ:
5. ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
19. Գրասենյակն ունի մեկ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում:
20. Գրասենյակի կառուցվածքը ներառում է համագործակցության և բարե- փոխումների վարչությունը։»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
08.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |