ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 2022 թվականի N 192-Ն
2021 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ԲԱՑ ԹՈՂՆՎՈՂ ՋՐԻ՝ 170 ՄԼՆ ԽՈՐԱՆԱՐԴ ՄԵՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԻՆ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻՑ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով հաստատված ծրագրի 6-րդ գլխի 6.8-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել 2021 թվականի ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի՝ 170 մլն խորանարդ մետրը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններում առաջացող լրացուցիչ գումարների հաշվարկման և վճարման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.6-րդ հոդվածով հաստատված` 2021 թվականին Սևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագրի (N 7 հավելված) 3-րդ մասով նախատեսված առաջնային խնդիրների լուծման ոռոգման համակարգերի արդիականացմանն ուղղված նպատակային ներդրումների իրականացման համար անհրաժեշտ գումարները կտրմադրվեն մինչև 2022 թվականի հաշվետու ֆինանսական տարվա ավարտը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
17.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 192-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
2021 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ԲԱՑ ԹՈՂՆՎՈՂ ՋՐԻ՝ 170 ՄԼՆ ԽՈՐԱՆԱՐԴ ՄԵՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԻՆ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻՑ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են 2021 թվականի ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի՝ 170 մլն խորանարդ մետրը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններում առաջացող լրացուցիչ գումարների (այսուհետ՝ լրացուցիչ գումարներ) հաշվարկման և վճարման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Սևանա լճից 2021 թվականի ընթացքում բաց թողնվող ջրի՝ 170 մլն խորանարդ մետրը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից՝
1) «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության մոտ առաջացող լրացուցիչ գումարը (LԳՄԷԿ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
LԳՄԷԿ = [(Էառլր - Էառլրկող ) x ՍԴՄԷԿ] x 0.82,
որտեղ՝
ա. Էառլր - «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից հաշվետու ժամանակահատվածում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն առաքված էլեկտրական էներգիայի քանակն է (կՎտxժ),
բ. Էառլրկող - հաշվետու ժամանակահատվածում «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության «Արգել», «Արզնի», «Քանաքեռ» և «Երևան-1» ՀԷԿ-երի կողմից կողային ջրերի հաշվին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն առաքված էլեկտրական էներգիայի քանակն է (կՎտxժ),
գ. ՍԴՄԷԿ - Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում սահմանված առաքվող էլեկտրաէներգիայի դրույքն է (դրամ/ կՎտxժ)՝ առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում առաջացող լրացուցիչ գումարը (LԳՀԷՑ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
LԳՀԷՑ = [(Էառլր - Էառլրկող) x (ՍԴՀրՋԷԿ– ՍԴՄԷԿ) x 0.82], որտեղ ՍԴՀրՋԷԿ-ն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Հրազդան ՋԷԿ» կայանի համար երկդրույք սակագնային համակարգում սահմանված առաքվող էլեկտրաէներգիայի դրույքն է (դրամ/ կՎտxժ)՝ առանց ավելացված արժեքի հարկի:
3. Սույն կարգի 2-րդ կետում նշված Էառլր և Էառլրկող մեծությունների վերաբերյալ տեղեկատվությունը «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններին տրամադրվում են «Հաշվարկային կենտրոն» և «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից:
4. Սույն կարգի 2-րդ կետի համաձայն «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններում հաշվարկված լրացուցիչ գումարները վճարվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչությունում բացված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի անվամբ արտաբյուջետային հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Բ. Բադալյան |
17.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 փետրվարի 2022 թվական: