ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 դեկտեմբերի 2018 թվականի |
թիվ 23 |
քաղ. Սանկտ Պետերբուրգ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱՎԹԻ ԵՎ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 84-րդ և 104-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կցվող՝
Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման ծրագիրը.
Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորմանն ուղղված միջոցառումների պլանը (այսուհետ՝ պլան):
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սահմանել պետական իշխանության այն մարմինները, որոնք պատասխանատու են պլանով նախատեսված միջոցառումների իրագործման համար, և դրանց մասին տեղեկատվություն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում:
3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ ապահովել պլանին համապատասխան մշակված ակտերի նախագծերի ուղարկումը Եվրասիական տնտեսական հանձնաժողով:
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ իրականացնել պլանով նախատեսված միջոցառումների իրագործման դիտանցում և յուրաքանչյուր տարի Եվրասիական միջկառավարական խորհրդին տեղեկացնել դիտանցման արդյունքների մասին։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից` |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 23 որոշմամբ |
ԾՐԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման
I. Ընդհանուր դրույթներ
1. Ծրագրի մշակման հիմքը
1. Սույն ծրագիրը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 84-րդ հոդվածին համապատասխան՝ հաշվի առնելով Պայմանագրի 79-րդ հոդվածի դրույթները, «Նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների կազմակերպման, կառավարման, գործունեության և զարգացման կարգի մասին» արձանագրությունը (Պայմանագրի թիվ 23 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի մայիսի 31-ի թիվ 8 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգը (այսուհետ՝ Հայեցակարգ):
2. Սահմանումները
2. Սույն ծրագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
նավթի և նավթամթերքի բորսային սակարկություններ՝ նավթի և նավթամթերքի սակարկություններ, որոնք անցկացվում են նավթի և նավթամթերքի բորսային սակարկություններ անցկացնելու կանոններին համապատասխան և ուղղված են նավթի և նավթամթերքի հետ կապված գործարքների կատարմանը՝ միասնական բորսային տարածքի շրջանակներում բորսային սակարկությունների օպերատորի առևտրային համակարգ ներկայացված հայտերի հիման վրա.
նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման համակարգերի հասանելիություն՝ նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման համակարգերի օպերատորների կողմից կառավարվող՝ նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման համակարգերն օգտագործելու իրավունքի տրամադրում՝ Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների շրջանակներում նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման համար.
միասնական բորսային տարածք՝ բորսային սակարկությունների օպերատորների և Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների մասնակիցների միջև նավթի և նավթամթերքի հետ կապված բորսային գործարքների կատարմանն առնչվող տեղեկատվական և տեխնոլոգիական հարաբերությունների ամբողջություն.
նավթի և նավթամթերքի միջպետական տրանսպորտային փոխադրում՝ նավթի և նավթամթերքի տեղափոխում ցանկացած եղանակով՝ Եվրասիական տնտեսական միության մեկ անդամ պետության իրավասության տակ գտնվող ընդունման կետից մինչև Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետության իրավասության տակ գտնվող հանձնման կետը (կամ դրա միջով) կամ մինչև Եվրասիական տնտեսական միության անդամ պետության իրավասության տակ չգտնվող հանձնման կետը (կամ դրա միջով)՝ պայմանով, որ այդ տեղափոխումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության առնվազն 2 անդամ պետությունների տարածքներով.
թողունակություն՝ նավթի և նավթամթերքի հնարավոր առավելագույն քանակություն, որը կարելի է փոխադրել խողովակաշարերի համակարգով կամ դրա հատվածամասով ժամանակի մեկ միավորում՝ հաշվի առնելով նավթի և (կամ) նավթամթերքի ֆիզիկական հատկությունները, համապատասխան տեխնիկական նորմերը, այդ համակարգի կամ դրա հատվածամասի տեխնոլոգիական սարքավորումների առանձնահատկությունները և վիճակը.
նավթի և նավթամթերքի իրացում՝ նավթի և նավթամթերքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում վճարովի հիմունքով (այդ թվում՝ ապրանքների փոխանակում).
նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման տեխնիկական հնարավորություններ՝ նավթի և նավթամթերքի հնարավոր առավելագույն քանակություն, որը կարելի է փոխադրել նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման համակարգով ընդունման կետից մինչև հանձնման կետ որոշակի ժամանակահատվածում տեխնոլոգիական ռեժիմների պահպանման պայմանով՝ հաշվի առնելով նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման համակարգի յուրաքանչյուր տեխնոլոգիական հատվածամասի թողունակությունը մեկ օրում, նավթի և (կամ) նավթամթերքի ֆիզիկական հատկությունները, ինչպես նաև այդ համակարգի կամ դրա հատվածամասի տեխնոլոգիական սարքավորումների վիճակը.
նավթի և նավթամթերքի առևտուր՝ նավթի և նավթամթերքի իրացմանն առնչվող ձեռնարկատիրական գործունեություն.
գնային ցուցանիշներ՝ նավթի և նավթամթերքի գները, որոնք հաշվարկվել են որոշակի ժամանակահատվածում միասնական բորսային տարածքի շրջանակներում և (կամ) նավթի և նավթամթերքի արտաբորսային շուկաներում կատարված գործարքների գների հիման վրա՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից հաստատվող մեթոդիկաների օգտագործմամբ:
Սույն ծրագրում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են Պայմանագրով և Հայեցակարգով սահմանված իմաստներով:
3. Ծրագրի նպատակները և խնդիրները
3. Սույն ծրագրի նպատակներն են՝
1) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) պատրաստականության ապահովումը Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաներում անդամ պետությունների նավթի և նավթամթերքի շուկաների սուբյեկտների մասնակցությանը, այդ թվում՝ իրավական և տնտեսական պայմանների ստեղծումը Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների գործունեության համար.
2) անդամ պետություններում այնպիսի պայմանների ստեղծման ապահովումը, որոնք անհրաժեշտ են Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասին միջազգային պայմանագրի իրագործման համար, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ։
4. Սույն ծրագրի խնդիրներն են`
1) Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների մասնակիցների միջև նավթի և նավթամթերքի առևտրի շուկայական մեխանիզմների ստեղծումը, զարգացումը և արդյունավետության բարձրացումը, այդ թվում՝ շուկայական գնագոյացման, բորսային սակարկությունների գործիքների օգտագործմամբ և բարեխիղճ մրցակցության ապահովմամբ.
2) Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների մասնակիցների՝ անդամ պետությունների շուկաներին ոչ խտրական հասանելիություն ապահովելու համար պայմանների ստեղծումը (հաշվի առնելով անդամ պետությունների տնտեսությունների շահերը), անդամ պետությունների միջև նավթի և նավթամթերքի առևտրում քանակական սահմանափակումների և արտահանման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և վճարների) վերացումը.
3) Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման համար անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման ապահովումը նավթային ոլորտում՝ հաշվի առնելով անդամ պետությունների միջև կնքված միջազգային պայմանագրերը.
4) Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների շրջանակներում նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման ծառայությունների նկատմամբ սակագնագոյացման (գնագոյացման) ընդհանուր սկզբունքների և մեթոդների կիրառումը.
5) Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների գործունեության կանոնների մշակումը.
6) մրցակցության պաշտպանության բնագավառում անդամ պետությունների օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ հսկողության ապահովումը, ներառյալ՝ Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների մասնակիցների կողմից խտրական պայմանների ստեղծման մասով արգելքների պահպանման, Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների շրջանակներում նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների կողմից սակագների (գների) կիրառման նկատմամբ հսկողությունը.
7) առկա տեխնիկական հնարավորությունների սահմաններում անդամ պետությունների տարածքներում նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման համակարգով նավթի և նավթամթերքի երկարաժամկետ տրանսպորտային փոխադրման երաշխավորված իրականացման ապահովումը.
8) անդամ պետությունների տարածքներում նավթի և նավթամթերքի արդյունահանման, տրանսպորտային փոխադրման, մատակարարման, վերամշակման, իրացման և սպառման մասին վիճակագրական տեղեկատվության միջոցով անդամ պետությունների միջև տեղեկատվական փոխանակման ապահովումը.
9) անդամ պետությունների նավթի և նավթամթերքի արդյունահանման, տրանսպորտային փոխադրման, մատակարարման, վերամշակման և իրացման ոլորտներում ներդրումներ ներգրավելու համար բարենպաստ պայմանների ստեղծումը.
10) բնապահպանական անվտանգության նորմերի պահպանման ապահովումը:
4. Ծրագրի իրագործումից ակնկալվող արդյունքները
5. Սույն ծրագրի իրագործման արդյունքում կձևավորվեն Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաները, կապահովվի անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների՝ Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաներին ոչ խտրական հասանելիությունը։
6. Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների շրջանակներում կձևավորվեն միասնական բորսային տարածքը, Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաներում բորսային և արտաբորսային թափանցիկ գնային ցուցանիշները, կապահովվի անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների՝ նավթի և նավթամթերքի բորսային սակարկություններին ոչ խտրական հասանելիությունը, ինչպես նաև կսահմանվի միասնական բորսային տարածքի շրջանակներում կատարված գործարքների (պայմանագրերի) կատարման մեխանիզմը:
7. Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների զարգացումը կնպաստի էներգետիկ ռեսուրսների համաշխարհային շուկայի մասնակիցների հետ Միության և անդամ պետությունների միջազգային համագործակցության հետագա ամրապնդմանը, այդ թվում՝ առևտրային շրջանառության աճի և օտարերկրյա ներդրումների ներգրավման հաշվին:
8. Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորումը կհանգեցնի անդամ պետությունների հետագա տնտեսական զարգացմանը, էներգետիկ անվտանգության ամրապնդմանը և էներգետիկ ռեսուրսների համաշխարհային շուկայում անդամ պետությունների ապրանքների մրցունակության աճին:
II. Ծրագրի միջոցառումների համակարգը
1. Ծրագրի իրագործման ժամկետները և փուլերը
9. Սույն ծրագրի միջոցառումների իրագործումն իրականացվում է հետևյալ փուլերին և ժամկետներին համապատասխան՝
1) փուլ I (2018 - 2021 թթ.)՝ Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման կազմակերպական և մեթոդական հիմքի ստեղծում, անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցում՝ նավթային ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցմանն ուղղված միջոցառումների պլանին («ճանապարհային քարտեզին») համապատասխան.
2) փուլ II (2021 - 2024 թթ.)՝ անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասին միջազգային պայմանագրի նախագծի նախապատրաստում և համաձայնեցում.
3) փուլ III (մինչև 2025 թվականի հունվարի 1-ը)՝ Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասին միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելը:
10. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) անցկացնում է սույն ծրագրի կատարման դիտանցում, որի արդյունքներով յուրաքանչյուր տարի պատրաստում է Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման ընթացքի մասին զեկույց և Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հերթական փուլին անցում կատարելու մասին առաջարկություններ, այդ թվում՝ սույն ծրագրով չնախատեսված միջոցառումների իրագործման մասին առաջարկություններ (ներառյալ՝ Միության մարմինների ակտերի մշակումը և ընդունումը): Նշված առաջարկություններն ուղարկվում են անդամ պետություններ՝ համաձայնեցման համար: Հաշվի առնելով համաձայնեցված առաջարկությունները՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունում Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հերթական փուլին անցում կատարելու մասին և սահմանում է այդ փուլի բովանդակությունը: Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի տեղեկացնում է Եվրասիական միջկառավարական խորհրդին դիտանցման արդյունքների մասին:
2. Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաները կարգավորող ակտերի մշակում
11. Հանձնաժողովը և անդամ պետությունները մշակում են Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման և գործունեության հարցերին վերաբերող ակտեր:
Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների շրջանակներում նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ կիրառվում են Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաները կարգավորող ակտեր, ինչպես նաև օրենսդրության պահանջներ՝ բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման հարցերի և այն անդամ պետության մրցակցության պաշտպանության բնագավառի հարցերի մասով, որի տարածքում իրականացվում է Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների շրջանակներում նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը:
Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաներում նավթի և նավթամթերքի առևտրի կանոնների մշակումը, ներառյալ՝ նավթի և նավթամթերքի բորսային սակարկությունների անցկացման կանոնները
12. Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաներում նավթի և նավթամթերքի առևտրի կանոնները պետք է կարգավորեն Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաներում նավթի և նավթամթերքի առք ու վաճառքին (մատակարարմանը) առնչվող հարաբերությունները, այդ թվում՝
1) նավթի և նավթամթերքի առևտուր իրականացնելիս անդամ պետությունների պետական իշխանության մարմինների և տնտեսավարող սուբյեկտների միջև առաջացող հարաբերությունները, ինչպես նաև անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների կողմից առևտրային գործունեություն իրականացնելիս դրանց միջև առաջացող հարաբերությունները.
2) նավթի և նավթամթերքի նկատմամբ շուկայական գնագոյացման սկզբունքները.
3) Միության նավթի և նավթամթերքի շուկայի վիճակի դիտանցման ու նավթի և նավթամթերքի բորսային սակարկությունների իրականացման մեխանիզմները.
4) նավթի և նավթամթերքի բորսային սակարկությունների անցկացման կանոնները.
5) Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների շրջանակներում ձեռք բերված նավթի և նավթամթերքի՝ երրորդ երկրներ վերավաճառքի իրականացման կարգը, որով նախատեսվում է անդամ պետությունների ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի տարբերության հետևանքով առաջացող առավելությունները չթույլատրելը:
13. Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաներում նավթի և նավթամթերքի առևտրի կանոնների բաղկացուցիչ մասն են նավթի և նավթամթերքի բորսային սակարկությունների անցկացման կանոնները, որոնցով այդ թվում սահմանվում են՝
1) բորսային սակարկությունների օպերատորի լիցենզիա ստանալու և միասնական բորսային տարածքի կազմի մեջ ներառվելու համար պահանջները.
2) հաշվարկների համակարգերի անվտանգության, հուսալիության և բորսային սակարկությունների օպերատորների ֆունկցիոնալ համատեղելիության սկզբունքները.
3) միասնական բորսային տարածքի շրջանակներում փոխադարձ հաշվարկների և քլիրինգի մեխանիզմները.
4) արտաբորսային շուկայում պայմանագրերի գրանցման անհրաժեշտությունը.
5) որոշ անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների՝ մյուս անդամ պետությունների բորսային հարթակներում մասնակցության սկզբունքները.
6) Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաներում գնային ցուցանիշների (բորսային և արտաբորսային) ձևավորման և միասնական բորսային տարածքի շրջանակներում դրանց փոխադարձ հաշվառման սկզբունքները:
14. Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաներում նավթի և նավթամթերքի առևտրի կանոնների ընդունման կարգը սահմանվում է Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասին միջազգային պայմանագրով:
Նավթին, նավթամթերքին և դրանց տրանսպորտային փոխադրման համակարգերին առնչվող նորմերի ու ստանդարտների միասնականացումը
15. Նավթին և նավթամթերքին առնչվող նորմերի, ստանդարտների ու նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման համակարգերի գործունեությունը կանոնակարգող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի միասնականացումը, ինչպես նաև, հաշվի առնելով համաշխարհային գործելակերպերը, նավթի և նավթամթերքի քանակության և որակի հսկողության չափումների ճշգրտությունն ապահովելու, անդամ պետությունների ստանդարտացման ազգային համակարգերի շրջանակներում չափումների չափագիտական ապահովումն իրագործելու և նավթի և նավթամթերքի քանակության և որակի հարաչափերի չափումներին ներկայացվող չափագիտական պահանջները ներդաշնակեցնելու մասով առաջարկությունների մշակումն իրականացվում է Պայմանագրի X բաժնին համապատասխան:
Նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման համակարգերին հասանելիության միասնական կանոնների մշակումը
16. Նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման համակարգերին հասանելիության միասնական կանոնների (այսուհետ՝ միասնական կանոններ) մշակումն իրականացվում է Պայմանագրի 84-րդ հոդվածում և Հայեցակարգի III և IV բաժիններում նշված սկզբունքներին համապատասխան:
17. Միասնական կանոնները ներառվում են Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասին միջազգային պայմանագրում՝ որպես հավելված:
18. Նավթի և նավթամթերքի փոխադրման համար երկաթուղային տրանսպորտի ծառայություններին հասանելիության հարցերի կարգավորումն իրականացվում է Պայմանագրի XIX և XXI բաժիններին համապատասխան, ինչպես նաև «Բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների և կանոնների մասին» արձանագրությանը (Պայմանագրի թիվ 20 հավելված) և «Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրությանը (Պայմանագրի թիվ 24 հավելված) համապատասխան:
19. Միասնական կանոնները կարգավորում են նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման համակարգերով նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման հարցերը, այդ թվում՝ անդամ պետությունների՝ նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման համակարգերի օպերատորների և Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների մասնակիցների փոխհարաբերությունները, սահմանում են Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների շրջանակներում նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման ոլորտում ծառայություններին հասանելիության սկզբունքները և պայմանները՝ հաշվի առնելով անդամ պետությունների՝ նավթի և նավթամթերքի պահանջների առաջնահերթ ապահովման սկզբունքը և այն առանձնահատկությունները, որոնք սահմանված են Պայմանագրի XIX բաժնով և «Բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների և կանոնների մասին» արձանագրությամբ (Պայմանագրի թիվ 20 հավելված) և ներառում են՝
1) Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների շրջանակներում նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման ծառայություններին հասանելիության տրամադրման կարգը, այդ թվում՝ նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման բոլոր ստացված հայտերը բավարարելու համար հզորությունների անհրաժեշտ ծավալի բացակայության դեպքում, ինչպես նաև հաշվի առնելով նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման համակարգերի տեխնիկական հնարավորությունները.
2) նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման հայտերը ներկայացնելու (քննարկելու) կարգն ու ժամկետները.
3) Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների շրջանակներում նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման ծառայություններ մատուցելու պայմանագրեր կնքելու կարգն ու ժամկետները, էական պայմանները.
4) անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների միջև նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման տեխնիկական հնարավորությունները սահմանելու կարգն ու սկզբունքները՝ հաշվի առնելով նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրում իրականացնելու հայտերը.
5) անդամ պետությունների տարածքներով նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրում և տարանցում իրականացնելու կարգը.
6) Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների շրջանակներում նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման ծառայությունների սպառողների իրավունքներն ու պարտականությունները.
7) անդամ պետությունների նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման համակարգերի օպերատորների իրավունքներն ու պարտականությունները.
8) Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների շրջանակներում նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման ծառայությունների սակագների (գների) մասին տեղեկատվություն (տեղեկատվության բացահայտման ստանդարտներ), նշված ծառայությունների նկատմամբ սակագնագոյացման (գնագոյացման) մեթոդիկաներ հրապարակելու կարգը.
9) Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների շրջանակներում նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման համակարգերին հասանելիություն տրամադրելու ու նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման ծառայություններ մատուցելու հարցերով վեճերի լուծման կարգը.
10) Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների շրջանակներում նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման ծառայությունների նկատմամբ սակագնագոյացման ընդհանուր սկզբունքները և մեթոդները, ինչպես նաև գնագոյացման ընդհանուր սկզբունքները.
11) Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումը և գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ այլ դրույթներ:
20. Նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման ծավալները սահմանվում են անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների քաղաքացիաիրավական պայմանագրերով՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
21. Անդամ պետություններն ապահովում են՝
1) Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների շրջանակներում նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման ծառայությունների սակագների (գների) մասին տեղեկատվության (տեղեկատվության բացահայտման ստանդարտների), նշված ծառայությունների նկատմամբ սակագնագոյացման (գնագոյացման) մեթոդիկաների հրապարակումը.
2) անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցումը նավթային ոլորտում՝ հաշվի առնելով անդամ պետությունների միջազգային պայմանագրերը.
3) Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների շրջանակներում նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման ծառայությունների նկատմամբ սակագնագոյացման (գնագոյացման) ընդհանուր սկզբունքների և մեթոդների կիրառումը.
4) մրցակցության պաշտպանության բնագավառում անդամ պետությունների օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը, ներառյալ՝ Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների շրջանակներում նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների կողմից սակագների (գների) կիրառման նկատմամբ հսկողությունը:
Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասին միջազգային պայմանագրի կնքումը
22. Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասին միջազգային պայմանագրի կնքումն իրականացվում է ի կատարումն Պայմանագրի 84-րդ և 104-րդ հոդվածների և Հայեցակարգի XIV բաժնի դրույթների:
23. Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասին միջազգային պայմանագիրը պետք է ներառի՝
1) Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման սկզբունքները.
2) Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաներում նավթի և նավթամթերքի առևտրի կանոնները.
3) միասնական կանոնները.
4) նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման տեխնիկական հնարավորությունների մասին տեղեկատվության բացահայտման կարգը.
5) Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների մասնակիցների միջև նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման տեխնիկական հնարավորությունների ոչ խտրական և թափանցիկ բաշխման, ինչպես նաև նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման համակարգերին տեխնոլոգիական հասանելիության մասով վարչական խոչընդոտների վերացման սկզբունքները.
6) անդամ պետությունների միջև նավթի և նավթամթերքի սպառման, անդամ պետությունների տարածքներում նավթի և նավթամթերքի արդյունահանման, տրանսպորտային փոխադրման, մատակարարման, վերամշակման և իրացման մասին տվյալների տեղեկատվական փոխանակման կարգը.
7) անդամ պետությունների կողմից ներքին սպառման համար և (կամ) անդամ պետությունների տարածքներից արտահանման համար նավթի և նավթամթերքի տարանցումը և (կամ) միջպետական տրանսպորտային փոխադրումն ապահովելու մասին դրույթները.
8) Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասով Միության մարմինների և անդամ պետությունների լիազորված մարմինների իրավասության և լիազորությունների մասին դրույթները.
9) Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաներում բնապահպանական անվտանգության ապահովմանը ներկայացվող ընդհանուր պահանջները.
10) Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումը և գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ այլ դրույթներ:
Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների գործունեության դիտանցման մեխանիզմների մշակումը
24. Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների գործունեության դիտանցման մեխանիզմները ներառում են այդ թվում՝
1) Միության նավթի և նավթամթերքի ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների մշակումն ու համաձայնեցումը.
2) Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների գործունեության դիտանցման իրականացման ձևերի և կարգի մշակումը:
Բնապահպանական անվտանգության ապահովումը նավթային ոլորտում
25. Անդամ պետությունները շարժվում են նավթային ոլորտի բնապահպանական անվտանգության, բնական միջավայրի, քաղաքացիների կյանքի ու առողջության և սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում լավագույն համաշխարհային գործելակերպի կիրառման ուղով:
26. Անդամ պետությունները ձգտում են նավթային ոլորտի բնապահպանական անվտանգության, բնական միջավայրի, քաղաքացիների կյանքի ու առողջության և սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց օրենսդրության պահանջների միասնականացմանը և ներդաշնակեցմանը:
27. Բնապահպանական անվտանգության ապահովմանն առնչվող դրույթները ներառվում են Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասին միջազգային պայմանագրի մեջ:
Տեղեկատվական փոխանակման համակարգի կազմակերպումը
28. Տեղեկատվական փոխանակման համակարգի գործունեությունն իրականացվում է Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի շրջանակներում՝ Պայմանագրի 23-րդ և 24-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրությանը (Պայմանագրի թիվ 3 հավելված), «Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման և տարածման կարգի մասին» արձանագրությանը (Պայմանագրի թիվ 4 հավելված) համապատասխան, ինչպես նաև Հայեցակարգի VIII և X բաժիններին համապատասխան:
29. Տեղեկատվական փոխանակման համակարգն ապահովում է անդամ պետությունների լիազորված մարմինների, Հանձնաժողովի և անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցությունը՝ տեղեկատվական փոխանակման համակարգի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող փաստաթղթերով նախատեսված ծավալով, ինչպես նաև Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասին միջազգային պայմանագրի դրույթներին համապատասխան տեղեկատվություն տրամադրելու մասով: Անդամ պետության տնտեսավարող սուբյեկտներից ստացվող տեղեկատվության ներառումը Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ազգային հատվածում ապահովվում է այդ անդամ պետության լիազորված մարմնի կողմից:
30. Տեղեկատվական փոխանակման համակարգում ներառված տեղեկատվությունը հասանելի է դարձվում անդամ պետությունների լիազորված մարմիններին, Հանձնաժողովին և անդամ պետությունների՝ նախնական ավտորիզացում անցած տնտեսավարող սուբյեկտներին:
31. Մինչև Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասին միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելն անդամ պետությունների լիազորված մարմինների, Հանձնաժողովի և անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցության ընթացքում էլեկտրոնային ձևով տրամադրվող տեղեկատվության ցանկը սահմանվում է Պայմանագրին համապատասխան:
Անդամ պետությունների նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման համակարգերի օպերատորների միջև տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակումը
32. Անդամ պետությունների` նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման համակարգերի օպերատորների միջև տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակումն այն ծավալով, որն անհրաժեշտ է նավթի և նավթամթերքի անխափան միջպետական տրանսպորտային փոխադրումն ապահովելու համար, իրականացվում է անդամ պետությունների նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման համակարգերի օպերատորների փոխադարձ պայմանավորվածությամբ՝ միասնական կանոններին համապատասխան:
Նավթի և նավթամթերքի բորսային սակարկություններն իրականացնելու համար անհրաժեշտ՝ բորսային սակարկությունների և քլիրինգային կազմակերպությունների օպերատորների ծրագրաապարատային համալիրների մշակումը (լրամշակումը)
33. Նավթի և նավթամթերքի բորսային սակարկությունների օպերատորների ծրագրաապարատային համալիրների մշակումը (լրամշակումը) իրականացվում է Հայեցակարգի VIII բաժնին համապատասխան:
34. Ծրագրաապարատային համալիրների մշակման (լրամշակման) նպատակով՝
1) սահմանվում են նավթի և նավթամթերքի բորսային սակարկությունների և քլիրինգային կազմակերպությունների օպերատորների ծրագրաապարատային համալիրների փոխգործողության սկզբունքները.
2) իրականացվում է ծրագրաապարատային համալիրների աուդիտ, սահմանվում են դրանց մշակման (լրամշակման) ուղղությունները.
3) ձևավորվում են տեխնիկական լուծման սկզբունքները և ճարտարապետությունը, ինչպես նաև ծրագրաապարատային համալիրների մշակման (լրամշակման) գործողությունների պլանը:
Նավթի և նավթամթերքի բորսային սակարկություններ իրականացնելուն ուղղված պիլոտային ծրագրերի իրագործումը
35. Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման շրջանակներում անդամ պետությունների լիազորված մարմինները Հանձնաժողովի հետ համատեղ գնահատում են նավթի և նավթամթերքի բորսային սակարկությունների իրականացմանն ուղղված պիլոտային ծրագրերի իրագործման և Հանձնաժողովի, անդամ պետությունների լիազորված մարմինների և անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների միջև տեղեկատվական փոխանակման համակարգի կազմակերպման անհրաժեշտությունը:
Նավթային ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցումը
36. Հանձնաժողովն անդամ պետությունների լիազորված մարմինների հետ համաձայնեցմամբ սահմանում է նավթային ոլորտում անդամ պետությունների օրենսդրության (ներառյալ՝ անդամ պետությունների տեխնոլոգիական և առևտրային ենթակառուցվածքի գործունեության նորմերն ու կանոնները, որոնք ապահովում են Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորումը) և նավթային ոլորտում անդամ պետությունների միջև միջազգային պայմանագրերի համեմատական վերլուծություն անցկացնելու համար տեղեկատվություն ներկայացնելու ձևը:
37. Նավթային ոլորտում անդամ պետությունների օրենսդրության համեմատական վերլուծության արդյունքներով Հանձնաժողովը ձևավորում է ամփոփ հաշվետվություն, որի հիման վրա անդամ պետությունների լիազորված մարմինները Հանձնաժողովի հետ համատեղ իրականացնում են նավթային ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցմանն ուղղված միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») նախապատրաստումը և սահմանում են Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման բազային մոտեցումները և սկզբունքները, որոնց պետք է համապատասխանեն անդամ պետությունների՝ ներդաշնակեցման ենթակա նորմատիվ իրավական ակտերը:
38. Անդամ պետությունները կազմակերպում են նավթի և նավթամթերքի մատակարարման, արտահանման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և վճարների) սահմանման և վճարման կարգի ոլորտում միմյանց միջև կնքված միջազգային պայմանագրերը Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման բազային մոտեցումներին և սկզբունքներին համապատասխանեցնելուն ուղղված աշխատանքը:
39. Դիտանցում իրականացնելու շրջանակներում Հանձնաժողովն անցկացնում է անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերում և նավթային ոլորտում անդամ պետությունների միջազգային պայմանագրերում կատարված փոփոխությունների վերլուծություն՝ Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման բազային մոտեցումներին և սկզբունքներին դրանց համապատասխանության մասով:
Նավթային ոլորտում անդամ պետությունների միջազգային համագործակցության զարգացումը
40. Նավթային ոլորտում անդամ պետությունների միջազգային համագործակցության զարգացումն իրագործվում է Հայեցակարգի VII բաժնին համապատասխան և իրականացվում է անդամ պետությունների էներգետիկ անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև էներգետիկ ռեսուրսների համաշխարհային շուկայում դրանց դիրքերն ամրապնդելու նպատակով:
41. Նավթային ոլորտում անդամ պետությունների միջազգային համագործակցության զարգացմանն ուղղված միջոցառումներն իրագործվում են Հանձնաժողովի և անդամ պետությունների միջև փոխգործակցությամբ՝ անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների մասնակցությամբ:
Համաշխարհային շուկայում բորսային և արտաբորսային գնային ցուցանիշների դիտանցումը
42. Համաշխարհային շուկայում բորսային և արտաբորսային գնային ցուցանիշների դիտանցումն ապահովելու համար՝
1) հաստատվում է համաշխարհային շուկայում բորսային և արտաբորսային գնային ցուցանիշների դիտանցման համար բորսային և արտաբորսային հարթակների ցանկը.
2) հաստատվում է դիտանցման ենթակա ապրանքների (նավթ և նավթամթերք) ցանկը.
3) հաստատվում է գնային ցուցանիշների վերլուծության կարգը.
4) ձևավորվում է գնային ցուցանիշների մասին տեղեկատվությունն անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտներին ի գիտություն հասցնելու մեխանիզմը:
Ներդրումների ներգրավումն անդամ պետությունների նավթային ոլորտ
43. Անդամ պետությունների նավթային ոլորտ ներդրումների ներգրավման միջոցառումների ցանկը ձևավորվում է Պայմանագրի XV բաժնին համապատասխան և հաշվի առնելով Հայեցակարգի XI բաժնով նախատեսված դրույթները:
44. Անդամ պետությունների նավթային ոլորտ ներդրումների ներգրավման միջոցառումները ներառում են բարենպաստ ներդրումային կլիմա ապահովելու միջոցներ, ինչպես նաև ենթակառուցվածքային ծրագրերի իրագործմանն աջակցելու միջոցներ:
45. Բարենպաստ ներդրումային կլիմայի ձևավորումը նախատեսում է անդամ պետություններում ֆինանսատնտեսական և իրավական պայմանների փոփոխություն՝ ներդրման արդյունավետությունը բարձրացնելու և ներդրումային ռիսկերը նվազեցնելու նպատակով:
Ենթակառուցվածքային ծրագրերի իրագործումը նավթային ոլորտում
46. Ենթակառուցվածքային ծրագրերը նավթային ոլորտում իրագործվում են՝ հաշվի առնելով կնքված միջազգային պայմանագրերը, ինչպես նաև անդամ պետությունների և (կամ) դրանց տնտեսավարող սուբյեկտների՝ զարգացման ընդունված ծրագրերը:
47. Նավթային ոլորտում ենթակառուցվածքային ծրագրերի իրագործմանն աջակցելու նպատակներով՝
1) անդամ պետություններն իրենց տարածքներում ստեղծում են բարենպաստ պայմաններ այն ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար, որոնց իրագործումը հնարավոր է Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների շրջանակներում.
2) անդամ պետությունները համատեղ սահմանում և իրագործում են իրենց համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման համակարգերի զարգացումն ապահովող ենթակառուցվածքային ծրագրեր նավթային ոլորտում.
3) անդամ պետությունների նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման համակարգերի օպերատորներն իրականացնում են Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների մասնակիցների միջև նավթի և նավթամթերքի փոխադարձ առևտրի վրա ազդող՝ նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման համակարգերի զարգացման պլանների մասին փոխադարձ տեղեկացում:
48. Ենթակառուցվածքային ծրագրերը նավթային ոլորտում իրագործվում են «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության դրույթներին համապատասխան (Պայմանագրի թիվ 16 հավելված)։
III. Ծրագրի իրագործման ապահովումը
Ծրագրի իրագործման շրջանակներում անդամ պետությունների լիազորված մարմինների փոխգործակցությունը
49. Անդամ պետությունների լիազորված մարմինների՝ սույն ծրագրի իրագործման մասով փոխգործակցության իրականացման նպատակներով Հանձնաժողովի կողմից ձևավորվում է աշխատանքային խումբ՝ պետական մարմինների ներկայացուցիչների և անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների, ինչպես նաև նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման համակարգերի, անդամ պետությունների տարածքներում տեղակայված նավթապահեստների և պահեստային ենթակառուցվածքի օպերատորներ և (կամ) սեփականատերեր հանդիսացող իրավաբանական անձանց, բորսային սակարկությունների օպերատորների կազմով:
50. Սույն ծրագրի 49-րդ կետում նշված աշխատանքային խումբն իրականացնում է Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների գործունեության և կարգավորման դիտանցում, այդ թվում՝
1) նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման համակարգերին հասանելիության տրամադրման ու նավթի և նավթամթերքի տարանցման ապահովման,
2) շուկայական գնագոյացման մեխանիզմների ձևավորման ու նավթի և նավթամթերքի բորսային սակարկությունների զարգացման,
3) Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների տեխնոլոգիական հիմքի ձևավորման և տեղեկատվական փոխանակման իրագործման,
4) միջազգային համագործակցության զարգացման և անդամ պետությունների նավթային ոլորտ ներդրումների ներգրավման դիտանցում:
IV. Ծրագրի ռեսուրսային ապահովումը
1. Ծրագրի իրագործման ֆինանսավորման կարգը և մեխանիզմները
51. Սույն ծրագրի իրագործման ֆինանսական ապահովումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից՝ իր լիազորություններին համապատասխան, Միության բյուջեի միջոցների հաշվին, անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից՝ անդամ պետությունների բյուջեների միջոցների և (կամ) արտաբյուջետային աղբյուրների հաշվին՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
52. Սույն ծրագիրն իրագործելիս՝
1) Միության բյուջեի միջոցների (Հանձնաժողովի բյուջետային նախահաշվի միջոցների) հաշվին ֆինանսավորվում են Հանձնաժողովի կողմից կատարվող՝ Միության մարմինների ակտերի մշակմանն ուղղված և Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ինտեգրացիոն հատվածի զարգացմանն ուղղված միջոցառումները՝ անդամ պետությունների լիազորված մարմինների, Հանձնաժողովի և անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների միջև տեղեկատվական փոխանակման համակարգի գործունեության իրագործման և ապահովման նպատակներով.
2) անդամ պետությունների բյուջեների միջոցների և (կամ) արտաբյուջետային աղբյուրների հաշվին (անդամ պետությունների լիազորված մարմինների գործունեության ապահովման միջոցների սահմաններում) ֆինանսավորվում են անդամ պետությունների լիազորված մարմինների մասնակցությամբ իրականացվող՝ Միության մարմինների ակտերի մշակմանը, անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի ներդաշնակեցմանը և Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ազգային հատվածների զարգացմանն ուղղված միջոցառումները՝ անդամ պետությունների լիազորված մարմինների, Հանձնաժողովի և անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների միջև տեղեկատվական փոխանակման համակարգի գործունեության իրագործման և ապահովման նպատակներով.
3) արտաբյուջետային աղբյուրների միջոցների ներգրավմամբ ֆինանսավորվում են Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծումն ու զարգացումը:
2. Գիտական ապահովումը
53. Սույն ծրագրի իրագործման շրջանակներում պահանջվում է դրա գիտական ապահովումը՝ Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման կանոններ և մեխանիզմներ մշակելիս վերլուծական հետազոտություններ անցկացնելու և գիտականորեն հիմնավորված առաջարկություններ ներկայացնելու տեսքով, ներառյալ՝ Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման ինստիտուցիոնալ, տեխնոլոգիական, իրավաբանական և տնտեսական մեխանիզմները, այդ թվում հետևյալ ուղղություններով՝
1) անդամ պետությունների համար Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների կարգավորման ոլորտում նորմատիվ իրավական ակտերի մշակման վերաբերյալ մեթոդական առաջարկությունների նախապատրաստում.
2) Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների դիտանցման և վերլուծության իրականացման մեթոդիկաների մշակում:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 23 որոշմամբ |
ՊԼԱՆ
Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորմանն ուղղված միջոցառումների
Միջոցառման անվանումը |
Իրագործման ժամկետը |
Ակնկալվող արդյունքը |
Պատասխանատու կատարողը |
Համակատարողները | |||
I. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաները կարգավորող ակտերի մշակումը | |||||||
1. Տեղեկատվական փոխանակման շրջանակներում տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի ընդունում՝ անդամ պետությունների լիազորված մարմինների, Հանձնաժողովի և անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցության ընթացքում էլեկտրոնային ձևով տրամադրվող տեղեկատվության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին (այսուհետ՝ Պայմանագիր) և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին համապատասխան սահմանված ցանկով |
2019 թվական |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) ակտեր |
Հանձնաժողով |
Միության անդամ պետություններ (այսուհետ՝ անդամ պետություններ) | |||
անդամ պետությունների լիազորված մարմինների, Հանձնաժողովի և անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցության ընթացքում էլեկտրոնային ձևով տրամադրվող տեղեկատվության՝ Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասին միջազգային պայմանագրին համապատասխան սահմանվող ցանկով |
2024 թվական |
||||||
2. Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասին միջազգային պայմանագրի մշակումը և դրա ուղարկումը ներպետական համաձայնեցման |
2021 թվական |
Հանձնաժողովի ակտ |
Հանձնաժողով |
անդամ պետություններ | |||
3. Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման երկրորդ փուլին անցում կատարելու մասին որոշում ընդունելը |
2021 թվական |
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ակտ |
Հանձնաժողով |
անդամ պետություններ | |||
4. Նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման համակարգերին հասանելիության միասնական կանոնների մշակումը |
2021 թվական |
նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման համակարգերի հասանելիության միասնական կանոններ |
Հանձնաժողով |
անդամ պետություններ | |||
5. Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաներում նավթի և նավթամթերքի առևտրի կանոնների մշակումը |
2023 թվական |
Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաներում նավթի և նավթամթերքի առևտրի կանոններ |
Ղազախստանի Հանրապետություն |
անդամ պետություններ, Հանձնաժողով | |||
6. Նավթի և նավթամթերքի բորսային սակարկությունների անցկացման կանոնների մշակումը |
2023 թվական |
նավթի և նավթամթերքի բորսային սակարկությունների անցկացման կանոններ |
Ռուսաստանի Դաշնություն |
անդամ պետություններ, Հանձնաժողով | |||
7. Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման երրորդ փուլին անցում կատարելու մասին որոշում ընդունելը |
2024 թվական |
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ակտ |
Հանձնաժողով |
անդամ պետություններ | |||
8. Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասին միջազգային պայմանագրի ընդունումր |
2024 թվական |
Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասին միջազգային պայմանագիր |
անդամ պետություններ, Հանձնաժողով | ||||
II. Տեղեկատվական փոխանակման համակարգի կազմակերպումը | |||||||
9. Տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակման կազմակերպում անդամ պետությունների նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման համակարգերի օպերատորների միջև՝ նավթի և նավթամթերքի անխափան միջպետական տրանսպորտային փոխադրումն ապահովելու համար |
2019 թվական |
տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակում |
Ռուսաստանի Դաշնություն |
անդամ պետություններ | |||
10. Տեղեկատվական փոխանակման համակարգի կազմակերպում Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով ընդհանուր գործընթացներն իրագործելու միջոցով՝ Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների շրջանակներում տեղեկատվական փոխգործակցությունն ապահովելու համար՝ անդամ պետությունների լիազորված մարմինների, Հանձնաժողովի և անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցության ընթացքում էլեկտրանային ձևով տրամադրվող տեղեկատվության՝ Պայմանագրին և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին համապատասխան սահմանվող ցանկին համապատասխան |
2024 թվական |
տեղեկատվական փոխանակման համակարգ |
Հանձնաժողով |
անդամ պետություններ | |||
III. Նավթային ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցումը | |||||||
11. Նավթային ոլորտում անդամ պետությունների օրենսդրության և անդամ պետությունների միջև միջազգային պայմանագրերի համեմատական վերլուծության անցկացումը |
2019 թվական |
ամփոփ հաշվետվություն |
Հանձնաժողով |
անդամ պետություններ | |||
12. Նավթային ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցմանն ուղղված միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») մշակումը և հաստատումը |
2020 թվական |
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ակտ |
Հանձնաժողով |
անդամ պետություններ | |||
13. Նավթային ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցումը |
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ակտին համապատասխան |
անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր |
անդամ պետություններ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: