ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշումներ` Գործ թիվ ԵԴ/2640/07/18 |
ԵԴ/2640/07/18 | ||||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. Ասատրյանի | |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ` |
Ն. Թումանյանի |
2020 թվականի մայիսի 26-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի ապրիլի 29-ի և հուլիսի 10-ի որոշումների դեմ մեղադրյալ Արա Միքայելի Մինասյանի պաշտպան Տիգրան Ղազարյանի վճռաբեկ բողոքները,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Ռ.Վարդանյանի (այսուհետ՝ նաև Նախաքննության մարմին)՝ 2018 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 325-րդ հոդվածի 2-րդ մասի և 214-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 69104518 քրեական գործը:
2. Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ Արա Միքայելի Մինասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան), 2018 թվականի նոյեմբերի 4-ին թիվ ԵԴ/2640/07/18 դատական գործով քննության առնելով Նախաքննության մարմնի միջնորդությունը՝ թիվ 69104518 քրեական գործով բանկային գաղտնիք կազմող տեղեկություններն առգրավելու թույլտվություն ստանալու վերաբերյալ, որոշել է այն բավարարել։
4. Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Ա.Մինասյանի պաշտպան Տ.Ղազարյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2019 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:
5. 2019 թվականի մայիսի 23-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է պաշտպան Տ.Ղազարյանի միջնորդությունը՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 4-ի թիվ ԵԴ/2640/07/18 որոշման դեմ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2019 թվականի հունիսի 5-ի որոշմամբ թիվ ԵԴ/0063/15/19 դատական գործով մեղադրյալ Ա.Մինասյանի պաշտպան Տ.Ղազարյանի վերոնշյալ միջնորդությունը մերժվել է:
6. Պաշտպան Տ.Ղազարյանը Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունիսի 5-ի որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2019 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:
7. Վերաքննիչ դատարանի՝ թիվ ԵԴ/2640/07/18 դատական գործով՝ 2019 թվականի ապրիլի 29-ի և թիվ ԵԴ/0063/15/19 դատական գործով՝ 2019 թվականի հուլիսի 10-ի որոշումների դեմ պաշտպան Տ.Ղազարյանը բերել է վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի՝ համապատասխանաբար 2019 թվականի օգոստոսի 26-ի և 2019 թվականի օգոստոսի 28-ի որոշումներով ընդունվել են վարույթ, և նշված երկու գործերը միացվել են մեկ վարույթում՝ թիվ ԵԴ/2640/07/18 համարի տակ1։
Վճռաբեկ բողոքների պատասխաններ դատավարության մասնակիցների կողմից չեն ներկայացվել:
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
8. Մեղադրյալ Ա.Մինասյանի պաշտպան Տ.Ղազարյանը, Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 4-ի որոշման դեմ 2019 թվականի ապրիլի 8-ին փոստային եղանակով ներկայացված վերաքննիչ բողոքում նշել է հետևյալը. «(…) Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ հիշյալ որոշումը հասանելի է դարձել պաշտպանության կողմին միայն 2019 թվականի մարտի 4-ին (…): Ուստի խնդրում ենք վերաքննիչ բողոք բերելու ժամկետը հաշվել 2019 թվականի մարտի 4-ից (…)»2:
9. 2019 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է հետևյալը. «(...) 2019 թվականի ապրիլի 8-ին փոստին հանձնելու միջոցով վերաքննիչ բողոք է ներկայացրել մեղադրյալ Ա.Մինասյանի պաշտպան Տ.Ղազարյանը` խնդրելով բեկանել Առաջին ատյանի դատարանի 04.11.2018 թվականի որոշումը և ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Ռ.Վարդանյանի միջնորդությունը մերժել: Միևնույն ժամանակ բողոքաբերը նշել է, որ բողոքարկվող դատական ակտը պաշտպանության կողմին հասանելի է դարձել 2019 թվականի մարտի 4-ին, ուստի խնդրել է բողոքարկման ժամկետը հաշվել 04.03.2019 թվականից:
(...)
Ըստ բողոքաբերի հայտնածի՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպանության կողմին հասանելի է դարձել 2019 թվականի մարտի 4-ին և դրա դեմ պաշտպան Տ.Ղազարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել 2019 թվականի ապրիլի 8-ին (որոշման բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետն ավարտվել է 2019 թվականի մարտի 14-ին` ժամը 24:00-ին), այսինքն՝ վերաքննիչ բողոք բերելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ժամկետի խախտմամբ:
Այլ կերպ ասած՝ բողոքաբերը բաց է թողել նաև դատական ակտը իրեն հասանելի դառնալու պահից 10-օրյա ժամկետում բողոք ներկայացնելու ժամկետը: Բողոքաբերը թեև միջնորդել է որոշման բողոքարկման բաց թողնված ժամկետը հարգելի համարել և հաշվել 04.03.2019 թվականից, սակայն բողոքը ներկայացրել է օրենքով սահմանված ժամկետից շատ ավելի ուշ:
Ելնելով վերագրյալից և հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի 2017 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ ՍԴՈ-1394 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 4-ի որոշման դեմ մեղադրյալ Արա Մինասյանի պաշտպան Տ.Ղազարյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության` ժամկետանց լինելու հիմքով: (...)»3։
10. 2019 թվականի մայիսի 23-ին Առաջին ատյանի դատարան ներկայացված՝ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության մեջ պաշտպան Տ.Ղազարյանը նշել է հետևյալը. «(…) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի նոյեմբերի 04-ի թիվ ԵԴ/2640/07/18 որոշումը պաշտպանության կողմը ստացել է 2019 թվականի ապրիլի 4-ին, սակայն տեխնիկական վրիպակի պատճառով վերաքննիչ բողոքում նշվել է, որ պաշտպանության կողմին հասու է դարձել 2019 թվականի մարտի 4-ին։ Այս փաստը պետք է արտացոլված լինի նաև սույն քրեական գործի նյութերում, սակայն նշված տեխնիկական վրիպակի պատճառով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կայացրել է վերաքննիչ բողոքը առանց քննության թողնելու մասին որոշում, որը պաշտպանության կողմին հասու է դարձել 2019 թվականի մայիսի 15-ին»4։
11. Պաշտպան Տ.Ղազարյանի կողմից Վճռաբեկ դատարան ներկայացված ստացականի պատճենից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 4-ի որոշումը պաշտպանության կողմին հասանելի է դարձել 2019 թվականի ապրիլի 4-ին5:
Նույն ստացականի պատճենը 2019 թվականի հունիսի 3-ին պաշտպան Տ.Ղազարյանի դիմումի հետ միասին մուտքագրվել է Առաջին ատյանի դատարանի գրասենյակ և առկա է թիվ ԵԴ/0063/15/19 դատական գործի նյութերում6:
12. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունիսի 5-ի որոշմամբ արձանագրվել է հետևյալը. «(...) Համաձայն դատարանին ներկայացված փաստաթղթերի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի նոյեմբերի 4-ի որոշումը Տիգրան Ղազարյանը ստացել է 04.04.2019 թվականին, որի վերաբերյալ առկա է վերջինիս ստորագրությունը։
Փաստորեն, դատարանի 2018 թվականի նոյեմբերի 4-ի որոշմանը ծանոթանալու, այն բողոքարկելու իրավունքներից Տ.Ղազարյանը սահմանված ժամկետում չի օգտվել։
Հետևաբար դիմողի պատճառաբանությունն այն մասին, որ վրիպակի արդյունքում է նշվել, որ դատական ակտը ստացել է 04.04.2019 թվականին և դրա պատճառով բողոքարկման ժամկետը բաց է թողել` անհիմն է, քանի որ Տ.Ղազարյանի կողմից, հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ կամ ապացույց դատարանին չի ներկայացվել, ուստի միջնորդությունը ենթակա է մերժման»7:
13. Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 10-ի որոշման համաձայն. «(...) Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի նոյեմբերի 04-ի թիվ ԵԴ/2640/07/18 որոշման դեմ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ առկա է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2019 թվականի ապրիլի 29-ի որոշումը, որով մեղադրյալ Ա.Մինասյանի պաշտպան Տիգրան Ղազարյանի միջնորդությունը մերժվել է: Դիմողի կողմից վճռաբեկության կարգով այն չի բողոքարկվել և որոշումը մտել է օրինական ուժի մեջ: Տվյալ պայմաններում անկախ որոշման հիմքերից ու դիմողի կողմից դրանց հետ չհամաձայնելու հանգամանքից, ինչպես առաջին ատյանի դատարանի, այնպես էլ վերաքննիչ դատարանի կողմից նույն հարցի վերաբերյալ նոր որոշում կայացնելը իրավաչափ չէ և հակասում է ՀՀ քրեադատավարական օրենսդրության պահանջներին»8:
Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
14. Բողոքաբերը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, թույլ տալով քրեական վարույթն իրականացնող մարմնին կատարել առգրավում, խախտել է օրինականության պահանջը՝ ոչ իրավաչափորեն սահմանափակելով մեղադրյալ Ա.Մինասյանի հիմնական իրավունքներն ու ազատությունները:
15. Բողոքի հեղինակն ընդգծել է, որ արդար դատական քննության իրավունքը նախ և առաջ ենթադրում է դատարանի մատչելիությունը, ուստի անձը պետք է վստահ լինի, որ իր ներկայացրած վերաքննիչ բողոքն առանց քննության չի թողնվի, օրինակ՝ բողոքին ներկայացվող ձևական պահանջները չպահպանելու կամ գործի նյութերը դատարանի կողմից չուսումնասիրելու արդյունքում:
15.1 Բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 4-ի որոշումը պաշտպանության կողմը ստացել է 2019 թվականի ապրիլի 4-ին, սակայն տեխնիկական վրիպակի պատճառով վերաքննիչ բողոքում նշվել է, որ դատական ակտը պաշտպանության կողմին հասանելի է դարձել 2019 թվականի մարտի 4-ին, ինչն արտացոլված է նաև քրեական գործի նյութերում, սակայն հիշյալ տեխնիկական վրիպակի պատճառով Վերաքննիչ դատարանը կայացրել է վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում: Բողոքաբերի պնդմամբ՝ բողոքարկվող որոշումը պաշտպանության կողմին հասանելի դառնալու հանգամանքը չուսումնասիրելու արդյունքում Վերաքննիչ դատարանը կայացրել է բողոքն առանց քննության թողնելու մասին անհիմն դատական ակտ:
15.2. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները չեն կարող կայացնել որոշումներ՝ հիմնված բացառապես կողմերից մեկի ներկայացրած դիրքորոշման վրա՝ չուսումնասիրելով քրեական գործով ձեռք բերված օբյեկտիվ տվյալները: Բողոքաբերը փաստել է, որ իրավական նշանակություն ունեցող ցանկացած եզրահանգում, այդ թվում՝ դատավարական ժամկետը բաց թողնված լինելու կամ չլինելու մասին, պետք է հիմնված լինի օբյեկտիվ տվյալների վրա, այլ ոչ թե կողմերից մեկի դիրքորոշման:
16. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել թիվ ԵԴ/2640/07/18 դատական գործով Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 29-ի որոշումը, ինչպես նաև Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 4-ի որոշումը և մերժել նախաքննության մարմնի միջնորդությունը՝ Ա.Մինասյանի՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններն առգրավելու թույլտվություն ստանալու վերաբերյալ, կամ գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության:
17. Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունիսի 5-ի որոշմանը՝ բողոքաբերը նշել է, որ դատարանը խեղաթյուրել է պաշտպանության կողմի ներկայացրած միջնորդության բովանդակությունը և արդյունքում կայացրել է ոչ օրինական, չպատճառաբանված և անհիմն դատական ակտ:
18. Վճռաբեկ բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 10-ի որոշումը նույնպես ոչ իրավաչափ է, քանի որ չի վերաբերում ներկայացված վերաքննիչ բողոքի առարկային, հիմքերին և հիմնավորումներին:
19. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել թիվ ԵԴ/0063/15/19 դատական գործով Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունիսի 5-ի և Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 10-ի դատական ակտերը և կայացնել նոր դատական ակտ, այն է՝ վերականգնել վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
20. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 4-ի որոշման դեմ մեղադրյալ Ա.Մինասյանի պաշտպան Տ.Ղազարյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց է:
21. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:
21.1. ՀՀ սահմանադրական դատարանը, դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում անդրադառնալով դատական ակտի բողոքարկման իրավունքի իրացման ժամկետային սահմանափակումներին, 2012 թվականի հոկտեմբերի 16-ի ՍԴՈ-1052 որոշման մեջ արձանագրել է, որ. «(…) [Ս]տորադաս դատարանի դատական ակտը հրապարակվելու պահից որոշակի ժամկետում բողոքարկելու վերաբերյալ դրույթներ սահմանելիս օրենսդիրը պարտավոր է` ելնելով անձի դատարանի մատչելիության և արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքներից, օրենսդրորեն անհրաժեշտ նախադրյալներ ամրագրել դրանց երաշխավորման ու ապահովման համար։ Սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով է բողոքարկվող դատական ակտը հասու շահագրգիռ անձին, ողջամիտ ինչ ժամկետում նա կարող է հիմնավոր բողոք ներկայացնել իր իրավունքների դատական պաշտպանության համար։
(…)
Այս կապակցությամբ սահմանադրական դատարանը հիմնավորված չի համարում բողոքարկվող դատական ակտի փաստացի ուշ ստանալու հիմքով բողոքարկման ժամկետի բացթողումը հարգելի համարելու միջնորդություն ներկայացնելու դեպքում դատարաններին լայն հայեցողական լիազորության տրամադրումը։ Եթե օրենսդիրը, հիմք ընդունելով բողոքարկվող դատական ակտի բնույթը, հաշվի առնելով դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների իրացման անհրաժեշտությունը, տվյալ ակտի բողոքարկման համար բավարար է համարել տվյալ ժամկետը, կոնկրետ դեպքում` հնգօրյա և տասնօրյա ժամկետները, ապա նշված ժամկետները պետք է մեկնարկեն բողոքարկվող դատական ակտին ծանոթանալու իրական հնարավորության առաջացման պահից:
(…)։
ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ մարդու սահմանադրական իրավունքների պաշտպանության առումով նշված դեպքերում բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով (ex jure) պետք է համարվի հարգելի, ինչը կերաշխավորի անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը (…)»9։
21.2 Սահմանադրական դատարանը, 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, դատական մատչելիության իրավունքի վերաբերյալ նշել է.
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման10:
22. «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 8-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, սահմանադրությամբ կամ օրենքով իրեն վերապահված հիմնական իրավունքների խախտման դեպքում, ունի ներպետական իրավասու ատյանների կողմից արդյունավետ պաշտպանության իրավունք»։
23. «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» ՄԱԿ-ի միջազգային դաշնագրի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Uույն դաշնագրի մաuնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է.
ա) ցանկացած այն անձի համար, որի uույն դաշնագրում ճանաչվող իրավունքներն ու ազատությունները խախտված են, ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, եթե նույնիuկ այդ խախտումը կատարվել է պաշտոնապեu գործող անձի կողմից.
բ) ապահովել, որպեuզի իրավական պաշտպանություն պահանջող ցանկացած անձի համար այդպիuի պաշտպանության իրավունք uահմանվի դատական, վարչական կամ oրենuդրական իրավաuու իշխանությունների կամ պետության իրավական համակարգով նախատեuված այլ իրավաuու մարմնի կողմից, և զարգացնել դատական պաշտպանության հնարավորությունները.
գ) ապահովել իրավաuու իշխանությունների կողմից իրավական պաշտպանության միջոցների կիրառումը դրանք տրամադրելու դեպքում»։
24. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»։
Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ում՝ սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք, նույնիսկ, եթե նման խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»։
24.1. Դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետև՝ նաև Եվրոպական դատարան) Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի գործով նշել է, որ. «(…) «[Դ]ատարանի իրավունքը», որի մի մասն է կազմում դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ։ Այն ենթակա է սահմանափակումների, մասնավորապես, երբ քննարկվում են բողոքի ընդունելիության պայմանները, քանի որ այն իր բնույթով թողնված է պետության կարգավորմանը, որն այս առնչությամբ ունի հայեցողության որոշակի սահման։ Սակայն այդ սահմանափակումները չպետք է անձի դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակեն կամ նվազեցնեն այն կերպ կամ այն չափով, որ խախտվի իրավունքի բուն էությունը, վերջապես նման սահմանափակումները չեն համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, եթե դրանք չեն հետապնդում իրավաչափ նպատակ կամ կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև առկա չէ ողջամիտ համամասնություն (…)։ Որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (…)։
Դիմումների, բողոքների կամ այլ գանգատների ներկայացման համար սահմանված ժամկետները, անկասկած, նպատակ ունեն ապահովել արդարադատության պատշաճ իրականացումը և համապատասխանությունը, մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքին։ Շահագրգիռ անձինք պետք է ակնկալեն, որ այդ կանոնները կկիրառվեն։ Սակայն, նման կանոնները կամ դրանց կիրառումը չպետք է խոչընդոտ հանդիսանան դատավարության մասնակիցների համար առկա պաշտպանության միջոցներից օգտվելիս (…)»11:
24.2. Եվրոպական դատարանն ընդգծել է, որ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը ենթադրում է, որ դատավարության կողմերը պետք է կարողանան օգտվել իրենց բողոքարկման իրավունքից այն պահից, երբ փաստացի ծանոթացել են դատական որոշումների հետ, որոնք կարող էին խախտել իրենց օրինական իրավունքները կամ շահերը12:
25. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի համաձայն՝ «1.Վերաքննիչ բողոք բերվում են՝
(...)
3) առաջին ատյանի դատարանի՝ կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները՝ հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը՝ հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 4.Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ, իսկ կալանքի տակ գտնվող կամ բժշկական հաստատությունում տեղավորված անձանց համար, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը կալանավորվածներին պահելու վայրի կամ բժշկական հաստատության վարչակազմին հանձնված է մինչև ժամկետը լրանալը: Բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին հանձնելու ժամանակը որոշվում է փոստային դրոշմով, իսկ կալանավորվածներին պահելու վայրի կամ բժշկական հաստատության վարչակազմին հանձնելու ժամանակը` այդ հաստատությունների գրասենյակների կամ պաշտոնատար անձանց կատարած նշումով:
5. Պաշտոնատար անձանց կողմից սահմանված ժամկետը պահպանելը հաստատվում է դատավարական փաստաթղթերում` համապատասխան նշումով: Քրեական դատավարությանը մասնակցող անձանց հանձնման ենթակա փաստաթղթերի ստացման փաստը հաստատվում է գործին կցված նրանց ստորագրությամբ»:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Մինչև ժամկետի վերջին օրվա ժամը 24:00-ն կապի կազմակերպությանը հանձնված փաստաթղթերը համարվում են ժամկետում հանձնված»:
26. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ քրեադատավարական ժամկետները քրեական վարույթի պատշաճ ընթացքն ապահովող կարևոր նախադրյալներից են: Դրանք իրենցից ներկայացնում են օրենքով սահմանված որոշակի ժամանակահատված, որի ընթացքում դատավարությանը ներգրավված անձինք իրավունք ունեն կամ պարտավոր են կատարել որոշակի քրեադատավարական գործողություն: Սակայն դատավարական կանոնների, այդ թվում՝ բողոքարկման ժամկետների հաշվարկի վերաբերյալ նորմերի մեկնաբանությունը չպետք է հանգեցնի ձևական մոտեցման՝ անհամաչափորեն սահմանափակելով անձի դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքը։ Անձին պետք է ընձեռվի իր իրավունքներին և ազատություններին առնչվող դատական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն, ինչն իր հերթին, ի թիվս այլոց, ենթադրում է, որ տվյալ դատական ակտը պետք է անձին հասանելի լինի կամ անձը պետք է հաստատապես տեղյակ լինի դրա առկայության մասին։ Ընդ որում, դատական պաշտպանության դիմելու ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե դատական ակտը փաստացի հասանելի դառնալու պահից դրա դեմ բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը, իսկ բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին հանձնելու ժամանակը որոշվում է փոստային դրոշմով13:
27. Թիվ ԵԴ/2640/07/18 դատական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 4-ի որոշման դեմ մեղադրյալ Ա.Մինասյանի պաշտպան Տ.Ղազարյանը փոստային ծառայությանը հանձնելու միջոցով վերաքննիչ բողոք է բերել 2019 թվականի ապրիլի 8-ին՝ նշելով, որ դատական ակտը պաշտպանության կողմին հասանելի է դարձել 2019 թվականի մարտի 4-ին, ուստիև խնդրել է վերաքննիչ բողոք բերելու ժամկետը հաշվել 2019 թվականի մարտի 4-ից14,
- 2019 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ըստ բողոքաբերի հայտնած տվյալների՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպանության կողմին հասանելի է դարձել 2019 թվականի մարտի 4-ին, և դրա դեմ պաշտպան Տ.Ղազարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել 2019 թվականի ապրիլի 8-ին, այսինքն՝ բողոքաբերը բաց է թողել դատական ակտն իրեն հասանելի դառնալու պահից 10-օրում բողոք ներկայացնելու ժամկետը15։
27.1. Թիվ ԵԴ/0063/15/19 դատական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Տ.Ղազարյանը 2019 թվականի մայիսի 23-ին Առաջին ատյանի դատարան է ներկայացրել վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն՝ նշելով, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 4-ի որոշումը պաշտպանության կողմը ստացել է 2019 թվականի ապրիլի 4-ին, սակայն տեխնիկական վրիպակի պատճառով վերաքննիչ բողոքում նշվել է, որ այն պաշտպանության կողմին հասու է դարձել 2019 թվականի մարտի 4-ին, և բողոքում իր կողմից թույլ տրված հիշյալ տեխնիկական վրիպակի պատճառով Վերաքննիչ դատարանը 2019 թվականի ապրիլի 29-ին կայացրել է վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում16,
- 2019 թվականի հունիսի 3-ին պաշտպան Տ.Ղազարյանը համապատասխան դիմումի հետ միասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակ է մուտքագրել իր ստորագրությամբ ստացականի պատճենը, որի բովանդակությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 4-ի որոշումը պաշտպան Տ.Ղազարյանը ստացել է 2019 թվականի ապրիլի 4-ին17:
28. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքների վերլուծությունից բխում է, որ մեղադրյալ Ա.Մինասյանի պաշտպան Տ.Ղազարյանը Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 4-ի որոշումը ստացել է 2019 թվականի ապրիլի 4-ին, սակայն այդ հանգամանքը հիմնավորող ապացույց թիվ ԵԴ/2640/07/18 դատական գործով Վերաքննիչ դատարան չի ներկայացրել, թեև բողոքը հիմնավորելու պարտականությունը` այդ թվում բողոքը ժամկետանց չլինելու առնչությամբ, կրում է հենց բողոքաբերը: Վերջինս վերաքննիչ բողոքում նշել է, որ դատական ակտը պաշտպանության կողմին հասանելի է դարձել 2019 թվականի մարտի 4-ին և խնդրել է վերաքննիչ բողոք բերելու ժամկետը հաշվել նշված ժամկետից: Իսկ Վերաքննիչ դատարանի տրամադրության տակ եղած նյութերում բացակայել է ապացույցն առ այն, թե երբ է պաշտպանության կողմին հասանելի դարձել բողոքարկված դատական ակտը:
28.1. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելիս դատարանները, հնարավոր տեխնիկական վրիպակների պատճառով անձի` դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակումներից խուսափելու նպատակով, պետք է բողոքը փոստային ծառայությանը հանձնելու ժամանակը որոշելիս հիմք ընդունեն ոչ միայն փոստային ծրարի դիմային երեսի վրա առկա դրոշմը, այլ նաև միջոցներ ձեռնարկեն այն ստուգելու ուղղությամբ (բողոքը փոստին հանձնելու օրը կարող է պարզվել փոստային անդորրագրի, «Հայփոստ» ՓԲԸ-ի կայքէջի, համապատասխան հարցում կատարելու և այլ միջոցներով)18:
Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը պետք է միջոցներ ձեռնարկեր՝ պարզելու պաշտպանության կողմին բողոքարկվող դատական ակտը փաստացի հասանելի դառնալու ժամկետը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, կոնկրետ դեպքում հիմնվել է բացառապես բողոքում նշված տվյալների վրա, որոնք, ինչպես հետագայում պարզվել է, չեն արտացոլել օբյեկտիվ իրականությունը և եղել են վրիպակի հետևանք: Արդյունքում, վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելով, Վերաքննիչ դատարանն անհարկի սահմանափակել է բողոքաբերի դատական մատչելիության իրավունքը։
Այս առումով Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոքաբերի այն փաստարկը, որ դատարանի՝ իրավական նշանակություն ունեցող ցանկացած եզրահանգում, այդ թվում՝ դատավարական ժամկետը բաց թողնված լինելու կամ չլինելու մասին, պետք է հիմնված լինի օբյեկտիվ տվյալների վրա19:
29. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ հիմնավորված չէ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 4-ի որոշման դեմ մեղադրյալ Ա.Մինասյանի պաշտպան Տ.Ղազարյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց է:
30. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված են արդյո՞ք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ մեղադրյալ Ա.Մինասյանի պաշտպան Տ.Ղազարյանի միջնորդությունը բավարարման ենթակա չէ:
30. Թիվ ԵԴ/0063/15/19 դատական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի հունիսի 5-ի որոշմամբ փաստել է, որ թիվ ԵԴ/2640/07/18 դատական գործով Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 4-ի որոշումը Տ.Ղազարյանը ստացել է 2019 թվականի ապրիլի 4-ին և դրա դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել 2019 թվականի ապրիլի 8-ին: Նույն որոշմամբ, Առաջին ատյանի դատարանը սակայն, մերժել է բողոքարկման համար սահմանված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը՝ նշելով, որ 2018 թվականի նոյեմբերի 4-ի որոշմանը ծանոթանալու, այն բողոքարկելու իրավունքներից Տ.Ղազարյանը սահմանված ժամկետում փաստորեն չի օգտվել, հետևաբար նրա պատճառաբանությունն անհիմն է, քանի որ բողոքարկման համար սահմանված ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ կամ ապացույց դատարանին չի ներկայացրել20,
- Վերաքննիչ դատարանը 2019 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ արձանագրել է, որ նույն հարցի, այն է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 4-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ առկա է Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 29-ի որոշումը, որով մեղադրյալ Ա.Մինասյանի պաշտպան Տ.Ղազարյանի միջնորդությունը մերժվել է: Վերջինիս կողմից դատական ակտը վճռաբեկության կարգով չի բողոքարկվել և որոշումը մտել է օրինական ուժի մեջ, ուստի տվյալ պայմաններում ինչպես Առաջին ատյանի դատարանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանի կողմից նույն հարցի վերաբերյալ նոր որոշում կայացնելն իրավաչափ չէ21:
31. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալների վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը՝ բողոքարկման համար բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ պաշտպան Տ.Ղազարյանի միջնորդությունը մերժելով, իսկ Վերաքննիչ դատարանը՝ վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելով, պատշաճ գնահատականի չեն արժանացրել Տ.Ղազարյանի` վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդությամբ ներկայացված պատճառաբանությունները, և մասնավորապես՝ ի հիմնավորումն վերոնշյալ միջնորդության ներկայացված համապատասխան փաստաթուղթը՝ ստացականը22, որով հաստատվում է Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 4-ի որոշումը 2019 թվականի ապրիլի 4-ին ստանալու հանգամանքը։
31.1. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 10-ի որոշման այն եզրահանգմանը, որ նույն հարցի վերաբերյալ նոր որոշում կայացնելն իրավաչափ չէ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Տ.Ղազարյանը 2019 թվականի ապրիլի 8-ին ներկայացված վերաքննիչ բողոքում կամ դրան կից չի ներկայացրել բողոքարկման ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ որևէ միջնորդություն, այլ իր բողոքում ընդամենը նշել է, որ դատական ակտը պաշտպանության կողմին հասանելի է դարձել 2019 թվականի մարտի 4-ին՝ խնդրելով վերաքննիչ բողոք բերելու ժամկետը հաշվել նշված ժամկետից: Սույն գործի փաստական տվյալներից բխում է, որ իրավաչափ չէ նաև Վերաքննիչ դատարանի՝ քննարկվող որոշման մեջ տեղ գտած այն պնդումը, որ թիվ ԵԴ/2640/07/18 դատական գործով Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 29-ի որոշումը վճռաբեկության կարգով չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ23:
32. Հետևաբար, հիմնավորված չեն ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ մեղադրյալ Ա.Մինասյանի պաշտպան Տ.Ղազարյանի միջնորդությունը բավարարման ենթակա չէ:
33. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքարկման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունն Առաջին ատյանի դատարանի կողմից մերժելու և Վերաքննիչ դատարանի կողմից պաշտպան Տ.Ղազարյանի բողոքն առանց քննության թողնելու պայմաններում, մեղադրյալ Ա.Մինասյանը զրկվել է իր իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտումները վիճարկելու հնարավորությունից, դատական պաշտպանության իրավունքի իրացման ժամանակային սահմանափակումները կիրառվել են ոչ իրավաչափորեն, ինչի արդյունքում անձի իրավունքների սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև արդարացի հավասարակշռությունը չի ապահովվել:
34. Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ա.Մինասյանի պաշտպան Տ.Ղազարյանի վերաքննիչ բողոքներն առանց քննության թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 29-ի և 2019 թվականի հուլիսի 10-ի որոշումներն օրինական և հիմնավորված չեն: Այդ որոշումները կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 13-րդ, հոդվածների, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 4-5-րդ մասերի, 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար24:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքները բավարարել։ Մեղադրյալ Արա Միքայելի Մինասյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի ապրիլի 29-ի և 2019 թվականի հուլիսի 10-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_________________________
1 Ծանոթություն. Վերոնշյալ վճռաբեկ բողոքները քննության են նշանակվել սույն գործով կիրառման ենթակա քրեադատավարական նորմերի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԴ/0426/11/18 գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-66 որոշումը ստանալուց հետո:
2 Տե՛ս թիվ ԵԴ/2640/07/18 դատական գործի նյութեր, հատոր 2, թերթ 7:
3 Տե՛ս թիվ ԵԴ/2640/07/18 դատական գործի նյութեր, հատոր 2, թերթեր 11-13:
4 Տե՛ս թիվ ԵԴ/0063/15/19 դատական գործի նյութեր, թերթեր 2-3:
5 Տե՛ս թիվ ԵԴ/2640/07/18 դատական գործի նյութեր, հատոր 2, թերթ 48:
6 Տե՛ս թիվ ԵԴ/0063/15/19 դատական գործի նյութեր, թերթ 14:
7 Տե՛ս թիվ ԵԴ/0063/15/19 դատական գործի նյութեր, թերթեր 30-32:
8 Տե՛ս թիվ ԵԴ/0063/15/19 դատական գործի նյութեր, թերթեր 49-52:
9 Տե՛ս Սահմանադրական դատարանի՝ 2012 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ ՍԴՈ-1052 որոշումը, 8-րդ և 10-րդ կետեր:
10 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշումը, 4.1-րդ կետը:
11 Տե՛ս Եվրոպական դատարանի` Mamikonyan v. Armenia գործով 2010 թվականի մարտի 16-ի վճիռը, գանգատ թիվ 25083/05, կետեր 25 և 27, mutatis mutandis, Miragall Escolano and others v. Spain գործով 2000 թվականի հունվարի 25-ի վճիռը, գանգատներ թիվ 38366/97, 38688/97, 40777/98, 40843/98, 41015/98, 41400/98, 41446/98, 41484/98, 41487/98 and 41509/98, Běleš and others c. Czech Republic գործով 2002 թվականի նոյեմբերի 12-ի վճիռը, գանգատ թիվ 47273/99, Erfar-Avef v. Greece գործով 2014 թվականի մարտի 27-ի վճիռը, գանգատ թիվ 31150/09, RTBF v. Belgium գործով 2011 թվականի մարտի 29-ի վճիռը, գանգատ թիվ 50084/06։
12 Տե՛ս Եվրոպական դատարանի` Miragall Escolano and Others v. Spain գործով վերը հիշատակված վճռի 37-րդ կետը։
13 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ռաֆայել Խաչատրյանի գործով 2020 թվականի մայիսի 26-ի որոշումը։
14 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
15 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
16 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
17 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
18 Տե՛ս Անդրանիկ Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 7-ի թիվ ՇԴ2/0049/01/17 որոշման 19-րդ կետը։
19 Տե՛ս սույն որոշման 15.2-րդ կետը։
20 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:
21 Տե՛ս սույն որոշման 13-րդ կետը:
22 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետերը:
23 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
24 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:
Նախագահող` Լ. Թադևոսյան Դատավորներ` Հ. ԱՍԱՏՐՅԱՆ Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Ե. Դանիելյան Ա. ՊՈՂՈՍՅԱՆ Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական: