ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
24 մարտի 2022 թ. |
N 18-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 32-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 17-ի «Ազգային ժողովի ընտրություններին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների` էլեկտրոնային եղանակով քվեարկության կարգը և ժամկետները սահմանելու մասին» N 32-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով,
2) Որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգի դրույթները տարածվում են նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների վրա։».
2. Որոշման 1-ին կետով սահմանված՝ Ազգային ժողովի ընտրություններին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների` էլեկտրոնային եղանակով քվեարկության կարգի.
1) 3-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն կարգի դրույթները տարածվում են նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների վրա։».
2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազոր մարմին) է ներկայացնում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների ցուցակը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ լիազոր մարմին է ներկայացնում օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների ցուցակը:
Դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների ցուցակը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ, իսկ օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների ցուցակը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ:
Սույն կետում նշված ցուցակներում նշվում է ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը (հաշվառման փաստաթղթերում առկայության դեպքում), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, արտերկրում բնակության վայրը (պետությունը, քաղաքը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը: Նշված ցուցակները լիազոր մարմին ներկայացվում են նաև էլեկտրոնային կրիչով` Microsoft Excel (Մայքրոսոֆթ Էքզել) տարբերակով:».
3) 7-րդ կետից հանել «և համապատասխան իրավաբանական անձի ղեկավարին» բառերը.
4) 8-րդ կետից հանել «և համապատասխան իրավաբանական անձանց» բառերը.
5) 9-րդ կետից հանել «և համապատասխան իրավաբանական անձի ղեկավարին» բառերը.
6) 21-րդ կետի առաջին պարբերությունից հանել «և համապատասխան իրավաբանական անձի ղեկավարի» բառերը, իսկ երրորդ պարբերությունից՝ «և համապատասխան իրավաբանական անձի ղեկավարին» բառերը։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մարտի 2022 թվական: