ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 2021 թվականի N 1377-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տրամադրելու կարգը և չափերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.08.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 27-ի N 1377-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տրամադրելու կարգն ու չափերը:
2. Իր մշտական ծառայողական վայրից (համայնքից) 30 կմ և ավելի հեռավորությամբ ծառայության նշանակված կամ ծառայության գործուղված հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում տրամադրվում է դրամական փոխհատուցում՝ բնակելի տարածության վարձակալության համար: Դրամական փոխհատուցումը տրամադրվում է բնակելի տարածության վարձակալության ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան փոխհատուցման տրամադրման դադարեցման համար սույն կարգի 8-րդ կետով սահմանված հիմքերի ի հայտ գալը:
3. Դրամական փոխհատուցումը տրամադրվում է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կողմից հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին ուղղված դիմումի հիման վրա, որին կցվում են անշարժ գույքի վարձակալության մասին պայմանագրի պատճենը և տվյալ համայնքում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին սեփականության իրավունքով պատկանող բնակելի անշարժ գույքի բացակայության մասին Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվությունը: Սույն կետով նախատեսված դիմումը և կից փաստաթղթերը ներկայացվում են մեկ անգամ։
4. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հանձնարարությամբ դիմումը քննարկվում է հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսական (ֆինանսաբյուջետային) և (կամ) հաշվապահական հաշվառման վարման գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կողմից: Սույն կարգի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարը որոշում է ընդունում դրամական փոխհատուցում տրամադրելու մասին, եթե փաստաթղթերում առկա չեն թերություններ: Փաստաթղթերում թերություն հայտնաբերելու դեպքում դրանք ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում են հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին՝ թերությունները շտկելու համար: Այս դեպքում դրամական փոխհատուցում տրամադրելու մասին որոշումն ընդունվում է փաստաթղթերում առկա թերությունները շտկելուց և ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
5. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին բնակելի տարածության յուրաքանչյուր ամսվա վարձի փոխհատուցումը տրամադրվում է մինչև հաջորդ ամսվա 15-ը։ Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը վարձակալության պայմանագրի կնքման օրվան հաջորդող ամսվա երրորդ աշխատանքային օրվանից հետո ներկայացվելու դեպքում առաջին ամսվա կամ ամսվա օրերի վարձի փոխհատուցումը տրվում է հաջորդ ամսվա փոխհատուցման հետ միասին:
6. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը վճարվում է փաստացի վճարված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան օրական`
Բնակավայրի անվանումը |
Ընտանիքի (երեխաները, ամուսինները, ծնողները, տատը և պապը) անդամների թիվը | |
մինչև 4 անդամ |
4 և ավելի անդամ | |
Երևան քաղաքում |
1500 (դրամ) |
2250 (դրամ) |
Այլ քաղաքներում |
800 (դրամ) |
1200 (դրամ) |
Այլ բնակավայրերում |
500 (դրամ) |
750 (դրամ) |
7. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին բնակելի տարածության վարձի փոխհատուցման տրամադրումը փոփոխվում է անշարժ գույքի վարձակալության մասին պայմանագրով վարձավճարի՝ փոխհատուցման առավելագույն չափի սահմաններում կատարված փոփոխման դեպքում՝ սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված ընթացակարգով:
8. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին բնակելի տարածության վարձի փոխհատուցման տրամադրումը դադարեցվում է՝
1) ծառայողի կողմից դիմում ներկայացվելու դեպքում.
2) ծառայողի պաշտոնից ազատման կամ լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքում.
3) փոխհատուցման հիմքերի վերացման դեպքում:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
27.08.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2021 թվական: