ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1213-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 228-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքի պահպանության ու անցագրային ռեժիմի կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 228-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.
1) լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով՝
«1.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքի՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից շահագործվող հատվածի պահպանության ու անցագրային ռեժիմի կազմակերպման կարգի առանձնահատկությունները՝ համաձայն N 1 հավելվածի:»:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
27.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 1213-Լ որոշման |
«Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2019 թ. մարտի 7-ի N 228-Լ որոշման |
Ա Ռ Ա Ն Ձ Ն Ա Հ Ա Տ Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՏԱՆ ԹԻՎ 1 ՄԱՍՆԱՇԵՆՔԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՏՎԱԾԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքի՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ նաև՝ նախարարություն) և նախարարությանը ենթակա մարմինների կողմից շահագործվող՝ ք. Երևան, Մելիք-Ադամյան 1 հասցեի վարչական շենքի (այդ թվում՝ տարածքի, մուտքերի) (այսուհետ նաև՝ պահպանվող օբյեկտ) պահպանությունն իրականացնում է Պետական պահպանության ծառայությունը (այսուհետ նաև՝ պահպանության ծառայություն)՝ համաձայն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի, սույն հավելվածի և այլ իրավական ակտերի։ Ընդ որում, ռազմական և արտակարգ դրության ընթացքում սույն հավելվածի կարգավորումները գործում ենք այնքանով, որքանով չեն հակասում ռազմական և (կամ) արտակարգ դրության իրավական ռեժիմի պահանջներին:
2. Նախարարության և պահպանության ծառայության միջև սույն հավելվածով սահմանված փաստաթղթաշրջանառությունը (ներառյալ՝ գրագրությունը) իրականացվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով, որին պահպանության ծառայության հասանելիությունը ապահովվում է նախարարության կողմից:
3. Պահպանության ծառայությունն ապահովում է սահմանված ներօբյեկտային անցագրային ռեժիմը, որը կոչված է ապահովելու պահպանվող օբյեկտի հուսալի պահպանությունը, բացառելու առանց համապատասխան թույլտվության մուտքն ու ելքը, նյութական արժեքներ ներս բերելու և դուրս տանելու հնարավորությունը։
4. Պահպանվող օբյեկտի ներօբյեկտային անցագրային ռեժիմը տարածվում է նախարարության՝ ք. Երևան, Մելիք-Ադամյան 1 հասցեի վարչական շենք մուտք գործող (դուրս եկող) բոլոր անձանց վրա։
5. Պահպանվող օբյեկտի պահպանության և անվտանգության ապահովման նպատակով պահպանության ծառայության կողմից կարող են սահմանվել վերահսկելի, հատուկ վերահսկելի և արտաքին վերահսկելի գոտիներ՝
1) վերահսկելի գոտի է համարվում պահպանվող օբյեկտի պարագծային սահմանից ներս գտնվող տարածքը, շենքը կամ շինությունը, որտեղ մուտքը (ելքը) վերահսկվում է անվտանգության ապահովման նպատակով.
2) հատուկ վերահսկելի գոտի է համարվում պահպանվող օբյեկտի համապատասխան տարածքը, շենքը կամ շինությունը, որտեղ մուտքը (ելքը) սահմանափակ է և վերահսկվում է անվտանգության ապահովման նպատակով.
3) արտաքին վերահսկելի գոտի է համարվում պահպանվող օբյեկտի պարագծային սահմանից դուրս գտնվող տարածքը:
6. Պահպանվող օբյեկտում, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում պահպանությունն իրականացնում է պահպանության ծառայությունը: Պահպանվող օբյեկտի արտաքին վերահսկելի գոտում անվտանգության նկատառումներով իրականացվում է տեսանկարահանում:
7. Պահպանվող օբյեկտի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների սահմանները և սահմանազատման եղանակները, ինչպես նաև պահպանվող օբյեկտի պահակետերի տեղադիրները և պահակետայինի հատուկ պարտականությունները սահմանվում են պահպանության ծառայության կողմից՝ ելնելով վերահսկելի, հատուկ վերահսկելի գոտիների ու պահակետերի առանձնահատկություններից և ծառայության պայմաններից:
8. Պահպանությունն իրականացնողը՝
1) իրականացնում է պահպանվող օբյեկտի պահպանումը.
2) ապահովում է անցագրային ռեժիմի իրականացումը նախարարության համապատասխան ստորաբաժանման հետ։
9. Պահպանվող օբյեկտի պահպանության, անցագրային ռեժիմի պատշաճ իրականացման նպատակով պահպանվող օբյեկտում տեղակայված պահակետերի, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների սանիտարահիգիենիկ վիճակի, հակահրդեհային անվտանգության, կահավորվածության, լուսավորվածության, դիտարկման, տեխնիկական զննման, կապի (բացառությամբ ռադիոկապի), տեխնիկական և այլ միջոցների պատշաճ վիճակի և սպասարկման համար պատասխանատու են նախարարության համապատասխան ստորաբաժանումները: Ընդ որում, պահպանվող օբյեկտի պահպանության նպատակով օգտագործվող դիտարկման, տեխնիկական զննման, կապի (բացառությամբ ռադիոկապի), տեխնիկական և այլ միջոցներին հասանելիություն ունի պահպանության ծառայությունը: Պահպանության ծառայությունը պարտավոր է պատշաճ հոգածությամբ վերաբերվել նախարարության գույքին (ներառյալ՝ պահպանության իրականացման կապակցությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իր ժամանակավոր օգտագործմանը հանձնված գույքին) և պատասխանատու է այդ գույքի փչացման, կորստի և ոչնչացման համար՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:
II. ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՕԲՅԵԿՏՈՒՄ
10. Նախարարության և նախարարությանը ենթակա մարմինների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չգտնվող անձանց մուտքը պահպանվող օբյեկտ թույլատրվում է միայն անձը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում՝ համապատասխան մետաղորսիչ սարքերով պարտադիր զննում անցնելուց հետո՝ բացառությամբ սույն հավելվածով նախատեսված դեպքերի:
11. Սույն հավելվածի իմաստով անձը հաստատող փաստաթղթերն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` անձնագիրը, նույնականացման քարտը, զինվորական գրքույկը, ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը, վարորդական իրավունքի վկայականը, մինչև 16 տարեկան ուղեկցվող երեխաների համար` ծննդյան վկայականը.
2) փախստականների համար` փախստականի վկայականը, փախստականի ճամփորդական փաստաթուղթը.
3) օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` օտարերկրյա պետության անձնագիրը, անձը (ինքնությունը) հաստատող միջազգայնորեն ճանաչված փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրերը, կացության վկայականը.
4) հանրային պաշտոն և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար սահմանված ձևի, ինչպես նաև լուսանկարներով ծառայողական վկայականները՝ վավերացված Հայաստանի Հանրապետության զինանշանը պատկերող կնիքով:
12. Մուտքը պահպանվող օբյեկտ իրականացվում է գլխավոր մուտքով (Հանրապետության հրապարակին հարող) և (կամ), ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, պահպանության ծառայության պետի և ՀՀ ֆինանսների նախարարի կամ նախարարության գլխավոր քարտուղարի միջև փոխադարձ համաձայնեցված՝ Մելիք-Ադամյան և Փավստոս Բուզանդ փողոցների հատման գոտում գտնվող մուտքով:
13. Պահպանվող օբյեկտ մուտքի իրավունք տվող փաստաթղթերն են՝
1) նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից տրամադրված էլեկտրոնային-մագնիսական քարտերը.
2) նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից տրված մեկանգամյա անցագրերը.
3) նախարարության գլխավոր քարտուղարի կողմից տրված մուտքի թույլտվության վերաբերյալ գրությունները.
4) Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից տրված ծառայողական վկայականները.
5) Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից տրված ծառայողական վկայականները:
14. ՀՀ ֆինանսների նախարարի ուղեկցությամբ պահպանվող օբյեկտ մուտք գործող անձինք պահպանվող օբյեկտ կարող են մուտք գործել անարգել, առանց սույն հավելվածի 13-րդ կետում նշված փաստաթղթերի ստուգման, սույն կետում նշված պաշտոնատար անձանց մուտքի համար նախարարության նախասրահի կենտրոնական հատվածում առանձնացված մասով կամ մետաղորսիչ սարքի միջոցով զննում անցնելուց հետո։ Ընդ որում, սույն կետում նշված որոշման մասին պահպանություն իրականացնող ծառայողը կարող է իրազեկվել թե՛ նախապես, թե՛ մուտքից անմիջապես առաջ:
15. Մեկանգամյա մուտքի անցագրի հայտ տալու իրավունք ունեն ՀՀ ֆինանսների նախարարը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալները և նախարարության գլխավոր քարտուղարը, վերջիններիս օգնականները, ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդականները, նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալը, նախարարությանը ենթակա մարմինների ղեկավարները, վերջիններիս օգնականները, նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների և դրանց կառուցվածքային միավորների ղեկավարները:
16. Մեկանգամյա մուտքի անցագիր ունեցող այցելուները պահպանվող օբյեկտ կարող են մուտք գործել ժամը 09:00-ից մինչև 18:00-ն:
17. Մեկանգամյա մուտքի անցագրերը տրամադրվում են նախարարության համապատասխան աշխատակցի կողմից՝ սույն կարգի 15-րդ կետում նշված պաշտոնատար անձանցից փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգի միջոցով ստացված հայտերի հիման վրա՝ էլեկտրոնային-մագնիսական քարտ տրամադրելու միջոցով (այսուհետ նաև՝ անցագիր): Անցագիր ստացած անձինք մինչև մետաղորսիչ սարքի միջոցով զննում անցնելը պահպանություն իրականացնողին են հանձնում անձը հաստատող փաստաթուղթ: Այցելության ավարտից հետո այցելուն անցագիրը հանձնում է նախարարության աշխատակցին, իսկ պահպանություն իրականացնողը այցելուին է վերադարձնում վերջինիս անձը հաստատող փաստաթուղթը: Առանձին դեպքերում, երբ այցելուն մուտք է գործել մինչև 18:00-ն, սակայն այցելությունն ավարտվել է 18:00-ից հետո, ապա անցագիրը վերադարձվում է պահպանություն իրականացնողին: Նման դեպքերում, պահպանություն իրականացնողը հաջորդ աշխատանքային օրն անցագիրը փոխանցում է նախարարության համապատասխան աշխատակցին: Աշխատանքային օրերի ոչ աշխատանքային ժամերին և ոչ աշխատանքային օրերին մուտքի հայտեր տալու իրավունք ունեն ՀՀ ֆինանսների նախարարը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալները և նախարարության գլխավոր քարտուղարը, վերջիններիս օգնականները: Տվյալ դեպքում, հայտերն ընդունում է պահպանությունն իրականացնող համապատասխան ծառայողը՝ դրա մասին նշում կատարելով համապատասխան գրանցամատյանում:
18. Ոչ աշխատանքային օրերին պահպանվող օբյեկտի պահակետով կարող են մուտք գործել ՀՀ ֆինանսների նախարարը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալները, նախարարության գլխավոր քարտուղարը, վերջիններիս օգնականները, ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդականները, նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալը և նախարարությանը ենթակա մարմինների ղեկավարները:
ՀՀ ֆինանսների նախարարի ցուցումով նախարարության գլխավոր քարտուղարի կողմից կարող է հաստատվել նաև ոչ աշխատանքային օրերին պահպանվող օբյեկտ մուտք գործելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկ (մեկանգամյա և որոշակի ժամանակահատվածի համար գործող): Ցանկը սույն հավելվածով սահմանված փաստաթղթաշրջանառության կարգով ներկայացվում է պահպանության ծառայությանը: Այն դեպքում, երբ ցանկում նշված անձանց մուտքն անհրաժեշտ է ապահովել երեք և ավելի օրերի համար, ապա նախարարության գլխավոր քարտուղարն իրազեկում է պահպանության ծառայության պետին:
19. Որոշ դեպքերում ժամը 22:00-ից հետո իրենց աշխատանքային վայրերում կարող են գտնվել նախարարության և նախարարությանը ենթակա մարմինների այն աշխատողները (այսուհետ՝ աշխատողներ), որոնց վերաբերյալ առկա է նախարարության գլխավոր քարտուղարի թույլտվությունը։ Այդ աշխատողների վերաբերյալ տեղեկատվությունը, որպես կանոն, նախապես ներկայացվում է պահպանության ծառայությանը: 22:00-ից հետո իրենց աշխատանքային վայրերում գտնվելու համար թույլտվություն չի պահանջվում ՀՀ ֆինանսների նախարարի, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալների, նախարարության գլխավոր քարտուղարի, վերջիններիս օգնականների, նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալի և նախարարությանը ենթակա մարմինների ղեկավարների համար:
20. Յուրաքանչյուր այցելուի համար պատասխանատու է մուտքի անցագրի հայտ տված պաշտոնատար անձը։
21. Այցելուի կողմից անցագիրը կորցնելու դեպքում վերջինիս, սույն հավելվածով սահմանված ընթացակարգով, տրամադրվում է նոր անցագիր՝ կորցրած միանգամյա մուտքի անցագիրը համարելով անվավեր՝ այդ մասին սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված փաստաթղթաշրջանառության կարգով տեղեկացնելով պահպանության ծառայությանը:
22. ՀՀ ֆինանսների նախարարի, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալների և նախարարության գլխավոր քարտուղարի մոտ կազմակերպվող խորհրդակցություններին, ինչպես նաև նախարարությունում կազմակերպվող այլ միջոցառումներին հրավիրված անձանց համար կարող է կազմվել ընդհանուր ցուցակ՝ նախարարության գլխավոր քարտուղարի ստորագրությամբ՝ այդ մասին սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված փաստաթղթաշրջանառության կարգով տեղեկացնելով պահպանության ծառայությանը:
23. Պահպանվող օբյեկտ անարգել մուտք գործելու իրավունք ունեն՝
1) ՀՀ ֆինանսների նախարարը.
2) ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալները.
3) նախարարության գլխավոր քարտուղարը.
4) ՀՀ օրենսդրությամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում՝ այլ անձինք.
5) սույն հավելվածի 14-րդ կետում նշված պաշտոնատար անձի որոշման հիման վրա մուտք գործող անձինք.
6) ՀՀ ֆինանսների նախարարի և նախարարության գլխավոր քարտուղարի ցուցումով (ներառյալ՝ նախապես հաստատված ցանկի համաձայն)՝ այլ անձինք.
7) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 32-րդ կետում նշված անձինք:
24. Ծառայողական վկայականները բացված վիճակում մետաղորսիչ սարքերով պահպանվող օբյեկտ մուտք գործելու իրավունք ունեն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 33-րդ կետում նշված անձինք:
25. Աշխատողները պահպանվող օբյեկտ մուտք են գործում մետաղորսիչ սարքերով էլեկտրոնային-մագնիսական քարտերի միջոցով: Էլեկտրոնայինմագնիսական քարտերի միջոցով նախարարության վարչական շենք մուտք գործելու անհնարինության դեպքում, աշխատողները վարչական շենք կարող են մուտք գործել նախարարության գլխավոր քարտուղարի թույլտվությամբ: Այդ դեպքում նախարարության գլխավոր քարտուղարը տեղեկացնում է պահպանություն իրականացնող պատասխանատուին:
26. Պահպանվող օբյեկտի տարածքում առանձնահատուկ դեպքերում կարող է իրականացվել ուժեղացված ծառայություն, որի մասին պահպանության ծառայությունը նախապես տեղեկացնում է նախարարության գլխավոր քարտուղարին՝ հիմնավորելով ուժեղացված ծառայություն անցկացնելու անհրաժեշտությունը:
Ուժեղացված ծառայության ժամանակ կարող է գործել խստացված անցագրային ռեժիմ, որի պայմաններում անցագրերի տրամադրումն իրականացվում է միայն ՀՀ ֆինանսների նախարարի, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալների և նախարարության գլխավոր քարտուղարի մակագրությամբ հայտերի հիման վրա։
27. Պահպանվող օբյեկտի տարածք մուտք գործող անձանց արգելվում է`
1) քիմիական, պայթուցիկ, հրավառ և դյուրավառ նյութեր, ինչպես նաև այնպիսի իրեր և միջոցներ ներս բերելը, որոնց առկայությունը կամ կիրառումը կարող է վտանգ ներկայացնել շրջապատում գտնվող անձանց համար.
2) ռազմամթերք, զենքի ցանկացած տեսակ և դրանց փամփուշտներ ներս բերելը, բացառությամբ պահպանության ծառայության պետի թույլտվությամբ այն անձանց, ովքեր, ելնելով ծառայողական պարտականությունների կատարումից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն պահելու, կրելու և օգտագործելու հաշվեցուցակային հրազեն.
3) առանց ապրանքանյութական հայտերի և ստուգիչ սարքերով համապատասխան զննում անցկացնելու ներս բերել մեծածավալ առարկաներ, այդ թվում՝ տնտեսական պայուսակներ, պարկեր, ճամպրուկներ, ուսապարկեր և այլն, բացառությամբ դյուրակիր համակարգչի ու փաստաթղթերի համար նախատեսված պայուսակների և թղթապանակների, որոնք համապատասխան սարքերի միջոցով ենթակա են զննման պահպանություն իրականացնող ծառայողի կողմից.
5) պահպանվող օբյեկտ ներս բերել ոգելից խմիչք, բացառությամբ ՀՀ ֆինանսների նախարարի, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալների և նախարարության գլխավոր քարտուղարի թույլատրած դեպքերի, որի մասին պահպանության ծառայությունը իրազեկվում է սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված փաստաթղթաշրջանառության կարգով:
28. Արգելվում է ոգելից խմիչքների, թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ազդեցությամբ կամ ագրեսիվ վիճակում գտնվող, համընդհանուր նորմերին և սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանող, սպորտային հագուստով անձանց մուտքը պահպանվող օբյեկտի տարածք:
29. Արգելվում է պահպանվող օբյեկտի պատուհաններից ստանալ կամ փոխանցել որևէ իր։
30. Պահպանվող օբյեկտի տարածք մուտք գործող (դուրս եկող) անձանց իրերը (ծանրոցները, պայուսակները, ձեռնածանրոցները, փաթեթները, սնունդը և այլ առարկաներ) պահպանության ծառայության ծառայողների պահանջով ենթակա են զննման՝ համապատասխան սարքերի միջոցով: Սույն կետով նախատեսված սարքերի խափանման կամ այլ պատճառներով չգործելու դեպքում իրերը զննվում են ակնադիտական եղանակով:
III. ՆԵՐՔԻՆ ՌԵԺԻՄԸ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՕԲՅԵԿՏՈՒՄ
31. Աշխատողներն աշխատանքային օրվա ավարտից հետո և աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավոր բացակայության դեպքում պարտավոր են զննել իրենց աշխատասենյակները, անջատել էլեկտրաջահերը և մյուս էլեկտրասարքերը, փակել պատուհանները և բանալիով կողպել աշխատասենյակների դռները։
Աշխատանքային օրվա վերջում ազդանշանային համակարգերով սարքավորված աշխատասենյակների ազդանշանային համակարգերը միացվում են՝ պահպանությունն իրականացնող ծառայողի կողմից այդ մասին հատուկ մատյանում կատարելով համապատասխան գրառում:
32. Արտակարգ իրավիճակների ժամանակ (հրդեհ, երկրաշարժ, էլեկտրացանցի, ջրատարի, կոյուղու վթար և այլն) ծառայողական աշխատասենյակները բացում են շենքի պահպանությունն իրականացնող ծառայողները՝ դրա մասին անհապաղ հայտնելով ըստ համապատասխան վերադասության, ինչպես նաև տեղեկացնելով Նախարարության գլխավոր քարտուղարին։
Միևնույն ժամանակ, պահպանությունն իրականացնող ծառայողն անհապաղ տեղեկացնում է վթարային ծառայություններին, նրանց ուղեկցում պահպանվող օբյեկտում:
33. Պահպանվող օբյեկտի դռների բանալիների մեկական կրկնօրինակները պահվում են համապատասխան ստորաբաժանման սենյակում: Սույն կետում նշված սենյակի բանալու օրինակը գտնվում է պահպանությունն իրականացնող ծառայողի մոտ՝ կնքված ծրարի մեջ:»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
27.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |