ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2764/02/162022 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2764/02/16 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ն. Տավարացյան | |
Ս. Անտոնյան Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
Հ. Բեդևյան | ||
Մ. Դրմեյան Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
2022 թվականի փետրվարի 04-ին
գրավոր ընթացակարգով քննելով Վարազդատ Այվազյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.01.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Վարազդատ Այվազյանի ընդդեմ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ)` անհիմն հարստացմամբ ձեռք բերված գույքը վերադարձնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Վարազդատ Այվազյանը պահանջել է Բանկից բռնագանձել 40.000 ՀՀ դրամ՝ որպես անհիմն հարստացման գումար: Փոփոխելով հայցապահանջը` Վարազդատ Այվազյանը 23.09.2016 թվականին պահանջել է հօգուտ իրեն բռնագանձել 17.000 ԱՄՆ դոլար և սկսած 28.04.2014 թվականից մինչև վճռի կատարման պահն այդ գումարի նկատմամբ հաշվարկել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված օրինական տուժանքը: Փոփոխելով հայցապահանջը` Վարազդատ Այվազյանը 10.01.2017 թվականին պահանջել է Բանկից հօգուտ իրեն բռնագանձել անհիմն հարստացմամբ ձեռք բերված գույք՝ 17.000 ԱՄՆ դոլար, այդ գումարի նկատմամբ հաշվարկված մեկ տարվա 8.5 տոկոս ավանդի տոկոսագումարը՝ 1.445 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 18.445 ԱՄՆ դոլարի նկատմամբ բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված օրինական տուժանքը՝ սկսած 28.04.2014 թվականից մինչև վճռի փաստացի կատարումը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) 07.06.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է` վճռվել է Բանկից հօգուտ Վարազդատ Այվազյանի բռնագանձել 17.000 ԱՄՆ դոլարին բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ գումար, 1.500 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, 300.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, 17.000 ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները՝ սկսած 28.04.2014 թվականից մինչև գումարի փաստացի վերադարձման օրը, Բանկից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 340 ԱՄՆ դոլարին բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ և նույն վճռի 1.4 կետով հաշվեգրվող տոկոսների երկու տոկոսը՝ որպես պետական տուրքի գումարներ:
Դիմելով դատարան` Վարազդատ Այվազյանը պահանջել է հայցապահանջի 1.445 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի վերաբերյալ կայացնել լրացուցիչ վճիռ և վրիպակն ուղղել:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Ռ. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 03.10.2018 թվականին կայացրել է լրացուցիչ վճիռ և վճռել է լրացնել Դատարանի 07.06.2018 թվականին կայացված վճիռը՝ Բանկից հօգուտ Վարազդատ Այվազյանի բռնագանձել 1.445 ԱՄՆ դոլարին բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև նշված գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները սկսած 28.04.2014 թվականից մինչև պարտավորության կատարման օրը: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ վրիպակն ուղղելու մասին Վարազդատ Այվազյանի ներկայացուցչի դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Հ․ Ենոքյան, դատավորներ՝ Լ. Գրիգորյան, Գ. Խանդանյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.01.2019 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 03.10.2018 թվականին կայացված լրացուցիչ վճիռը բեկանվել և փոփոխվել է` լրացուցիչ վճիռ կայացնելու մասին Վարազդատ Այվազյանի դիմումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարազդատ Այվազյանը (ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Արեն Տեպանոսյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասը, 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 32-րդ, 149.7-րդ, 149.8-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցի առարկայի փոփոխման միջնորդության վերաբերյալ պատասխանողը ներկայացրել է առարկություններ, հնարավորություն է ունեցել ողջ ծավալով իրացնել իր իրավունքները, ավելին, պատասխանողը հիմնական վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ անդրադառնալով նաև այդ հարցին և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է պատասխանողի բողոքը` Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, նշված վճռում անդրադարձ է եղել նաև փոփոխված հայցի առարկային։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ պատասխանողը հայցի առարկայի փոփոխությունը վիճարկում է ոչ թե բովանդակային մասով, այլ` ձևական։
Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ ակնհայտորեն եկել է սխալ եզրակացության, քանի որ ողջ պատճառաբանությունը կառուցել է այնպես, որ Դատարանում եղել է նախապատրաստական փուլ և դատաքննության փուլ, որի հետևանքով ոչ իրավաչափորեն եկել է այն եզրահանգման, որ հայցվորը հայցի առարկան փոփոխել է դատաքննության փուլում, մինչդեռ Դատարանը վերսկսել է գործի քննությունը պայմանականորեն ասած՝ նախապատրաստական փուլից, քանի որ վերսկսելով գործի քննությունը` քննարկել է պատասխանողի ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդությունը գործի քննությունը կասեցնելու վերաբերյալ։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի հիմնական վճռում հետազոտվել են այն բոլոր ապացույցները, որոնցով ապացուցվում է այն փաստը, որ պատասխանողն առանց որևէ հիմքի հրաժարվել է հայցվորին վերադարձնել իր ավանդը և դրա վրա հաշվեգրված տոկոսները։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանն իր հիմնական վճռում ամբողջությամբ անդրադարձել է լրացուցիչ վճռում նշված տոկոսներին, սակայն եզրափակիչ մասում դրան չի անդրադարձել, միաժամանակ ակնհայտ է, որ ըստ իրավակիրառ պրակտիկայի, երբ դատարանները չեն անցկացնում նախապատրաստական փուլ, ապա այդ փուլի երաշխիքները տրամադրում են բուն դատաքննության ընթացքում։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.01.2019 թվականի որոշումը:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Սույն գործի փաստերի համաձայն՝ թեև Դատարանի կողմից առանձին դատական ակտով նախնական դատական նիստ չի հրավիրվել, սակայն Դատարանի և դատավարության մասնակիցների գործողությունների բովանդակությունը վկայում է այն մասին, որ դրանք ուղղված են եղել Նախկին օրենսգրքի 149.5-րդ հոդվածի իմաստով դատաքննության նախապատրաստելուն, մինչ բուն դատաքննության անցնելը Դատարանն իրականացրել է նախապատրաստական փուլի բոլոր դատավարական գործողությունները, որոնք ավարտելուց հետո դիմել է կողմերին` պարզելու, թե արդյոք վերջիններս ցանկանում են ներկայացնել միջնորդություններ կամ դիմումներ և ստանալով բացասական պատասխան` ազդարարել է դատաքննության սկիզբ, ուստի Դատարանը զրկել է կողմերին կատարել նախապատրաստական փուլում թույլատրելի դատավարական գործողություններ` տվյալ դեպքում փոխել հայցի առարկան:
Հայցվորը, գործի վարույթը վերսկսելուց հետո ներկայացնելով 10.01.2017 թվականի միջնորդությունը, ըստ էության փոխել է հայցի առարկան դատաքննության փուլում, ինչը Նախկին օրենսգրքի 32-րդ և 149.7-րդ հոդվածների հիմքով անթույլատրելի է:
Բողոքաբերի այն պնդումը, թե գործի վարույթը վերսկսելուց հետո այն վերսկսվել է հենց նախապատրաստական փուլից, անհիմն է, քանի որ Դատարանը վերսկսել է գործի վարույթը` անհրաժեշտ համարելով լրացուցիչ հետազոտել գործում առկա ապացույցները և շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, որպիսի դատավարական գործողություններն իրականացվում են դատաքննության փուլում:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Դիմելով Դատարան` Վարազդատ Այվազյանը պահանջել է Բանկից հօգուտ իրեն բռնագանձել 40.000 ՀՀ դրամ՝ որպես անհիմն հարստացման գումար (հավելված 1-ին, գ.թ. 2-7):
2) Դատարանի 08.07.2016 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և գործը նշանակվել է դատաքննության (հավելված 1-ին, գ.թ. 1):
3) Վարազդատ Այվազյանի ներկայացուցիչը 23.09.2016 թվականին միջնորդություն է ներկայացրել հայցի առարկան փոփոխելու վերաբերյալ (հավելված 1-ին, գ.թ. 8):
4) Դատարանը 12.12.2016 թվականին ավարտել է գործի դատաքննությունը և վճռի հրապարակման օր հայտարարել 23.12.2016 թվականին, 23.12.2016 թվականին Դատարանը վերսկսել է գործի քննությունը (հավելված 1-ին, գ.թ. 10-19):
5) Վարազդատ Այվազյանի ներկայացուցիչը 10.01.2017 թվականին Դատարանին է ներկայացրել հայցի առարկայի փոփոխության վերաբերյալ միջնորդություն` խնդրելով Բանկից հօգուտ իրեն բռնագանձել անհիմն հարստացմամբ ձեռք բերված գույք՝ 17.000 ԱՄՆ դոլար գումարը, այդ գումարի նկատմամբ հաշվարկված մեկ տարվա 8.5 տոկոս ավանդի տոկոսագումարը՝ 1.445 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը, ինչպես նաև 18.445 ԱՄՆ դոլարի նկատմամբ բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված օրինական տուժանքը՝ սկսած 28.04.2014 թվականից մինչև վճռի փաստացի կատարումը (հավելված 1-ին, գ.թ. 9):
6) Դատարանի 07.06.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է` վճռվել է Բանկից հօգուտ Վարազդատ Այվազյանի բռնագանձել 17.000 ԱՄՆ դոլարին բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ գումար, 1.500 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, 300.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, 17.000 ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները՝ սկսած 28.04.2014 թվականից մինչև գումարի փաստացի վերադարձման օրը, Բանկից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 340 ԱՄՆ դոլարին բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ և նույն վճռի 1.4 կետով հաշվեգրվող տոկոսների երկու տոկոսը՝ որպես պետական տուրքի գումարներ (հավելված 1-ին, գ.թ. 10-19):
7) Վարազդատ Այվազյանի ներկայացուցիչը 08.06.2018 թվականին դիմելով Դատարան` պահանջել է հայցապահանջի 1.445 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի վերաբերյալ կայացնել լրացուցիչ վճիռ (հավելված 1-ին, գ.թ. 21-22):
8) Դատարանը 03.10.2018 թվականին կայացրել է լրացուցիչ վճիռ և վճռել է լրացնել Դատարանի 07.06.2018 թվականին կայացված վճիռը՝ Բանկից հօգուտ Վարազդատ Այվազյանի բռնագանձել 1.445 ԱՄՆ դոլարին բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև նշված գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները սկսած 28.04.2014 թվականից մինչև պարտավորության կատարման օրը (հավելված 1-ին, գ.թ. 43-46):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել Նախկին օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք դատարանն իրավասու է գործին մասնակցող անձի դիմումով լրացուցիչ վճիռ կայացնել այն պահանջով, որը Նախկին օրենսգրքի գործողության շրջանակներում, որպես հայցային պահանջի չափի ավելացում, ներկայացվել է դատաքննության փուլում։
Նախկին օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության դատարաններում քաղաքացիական գործերով դատավարության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով:
Նախկին օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը վեճերը և այլ գործերը լուծում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և դրանց համապատասխան ընդունված այլ իրավական ակտերի հիման վրա:
Նախկին օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ եթե գործով քննությունն իրականացվում է դատաքննության նախապատրաստության փուլով, ապա հայցվորն իրավունք ունի փոխելու հայցի հիմքը և առարկան, ավելացնելու կամ նվազեցնելու հայցային պահանջների չափը մինչև առաջին ատյանի դատարանում գործով դատաքննության սկսվելը: Հայցվորը հայցից կարող է հրաժարվել առաջին ատյանի դատարանում մինչև դատաքննության ավարտը:
Նախկին օրենսգրքի 132-րդ հոդվածի 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն` վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի` յուրաքանչյուր պահանջը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու մասին կամ գործի վարույթը կարճելու մասին դատարանի եզրակացությունը, սկզբնական և հակընդդեմ հայցերը լրիվ կամ մասնակի բավարարելու դեպքում նշում` հաշվանցի արդյունքում բռնագանձվող գումարի մասին:
Նախկին օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ լրացուցիչ վճիռ կայացնել, եթե`
1) վճիռ չի կայացրել որևէ պահանջով, որով գործին մասնակցող անձինք ապացույցներ են ներկայացրել.
2) լուծելով իրավունքի մասին հարցը, չի նշել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք պարտավոր է կատարել պատասխանողը.
3) չի լուծել դատական ծախսերի հարցը:
Նախկին օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` լրացուցիչ վճիռ կայացնելու մասին դիմումը կարող է ներկայացվել մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Հրապարակման պահից օրինական ուժի մեջ մտած վճիռներով լրացուցիչ վճիռ կայացնելու մասին դիմումը կարող է ներկայացվել հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ եզրափակիչ դատական ակտի համար նախատեսված հիմնական պահանջներից է դատական ակտի լրիվությունը և որոշակիությունը։ Գործնականում հնարավոր են այնպիսի դեպքեր, երբ, օրինակ՝ գործով կայացված դատական ակտը չպարունակի հստակ, ամբողջական և որոշակի պատասխաններ հայցվորի կողմից ներկայացված պահանջների վերաբերյալ։ Այդպիսի անորոշությունները վերացնելու նպատակով օրենսդիրը նախատեսել է դատարանի կողմից լրացուցիչ վճիռ կայացնելու հնարավորություն։ Լրացուցիչ վճիռը կարող է կայացվել մինչ հիմնական վճռի օրինական ուժի մեջ մտնելը՝ ինչպես գործին մասնակցող անձանց ներկայացրած միջնորդության բավարարման արդյունքում, այնպես էլ դատարանի նախաձեռնությամբ։ Ընդ որում, Նախկին օրենսգիրքը հստակ նախատեսել էր այն դեպքերը, որոնց պարագայում թույլատրելի էր լրացուցիչ վճիռ կայացնելու կառուցակարգը։ Ըստ այդմ՝ լրացուցիչ վճիռը կարող էր կայացվել բոլոր այն դեպքերում, երբ դատարանը վճիռ չէր կայացրել գործին մասնակցող անձի ներկայացրած որևէ պահանջով, որով վերջինս ապացույցներ էր ներկայացրել։
Սույն գործի փաստերի համաձայն՝ Վարազդատ Այվազյանի ներկայացուցիչը, դիմելով Դատարան, պահանջել է Բանկից հօգուտ իրեն բռնագանձել 40.000 ՀՀ դրամ՝ որպես անհիմն հարստացման գումար։ Դատարանի 08.07.2016 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և գործը նշանակվել է դատաքննության։ Վարազդատ Այվազյանի ներկայացուցիչը 23.09.2016 թվականին միջնորդություն է ներկայացրել հայցի առարկան փոփոխելու վերաբերյալ։ Դատարանը 12.12.2016 թվականին ավարտել է գործի դատաքննությունը և վճռի հրապարակման օր հայտարարել 23.12.2016 թվականին։ 23.12.2016 թվականին Դատարանը վերսկսել է գործի քննությունը։ Վարազդատ Այվազյանի ներկայացուցիչը 10.01.2017 թվականին Դատարանին է ներկայացրել հայցի առարկայի փոփոխության վերաբերյալ միջնորդություն` խնդրելով Բանկից հօգուտ իրեն բռնագանձել անհիմն հարստացմամբ ձեռք բերված գույք՝ 17.000 ԱՄՆ դոլար գումարը, այդ գումարի նկատմամբ հաշվարկված մեկ տարվա 8.5 տոկոս ավանդի տոկոսագումարը՝ 1.445 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը, ինչպես նաև 18.445 ԱՄՆ դոլարի նկատմամբ բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված օրինական տուժանքը՝ սկսած 28.04.2014 թվականից մինչև վճռի փաստացի կատարումը:
Դատարանը 07.06.2018 թվականի վճռով հայցը բավարարել է` վճռել է Բանկից հօգուտ Վարազդատ Այվազյանի բռնագանձել 17.000 ԱՄՆ դոլարին բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ գումար, 1.500 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, 300.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, 17.000 ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները՝ սկսած 28.04.2014 թվականից մինչև գումարի փաստացի վերադարձման օրը, Բանկից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 340 ԱՄՆ դոլարին բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ և նույն վճռի 1.4 կետով հաշվեգրվող տոկոսների երկու տոկոսը՝ որպես պետական տուրքի գումարներ:
Վարազդատ Այվազյանի ներկայացուցիչը 08.06.2018 թվականին դիմելով Դատարան` պահանջել է հայցապահանջի 1.445 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի վերաբերյալ կայացնել լրացուցիչ վճիռ:
Դատարանը, ուսումնասիրելով իր կողմից կայացված վճիռը, դիմումով ներկայացված փաստարկները, արձանագրել է, որ հայցվորի պահանջը հիմնավոր է, քանի որ Դատարանն իր 07.06.2018 թվականի վճռով Վարազդատ Այվազյանի ներկայացուցչի դիմումում մատնանշված պահանջին չի անդրադարձել, ուստի 03.10.2018 թվականին կայացրել է լրացուցիչ վճիռ, որով վճռել է լրացնել Դատարանի 07.06.2018 թվականին կայացված վճիռը՝ Բանկից հօգուտ Վարազդատ Այվազյանի բռնագանձել 1.445 ԱՄՆ դոլարին բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև նշված գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները սկսած 28.04.2014 թվականից մինչև պարտավորության կատարման օրը:
Վերաքննիչ դատարանը Բանկի բողոքը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ նշված պահանջի վերաբերյալ Դատարանը լրացուցիչ վճիռ կարող էր կայացնել, եթե դիմումը և հայցապահանջը ներկայացված լինեին մինչև դատաքննության անցնելը, հետևաբար, Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ դատական ակտը պետք է փոփոխել:
Վճռաբեկ դատարանը, ուսումնասիրելով Վարազդատ Այվազյանի ներկայացուցչի կողմից 10.01.2017 թվականին ներկայացված հայցի առարկայի փոփոխության վերաբերյալ միջնորդությունը և Դատարանի 07.06.2018 թվականի վճիռը, գտնում է, որ Դատարանի կողմից կայացված լրացուցիչ վճիռն իրավաչափ է` նկատի ունենալով, որ Դատարանն իր 07.06.2018 թվականի վճռով հայցվորի կողմից 10.01.2017 թվականին հայցի առարկայի փոփոխության վերաբերյալ միջնորդությամբ ներկայացված պահանջը` Բանկից հօգուտ իրեն անհիմն հարստացմամբ ձեռք բերված գույք՝ 17.000 ԱՄՆ դոլար գումարը և դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված օրինական տուժանքը՝ սկսած 28.04.2014 թվականից մինչև վճռի փաստացի կատարումը, հիմնավոր է համարել ու բավարարել է, մինչդեռ չի անդրադարձել նշված գումարի նկատմամբ հաշվարկված մեկ տարվա 8.5 տոկոս ավանդի տոկոսագումարին՝ 1.445 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև նշված գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները բռնագանձելու պահանջին այն դեպքում, երբ նշված պահանջը և այն հիմնավորող ապացույցները ներկայացված են եղել Դատարան։
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ վերոնշյալ պահանջի վերաբերյալ լրացուցիչ վճիռ Դատարանը կարող էր կայացնել, եթե հայցապահանջի ավելացումը ներկայացված լիներ մինչև դատաքննության անցնելը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը․ Նախկին օրենսգրքի գործողության շրջանակներում մինչև առաջին ատյանի դատարանում գործով դատաքննության սկսվելը հայցի հիմքը և առարկան փոփոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու կամ նվազեցնելու սահմանափակումը կիրառելի է եղել միայն այն դեպքում, երբ գործի քննությունն իրականացվել է գործը դատաքննության նախապատրաստելու փուլով։ Մինչդեռ այն դեպքում, երբ գործն ի սկզբանե նշանակված է եղել դատաքննության, որևէ սահմանափակում թույլատրելի համարվել չի կարող։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով Դատարանն ի սկզբանե նշանակել է դատաքննություն, հետևաբար գործի քննությունը դատաքննության նախապատրաստելու փուլով չի իրականացվել, որպիսի պայմաններում Նախկին օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված սահմանափակումը չէր կարող կիրառելի լինել։ Ուստի հայցվորը իրավունք է ունեցել հայցի առարկայի փոփոխության վերաբերյալ միջնորդություն ներկայացնել գործի դատաքննության փուլում, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի վերոնշյալ հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումն ամբողջությամբ բեկանելու համար։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման և օրինական ուժ է տրվում Դատարանի լրացուցիչ վճռին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Բանկից հօգուտ Վարազդատ Այվազյանի ենթակա է բռնագանձման 33.640 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.01.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 03.10.2018 թվականի լրացուցիչ վճռին։
2. «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից հօգուտ Վարազդատ Այվազյանի բռնագանձել 33.640 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող |
|
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Ն. Տավարացյան | |
Ս. Անտոնյան Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
Հ. Բեդևյան | ||
Մ. Դրմեյան Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 ապրիլի 2022 թվական: