ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
12 հուլիսի 2022 թ. |
2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
ՀՀ կառավարության ներկայացուցիչ՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Պողոսյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2021 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև՝ 2006 թվականի հունիսի 12-ի` «Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին» կոնվենցիայում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
ՀՀ կառավարությունն իր` 2022 թվականի մարտի 24-ի N 371-Ա որոշմամբ հավանություն է տվել «2021 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև՝ 2006 թվականի հունիսի 12-ի` «Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին» կոնվենցիայում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցով դիմել Սահմանադրական դատարան:
Գործի քննության առիթը Կառավարության՝ 2022 թվականի մայիսի 18-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով վերոնշյալ արձանագրությունը, սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև՝ 2006 թվականի հունիսի 12-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին» կոնվենցիայում (այսուհետ` Կոնվենցիա) փոփոխություններ կատարելու վերաբերյալ» արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն) ստորագրվել է 2021 թվականի նոյեմբերի 12-ին Երևանում` Կոնվենցիայի մի շարք հոդվածներում և Կոնվենցիային կից արձանագրությունում փոփոխություններ կատարելու նպատակով՝ երկու պետությունների միջև տնտեսական, գիտական և տեխնիկական հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը, նոր ներդրումների ներգրավմանը նպաստելու համար:
2. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության սկզբունքով ստանձնում է, մասնավորապես, հավելյալ պարտավորությունները.
1) Կոնվենցիայի նպատակներով՝ եկամուտը, որն ստացվել է որևէ միավորման կամ կազմակերպության կողմից կամ միջոցով, որը երկու Պայմանավորվող պետությունների հարկային օրենսդրությամբ ամբողջովին կամ մասնակիորեն դիտարկվում է որպես հարկային տեսանկյունից թափանցիկ, համարել ՀՀ ռեզիդենտի եկամուտ, սակայն միայն այնքանով, որքանով այդ եկամուտը ՀՀ կողմից հարկման նպատակներով համարվում է որպես ՀՀ ռեզիդենտի եկամուտ, ինչպես նաև վերոհիշյալ դրույթները ոչ մի դեպքում չմեկնաբանել այնպես, որ որևէ կերպ սահմանափակվի Հայաստանի Հանրապետության՝ իր ռեզիդենտներին հարկելու իրավունքը (Արձանագրության հոդված 2, Կոնվենցիայի նոր խմբագրությամբ 1-ին հոդվածի 2-րդ կետ),
2) որևէ ճշգրտում չկատարել Հայաստանի Հանրապետության կամ Շվեյցարիայի Համադաշնության ձեռնարկության մշտական հաստատությանը վերագրելի շահույթի առնչությամբ հարկային այն տարվա ավարտից հինգ տարի հետո, երբ շահույթը վերագրելի կլինի մշտական հաստատությանը: Վերոհիշյալ դրույթները չկիրառել խաբեության կամ պարտավորությունների դիտավորյալ չկատարման դեպքում (Արձանագրության հոդված 7, 2-րդ կետ, Կոնվենցիայի նոր խմբագրությամբ 7-րդ հոդվածի 7-րդ կետ),
3) այն դեպքում, երբ Շվեյցարիայի Համադաշնությունն իր ձեռնարկության շահույթի մեջ ներառում է (և, հետևաբար, հարկում) շահույթի այն չափը, որի մասով Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունն արդեն ենթարկվել է հարկման Հայաստանի Հանրապետությունում, և այդպիսով ներառված շահույթն այն շահույթն է, որը հաշվե- գրված կլիներ Շվեյցարիայի Համադաշնության ձեռնարկությանը, եթե երկու ձեռնարկությունների միջև առկա պայմանները լինեին այնպիսի պայմաններ, որոնք կլինեին անկախ ձեռնարկությունների միջև, ապա այդ շահույթի առնչությամբ կատարել այնտեղ գանձված հարկի գումարի չափով համապատասխան ճշգրտում. այդպիսի ճշգրտումը որոշելիս հաշվի առնել Կոնվենցիայի մյուս դրույթները և ապահովել, որ անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության իրավասու մարմինները խորհրդակցեն միմյանց հետ (Արձանագրության հոդված 8, 1-ին կետ, Կոնվենցիայի նոր խմբագրությամբ 9-րդ հոդվածի 2-րդ կետ),
4) երաշխավորել, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետը չի ազդի ընկերության հարկման վրա այն շահույթի մասով, որից վճարվում են շահաբաժինները և ապահովել, որ Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության իրավասու մարմիններն այդ սահմանափակումների կիրառման եղանակը որոշեն փոխադարձ համաձայնությամբ (Արձանագրության հոդված 9, 1-ին կետ, Կոնվենցիայի նոր խմբագրությամբ 10-րդ հոդվածի 3-րդ կետ),
5) անկախ Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներից` ապահովել, որ Շվեյցարիայի Համադաշնությունում առաջացող և ՀՀ ռեզիդենտին, որը հանդիսանում է դրանց փաստացի սեփականատերը, վճարվող տոկոսները հարկվեն միայն ՀՀ-ում այն չափով, որով այդպիսի տոկոսները վճարվում են ՀՀ կառավարությանը, նրա քաղաքական միավորին կամ տեղական իշխանությանը կամ ՀՀ կենտրոնական բանկին (Արձանագրության հոդված 10, 1-ին կետ, Կոնվենցիայի նոր խմբագրությամբ 11-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետ),
6) Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի դրույթները չկիրառել, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, լինելով ՀՀ ռեզիդենտ, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում Շվեյցարիայի Համադաշնությունում, որտեղ առաջանում են տոկոսները, և պարտապահանջը, որի առնչությամբ վճարվում են տոկոսները, իրականում կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ. այդ դեպքում կիրառել Կոնվենցիայի 7-րդ հոդվածի («Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից») դրույթները (Արձանագրության հոդված 10, 2-րդ կետ, Կոնվենցիայի նոր խմբագրությամբ 11-րդ հոդվածի 5-րդ կետ),
7) Կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները չկիրառել, եթե ռոյալթիի փաստացի սեփականատերը, լինելով ՀՀ ռեզիդենտ, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում Շվեյցարիայի Համադաշնությունում, որտեղ առաջանում է ռոյալթին, և իրավունքը կամ գույքը, որի առնչությամբ վճարվում է ռոյալթին, իրականում կապված է այդպիսի մշտական հաստատության հետ, այդ դեպքում կիրառել Կոնվենցիայի 7-րդ հոդվածի («Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից») դրույթները (Արձանագրության հոդված 11, 1-ին կետ, Կոնվենցիայի նոր խմբագրությամբ 12-րդ հոդվածի 4-րդ կետ),
8) Կոնվենցիայի 23-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի դրույթները չկիրառել Շվեյցարիայի Համադաշնության ռեզիդենտի ստացած եկամտի կամ գույքի նկատմամբ այն դեպքում, երբ Հայաստանն այդպիսի եկամուտը հարկումից ազատելու նպատակով կիրառում է Կոնվենցիայի դրույթները կամ այդպիսի եկամտի նկատմամբ կիրառում է Կոնվենցիայի 10-րդ («Շահաբաժիններ»), 11-րդ («Տոկոսներ») կամ 12-րդ («Ռոյալթի») հոդվածների 2-րդ կետի դրույթները (Արձանագրության հոդված 18, Կոնվենցիայի նոր խմբագրությամբ 23-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետ),
9) ապահովել, որ ՀՀ իրավասու մարմինը, եթե դիմում-բողոքը համարում է արդարացի, և եթե նա ինքնուրույն ի վիճակի չէ հանգելու գոհացուցիչ լուծման, ապա ձգտի գործը վճռել Շվեյցարիայի Համադաշնության իրավասու մարմնի հետ փոխհամաձայնությամբ` Կոնվենցիային չհամապատասխանող հարկումը բացառելու նպատակով և ցանկացած համաձայնություն իրականացնի՝ անկախ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված որևէ ժամկետից, սակայն բոլոր դեպքերում տվյալ հարկային տարվա ավարտից հետո՝ տասը տարուց ոչ ուշ (Արձանագրության հոդված 19, Կոնվենցիայի նոր խմբագրությամբ 25-րդ հոդվածի 2-րդ կետ),
10) ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները Շվեյցարիայի Համադաշնության իրավասու մարմնի հետ փոխանակեն այնպիսի տեղեկություններ, որոնք կանխատեսելի կերպով վերաբերելի կհամարվեն Կոնվենցիայի դրույթների իրականացման կամ հայկական և շվեյցարական կողմերի կամ նրանց քաղաքական միավորների կամ տեղական իշխանությունների անունից կիրառվող ցանկացած տեսակի և բնույթի հարկին վերաբերող ներպետական օրենսդրության կիրառման կամ գործադրման համար՝ այնքանով, որքանով դրանց հիման վրա հարկումը չի հակասում Կոնվենցիային: Տեղեկատվության փոխանակումը 1-ին («Ընդգրկված անձինք») և 2-րդ («Ընդգրկված հարկեր») հոդվածներով չի սահմանափակվում (Արձանագրության հոդված 20, Կոնվենցիայի նոր խմբագրությամբ 26-րդ հոդվածի 1-ին կետ),
11) Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան ստացած ցանկացած տեղեկություն համարել գաղտնի այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրության շրջանակում ստացած տեղեկությունը, և հաղորդել միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք առնչվում են վերոհիշյալ 1-ին կետում նշված հարկերի գնահատմանը կամ գանձմանը, դրանց առնչությամբ իրականացվող հարկադիր գանձումներին կամ քրեական հետապնդումներին, բողոքարկումների վերաբերյալ որոշումների կայացմանը, ինչպես նաև ապահովել, որ այդ անձինք կամ մարմինները տեղեկությունն օգտագործեն միայն այդպիսի նպատակներով և չնայած վերոնշյալին՝ Հայաստանի Հանրապետության ստացած տեղեկությունն այլ նպատակներով կարող է օգտագործվել, եթե այլ նպատակներով այդպիսի տեղեկության օգտագործումը թույլատրվում է Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության օրենսդրությամբ, և տրամադրող Շվեյցարիայի Համադաշնության իրավասու մարմինը թույլատրում է նման օգտագործումը (Արձանագրության հոդված 20, Կոնվենցիայի նոր խմբագրությամբ 26-րդ հոդվածի 2-րդ կետ),
3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված՝ արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2021 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև՝ 2006 թվականի հունիսի 12-ի` «Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին» կոնվենցիայում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՆԱԽԱԳԱՀող |
Ա. ԴիլանՅԱՆ |
12 հուլիսի 2022 թվականի ՍԴՈ-1658 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հուլիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|