ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունիսի 2022 թվականի N 830-Ն
ԹՎԱՅԻՆ ՏԱԽՈԳՐԱՖՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆԸ, ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ԵՎ ԶՆՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել թվային տախոգրաֆների կառուցվածքին, շահագործմանը, փորձարկմանը, տեղադրմանը և զննմանը ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի օգոստոսի 6-ին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
09.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականիհունիսի 9-ի N 830-Ն որոշման |
ԹՎԱՅԻՆ ՏԱԽՈԳՐԱՖՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆԸ, ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ԵՎ ԶՆՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն պահանջները տարածվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում կիրառվող թվային տախոգրաֆների (այսուհետ՝ տախոգրաֆ) վրա՝ բացառությամբ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված դեպքերի։
2. Սույն կարգով սահմանվում են տախոգրաֆի կառուցվածքին, շահագործմանը, փորձարկմանը, տեղադրմանը և զննմանը ներկայացվող պահանջները։
3. Սույն պահանջներում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
1) տախոգրաֆի քարտ` տախոգրաֆում օգտագործվող տվյալների էլեկտրոնային գրանցման համար նախատեսված էլեկտրոնային հիշողություն ունեցող քարտ․
2) շարժման ցուցիչ` տախոգրաֆի բաղկացուցիչ մաս, որն ապահովում է տրանսպորտային միջոցի արագության կամ անցած ճանապարհի տվյալների նշումը.
3) տրամաչափարկում (կալիբրավորում)՝ արհեստանոցի քարտի միջոցով տրանսպորտային միջոցի պարամետրերի, այդ թվում՝ տրանսպորտային միջոցի նույնականացման համարի, հաշվառման համարանիշի և այլ պարամետրերի, թարմացում կամ հաստատում, որոնք պահպանվում են տախոգրաֆի հիշողության մեջ․
4) ակտիվացում՝ արհեստանոցային քարտի միջոցով տախոգրաֆի բոլոր գործառույթների գործարկում, ներառյալ անվտանգության գործառույթները․
5) արհեստանոց՝ համապատասխան որակավորմամբ մասնագետներ ունեցող տախոգրաֆի սպասարկման (տրամաչափարկում, զննում, վերանորոգում) գործունեություն իրականացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր։
6) ներբեռնում՝ տրանսպորտային միջոցի կամ տախոգրաֆի քարտի հիշողության տվյալների պատճենում թվային ստորագրության հետ միասին, որի ընթացքում չի փոխվում կամ ջնջվում որևէ տվյալ.
7) զննում՝ գործողություններ, որոնք կատարվում են ստուգելու տախոգրաֆի ճշգրիտ աշխատանքը, դրա պարամետրերի համապատասխանությունը տրանսպորտային միջոցի պարամետրերին, տախոգրաֆի աշխատանքը խախտող այլ սարքերի օգտագործման բացառումը։
II. ՏԱԽՈԳՐԱՖԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
4․ Տախոգրաֆը պետք է ունենա էկրան, հիշողության, տվյալների (պարամետրերի) գրանցման և փոխանցման, քարտի տեղադրման և ընթերցման, տեղորոշման համակարգերի հետ միացման սարքեր, որոնք կապահովեն տախոգրաֆի կողմից հետևյալ գործողությունների կատարումը՝
1) տախոգրաֆի քարտի տեղադրման և դուրսբերման ապահովում․
2) տախոգրաֆի քարտի տրամաչափարկում (կալիբրավորում)․
3) ավտովարորդի կողմից մուտքի գործողության գրանցում․
4) տախոգրաֆի հիշողության սարքում տվյալների ձայնագրման, պահպանման և ընթերցման հնարավորություն․
5) տախոգրաֆի քարտից տվյալների ընթերցում, տախոգրաֆի քարտում տվյալների ձայնագրում և պահպանում․
6) տվյալների սխալների հայտնաբերում, գրանցում, դրանց վերաբերյալ ձայնային կամ տեսողական ազդարարում․
7) աշխատանքի ու հանգստի ժամանակահատվածների, արագության և հեռավորության տվյալների չափում և գրանցում․
8) այլ սարքերին տվյալների փոխանցման հնարավորություն․
9) տվյալների ցուցադրում, ներբեռնում, դրանց տպագրման հնարավորություն․
10) տախոգրաֆի քարտի տեսակի որոշում և գործողության ժամկետի ստուգում։
5․ Տախոգրաֆը պետք է սահմանի՝
1) տրանսպորտային միջոցի արագությունը մինչև 2 կմ/ժամ արագության սխալանքով․
2) տրանսպորտային միջոցի գտնվելու վայրը․
3) տրանսպորտային միջոցի արագության և գտնվելու վայրի չուղղված տեսքով կոորդինատների գրանցումն առնվազն վայրկյանը մեկ․
4) տրանսպորտային միջոցի անցած ճանապարհը։
6․ Տախոգրաֆը պետք է գրանցի ավտովարորդի աշխատանքի, վարելու, հանգստի ժամանակահատվածների վերաբերյալ տվյալները։
7․ Ժամային գոտիների տարբերությամբ պայմանավորված տախոգրաֆը պետք է սահմանի տեղական ժամանակն ավտոմատ կերպով կամ ձեռքով միացման միջոցով։
8․ Երկու ավտովարորդով տրանսպորտային միջոց շահագործելու դեպքում տախոգրաֆն ավտովարորդների քարտերը տեղադրելիս պետք է սահմանի անձնակազմի առկայությունը, իսկ յուրաքանչյուր ավտովարորդի գործունեությունը գրանցի որպես մեկ ավտովարորդի աշխատանքի և հանգստի ռեժիմի տվյալ։
9․ Ավտովարորդի կողմից քարտը տախոգրաֆում տեղադրելիս դրա էկրանին պետք է արտացոլվի քարտը տեղադրելու ամսաթիվը, ժամը, ինչպես նաև տվյալ քարտը վերջին անգամ հանելու ամսաթվի և ժամի վերաբերյալ տվյալները։
10․ Տախոգրաֆը պետք է ունենա տեղորոշման որևէ համակարգի միանալու հնարավորություն, տրանսպորտային միջոցը երթի դուրս գալու շարժման վերաբերյալ տվյալները գրանցելու համար։
III. ՏԱԽՈԳՐԱՖՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
11․ Տախոգրաֆները և տախոգրաֆի քարտերը պետք է ապահովեն հետևյալ պահանջները՝
1) գրանցեն ավտովարորդի գործունեության, տրանսպորտային միջոցի շարժման վերաբերյալ ճշգրիտ և հուսալի տվյալները․
2) ապահովեն տրանսպորտային միջոցի շարժման տվիչներից ստացված տվյալների ամբողջականությունն ու ճշգրտությունը․
3) ապահովել փոխգործունակությունը տրանսպորտային միջոցի և տախոգրաֆի քարտի միջև։
12․ Տախոգրաֆը պետք է ապահովի՝
1) ավտովարորդի քարտը տեղադրելիս ավտովարորդի տվյալների նույնականացումը․
2) տախոգրաֆի տրամաչափարկման, վերանորոգման և զննման վերաբերյալ տվյալների գրանցումը, այդ թվում՝ դրանք իրականացնող արհեստանոցների վերաբերյալ տվյալները.
3) գրանցված տվյալների պաշտպանությունն ու գաղտնիությունը։
13. Աշխատաժամանակի տվյալների սխալ հայտնաբերելիս կամ արագության խախտումների դեպքում տախոգրաֆը պետք է ավտովարորդներին զգուշացնի խախտումների վերաբերյալ տեսողական կամ ձայնային ազդանշանի տեսքով առնվազն 30 վայրկյան տևողությամբ այնքան ժամանակ, մինչև ավտովարորդի կողմից խախտումը վերացնելը։
14․ Տախոգրաֆի քարտեր ունեցող կազմակերպություններն ու ավտովարորդներն ապահովում են տախոգրաֆների և քարտերի ճիշտ գործածությունը և սարքին վիճակը: Տախոգրաֆի սարքին վիճակն ստուգվում է փորձարկման միջոցով։
15․ Արգելվում է կեղծել, թաքցնել կամ ոչնչացնել տախոգրաֆում կամ ավտովարորդի քարտի վրա գրանցված տվյալները:
16. Տրանսպորտային միջոցները չպետք է ունենան մեկից ավելի տախոգրաֆ:
17. Տախոգրաֆի անսարքության դեպքում տրանսպորտային միջոցը շահագործող կազմակերպությունն ապահովում է դրա վերանորոգումը և սարքին վիճակում շահագործումը։
18․ Եթե անսարքությունը տեղի է ունենում տրանսպորտային միջոցը երթի դուրս գալուց հետո, ապա վերանորոգումն իրականացվում է վարորդի կողմից կազմակերպության միջոցների հաշվին փոխադրման ընթացքում, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վերանորոգման գործառույթը կարող են իրականացնել միջազգային համաձայնագրի անդամ պետությունների արհեստանոցները։
IV. ՏԱԽՈԳՐԱՖՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ԵՎ ԶՆՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
19. Տեղադրվող տախոգրաֆը պետք է ունենա արտադրող երկրի իրավասու մարմնի կողմից սահմանված տրանսպորտային միջոցների յուրաքանչյուր տիպի, շարժման տվիչի, մոդելի ձայնագրման թերթիկի կամ տախոգրաֆի քարտի համար հաստատված չափման միջոցի տեսակի հաստատման նշան:
20․ Տախոգրաֆը կարող է տեղադրվել միայն տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի կամ արհեստանոցի կողմից: Տախոգրաֆը տեղադրվելուց հետո կնքվում է այն տեղադրող կազմակերպության կողմից:
21․ Տախոգրաֆը տեղադրվելուց հետո ենթակա է ակտիվացման։
22․ Տախոգրաֆի սպասարկումը՝ ակտիվացումը, նորոգումը, տրամաչափարկումը (կալիբրավորումը), զննումն իրականացնում են արհեստանոցները։
23․ Տախոգրաֆը տեղադրվելուց, նորոգվելուց, փոխվելուց, ինչպես նաև տրանսպորտային միջոցի տարրերի փոփոխությունից հետո ենթակա է պարտադիր տրամաչափարկման (կալիբրավորման) արհեստանոցի կողմից։
24․Տրամաչափարկումից (կալիբրավորումից) հետո տախոգրաֆի վրա փակցվում է արհեստանոցի տարբերանշանով ինքնակպչող անվանաթուղթ, որը հանելու դեպքում ինքնաոչնչանում է և այլևս ենթակա չէ կրկնակի օգտագործման (փակցման)։
25․ Արհեստանոցը տախոգրաֆը տրամաչափարկելուց (կալիբրավորելուց) հետո թղթային կամ էլեկտրոնային եղանակով երկու օրինակից կազմում է ակտ, որոնցից մեկը տրվում է փոխադրողին, մյուսը պահպանվում է արհեստանոցում երեք տարի ժամկետով։
26. Տախոգրաֆը պետք է տեղադրվի հստակ տեսանելի դիրքում և պետք է լինի հեշտ հասանելի:
27․ Վերանորոգման, զննման կամ այլ պատճառով պայմանավորված տախոգրաֆը հանելու անհրաժեշտության դեպքում կնիքը կոտրվում կամ հանվում է, գրավոր նշելով կնիքը կոտրելու կամ հանելու ամսաթիվը, ժամը և պատճառը։ Կնիքը կոտրելու կամ հանելու վերաբերյալ փաստաթուղթը պետք է պահպանվի տրանսպորտային միջոցում, մինչև տախոգրաֆը կրկին իր տեղում ամրացնելը և կնքվելը։
28. Տախոգրաֆը չպետք է տեղադրվի այնպես, որ այն ինքնաբերաբար գործարկվի, երբ անջատված է մեքենայի շարժիչը:
29. Տախոգրաֆը ենթակա են պարբերական զննման առնվազն երկու տարին մեկ անգամ:
30․ Տախոգրաֆի զննման նպատակն է պարզել, թե արդյոք`
1) այն տեղադրված է ճիշտ և համապատասխանում է տվյալ տրանսպորտային միջոցին.
2) սարքին վիճակում է և ճիշտ է աշխատում․
3) բոլոր կնիքներն առկա են և անվնաս․
4) տախոգրաֆը կրում է չափման միջոցի տեսակի հաստատման նշանը․
5) չեն կիրառվել տախոգրաֆի աշխատանքը խախտող այլ սարքեր․
6) տախոգրաֆը տրամաչափարկված (կալիբրավորված) է տվյալ տրանսպորտային միջոցի պարամետրերին համապատասխան։
31․ Տախոգրաֆի զննման արդյունքում անսարքություններ կամ խախտումներ հայտնաբերելու դեպքում դրանք պետք է անմիջապես վերացվեն։
32․ Արհեստանոցը զննման արդյունքների վերաբերյալ կազմում է ակտ, որը տրվում է փոխադրողին։ Զննման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունն արհեստանոցի կողմից պահվում է երկու տարի։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
09.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունիսի 2022 թվական: