ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՀԵՏԱՔՆՆՈՂ ԼՐԱԳՐՈՂՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 64023/11)
Վ Ճ Ի Ռ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
18 մայիսի 2021 թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Հետաքննող լրագրողներն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Անա Մարիա Գուերա Մարտինս [Ana Maria Guerra Martins]`դատավորներ,
և Իլզե Ֆրայվիրտ [Ilse Freiwirth]`Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն հայկական կազմակերպության՝ «Հետաքննող լրագրողներ» -ի (դիմումատու կազմակերպություն) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2011 թվականի հոկտեմբերի 3-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 64023/11),
դիմումատու կազմակերպության՝ արտահայտվելու իրավունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ բողոքի մասին Հայաստանի կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու և գանգատի մնացած մասով անընդունելի հայտարարելու վերաբերյալ որոշումը,
կողմերի դիտարկումները,
2021 թվականի ապրիլի 13-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Գործը վերաբերում է դիմումատու կազմակերպության դեմ զրպարտության վերաբերյալ վարույթին, և դրանում բարձրացվում են խնդիրներ՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն։
ՓԱՍՏԵՐԸ
2. Դիմումատու կազմակերպությունը հասարակական կազմակերպություն է, որի գտնվելու վայրը Երևանում է։ Դիմումատու կազմակերպությանը ներկայացրել են Լոնդոնում գտնվող՝ Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնից պրն Վ. Գրիգորյանը, պրն Պ. Լիչը [P. Leach], պրն Ջ. Քլիֆորդը [J. Clifford], տկն Կ. Լևինը [K. Levine], տկն Ջ. Գավրոնը [J. Gavron] և տկն Ջ. Սոյերը [J. Sawyer] և Երևանում գործող իրավաբան տկն Լ. Հակոբյանը։
3. Կառավարությունը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը, իսկ այնուհետև՝ պրն Ե. Կիրակոսյանը։
4. Գործով փաստերը, որոնք ներկայացրել են կողմերը, կարելի է ամփոփել հետևյալ կերպ:
5. Դիմումատու կազմակերպությունը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է Հայաստանում խթանել և ամրապնդել հետաքննական լրագրությունը։ 2001 թվականից սկսած այն վարել է լրատվական կայք, որը հիմնականում նվիրված է եղել հետաքննական լրագրության հրապարակումներին։ Դիմումատու կազմակերպությունը հետաքննական հոդվածներ գրելու հանձնարարություններ է տալիս նաև անկախ լրագրողների։
6. 2008 թվականի մայիսի 20-ին հետաքննող լրագրողի կողմից գրված այդպիսի մեկ հոդված դիմումատու կազմակերպության կողմից որպես ներդիր հրապարակվել է «Ազգ» օրաթերթում։ Հոդվածը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.
«Ո՞ւմ գրպանն են մտնում ավազահանքի փողերը
Շուրջ 20 տարի առաջ Իջևան քաղաքի հարավային մուտքի մոտ, Աղստև գետի վրա գործարկվեց «Սպիտակ ջուր» ջրամբարը: Արհեստական լիճը շուտով տեղացի բանաստեղծներն ու լրագրողներն անվանեցին Աղստևի ձորաշխարհի գեղեցկուհի:
Արհեստական ջրամբարը 4 մլն խմ տարողություն ունի: Գարնանային վարարումների ժամանակ Աղստևը մեծ չափերի ավազ ու կոպիճ է բերում: «Սպիտակ ջուր» լճի հայելանման մակերեսի մոտ կեսը ցամաքի է վերածվել: Արհեստական փոքրիկ թերակղզիներն ու կղզյակները գոյացել են հեղեղների բերած ավազի կուտակումից: Ամենահամեստ հաշվարկներով` այստեղ 2 մլն խմ ավազակոպճային կուտակվածք կա:
Լճի երկայնքով է ձգվում դեպի Երևան տանող մայրուղին, և ամեն օր հազարավոր ուղևորներ ականատես են լինում լճից ավազի արդյունահանմանը: Արդեն մի քանի տարի այստեղ գործում են հզոր էքսկավատորներ ու ամբարձիչներ: Իջևանի և Դիլիջանի վարչատարածքներում հիմա շինարարական բում է, և ավազի կարիք շատ է զգացվում: Դիլիջան քաղաքում ընթացող շինարարության համար այստեղից ավազ տեղափոխող վարորդը վկայեց, որ լճից մի մեքենա ավազ վերցնելու համար 8 հազար դրամ են վճարում: Ավելի մեծ տարողությամբ մեքենան ավազով բեռնելու համար մինչև 20 հազար դրամ է պահանջվում: Ովքե՞ր են այս ջրամբարի հարստությունից օգտվողները, որոնք, լիճը տիղմից մաքրելու պատճառաբանությամբ, անօրինական, չհարկվող մեծ եկամուտներ են ստանում:
Մեր ունեցած տեղեկությամբ` այս բիզնեսը գտնվում է Իջևանի քաղաքապետ [Վ.Ն.]-ի վերահսկողության ներքո: Այն պաշտոնապես ճշտելու համար 2007 թ. հոկտեմբերին լճից ավազի արդյունահանման կապակցությամբ նամակով դիմեցի Տավուշի մարզի դատախազություն: Անցյալ տարվա հոկտեմբերի 22-ին Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ [Վ. Ա.]-ի ստորագրությամբ ստացված գրության մեջ ասվում է. «Իջևանի քաղաքապետարանի կողմից «Սպիտակ ջուր» կոչվող արհեստական ջրամբարի ավազն ապօրինի օգտագործելու վերաբերյալ Տավուշի մարզի դատախազությունում ստացված Ձեր գրության կապակցությամբ կատարվել է ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ քաղաքում իրականացվում է զբոսայգու տարածքի բարեկարգման և կառուցապատման ծրագիր, որի աշխատանքների ցանկում նախատեսված է 2 հա կանաչապատ տարածքի հարթեցում տիղմով` սիզախոտ ցանելու նպատակով: Ինչպես նշված է քաղաքապետարանից ստացված գրության մեջ, քաղաքապետարանի այգու տարածքի հարթեցման համար վերոհիշյալ լճի ավազանից տեղափոխվել է միայն տիղմ, իսկ ավազ չի օգտագործվել և չի օգտագործվելու: Եթե քաղաքապետարանի ապօրինի ավազ օգտագործելու վերաբերյալ կան հավաստի տվյալներ, ապա այդ մասին կարող եք հաղորդում ներկայացնել ոստիկանության Իջևանի բաժնին կամ մարզի դատախազությանը»:
Ուշադրության է արժանի նախ այն ձևակերպումը, թե Իջևանի քաղաքային զբոսայգին ոչ թե համայնքին, այլ քաղաքապետարանին է պատկանում: Տավուշի մարզի դատախազությունը չի ստուգել իր նստավայրից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորությամբ ամեն օր տեղի ունեցող գործընթացը և ապավինել է քաղաքապետարանի հավաստիացումներին: Իսկ դրանք կարելի է հերքել հենց քաղաքապետարանից ստացված պաշտոնական տեղեկատվությամբ: Ահավասիկ տվյալներ զբոսայգու 2 հա կանաչապատ տարածքը տիղմով հարթեցնելու վերաբերյալ: Իջևանի քաղաքապետի 2007 թ. դեկտեմբերի 16-ի հերթական ընտրություններից քիչ առաջ տպագրվել է Իջևանի քաղաքապետարանի «Իջևան» թերթի գովազդային-նախընտրական համարը: Այնտեղ քաղաքային զբոսայգու կառուցապատման ծրագրի վերաբերյալ նշված է հետևյալը. ««Վորլդ Վիժնի» և քաղաքապետարանի համագործակցությամբ կատարվել է զբոսայգու գազոնների, հողի լիցքի և հոլանդական խոտի ցանում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 7 մլն 166 հազար դրամ, որից 2 մլն 28 հազար դրամը քաղաքապետարանի կողմից, որպես աշխատավարձի ներդրում: Ներկրվել և փռվել է 1500 խմ հող, 4000 քմ տարածքում ցանվել է խոտ»:
Նույնիսկ մաթեմատիկայից դպրոցում «2» ստացածները կարող են հասկանալ, որ 4000 քմ-ը 5 անգամ պակաս է 2 հեկտարից: Բայց թողնենք չարչրկված 2 հեկտարը. գետը ավազի հետ նաև տիղմ կարող է բերել: Սակայն այս տարածքում օրական հարյուրավոր տոննա ավազ է արդյունահանվում, որը տիղմով չես «քողարկի»: Բացի այդ, ներկայացված լուսանկարներում երևում է, որ ավազի արդյունահանումը կատարվում է ոչ միայն «Սպիտակ ջուր» ջրամբարից, այլև հենց Աղստևի ափերից:
Ո՞ր կազմակերպության հաշվեկշռում են գտնվում Իջևան քաղաքի «Սպիտակ ջուր» արհեստական ջրամբարը և դրա շրջակա տարածքը: Որևէ կազմակերպության կամ ֆիզիկական անձի տրվա՞ծ է այդ ջրամբարի ավազն օգտագործելու իրավունք, և արդյոք այն օգտագործելու համար հարկեր մուծվո՞ւմ են պետական բյուջե: Այս հարցադրումներով, վկայակոչելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, նամակով դիմել եմ Իջևանի քաղաքապետ [Վ. Ն.]-ին, Տավուշի մարզպետ [Ա. Ղ.]-ին և Բնապահպանական պետական տեսչության Տավուշի մարզային բաժին: Չնայած արդեն 20 օր է անցել, սակայն մարզպետը և Իջևանի քաղաքապետն այդպես էլ չեն բարեհաճել նամակին պատասխանել:
Բնապահպանական պետական տեսչության Տավուշի մարզային բաժնի պետ [Ժ. Ս.]-ն գրավոր խորհուրդ է տվել այս առնչությամբ դիմել ՀՀ բնապահպանության նախարարություն: Սակայն այս նախարարություն ուղարկված դիմումին էլ դեռ պատասխան չի տրվել: Մինչդեռ Բնապահպանական պետական տեսչության Տավուշի մարզային բաժնի հետ սերտ առնչություն ունեցող մի պաշտոնյա, ով չցանկացավ իր անունը հրապարակել, ասաց, որ անցյալ տարի Բնապահպանական պետական տեսչությունը համալիր ստուգումներ է իրականացրել «Սպիտակ ջուր» ջրամբարից ավազի ապօրինի արդյունահանման առնչությամբ, որոնց արդյունքում Իջևանի քաղաքապետարանը տուգանվել է մեծ չափերով: Իջևանի քաղաքապետ [Վ. Ն.]-ն այդ ժամանակ արձակուրդում է եղել, և ակտերի տակ դրված է եղել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի տեղակալ [Կ. Օ.]-ի ստորագրությունը:
Բնապահպանական պետական տեսչությունն այս կապակցությամբ դատական հայց է ներկայացրել Սևանի վարչական դատարան: Սակայն քաղաքապետ [Վ. Ն.]-ն հեշտ հանձնվողներից չէ: Հետին թվով «պարզվել է», որ իբր նա քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ոչ թե իր տեղակալին, այլ` քաղաքապետարանի քարտուղար [Բ. Թ.]-ին: Դա նկատի ունենալով` դատարանը ներկայացված տուգանքների ակտերը հիմք չի ընդունել և հայցը մերժել է:
Հայաստանի ղեկավար այրերը խոսում են օրենքի գերակայության, պետական բյուջեն լցնելու, ստվերի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին, մինչդեռ Իջևանի Սպիտակ լճի ավազի թալանը տեղի է ունենում բոլորի աչքի առաջ: Այն այնքան ակնհայտ է, որ ստվեր էլ չի կարող համարվել: Պարզապես տեսնել է հարկավոր, եթե նման ցանկություն ընդհանրապես կա»:
7. 2008 թվականի մայիսի 26-ին նույն հոդվածը հրապարակվել է դիմումատու կազմակերպության լրատվական կայքում։
8. 2008 թվականի հունիսի 19-ին Իջևանի քաղաքապետարանը քաղաքացիական հայց է ներկայացրել դիմումատու կազմակերպության դեմ՝ ցանկանալով պարտավորեցնել դրան հրապարակել 2008 թվականի մայիսի 20-ի և 26-ի հրապարակումներում պարունակվող տեղեկատվության հերքում։ Այն պնդել է, հղում կատարելով, inter alia (ի թիվս այլնի), Քաղաքացիական օրենսգրքի (ՔՕ) 19-րդ հոդվածին, որ «Ազգ» օրաթերթում դիմումատու կազմակերպության նախաձեռնությամբ հրապարակված և այնուհետև իրենց կայքում վերահրապարակված՝ «Ո՞ւմ գրպանն են մտնում ավազահանքի փողերը» հոդվածը պարունակել է վարկաբեկող հայտարարություններ, մասնավորապես՝ քաղաքապետարանին վերաբերող սխալ տեղեկություններ, որոնք արատավորում են քաղաքապետի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը։
9. 2008 թվականի հուլիսի 9-ին դիմումատու կազմակերպության կողմից «Ազգ» օրաթերթում հրապարակվել է նույն լրագրողի կողմից գրված՝ «Երեք հանձնաժողովները «կտեսնե՞ն» ջրամբարի ավազի անօրինական շահագործումը» վերնագրով մեկ այլ հոդված, որն այնուհետև տեղադրվել է դիմումատու կազմակերպության կայքում։ Այն ներառել է հետևյալ հատվածը.
«Ո՞ւմ գրպանն են մտնում ավազահանքի փողերը» հոդվածում ներկայացված փաստերի կապակցությամբ հանձնաժողով է ստեղծել նաև Տավուշի մարզպետ [Ա. Ղ.]-ն: Բնապահպանական պետական տեսչության Տավուշի մարզային բաժնի պետ [Ժ. Ս.]-ն համոզված է, որ Իջևանի լճից ավազն ապօրինի է արդյունահանվում: Նրա խոսքերով` Իջևանի քաղաքապետարանի պայմանագիրը 3 անձանց հետ` վերջիններիս կողմից լիճը «մաքրելու» վերաբերյալ անօրինական է, քանի որ բնապահպանության նախարարությունը ջրամբարում պաշարների ուսումնասիրություն չի կատարել և նման թույլտվություն չի տվել: Չէ՞ որ գետն ավազի և տիղմի հետ կարող է նաև վտանգավոր թափոններ բերել, ինչն առանց բնապահպանական համապատասխան եզրակացության օգտագործելը կարող է վատ հետևանքներ ունենալ: Հարց է ծագում` եթե լիճը մաքրվում է, որտե՞ղ է թափվում հարյուր հազարավոր տոննա տիղմը, չէ՞ որ այն հեռացնելու համար բնապահպանական տեսչությունը պիտի համաձայնություն տար, կամ էլ ապօրինի ավազ արդյունահանողներին վաղուց համայնքը բարեգործի կոչում պիտի տար, որ իրենց փողերով մաքրում են լիճը: Փաստորեն, «մաքրման» անվան տակ արդեն 4-5 տարի մեծ ծավալով ավազի արդյունահանում է կատարվում:
10. Այնուհետև անդրադառնալով դիմումատու կազմակերպության դեմ դատական հայցի նպատակներով տեղական խորհրդի կողմից հատկացված գումարներին՝ նշվել է հետևյալը.
«Որքանո՞վ է օրինական կամ նպատակահարմար համայնքի սուղ բյուջեից ավելի քան 3 հազար դոլար ծախսել քաղաքապետի «արդարացման» համար, երբ քաղաքում հազար չլուծված հարցեր կան: Օրինակ` քաղաքապետ Ներսիսյանն այդ գումարը կարող էր ծախսել իր առանձնատուն տանող անբարեկարգ ճանապարհը նորոգելու նպատակով: Իջևանցի տասնյակ տաքսիստներ ամեն օր անցնելով մարզկենտրոնի քարուքանդ ճանապարհներով` «բարի խոսքերով» են հիշում քաղաքապետին»:
11. 2008 թվականի հոկտեմբերի 13-ին գործը քննող դատարանն անցկացրել է նախնական դատական նիստ և եզրակացրել է, որ քաղաքապետարանը պատշաճ հայցվոր չէ այնքանով, որքանով խնդիրը վերաբերում է քաղաքապետ Վ.Ն.-ի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին։ Այն Վ.Ն.-ին այդ մասով ճանաչել է որպես պատշաճ հայցվոր և նրան ընդգրկել է գործում։
12. 2009 թվականի հուլիսի 7-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է հայցը։ Վարչական շրջանի դատարանը, նախևառաջ, գտել է, որ քաղաքապետարանն իրավաբանական անձ չէ և հետևաբար չէր կարող օգտվել ՔՕ-ի 19-րդ հոդվածով երաշխավորված իրավունքներից, որոնք տարածվում են միայն ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա։ Երկրորդ, հրապարակված հոդվածը չի պարունակել քաղաքապետարանի գործարար համբավն արատավորող որևէ տեղեկություն։ Դրանում չի եղել պնդում, որ հենց քաղաքապետարանն է իրականացրել ավազի ապօրինի արդյունահանումը, այլ հարց է առաջադրվել, թե ով է պատասխանատու դրա համար, և նշել է, որ ըստ իրենց տեղեկությունների՝ դա քաղաքապետն է։ Ինչ վերաբերում է հատկապես քաղաքապետի՝ արատավորված պատվի, արժանապատվության և գործարար համբավի վերաբերյալ հայցին, այն պետք է մերժվեր հետևյալ հիմքերով։ Այն փաստը, որ ջրամբարի ավազն ապօրինի արդյունահանվում է, հաստատվել է գործում առկա ապացույցներով, ինչպես նաև դա ընդունել է հենց քաղաքապետարանը, որն այդ փաստի կապակցությամբ մի քանի անգամ բողոք է ներկայացրել համապատասխան մարմիններ: Ճիշտ է՝ հոդվածում տեղեկություններ են հաղորդվել քաղաքապետի վերաբերյալ, մասնավորապես այն մասով, որ նա վերահսկել է այդ անօրինական բիզնեսը։ Այնուամենայնիվ, սա ներկայացվել է ոչ որպես ապացուցված փաստ, այլ այնպես, որ այդ մասին որոշակի տեղեկություններ կան, որոնք, ավելին, պատասխանող կողմը փորձել է ստուգել՝ դիմելով տարբեր մարմինների: Ինչ վերաբերում է այդ հայտարարության բնույթին՝ այն չէր կարող դիտարկվել որպես «արատավորող», քանի որ պատասխանողը պարզապես հարց է բարձրացրել և փորձեր է արել պատասխանը գտնելու համար։ Ցանկացած դեպքում, հոդվածում չի կատարվել քաղաքապետի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող որևէ եզրակացություն։ Վարչական շրջանի դատարանը հիմնվել է, inter alia, Սահմանադրության 27-րդ հոդվածի և Կոնվենցիայի 10-րդ հոդվածի վրա։
13. Չհստակեցված ամսաթվին քաղաքապետը և քաղաքապետարանը ներկայացրել են վերաքննիչ բողոք։
14. 2009 թվականի նոյեմբերի 13-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է վերաքննիչ բողոքը և գործն ուղարկել է նոր քննության: Վերաքննիչ դատարանը նախևառաջ գտել է, որ քաղաքապետարանը իրավաբանական անձ է, և հետևաբար ունեցել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն հերքում պահանջելու իրավունք։ Ավելին, Վարչական շրջանի դատարանը պատշաճ կերպով ամբողջությամբ չի քննել տվյալ հոդվածը և կենտրոնացել է միայն այն հայտարարության վրա, որ անօրինական բիզնեսը վերահսկվում է քաղաքապետի կողմից։ Դրա այն եզրահանգումը, որ հաղորդված տեղեկությունները չեն արատավորել քաղաքապետի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը անհիմն է, քանի որ Վարչական շրջանի դատարանը չի ստուգել, թե արդյոք գործում առկա են ապացույցներ, որոնցով հաստատվում է, որ հոդվածում պարունակվող տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։ ՔՕ-ի 19-րդ հոդվածում արատավորող տեղեկությունների ճշմարտացիությունն ապացուցելու պարտականությունը դրված է դրանք հաղորդող անձի վրա, սակայն Վարչական շրջանի դատարանն այդ առնչությամբ չի քննել որևէ ապացույց։
15. 2010 թվականի հուլիսի 9-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը կրկին ուսումնասիրել է հայցը և այն վարույթ է ընդունել։ Վարչական շրջանի դատարանը նշել է, որ ՔՕ-ի 19-րդ հոդվածի համաձայն՝ անհրաժեշտ է որոշել՝ ա) արդյոք տվյալ տեղեկությունը արատավորող է, և բ) արդյոք այն համապատասխանում է իրականությանը։ Շարունակելով՝ այն եզրակացրել է, որ 2008 թվականի մայիսի 20-ի և հուլիսի 9-ի հոդվածներում պարունակվող տեղեկությունները արատավորում են քաղաքապետարանի գործարար համբավը և քաղաքապետի պատիվն ու արժանապատվությունը։ Ավելին, դիմումատու կազմակերպությունը չի ներկայացրել որևէ ապացույց առ այն, որ տվյալ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ինչը նշանակում է, որ դրանք կեղծ են։ Դա նաև հաստատվել է այն փաստով, որ քաղաքապետը երրորդ անձանց կողմից ջրամբարի ավազի ապօրինի արդյունահանման վերաբերյալ բազմիցս բողոք է ներկայացրել համապատասխան մարմիններ։ Վարչական շրջանի դատարանը դիմումատու կազմակերպությանը կարգադրել է «Ազգ» օրաթերթում և իր կայքում հրապարակել հերքում, ինչպես նաև ընդհանուր վճարել 952 600 ՀՀ դրամ՝ ծախսերի և ծախքերի, այդ թվում՝ իրավաբանական և դատական ծախսերի համար։
16. Չպարզված օրը դիմումատու կազմակերպությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ պնդելով, inter alia, որ վճիռը միջամտություն է իր՝ արտահայտվելու ազատությանը՝ Սահմանադրության 27-րդ հոդվածի և Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտմամբ։ Այն մանրամասն հիմնավորել է, որ այդ միջամտությունը չի հետապնդել իրավաչափ նպատակ և անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակությունում:
17. 2010 թվականի դեկտեմբերի 27-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է դիմումատուի բողոքը։ Վերաքննիչ դատարանն ի սկզբանե ընդգծել է անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանված լինելու իրավունքի կարևորությունը՝ որպես հասարակության բարձրագույն արժեքներից մեկը։ Այն այնուհետև հաստատված է համարել դա՝ հղում կատարելով, inter alia, ՔՕ-ի 19-րդ հոդվածին՝ ի հաստատումն այն բանի, որ «Ո՞ւմ գրպանն են մտնում ավազահանքի փողերը» հոդվածն արատավորել է քաղաքապետի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը։ Ինչ վերաբերում է քաղաքապետարանին՝ Վերաքննիչ դատարանը, նախևառաջ, գտել է, որ այն ներկայացնում է համայնքը, որը իրավաբանական անձ է, և երկրորդ, քանի որ հոդվածը վերաբերում է Իջևանի քաղաքապետին, այն նույնպես ուղղակիորեն վերաբերել է Իջևանի համայնքին և քաղաքապետարանին, որը գործում էր համայնքի անունից։ Վերջապես, Վերաքննիչ դատարանը որոշել է նվազեցնել ծախսերի և ծախքերի համար վճարվող գումարի չափը՝ այն հասցնելով 472 600 ՀՀ դրամի։
18. 2011 թվականի հունվարի 31-ին դիմումատու կազմակերպությունը ներկայացրել է վճռաբեկ բողոք։
19. 2011 թվականի մարտի 2-ին Վճռաբեկ դատարանը որոշել է անընդունելի հայտարարել դիմումատու կազմակերպության վճռաբեկ բողոքը՝ հիմքերի բացակայության պատճառով:
20. Պարզվում է, որ ներպետական դատարանների կողմից նյութական հատուցման վերաբերյալ որոշման հետ կապված՝ դիմումատու կազմակերպությունը երբևէ վճարում չի կատարել, քանի որ, ըստ Կառավարության, հայցվորը չի ցանկացել հետամուտ լինել դրա կատարմանը։
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
I. Սահմանադրություն (1995 թվականի՝ 2005 թվականի փոփոխություններով)
21. Տվյալ ժամանակահատվածում գործող 27-րդ հոդվածով սահմանվել է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Դրանով արգելվել է որևէ մեկին ստիպել հրաժարվել իր կարծիքից կամ փոխել այն։ Յուրաքանչյուր ոք ունեցել է խոսքի ազատության իրավունք, այդ թվում՝ ցանկացած տեղեկատվական միջոցով, ու պետական սահմաններից անկախ տեղեկություններ և գաղափարներ որոնելու, ստանալու և տարածելու իրավունք։ Երաշխավորվել է լրատվության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը։
II. Քաղաքացիական օրենսգիրք (1999 թվականի)
22. Մինչև 2010 թվականի հուլիսի 3-ը գործող 19-րդ հոդվածով սահմանվել է, որ քաղաքացին իրավունք ունի դատարանով պահանջելու հերքել իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները, եթե նման տեղեկություններ տարածած անձը չապացուցի, որ դրանք համապատասխանում են իրականությանը: Եթե քաղաքացու պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները տարածվել են զանգվածային լրատվության միջոցներով, ապա դրանք պետք է հերքվեն զանգվածային լրատվության նույն միջոցներով: Քաղաքացու գործարար համբավի պաշտպանությունը կարգավորող՝ սույն հոդվածում ընդգրկված կանոնները հավասարապես վերաբերում են իրավաբանական անձի գործարար համբավի պաշտպանությանը։
23. 2010 թվականի հուլիսի 3-ից գործող 1087.1 հոդվածով նախատեսվում է, որ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` հայց ներկայացնելով վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ: Զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին:
III. «Զանգվածային լրատվության մասին» օրենք
24. 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջելու հերքել իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
25. Դիմումատու կազմակերպությունը բողոքել է, որ խախտվել է ազատ արտահայտվելու իր իրավունքը։ Այն հիմք է ընդունել Կոնվենցիայի 10-րդ հոդվածը, որով, այնքանով, որքանով այն վերաբերում է գործին, սահմանվում է հետևյալը.
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատ արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից: …
2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»:
Ա. Կողմերի փաստարկները
1. Դիմումատու կազմակերպությունը
26. Դիմումատու կազմակերպությունը նշել է, որ արտահայտվելու ազատության իր իրավունքին միջամտությունը սահմանված չէ օրենքով։ Նախևառաջ՝ Քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածը փոփոխվել է 2010 թվականի հուլիսի 3-ին և այդ նույն ամսաթվին ներդրվել է զրպարտությանն առնչվող հարցերը կարգավորող նոր դրույթ՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը։ Այդուհանդերձ, ներպետական դատարանները իրենց որոշումներում շարունակել են հիմնվել հին՝ 19-րդ հոդվածի վրա։ Երկրորդ՝ 19-րդ հոդվածում բացակայել է բավարար ճշգրտությունն ու կանխատեսելիությունը, քանի որ դրանում չեն տարբերակվել փաստական տվյալները և գնահատողական դատողությունները։ Ընդունելով, որ իր բողոքներում չի բարձրաձայնել այդ խնդիրների մասին, դիմումատու կազմակերպությունը պնդել է, որ որևէ դատարանի իրավասություն չի տրվել լուծելու իրավական հիմքերի բացակայության հետ կապված համակարգային խնդիրները։
27. Ինչ վերաբերում է քաղաքապետի հայցին, ապա դիմումատու կազմակերպությունն ընդունել է, որ միջամտությունը հետապնդել է այլոց համբավի և իրավունքների պաշտպանության իրավաչափ նպատակ, սակայն պնդել է, որ պետական և քաղաքային իշխանությունների, այս դեպքում՝ քաղաքապետարանի գործարար համբավի պաշտպանության մասով այդպիսի իրավաչափ նպատակ չի կարող գոյություն ունենալ ըստ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի:
28. Վերջապես, դիմումատու կազմակերպությունը նշել է, որ այդ միջամտությունը անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակությունում։ Ներպետական դատարանները միջամտության անհրաժեշտության հարցի մանրամասն քննություն չեն իրականացրել։ Մասնավորապես դրանք հաշվի չեն առել հրապարակման առարկան, մամուլի և ՀԿ-ների ընդլայնված պաշտպանության պահանջը, քննադատության թիրախ դարձած անձի պաշտոնը, հոդվածի շարադրանքը, այդ թվում՝ թե արդյոք այն պարունակել է «փաստական տվյալներ» կամ «գնահատողական դատողություններ», ինչպես նաև հայցվորների կողմից պահանջվող վնասների հատուցման գումարը։ Հոդվածում բարձրացվել են հանրային հետաքրքրություն ներկայացնող լուրջ խնդիրներ, և հանրության տեղեկացված լինելու իրավունքը գերակշռել է քաղաքապետի՝ համբավի հետ կապված ցանկացած ենթադրյալ վնասը։ Հոդվածը պարունակել է հեղինակի կողմից ուսումնասիրված փաստերի վրա հիմնված գնահատողական դատողություններ, և նույնիսկ եթե ենթադրենք, որ այն պարունակել է փաստական տվյալներ, ապա դա արվել է բարեխղճորեն և էթիկայի ու պատասխանատու լրագրության չափանիշներին համապատասխան։ Դատարանները հաշվի չեն առել քաղաքական գործիչների, այդ թվում ՝ տեղական համայնքների ղեկավարների կողմից քննադատության նկատմամբ ավելի մեծ հանդուրժողականության պահանջը, ինչպես նաև մամուլի և ՀԿ-ների կարևոր դերը։
2. Կառավարությունը
29. Կառավարությունը նշել է, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել։ Նախևառաջ՝ դիմումատու կազմակերպությունն իր բողոքներում չի ներկայացրել օրենքով չսահմանված միջամտության վերաբերյալ իր փաստարկները և հետևաբար չի սպառել իրավական պաշտպանության հասանելի ներպետական միջոցները։ Ամեն դեպքում, միջամտությունը սահմանված է եղել օրենքով, մասնավորապես՝ ՔՕ-ի 19-րդ հոդվածով։ Այդ հոդվածի ձևակերպումը բավարար չէ եզրակացնելու համար, որ դա եղել է անկանխատեսելի, քանի որ Դատարանը այդպիսի եզրակացություն չի կայացրել այլ երկրների դեմ գործերում, որտեղ ներպետական օրենսդրությունը նմանատիպ ձևակերպում է ունեցել։ Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ 19-րդ հոդվածն այլևս ուժի մեջ չի եղել այն ժամանակ, երբ դատարանները որոշում են կայացրել վեճի վերաբերյալ, ապա քաղաքացիական իրավունքի կանոններով արգելվում է օրենքների հետադարձ ուժը, և կիրառելի է եղել տվյալ ժամանակահատվածում գործող օրենքը։
30. Կառավարությունն այնուհետև նշել է, որ միջամտությունը հետապնդել է իրավաչափ նպատակ, մասնավորապես՝ Իջևանի քաղաքապետի համբավի պաշտպանությունը և քաղաքապետարանի հեղինակության, ինչպես նաև գործարար համբավի պաշտպանությունը։
31. Վերջապես, Կառավարությունը նշել է, որ այդ միջամտությունն անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում։ Մասնավորապես հոդվածում Իջևանի քաղաքապետին նշել են որպես ավազի ապօրինի արդյունահանման համար պատասխանատու անձ։ Այնուամենայնիվ, ներպետական վարույթում քննվող գործի նյութերում չի եղել որևէ բան, որը կարող էր պատճառ հանդիսանալ, որ դիմումատու կազմակերպությունն այդպիսի ենթադրություններ ներկայացնի, և դիմումատու կազմակերպությունը չի ներկայացրել որևէ ապացույց կամ փաստական հանգամանք՝ ի հաստատումն այդ պնդման։ Հոդվածում պարունակվող տեղեկությունը չի եղել գնահատողական դատողություն, այլ եղել է լուրջ մեղադրանք, ինչը վարչական և, հնարավոր է, քրեական իրավախախտում է։ Նույնիսկ ենթադրելով, որ հրապարակումը գնահատողական դատողություններ է ներառել, այդուհանդերձ, բավարար փաստական հիմքեր են պահանջվում։ Թեև հոդվածում բարձրացվել էր հանրային հետաքրքրություն ներկայացնող հարց, իսկ քաղաքապետը, որպես հանրային անձ, ենթակա է ընդունելի քննադատության ավելի լայն սահմանների, այդուհանդերձ, դա չի նշանակում, որ քաղաքական գործիչներին չպետք է տրվի իրենց պաշտպանելու հնարավորություն այն դեպքում, երբ նրանք համարում են, որ իրենց վերաբերյալ հրապարակումները սխալ են և կարող են հանրությանը մոլորեցնել։ Ինչ վերաբերում է վնասի հատուցմանը, ապա գումարը երբևէ չի վճարվել դիմումատու կազմակերպության կողմից, քանի որ քաղաքապետը հրաժարվել է այն ստանալուց։
Բ. Դատարանի գնահատականը
1. Ընդունելիությունը
32. Ինչ վերաբերում է Կառավարության՝ իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու մասին առարկությանը՝ Դատարանը կրկին նշում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված` ներպետական իրավական պաշտպանության միջոցները սպառելու կանոնը պարտավորեցնում է այն անձանց, որոնք ցանկանում են պետության դեմ գործ հարուցել միջազգային դատական ատյանում, առաջին հերթին օգտվել ներպետական իրավական համակարգով նախատեսված իրավական պաշտպանության միջոցներից` դրանով իսկ պետությանը զերծ պահելով միջազգային ատյանի առջև պատասխան տալուց այնպիսի գործողությունների համար, որոնք նա հնարավորություն չի ունեցել լուծելու իր սեփական իրավական համակարգի միջոցով: Իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու պարտավորությամբ պահանջվում է, որ դիմումատուն բնականոն ձևով օգտվի Կոնվենցիայով նախատեսված բողոքների հետ կապված մատչելի և բավարար իրավական պաշտպանության միջոցներից։ 35-րդ հոդվածի 1-ին կետով պահանջվում է նաև, որ Ստրասբուրգում հետագայում ներկայացվելիք բողոքներն առնվազն ըստ էության ներկայացված լինեն համապատասխան ներպետական մարմին (տե՛ս Վուչկովիչը և այլք ընդդեմ Սերբիայի (նախնական առարկություն) [ՄՊ] [Vučković and Others v. Serbia (preliminary objection) [GC] ], թիվ 17153/11 և 29 այլք, § 70-72, 2014 թվականի մարտի 25):
33. Դատարանը նշում է, որ դիմումատու կազմակերպությունը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի՝ 2010 թվականի հուլիսի 9-ի վճռի դեմ բողոքում իսկապես չի ներկայացրել միջամտության համար պատշաճ իրավական հիմքերի բացակայության վերաբերյալ որևէ փաստարկ։ Այն համոզիչ չի համարում դիմումատու կազմակերպության այն փաստարկը, որը ենթադրում է, որ այս իրավական պաշտպանության միջոցն արդյունավետ չէ: Հետևաբար Դատարանը դիմումատու կազմակերպության բողոքի այս մասը, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն, հայտարարում է անընդունելի՝ իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու հիմքով։
34. Դատարանը, այնուամենայնիվ, նշում է, որ սույն բողոքը ո՛չ ակնհայտորեն անհիմն է, ո՛չ էլ անընդունելի է Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
2. Ըստ էության քննությունը
35. Դատարանը նշում է, որ կողմերի միջև առկա է ընդհանուր հիմք այն մասով, որ 2010 թվականի դեկտեմբերի 27-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից անփոփոխ թողնված՝ Վարչական շրջանի դատարանի 2010 թվականի հուլիսի 9-ի վճիռը (տե՛ս վերևում 15-րդ և 17-րդ պարբերությունները) եղել է միջամտություն դիմումատուի՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ արտահայտվելու ազատության իրավունքին։ Դատարանը որևէ հիմք չունի եզրակացնելու (տե՛ս վերևում՝ 33-րդ պարբերությունը), որ միջամտությունը «սահմանված չի եղել օրենքով», տվյալ դեպքում՝ ՔՕ-ի 19-րդ հոդվածով։ Ինչ վերաբերում է իրավաչափ նպատակի առկայությանը՝ կողմերը համաձայնել են, որ միջամտությունը հետապնդել է այլոց համբավի և իրավունքների պաշտպանության իրավաչափ նպատակ այնքանով, որքանով այն վերաբերել է քաղաքապետի հայցին։ Ինչ վերաբերում է Կառավարության կողմից նշված՝ «քաղաքապետարանի համբավին»՝ Դատարանը նշում է, որ այն ի սկզբանե նախապատրաստվել է ենթադրելու, որ բացառապես ընտրված տեղական մարմինների մասով կարող են հիմնվել այս նպատակի վրա (տե՛ս Լոմբարդոն և այլք ընդդեմ Մալթայի [Lombardo and Others v. Malta], թիվ 7333/06, § 50, 2007 թվականի ապրիլի 24 և Մարգուլևն ընդդեմ Ռուսաստանի [Margulev v. Russia], թիվ 15449/09, § 45, 2019 թվականի հոկտեմբերի 8)։ Այնուամենայնիվ, այս գործը չի վերաբերում ընտրված տեղական մարմնին, այլ՝ քաղաքապետարանին, այսինքն՝ վարչական մարմնին։ Ամեն դեպքում Դատարանն անհրաժեշտ չի համարում այս հարցը վերջնականապես որոշել՝ հաշվի առնելով միջամտության անհրաժեշտությանը վերաբերող ներքոհիշյալ եզրահանգումները։ Այս առնչությամբ այն կրկին նշում է, որ արտահայտվելու ազատության իրավունքին ցանկացած միջամտություն պետք է «անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում»՝ 10-րդ հոդվածի 2-րդ կետով հիմնավորելու համար (տե՛ս Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի [ՄՊ] [Perinçek v. Switzerland [GC]], թիվ 27510/08, § 124, ՄԻԵԴ 2015 (քաղվածքներ))։
36. Դատարանն ընդգծում է, որ դիմումատու կազմակերպությունը, լինելով հասարակական կազմակերպություն, որի նպատակն է խթանել և ամրապնդել հետաքննական լրագրությունը, թերթում և իր կայքում հոդված հրապարակելու համար ենթարկվել է քաղաքացիական պատասխանատվության։ Հետևաբար միջամտությունը պետք է դիտարկվի ժողովրդավարական հասարակության պատշաճ գործունեությունն ապահովելու գործում ազատ մամուլի էական դերի համատեքստում (տե՛ս, ի թիվս մի շարք այլ վճիռների, Լինդոնը, Օտչտակովսկի–Լորենսը և Ջուլին ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] [Lindon, Otchakovsky-Laurens and July v. France ] [GC]), թիվ 21279/02 և 36448/02, § 62, ՄԻԵԴ 2007‑IV)։
37. Դատարանի կողմից հաճախակի նշվող՝ արտահայտվելու ազատությանը միջամտության անհրաժեշտությանը վերաբերող ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Բեդաթն ընդդեմ Շվեյցարիայի [ՄՊ] [Bédat v. Switzerland] գործում ([ՄՊ], թիվ 56925/08, § 48, ՄԻԵԴ 2016)՝ ի թիվս մի շարք այլ վճիռների։ 10-րդ հոդվածին և մամուլի ազատությանը վերաբերող ընդհանուր սկզբունքները վերջերս ամփոփվել են Սատակուննան Մարկինափորսի Օյը և Սատամեդիա Օյն ընդդեմ Ֆինլանդիայի [Satakunnan Markkinapörssi Oy and Satamedia Oy v. Finland] գործում ([ՄՊ], թիվ 931/13, §§ 124-28, 2017 թվականի հունիսի 27)։
38. Դատարանը համարում է, որ իր նախադեպային իրավունքով սահմանված հետևյալ չափանիշները, համաձայն որոնց պետք է տեղի ունենա մամուլի ազատության իրականացմանը միջամտություն՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի անհրաժեշտության պահանջը բավարարելու համար, սույն գործում կիրառելի են։
39. Ժողովրդավարական պայմաններում մամուլի կողմից իրականացվող էական գործառույթի ուժով (տե՛ս Դելֆի ԱՍ-ն ընդդեմ Էստոնիայի [ՄՊ] [Delfi AS v. Estonia [GC]], թիվ 64569/09, § 132, ՄԻԵԴ 2015)՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածով ապահովվում է լրագրողների պաշտպանությունը՝ պայմանով, որ նրանք գործեն բարեխղճորեն, որպեսզի պատասխանատու լրագրության սկզբունքներին համապատասխան ճշգրիտ և հուսալի տեղեկություններ տրամադրեն (տե՛ս Պենտիկաինեն ընդդեմ Ֆինլանդիայի [ՄՊ] [Pentikäinen v. Finland [GC]], թիվ 11882/10, § 90, ՄԻԵԴ 2015)։ Նույն նկատառումները տարածվում են հասարակական հսկողության գործառույթ ստանձնող ՀԿ-ի վրա (տե՛ս Հունգարիայի Հելսինկյան կոմիտեն ընդդեմ Հունգարիայի [ՄՊ] [Magyar Helsinki Bizottság v. Hungary [GC]], թիվ 18030/11, § 159, 2016 թվականի նոյեմբերի 8): Խոսքի ազատության պաշտպանության բարձր մակարդակը, որի արդյունքում իշխանություններն ունենում են արժևորման առանձնապես նեղ սահման, սովորաբար ապահովվում է, երբ դիտողությունները վերաբերում են հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցին (տե՛ս վերևում հիշատակված՝ Բեդատի գործը, § 49)։ Պաշտոնական դիրքերից հանդես եկող քաղաքական գործիչները և քաղաքացիական ծառայողները ենթակա են ընդունելի քննադատության ավելի լայն սահմանների, քան մասնավոր անձինք (տե՛ս Թոման ընդդեմ Լյուքսեմբուրգի [Thoma v. Luxembourg], թիվ 38432/97, § 47, ՄԻԵԴ 2001‑III և Պեդերսենը և Բաադսգաարդն ընդդեմ Դանիայի [ՄՊ] [Pedersen and Baadsgaard v. Denmark] [GC]], թիվ 49017/99, § 80, ՄԻԵԴ 2004‑XI)։ Ավելին, անհրաժեշտ է զգուշորեն տարբերակում կատարել փաստերի և գնահատողական դատողությունների միջև: Փաստերի առկայությունը կարելի է ցույց տալ, մինչդեռ գնահատողական դատողությունների ճշմարտացիությունն ապացուցելի չէ (տե՛ս Կումպանան և Մազարեն ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Cumpǎnǎ and Mazǎre v. Romania [GC]], թիվ 33348/96, § 98, ՄԻԵԴ 2004‑XI և Մորիսն ընդդեմ Ֆրանսիայի [Morice v. France] ([ՄՊ], թիվ 29369/10, § 126, ՄԻԵԴ 2015)։ Ժողովրդավարական հասարակությունում «այլոց ... համբավի պաշտպանության» նպատակներով միջամտության անհրաժեշտության հարցը քննելիս ներպետական իշխանությունները պետք է արդարացի հավասարակշռություն հաստատեն Կոնվենցիայով երաշխավորված երկու հակադարձ արժեքների պաշտպանության ժամանակ, մասնավորապես, մի կողմից՝ 10-րդ հոդվածով պաշտպանվող՝ արտահայտման ազատության իրավունքը, մյուս կողմից՝ 8-րդ հոդվածով ամրագրված անձնական կյանքը հարգելու իրավունքը (տե՛ս, ի թիվս մի շարք այլ վճիռների, Բրչկո իսլամական համայնքի մեջլիսը և այլք ընդդեմ Բոսնիա և Հերցեգովինայի [ՄՊ] [Medžlis Islamske Zajednice Brčko and Others v. Bosnia and Herzegovina [GC]], թիվ 17224/11, § 77, 2017 թվականի հունիսի 27)։
40. Դատարանն այնուհետև վերահաստատում է, որ արտահայտվելու ազատության իրավունքին միջամտության հարցը վերլուծելիս այն պետք է, inter alia, որոշի, թե արդյոք տեղին և բավարար են ազգային իշխանությունների կողմից այն հիմնավորելու պատճառները: Այդպիսով, դատարանը պետք է հավաստիանա, որ այդ իշխանությունները կիրառել են 10-րդ հոդվածում ներառված սկզբունքներին համապատասխանող չափանիշներ և հիմնվել են համապատասխան փաստերի ընդունելի գնահատման վրա (տե՛ս վերևում հիշատակված՝ Փերինչեքի գործը, § 196)։
41. Դատարանն արդեն մի շարք գործերում գտել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում, քանի որ ներպետական դատարանները չէին կիրառել այնպիսի չափանիշներ, որոնք համապատասխանում են մամուլի ազատությանը վերաբերող իր նախադեպային իրավունքով սահմանված չափանիշներին (տե՛ս, օրինակ, Տերենտևն ընդդեմ Ռուսաստանի [Terentyev v. Russia], թիվ 25147/09, §§ 22-24, 2017 թվականի հունվարի 26, Սկուդաևան ընդդեմ Ռուսաստանի [Skudayeva v. Russia], թիվ 24014/07, §§ 36-39, 2019 թվականի մարտի 5 և վերևում հիշատակված՝ Մարգուլևի գործը, §§ 51‑54)։ Այժմ այն պետք է հավաստիանա, թե արդյոք վերևում՝ 39-րդ պարբերության մեջ ամփոփված համապատասխան չափանիշները կիրառվել են դիմումատու կազմակերպության դեմ զրպարտության վերաբերյալ վարույթում։
42. Դատարանը նշում է, որ ինչպես վերոնշյալ գործերի դեպքում, այնպես էլ այս գործում, ներպետական դատարանները սահմանափակվել են՝ պարզելով, որ վիճարկվող հրապարակումը արատավորել է հայցվորների պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, և որ դիմումատու կազմակերպությունը չի կարողացել ապացուցել իր ճշմարտացիությունը (տե՛ս վերևում 15-րդ և 17-րդ պարբերությունները)։ Նրանք հաշվի չեն առել հետևյալ տարրերը. դիմումատու կազմակերպության դիրքորոշումը որպես հետաքննական լրագրության ՀԿ, ինչպես նաև դրա կողմից բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, հայցվորների՝ որպես ընտրված պաշտոնատար անձանց դիրքորոշումը, հոդվածը հրապարակելիս դիմումատու կազմակերպության կողմից հետապնդվող նպատակը, վիճարկվող հոդվածում հանրային հետաքրքրություն կամ ընդհանուր մտահոգություն ներկայացնող հարցի առկայությունը, և քաղաքապետի՝ ենթադրյալ կոռուպցիոն գործելակերպի վերաբերյալ տեղեկության վերաբերելիությունը։ Բաց թողնելով այդ տարրերի հետ կապված որևէ վերլուծություն՝ ներպետական դատարաններն ուշադրություն չեն դարձնել այն էական գործառույթին, որը մամուլն իրականացնում է ժողովրդավարական հասարակությունում:
43. Ներպետական դատարանները նաև չեն փորձել տարբերակում կատարել փաստական տվյալների և գնահատողական դատողությունների միջև։ Ուստի առանց քննելու այն հարցը, թե արդյոք վիճարկվող հոդվածում պարունակվող հայտարարությունները կարող են համարվել գնահատողական դատողություններ, դատարանները շարունակել են ենթադրել, որ դրանք եղել են ապացուցելի, և դրանք ապացուցելու պարտականությունը դրված է եղել դիմումատու կազմակերպության վրա։ Սա, կարծես, պայմանավորված է եղել տվյալ ժամանակահատվածում զրպարտության վերաբերյալ Հայաստանի օրենսդրության՝ մասնավորապես ՔՕ-ի 19-րդ հոդվածում առկա թերությամբ, որը հղում է կատարում միայն «տեղեկություններին» և անկախ այդ «տեղեկության» իրական բովանդակությունից՝ առաջ է քաշում ենթադրություն, ինչպես պարզ է դառնում այս գործում, որ ցանկացած այդպիսի «տեղեկություն» հնարավոր է ապացուցել քաղաքացիական վարույթի շրջանակներում (համեմատել, օրինակ`Գրինբերգն ընդդեմ Ռուսաստանի [Grinberg v. Russia], թիվ 23472/03, § 29, 2005 թվականի հուլիսի 21, Գորելիշվիլին ընդդեմ Վրաստանի [Gorelishvili v. Georgia], թիվ 12979/04, § 38, 2007 թվականի հունիսի 5, Դյուլդինը և Կիսլովն ընդդեմ Ռուսաստանի [Dyuldin and Kislov v. Russia], թիվ 25968/02, § 47, 2007 թվականի հուլիսի 31 և վերևում հիշատակված՝ Տերենտևի գործի հետ, § 23)։
44. Ավելին, ներպետական վճիռներում չկա որևէ վկայություն առ այն, որ դատարանները ձեռնարկել են հայցվորների համբավի պաշտպանության անհրաժեշտության և մամուլի՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ տեղեկություններ տարածելու իրավունքի միջև հավասարակշռություն հաստատելու նախաձեռնություն։ Նրանք չեն կշռադատել երկու մրցակցող շահերը և իրենց վերլուծությունները սահմանափակել են հայցվորների համբավին վնաս հասցնելու վերաբերյալ քննարկմամբ՝ ակնհայտ դիրքորոշում ունենալով, որ «այլոց պատվի և արժանապատվության» պաշտպանությանն առնչվող շահերը, մասնավորապես նրանց, ում վերապահված են պետական լիազորություններ, բոլոր հանգամանքներում գերակայում են արտահայտվելու ազատությանը (տե՛ս Ռոմանենկոն և այլք ընդդեմ Ռուսաստանի [Romanenko and Others v. Russia], թիվ 11751/03, § 42, 2009 թվականի հոկտեմբերի 8, վերևում հիշատակված՝ Սկուդաևայի գործը, § 38, 2019 թվականի մարտի 5 և վերևում հիշատակված՝ Մարգուլևի գործը, § 53)։
45. Վերոնշյալ տարրերը Դատարանին հանգեցնում են այն եզրակացության, որ ներպետական դատարանների կողմից դիմումատու կազմակերպության՝ 10-րդ հոդվածով սահմանված իրավունքներին միջամտությունը հիմնավորելու նպատակով ներկայացված պատճառները «համապատասխան և բավարար» չեն եղել։ Դատարանը հաշվի է առնում Կոնվենցիայի համակարգի հիմնարար օժանդակ դերը (տե՛ս Դուբսկան և Կրեժովան ընդդեմ Չեխիայի Հանրապետության [ՄՊ] [Dubská and Krejzová v. the Czech Republic [GC]], թիվ 28859/11 և 28473/12, § 175, ՄԻԵԴ 2016)։ Իսկապես, եթե հավասարակշռություն հաստատելու նախաձեռնությունն ազգային իշխանությունների կողմից իրականացված լիներ Դատարանի նախադեպային իրավունքի նորմերում սահմանվածի համաձայն, ապա Դատարանից ծանրակշիռ հիմնավորումներ պետք է պահանջվեին իր տեսակետները դրանցով փոխարինելու համար (տե՛ս վերևում հիշատակված՝ Փերինչեքի գործը, § 198)։ Այնուամենայնիվ, ազգային մակարդակում հավասարակշռություն հաստատելու այդպիսի նախաձեռնության բացակայության դեպքում Դատարանի վրա դրված չէ համամասնության ամբողջական վերլուծություն իրականացնելու պարտավորությունը (տե՛ս վերևում հիշատակված՝ Մարգուլևի գործը, § 54)։ Առերեսվելով այն իրողությանը, որ ներպետական դատարանները չեն ներկայացրել համապատասխան և բավարար պատճառներ այդ միջամտությունը հիմնավորելու համար, Դատարանը գտնում է, որ չի կարելի ասել, որ կիրառվել են «Կոնվենցիայի 10-րդ հոդվածում ներառված սկզբունքներին համապատասխանող չափանիշներ», կամ որ «հիմնվել են համապատասխան փաստերի ընդունելի գնահատման վրա» (տե՛ս, հետագա հղումներով, վերևում հիշատակված՝ Տերենտևի գործը, § 24)։ Դատարանը եզրակացնում է, որ դիմումատու կազմակերպության՝ արտահայտվելու ազատության իրավունքին միջամտությունը «անհրաժեշտ չէր ժողովրդավարական հասարակությունում»։
46. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
47. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
Ա. Վնասը
48. Դիմումատու կազմակերպությունը պահանջել է ծախսերի և ծախքերի հանրագումարը, որը պարտավորվել էր վճարել 2010 թվականի դեկտեմբերի 27-ի վճռով, այն է`450 000 ՀՀ դրամ՝ որպես նյութական վնասի հատուցում (տե՛ս վերևում 17-րդ պարբերությունը)։ Դիմումատու կազմակերպությունն ընդունել է, որ վճռի այս մասը չի կատարվել, և իր կողմից չի վճարվել որևէ գումար, սակայն պնդել է, որ դեռևս ունի դա անելու իրավական պարտավորություն։ Այն չի պահանջել ոչ նյութական վնասի դիմաց որևէ հատուցում՝ նշելով, որ խախտման հայտնաբերումը կդիտարկվի որպես պատշաճ բավարարում։
49. Ինչ վերաբերում է նյութական վնասի դիմաց հատուցման պահանջին, Կառավարությունը նշել է, որ քաղաքապետարանը բաց է թողել կատարողական թերթիկի ներկայացման մեկամյա ժամկետը։ Հետևաբար տվյալ վճիռն այլևս կատարման ենթակա չէ։
50. Դատարանը նշում է, որ 2010 թվականի դեկտեմբերի 27-ի վճռով սահմանված՝ ծախսերի և ծախքերի գումարը չի վճարվել դիմումատու կազմակերպության կողմից, և հետևաբար այն մերժում է նյութական վնասի հատուցման պահանջը։ Ավելին, հաշվի առնելով այն փաստը, որ դիմումատու կազմակերպությունը ոչ նյութական վնասի որևէ հատուցում չի պահանջել, Դատարանը համարում է, որ նրան այդ մասով որևէ գումար շնորհելու անհրաժեշտություն նույնպես չկա:
Բ. Ծախսերը և ծախքերը
51. Դիմումատու կազմակերպությունն ընդհանուր առմամբ պահանջել է 3 003.52 ֆունտ ստերլինգ (ՄԲՖ)՝ իրավաբանական, վարչական և թարգմանության հետ կապված ծախսերի ու ծախքերի համար։
52. Կառավարությունը նշել է, որ պահանջը պատշաճ ձևով չի հիմնավորվել, և ենթադրյալ ծախսերի այդ մասն անհրաժեշտաբար չի կատարվել։
53. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի հատուցման իրավունք միայն այնքանով, որքանով ապացուցվել է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և որ դրանց չափը եղել է ողջամիտ: Այս գործում Դատարանը համարում է, որ դիմումատու կազմակերպությունը ցույց չի տվել, որ պահանջվող բոլոր ծախսերը կատարվել են անհրաժեշտությունից ելնելով և ողջամտորեն։ Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և վերը նշված չափորոշիչները՝ Դատարանը դիմումատու կազմակերպությանը շնորհում է 1 500 եվրո՝ որպես ծախսերի և ծախքերի հատուցում՝ գումարած դիմումատու կազմակերպությանը վճարվող գումարից գանձման ենթակա ցանկացած հարկ, որը վճարվելու է ՄԲՖ-ով՝ Միացյալ Թագավորությունում իր ներկայացուցիչների բանկային հաշվին։
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
54. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է գանգատն ընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում.
3. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում դիմումատու կազմակերպությանը պետք է վճարի 1 500 եվրո (հազար հինգ հարյուր եվրո)՝ որպես ծախսերի և ծախքերի փոխհատուցում՝ գումարած դիմումատու կազմակերպությանը վճարվող գումարից գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի ֆունտ ստերլինգի՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, և վճարվի Միացյալ Թագավորությունում դիմումատուի ներկայացուցիչների բանկային հաշվեհամարին.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, վերոնշյալ գումարների նկատմամբ պետք է հաշվարկվի պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
4. Մերժում է դիմումատու կազմակերպության՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2021 թվականի մայիսի 18-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Իլզե Ֆրայվիրտ Յոլիեն Շուկինգ Քարտուղարի տեղակալ Նախագահ
