ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2022 թվականի N 242-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1781-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ ու 57-րդ կետերի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի «Պետական սեփականություն հանդիսացող՝ Որոտանի հիդրոհանգույցի և Արփա-Սևան թունելի ջրային համակարգը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» N 1781-Ն որոշման N 2 հավելվածի առաջին պարբերության «բ» կետում «2021 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2022 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի (այսուհետ՝ ջրային կոմիտե) նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել՝
1) ջրային կոմիտեի և «Արփա-Սևան» բաց բաժնետիրական ընկերության միջև 2004 թվականի օգոստոսի 17-ին կնքված Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի ջրային համակարգը հավատարմագրային կառավարման հանձնելու N ԾՁԲ-04/36 պայմանագրում (այսուհետ՝ պայմանագիր) համապատասխան փոփոխությունների կատարումը՝ որոշման 1-ին կետում նշված ժամկետին համապատասխան.
2) կատարման ապահովման ժամկետի երկարաձգումը:
3. Պայմանագրում կատարված փոփոխության պայմանները տարածել մինչև դրա հիման վրա համաձայնագիր կնքելը կողմերի միջև 2022 թվականի հունվարի 1-ից փաստացի ծագած հարաբերությունների վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
03.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մարտի 2022 թվական: