ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 փետրվարի 2022 թվականի N 155-Ն
ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» պարբերությունը, «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման պաշտոնական հրապարակումից հետո 1 շաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների ցանկի հրապարակումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
4. Սույն տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքը, որը մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը ենթակա չի եղել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման և շրջանառության մեջ է դրվել մինչև սույն տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելը, թույլատրվում է շրջանառել վերջինիս պիտանիության ժամկետում՝ առանց համապատասխանության պարտադիր գնահատման մասին փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանի կիրառման։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
10.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշման |
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է ծխախոտահումք չպարունակող, էլեկտրոնային եղանակով աշխատող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ հանդիսացող արտադրանքի վրա։
2. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը տարածվում է 1-ին կետում նշված և Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2404 դասից ծխախոտահումք չպարունակող, լցանյութի գոլորշացմամբ և էլեկտրոնային եղանակով աշխատող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (այսուհետ՝ ՆՊԱ) վրա, որի միջոցով նիկոտինի և պրոպիլենգլիկոլի կամ գլիցերինի, առանձին դեպքերում նաև տարբեր համային կամ հոտային հավելումներ պարունակող լցանյութի գոլորշիացմամբ առաջացած աերոզոլը փոխանցվում է սպառողի օրգանիզմ։
3. Տեխնիկական կանոնակարգով սահմանվում են ՆՊԱ-ի անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց նույնականացմանը, արտադրմանը, մակնշմանը, փաթեթավորմանը, պահպանմանը և փոխադրմանը, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերին ներկայացվող պահանջները։
4. Սույն տեխնիկական կանոնակարգը մշակված է մարդու կյանքն ու առողջությունը, շրջակա միջավայրը պաշտպանելու, ինչպես նաև ՆՊԱ-ի նշանակության ու անվտանգության առումով սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները կանխելու նպատակով և տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ դրվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վրա:
5. Սույն տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող և ներքին սպառման համար շրջանառության մեջ դրված արտադրանքը հավաստվում է համապատասխանության գնահատմամբ՝ համապատասխանության հայտարարագրման եղանակով, բացառությամբ ՆՊԱ-ի նմուշների, որոնք ներմուծվում են Հայաստանի Հանրապետության տարածք․
1) ցուցահանդեսներին, տոնավաճառներին ու միջազգային հանդիպումներին ցուցադրության համար նախատեսված արտադրանքի, ինչպես նաև արտադրանքի նման ցուցադրության ընթացքում օգտագործման կամ ցուցահանդեսներին, տոնավաճառներին և միջազգային հանդիպումներին օգտագործման համար․
2) որպես հետազոտությունների ու փորձարկումների համար նախատեսված փորձանմուշներ ու նմուշներ՝ համապատասխանության գնահատման հավատարմագրված մարմնի հետ կնքված պայմանագրի կամ նամակի պատճենը տրամադրելու պայմանով, որը հաստատում է ներմուծվող (ներմուծված) արտադրանքի (ապրանքների)՝ այդ նպատակների համար անհրաժեշտ քանակը (քաշը և ծավալը), լաբորատորիաների, արտադրողների և (կամ) ներմուծողների (վաճառողների) կողմից և նախատեսված են որակի ու անվտանգության հսկողության, միջազգային ստանդարտներին համապատասխան չափումների, միջլաբորատոր համեմատական փորձարկումների անցկացման, չափման միջոցների տրամաչափարկման, համեմատական թեստերի, համտեսի (դեգուստացիայի) անցկացման, դիզայնի ուսումնասիրման նպատակով․
3) նախկինում օգտագործված (շահագործված) արտադրանքը.
4) եզակի օրինակներով (քանակներով) ներմուծվող (ներմուծված) արտադրանքը, որը նախատեսված է մեկ արտաքին առևտրային պայմանագրով՝ ներմուծողի կողմից բացառապես անձնական օգտագործման համար (այդ թվում՝ գիտահետազոտական կամ ներկայացուցչական նպատակների համար, որպես հուշանվերներ կամ գովազդային նյութեր)։
6. Սույն տեխնիկական կանոնակարգի կանոնակարգման օբյեկտ չի հանդիսանում հետևյալ արտադրանքը՝
1) ծխախոտային արտադրատեսակները, մասնավորապես՝ ծխախոտահումքից՝ ծխախոտային տերևից և (կամ) այլ մասերից ամբողջությամբ կամ մասնակիորեն պատրաստված արտադրանքը, որոնք պատրաստված են այնպես, որ օգտագործվեն ծխելու, ծծելու, ծամելու կամ քթով ներշնչելու համար․
2) դեղ հանդիսացող հեղուկները.
3) այն արտադրանքը, որն արտաքին առևտրային պայմանագրերի համաձայն արտահանվում է Հայաստանի Հանրապետության տարածքի սահմաններից դուրս․
4) բնական նիկոտին պարունակող պարենային արտադրանքը:
2. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. Սույն տեխնիկական կանոնակարգի կիրառման նպատակով օգտագործվում են հետևյալ հասկացությունները և դրանց սահմանումները՝
1) սպառողական փաթեթվածք՝ վերջնական սպառողին իրացվող արտադրանքի կամ վաճառքի համար նախատեսված փաթեթվածք.
2) պարկուճ (քարթրիջ)՝ նիկոտին մատակարարող համակարգի (այսուհետ՝ ՆՄՀ) բաղադրատարր, որն իրենից ներկայացնում է ՆՄՀ-ի համար արդյունաբերական եղանակով լցոնված հեղուկով տարողություն, և որը կարող է ներկառուցվել ՆՄՀ-ի մեջ.
3) բաղադրիչ՝ բաղադրատարր (բացառությամբ՝ խառնուրդի, հեղուկի, գելի, փոշու և այլնի), որն օգտագործվում է նիկոտին պարունակող արտադրանքի լցանյութի արտադրության մեջ և առկա է նիկոտին պարունակող պատրաստի արտադրանքում՝ ներառյալ փոփոխված ձևով․
4) աերոզոլ՝ գազային վիճակում գտնվող պինդ և (կամ) հեղուկ մասնիկների կախույթ՝ ներառյալ ծխախոտային գոլորշի, որը ստացվում է լցանյութից՝ ցանկացած եղանակով՝ բացառությամբ լցանյութի այրումից (ծխալուց).
5) տարողություն՝ ՆՊԱ-ի համար նախատեսված տարա, որն օգտագործվում է ՆՄՀ-ի լիցքավորման համար, չի հանդիսանում ՆՄՀ-ի բաղադրատարր և չի կարող տեղադրվել ՆՄՀ-ի մեջ.
6) լցանյութ՝ ՆՊԱ-ի հիմնական տարր (ներառյալ խառնուրդ, հեղուկ, գել, փոշի, հավելում, բուրավետիչ և այլն), որից և (կամ) որի միջոցով ՆՊԱ-ի շահագործման ընթացքում ձևավորվում է սպառողի կողմից ներքաշվող՝ նիկոտին կամ նիկոտինի աղեր պարունակող աերոզոլ.
7) նիկոտին պարունակող արտադրանք (այսուհետ՝ ՆՊԱ)՝ սպառողի կողմից ՆՄՀ-ի շահագործման ընթացքում առաջացող նիկոտին կամ նիկոտինի աղեր պարունակող աերոզոլ ներքաշելու միջոցով օգտագործման համար նախատեսված արտադրատեսակ.
8) նիկոտին մատակարարող համակարգ (ՆՄՀ)՝ ՆՊԱ-ի օգտագործման համար անհրաժեշտ սարք (ներառյալ էլեկտրոնային գոլորշիչ, էլեկտրոնային գոլորշու գեներատոր տաքացման համար սարք և այլն), որն անհրաժեշտ է լցանյութից սպառողի կողմից ներքաշվող աերոզոլ ստանալու համար (ՆՄՀ-ն կարող է կառուցվածքով միացված լինել ՆՊԱ-ի հետ).
9) հեղուկ ՆՄՀ-ի համար՝ ՆՊԱ-ի տեսակ, լուծույթ (հեղուկ կամ գել), որը ՆՄՀ-ի հետ ըստ նշանակության օգտագործման արդյունքում վերածվում է սպառողի կողմից ներքաշվող նիկոտին պարունակող աերոզոլի.
10) ՆՊԱ-ի շահագործում՝ սպառողի կողմից նիկոտին կամ նիկոտինի աղեր պարունակող աերոզոլի ներքաշում, որը ստացվում է ՆՊԱ-ի լցանյութից ՆՄՀ-ի միջոցով.
11) բուրավետիչ՝ համ և (կամ) բույր հաղորդելու համար նախատեսված հավելում.
12) վնասակար կամ հնարավոր վնասակար նյութեր՝ արտազատվող նյութեր, որոնք վնասում են կամ կարող են վնաս հասցնել մարդու առողջությանը.
13) արտազատվող նյութեր՝ քիմիական տարրեր կամ միացություններ, որոնք արտազատվում են արտադրանքի նպատակային օգտագործման ընթացքում՝ ներառյալ նիկոտին պարունակող աերոզոլում պարունակվող նյութեր, որոնք սպառողը ներքաշում է.
14) հավելում՝ ՆՊԱ-ի հիմնական լցանյութին ավելացվող ցանկացած հումք կամ նյութ.
15) մատակարար՝ ՆՊԱ-ի կամ ՆՄՀ-ի արտադրող (արտադրողի կողմից լիազորված անձը), ներկրող կամ վաճառող.
16) պիտանիության ժամկետ՝ ՆՊԱ-ի նպատակային օգտագործման համար նախատեսված ժամանակահատված, որի լրանալուց հետո ՆՊԱ-ն նպատակային օգտագործման համար այլևս պիտանի չէ:
3. ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴՈՒՐՍ ԲԵՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
8. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող ՆՊԱ-ն պետք է ուղեկցվի համապատասխանության հայտարարագրով, հայերեն մակնշմամբ և համապատասխանության ազգային նշանով:
9. Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա ՆՊԱ-ի շրջանառությունն առանց 8-րդ կետով սահմանված պահանջների։
10. Հայաստանի Հանրապետություն կարող է ներմուծվել, իրացվել և Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման նպատակով արտադրվել սույն տեխնիկական կանոնակարգին համապատասխանող ՆՊԱ-ն:
11. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտահանելու նպատակով արտադրվող ՆՊԱ-ները կարող են արտադրվել ներմուծող երկրի օրենսդրության պահանջներին համապատասխան:
4. ՆՊԱ-Ի ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
12. Սույն տեխնիկական կանոնակարգի կիրառման ոլորտին դասելու նպատակով ՆՊԱ-ի նույնականացումն իրականացնում են մատակարարը (արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը), ներմուծողը, ներմուծող-իրացնողը, վաճառողը), մաքսային մարմինը՝ մաքսային օրենսդրությամբ սահմանված պահանջների շրջանակում, սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը, համապատասխանության գնահատման մարմինը և օրենսդրությամբ նախատեսված անձինք՝ տեսողական՝ զննման, և գործիքային եղանակով։
13. ՆՊԱ-ի նույնականացման նպատակով, որպես արտադրանքի վերաբերյալ փաստաթուղթ, օգտագործվում են հետևյալ փաստաթղթերը՝ շահագործման հրահանգը, ուղեցույց ներդիր-թերթիկը, տեղեկատվական թերթիկը, պայմանագիրը, ապրանքաուղեկից փաստաթղթերը, համապատասխանության գնահատումը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև մատակարարի կողմից տրամադրված այլ փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում):
14. ՆՊԱ-ի տեսողական՝ զննման եղանակով նույնականացումն իրականացվում է ըստ դրա անվանման, բնութագրող հատկանիշների և կիրառման եղանակի՝ ՆՊԱ-ի արտաքին տեսքը սույն տեխնիկական կանոնակարգին համապատասխան սահմանման մեջ շարադրված հատկանիշների հետ համեմատելու եղանակով.
1) ըստ անվանման՝ ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի և ներդիր թերթիկի վրա զետեղված տեղեկատվության մեջ և (կամ) ուղեկցող փաստաթղթերում (մատակարարման մասին պայմանագրի բնօրինակներ (հաստատված պատճեններ), ապրանքին կից ներկայացվող փաստաթղթեր կամ ՆՊԱ-ի համապատասխանության հայտարարագիր) նշված ՆՊԱ-ի անվանումը՝ սույն տեխնիկական կանոնակարգին համապատասխան սահմանումների հետ համեմատելու եղանակով.
2) ըստ բաղադրիչների կազմի՝ զննվող արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա կամ փաստաթղթերում ՆՊԱ-ի մասին զետեղված տեղեկությունների ստուգման միջոցով.
3) ըստ կիրառման եղանակի՝ սպառողական փաթեթվածքի կամ շահագործման փաստաթղթերում նշման առկայության ստուգման միջոցով՝ նիկոտին պարունակող արտադրատեսակների (տեսակը, մակնիշը, մոդելը) կիրառման համար սարքի նշումը, որի հետ պետք է օգտագործվի ՆՊԱ-ն:
15. Տեսողական՝ զննման եղանակով նույնականացումն իրականացնելու անհնարինության դեպքում ՆՊԱ-ի նույնականացումը կարող է կատարվել նաև գործիքային եղանակով։
16. ՆՊԱ-ի գործիքային եղանակով նույնականացումը կատարվում է համաձայն հետևյալ նույնականացման ցուցանիշների՝
1) ՆՊԱ-ի օգտագործումից առաջացած աերոզոլում նիկոտինի պարունակության որոշում.
2) ՆՊԱ-ի հեղուկում նիկոտինի առավելագույն պարունակության որոշում.
3) ՆՊԱ-ի լցանյութում առկա տարրերի որոշում.
4) սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված՝ ՆՊԱ-ի արտադրության ժամանակ արգելված բաղադրիչների որոշում.
5) ՆՊԱ-ի օգտագործման ընթացքում այրման բացակայություն:
17. Նույնականացման արդյունք է համարվում նույնականացվող արտադրանքը ՆՊԱ-ի շարքին դասելը կամ չդասելը:
5. ՆՊԱ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Կախված լցանյութից տարբերակվում են ՆՊԱ-ի համակցված և ՆՄՀ-ի համար նախատեսված հեղուկների տեսակները։
18. ՆՊԱ-ն պետք է արտադրվի սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների, ՆՊԱ-ի համապատասխան արտադրատեսակների վերաբերյալ արտադրողի տեխնոլոգիական հրահանգների և բաղադրագրերի համաձայն:
19. ՆՊԱ-ն պետք է արտադրված լինի այնպես, որ համապատասխան լցանյութի նպատակային օգտագործումը հանգեցնի նիկոտին պարունակող աերոզոլի առաջացմանը:
20. ՆՄՀ-ի հեղուկների արտադրման գործընթացում օգտագործվում է N 1 աղյուսակով ներկայացված հետևյալ հումքը.
Աղյուսակ N 1
Արտադրանքի |
Ցուցանիշի անվանումը |
Նորմը |
ՆՄՀ հեղուկներ |
նիկոտին, նիկոտինի աղեր, %, ոչ պակաս |
98 |
գլիցերին՝ թորած, %, ոչ պակաս |
95 | |
պրոպիլենգլիկոլ, %, ոչ պակաս |
95 |
21. Թույլատրվում է արտադրությունում կիրառել միայն այն բաղադրիչները, որոնց օգտագործումն ապահովում են սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված ՆՄՀ-ի հեղուկի բնութագրերը:
22. Նիկոտին պարունակող հեղուկը չի կարող պարունակել հետևյալ հավելումները.
1) վիտամիններ կամ այլ հավելումներ, որոնք տպավորություն են ստեղծում, որ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչն առողջության համար օգտակար է կամ ներկայացնում է առողջության համար նվազեցված ռիսկեր.
2) կոֆեին կամ տաուրին կամ այլ հավելումներ և խթանիչ միացություններ. որոնք կապված են էներգիայի և կենսունակության հետ.
3) արտանետումների գունազարդման հատկություններ ունեցող հավելումներ.
4) հավելումներ, որոնք հեշտացնում են ինհալացիան կամ նիկոտինի կլանումը.
5) հավելումներ, որոնք ունեն քաղցկեղածին, մուտագեն կամ ռեպրոտոքսիկ (մարդու վերարտադրողական համակարգի վրա ազդող թունավոր նյութեր) հատկություններ չտաքացված վիճակում:
23. ՆՄՀ-ի հեղուկում նիկոտինի առավելագույն պարունակությունը չպետք է գերազանցի 20 մգ/գ-ը։
24. Սպառման համար նախատեսվող՝ միավոր պարկուճում (քարթրիջում) ՆՄՀ-ի հեղուկի ծավալը չի կարող գերազանցել 2 մլ։
25. Թույլատրվում է կիրառել միայն այնպիսի հավելումներ, որոնք պահպանում են սույն տեխնիկական կանոնակարգով ՆՊԱ-ի համար սահմանված բնութագրերը:
26. ՆՊԱ-ի արտադրության ընթացքում օգտագործվող հավելումները պետք է համապատասխանեն հավելումների համար Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
27. Արտադրողը պարտավոր է իրականացնել ռիսկերի գնահատում՝ օրենսդրությամբ և սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտներով սահմանված պահանջներին համապատասխան:
28. Ռիսկերի գնահատման ընթացքում հաշվի են առնվում հումքի հատկություններն ու մանրէաբանական, արտադրական գործընթացի և վերահսկման առանձնահատկությունները, փաթեթավորման պայմանները և շրջանառության ողջ շղթայում ՆՊԱ-ի կենսացիկլը:
29. Ռիսկերի գնահատման արդյունքներով որոշվում են պահպանման պայմանները և պիտանիության ժամկետը:
30. Պահպանման պայմանները կամ պիտանիության ժամկետը սահմանվում են արտադրողի կողմից՝ սեփական ուսումնասիրությունների հիման վրա:
31. ՆՄՀ-ն շահագործման ընթացքում պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված օրենսդրությամբ սահմանված պահանջներին։
32. ՆՊԱ-ի շահագործման ընթացքում նիկոտին պարունակող աերոզոլում արտազատվող ցանկացած նյութ պետք է համապատասխանի սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտներով սահմանված պահանջներին:
33. Նիկոտին պարունակող աերոզոլում նիկոտինի պարունակությունը հաշվարկվում է մգ-ով 100 սմ3 նիկոտին պարունակող աերոզոլում գազաքրոմատագրման եղանակով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտներով սահմանված պահանջներին համապատասխան:
34. ՆՊԱ-ի արտադրության ժամանակ արգելված բաղադրիչների ցանկը հետևյալն է.
1) նյութեր՝
ա. ագարինաթթու (Acidumagaricinicum),
բ. կեչու ձյութայուղ (Oleum Betulaeempyreumaticum),
գ. դառը նուշի յուղ (Oleum Amygdalarumamarum)՝ ազատ կամ կապված սինիլաթթվի պարունակությամբ,
դ. սասաֆրասի յուղ (Oleum Sassafratis),
ե. գիհու ձյութայուղ (Oleum Juniperi Empyreumaticum),
զ. կամֆորայի յուղ (Oleum Camphoratum),
է. կամֆորա,
ը. կումարին,
թ. կանճրակ,
ժ. կենսածառ` թույա,
ի. սաֆլոր,
լ. թուխոն.
2) այն նյութերը, որոնց շրջանառությունն արգելված է՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան.
3) բուրավետիչ և համային նյութեր, որոնք պատրաստված են՝
ա. դառը և քաղցր համով մորմի փայտե ցողունից (Stipites Dulcamarae), կամֆորայի ծառի փայտից (Lignum Camphorae),
բ. բազմոտիկ սովորական կոճղարմատից (Rhizoma Poiypodii),
գ. ճահճային դաղձի տերևներից (Herba Pulegii),
դ. կվասսիայի փայտից (Lignum Quassiae),
ե. օճառածառի կեղևից (Cortex Quillaja),
զ. տարկավանի խոտերից (Herba Tanaceti),
է. սատապի խոտերից (Herba Rutae),
ը. սասաֆրասի ցողուններից, տերևներից, կեղևից (Stipes, Folium, Cortex Sassafratis),
թ. դեղատու իշառվույտից (Millilotus offi cinalis),
ժ. տոնկա հատիկներից (Semen Toncae),
ի. հոտավետ լիատրիսից (Liatris odoratissima),
լ. գետնաստղից (Asperulaodorata):
6. ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
35. ՆՊԱ-ի փաթեթվածքը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված օրենսդրությամբ, ինչպես նաև սույն գլխով սահմանված պահանջներին։
36. ՆՊԱ-ի միավոր փաթեթվածքի և արտադրանքի սպառողական փաթեթվածքի համար օգտագործվում են՝
1) ստվարաթղթից պիտակներ.
2) ստվարաթղթե, թղթե և համակցված նյութերից տուփեր.
3) հարթ ստվարաթղթե ապրանքաման, որը սոսնձված է.
4) փաթեթավորման թուղթ.
5) պոլիմերային թաղանթ.
6) սպառողական պոլիմերային փաթեթավորում:
37. Սպառողական փաթեթավորման տեսանելի թերությունների ցանկը, ինչպես նաև այդպիսի թերությունների գնահատման մեթոդաբանությունը սահմանում է արտադրողը:
38. ՆՄՀ-ի լիցքավորման համար օգտագործվող տարողության ծավալը չի կարող գերազանցել 10 մլ-ը։
39. Արտադրողը պետք է ապահովի երեխաների կողմից պարկուճների (քարթրիջների) ու տարողությունների բացման անհնարինությունը՝ համաձայն ԳՕՍՏ ԻՍՕ 8317 միջպետական ստանդարտի պահանջների։
40. Միավոր փաթեթավորումը և արդյունաբերական եղանակով հեղուկով լցված ՆՄՀ-ն պետք է բացառեն հեղուկի արտահոսքը։
7. ՆՊԱ-Ի ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ, ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
41. Արտադրողը պարտավոր է ապահովել պարբերական ներքին հսկողության գործընթացի իրականացումը՝ արտադրության ողջ ընթացքում։
42. Արտադրողի արտադրական գործընթացները, փորձարկման արդյունքները և մշտադիտարկումը պետք է փաստաթղթավորվեն։
43. ՆՊԱ-ի կամ ՆՄՀ-ի կամ որևէ բաղադրիչի տարբեր արտադրողների դեպքում սույն գլխի պահանջները կիրառվում են յուրաքանչյուր արտադրողի համար առանձին՝ ապահովելով համակցված արտադրանքի սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանություն։
44. Արտադրողն ապահովում և պատասխանատվություն է կրում, որ ՆՄՀ-ի ցանկացած բաղադրիչի արտադրության համար անհրաժեշտ հումքի և նյութերի յուրաքանչյուր խմբաքանակը համապատասխանի ՆՄՀ-ի բաղադրիչի վերաբերյալ արտադրողի տեխնիկական պայմաններին:
45. Արտադրանքի համապատասխանությունը հավաստվում է ազգային օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ ներառելով երրորդ անձի կողմից (հումքի և նյութերի մատակարարի կողմից) տրամադրված համապատասխանության գնահատման փաստաթղթով՝ հումքի կամ նյութերի մատակարարի պարբերաբար իրականացված աուդիտի վերաբերյալ փաստաթղթերը, կամ նիկոտինի մատակարարման համակարգի համապատասխան բաղադրիչի արտադրողի կողմից հումքի և նյութերի յուրաքանչյուր խմբաքանակի փորձարկման արդյունքները:
46. ՆՊԱ-ի յուրաքանչյուր սպառողական փաթեթվածքը պետք է նույնականացում ունենա, որի միջոցով արտադրողը կարող է միանշանակ որոշել արտադրանքի խմբաքանակի հերթական համարը, արտադրման օրը և արտադրական օբյեկտը:
47. ՆՊԱ-ները փոխադրվում են ըստ փոխադրամիջոցի տվյալ տեսակի համար գործող ապրանքափոխադրման կանոնների:
48. Փոխադրամիջոցները պետք է լինեն ծածկված, չոր, մաքուր և զերծ լինեն կողմնակի հոտերից:
49. ՆՊԱ-ների պահպանման համար նախատեսված տարածքը պետք է լինի չոր, մաքուր և առանց կողմնակի հոտի:
50. Արգելվում է ՆՊԱ-ները պահել արագ փչացող ապրանքների և հոտավետ մթերքների հետ միևնույն տարածքում:
8. ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՓԱԹԵԹՎԱԾՔԻ ՄԱԿՆՇՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
51. ՆՄՀ-ի համար նախատեսված հեղուկների փաթեթվածքի վրա պետք է մակնշվի հետևյալ տեղեկատվությունը․
1) ՆՊԱ-ի կամ լցանյութի տեսակը (օրինակ՝ «Հեղուկ՝ նիկոտինի մատակարարման համակարգի համար» և այլն).
2) արտադրանքի անվանումը, այդ թվում՝ ապրանքային նշանը.
3) կտորների քանակը (չափաբաժին կամ միավոր (հատ).
4) արտադրողի և ներկրողի անվանումը, վերջիններիս գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն): Նշված տեղեկատվությունը կարող է տեղադրվել սպառողական փաթեթվածքի արտաքին կամ ներքին կողմի վրա՝ փաթեթվածքի տեսանելի հատվածում.
5) ՀՀ-ում գրանցված և սպառողների պահանջները ընդունելու համար արտադրողի կողմից լիազորված կազմակերպության անվանումը և հասցեն.
6) ՆՄՀ-ի համար հեղուկում նիկոտինի պարունակությունը (մգ/գ).
7) ՆՄՀ-ի համար հեղուկի ծավալը (մլ).
8) արտադրման ամիսը, տարին և պիտանիության ժամկետը.
9) անչափահասներին վաճառքի անթույլատրելիության մասին նշում.
10) ՆՄՀ-ի հեղուկների համար՝ նշում երեխաների համար անհասանելի վայրում պահելու անհրաժեշտության մասին՝ «Պահպանեք երեխաների համար անհասանելի տեղում» գրության տեսքով.
11) սարքի համար դրա անվանումը՝ ներառելով ՆՄՀ-ի կամ պարկուճի (քարթրիջի) հետ նպատակային օգտագործման և կիրառման ցուցումը.
12) նախազգուշացնող մակագրություն՝ «Պարունակում է նիկոտին, որը թունավոր է և կախվածություն է առաջացնում»։ Մակագրության տեքստը տպագրվում է սպիտակ ֆոնի վրա, սև, թավ, հստակ, հեշտ ընթեռնելի տառաչափով և Arial Armenian տառատեսակով: Տառատեսակի չափը պետք է ընտրված լինի այնպես, որպեսզի նախազգուշացման տեքստերը զբաղեցնեն դրանց համար նախատեսված մակերեսի հնարավոր առավելագույն մասը։ Սույն կետով նախատեսված տեղեկությունը ներկայացվում է 3-4 մմ3-ից ոչ պակաս հաստություն ունեցող սև շրջանակում: Շրջանակով սահմանափակված հատվածը՝ ներառյալ հենց շրջանակը, պետք է զբաղեցնի սպառողական փաթեթավորման հիմնական դիմային կողմի 30%-ից ոչ պակաս մակերեսը.
13) արտադրանքի օգտագործման և պահպանման հրահանգները.
14) հակացուցումները.
15) նախազգուշացումներ հատուկ ռիսկային խմբերի համար.
16) հնարավոր անբարենպաստ ազդեցությունները:
52. Սույն գլխով սահմանված՝ մակնշմանը վերաբերող տեղեկատվությունը զետեղվում է սպառողական փաթեթվածքի վրա կամ կարող է տեղադրվել սպառողական փաթեթվածքի մեջ, ներդիր տեղեկատվական թերթիկի միջոցով՝ ելնելով սպառողական փաթեթվածքի վրա մակնշմանը վերաբերող տեղեկատվության ամբողջական ծավալի զետեղման անհնարինությունից:
53. Մակնշմանը վերաբերող տեղեկատվությունը ներառում է արտադրանքի և դրա արտադրողի վերաբերյալ սպառողի համար հավաստի տեղեկատվություն՝ տեղեկությունները հավաստող փաստաթղթերի առկայության դեպքում:
54. Սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկատվությունը պետք է լինի հստակ և հեշտ ընթեռնելի՝ ապահովելով դրա կայունությունը պահեստավորման, փոխադրման և վաճառքի ժամանակ:
55. Չի թույլատրվում մոլորության մեջ գցող տերմինների՝ «Նիկոտինի ցածր պարունակություն», «Թեթև», «Շատ թեթև» («Գերթեթև»), «Փափուկ», «Յուրահատուկ», «Նվազ վտանգավոր» կամ ցանկացած այլ տերմինների օգտագործումը, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստում են տվյալ արտադրատեսակի անվտանգ լինելու մասին կարծիքի ձևավորմանը:
56. ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի վրա չի թույլատրվում զետեղել այն սարքերի անվանումը, ապրանքային նշանը կամ այլ տեղեկություններ, որոնք չեն օգտագործվել ՆՄՀ-ի գնահատման համար՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան։
57. Սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկատվությունը պետք է լինի հայոց լեզվով, իսկ արտադրողի ու լիցենզավորողի անվանումները և ՆՊԱ-ի անվանումը կամ ապրանքային նշանները կարող են ներկայացվել լատիներեն տառերով:
58. Արտադրանքի տրանսպորտային փաթեթավորման վրա պետք է լինի հետևյալ տեղեկատվությունը.
1) արտադրանքի տեսակը.
2) արտադրանքի անվանումը.
3) արտադրողի անվանումն ու հասցեն.
4) տրանսպորտային փաթեթավորման մեջ գտնվող սպառողական փաթեթավորման մեջ պարունակվող ՆՊԱ-ի ընդհանուր քանակը կամ ծավալը՝ հեղուկի դեպքում:
59. Տրանսպորտային փաթեթավորման վրա կարող է լինել լրացուցիչ այլ հավաստի տեղեկատվություն (անհրաժեշտության և փաստաթղթերի առկայության դեպքում):
60. Տրանսպորտային փաթեթավորումը պետք է ամուր փակված լինի այնպես, որ ապահովի փոխադրման և պահեստավորման ընթացքում արտադրանքի անվտանգությունը:
9. ՆՄՀ-Ի ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԸ
61. Ըստ օգտագործման եղանակի՝ ՆՄՀ-ն բաժանվում է հետևյալ խմբերի․
1) մեկանգամյա օգտագործման կամ փակ տիպի սարք՝ ներկառուցված պարկուճով (քարթրիջով) ՆՄՀ, առանց դրա օգտագործված քարթրիջի փոխարինման կամ կրկնակի լիցքավորման հնարավորության,
2) բազմակի օգտագործման կամ բաց տիպի սարք՝ օգտագործողի կողմից չափաբաժնային փաթեթվածքը (օրինակ՝ գլանակները կամ քարթրիջները) փոխելու կամ քարթրիջը հեղուկով նորից լցնելու հնարավորությամբ ՆՄՀ։
62. ՆՄՀ-ն կարող է ներառել հետևյալ բաղկացուցիչ մասերը՝ ատոմայզեր, չափաբաժնային փաթեթավորում ՆՄՀ-ի հեղուկով (պարկուճի (քարթրիջի) տեսքով և այլն), տարողություն ՆՄՀ-ի հեղուկի համար, էլեկտրական սնուցման աղբյուր, լիցքավորիչ, ծխափող, պատյան, հոսանքափոխարկիչ, լույսի ցուցիչ և այլ տարրեր:
63. Արտադրատեսակները պետք է օգտագործվեն միայն այն սարքերի հետ, որոնք նշված են իրենց սպառողական փաթեթավորման վրա և (կամ) դրանց շահագործման կանոնների մեջ։
10. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՆՊԱ-Ի ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
64. Սույն տեխնիկական կանոնակարգին ՆՊԱ-ի համապատասխանությունն ապահովվում է դրա անվտանգության պահանջների, տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների անվանացանկում ներառված ստանդարտների անմիջական կիրառմամբ և կատարմամբ:
65. ՆՊԱ-ների համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգին, փորձարկման մեթոդները և չափումները սահմանվում են սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտներով և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված օրենսդրությամբ սահմանված պահանջներով։
11. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
66. Մինչև Հայաստանի Հանրապետության շուկայում շրջանառության մեջ դրվելը՝ ներառյալ ներմուծելը, ՆՊԱ-ն ենթակա է համապատասխանության գնահատման՝ համապատասխանության հայտարարագրմամբ։
67. Սույն տեխնիկական կանոնակարգին ՆՊԱ-ի համապատասխանության գնահատումն իրականացվում է խմբաքանակի և սերիական արտադրության համար նախատեսված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ հաստատված հայտարարագրման համապատասխան ընթացակարգերից որևէ մեկի միջոցով:
68. ՆՊԱ-ի համապատասխանության հայտարարագրման ժամանակ հայտատուն՝
1) կազմում և վերլուծում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ՆՊԱ-ի համապատասխանությունը հավաստող փաստաթղթերը, այդ թվում՝
ա․ սպառողական փաթեթվածքի նմուշը,
բ. ներդիր թերթիկը,
գ. ՆՊԱ-ի նմուշների՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության փորձարկումների արձանագրությունը,
դ. մատակարարման մասին պայմանագիրը և ապրանքաուղեկից փաստաթղթերը,
ե․ որակի կառավարման համակարգի սերտիֆիկատը (սերտիֆիկատի պատճենը՝ համապատասխանության գնահատման ընթացակարգով սահմանված պահանջի դեպքում),
զ. հայտատուի ընտրությամբ այլ փաստաթղթեր, որոնք հիմք են ծառայել հաստատելու ՆՊԱ-ի համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչպես նաև վերջինիս վրա տարածվող մյուս տեխնիկական կանոնակարգերի պահանջներին (առկայության դեպքում),
է․ իրականացնում է ՆՊԱ-ի նույնականացումը՝ սույն տեխնիկական կանոնակարգի V գլխին համապատասխան,
ը․ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի որակի կառավարման համակարգի գործունեությունը լինի կայուն (անհրաժեշտության դեպքում),
թ․ ընդունում է համապատասխանության հայտարարագիրը, որը պետք է համապատասխանի օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան (Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2015 թվականի հունիսի 16-ի N 801-Ն հրամանով սահմանված պահանջներին), լրացվի հայերենով, էլեկտրոնային տպող սարքերի օգտագործմամբ՝ համապատասխանելով օրենսդրությամբ սահմանված պահանջներին և ձևաչափին,
ժ․ զետեղում է ՆՊԱ-ի սպառողական և փոխադրման տարաների վրա կամ ապրանքաուղեկից փաստաթղթերում համապատասխանության ազգային նշանը՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված կարգով.
2) համապատասխանության հավաստման ընթացակարգն ավարտվելուց հետո կազմում է փաստաթղթերի փաթեթ, որը ներառում է սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված փաստաթղթերը և համապատասխանության հայտարարագիրը։
12. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
69. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ՆՊԱ-ի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
10.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 փետրվարի 2022 թվական: