ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Գանգատ թիվ 20409/11
Արմեն ՄԱԹԵՎՈՍՅԱՆՆ
ընդդեմ Հայաստանի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), 2021 թվականի ապրիլի 13-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Անա Մարիա Գուերա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ,
և Իլզե Ֆրայվիրտ [Ilse Freiwirth]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով 2011 թվականի մարտի 23-ին ներկայացված վերոնշյալ գանգատը,
հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ (Կառավարություն) Ռուսաստանի Դաշնության դատարանների կողմից դիմումատուի նկատմամբ նշանակված պատիժը նրան՝ պատժի մնացած մասը կրելու համար Հայաստանին փոխանցելուց հետո Հայաստանի դատարանների կողմից համապատասխանեցնելու ձևի մասով բողոքի մասին ծանուցելու վերաբերյալ որոշումը և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու վերաբերյալ որոշումը,
հաշվի առնելով Պատասխանող կառավարության կողմից ներկայացված դիտարկումները և դիմումատուների կողմից ի պատասխան ներկայացված դիտարկումները,
անցկացնելով խորհրդակցություն, որոշեց հետևյալը.
ՓԱՍՏԵՐԸ
1. Դիմումատու պրն Արմեն Մաթևոսյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, որը ծնվել է 1978 թվականին և սույն գանգատը ներկայացնելու ժամանակահատվածում գտնվել է Վանաձորի քրեակատարողական հիմնարկում, որտեղ կրել է իր պատիժը։ Նրան Դատարանում ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Գ. Սիմոնյանը։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը:
3. Գործով փաստերը, ինչպես ներկայացրել են կողմերը, ամփոփ շարադրվում են ստորև:
4. 2005 թվականի սեպտեմբերի 19-ին դիմումատուն Ռուսաստանի Դաշնությունում Կրասնոդարի շրջանային դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել երեք անձանց սպանության, դիտավորությամբ մարմնական վնասվածք հասցնելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար: Նա դատապարտվել է քսան տարի ժամկետով ազատազրկման՝ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» և «գ» ենթակետերի (երկու կամ ավելի անձանց սպանություն և խոցելի վիճակում գտնվող անձի սպանություն) համաձայն, և վեց ամիս ժամկետով համայնքային ուղղիչ ծառայության՝ յուրաքանչյուր հանցանքի համար աշխատավարձի 20%-ի բռնագանձմամբ՝ համաձայն նույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին կետի (դիտավորությամբ մարմնական վնասվածք հասցնելը) և 139-րդ հոդվածի 1-ին կետի (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը)։ Այսպիսով, նշանակված պատիժների գումարման արդյունքում, դիմումատուի նկատմամբ կիրառվել է ազատազրկում՝ քսան տարի և չորս ամիս ժամկետով:
5. Չպարզված ամսաթվին Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությունը և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազը համաձայնության են եկել դիմումատուին՝ իր պատժի մնացած մասը կրելու համար Հայաստանին փոխանցելու վերաբերյալ։
6. 2008 թվականի սեպտեմբերի 9-ին Չելյաբինսկի շրջանային դատարանը կարգադրել է այդ նպատակով դիմումատուին փոխանցել Հայաստանին։
7. 2009 թվականի մարտի 6-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը դիմել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարան (Վարչական շրջանի դատարան)՝ պահանջելով ճանաչել 2005 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճիռը և դիմումատուի պատիժը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին՝ «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» Մոսկվայի կոնվենցիայի (Մոսկվայի կոնվենցիա) պահանջներին համապատասխան։
8. 2009 թվականի մայիսի 15-ին Վարչական շրջանի դատարանը բավարարել է դատախազի դիմումը։ Այդպիսով, այն գտել է, որ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» և «գ» ենթակետերով, 115-րդ հոդվածի 1-ին կետով և 139-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված հանցանքները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխանաբար 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն), 117-րդ հոդվածով (մարմնական վնասվածք հասցնելը) և 147-րդ հոդվածի 1-ին կետով (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) նախատեսված հանցանքներին։ Հղում կատարելով Քրեական դատավարության օրենսգրքի 499.8-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին և 499.9-րդ հոդվածի 1-ին կետին՝ Վարչական շրջանի դատարանը որոշել է թողնել 2005 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճռով նշանակված պատիժը, ինչպես նաև անփոփոխ թողնել պատիժը կրելու մեկնարկային ամսաթիվը՝ 2005 թվականի մայիսի 30-ը։
9. Դիմումատուն բողոքարկել է այդ որոշումը: Նա պնդել է, որ քսան տարի և չորս ամիս ժամկետով ազատազրկման ձևով սկզբնական պատժի պահպանումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եղել է անօրինական, քանի որ այն գերազանցել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված առավելագույն պատժաչափը։
10. 2009 թվականի հունիսի 29-ին Վերաքննիչ քրեական դատարանը (Վերաքննիչ դատարան) բեկանել է 2009 թվականի մայիսի 15-ի որոշումը և փոփոխել է այն։ Այն գտել է, որ Վարչական շրջանի դատարանը պատշաճ ձևով չի ճանաչել և կատարել Կրասնոդարի շրջանային դատարանի 2005 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճիռը։ Նրա կարծիքով Վարչական շրջանի դատարանը խախտել է Մոսկվայի կոնվենցիայի 12-րդ հոդվածը, որի համաձայն՝ ազատազրկման ձևով համապատասխանեցված պատժաչափը չի կարող գերազանցել վճիռը կատարող պետության օրենսդրությամբ սահմանված առավելագույն պատժաչափը, այն է՝ Հայաստանի օրենսդրությամբ սահմանված տասնհինգ տարին։ Կիրառելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված պատիժների գումարման միջոցով պատիժ նշանակելու կանոնները՝ Վերաքննիչ դատարանը համապատասխանեցրել է դիմումատուի նկատմամբ նշանակված պատիժը հետևյալ կերպ՝ տասնհինգ տարի ժամկետով ազատազրկում՝ նույն օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված հանցանքների կատարման համար, և տուգանքներ՝ 117-րդ հոդվածով (մարմնական վնասվածք հասցնելը) և 147-րդ հոդվածի 1-ին մասով (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) սահմանված հանցանքների կատարման համար։
11. Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պնդելով, inter alia (ի թիվս այլնի), որ տասնհինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտելը եղել է անօրինական, քանի որ Հայաստանի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նույնպես նախատեսվել է ցմահ ազատազրկում նշանակելու հնարավորությունը։
12. 2009 թվականի նոյեմբերի 26-ին Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի 2009 թվականի հունիսի 29-ի որոշումը և գործն ուղարկել է նոր քննության։ Այն նշել է, inter alia, որ Վարչական շրջանի դատարանը ստիպված է եղել որոշել միջազգային իրավունքի կիրառելի սկզբունքները, մասնավորապես այն, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության դատարանի կողմից դիմումատուի նկատմամբ նշանակված պատժաչափի կրճատումը կհամապատասխաներ Հայաստանի ստանձնած միջազգային իրավական պարտավորություններին։ Վճռաբեկ դատարանը նշել է, որ պետք է նաև որոշվի «Դատապարտյալների փոխանցման մասին» Եվրոպայի խորհրդի 1983 թվականի կոնվենցիայի (Ստրասբուրգի կոնվենցիա) կիրառելիությունը և Հայաստանի ու Ռուսաստանի միջև կնքված՝ դիմումատուի փոխանցման վերաբերյալ երկկողմ համաձայնագրի իրավական ուժը։
13. 2010 թվականի մայիսի 21-ին Վարչական շրջանի դատարանը հրապարակել է որոշում, որի համաձայն՝ դիմումատուի՝ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին կետով և 139-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պատիժը, որը համապատասխանել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածին և 147-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխանաբար, պետք է մնա նույնը, այն է՝ վեց ամիս ժամկետով համայնքային ուղղիչ ծառայություն՝ իր աշխատավարձի 20%-ի բռնագանձմամբ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» և «գ» ենթակետերով սահմանված հանցանքներին, որոնք Վարչական շրջանի դատարանը համապատասխանեցրել է Հայաստանի քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին, նշել է, որ սպանության դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում է տասնհինգ տարի ժամկետով ազատազրկում կամ ցմահ ազատազրկում։ Հղում կատարելով Ստրասբուրգի կոնվենցիայի 10-րդ հոդվածին՝ Վարչական շրջանի դատարանը նկատել է, որ վճիռը կատարող պետությունը չէր կարող խստացնել, իր բնույթով կամ տևողությամբ, դատապարտող պետությունում նշանակված պատիժը կամ գերազանցել վճիռը կատարող պետության օրենսդրությամբ սահմանված առավելագույն պատժաչափը: Չնայած Կրասնոդարի շրջանային դատարանը Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ հնարավորություն ուներ դիմումատուի նկատմամբ նշանակելու ցմահ ազատազրկում՝ այն որոշել էր նրան դատապարտել որոշակի ժամկետով ազատազրկման: Հետևաբար Վարչական շրջանի դատարանի կարծիքով՝ Հայաստանը, որպես վճիռը կատարող պետություն, իրավասու չի եղել փոխելու պատժի տեսակը և դիմումատուի նկատմամբ նշանակելու ցմահ ազատազրկում։ Ուստի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված պատիժը պետք է սահմանվեր տասնհինգ տարի ժամկետով ազատազրկման ձևով։ Կիրառելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված պատիժների գումարման միջոցով պատիժ նշանակելու կանոնները՝ Վարչական շրջանի դատարանը դիմումատուի համար վերջնական պատիժ է սահմանել տասնհինգ տարվա ազատազրկումը։
14. 2010 թվականի մայիսի 21-ի որոշման մեջ նշվում է, որ այն ենթակա է բողոքարկման դրա հրապարակման օրվանից տասը օրվա ընթացքում։
15. 2010 թվականի հունիսի 22-ին դատախազությունը բողոքարկել է այդ որոշումը՝ պնդելով, inter alia, որ Վարչական շրջանի դատարանի կողմից տասնհինգ տարվա ազատազրկման ձևով նշանակված պատիժը եղել է Ստրասբուրգի կոնվենցիայի 10-րդ հոդվածի պահանջների խախտում։
16. 2010 թվականի հունիսի 28-ին դիմումատուն Վերաքննիչ դատարան է ներկայացրել գրավոր փաստարկներ՝ պնդելով, inter alia, որ 2010 թվականի մայիսի 21-ի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը ներկայացվել է ուշացված։
17. 2010 թվականի հուլիսի 21-ին Վերաքննիչ դատարանը բեկանել և փոփոխել է 2010 թվականի մայիսի 21-ի որոշումը և կիրառելով գումարման միջոցով պատիժ նշանակելու կանոնները՝ դիմումատուի համար վերջնական պատիժ սահմանել է քսան տարվա ազատազրկումը։ Այդպիսով, այն եզրակացրել է, որ դիմումատուի նկատմամբ քսան տարվա ազատազրկում նշանակելը համապատասխանել է ինչպես ներպետական օրենսդրությանը, այնպես էլ Հայաստանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերին։ Այդ որոշման համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
«[Վարչական շրջանի դատարանը] ... տասնհինգ տարվա ազատազրկման ձևով վերջնական պատիժ է նշանակել, չնայած [Հայաստանի Հանրապետության]՝ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է նաև ցմահ ազատազրկում, ինչը նշանակում է, որ Կրասնոդարի շրջանային դատարանի կողմից նշանակված՝ դատապարտյալի քսան տարվա ազատազրկման պահպանումը որևէ կերպ չի վատթարացնում նրա վիճակը, և բացի այդ, դա է արդարադատության պահանջը։ Հետևաբար վերաքննիչ դատարանը գտնում է, որ ... ազատազրկման ժամկետը հինգ տարով նվազեցնելը եղել է [Հայաստանի Հանրապետության] քրեական դատավարության օրենսգրքի ... -ով սահմանված սկզբունքների խախտում, մինչդեռ վիճարկվող դատական ակտով խախտվել է արդարադատության բուն էությունը և սահմանադրորեն պաշտպանվող շահերի միջև հավասարակշռություն պահպանելու անհրաժեշտությունը:
Ուստի [Ստրասբուրգի կոնվենցիայի] 10-րդ հոդվածի համաձայն՝ կատարումը շարունակելու դեպքում Կատարող պետությունը պարտավոր է ղեկավարվել Դատապարտող պետության կողմից կայացված դատավճռի պատժամիջոցի իրավական բնույթով և տևողությամբ»:
18. Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել դիմումատուի՝ 2010 թվականի հունիսի 28-ի փաստարկներին։
19. Դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք՝ պնդելով, մասնավորապես, որ Վերաքննիչ դատարանը սխալվել է՝ համեմատելով որոշակի ժամկետով ազատազրկումը ցմահ ազատազրկման հետ, քանի որ, ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրության համաձայն, դրանք պատժի երկու տարբեր տեսակներ են։ Նա նաև նշել է, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել իր այն պնդումներին, որոնք վերաբերել են դատախազության կողմից 2010 թվականի մայիսի 21-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու ընթացակարգային ժամկետները չպահպանելուն։
20. 2010 թվականի սեպտեմբերի 17-ին Վճռաբեկ դատարանը դիմումատուի վճռաբեկ բողոքը հայտարարել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով։ Այդ որոշմանը դիմումատուն ծանոթացել է 2010 թվականի սեպտեմբերի 24-ին։
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
Ա. Համապատասխան ներպետական օրենսդրությունը
1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (տվյալ ժամանակահատվածում գործող)
21. 499.8 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսվում է, որ օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչում է Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանը՝ ընդդատությանը համապատասխան։
22. 499.9 հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչման վերաբերյալ որոշում կայացնելիս Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանները պարզում են, թե որքանով են պահպանված համապատասխան միջազգային պայմանագրով նախատեսված պայմանները։ Այդ պայմանների պահպանված լինելը, ինչպես նաև տվյալ միջազգային պայմանագրով դատավճռի ճանաչումը և կատարումը մերժելու հիմքերի բացակայությունը հիմք են օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու որոշում կայացնելու և ի կատար ածման ներկայացնելու համար։
2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը (տվյալ ժամանակահատվածում գործող)
23. 49-րդ հոդվածի համաձայն, որով թվարկվում են պատժի բոլոր տեսակները, ազատազրկումը որոշակի ժամկետով և ցմահ ազատազրկումը թվարկված են որպես պատժի տարբեր տեսակներ։
24. 66-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պատիժները գումարելու միջոցով պատժի նշանակման դեպքում ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել տասնհինգ տարին:
25. 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ երկու կամ ավելի անձանց սպանությունը պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
26. 117-րդ հոդվածի համաձայն՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը պատժվում է տուգանքով կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
27. 147-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն՝ մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելը պատժվում է տուգանքով կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
3. Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգիրքը (տվյալ ժամանակահատվածում գործող)
28. 105-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» և «գ» ենթակետերի համաձայն՝ երկու կամ ավելի անձանց սպանությունը, ինչպես նաև ակնհայտորեն խոցելի վիճակում գտնվող անձի սպանությունը պատժվում է ազատազրկմամբ՝ ութից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ կամ մահապատժով։
Բ. Համապատասխան միջազգային օրենսդրությունը
1. «Դատապարտյալների փոխանցման մասին» Եվրոպայի խորհրդի 1983 թվականի կոնվենցիա (ստորագրվել է 1983 թվականի մարտի 21-ին Ստրասբուրգում)
29. «Դատապարտյալների փոխանցման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի համապատասխան դրույթներն ունեն հետևյալ բովանդակությունը.
Հոդված 10. Դատավճռի կատարման շարունակությունը
1. Կատարումը շարունակելու դեպքում Կատարող պետությունը պարտավոր է ղեկավարվել Դատապարտող պետության կողմից կայացված դատավճռի պատժամիջոցի իրավական բնույթով և տևողությամբ:
2. Եթե, այնուամենայնիվ, պատժամիջոցի բնույթը և տևողությունը չեն համապատասխանում Կատարող պետության օրենսդրությանը, կամ եթե այդ է պահանջում վերջինիս օրենսդրությունը, ապա Կատարող պետությունը կարող է պատժամիջոցը դատական կամ վարչական որոշմամբ համապատասխանեցնել իր օրենսդրությամբ նման բնույթի հանցագործությունների համար նախատեսված պատժին կամ պատժամիջոցին։ Ինչ վերաբերում է պատժի կամ պատժամիջոցի բնույթին, այն պետք է հնարավորինս համապատասխանի կատարման ենթակա դատավճռով սահմանված պատժի կամ պատժամիջոցի բնույթին: Այն իր բնույթով կամ պատժի ժամկետով չի կարող խստացնել Դատապարտող պետության կողմից նշանակված պատժամիջոցը կամ գերազանցել Կատարող պետության օրենսդրությամբ սահմանված պատժի առավելագույն ժամկետը:
Հոդված 11. Դատավճռի փոխարկումը
1. Դատավճռի փոխարկման դեպքում կիրառվում են Կատարող պետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերը: Դատավճիռը փոխարկելիս իրավասու մարմինը՝
ա. պետք է հաշվի առնի Դատապարտող պետության կողմից կայացված դատավճռում որոշակիորեն արտահայտված կամ պարզ չարտահայտված փաստերի հաստատումը,
բ. չի կարող ազատազրկման հետ կապված պատժամիջոցը փոխարինել դրամական տուգանքով,
գ. պետք է հաշվարկի դատապարտյալի կրած ազատազրկման ամբողջ ժամանակահատվածը, և
դ. չպետք է խստացնի դատապարտյալի քրեաիրավական վիճակը, ինչպես նաև չի կարող հաշվի առնել Կատարող պետության օրենսդրությամբ տվյալ հանցագործության կամ հանցագործությունների համար նախատեսված նվազագույն պատիժը:
...»
2. «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» կոնվենցիա (ստորագրվել է 1998 թվականի մարտի 6-ին Հայաստանի և Անկախ պետությունների համագործակցության երկրների մյուս անդամ պետությունների միջև)
30. Կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն՝ վճռի կատարման պետությունն ապահովում է պատժի կրման շարունակությունն իր օրենսդրությանը համապատասխան` չվատթարացնելով դատապարտյալի վիճակը: Նույն դրույթի համաձայն, եթե վճռի կատարման պետության օրենսդրությամբ տվյալ արարքի համար ազատազրկման առավելագույն պատժաչափը պակաս է, քան նշանակվել է վճռով, ապա դատարանը սահմանում է ազատազրկման առավելագույն պատժաչափը, որը նախատեսված է այդ պետության օրենսդրությամբ:
ԲՈՂՈՔՆԵՐԸ
31. Դիմումատուն Կոնվենցիայի 7-րդ հոդվածով բողոք է ներկայացրել առ այն, որ Քրեական վերաքննիչ դատարանի 2010 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ նշանակված քսան տարվա ազատազրկման դատապարտումը եղել է այն հանցանքների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված առավելագույն պատժի խախտում, որոնց համար նա դատապարտվել է Ռուսաստանում։
32. Միաժամանակ, նա Կոնվենցիայի 6-րդ հոդվածով և Թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածով բողոք է ներկայացրել առ այն, որ Վարչական շրջանի դատարանի 2010 թվականի մայիսի 21-ի որոշումը բեկանվել է դատախազության կողմից բողոքն ուշացումով ներկայացնելու հիմքով, ինչի արդյունքում իր գործում խախտվել է ne bis in idem (նույն արարքի համար կրկին չդատվելու) սկզբունքը։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
33. Դիմումատուն բողոքել է, որ Վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ նշանակված քսան տարի ժամկետով ազատազրկման ձևով ընդհանուր պատիժը եղել է Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում, որի համապատասխան դրույթը շարադրված է հետևյալ բովանդակությամբ.
«1. Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը, կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել: Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին»:
34. Դիմումատուն այնուհետև բողոքել է, որ Վարչական շրջանի դատարանի 2010 թվականի մայիսի 21-ի որոշման բեկանումը և Վերաքննիչ քրեական դատարանի կողմից 2010 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ նշանակված քսան տարվա ազատազրկումը եղել են իրավական որոշակիության և ne bis in idem սկզբունքների խախտում։ Նա հիմնվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և Թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի վրա, որոնց համապատասխան մասերը շարադրված են հետևյալ բովանդակությամբ.
Հոդված 6
«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են ... նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից .... արդարացի ... դատաքննության իրավունք...»
Թիվ 7 արձանագրության 4-րդ հոդված
«1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան։
...»
35. Ինչ վերաբերում է դիմումատուի առաջին բողոքին, Կառավարությունը պնդել է, որ 7-րդ հոդվածը չի կիրառվել։ Նրանք պնդել են, որ Հայաստանի Հանրապետության դատարանների որոշումները Կրասնոդարի շրջանային դատարանի վճռի ճանաչմանը և կատարմանը վերաբերող վարույթի շրջանակում չէին կարող 7-րդ հոդվածի իմաստով դիտարկվել որպես «պատիժ»։ Հայաստանի Հանրապետության դատարանների որոշումները չեն հետևել դիմումատուի դատապարտմանը, այլ պարզապես առնչվել են Ռուսաստանի դատարանի կողմից արդեն իսկ նշանակված պատժի կատարմանը: Հայաստանում իրականացված վարույթը վերաբերել է օտարերկրյա պետության դատարանի դատավճռի շարունակական կատարմանը, այլ ոչ դիմումատուի՝ դրա կողմից նշանակված պատժի փոխարկմանը։
36. Դիմումատուն այս առնչությամբ որևէ փաստարկ չի ներկայացրել։
37. Դատարանը կրկին նշում է, որ 7-րդ հոդվածում «պատիժ» հասկացությունը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի՝ «քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները» և «քրեական մեղադրանք» հասկացությունների նման այս շրջանակում առանձին նշանակություն ունի։ 7-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ նախադասության մեջ նշվում է, որ պատժի առկայության ցանկացած գնահատման մեկնարկային կետն այն է, թե արդյոք տվյալ պատժամիջոցը նշանակվել է «քրեական հանցագործության կատարման համար» մեղավոր ճանաչվելուց հետո։ Մյուս գործոնները, որոնք կարող են հաշվի առնվել այս առնչությամբ, պատժամիջոցի բնույթն ու նպատակն են, ազգային օրենսդրության համաձայն՝ դրա բնութագիրը, պատժամիջոցի նշանակման և կատարման մեջ ներառված ընթացակարգերը, ինչպես նաև դրա խստությունը (տե՛ս Ուելչն ընդդեմ Միացյալ Թագավորության [Welch v. the United Kingdom], 1995 թվականի փետրվարի 9, §§ 27-28, շարք Ա, թիվ 307‑Ա. Դել Ռիո Պրադան ընդդեմ Իսպանիայի [ՄՊ] [Del Río Prada v. Spain [GC]], թիվ 42750/09, §§ 81-82)։
38. Դատարանի կայացրած նախադեպային իրավունքում տարբերակում է կատարվում ըստ էության «պատիժ» նշանակող միջոցի և «պատժի» «կատարմանը» վերաբերող միջոցի միջև. 7-րդ հոդվածը կիրառվում է միայն առաջինի նկատմամբ (տե՛ս Կաֆկարիսն ընդդեմ Կիպրոսի [ՄՊ] [ Kafkaris v. Cyprus [GC]], թիվ 21906/04, § 142, ՄԻԵԴ 2008. վերևում հիշատակված՝ Դել Ռիո Պրադայի գործը, § 83 և դրանում ընդգրկված հղումները)։ Այնուամենայնիվ, Դատարանը նաև ընդունել է այն փատը, որ «պատիժ» նշանակող միջոցի և «պատժի» «կատարմանը» վերաբերող միջոցի միջև տարբերակումը գործնականում չի կարող միշտ հստակ լինել (տե՛ս վերևում հիշատակված՝ Կաֆկարիսի գործը, § 142. Դել Ռիո Պրադայի գործը, § 85)։
39. Սույն համատեքստում Դատարանը նախկինում նշել է, որ այնպիսի գործերում, որտեղ պատասխանող կողմը Դատապարտող պետությունն է, Կոնվենցիայի 7-րդ հոդվածը կիրառելի չէ Դատապարտող պետությունում փոխանցման մասին որոշումների նկատմամբ (տե՛ս, օրինակ, Չոսանսկին ընդդեմ Շվեդիայի (որոշում) [Csoszánszki v. Sweden (dec.)], թիվ 22318/02, 2006 թվականի հունիսի 27 և Սաբոն ընդդեմ Շվեդիայի (որոշում) [Szabó v. Sweden (dec.)], թիվ 28578/03, 2006 թվականի հունիսի 27)։ Նույն կերպ, երբ դիմումատուն իր բողոքներն ուղղում է Կատարող պետության դեմ, Դատարանը նշել է, որ այն պետության իշխանությունների կողմից կայացված փոխանցման մասին որոշումները, որին փոխանցվել է դիմումատուն՝ պատիժը կրելու համար, 7-րդ հոդվածի իմաստով չեն համարվում «պատիժ» (տե՛ս Ցիոկն ընդդեմ Լեհաստանի (որոշում) [Ciok v. Poland (dec.)]), թիվ 498/10, 2012 թվականի հոկտեմբերի 23 և Մյուլերն ընդդեմ Չեխիայի Հանրապետության (որոշում) [Müller v. Czech Republic (dec.)], թիվ 48058/09, 2011 թվականի սեպտեմբերի 6):
40. Անդրադառնալով սույն գործին՝ Դատարանը նկատում է, որ դիմումատուն Ռուսաստանում դատվել և դատապարտվել է ընդհանուր առմամբ քսան տարի և չորս ամիս ժամկետով ազատազրկման (տե՛ս վերևում 4-րդ պարբերությունը)։ Հայաստանի Հանրապետության դատարանները միայն վավերացրել են Ռուսաստանի Դաշնության կողմից կայացված դատավճիռը և որոշել են, որ պատժի կրումը կարող է կատարվել Հայաստանում։ Այսինքն՝ Ստրասբուրգի կոնվենցիայի 10-րդ հոդվածով սահմանված՝ շարունակական կատարման կարգին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության դատարանները, պարտավորված լինելով Դատապարտող պետության դատարանի կողմից որոշված պատժի իրավական բնույթով և տևողությամբ, դիմումատուի պատիժը համապատասխանեցրել են նույն հանցանքների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատժին։ Մասնավորապես Ռուսաստանի Դաշնության դատարանի կողմից դիմումատուի նկատմամբ նշանակված պատիժը ո՛չ փոփոխվել է, ո՛չ էլ խստացվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան հանցանքների քրեաիրավական որակավորման արդյունքում։ Պատիժն ինքնին մնացել է նույնը, այն է՝ ազատազրկում՝ սահմանված ժամկետով։ Ավելին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատժի նշանակման կանոնների կիրառման արդյունքում դիմումատուի պատիժը կրճատվել է չորս ամսով (տե՛ս վերևում 17-րդ պարբերությունը)։
41. Դատարանն իր նախադեպային իրավունքի լույսի ներքո եզրակացնում է, որ Ռուսաստանի Դաշնության դատարանի վճռի ճանաչմանը և կատարմանը վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության դատարանների որոշումները վերաբերել են Ռուսաստանում դիմումատուի նկատմամբ նշանակված պատժի կատարմանը և հետևաբար չէին կարող Կոնվենցիայի 7-րդ հոդվածի իմաստով դիտարկվել որպես «պատիժ»։ Հետևաբար 7-րդ հոդվածը սույն գործում կիրառելի չէ։
42. Ինչ վերաբերում է դիմումատուի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով ներկայացված բողոքին առ այն, որ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Վարչական շրջանի դատարանի 2010 թվական մայիսի 21-ի որոշումն այն հիմքով, որ դատախազությունը բողոքը ներկայացրել է ներպետական օրենսդրությամբ սահմանված ժամկետների խախտմամբ, Դատարանը կրկին նշում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի կիրառվում պատժի կատարմանն առնչվող վարույթի նկատմամբ (տե՛ս Մոնկորնե դե Կոմոնն ընդդեմ Ֆրանսիայի (որոշում) [Montcornet de Caumont v. France (dec.)], թիվ 59290/00, 2003 թվականի մայիսի 13)։ Դատարանն այս դիրքորոշումը հաստատել է նաև փոխանցման գործերով վարույթների համատեքստում (տե՛ս վերևում հիշատակված՝ Սաբոյի գործը)։ Հաշվի առնելով իր՝ Հայաստանի Հանրապետության դատարաններում՝ Ռուսաստանի Դաշնության դատարանի կողմից դիմումատուի նկատմամբ նշանակված պատժի ճանաչմանը և կատարմանն առնչվող վարույթի նկատմամբ 7-րդ հոդվածի կիրառելիության հետ կապված վերոնշյալ եզրահանգումը՝ Դատարանը եզրակացնում է, որ այդ վարույթը գտնվում է 6-րդ հոդվածի քրեական հայեցակետից դուրս։
43. Ի վերջո, դիմումատուն Թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածով բողոք է ներկայացրել առ այն, որ իր գործում խախտվել է ne bis in idem սկզբունքն այն հիմքով, որ Վերաքննիչ դատարանը բեկանել է Վարչական շրջանի 2010 թվականի մայիսի 21-ի որոշումը, որն արդեն վերջնական էր դարձել։ Դատարանը նշում է, որ Թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի նպատակն է արգելել վերջնական որոշմամբ ավարտված քրեական վարույթի կրկնությունը (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Գրադինգերն ընդդեմ Ավստրիայի [Gradinger v. Austria], 1995 թվականի հոկտեմբերի 23, շարք Ա, թիվ 328-Գ)։ Դատարանը նաև նշում է, որ դատաքննության կամ պատժի կրկնվող մասն առանցքային նշանակություն ունի Թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածով կարգավորվող իրավական խնդրի համար (տե՛ս Նիկիտինն ընդդեմ Ռուսաստանի [Nikitin v. Russia], թիվ 50178/99, § 35, ՄԻԵԴ 2004-VIII)։ Հաշվի առնելով իր վերոնշյալ եզրահանգումն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության դատարաններում իրականացված վարույթը չի ներառել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով դիմումատուի նկատմամբ «քրեական մեղադրանքի» որոշում, Դատարանը հետևաբար գտնում է, որ Թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածը կիրառելի չէ գործի նկատմամբ (տե՛ս, mutatis mutandis, Սերաժինն ընդդեմ Խորվաթիայի (որոշում) [Seražin v. Croatia] (dec.), թիվ 19120/15, § 91, 2018 թվականի հոկտեմբերի 9)։
44. Հետևաբար սույն գործով բերված բողոքները ratione materiae (առարկայական իրավազորության առումով) անհամատեղելի են Կոնվենցիայի դրույթների հետ՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, և պետք է մերժվեն՝ 35-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան։
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Հայտարարում է գանգատն անընդունելի:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2021 թվականի մայիսի 20-ին։
Իլզե Ֆրայվիրտ Յոլիեն Շուկինգ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ Նախագահ
