«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 մայիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(որոշումը խմբ. 25.04.19 N 506-Ն)
28 ապրիլի 2005 թվականի N 562-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 25.04.19 N 506-Ն)
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ գլխի 6-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական գույքի էլեկտրոնային հաշվառման և գրանցամատյանի վարման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Պետական կառավարման համակարգի մարմինների (այսուհետ՝ պետական մարմիններ) ղեկավարներին՝ սույն որոշմամբ հաստատված կարգով ապահովել հաշվառման ենթակա գույքի մասին տվյալների մուտքագրման անընդհատությունը և գրանցամատյանում պարունակվող տվյալների համադրելիությունը հաշվառման ու վերահսկման այլ տեղեկատվական համակարգերի տվյալների հետ։
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին ապահովել սույն որոշմամբ հաստատված կարգով սահմանված տեղեկատվության մուտքագրումը համակարգում այն պետական ոչ առևտրային կազմակերպությունների և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների վերաբերյալ, որոնց հիմնադրի, ինչպես նաև լիազորված պետական մարմնի լիազորությունները, որպես պատվիրակված լիազորություն, վերապահվել են Երևանի քաղաքապետին:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աշխատակազմի, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի ու Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ղեկավարներին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված կարգով սահմանված տեղեկատվության մուտքագրումը համակարգում։
(4-րդ կետը փոփ. 24.03.22 N 357-Ն)
5. Պետական մարմինների ղեկավարներին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում էլեկտրոնային համակարգի միջոցով գույքի հաշվառման գործընթացն իրականացնելու նպատակով մարմնի աշխատակազմում նշանակել համակարգից օգտվող պատասխանատու անձ և սույն որոշման 6-րդ կետով նախատեսվող դասընթացներին մասնակցելու համար ներկայացնել պատասխանատու անձի թեկնածությունը։ Համակարգից օգտվող պատասխանատու անձը տվյալ պետական մարմնում գույքի բնութագրիչների և տեղեկատվությունների փոփոխության, ինչպես նաև նոր գույքի ավելացման կամ գրանցամատյանում ներառված որևէ գույքի դուրսգրման դեպքում, այդ փոփոխությունները համապատասխան համակարգչային տերմինալների միջոցով տեղադրում է համակարգ։
6. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն կետն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում պետական մարմինների և Երևանի քաղաքապետարանի կողմից սույն որոշման 5-րդ կետով առաջարկված ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպել դասընթացներ՝ էլեկտրոնային համակարգի միջոցով գույքի հաշվառման գործընթացն իրականացնելու թեմայով։
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են պետական գույքի էլեկտրոնային հաշվառման և գրանցամատյանի վարման հետ կապված հարաբերությունները։
2. Պետական գույքի էլեկտրոնային հաշվառում է համարվում պետական գույքի գտնվելու վայրի վիճակի և չափերի, նպատակային նշանակության, արժեքի, ինչպես նաև օգտագործողների և օգտագործման ձևերի մասին տեղեկությունները պետական գույքի էլեկտրոնային հաշվառման գրանցամատյանում գրանցելը։
3. Պետական էլեկտրոնային հաշվառման տարրեր են հանդիսանում սեփականության իրավունքով պետությանը պատկանող շարժական (բացառությամբ դրամական միջոցների) և անշարժ գույքը (բացառությամբ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու չկառուցապատված հողի), այդ թվում՝ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհները, արհեստական կառույցները, ճանապարհային կահավորանքն ու ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունները, պետական մարմիններին, պետական մասնակցությամբ առևտրային և պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այդ թվում` որոնց հիմնադրի, ինչպես նաև լիազորված պետական մարմնի լիազորությունները փոխանցվել են Երևանի քաղաքապետին) ամրացված գույքը, ինչպես նաև պետական մարմինների հաշվեկշռում հաշվառված մտավոր սեփականության օբյեկտները, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը, իրավաբանական անձանց (այդ թվում` որոնց հիմնադրի, ինչպես նաև լիազորված պետական մարմնի լիազորությունները, որպես պատվիրակված լիազորություն, փոխանցվել են Երևանի քաղաքապետին) կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը (բաժնետոմսերը), այլ պետություններում գտնվող (այդ թվում` դիվանագիտական առաքելությունների համար օգտագործվող)` Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը:
4. Սույն կարգով էլեկտրոնային հաշվառման ենթակա չէ այն պետական գույքը, որի մասին տեղեկությունները պետական գաղտնիք են:
5. Պետական գույքի էլեկտրոնային հաշվառման գրանցամատյանն ավտոմատացված ու ինտեգրացված տեղեկատվական համակարգ է, որը ներառում է հաշվառման ենթակա գույքի մասին միասնական թվայնացված տեղեկատվություն: Գրանցամատյանը համակցված է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման էլեկտրոնային համակարգի, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի և տրանսպորտային միջոցների հաշվառման էլեկտրոնային ռեգիստրի էլեկտրոնային համակարգի հետ: Ընդ որում, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն և 2017 թվականի փետրվարի 16-ի N 192-Ն որոշումների՝ պետական կառավարման համակարգի մարմինների (այսուհետ՝ պետական մարմիններ) միջև «Փոխգործելիության» հարթակի շրջանակներում հասանելիությունն ապահովվում է բացառապես «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության միջոցով։
6. Գրանցամատյանում ներառվում են սույն կարգի 3-րդ կետով սահմանված գույքի հետևյալ բնութագրիչները և տեղեկատվությունը՝
1) անշարժ գույքի դեպքում՝
ա. անվանումը և տեսակը (շենք (առանձին կանգնած կամ ստորաբաժանված), շինություն, շենքի բացվածք (տարածք) կամ անավարտ շինություն),
գտնվելու վայրը, հասցեն (մարզը, համայնքը, քաղաքը, գյուղը),
գոտիականությունը,
ավարտվածության աստիճանը (մինչև 50%, 50%-ից մինչև 100%, 100%),
շենքի, շինության շահագործման հանձնման տարեթիվը,
անշարժ գույքի նշանակությունը (արտադրական, հասարակական, բնակելի և այլն),
շենքի, շինության շինանյութի տեսակը (քար, երկաթբետոնյա կոնստրուկցիաներ, թեթևացված քար և այլն),
շենքի, շինության հարկայնությունը,
ընդհանուր մակերեսը (քառ. մետր),
անշարժ գույքի սպասարկման համար հատկացված հողամասի մակերեսը (հա) և ընդհանուր կադաստրային արժեքը (հազ. դրամ),
անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի համարը,
անշարժ գույքի հաշվեկշիռ ընդունելու տարեթիվը,
անշարժ գույքի արժեքը (հազ. դրամ),
անշարժ գույքի վթարայնության աստիճանը,
ընդհանուր օգտագործման տարածքի նկատմամբ բաժնային մասը և սպասարկման համար հատկացված հողամասի նկատմամբ բաժնային մասը (քառ. մետր, հա),
անշարժ գույքի ծանրաբեռնված լինելը (վարձակալություն, սերվիտուտ, գրավ և այլն),
բ. անշարժ գույքի օգտագործող սուբյեկտները, որոնց իրավունքներով ծանրաբեռնված է գույքը և կազմակերպական-իրավական ձևը (պետական մարմին, պետական ոչ առևտրային կազմակերպություն, փակ բաժնետիրական ընկերություն, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն և այլ իրավունքներ),
օգտագործման տրամադրման հիմքերը,
օգտագործման տրամադրված շենքի, շինության, տարածքի, հողամասի մակերեսը (քառ. մետր, հա),
օգտագործման պայմանագրի կնքման ամսաթիվը,
օգտագործման պայմանագրի գործողության ժամկետները,
օգտագործման իրավունքի պետական գրանցման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի համարը,
օգտագործողի կողմից փաստացի չօգտագործվող տարածքների մակերեսները (քառ. մետր),
օգտագործողի աշխատողների ցուցակային թիվը,
օգտագործողի ղեկավար աշխատողների թիվը,
օգտագործողի պետական պատվերի հիման վրա սովորողների թիվը,
օգտագործողի վճարովի հիմունքներով սովորողների թիվը,
գ. անշարժ գույքի միավորի (կամ միավորի առանձին մասի բնութագրիչների հաշվառման դեպքում) արտաքին և ներքին պատկերային տեղեկատվությունները.
2) միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների, արհեստական կառույցների, ճանապարհային կահավորանքի ու ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունների դեպքում՝
ա. ճանապարհի անվանումը,
բ. նշանակությունը (միջպետական, հանրապետական և մարզային նշանակության),
գ. պայմանանիշը և համարը,
դ. երկարությունը (կիլոմետր),
ե. շահագործման հանձնելու տարեթիվը,
զ. հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ),
է. ճանապարհի վրա գտնվող արհեստական կառույցների, ճանապարհային կահավորանքի, ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունների թիվը,
ը. ճանապարհի և դրա վրա գտնվող արհեստական կառույցների, ճանապարհային կահավորանքի, ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունների տեխնիկական վիճակը,
թ. ճանապարհների նկատմամբ իրավունքի պետական գրանցման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, ճանապարհների նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի համարը,
ժ. հաշվեկշիռ ընդունելու տարեթիվը.
3) պետական բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող իրավաբանական անձանց դեպքում՝
ա. իրավաբանական անձի անվանումը,
բ. կանոնադրական կապիտալի մեծությունը,
գ. բաժնետոմսերի տեսակը,
դ. բաժնետոմսերի քանակը,
ե. մեկ բաժնետոմսի անվանական արժեքը,
զ. պետական մասնակցության չափը (հազ. դրամ, %),
է. գտնվելու վայրը, հեռախոսահամարը և փոստային հասցեն.
4) տրանսպորտային միջոցների դեպքում՝
ա. տրանսպորտային միջոցի անվանումը և մակնիշը,
բ. գույնը,
գ. թողարկման տարեթիվը,
դ. պետհամարանիշը և նույնացման համարը,
ե. տրանսպորտային միջոցի արժեքը (հազ. դրամ),
զ. շահագործման տարեթիվը.
5) մտավոր սեփականության օբյեկտների դեպքում՝
ա. մտավոր գործունեության արդյունքներ՝ հեղինակային իրավունք, հարակից իրավունքներ, արդյունաբերական սեփականության իրավունք (գյուտ, օգտակար մոդել, արդյունաբերական նմուշ), սելեկցիոն նվաճումներ, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաներ, չբացահայտված տեղեկատվություն` ներառյալ արտադրության գաղտնիքներ,
բ. քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցներ՝ ֆիրմային անվանումներ, ապրանքային նշաններ (սպասարկման նշաններ), աշխարհագրական նշումներ և արտադրանքի ծագման տեղանուններ,
գ. մտավոր սեփականության օբյեկտների այլ տեսակներ։
7. Համակարգը կառավարվում է ընդհանուր սերվերից համակարգի ադմինիստրատորի և պատասխանատու օպերատորների կողմից։ Ընդ որում, համակարգի ադմինիստրատորը պատասխանատու է համակարգի շահագործման համար, իրականացնում է համակարգի վերահսկումը, ապահովում է համակարգի անխափան և անվտանգ աշխատանքը, իսկ պատասխանատու օպերատորը վարում է տվյալների բազան, մշակում է համակարգում առկա տեղեկատվությունը, վերահսկում և ապահովում է տվյալների հավաստիությունը և անընդհատությունը։ Համակարգի պատասխանատու օպերատորը պետք է լինի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) աշխատող, իսկ ադմինիստրատորը կարող է լինել կոմիտեի աշխատող, ինչպես նաև համակարգն սպասարկող կազմակերպություն կամ ֆիզիկական անձ։
8. Համակարգի օգտագործումն օգտվողների կողմից իրականացվում է համացանցի միջոցով համակարգին միացված պետական մարմինների համապատասխան համակարգչային տերմինալներից։ Համակարգին միացված յուրաքանչյուր առանձին տերմինալի համար նախատեսված են համակարգից օգտվելու սահմաններ (սահմանափակումներ), որոնք թույլ են տալիս տվյալ տերմինալից կատարել միայն հստակ սահմանված գործողություններ (տեղեկատվության ներբեռնում, խմբագրում, դիտում, տպագրություն և այլն) միայն համակարգի որոշակի հստակ սահմանված հատվածներում (առանձին բաժիններ, հաշվառման որոշակի օբյեկտներ ու միավորներ, կամ դրանց տեսակներ ու խմբեր և այլն)։ Ցանկացած տերմինալից կատարված յուրաքանչյուր խմբագրումը գրանցվում է համակարգում միայն պատասխանատու օպերատորի կողմից հաստատվելուց հետո։ Համակարգի կառուցվածքում կամ բովանդակության մեջ ցանկացած փոփոխություն կատարելուց մեկ ամիս առաջ պատասխանատու օպերատորները դրա մասին տեղեկացնում են բոլոր օգտվողներին՝ համակարգում գործող «Հաղորդագրություններ» բաժնի միջոցով։
9. Գրանցամատյանը վարելու սկզբունքների ապահովման նպատակով, գրանցամատյանում ներառված որևէ գույքի բնութագրիչների և տեղեկատվությունների փոփոխության, ինչպես նաև նոր գույքի ավելացման կամ գրանցամատյանում ներառված որևէ գույքի դուրսգրման դեպքում, պետական մարմինները 5 աշխատանքային օրվա ընթացքում իրենց համապատասխան համակարգչային տերմինալների միջոցով պետք է տեղադրեն այդ փոփոխությունները համակարգում՝ կցելով նաև այդ փոփոխությունները հիմնավորող փաստաթղթերի պատճենները կամ համակարգում գործող «Հաղորդագրություններ» բաժնում տեղադրեն այդ փոփոխությունների լրացուցիչ հիմնավորումները։
10. Կոմիտեի պատասխանատու օպերատորները 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում են կատարված փոփոխությունները, իսկ թերությունների առկայության դեպքում, վերադարձնում են խմբագրման:
11. Սույն կարգի 6-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված հաշվառված գույքին վերաբերող բնութագրիչները և տեղեկատվությունը տեղադրվում է կոմիտեի պաշտոնական կայքում: