Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.03.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
06.03.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
06.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/6646/02/21

2023 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/6646/02/21

Նախագահող դատավոր`

 Հ․ Ենոքյան

Դատավորներ`

 Ն․ Գաբրիելյան

 Կ․ Համբարձումյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. Բարսեղյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2023 թվականի մարտի 06-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սևակ Միլիտոնյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15072022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Սևակ Միլիտոնյանի ընդդեմ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ նաև՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ)՝ վնասի հատուցման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Սևակ Միլիտոնյանը պահանջել է պատասխանողից բռնագանձել 45.800.000 ՀՀ դրամ՝ որպես «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի անգործության հետևանքով պատճառված վնասի հատուցում, որից 38.600.000 ՀՀ դրամը՝ որպես շինությունների վերարտադրման ծախս, 7.200.000 ՀՀ դրամը՝ որպես հողամասի շուկայական արժեք։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Գ. Վարդանյան) 18032022 թվականին վճռել է՝ «Սևակ Միլիտոնյանի հայցն ընդդեմ «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության՝ վնասի հատուցման պահանջի մասին, մերժել՝ հայցային վաղեմության ժամկետը հայցվորի կողմից բաց թողնված լինելու հիմքով: Սևակ Միլիտոնյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 816000.00 ՀՀ դրամ՝ որպես հետաձգված պետական տուրքի գումար: Դատական ծախսերի հարցը մնացած մասով համարել լուծված»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահությամբ՝ Հ. Ենոքյան, դատավորներ՝ Ն Գաբրիելյան, Կ. Համբարձումյան) 15072022 թվականի որոշմամբ Սևակ Միլիտոնյանի վերաքննիչ բողոքը մերժվել է` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 18.032022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Վճռաբեկ բողոք է ներկայացրել հայցվոր Սևակ Միլիտոնյանը (ներկայացուցիչ՝ Արայիկ Ղազարյան)։

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի անունից ներկայացվել է վճռաբեկ բողոքի պատասխան։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 60-րդ, 61-րդ և 78-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Բողոք ներկայացրած անձը կրել է գույքային վնաս, նրա տունը գտնվում է վթարային վիճակում, ստիպված է եղել ԱԻՆ-ի հրահանգով լքել տունը, վթարայնությունը կրում է շարունակական բնույթ, եթե առաջնային վթարը պայմանավորված էր 03012018 թվականին տան բակի աստիճանների մոտ մոտավորապես 2մ խորությամբ բացված փոսով, որի ազդեցությամբ վնասվեցին տան պատերը և առաջացան մինչև 3սմ լայնությամբ ճաքեր, ապա 22012019 թվականին տեղի է ունեցել կրկնակի փլուզում, ինչը հաստատվել է ՀՀ ԱԻՆ գլխավոր քարտուղարի կողմից բողոք ներկայացրած անձին հասցեագրված 14022019 թվականի գրությամբ։ Ներկայումս տունը գտնվում է վթարային վիճակում, ինչի պատճառը ջրերի շարունակվող հոսքն է, որը 2018 թվականից չի կանխարգելվել, ինչի հետևանքով բողոք ներկայացրած անձն ու վերջինիս ընտանիքը շարունակում են բնակվել այլ վայրում, այսինքն՝ տեղի է ունեցել բողոք ներկայացրած անձի՝ գույքից անարգել օգտվելու իրավունքի միջամտություն, որը շարունակական բնույթ է կրում։

Միջամտությունը տեղի է ունեցել պատասխանողի կողմից, ինչը հաստատվել է դատաքննության ընթացքում։ Մասնավորապես ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավարի 18012018 թվականի գրությամբ հաստատվել է, որ 11012018 թվականին ՀՀ ԱԻՆ մասնագետների կողմից ուսումնասիրվել են Երևան քաղաքի Սարի թաղի 18 փողոցի 68 հասցեում գտնվող տան տեխնիկական վիճակը, դրա վատթարացմանը նպաստող պատճառները և արձանագրվել է, որ գրունտային ջրերի սնուցմանը նպաստում են նաև թաղամասի մաշված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, իսկ ՀՀ կառավարության 14122017 թվականի թիվ 1662-Ն որոշման 4-րդ կետի և 4/1 հավելվածի 1573-րդ տողի համաձայն՝ պատասխանողին վարձակալության է հանձնվել Երևան քաղաքում առկա, պետական սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, այդ թվում՝ Սարի թաղ 18 փողոցի գույքը։

Վկայակոչելով ՀՀ Վճռաբեկ դատարանի 12.01.2022 թվականի թիվ ԵԱՔԴ/2192/02/10 և 02042010 թվականի թիվ ԵԷԴ/0723/02/09 որոշումները՝ հայտնել է, որ վաղեմության ժամկետների կիրառումն ամենատարբեր իրավահարաբերությունների հիմքով ուղղակիորեն կամ անուղղակիորեն հանգեցնում է դատարանի մատչելիության կամ դատարանի իրավունքի միջամտության, մասնավորապես ՀՀ Վճռաբեկ դատարանը համարել է, որ վաղեմության ժամկետը ոչ միայն միջամտում է անձի դատական պաշտպանության իրավունքին, այլև դրա խախտումը խաթարում է արդարադատության բուն էությունը։

Բողոքաբերը պնդել է, որ վաղեմության ժամկետի հաշվարկը պետք է սկսել այն պահից, երբ, «ինքը ի վիճակի է եղել գնահատել վնասը», ինչպես սահմանել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, մինչդեռ դատարանները վաղեմության ժամկետի սկիզբը հաշվարկել են այն պահից, երբ տեղի է ունեցել վնասը՝ անկախ այն հանգամանքից, որ այդ պահին բողոքաբերն իր ձեռքի տակ չուներ ապացույցներ՝ վնասի ծագման և վնասի չափի մասին: Հետևաբար դատարանները դրսևորել են անհամաչափ մոտեցում և չեն փոխհավասարակշռել բողոքաբերի ու պատասխանողի շահերը։

Բողոքաբերը կրկնակի փլուզման մասին փաստարկով փորձել է հիմնավորել, որ վաղեմության ժամկետը շարունակում է հոսել, քանի որ իր գույքի վնասը նույնպես շարունակական բնույթ ունի, ինչը համահունչ է ՄԻԵԴ նախադեպային իրավունքին առ այն, որ որոշ դեպքերում վաղեմության ժամկետի մեկնարկը կարող է հոսել, մինչդեռ դատարանները ոչ վերաբերելի են համարել կրկնակի փլուզումների, շարունակվող վնասի մասին բողոք ներկայացրած անձի պնդումներն ու ներկայացրած փաստերը։

Դատարանները դատական ստուգման շրջանակից դուրս են թողել մրցակցող լեգիտիմ շահերի փոխհավասարակշռման ՄԻԵԴ մեթոդաբանությունը։

Դատարանները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետը կիրառել են ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1611 որոշման մեջ այդ նորմի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ։

Վերոգրյալի հիման վրա բողոք ներկայացրած անձը պահանջել է «բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/6646/02/21 քաղաքացիական գործով 2022 թվականի հուլիսի 15-ի որոշումը և քաղաքացիական գործն ուղարկել առաջին ատյանի դատարան նոր քննության»։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի անունից ներկայացվել է վճռաբեկ բողոքի պատասխան՝ հայտնելով, որ հայցվորը ենթադրյալ վնասների մասին իմացել է առնվազն 03012018 թվականից, այդ ժամանակից սկսել է հոսել հայցային վաղեմության եռամյա ժամկետը, մինչդեռ հայցվորը հայցադիմումը ներկայացրել է 12022021 թվականին, ինչից հետևում է, որ վերջինս բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը, ինչը հիմք է հայցը մերժելու համար։

Վճռաբեկ դատարանին խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1)   Էրեբունի համայնք, Սարի-Թաղ, 18 փող, թիվ 68 տան նկատմամբ Երևանի քաղաքապետի 031108 թվականի թիվ 5059-Ա որոշման, հողամասի ուղղակի վաճառքի 25122008 թվականի թիվ 10367 պայմանագրի, 191108 թվականի թիվ 3008-2008 գլխավոր հատակագծի հիման վրա 27122008 թվականին գրանցվել է Սևակ Միլիտոնյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գթ 79-80)։

2)  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության՝ Սևակ Միլիտոնյանին հասցեագրված 18012018 թվականի գրությամբ ի թիվ այլնի հայտնվել է, որ 11012018 թվականին ՀՀ ԱԻՆ մասնագետների կողմից ուսումնասիրվել են Երևան քաղաքի Սարի-Թաղի 18-րդ փողոցի թիվ 68 հասցեում գտնվող տան տեխնիկական վիճակը և դրա վատթարացմանը նպաստող պատճառները։ (․․․․) Գրունտային ջրերի սնուցմանը նպաստում են նաև թաղամասի մաշված մատակարարման և ջրահեռացման համակարգերը, որոնց ջրերը մասամբ մակերեսային հոսքով թափվում են գետային ցանցի մեջ, մասամբ էլ ճեղքելով սնում են գրունտային ջրերը։ Այս ջրերը լանջերի այն հատվածներում, ուր զանգվածների հավասարակշռությունը մոտ է սահմանային արժեքներին, նպաստում են կպչողականության նվազմանը, գրունտի վերին շերտի զանգվածի ավելացմանը և արդյունքում շարժումների ակտիվացմանը (հատոր 1-ին, գթ 77)։

3)  ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ Սևակ Միլիտոնյանին հասցեագրված 06122019 թվականի գրությամբ ի թիվ այլնի հայտնվել է, որ ՀՀ կառավարության 07032013 թվականի արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել ՀՀ տարածքում վթարային դարձած, ինչպես նաև քանդված բնակարանային ֆոնդի բնակիչներին անվտանգ բնակելի տարածքով ապահովման հայեցակարգը, ըստ որի՝ Սարի Թաղի վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրը կարող է լուծվել բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով՝ վթարային բնակելի տունը քանդելու և հողամասի նպատակային նշանակությունը փոխելու պայմանով։ Հաշվի առնելով, որ 2019 թվականի պետական բյուջեով, ինչպես նաև 2019-2021թթ պետական միաժամկետ ծախսերի ծրագրով այդ ուղղությամբ միջոցներ նախատեսված չեն, հետևաբար խնդրին կարող է լուծում տրվել հետագա տարիներին անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության պարագայում (հատոր 1-ին, գթ 26)։

4)  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության՝ հայցվորի ներկայացուցչին հասցեագրված 14022019 թվականի գրությամբ ի թիվ այլնի հայտնվել է, որ 22012019 թվականին Սևակ Միլիտոնյանի զանգն ստանալուց հետո դեպքի վայր է մեկնել արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տան տակ առաջացել է մոտ 6քմ մակերեսով նստվածք, ինչի հետևանքով 3 հիմնասյուներ առանձնացել են առաստաղից, հյուրասենյակի և ննջասենյակի պատերին առաջացել են մոտ 30սմ երկարությամբ ու 5սմ լայնությամբ ճաքեր, առկա է տան փլուզման վտանգ, հրշեջ-փրկարարները սահմանազատել են փլուզման վտանգ ներկայացնող հատվածները և, հաշվի առնելով ստեղծված վտանգավոր իրավիճակը, առաջարկվել է լքել տունը, ինչը, սակայն, չի իրականացվել բնակության համար անհրաժեշտ տեղ չունենալու պատճառով։ Միաժամանակ հայտնվել է, որ դեռևս 2018 թվականի հունվար ամսին ԱԻՆ աշխատակիցների կողմից իրականացվել է Սևակ Միլիտոնյանի տան ակնադիտական ուսումնասիրություն, ինչի արդյունքում տեխնիկական վիճակի մասին եզրակացություն ստանալու և վթարայնության աստիճանը որոշելու համար առաջարկվել է դիմել լիցենզավորված կազմակերպությանը (հատոր 1-ին, գթ 76)։

5)  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարի՝ Սևակ Միլիտոնյանի ներկայացուցչին հասցեագրված 06032019 թվականի գրությամբ ի թիվ այլնի հայտնվել է, որ 11012018 թվականին ԱԻՆ մասնագետների կողմից ուսումնասիրվել են Սարի Թաղի 18-րդ փողոցի թիվ 68 հասցեում գտնվող տան տեխնիկական վիճակը և վատթարացմանը նպաստող պատճառները, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տան բակում գրունտների լվացման հետևանքով առաջացել է մոտ 2մ երկարությամբ, 2մ լայնությամբ և մոտ 15մ խորությամբ փոս, վնասվել են կցակառույց հանդիսացող նախասրահի հենասյուները, տան հարավային հատվածի պատերին առկա են մեծ թվով ճաքեր մինչև 4սմ լայնությամբ, իսկ շրջակայքում առկա են գրունտների նստեցումներ։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ԱԻՆ մասնագետների կողմից առաջարկվել է չօգտագործել տան վտանգավոր հատվածը և հարցի հետագա կարգավորման նպատակով դիմել շենքերի և շինությունների տեխնիկական հետազննության ոլորտում լիցենզավորված կազմակերպությանը՝ պայմանագրային հիմունքներով շինության տեխնիկական վիճակի հետազոտություններ իրականացնելու և համապատասխան եզրակացություն ստանալու համար։ Տան հետագա բնակեցման հարցը կախված է տեխնիկական վիճակի համապատասխան եզրակացությունից։ Առաջարկվել է ջրահեռացման համակարգերի շահագործման և խափանումները վերացնելու համար միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ հարցն ուղղել նաև Երևանի քաղաքապետարան (հատոր 1-ին, գթ 72-73)։

6)  Երևանի քաղաքապետարանի՝ Սևակ Միլիտոնյանի ներկայացուցչին հասցեագրված 30112020 թվականի գրությամբ տրամադրվել է ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի՝ «Սարի Թաղ թաղամասում սողանքի առաջացման և ակտիվացման գործոնների բացահայտում» վերտառությամբ 22072019 թվականի հաշվետվությունը, որի «եզրակացություններ» բաժնի համաձայն՝ ըստ քիմիական անալիզների արդյունքների և տարածքի երկրաբանական կառուցվածքի կարելի է եզրակացնել, որ 18-րդ և 28-րդ փողոցների ջրերի ելքերը կապված են գրունտային ջրերի հորիզոնի հետ, որոնց հետ խառնվում են կենցաղային ջրերը, (․․․․), դիտարկվող տարածքի ստորերկրյա հոսքի ձևավորման գործում զգալի դեր ունեն ջրահեռացման համակարգի անսարքությունները, (․․․․), ստորերկրյա հոսքը, որն անցնում է բնակելի տների տակով, ժամանակի ընթացքում սուֆոզիայի տարածքի անխուսափելի ընդլայնման արդյունքում կարող է ընդգրկել ավելի մեծ մակերեսներ, ինչն անմիջական սպառնալիք է շինությունների և բնակչության համար, (․․․․) (հատոր 1-ին, գթ 32-70)։

7)  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի՝ հայցվորի ներկայացուցչին հասցեագրված 05032020 թվականի գրությամբ հայտնվել է, որ Սարի Թաղի 18-րդ փողոցը սպասարկող ջրահեռացման համակարգը ՀՀ կառավարության 14122017 թվականի թիվ 1662-Ա որոշման 41 հավելվածով վարձակալությամբ հանձնված է (ցանկի 1573 համարն է) «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին (հատոր 1-ին, գթ 29-31)։

8)  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի՝ հայցվորի ներկայացուցչին հասցեագրված 17042020 թվականի գրությամբ հայտնվել է, որ համաձայն ՀՀ կառավարության 14122017 թվականի թիվ 1662-Ա որոշման 4-րդ կետի՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին հանձնվել է Երևան քաղաքում առկա պետական սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի գույքը, 21112016 թվականին կնքված վարձակալության պայմանագրի հիման վրա «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն ստանձնել է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառավարման, շահագործման ու պահպանման պարտավորությունները (հատոր 1-ին, գթ 27-28)։

9)  Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, և վճռաբեկ բողոքում չի վիճարկվում այն փաստը, որ հայցվորի իրավունքի խախտումը տեղի է ունեցել 03012018 թվականին (անվիճելի փաստ) (հատոր 3-րդ, գթ99-109)։

10)    Սույն գործով հայցադիմումը Դատարան է ներկայացվել 12022021 թվականին (հատոր 1-ին, գթ7-85)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է՝

Ներմուծեք նկարագրությունը_1371 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ դատարանի կիրառած նյութական իրավունքի նորմերի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, մասնավորապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ և 337-րդ հոդվածների կիրառության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

Ներմուծեք նկարագրությունը_1371 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, ինչի հետևանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վնասի հատուցման գործերով պատճառված վնասի հատուցման համար սահմանված նյութաիրավական պայմանների բացահայտման անհրաժեշտությամբ պայմանավորված (վնաս պատճառողի և վնասի առկայություն, ոչ օրինաչափ վարքագիծ, վնասի և ոչ օրինաչափ վարքագծի միջև պատճառահետևանքային կապ, պարտապանի մեղք) հայցային վաղեմության ժամկետի կիրառման առանձնահատկություններին, մասնավորապես՝ հաշվարկման կարգին՝ վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած դիրքորոշումները։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վնասներ հատուցելով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից։ (…):

Վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տե՛ս, օրինակ, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի հիմքով վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող տարրերից վնաս կրած անձի մոտ իրական կամ բաց թողնված օգուտի տեսքով վնասների, վնաս պատճառող անձի, վնաս պատճառողի մոտ ոչ օրինաչափ վարքագծի, վնասների և ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայության հանգամանքների ապացուցման բեռը կրում է վնաս կրած անձը, իսկ պատճառված վնասի հարցում իր մեղքի բացակայության հանգամանքի ապացուցման պարտականությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանխավարկածի հիմքով կրում է ենթադրյալ վնաս պատճառած անձը (տե՛ս ՀՀ Վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի թիվ ԵԿԴ/2600/02/10 որոշումը 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի վկայակոչմամբ):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայցային վաղեմության ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Հայցային վաղեմության գործնական կիրառության համար կարևոր նշանակություն ունի հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից հետևում է, որ հայց հարուցելու իրավունքը ծագած է համարվում միայն այն պահին, երբ իրավազոր անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իրավախախտման փաստի մասին: Հետևաբար` հայցային վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար էական է իրավունքի խախտման առկայությունը և դրա մասին շահագրգիռ անձի իմանալու կամ այդպիսի հավանականության առկայության պահը (տե'ս ՀՀ Վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի թիվ ԵՄԴ/0529/02/14 որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր դեպքում հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար անհրաժեշտ է հաշվի առնել գործի փաստական հանգամանքները, վիճելի իրավահարաբերության բնույթը և սուբյեկտային կազմը: Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը բխում է օրենսդրական կարգավորման տրամաբանությունից: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը հայցային վաղեմության ժամկետի լրանալը սահմանել է որպես հայցը մերժելու հիմք, ինչը նշանակում է, որ անգամ այն դեպքում, երբ պատասխանողը հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ դիմում է ներկայացրել քաղաքացիական դատավարության սկզբնական փուլերում (գործը դատաքննության նախապատրաստելու), դատարանը, այնուամենայնիվ, պետք է գործը քննի ըստ էության և վերջնական դատական ակտում գնահատական տա հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ միջնորդությանը: Օրենսդրի այս մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հայցային վաղեմության ինստիտուտի առանձին տարրերի` կիրառելի ժամկետի (ընդհանուր, կրճատ կամ երկար), այդ ժամկետի հաշվարկի սկզբի, ընդհատման կամ կասեցման հարցերը որոշ դեպքերում հնարավոր է պարզել միայն վիճելի իրավահարաբերության որոշակիացման արդյունքում, այսինքն` պարզելով վիճելի իրավահարաբերության տեսակը (վարձակալության, հողային, ընտանեկան, աշխատանքային և այլ), մասնակիցների շրջանակը, իրավունքների և պարտականությունների ծավալը (տե'ս, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Հենրիկ Սարգսյանի թիվ ԵՄԴ/1149/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22042016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով հայցային վաղեմության կիրառման հարցին՝ ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հայցի մերժման ինքնուրույն և բացառիկ հիմք է, սակայն հայցը մերժելու նշված հիմքը չի կարող մեկուսացված լինել գործի փաստական հանգամանքներից և դրանց նկատմամբ կիրառման ենթակա նյութական իրավունքի նորմերից: Հայցային վաղեմության ինստիտուտի առանձին տարրերի` կիրառելի ժամկետի (ընդհանուր, կրճատ կամ երկար), այդ ժամկետի հաշվարկի սկզբի, ընդհատման կամ կասեցման հարցերը որոշ դեպքերում հնարավոր է պարզել միայն վիճելի իրավահարաբերության որոշակիացման արդյունքում, այսինքն` պարզելով վիճելի իրավահարաբերության տեսակը (վարձակալության, հողային, ընտանեկան, աշխատանքային և այլ), մասնակիցների շրջանակը, իրավունքների և պարտականությունների ծավալը:

ՀՀ Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ քանի դեռ դատարանը չի պարզել կիրառելի օրենսդրության հարցը, նյութական իրավունքի նորմերով արժևորվող փաստերի շրջանակը, չի վերլուծել կողմերի փոխհարաբերություններում առկա պայմանագրային դրույթները, չի պարզել սուբյեկտիվ իրավունքի կամ պարտականության ծագման պահը, չի կարող եզրահանգման գալ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահի վերաբերյալ (տե՛ս ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ընդդեմ «Գորիս-Ապակի» ՍՊԸ-ի թիվ ՍԴ3/0055/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետը, պետք է քննարկման առարկա դարձնի հայցային վաղեմության ժամկետի լրանալու հարցը: Հայցային վաղեմության ժամկետի լրացած լինելը հայցը մերժելու հիմք է, անկախ այն հանգամանքից, թե հայցը հիմնավոր է, թե` ոչ (տե՛ս, Հրաչյա Գրիգորյանի ընդդեմ Գեորգի Բաղդասարյանի թիվ ԵԱԴԴ/3423/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17122020 թվականի որոշումը)։

Այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանների օրակարգային խնդիրն է դառնում պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը (տե'ս, Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի թիվ ԵԿԴ/0881/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

ՀՀ Սահմանադրական դատարանը, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասի և 337-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով անդրադառնալով «երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ» եզրույթներին, 28.09.2021 թվականի թիվ ՍԴՈ-1611 որոշմամբ նշել է հետևյալը«Հայցային վաղեմության ինստիտուտի նպատակների իրացման համար Օրենսգիրքը սահմանել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ միայն այն օրվանից, երբ անձն իմացել է, այլ նաև այն օրվանից, երբ նա պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Ակնհայտ է, որ օրենսդրի կողմից նշված հասկացությունների և իրավիճակների տարբերակումն ինքնանպատակ չէ, և այդ հանգամանքն առանցքային նշանակություն ունի վիճարկվող նորմերի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման առումով։ Նման տարբերակումն ուղղված է քաղաքացիական շրջանառության մասնակիցների բարեխիղճ վարքագծի, քաղաքացիական շրջանառության և իրավահարաբերությունների որոշակիության և կայունության, իրավահարաբերության բոլոր սուբյեկտների հիմնարար իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանը։

Բնականաբար, շահագրգիռ անձը դատական պաշտպանության իրավունքն իրացնում է այն դեպքում, երբ համոզված է իր իրավունքի խախտման հարցում։ Սակայն նշված հանգամանքը չի ենթադրում, որ անձը կարող է իր «անբարեխիղճ» պասիվ վարքագծով նպաստել իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքի բացառմանը կամ ազատված լինել իր իրավունքի ենթադրյալ խախտումների հարցում հաստատապես համոզվելու համար ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողությունների կատարման անհրաժեշտությունից։ Հակառակ դեպքում գործ կունենանք քաղաքացիական շրջանառության որոշակիության և կայունության ու վերջինիս մասնակիցների հիմնարար իրավունքների խախտմանն ուղղված՝ իրավունքի չարաշահում հանդիսացող անբարեխիղճ վարքագծի հետ, ինչը որևէ պարագայում չի կարող ընկած լինել հայցային վաղեմության ինստիտուտի և դրա սահմանադրաիրավական բովանդակության հիմքում։ Հենց նշված հանգամանքի բացառմանն ու քննարկված արժեքների պաշտպանությանն է ուղղված քաղաքացիական օրենսդրությամբ ամրագրված այն իրավակարգավորումը, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ միայն այն օրվանից, երբ անձը հաստատապես իմացել է, այլ նաև այն օրվանից, երբ նա պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին։

Այդ առումով ակնհայտ է, որ «իմացել է» և «պետք է իմանար»/«պարտավոր էր իմանալ» հասկացությունների բովանդակությունները հավասար իմաստային ծանրաբեռնվածություն չունեն (ընդգծումը՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի): Եթե այդ հասկացությունները մեկնաբանելիս առանցքային դիտարկվի իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը՝ ուշադրությունից դուրս կմնա խախտման մասին հաստատապես իմանալու նպատակով բավարար տեղեկություններ ձեռք բերելու համար ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ կատարելու և «անբարեխիղճ պասիվ վարքագծից» ու իրավունքի չարաշահումից զերծ մնալու անհրաժեշտությունը։ Մինչդեռ, ինչպես բխում է ներկայացված վերլուծությունից, այդ հանգամանքները բացառիկ կարևորություն ունեն քննարկվող իրավադրույթների՝ Սահմանադրությանը համապատասխան մեկնաբանության և կիրառման առումով։

Ամփոփելով վերը շարադրվածը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող իրավադրույթներում առկա քննարկվող հասկացությունների սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է հետևյալը. «իմացել է» ձևակերպումը մատնացույց է անում խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը։ Մինչդեռ, «պետք է իմանար»/«պարտավոր էր իմանալ» ձևակերպումը վերաբերում է այն բոլոր իրավիճակներին, երբ գործի հանգամանքներից չի բխում իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու փաստը, սակայն ենթադրվում է, որ համանման իրավիճակում իրավահարաբերության սուբյեկտը պետք է ձեռնարկեր իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ՝ զերծ մնալով «անբարեխիղճ» պասիվ վարքագծից։ Այլ կերպ, վիճարկվող հոդվածներում կիրառվող՝ «պարտավոր էր իմանալ» կամ «պետք է իմացած լիներ» արտահայտությունները կրում են այն բովանդակային ծանրաբեռնվածությունը, ըստ որի, քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում անձը ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին»։

Այսպիսով` ՀՀ Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետը և 337-րդ հոդվածի 1-ին կետը համապատասխանում են Սահմանադրությանը՝ այն մեկնաբանմամբ, համաձայն որի՝ «պարտավոր էր իմանալ» կամ «պետք է իմացած լիներ» հասկացությունները վերաբերում են այն իրավիճակներին, երբ քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում անձը ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին։

ՀՀ Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ հայցային վաղեմությունը՝ անձի խախտված իրավունքի դատական պաշտպանության համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ժամանակահատվածն է, ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ Ընկերությունն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին։ Օրենսդրի նման մոտեցումը պայմանավորված է նրանով, որ անձը տեղյակ լինի ո՞վ է իր իրավունքների խախտողը և ու՞մ դեմ պետք է ուղղված լինի պահանջը։ Հայցն ինքնին իրենից ներկայացնում է նյութաիրավական պահանջ, որն ուղղված պետք է լինի իրավունքը ենթադրաբար խախտած անձի դեմ (տե՛ս ՀՀ Վճռաբեկ դատարանի 22042010 թվականի թիվ  ԼԴ/0431/02/09 որոշումը):

Այսինքն՝ հայցի իրավունքը կարող է ծագել միայն նյութաիրավական պահանջ ներկայացնելու հնարավորություն ունենալու պահից, ինչը, իր հերթին, պահանջում է ենթադրյալ իրավախախտման պատճառի, հետևաբարև՝ պատասխանատու անձը բացահայտված լինելու կամ ողջամտորեն դրա հնարավորությունն ունենալու փաստի արձանագրում, այլ կերպ՝ հայցային վաղեմությունն սկսում է հոսել, երբ անձը ի թիվ այլնի իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման պատճառի և խախտած սուբյեկտի մասին։

Վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է նրանով, որ, գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններով պայմանավորված, որոշ դեպքերում իրավունքը խախտված անձը չնայած տեղյակ է լինում իր իրավունքի խախտման փաստի մասին, սակայն անորոշ են լինում իրավունքի խախտման պատճառը և  ենթադրյալ խախտած անձը:

Մինչդեռ, ինչպես ՀՀ Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահը որոշելու համար, ի թիվ այլնի, էական նշանակություն ունի նաև սուբյեկտիվ իրավունքի ծագման պահը պարզելը, քանի որ անձը իր ենթադրյալ խախտված իրավունքի պաշտպանության հայցով դատական պաշտպանության կարող է դիմել միայն այն պարագայում, երբ առկա են այնպիսի իրավաբանական փաստեր, որոնց համակցությունը բավարար է համապատասխան սուբյեկտիվ իրավունքն իրացնելու, ինչպես նաև այդ իրավունքից բխող պահանջով դատարան դիմելու համար (տե՛ս «Ինգո-Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Վահանյանի թիվ ԱՐԱԴ/0580/02/19 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 02.07.2021 թվականի որոշումը):

Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի լեզվաբանական մեկնաբանումից հետևում է, որ հայցային վաղեմության ժամկետը հաշվարկվում է իրավախախտման, և ոչ թե իրավախախտումը կատարած անձի մասին իրավատիրոջ իմանալու կամ իմանալու իրական հնարավորության պահից, որպիսի պայմաններում որոշ դեպքերում իրավազոր անձի պահանջի համար հայցային վաղեմության ժամկետը կարող է լրանալ ավելի վաղ, քան կբացահայտվի իրավունքը ենթադրյալ խախտած անձը: Նման գործերով անհրաժեշտ է պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը, տվյալ դեպքում՝ իր իրավունքը ենթադրյալ խախտած անձի բացահայտմանը։ Հետևաբար, քանի դեռ պարտապանի անձը որոշակիացված չէ, հնարավոր չէ խախտված իրավունքների պաշտպանության համար հայց ներկայացնել դատարան։

Նման պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածով ամրագրված՝ երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին ձևակերպումը պետք է լայն մեկնաբանվի և ընդգրկի նաև ենթադրյալ իրավախախտի՝ ոչ օրինաչափ վարքագիծ դրսևորողի մասին հաստատապես իմանալու կամ ենթադրյալ իրավախախտին բացահայտելուն միտված ողջամիտ և իրավաչափ գործողություններ ձեռնարկելու բովանդակային ծանրաբեռնվածություն։

Հակառակ դեպքում, այն է՝ վկայակոչված ձևակերպման անհարկի նեղ մեկնաբանումը խաթարում է նորմի իմաստային և նպատակային բովանդակությունը՝ նկատի ունենալով, որ հայցը պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջն է, հետևաբար պատասխանողի անհայտ լինելու դեպքում նյութաիրավական պահանջ ներկայացնելու հնարավորությունը ըստ էության օբյեկտիվորեն բացակայում է։

Հայց հարուցելով՝ շահագրգիռ անձը, բացի իր իրավունքի ենթադրյալ խախտման վերացում պահանջելուց, առնվազն պետք է իմանա, թե ով է խախտել իր իրավունքը (ով է պատշաճ պատասխանողը) և խախտման էությունը, որպեսզի ճշգրիտ նշի պատասխանողին և նրանից պահանջի իր իրավունքի խախտման վերացում (ընտրի իր իրավունքի խախտման վերացման համար անհրաժեշտ և պիտանի հայցապահանջը):

Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր դեպքում վնասի հատուցման պահանջի նկատմամբ հայցային վաղեմության կիրառման ենթակա ժամկետների և դրանց խախտման փաստը պարզելիս ի թիվ սույն որոշմամբ արձանագրված հանգամանքների, ենթակա է պարզման դատական պաշտպանություն հայցող անձի՝ վնաս պատճառած անձի բացահայտմանն ուղղված վարքագիծը, շրջահայացության դրսևորման ակտիվությունն ու գործողությունների արդյունավետությունը, որպիսի պայմանների համալիր գնահատման արդյունքում հնարավոր կլինի արձանագրել, որ հայցվորի կողմից վնասի հատուցման նյութաիրավական պահանջով դատական պաշտպանության դիմելու գործողության հապաղումը պայմանավորված է եղել բացառապես ենթադրյալ պատճառված վնասի հատուցման համար սահմանված նյութաիրավական պայմանի՝ ենթադրյալ ոչ օրինաչափ վարքագծի կրողի անձի բացահայտմանը, հետևաբար նաև՝ իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողությունների իրականացմամբ։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով Դատարան՝ հայցվոր Սևակ Միլիտոնյանը պահանջել է պատասխանող «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից բռնագանձել 45.800.000 ՀՀ դրամ՝ որպես պատասխանողի անգործության հետևանքով պատճառված վնասի հատուցում, որից 38.600.000 ՀՀ դրամը՝ որպես շինությունների վերարտադրման ծախս, 7.200.000 ՀՀ դրամը՝ որպես հողամասի շուկայական  արժեք։

Որպես հայցի փաստական հիմնավորում հայցվորը հայտնել է, որ Երևան, Սարի-թաղ, 18-րդ փողոց, թիվ 68 տան սեփականատերն է, 03012018 թվականին թիվ 68 տան բակում առաջացել է փոս՝ 1,5-2 մետր խորությամբ, իսկ 2-րդ հարկի սենյակներում պատերի ճաքերի լայնությունը հասնում է մինչև 3 սմ, ՀՀ ԱԻՆ մասնագետների կողմից 11.01.2018 թվականի Երևան, Սարի-թաղ, 18-րդ փողոց, թիվ 68 հասցեում գտնվող տան տեխնիկական վիճակի և դրա վատթարացմանը նպաստող պատճառների ուսումնասիրության արդյունքում հայտնի է դարձել, որ գրունտային ջրերի սնուցմանը նպաստում են նաև թաղամասի մաշված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, որոնց ջրերը մասամբ մակերեսային հոսքով թափվում են գետային ցանցի մեջ, մասամբ էլ ճեղքերով սնում են գրունտային ջրերը, հայցվորի հետ 17.08.2020 թվականին կնքված պայմանագրի հիման վրա կատարվել է թիվ 68 հասցեում գտնվող շինությունների վերարտադրման ծախսերի և հողամասի շուկայական արժեքի գնահատում, որի համաձայն՝ շինությունների վերարտադրման ծախսերը 17.08.2020 թվականի դրությամբ կազմում են 38.600.000 ՀՀ դրամ, իսկ հողամասի շուկայական արժեքը՝ 7.200.000 ՀՀ դրամ: Սևակ Միլիտոնյանն իրավունք ունի պահանջելու, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից հատուցվի վերջինիս անգործության հետևանքով պատճառված վնասը, քանի որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի 05.03.2020 թվականի գրության համաձայն՝ Սարի Թաղի 18-րդ փողոցը սպասարկող ջրահեռացման համակարգը ՀՀ կառավարության 14.12.2017 թվականի թիվ 1662-Ա որոշման 4.1 հավելվածով վարձակալությամբ հանձնված է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին, վերջինս է ստանձնել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառավարման, շահագործման և պահպանման պարտավորությունները:

Որպես հայցի իրավական հիմք հայցվորը վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ և 1063-րդ հոդվածները, ՀՀ ջրային օրենսգրքի 1-ին և 12-րդ հոդվածները։

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի ներկայացուցիչը 16042021 թվականին հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ հայտնելով, որ հայցվորը ենթադրյալ վնասների մասին իմացել է առնվազն 03012018 թվականից, հետևաբար այդ ժամանակից սկսել է հոսել հայցային վաղեմության ժամկետը, մինչդեռ հայցը ներկայացվել է 12022021 թվականին։ Դատարանին խնդրել է հայցը մերժել հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով (հատոր 2-րդ, գթ 177-131)։

Հայցվորն առարկել է միջնորդության դեմ՝ հայտնելով, որ թեև հայցվորին 08012018 թվականին պարզ է եղել, որ կրել է վնասներ, սակայն հայցվորի համար պարզ չեն եղել տան փլուզվելու պատճառները, 08012018 թվականից հետո հայցվորը մի շարք հարցումներ է կատարել՝ փլուզման պատճառները պարզելու, փաստաբանական հարցումների արդյունքում ստացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի 17042020 թվականի գրությունը, որից պարզվել է, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն ստանձնել է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառավարման, շահագործման և պահպանման պարտավորությունները, լիցենզիայի համաձայն՝ իրականացնում է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում, որի գործառույթներից է համակարգի կառավարումը, շահագործումը, պահպանումն ու բարելավումը։ Այնուհետև ստացվել է Երևանի քաղաքապետարանի 30112020 թվականի գրությունը, որով տրամադրվել է «ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի 22072019 թվականի հաշվետվությունը, նշված գրությունները ստանալուց և ուսումնասիրելուց հետո միայն պարզ են դարձել անշարժ գույքի փլուզման պատճառներն ու դրանց համար պատասխանատու անձանց շրջանակը, հետևաբար հայցային վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է ոչ այն պահից, երբ փլուզվել է տունը, այլ այն պահից, երբ հայցվորին հայտնի են դարձել փլուզման պատճառները և դրա համար պատասխանատու անձինք, հետևաբար հատուցման պահանջի իրավունքն առաջացել է 30112020 թվականին, երբ տրամադրվել է հաշվետվության պատճենը, քանի որ միայն այդ փաստաթուղթը կարող էր հայցվորի մոտ հստակ պատկերացում ստեղծել առ այն, որ իր կրած վնասը հետևանք է պատասխանողի կողմից իր պարտականությունների ոչ պատշաճ կատարման և որ հենց սույն գործով պատասխանողը պետք է հատուցի իր կրած վնասները (հատոր 2-րդ, գթ 143-144)։

Դատարանը, ի թիվ այլնի վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ և 337-րդ հոդվածները, ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ «Ալյանս պլյուս» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ներկայումս` «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ) թիվ ԵԱՔԴ/4524/02/15 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 04.06.2019 թվականի որոշումը, հաստատված համարելով «Սևակ Միլիտոնյանի իրավունքի խախտումը 2018թ. հունվարի 3-ին տեղի ունեցած լինելու փաստը», արձանագրել է, որ «հայցվոր Սևակ Միլիտոնյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք. Երևան, Էրեբունի համայնք, Սարի թաղ 18 փողոց, թիվ 68 տուն հասցեում գտնվող անշարժ գույքին 2018թ. հունվարի 3-ին պատճառվել է վնաս, որի կապակցությամբ վերջինս 2018թ. հունվարի 8-ին դիմել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն և 2018թ. հունվարի 18-ի գրությամբ ստացել է պատասխան, որով վերջինիս տեղեկացրել են Երևան քաղաքի Սարի թաղ 18 փողոցի 68 հասցում գտնվող տան տեխնիկական վիճակի և դրա վատթարացմանը նպաստող պատճառների մասին, մասնավորապես՝ տեղեկացրել են, որ գրունտային ջրերի սնուցմանը նպաստում են նաև թաղամասի մաշված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, որոնց ջրերը մասամբ մակերեսային հոսքով թափվում են գետային ցանցի մեջ, մասամբ էլ ճեղքերով սնում են գրունտային ջրերը», «Սևակ Միլիտոնյանի կողմից այլ բան վկայակոչված, ինչպես նաև այլ բան ապացուցված չլինելու պարագայում գործում է 2018թ. հունվարի 18-ի գրության մասին նույն օրը իրազեկված լինելու կանխավարկածը», «2018թ. հունվարի 18-ին սահմանված կարգով հայց հարուցելու համար հայցվոր Սևակ Միլիտոնյանը տիրապետել է անհրաժեշտ և բավարար տեղեկությունների և քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում ողջամիտ ուշադրության դեպքում այդ օրը պետք է իմանար/պարտավոր էր իմանալ իր իրավունքի խախտման մասին», եզրահանգել է, որ «հայցային վաղեմության ընթացքը սկսվել է 2018թ. հունվարի 19-ից, իսկ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը միայն 2021թ. փետրվարի 12-ին, այսինքն՝ հայցային վաղեմության ընթացքը սկսվելուց հետո ավելի քան երեք տարի 24 օր անց, հետևաբար բաց է թողել օրենքով սահմանված և տվյալ դեպքում կիրառելի հայցային վաղեմության երեք տարվա ժամկետը»:

Անդրադառնալով սահմանված կարգով հայց հարուցելու համար պատշաճ պատասխանողին պարզելու վերաբերյալ հայցվորի փաստարկին՝ Դատարանն արձանագրել է ««Վեոլիա Ջուր» ՓԲԸ դեմ նյութաիրավական պահանջը ներկայացվել է ՀՀ կառավարության 2017թ. դեկտեմբերի 14-ի թիվ 1662-Ն որոշման հիման վրա, որի 4-րդ կետի և 4/1 հավելվածի 1573-րդ տողի համաձայն՝ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության է հանձնվել (….) այդ թվում՝ Սարի թաղ 18 փողոցի, գույքը, այսինքն՝ հրապարակված նորմատիվ իրավական ակտի հիման վրա, որպիսի պարագայում գործում է այն կանխավարկածը, որ հայցվորը, այդ թվում՝ 2018թ. հունվարի 18-ի դրությամբ պարտավոր էր տիրապետել այդ տեղեկությունը: Ավելին, տեղեկության աղբյուրը հրապարակված նորմատիվ իրավական ակտ է, հետևաբար՝ այն պարզելու համար ծավալուն միջոցներ ձեռնարկելու անհարժեշտություն չկար և 2018թ. հունվարի 18-ից մինչև 2018թ. փետրվարի 11-ը բավարար և ողջամիտ ժամկետ էր այն պարզելու համար, սակայն հայցվորը այդ ժամկետում չի իրականացրել ողջամտորեն ենթադրվող որևէ իրավաչափ գործողություն՝ դրսևորելով «անբարեխիղճ» պասիվ վարքագիծ»:

Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրական դատարանի 28092021 թվականի թիվ ՍԴՈ-1611 որոշումը, մերժել է հայցվոր Սևակ Միլիտոնյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ։

Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դրել է հետևյալ պատճառաբանությունները«հայցվորն իր իրավունքների խախտումների մասին իմացել է դեռևս 2018թ. հունվարի 3-ին, որպիսի փաստն ընդունվել է հենց հայցվորի կողմից։ Հետևաբար` առնվազն այդ պահից սկսած հայցվորը զրկված չի եղել իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելուն ուղղված գործողություններ կատարելուց։ Սակայն վերջինս հարցումներ կատարելով տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, դատարան հայց է ներկայացրել արդեն հայցային վաղեմության ժամկետի խախտմամբ, այն է՝ 2021 թվականի փետրվարի 12-ին։ Մինչդեռ դեռևս 2018թ. հունվարի 8-ին հայցվորը դիմել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն և 2018թ. հունվարի 18-ի գրությամբ ստացել է պատասխան, որով վերջինիս տեղեկացրել են Երևան քաղաքի Սարի թաղ 18 փողոցի 68 հասցում գտնվող տան տեխնիկական վիճակի և դրա վատթարացմանը նպաստող պատճառների մասին», «հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվում է իրավունքի խախտման մասին տեղեկանալու պահից, այսինքն՝ ցանկացած տեղեկատվություն, որը վկայում է իրավունքի խախտման մասին, հիմք է հայցային վաղեմության ժամկետը հաշվարկելու համար։ Հետևաբար՝ հենց վկայակոչված 2018թ. հունվարի 18-ի գրությամբ հայցվորն իմացել է իր իրավունքների խախտման մասին և չի ներկայացրել այնպիսի փաստարկներ, որոնք հիմք կտան կատարել եզրահանգում հայցային վաղեմության ժամկետն իր կամքից անկախ և հարգելի պատճառներով բաց թողնելու մասին, փոխարենը՝ հայցվորը, դիմելով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, օրենքով սահմանված եռամյա ժամկետում չի դիմել դատական կարգով իր իրավունքների պաշտպանության համար։ Ընդ որում՝ հայցվորի կողմից հետագայում կատարված հարցումներով վերջինս չի ստացել այնպիսի նոր տեղեկություններ, որոնք իրեն հայտնի չեն եղել դեռևս 2018թ. հունվարի 18-ին, քանի որ, ըստ էության, բոլոր պատասխան գրություններով փլուզումների պատճառները համընկնում են»։

Վերոշարադրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները ըստ էության հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի սկիզբ՝ հայցվորի կողմից հայց հարուցելու իրավունքի ծագման օր են դիտարկել 18012018 թվականը, այսինքն՝ ՀՀ ԱԻՆ մասնագետների կողմից Երևան քաղաքի Սարի-Թաղ, 18-րդ փողոցի թիվ 68 հասցեում գտնվող տան տեխնիկական վիճակի և դրա վատթարացմանը նպաստող պատճառների ուսումնասիրման մասին ՀՀ ԱԻՆ-ի 18012018 թվականի գրության տրամադրման օրը՝ հիմք ընդունելով այն, որ հայցվորն իր իրավունքի խախտման մասին իմացել է 18012018 թվականին։

Մինչդեռ ստորադաս դատարաններն անտեսել են, որ ՀՀ ԱԻՆ-ի գրությունները միայն հավանական տեղեկություններ են բովանդակում փլուզման պատճառների վերաբերյալ (տե՛ս փաստեր 2, 4, 5): Ավելին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության՝ հայցվորի ներկայացուցչին հասցեագրված 14022019 թվականի գրությամբ առաջարկվել է տեխնիկական վիճակի մասին եզրակացություն ստանալու և վթարայնության աստիճանը որոշելու համար դիմել լիցենզավորված կազմակերպությանը (տե՛ս փաստ 4), իսկ  06032019 թվականի գրությամբ առաջարկվել է ջրահեռացման համակարգերի շահագործման և խափանումները վերացնելու համար միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ հարցն ուղղել նաև Երևանի քաղաքապետարան՝ նշելով, որ տան հետագա բնակեցման հարցը կախված է տեխնիկական վիճակի համապատասխան եզրակացությունից (տե՛ս փաստ 5)։

Իր հերթին իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի փլուզման պատճառների մասին հայցվորը տեղեկացել է Երևանի քաղաքապետարանի՝ հայցվորի ներկայացուցչին հասցեագրված 30112020 թվականի գրությամբ տրամադրված հաշվետվությունից (մասնավորապես ըստ հաշվետվության՝ 18-րդ փողոցի ստորերկրյա հոսքի ձևավորման գործում զգալի դեր ունեն ջրահեռացման համակարգի անսարքությունները, տե՛ս փաստ 6)։

Հայցվորի իրավունքը ենթադրաբար խախտած անձի վերաբերյալ տեղեկություն բովանդակում են բացառապես ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի՝ հայցվորի ներկայացուցչին հասցեագրված 05032020 թվականի և 17042020 թվականի գրությունները (տե՛ս փաստեր 7, 8)։

Հետևաբար, թեև  հայցվորի իրավունքը խախտվել է 03012018 թվականին (անվիճելի փաստ), մինչդեռ իր իրավունքի ենթադրյալ խախտման պատճառների և ենթադրյալ իրավախախտի մասին հայցվորն ամբողջական տեղեկատվություն է ստացել համապատասխանաբար 30112020 թվականի, 05032020 թվականի և 17042020 թվականի գրություններին ծանոթանալու արդյունքում։

Ասվածի համատեքստում հերքվում է հրապարակված նորմատիվ իրավական ակտի ուժով իրավունքը ենթադրաբար խախտած անձի մասին դեռևս 2018 թվականին տեղեկանալու հնարավորության մասին Դատարանի հետևությունը։

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առնվազն 11012018 թվականից 30112020 թվականն ընկած ժամանակահատվածում հայցվորը ձեռնարկել է իրավիճակից բխող ողջամիտ, իրավաչափ գործողություններ՝ բացահայտելու իր իրավունքի խախտման պատճառ հանդիսացող հանգամանքները և ենթադրաբար խախտած անձին, ու Վճռաբեկ դատարանի գնահատմամբ միայն Երևանի քաղաքապետարանի՝ հայցվորի ներկայացուցչին հասցեագրված 30112020 թվականի գրությամբ տրամադրված հաշվետվությունն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի՝ հայցվորի ներկայացուցչին հասցեագրված 05032020 թվականի և 17042020 թվականի գրությունները կարող էին հայցվորին բավարար հիմք տալ՝ հետևություն անելու իր գույքի փլուզման պատճառների և իր նյութաիրավական պահանջի հասցեատիրոջ, այն է՝ իրավունքը ենթադրյալ խախտած անձի մասին։

Այսինքն՝ հայցվորը 2018 թվականից ձեռնարկել է իր իրավունքի ենթադրյալ խախտման, տվյալ դեպքում՝ վնասի առաջացման պատճառների և իրավունքը խախտողի անձի բացահայտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ, որոնց արդյունքում վնասի առաջացման պատճառների մասին տեղեկատվությունը ստացվել է 30112020 թվականին, ենթադրյալ իրավախախտի մասին հստակ տեղեկությունը ստացվել է 05032020 թվականի, 17042020 թվականի գրություններով։

Նման պայմաններում հայցվորը վնասի հատուցման պահանջը կարող էր ներկայացնել 30112020 թվականից սկսած երեք տարվա հայցային վաղեմության ժամկետի ընթացքում, այսինքն՝ մինչև 31122023 թվականը ներառյալ։

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող 10-րդ փաստից հետևում է, որ հայցվորը հայցադիմումը Դատարան է ներկայացրել 12022021 թվականին, այսինքն՝ հայցային վաղեմության ընդհանուր՝ երեք տարվա ժամկետի պահպանմամբ։

Ամփոփելով շարադրվածը՝ Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ ստորադաս դատարանները հայցային վաղեմության ժամկետի սկիզբը սխալ են որոշել, գործում առկա ապացույցների սխալ գնահատման և կիրառելի նյութական իրավունքի նորմերի սխալ մեկնաբանման հետևանքով հանգել են հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու վերաբերյալ չհիմնավորված հետևության, ուստի վերոշարադրյալ պատճառաբանությունների ուժով հայցային վաղեմություն կիրառելու պատասխանողի միջնորդությունը ենթակա է մերժման:

 

Վերոգրյալ պատճառաբանությամբ միաժամանակ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ նկատի ունենալով, որ հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով հայցը մերժելու պայմաններում ստորադաս դատարանները գործի ըստ էության քննություն չեն իրականացրել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը ստորադաս դատարան ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն գլխի (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ) կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման,  և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1.   Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15072022 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2.  Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

3.  Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. Հակոբյան

Զեկուցող

Ա. Մկրտչյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան