ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
25 ապրիլի 2023 թ. |
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ե. Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
դիմողի՝ Մարդու իրավունքների պաշտպանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ՝ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մ. Ստեփանյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի և 68-րդ հոդվածի,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ նաև՝ Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1996 թվականի մարտի 4-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 1996 թվականի ապրիլի 4-ին և ուժի մեջ է մտել 1996 թվականի մայիսի 16-ից:
Օրենքի՝ «Ախտաբանաանատոմիական գործունեությունը» վերտառությամբ 41-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է․
«3․ Ախտաբանաանատոմիական դիահերձումներն իրականացվում են հիվանդությունների հետմահու ախտորոշման և մահվան պատճառը որոշելու նպատակով, միայն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպություններում։
Ախտաբանաանատոմիական դիահերձումների անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը»:
Ընդունումից ի վեր Օրենքի 41-րդ հոդվածում կատարվել են փոփոխություններ և լրացումներ (փոփ. 04.06.21 ՀՕ-262-Ն, փոփ., լրաց., խմբ. 04.03.22 ՀՕ-45-Ն):
Օրենքի վերոնշյալ դրույթը սույն խմբագրությամբ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում շարադրվել է ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-45-Ն օրենքով (ընդունվել է 2022 թվականի մարտի 4-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2022 թվականի մարտի 11-ին և ուժի մեջ է մտել 2022 թվականի մարտի 21-ից. սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո):
Գործի քննության առիթը Մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ՝ Դիմող)՝ 2022 թվականի նոյեմբերի 4-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, վերլուծելով սույն դիմումով վիճարկվող և դրանց առնչվող իրավադրույթները՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Դիմողի դիրքորոշումները
Ըստ Դիմողի՝ ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2022 թվականի մարտի 4-ի թիվ ՀՕ-45-Ն օրենքով ոչ իրավաչափ միջամտություն է տեղի ունեցել համապատասխան իրավահարաբերությունների մասնակիցների տնտեսական գործունեության և սեփականության իրավունքներին. վիճարկվող կարգավորումը զուրկ է իրավական որոշակիությունից և դրա կիրառումը գործնականում հանգեցրել է համապատասխան իրավահարաբերությունների մասնակիցների իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտի հետադարձ ուժով կիրառման արգելքի, ինչպես նաև պատշաճ վարչարարության իրավունքի խախտման:
Դիմողը, մասնավորապես, նշում է. «(…) կատարված փոփոխությունների արդյունքում որոշակի գործունեության իրականացման համար լիցենզիա ստացած տնտեսվարող սուբյեկտներ փաստացի զրկվում են այդ գործունեությամբ զբաղվելու իրավունքից, ինչի արդյունքում սահմանափակվում է վերջիններիս տնտեսական գործունեությամբ զբաղվելու և սեփականության իրավունքը:
(…)
(...) հարկ է արձանագրել, որ կատարված փոփոխությունները, որոնց արդյունքում սահմանափակվում է անձանց ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը, ինչն իր հերթին հանգեցնում է սեփականության իրավունքի խախտման, խախտվում է պատշաճ վարչարարության իրավունքը, տարածվում են նաև մինչև փոփոխության կատարումը ձեռք բերված իրավունքների նկատմամբ, այդպիսով վատթարացնելով ախտաբանաանատոմիական դիահերձումների իրականացման համար անհրաժեշտ համապատասխան լիցենզիա ստացած սուբյեկտների որոշակի խմբի իրավական կարգավիճակը»։
Դիմողը հանգամանորեն ներկայացնում է վիճարկվող դրույթի ընդունմանն ուղղված նախապատրաստական գործընթացը՝ նշելով, որ ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2022 թվականի մարտի 4-ի թիվ ՀՕ-45-Ն օրենքի ընդունմանն ուղղված նախապատրաստական գործընթացում «որևէ կերպ անդրադարձ կատարված չէ տնտեսական գործունեության ազատության և սեփականության իրավունքի սահմանափակմանը, դրա նպատակին և համաչափությանը, միաժամանակ, առնվազն հիմնավորումների մեջ վկայակոչված նպատակներին հասնելու համար հնարավոր է նախատեսել իրավական այնպիսի գործիքակազմ, որը չի սահմանափակի անձանց իրավունքները և վերահսկելիության դաշտ կբերի համապատասխան իրավաբանական անձանց գործունեությունը»:
Դիմողը նշում է. «(...) կատարված փոփոխության արդյունքում խտրական մոտեցում է ցուցաբերվել միատեսակ գործունեություն իրականացնող սուբյեկտների նկատմամբ, ընդ որում առանց դրա նպատակի և օբյեկտիվ տարբերակման հիմքի առնչությամբ որևէ հիմնավորման: Միաժամանակ, նման խտրական կարգավորման արդյունքում փաստացի պետական կառավարման համակարգի մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպությունների դեպքում սահմանվել է պետական մենաշնորհ, առանց անդրադառնալու նման մենաշնորհի սահմանման նպատակին, տեսակներին և դրա թույլատրելի չափերին»:
Բացի դրանից, Դիմողը գտնում է, որ տնտեսական գործունեությամբ զբաղվելու և սեփականության իրավունքների սահմանափակում ենթադրող կարգավորումների տարածումը մինչև համապատասխան փոփոխությունների ընդունումը ծագած իրավահարաբերությունների նկատմամբ հանգեցնում է անձի իրավական վիճակի վատթարացման՝ մասնավորապես, նշելով. «(…) պետական իշխանության նկատմամբ վստահության վրա հիմնված տնտեսական գործունեություն մեկնարկած սուբյեկտներն ունեցել են լեգիտիմ ակնկալիք այդ առնչությամբ, ուստի հետադարձ ուժի նման կարգով կիրառումը խաթարում է վերջիններիս սեփականության, տնտեսական գործունեության իրավունքները, ինչպես նաև փոփոխությունները տարածելով վերջիններիս նկատմամբ խախտվում է անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ ուժ չունենալու վերաբերյալ սահմանադրական բացարձակ արգելքը»:
Ըստ Դիմողի՝ անձին տրամադրված որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի սահմանափակումը ենթադրում է վարչարարական գործընթացների իրականացում, որոնց ընթացքում պետք է ապահովվի վարչական ակտի հասցեատիրոջ լսված լինելու իրավունքը: Մինչդեռ տվյալ պարագայում որևէ վարչարարական գործընթաց տեղի չի ունեցել՝ անձանց իրավունքների սահմանափակումը, բարենպաստ վարչական ակտի գործողության փաստացի դադարեցումը կատարվել է օրենսդրական փոփոխության արդյունքում, ինչն ուղղակիորեն հակասում է պատշաճ վարչարարության սահմանադրական սկզբունքն արտացոլող իրավական ակտերին այն պարագայում, երբ փոփոխություն նախատեսող իրավական ակտում անդրադարձ կատարված չէ դրա ընդունման արդյունքում վարչական ակտերի ուժը կորցրած ճանաչելուն: Դիմողը գտնում է, որ վերոնշյալի արդյունքում խախտվում են Սահմանադրությամբ երաշխավորված պատշաճ վարչարարության իրավունքը և անձի իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտի հետադարձ ուժի արգելքը:
2. Պատասխանողի դիրքորոշումները
Անդրադառնալով Դիմողի պնդմանն առ այն, որ ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2022 թվականի մարտի 4-ի թիվ ՀՕ-45-Ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում սահմանափակվում է անձանց՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը, ինչն, իր հերթին, հանգեցնում է սեփականության իրավունքի խախտման՝ Ազգային ժողովը (այսուհետ՝ Պատասխանող), վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները, մասնավորապես, նշում է. «(…) սույն գործով վիճարկվող իրավակարգավորմամբ ապահովված է պետական վերահսկելիության և իրավական տրամաբանության միասնականությունը, քանզի վիճարկվող դրույթով ամրագրված սեփականության իրավունքի սահմանափակման հիմքը բխում է պետության և հասարակության բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությունից և հանդիսանում է հանրային ու մասնավոր շահերի հավասարակշռվածության ապահովման միջոց, որը ոչ միայն չի զիջում, այլ նաև գերակայում է Դիմողի կողմից մատնանշված տնտեսական գործունեության ազատության և տնտեսական մրցակցության ամրագրված դրույթների հետապնդած նպատակին»։
««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2022 թվականի մարտի 4-ի թիվ ՀՕ-45-Ն օրենքով կատարված փոփոխությունների ու լրացման արդյունքում պատշաճ վարչարարության իրավունքի խախտման վերաբերյալ Դիմողի պնդման առնչությամբ Պատասխանողը նշում է. «(…) օրենքի ուժով միևնույն տեսակի լիցենզիա ստացած լիցենզավորված անձանց համար պետք է նախատեսվեն միանման պահանջներ և պայմաններ, ինչը նշանակում է նաև, որ եթե միևնույն տեսակի գործունեությամբ զբաղվող անձանց համար օրենքով նախատեսված են լինում որոշակի պահանջներ և պայմաններ, ապա օրենքի փոփոխության դեպքում նախկին պահանջների և պայմանների փոփոխումը վերաբերում է փոփոխությունից հետո տվյալ գործունեությամբ զբաղվող բոլոր անձանց, այդ թվում՝ մինչև փոփոխությունը լիցենզիա ստացած անձանց, ինչով էլ երաշխավորվում է նրանց իրավահավասարության սահմանադրական կանոնը, քանի որ հակառակ դեպքում կստեղծվի մի իրավիճակ, երբ մինչև փոփոխությունն անժամկետ լիցենզիա ստացած անձը կշարունակի գործել նախկին պահանջներով և պայմաններով, ինչը փոփոխությունից հետո լիցենզիա ստացած անձի համար կառաջացնի անորոշ ու անհավասար դրություն, որպիսի ոչ իրավաչափ վիճակից խուսափելու համար էլ օրենքով նախատեսվել են նշված հավասար պայմանները։
(…) լիցենզիայի պայմանների ու պահանջների այնպիսի փոփոխությունը, որը սահմանափակում է լիցենզավորված անձի իրավունքները կամ նրա համար նախատեսում է նոր պարտականություններ, ուժի մեջ է մտնում միայն համապատասխան փոփոխությունը հրապարակելուց ոչ շուտ, քան 6 ամիս հետո, ավելին՝ սահմանվել է, որ լիցենզավորման պայմանների ու պահանջների փոփոխության դեպքում նախկինում տրված լիցենզիաները պահպանում են իրենց իրավական ուժը, իսկ այդպիսի երաշխիքն էլ հնարավորություն է տալիս անձին իր լիցենզավորված գործունեությունն ըստ էության համապատասխանեցնել նոր պահանջներին և պայմաններին։
Այսպիսիով, հանգում ենք այն եզրակացությանը, որ վերոնշյալ իրավակարգավորումների դեպքում անձի լսված լինելու իրավունքը չի խախտվում, և օրենքով սահմանված 6 ամիս ժամկետում անձի համար երաշխավորվում է վարչական մարմնի միջամտող անհատական ակտի դեմ արդյունավետ պաշտպանության ապահովման հնարավորությունը»։
Վիճարկվող իրավադրույթի հետադարձության հարցի առնչությամբ Պատասխանողը նշում է. «(…) հատկանշական է հիշատակել ՎԴ/6363/05/22 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 15-ի վճիռը, որտեղ Դատարանն անդրադարձել է այն հարցին, որ ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2022 թվականի մարտի 4-ի թիվ ՀՕ-45-Ն օրենքով սահմանվել են նոր պահանջներ և պայմաններ, որոնց էլ պետք է համապատասխանեն տվյալ տեսակի գործունեությունն իրականացնող բոլոր սուբյեկտները, և նաև նոր պահանջների և պայմանների ներդրման համար օրենքով երաշխավորվել է անցումային փուլ, այլ ոչ թե նոր պահանջներին և պայմաններին տրվել է հետադարձ ուժ»:
Վիճարկվող դրույթի որոշակիության հարցի առնչությամբ Պատասխանողը նշում է․ «(…) կարծում ենք, որ վիճարկվող դրույթը որոշակի է, անձի համար կանխատեսելի է դարձնում իր իրավաչափ սպասելիքները (…)»։
3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները
Սույն դիմումով վիճարկվող օրինադրույթի սահմանադրականությունը պարզելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ ներքոնշյալ հարցադրմանը՝
- արդյոք վիճարկվող իրավակարգավորմամբ ախտաբանաանատոմիական դիահերձումներ իրականացնելու համար լիցենզիա ստացած անձանց Սահմանադրությամբ երաշխավորված տնտեսական գործունեության ազատության, ինչպես նաև սեփականության իրավունքի սահմանափակումը համապատասխանո՞ւմ է հիմնական իրավունքին /ազատությանն իրավաչափ միջամտության սահմանադրաիրավական չափանիշներին:
Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող օրինադրույթի սահմանադրականությունը գնահատել, մասնավորապես, Սահմանադրության 59-60-րդ հոդվածներին, ինչպես նաև 78-րդ հոդվածին համապատասխանության առումով:
4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
4.1. Տնտեսական գործունեության ազատության և տնտեսական մրցակցության երաշխավորման սահմանադրաիրավական հիմքերն ամրագրված են ինչպես Սահմանադրության՝ «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին, այնպես էլ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները» վերտառությամբ 2-րդ գլուխներում։
Սահմանադրության՝ «Տնտեսական կարգը» վերտառությամբ 11-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը:
Սահմանադրության՝ «Տնտեսական գործունեության ազատությունը և տնտեսական մրցակցության երաշխավորումը» վերտառությամբ 59-րդ հոդվածի համաձայն՝
«1. Յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Այս իրավունքի իրականացման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:
2. Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով:
3. Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը և հակամրցակցային համաձայնություններն արգելվում են»:
Տնտեսական կարգը յուրաքանչյուր պետության զարգացման երաշխիքն է, ինչպես նաև հասարակության և անձի կայուն ու արդյունավետ գործունեության նախադրյալը:
Սահմանադրության 59-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ տնտեսական գործունեության ազատությունը և տնտեսական մրցակցությունը դիտարկվում են միասնության մեջ, այսինքն՝ հնարավորություն ընձեռելով իրականացնելու տնտեսական գործունեություն՝ պետությունը, միևնույն ժամանակ, պետք է երաշխավորի տնտեսական մրցակցությունը: Պետության տնտեսական քաղաքականությունը պետք է ուղղված լինի բոլոր տնտեսվարողների համար ոչ միայն անհրաժեշտ և հավասար պայմաններ ապահովելուն, որպեսզի յուրաքանչյուրն ազատորեն, առանց խոչընդոտների իրականացնի տնտեսական գործունեություն, այլև տնտեսական գործունեությանը բնորոշ առողջ մրցակցություն երաշխավորելուն՝ բացառելով շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը և հակամրցակցային համաձայնությունները:
Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է տնտեսական գործունեության ազատությանը:
Սահմանադրական դատարանի՝ 1999 թվականի հունվարի 27-ի ՍԴՈ-152 որոշման մեջ, մասնավորապես, նշված է. «Ազատ տնտեսական մրցակցության սկզբունքն իր հերթին բխում է տնտեսական ազատության և հավասարության սկզբունքներից և նշանակում է շուկայական տնտեսության ներսում բոլոր տնտեսավարող սուբյեկտների հավասարություն, պետության կողմից նրանց համար հավասար պայմանների և հնարավորությունների ապահովում:
Միաժամանակ, ՀՀ Սահմանադրության դրույթների, սահմանադրականության միջազգային սկզբունքների վերլուծությունը վկայում է, որ ազատ տնտեսական մրցակցությունը չի բացառում պետության ու հասարակության անվտանգության և օրինական շահերի, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով պետության կողմից արգելված, պետական լիցենզավորման ենթակա, բնական կամ պետական մենաշնորհ հանդիսացող կամ բացառիկ իրավունքներով կարգավորվող գործունեության տեսակների առկայությունը:
Նման ոլորտների հստակեցումը, տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության շրջանակների հնարավոր սահմանափակումները սակայն կանոնակարգվում են Սահմանադրությամբ և օրենքներով՝ ապահովելու համար նաև հակամենաշնորհային այնպիսի քաղաքականության իրականացում, որը երաշխավորում է բարեխիղճ մրցակցություն և տնտեսական ու սոցիալական առաջընթաց»:
Սահմանադրությամբ ամրագրված տնտեսական գործունեության ազատությունը և տնտեսական մրցակցությունը պետության զարգացման կարևոր նախապայմաններն ու անկյունաքարերն են՝ հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուրին՝ ազատ, բարեխիղճ, հավասար և մրցակցային պայմաններում իրականացնելու տնտեսական գործունեություն:
4.2. Տնտեսական գործունեության ազատությունը սերտորեն փոխկապակցված է սեփականության իրավունքի հետ և ուղղակիորեն առնչվում է յուրաքանչյուրի սեփականության սահմանադրական իրավունքին:
Տնտեսական գործունեության ազատության և տնտեսական մրցակցության երաշխավորման ու սեփականության իրավունքի փոխկապակցվածությունը դրսևորվում է նրանում, որ ազատ տնտեսական գործունեության և տնտեսական մրցակցության արդյունքում սեփականության ծավալն ավելացնելու նոր նախադրյալներ են ստեղծվում, ինչն, իր հերթին, իրական հնարավորություն է ընձեռում նաև ազատ տնտեսական գործունեության շրջանակն ընդլայնելու համար։
Սահմանադրության՝ «Սեփականության երաշխավորումը» վերտառությամբ 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:
Սահմանադրության՝ «Սեփականության իրավունքը» վերտառությամբ 60-րդ հոդվածի համաձայն՝
«1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:
(...)
3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
(...)»:
Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է սեփականության իրավունքին, մասնավորապես՝ նշելով.
- «(...) սեփականության իրավունքը ճանաչելով որպես յուրաքանչյուրի հիմնական իրավունք, բացահայտվում է այդ իրավունքի բովանդակությունը, այն է՝ իր սեփականությունը տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իրավազորությունները՝ միաժամանակ որպես դրանց իրացման նախապայման սահմանելով սեփականատիրոջ հայեցողությունը։ Սահմանադրական այս նորմում «իր հայեցողությամբ» ձևակերպման շեշտադրմամբ սեփականության իրավունքի իրացման հիմքում դրվել է սեփականատիրոջ հստակ արտահայտված կամքը, վերջինս դիտարկվում է որպես սեփականության իրավունքի իրացման պարտադիր նախապայման, և սեփականության իրացման գործընթացում վճռորոշ դերակատարություն է հաղորդվում անձի կամաարտահայտությանը։ Այս դրույթի բովանդակությունը հանգում է նրան, որ գույքային իրավունքների իրացումը պետք է իրականացվի սեփականության անձեռնմխելիության և պայմանագրային ազատության սկզբունքների հիման վրա, որոնք ենթադրում են, ի թիվս այլնի, քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակիցների կամքի ինքնավարություն և գույքային ինքնուրույնություն։
(...)
(…) ՀՀ Սահմանադրությունը թույլատրում է բացառապես երկու դեպք, այն է՝ 31-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերը, երբ սեփականատիրոջ կամքն առաջնային չէ, և սեփականության իրավունքի իրացումը չի բխում սեփականատիրոջ հայեցողությունից։ Հետևաբար, ցանկացած այլ դեպքում սեփականության իրավունքի իրացման գործընթացում միջամտությունը սեփականատիրոջ հայեցողությանը, սեփականատիրոջ գույքի տնօրինումն առանց այդ հայեցողության հստակ արտահայտման և դրսևորման չի կարող համարվել իրավաչափ և կհանդիսանա սեփականության իրավունքի խախտում» (2012 թվականի փետրվարի 24-ի ՍԴՈ-1009 որոշում),
- «(...) Սեփականության իրավունքը որպես ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության պայմաններում անձի իրավունքների ու ազատությունների երաշխավորման բնութագրիչ, միաժամանակ նաև՝ որպես մասնավոր և հանրային իրավահարաբերությունների կարգավորման կառուցակարգ ունի սահմանադրաիրավական կարևոր նշանակություն: Այն միջազգային իրավական ամրագրում է ստացել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում (հոդված 17-րդ), Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրությունում, որի 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով (...)» (2018 թվականի հոկտեմբերի 30-ի ՍԴՈ-1432 որոշում),
- «(...) ՀՀ Սահմանադրության 31 հոդվածով երաշխավորված՝ սեփականության իրավունքի պաշտպանությունը տրամադրվում է այն անձանց, ում սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է, կամ ովքեր օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք» (2008 թվականի մարտի 18-ի ՍԴՈ-741 որոշում):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայի համաձայն՝ ԳՄարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով ամրագրված՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքի իմաստով գույք է համարվում ոչ միայն գոյություն ունեցող նյութական միջոցը, այլև նյութական միջոցը ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքը (“ Trgo v. Croatia”, Application no. 35298/04, 11.06.2009, Final 11.09.2009, « 44):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ «գույքը» կարող է լինել «գոյություն ունեցող սեփականությունը» կամ «ակտիվները», ներառյալ` պահանջները, որոնց առնչությամբ դիմումատուն կարող է վիճարկել, որ առնվազն ունի սեփականության իրավունքից անարգել օգտվելուց «իրավաչափ ակնկալիք» (“J. A. Pye (Oxford) Ltd and J. A. Pye (Oxford) Land Ltd v. United Kingdom”, Application no. 44302/02, 30.08.2007, « 61):
«Ակնկալիքը» համարվում է իրավաչափ, եթե այն հիմնված է օրենսդրական դրույթի կամ քննարկվող գույքի վերաբերյալ իրավական ակտի վրա (“Saghinadze and others v. Georgia”, Application no. 18768/05, 27.05.2010, Final 27.08.2010, « 103):
Գործարարական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ լիցենզիան թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով գույք է. այն ուժը կորցրած ճանաչելը ենթադրում է նշված հոդվածով երաշխավորված իրավունքին միջամտություն (“Bimer S. A. v. Moldova”, Application no. 15084/03, 10.07.2007, Final 10.10.2007, « 49)։
Միաժամանակ, հարկ է նշել, որ սեփականության իրավունքը ենթակա է սահմանափակման, և այդ առնչությամբ նախանշված են այն նպատակները, որոնց առկայության պարագայում նշված իրավունքին միջամտությունը կարող է լինել իրավաչափ:
4.3. Սահմանադրական դատարանը սույն սահմանադրաիրավական վեճի լուծման համար կարևոր է համարում անդրադառնալ ախտաբանաանատոմիական դիահերձումներ իրականացնելու նպատակով լիցենզիա ստացած անձանց համապատասխան գործունեության իրականացմանը միջամտության հիմնախնդրին՝ տնտեսական գործունեության ազատության, ինչպես նաև սեփականության իրավունքի համատեքստում:
Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները և լիցենզավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» օրենքով:
«Լիցենզավորման մասին» օրենքի 3-րդ հոդվածը բացահայտում է այդ օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների բովանդակությունը. ըստ այդմ՝ լիցենզիան լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվությունն է, ինչպես նաև այդ իրավունքը հաստատող պաշտոնական փաստաթուղթը:
Տնտեսական գործունեության առանձին տեսակների համար պետությունը, ելնելով անձանց կյանքին, առողջությանը, գույքին, պետության և հասարակության շահերին, բնության, մշակութային ժառանգության պահպանությանն առավել վտանգի սպառնալիք պարունակող գործունեության տեսակներով զբաղվողների նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակից, սահմանել է տվյալ գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն: Այլ կերպ՝ պետության կողմից որոշակի տեսակի գործունեության լիցենզավորումն ինքնանպատակ չէ, այլ իրականացվում է ի պաշտպանություն հանրային շահերի, որոնք կարող են վտանգվել տնտեսվարողների գործունեության արդյունքում:
«Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածին համապատասխան՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակում ներառված է առողջապահության բնագավառը, որում, ի թիվս այլնի, նշված է բժշկական օգնության և սպասարկման իրականացումը:
Բնակչության բժշկական օգնության և սպասարկման ոլորտն ուղղված է յուրաքանչյուրի կյանքի և առողջության պահպանմանն ու բարելավմանը: Այլ կերպ՝ տվյալ ոլորտում ցանկացած գործունեություն իր բնույթով առանձնակի կարևոր և պատասխանատու է՝ ապահովելու ինչպես հանրության, այնպես էլ յուրաքանչյուրի առողջության պահպանությունը՝ որպես Սահմանադրության 85-րդ հոդվածով ամրագրված երաշխիք, ինչն էլ բխում է սոցիալական պետության բովանդակությունից:
Մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի իրականացումն ապահովող բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, կանխարգելման, իրավական, տնտեսական և ֆինանսական հարցերը, ինչպես նաև բժշկական արտադրատեսակների շրջանառության հետ կապված հարաբերությունները կարգավորված են Օրենքով: Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ախտաբանաանատոմիական գործունեությունը բժշկական օգնության և սպասարկման տեսակ է, որն իրականացվում է ձևաբանական հետազոտությունների և ախտաբանաանատոմիական դիահերձումների միջոցով: Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները մատուցում են համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, և դրանք դասակարգվում են ըստ բժշկական օգնության և սպասարկման տեսակների, պայմանների և ձևերի:
Կառավարության` 2008 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը սահմանելու մասին» N-276-Ն որոշմամբ բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկում, ի թիվս այլնի, սահմանվել է ախտաբանաանատոմիական գործունեությունը:
Կառավարության՝ 2021 թվականի ապրիլի 8-ի «Ախտաբանաանատոմիական դիահերձումների անցկացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1082-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 27-ի N 1212-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 519-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ ախտաբանաանատոմիական դիահերձումները կատարվում են բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող հաստատությունում՝ «ախտաբանական անատոմիա և կլինիկական մորֆոլոգիա» մասնագիտությամբ համապատասխան մասնագետի կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և հավելվածով սահմանված ախտաբանաանատոմիական դիահերձումների անցկացման կարգին համապատասխան:
Այսպիսով, ախտաբանաանատոմիական դիահերձումն ախտաբանաանատոմիական գործունեության իրականացման ձևերից է, իսկ այդ գործունեությունը բժշկական օգնության և սպասարկման տեսակ է: Ախտաբանաանատոմիական դիահերձումը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է, այսինքն՝ տվյալ գործունեությամբ զբաղվելու համար օրենսդիրը նախատեսել է իրավասու մարմնի կողմից տրված պաշտոնական թույլտվություն ունենալու պարտադիր պահանջ։
Օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի նախկին խմբագրության բովանդակային վերլուծությունից բխում էր, որ այն սահմանում էր միայն ախտաբանաանատոմիական դիահերձումների նպատակը, այն է՝ դրանք իրականացվում են հիվանդությունների հետմահու ախտորոշման և մահվան պատճառը որոշելու նպատակով: Օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի գործող (վիճարկվող) խմբագրությամբ սահմանված են ոչ միայն ախտաբանաանատոմիական դիահերձումների նպատակը, այլև ախտաբանաանատոմիական դիահերձումներ իրականացնելու պայմանները, այն է՝ դրանք կարող են իրականացվել միայն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպություններում:
Սույն սահմանադրաիրավական վեճը քննելիս Սահմանադրական դատարանը կարևորում է «հիվանդանոցային» և «արտահիվանդանոցային» պայմանների առանձնահատկությունների բացահայտումը:
Այսպես, Օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում են հետևյալ պայմաններում.
1) բժշկական կազմակերպությունից դուրս (շտապօգնության կանչի վայրում, ներառյալ՝ մասնագիտացված շտապօգնությունը, ինչպես նաև բժշկական տարհանման ժամանակ՝ տրանսպորտում),
2) արտահիվանդանոցային պայմաններում՝ շուրջօրյա բժշկական հսկողություն և բուժում չպահանջող դեպքերում (ներառյալ՝ տնային կանչը),
3) ցերեկային ստացիոնարի պայմաններում (ցերեկային ժամերին բժշկական հսկողություն և բուժում ապահովելու պայմաններով, որոնք չեն պահանջում շուրջօրյա բժշկական հսկողություն և բուժում),
4) հիվանդանոցային, երբ անհրաժեշտ են շուրջօրյա բժշկական հսկողություն և բուժում:
Օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը, ինչպես նաև հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մակարդակների սահմանման և տրամադրման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
Առողջապահության նախարարի՝ 2021 թվականի դեկտեմբերի 9-ի «Արտահիվանդանոցային և հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մակարդակների սահմանման և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 93-Ն հրամանի հավելվածի 2-րդ կետով սահմանված է, որ արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը ներառում է բժշկական օգնության այն տեսակները, որոնց իրականացումը չի պահանջում շուրջօրյա բժշկական հսկողություն և բուժում (այդ թվում` տնային կանչը) և ընդգրկում է կանխարգելիչ, ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումներ, իսկ հիշյալ հավելվածի 16-րդ կետի համաձայն՝ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունները բժշկական հաստատություններն են, որտեղ բնակչությանը տրամադրվում է մասնագիտացված բժշկական օգնություն՝ կիրառելով համալիր բժշկական միջոցառումներ, մասնավորապես, ախտորոշում, բուժում, շուրջօրյա բժշկական հսկողություն և հատուկ խնամք:
Վերոնշյալ իրավակարգավորումների համատեքստում, հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում բնակչության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելուն ներկայացվող օրենսդրական պահանջները տարբեր են, և դրանցից յուրաքանչյուրն ունի որոշակի առանձնահատկություններ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ախտաբանաանատոմիական դիահերձումներն իրականացվում են հիվանդությունների հետմահու ախտորոշման և մահվան պատճառը որոշելու նպատակով՝ նշված գործունեության իրականացման որակական չափանիշի համապատասխանության դեպքում միայն հնարավոր կլինի հասնել հիվանդությունների հետմահու ախտորոշմանը և մահվան պատճառի որոշմանը, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հիվանդությունների կանխարգելմանն ուղղված առողջապահական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Ընդ որում՝ այդ գործունեության իրականացումն առանձնակի կարևորվում է քրեական գործերով վարույթի ընթացքում՝ նպաստելով հանցագործությունների բացահայտմանը:
Ախտաբանաանատոմիական դիահերձումներ իրականացնելու ոլորտում արդյունավետ վերահսկողական գործիքակազմի առկայությունը վերոնշյալ նպատակի լիարժեք իրացման երաշխիք է։
Գործող իրավակարգավորումներով սահմանված պահանջի լույսի ներքո ախտաբանաանատոմիական դիահերձումներ իրականացնելու համար լիցենզավորված անձինք, որոնք տվյալ տեսակի գործունեությունը մինչև Օրենքի վիճարկվող իրավակարգավորման ուժի մեջ մտնելն իրականացրել են հիվանդանոցային պայմաններից դուրս, այսինքն՝ արտահիվանդանոցային պայմաններում, Օրենքի վիճարկվող իրավակարգավորման ուժի մեջ մտնելուց հետո իրենց գործունեությունը պետք է համապատասխանեցնեն գործող իրավակարգավորումներին. հակառակ դեպքում՝ համապատասխան գործունեություն իրականացնելու համար լիցենզավորված անձինք չեն կարողանա իրականացնել ախտաբանաանատոմիական դիահերձումներ՝ արտահիվանդանոցային պայմաններում:
Վերոնշյալից բխում է, որ առկա է միջամտություն ախտաբանաանատոմիական դիահերձումներ իրականացնելու համար լիցենզիա ստացած անձանց տնտեսական գործունեության ազատությանը, ինչպես նաև սեփականության իրավունքին:
Ի պատասխան սույն գործով զեկուցող՝ Սահմանադրական դատարանի դատավորի՝ Առողջապահության նախարարին հասցեագրված 2023 թվականի փետրվարի 8-ի ՍԴԴ-14 և մարտի 27-ի ՍԴԴ-23 գրությունների՝ 2023 թվականի փետրվարի 15-ին և ապրիլի 4-ին Սահմանադրական դատարան մուտքագրված գրություններում նշված է. «(...) ախտաբանաանտոմիական տեսակով գործունեություն կարող է իրականացվել այն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից, որոնք այլ տեսակով (և կամ տեսակներով) իրականացնում են բժշկական օգնություն և սպասարկում հիվանդանոցային պայմաններում»:
4.4․ Ախտաբանաանատոմիական դիահերձումներ իրականացնելու համար լիցենզիա ստացած անձանց տնտեսական գործունեության ազատությանը, ինչպես նաև սեփականության իրավունքին միջամտության սահմանադրականության հարցը ենթակա է բացահայտման և գնահատման՝ իրավունքին միջամտության իրավաչափության ստուգման թեստի շրջանակներում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և Սահմանադրական դատարանն իրենց ակտերում զարգացրել և բազմիցս կիրառել են իրավունքին/ազատությանը միջամտության իրավաչափության ստուգման թեստը: Այն պահանջում է ցանկացած միջամտություն գնահատել հետևյալ չափանիշների համատեքստում.
1) արդյո՞ք միջամտությունը նախատեսված է օրենքով,
2) արդյո՞ք այն հետապնդում է իրավաչափ նպատակ,
3) արդյո՞ք ընտրված միջոցը բավարար և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու համար:
4.4․1․ Միջամտությունն օրենքով նախատեսված լինելու հանգամանքի գնահատման առումով հիմնական իրավունքին/ազատությանը միջամտությունը նախատեսված է ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2022 թվականի մարտի 4-ի թիվ ՀՕ-45-Ն օրենքով, այսինքն՝ միջամտությունը նախատեսված է օրենքով:
4.4․1.1. Այդ համատեքստում կարևորվում է վիճարկվող իրավակարգավորման՝ իրավական որոշակիության սահմանադրաիրավական սկզբունքին համապատասխանության գնահատման հարցը։
Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողներն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:
Սահմանադրական դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին՝ մասնավորապես, նշելով.
- «Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն։ Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում։ Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը:
Օրենքի կանխատեսելիությունը գնահատելու համար կարևոր գործոն է նաև տվյալ հարաբերությունները կանոնակարգող տարբեր կարգավորումների միջև հակասությունների առկայության կամ բացակայության հանգամանքը» (2008 թվականի մայիսի 13-ի ՍԴՈ-753 որոշում),
- «(…) իրավական պետությունում, իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում, օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ սպասելիքները» (2014 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-1148 որոշում).
- «(…) իրավական որոշակիության սկզբունքի ապահովման առումով ընդհանուր տրամաբանությունն հանգում է այն գաղափարին, որ թեև իրավական որոշակիությունն անհրաժեշտ է, այնուամենայնիվ, այդ սկզբունքը չի բացառում իրավական ակտերում այնպիսի ձևակերպումների կամ եզրույթների առկայությունը, որոնք գնահատողական բնույթ ունեն և յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առավել հստակեցվում են իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում» (2021 թվականի մայիսի 4-ի ՍԴՈ-1592 որոշում):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Բուսույոկն ընդդեմ Մոլդովայի» գործով վճռում, մասնավորապես, նշել է, որ «օրենքով նախատեսված» արտահայտության պահանջներից մեկն այն է, որ համապատասխան միջոցը պետք է լինի կանխատեսելի: Նորմը չի կարող համարվել «օրենք», քանի դեռ ձևակերպված չէ բավարար հստակությամբ, որպեսզի անձին հնարավորություն ընձեռի կարգավորելու իր վարքագիծը. անձը պետք է կարողանա տվյալ հանգամանքներում ողջամտորեն կանխատեսել իր տվյալ գործողության հետևանքները: Այդ հետևանքները չեն կարող կանխատեսելի լինել բացարձակ որոշակիությամբ: Թեև օրենքում որոշակիությունն առավել ցանկալի է, դա կարող է հանգեցնել չափազանց կոշտության, և օրենքը պետք է կարողանա հարմարվել փոփոխվող հանգամանքներին։ Հետևաբար՝ բազմաթիվ օրենքներ անխուսափելիորեն ձևակերպվում են այնպիսի հասկացություններով, որոնք քիչ թե շատ անորոշ են, և որոնց մեկնաբանությունը և կիրառումը պրակտիկայի խնդիր է (“Case of Busuioc v. Moldova”, Application no. 61513/00, 21.12.2004, Final 21.03.2005, « 52):
Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է. վիճարկվող կարգավորումը բավարար չափով որոշակի է, և համապատասխան իրավահարաբերության սուբյեկտը լիարժեք կարող է կանխատեսել վիճարկվող կարգավորման պահանջները չկատարելու իրավական հետևանքները, ըմբռնել իրենից ակնկալվող վարքագծի բնույթը և, ըստ այդմ՝ իր վարքագիծը համապատասխանեցնել օրենսդրական գործող (նոր) պահանջներին։ Լիցենզավորման ենթակա գործունեությունն իրականացնելիս լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել տվյալ գործունեության իրականացման համար նախատեսված պարտադիր պայմանները և պահանջները: Օրենքի գործող (նոր) իրավակարգավորմամբ սահմանված են ախտաբանաանատոմիական դիահերձումներ իրականացնելու նոր պայմաններ և պահանջներ, ինչից բխում է, որ ախտաբանաանատոմիական դիահերձումներ իրականացնելու համար նախկին իրավակարգավորումներով սահմանված պայմաններին և պահանջներին համապատասխան լիցենզիա ստացած անձինք իրենց վարքագիծը պետք է համապատասխանեցնեն գործող (նոր) կարգավորումներին:
4.4․1.2. Սահմանադրության՝ «Օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ ուժը» վերտառությամբ 73-րդ հոդվածի համաձայն՝
«1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի՝ «Նորմատիվ իրավական ակտերի գործողությունը ժամանակի մեջ» վերտառությամբ 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով:
Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ ուժի արգելքի սահմանադրաիրավական խնդրի առնչությամբ Սահմանադրական դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 14-ի ՍԴՈ-1437 որոշման մեջ, մասնավորապես, նշված է. «Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-649, ՍԴՈ-723, ՍԴՈ-758, ՍԴՈ-881, ՍԴՈ-1000, ՍԴՈ-1061, ՍԴՈ-1142, ՍԴՈ-1224, ՍԴՈ-1326), անդրադառնալով անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ ուժի արգելքի սահմանադրաիրավական խնդրին, արտահայտել է իրավական դիրքորոշումներ, համաձայն որոնց՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ ուժի արգելքի սկզբունքը.
- պետական իշխանության նկատմամբ վստահության և իրավական պետության սկզբունքների կարևոր բաղադրատարրերից մեկն է,
- իրավական անվտանգության սկզբունքի հետ մեկտեղ կոչված է ապահովելու հարգանքը լեգիտիմ ակնկալիքների հանդեպ,
- ընդհանուր կանոն է, իսկ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը` բացառություն ընդհանուր կանոնից, ինչը բխում է մարդու իրավունքների երաշխավորման, իրավակիրառ մարմինների կողմից կամայականությունների կանխարգելման նկատառումներից,
- իրավական որոշակիության սկզբունքի ապահովման կարևոր երաշխիք է, միաժամանակ, այդ սկզբունքից բխում է այն արգելքը, համաձայն որի՝ անթույլատրելի է այն իրավունքների սահմանափակումը կամ վերացումը, որոնք ամրագրվել են նախկինում գործող նորմերի հիման վրա, ինչը կհակասեր նաև մի շարք միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններին»:
Վերոնշյալի լույսի ներքո, անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի արգելման սկզբունքն իրավական անվտանգության կարևոր բաղադրիչ և երաշխիք է, ինչպես նաև իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման, հանրային իշխանության նկատմամբ վստահության բարձրացմանն ուղղված պահանջ:
«Լիցենզավորման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ լիցենզիայի պայմանների ու պահանջների այնպիսի փոփոխությունը, որը սահմանափակում է լիցենզավորված անձի իրավունքները կամ նրա համար նախատեսում է նոր պարտականություններ, ուժի մեջ է մտնում համապատասխան փոփոխությունը հրապարակելուց ոչ շուտ, քան 6 ամիս հետո: Նույն օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ լիցենզավորման պայմանների ու պահանջների փոփոխության դեպքում նախկինում տրված լիցենզիաները պահպանում են իրենց իրավական ուժը՝ նշված օրենքով նախատեսված ժամկետներով:
««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2022 թվականի մարտի 4-ի թիվ ՀՕ-45-Ն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ ախտաբանաանատոմիական դիահերձումներ իրականացնելու նոր պայմանները և պահանջներն ուժի մեջ են մտել նշված օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո:
Վերոնշյալ, ինչպես նաև Օրենքի համապատասխան իրավակարգավորումների (նախկին և գործող խմբագրություններով) համեմատական վերլուծության արդյունքներով Սահմանադրական դատարանը փաստում է, որ պետությունը, ելնելով ախտաբանաանատոմիական դիահերձումներ իրականացնելու գործունեության նկատմամբ պատշաճ վերահսկողություն ապահովելու անհրաժեշտությունից, նոր իրավակարգավորումներով փոփոխել է ախտաբանաանատոմիական դիահերձումներ իրականացնելու պայմանները և պահանջները (սահմանել նոր պայմաններ և պահանջներ): Տնտեսվարող սուբյեկտներին համապատասխան գործունեություն իրականացնելու համար նախկին իրավակարգավորման գործողության պայմաններում տրված լիցենզիաները շարունակել են գործել: Օրենսդիրն առանձին (ըստ էության՝ անցումային) կարգավորման միջոցով արդեն իսկ լիցենզիա ունեցող անձանց համար նախատեսել է նոր իրավակարգավորումների ուժի մեջ մտնելու վեցամսյա ժամկետ, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն ունենան իրենց վարքագիծը համապատասխանեցնել նոր պայմաններին և պահանջներին:
Ախտաբանաանատոմիական դիահերձումներ իրականացնելու համար լիցենզիա ստացած անձինք նոր իրավակարգավորումներով առաջադրված նոր պայմաններն ու պահանջները՝ դրանք իրենց համար վատթարացնող լինելու փաստարկով պայմանավորված, իրենց նկատմամբ չկիրառելու ակնկալիք ունենալ չեն կարող, քանզի օրենսդիրը խնդրո առարկա իրավահարաբերությունների բովանդակությանը ներկայացվող նոր պայմաններ ու պահանջներ է առաջադրել, որոնք տարածվում են նաև բոլոր այն անձանց վրա, որոնք մինչ այդ արդեն իսկ հանդիսացել են տվյալ իրավահարաբերության սուբյեկտներ: Դա նշանակում է, որ օրենսդրական նոր կարգավորումները հավասարապես վերաբերում են ինչպես ախտաբանաանատոմիական դիահերձումներ իրականացնելու մտադրություն ունեցող, այնպես էլ մինչ այդ կարգավորումներն այդպիսի գործունեություն ծավալած և այն շարունակելու ցանկություն ունեցող սուբյեկտներին։
Այս համատեքստում անդրադառնալով Դիմողի այն դիրքորոշմանը, որ վիճարկվող իրավակարգավորումը կարող է դիտարկվել որպես Սահմանադրության 29-րդ հոդվածով ամրագրված խտրականության արգելքի սկզբունքի խախտում՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ «Լիցենզավորման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ միևնույն տեսակի լիցենզիա ստացած լիցենզավորված անձանց համար պետք է նախատեսվեն միանման պահանջներ և պայմաններ: Տվյալ դեպքում Օրենքի 41-րդ հոդվածում կատարված փոփոխության արդյունքում ախտաբանաանատոմիական դիահերձումներ իրականացնելու համար սահմանվել են նոր պայմաններ և պահանջներ, որոնք պետք է հավասարապես վերաբերելի լինեն ախտաբանաանատոմիական դիահերձումներ իրականացնող բոլոր սուբյեկտներին:
Առողջապահության նախարարի 2012 թվականի հուլիսի 31-ի N 11-Ն հրամանով հաստատվել են «Ախտաբանաանատոմիական բաժանմունքների, հյուսվածքաբանական լաբորատորիաների տեղակայմանը, կառուցվածքին, ներքին հարդարմանը, գույքի և սարքավորումների շահագործմանը, միկրոկլիմային, օդափոխանակությանը, ջրամատակարարմանը և ջրահեռացմանը, սանիտարահակահամաճարակային ռեժիմին ներկայացվող պահանջներ» N 2-III-3.3.1.-026-12 սանիտարահամաճարակաբանական կանոնները և նորմերը։
Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման, բժշկական արտադրատեսակների արտադրության, բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման 12-րդ հավելվածով սահմանված են ախտաբանաանատոմիական բժշկական օգնության և սպասարկման տեսակի գործունեության համար արտահիվանդանոցային պայմաններում անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները, իսկ 13-րդ հավելվածով՝ հիվանդանոցային պայմանների համար։
Այդ առնչությամբ Առողջապահության նախարարությունից 2023 թվականի ապրիլի 4-ին մուտքագրված պատասխան գրության մեջ նշված է. «(...) բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային և արտահիվանդանոցային ախտաբանաանատոմիական տեսակով գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքային, տեխնիկական և մասնագիտական որակավորման պայման-պահանջները սահմանված են ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման, համապատասխանաբար, 12-րդ հավելվածի 13-րդ և 13-րդ հավելվածի 84-րդ կետերով, որոնց ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ քննարկվող պայմաններում ախտաբանաանատոմիական տեսակով գործունեության իրականացման համար գույքային և տեխնիկական հագեցվածության պահանջների տարբերություններ առկա չեն: Ինչ վերաբերում է մասնագիտական որակավորման պահանջներին, ապա արտահիվանդանոցային պայմաններում նշված տեսակով գործունեության իրականացման համար անհրաժեշտ է մեկ ավագ բուժաշխատող համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ` ախտաբանական անատոմիա և կլինիկական մորֆոլոգիա և միջին բուժաշխատող, իսկ հիվանդանոցային պայմանի դեպքում` 4 ավագ բուժաշխատող և 4 միջին բուժաշխատող` հերթապահության սկզբունքի պահպանման համար»:
Սահմանադրության՝ «Խտրականության արգելքը» վերտառությամբ 29-րդ հոդվածի համաձայն՝ խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է: Սահմանադրության 29-րդ հոդվածում թվարկված են խտրականության սահմանադրական արգելքով պաշտպանված հիմքերը, որոնք ունեն հստակ և որոշակի բովանդակություն, բացառությամբ նույն հոդվածում պաշտպանվող հիմքերի թվարկման համար օգտագործված «անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներ» ձևակերպման, որոնք, ի տարբերություն պաշտպանվող հիմքերի մնացած մասի, բաց ցանկ են նախատեսում:
Այնուամենայնիվ, թեպետ «անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներ» ձևակերպումը խտրականության արգելքով պաշտպանվող բաց ցանկ է նախատեսում, այն խիստ որոշակիորեն սահմանում է այդ ցանկով հնարավոր հիմքերի բնույթը, որոնցից որևէ մեկը Սահմանադրության 29-րդ հոդվածով պաշտպանվող հիմք հանդիսանալու համար պետք է լինի «անձնական» կամ «սոցիալական» բնույթի:
Վերոնշյալի համատեքստում Դիմողի կողմից սույն գործով ներկայացված չէ որևէ հիմնավորում առ այն, որ համապատասխան սուբյեկտների նկատմամբ տարբերակված վերաբերմունքը դրսևորվել է Սահմանադրության 29-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկով կամ պայմանավորված է «անձնական» կամ «սոցիալական» բնույթի որևէ հանգամանքով։ Սահմանադրական դատարանը նույնպես չի նկատում սույն գործով Սահմանադրության 29-րդ հոդվածով նախատեսված՝ խտրականության սահմանադրական արգելքով պաշտպանված որևէ հիմք. հետևաբար՝ առանց անդրադառնալու խտրականության արգելքի մյուս պայմանների առկայությանը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող նորմերի՝ Սահմանադրության 29-րդ հոդվածին հակասության հատկանիշներ առկա չեն:
4.4․2․ Անդրադառնալով հիմնական իրավունքին/ազատությանը միջամտության իրավաչափության գնահատման հաջորդ տարրի՝ իրավաչափ նպատակի առկայության հարցին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պետության պարտականությունն է պահպանել և խրախուսել տնտեսական գործունեության ազատությունը, որի լիարժեք կենսագործման համար անհրաժեշտ է ապահովել ազատ տնտեսական մրցակցություն, բարեխիղճ մրցակցության երաշխավորման համար անհրաժեշտ միջավայր, ինչպես նաև նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը և ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը։
Սահմանադրության 59-րդ հոդվածով երաշխավորված տնտեսական գործունեության ազատության սահմանադրաիրավական նորմով ամրագրված է, որ յուրաքանչյուրի՝ տնտեսական, ներառյալ՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի իրականացման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով: Յուրաքանչյուր դեպքում սահմանադիրն օրենսդրին է վերապահել համապատասխան իրավունքի իրականացման պայմանները սահմանելը, որոնց շարքում, ի թիվս այլնի, կարելի է առանձնացնել առանձին տեսակի գործունեությամբ զբաղվելու լիցենզիաների տրամադրման կարգը, պայմաններն ու պահանջները:
Տնտեսական գործունեության ազատությունը բացարձակ չէ, քանզի Սահմանադրության 59-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված է, որ մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով:
Նկատի առնելով տնտեսական գործունեության ազատության և սեփականության իրավունքի՝ բովանդակային առումով փոխկապակցված լինելու հանգամանքը՝ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում բացահայտել Սահմանադրությամբ ամրագրված տնտեսական գործունեության ազատության և սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափ նպատակները:
Սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի մայիսի 12-ի ՍԴՈ-1530 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշմանը համապատասխան՝ «(...) տնտեսական գործունեության ազատության հատուկ սահմանափակումները ամրագրված են Սահմանադրության 59-րդ հոդվածում, և այդ ազատության այլ սահմանափակումներ Սահմանադրությամբ ուղղակիորեն ամրագրված չեն, մինչդեռ տնտեսական գործունեության ազատությունը խարսխվում է սեփականության հիմնական իրավունքի վրա` Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դրա երեք իրավազորություններով հանդերձ, որը Սահմանադրության ուժով ենթակա է սահմանափակումների: Տնտեսական գործունեության ազատությունը սեփականության իրավունքի իրավազորություններից առնվազն որևէ մեկի իրականացման եղանակ է, ուստի այդ ազատությունը և սեփականության իրավունքը բովանդակային առումով փոխկապակցված են: Հետևապես` սեփականության իրավունքի` օրենքով նախատեսվող սահմանափակումները ներգործում են տնտեսական գործունեության ազատության վրա` mutatis mutandis հնարավոր դարձնելով այդ ազատության սահմանափակումները նաև Սահմանադրության 60-րդ հոդվածով նախատեսված հիմքերով»:
Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Օրենսդիրը, սահմանելով համապատասխան իրավակարգավորումները, իրավաչափ նպատակ է ունեցել պաշտպանելու սահմանադրական այնպիսի հիմնարար արժեքներ, ինչպիսիք են անձի արժանապատվությունը, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը: Այդ առնչությամբ, Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: Սահմանադրության 23-րդ հոդվածով ամրագրված է, որ մարդու արժանապատվությունն անխախտելի է:
Սահմանադրական դատարանը, իր մի շարք որոշումներում անդրադառնալով «արժանապատվություն» եզրույթին, մասնավորապես, նշել է.
- «Վավերացնելով Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է դրա Նախաբանի այն հիմնարար դրույթը, ըստ որի՝ «մարդու իրավունքները բխում են մարդկային անհատին ներհատուկ արժանապատվությունից»: Սահմանադրության 3 հոդվածի 1-ին մասում նշված է. «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են»: «Բարձրագույն արժեք» հասկացությունն այստեղ վերացական չէ և ունի որոշակի իրավական բովանդակություն: «Բարձրագույն արժեք» նշանակում է, որ որևէ այլ արժեք, այդ թվում և՛ պետական, և՛ հանրային խնդիրների լուծմանը կոչված որևէ համակարգ, չի կարող ավելի բարձր դասվել» (2006 թվականի հոկտեմբերի 4-ի ՍԴՈ-649 որոշում),
- «Մարդու և քաղաքացու իրավական կարգավիճակի կարևորագույն բաղադրիչը նրա արժանապատվությունն է, որն իր սահմանադրաիրավական բովանդակությամբ առաջնային նշանակություն ունի մարդու և քաղաքացու հիմնական բոլոր իրավունքների ու ազատությունների ազատ, անարգել ու երաշխավորված իրականացման համար։ Այն նաև ենթադրում է ինչպես սահմանադրորեն թույլատրելի շրջանակներում անձի կողմից որոշակի գործողությունների կատարում և կամահայտնության դրսևորում, այնպես էլ դրանք պաշտպանելու պետության համարժեք պարտականություն» (2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-913 որոշում),
- «Անձի արժանապատվության անխախտելիությունը, նրա պատվի և բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը վերաբերում են ոչ միայն մարդկային կյանքի ողջ ժամանակահատվածին, այլ պետությունը պարտավոր է ստեղծել նաև մահացած անձի պատվի և բարի համբավի պաշտպանության անհրաժեշտ իրավական երաշխիքներ» (2017 թվականի մարտի 21-ի ՍԴՈ-1358 որոշում)։
Մարդու արժանապատվությունը բացարձակ պաշտպանության ենթակա սահմանադրական արժեք է, որից բխում է նաև յուրաքանչյուրի՝ Սահմանադրության 25-րդ հոդվածով ամրագրված ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը, որի պաշտպանությունն այս համատեքստում ևս իրավաչափ նպատակ է՝ այն հաշվառմամբ, որ Սահմանադրության 25-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ բժշկության և կենսաբանության ոլորտներում մասնավորապես արգելվում են եվգենիկական փորձերը, մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը:
Վերոնշյալի համատեքստում, Սահմանադրական դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-913 որոշման մեջ, մասնավորապես, արձանագրված է. «Սահմանադրորեն երաշխավորված է նաև մարդու անձնական անձեռնմխելիության իրավունքը (ՀՀ Սահմ. 16-րդ հոդված), որի իրավական բովանդակությունից է բխում անձի նկատմամբ անօրինական ամեն տեսակ (...) ներգործության արգելքը՝ ինչպես մարդու կենդանության օրոք, այնպես էլ մահից հետո՝ նրա դիակի նկատմամբ, այդ արգելքին համարժեք իրավական պաշտպանություն ապահովելու առումով, որպես նաև մարդու արժանապատվության իրավունքի առանձնահատուկ դրսևորում։ Այդ իրավունքն օրենքով ենթակա է երաշխավորված պաշտպանության նաև ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածի իրավակարգավորման շրջանակներում, համաձայն որի՝ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, ինչպես նաև անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի, մարդուն չի կարելի առանց իր համաձայնության ենթարկել գիտական, բժշկական և այլ փորձերի» [համանման դրույթներ են բովանդակվում 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 26-րդ հոդվածի 1-ին մասում, 25-րդ հոդվածի 4-րդ մասում]:
Խնդրո առարկա հարցի համատեքստում տնտեսական գործունեության ազատության և սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափ նպատակներից է հանրային շահը, մասնավորապես՝ հանցագործությունների բացահայտումը, քանի որ ախտաբանաանատոմիական դիահերձումներն իրականացվում են հիվանդությունների հետմահու ախտորոշման և մահվան պատճառը որոշելու նպատակով, որը կարող է հանցագործության հետևանք լինել։
Ախտաբանաանատոմիական դիահերձումների՝ միայն հիվանդանոցային պայմաններում, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպություններում իրականացումը (լայն առումով՝ դիահերձարանների կենտրոնացումը) հետապնդում է մահվան վրա հասնելու հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունավետ երաշխավորման նպատակ: Նշյալ նպատակից ածանցվում է նաև հանգուցյալների իրավահաջորդների գույքային և ոչ գույքային իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտությունը, որոնց պատշաճ իրացումը պայմանավորված է իրավանախորդի մահվան հետևանքով համապատասխան իրավական հետևանքների առաջացմամբ: Վերջիններիս իրավական և փաստացի բովանդակությունն ուղղակիորեն կախված է մահվան հանգամանքների ճշգրիտ և օբյեկտիվ որոշումից:
Վերոգրյալի լույսի ներքո օրենսդիրը, սահմանափակելով նախկին իրավակարգավորումների գործողության պայմաններում ախտաբանաանատոմիական դիահերձումներ իրականացնելու համար լիցենզիա ստացած անձանց տնտեսական գործունեության ազատությունը և սեփականության իրավունքը, նպատակ է ունեցել նոր իրավակարգավորումներ սահմանելով՝ առավել վերահսկելի դարձնել նշված գործունեությունը՝ պայմանավորված ոլորտի առանձնահատկությամբ՝ հանրային շահի, մարդու արժանապատվության՝ որպես նրա իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքի, մի շարք հիմնական իրավունքների պաշտպանությամբ:
4.4․3․ Հիմնական իրավունքին/ազատությանը միջամտության իրավաչափության գնահատման հաջորդ տարրը՝ ժողովրդավարական հասարակությունում հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու համար ընտրված միջոցի բավարարության և անհրաժեշտության գնահատումն է՝ համաչափության սահմանադրաիրավական սկզբունքի համատեքստում։
Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:
Սահմանադրական դատարանն իր բազմաթիվ որոշումներում անդրադարձել է համաչափության սահմանադրաիրավական սկզբունքին՝ մասնավորապես, նշելով.
- «(...) օրենսդիրը, իրացնելով իրավունքների և ազատությունների սահմանափակումներ նախատեսելու իր իրավասությունը, պետք է այնպիսի համամասնությամբ դա կատարի, որ ընտրված սահմանափակումը համահունչ լինի ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 78-րդ հոդվածով նախատեսված համաչափության սկզբունքին, այն է` հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համարգ (2016 թվականի հուլիսի 12-ի ՍԴՈ-1293 որոշում),
- «Համաչափության սկզբունքի էությունը մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումների սահմանափակումն է մասնավոր և հանրային շահերի միջև ողջամիտ հավասարակշռության ապահովման միջոցով, և հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումներին ներկայացվող սահմանադրական պահանջների շարքում այն ունի առանձնահատուկ կարևորություն» (2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546 որոշում):
Ախտաբանաանատոմիական դիահերձումների՝ միայն հիվանդանոցային պայմաններում, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպություններում իրականացումն օրենսդրի կողմից ընտրված պիտանի միջոց է, քանի որ պետությանը հնարավորություն է ընձեռում ունենալ վերահսկողական գործիքակազմ իր համար առանձնահատուկ և վերահսկողություն պահանջող գործունեության իրականացման նկատմամբ՝ հնարավոր դարձնելով Սահմանադրությամբ նշված իրավաչափ նպատակների պաշտպանությանը հասնելը: Դրանով դյուրին է դառնում վերահսկողությունը պաթոլոգոանատոմիական ողջ գործընթացի նկատմամբ, այդ ոլորտում վարչարարությունը դառնում է միասնական՝ ձևավորելով առավել կանխատեսելի և թափանցիկ պրակտիկա:
Անդրադառնալով համաչափության սկզբունքի մյուս տարրին, այն է՝ սահմանադրորեն առկա իրավաչափ նպատակին հասնելու համար ընտրված միջոցի անհրաժեշտության հարցին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վարչապետի՝ «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշման հավելվածի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող՝ Կառավարությանը ենթակա մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ առողջապահության, աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառներում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից: Հիշյալ որոշման հավելվածի 11-րդ կետով սահմանված են տեսչական մարմնի լիազորությունները, այդ թվում՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով նախատեսված՝ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը՝ բժշկական փաստաթղթերի լրացման, դրանց պահպանման, շրջանառության, ինչպես նաև առողջապահության բնագավառում լիցենզիայի պայմանների և պահանջների նկատմամբ (3-րդ ենթակետ): Այդ առնչությամբ 2023 թվականի փետրվարի 14-ին ՍԴԴ-16 գրությամբ սույն գործով զեկուցող՝ Սահմանադրական դատարանի դատավորի կողմից հարցում է արվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝ խնդրելով բացահայտել նշված տեսչական մարմնի կողմից առողջապահության բնագավառում լիցենզիայի պայմանների և պահանջների նկատմամբ վերահսկողության շրջանակներում իրականացվող միջոցառումների բնույթը և բովանդակությունը: Նշված գրությանն ի պատասխան՝ տեսչական մարմնից հայտնել են, որ տեսչական մարմինը բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ուսումնասիրում է միայն բժշկական փաստաթղթերը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից ընտրված միջոցը հետապնդվող նպատակին հասնելու համար նաև անհրաժեշտ է, քանի որ տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունը սահմանափակվում է միայն լիցենզիայի պայմանների և պահանջների նկատմամբ վերահսկողությամբ, այսինքն՝ ըստ էության, որակական առումով վերահսկողություն չի իրականացվում, ինչը խնդրո առարկա գործունեության դեպքում պետք է ապահովված լինի պետության կողմից՝ որակապես պատշաճ վերահսկողական գործիքակազմով:
Կառավարության՝ 2021 թվականի ապրիլի 8-ի «Ախտաբանաանատոմիական դիահերձումների անցկացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1082-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 27-ի N 1212-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 519-Ն որոշմամբ ամրագրված են մի շարք կարգավորումներ, որոնք կոչված են նպաստելու մահվան պատճառ(ներ)ի ճշգրիտ որոշմանը: Մասնավորապես, Կառավարության հիշյալ որոշման հավելվածի 12-րդ կետին համապատասխան՝ դիահերձմանը կարող են մասնակցել մահացած պացիենտի բուժող բժիշկները, համապատասխան բաժնի վարիչը: Նույն որոշման հավելվածի 13-րդ կետով սահմանված է, որ ախտաբանաանատոմն անհրաժեշտության դեպքում կարող է բուժող բժիշկների հետ քննարկել դիահերձման և հյուսվածքաբանական (հիստոլոգիական) հետազոտության արդյունքները: Որոշման հավելվածի 18-րդ կետին համապատասխան՝ վերջնական ախտաբանաանատոմիական ախտորոշումը գրանցվում է հիվանդության (ծննդաբերության) պատմագրի մեջ: Որոշման հավելվածի 20-րդ կետով սահմանված է, որ վերջնական ախտաբանաանատոմիական ախտորոշման ձևակերպման համար, ըստ անհրաժեշտության, կարող են կատարվել այլ ձևաբանական հետազոտություններ: Որոշման հավելվածի 24-րդ կետի համաձայն՝ դիահերձումից հետո դիակի օրգաններից վերցված թաց արխիվը պահպանվում է դիահերձարանին կից լաբորատորիայում, համապատասխան պայմաններում, մեկ տարի ժամկետով:
Վերոնշյալը գործնականում հնարավոր է ապահովել առավելապես հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում:
Համաչափության սկզբունքի համարժեքության տարրի առնչությամբ, հարկ է նշել, որ ախտաբանաանատոմիական դիահերձումներ իրականացնելու համար լիցենզիա ստացած անձանց տնտեսական գործունեության ազատությունը և սեփականության իրավունքը սահմանափակելն առավել նվազ նշանակություն ունի, քան Սահմանադրությամբ ամրագրված այն հիմնարար արժեքները, որոնց պաշտպանության նպատակով իրականացվել են նշված սահմանափակումները:
Փոփոխելով ախտաբանաանատոմիական դիահերձումների գործունեության պայմաններն ու պահանջները և նման գործունեությունը պայմանավորելով, մասնավորապես, միայն հիվանդանոցային պայմաններում իրականացնելու հետ՝ օրենսդիրը նպատակ է ունեցել պաշտպանելու հանրային շահերը, այլոց իրավունքները և ազատությունները, մասնավորապես՝ յուրաքանչյուրի արժանապատվությունը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիությունը: Այլ կերպ՝ օրենսդիրը լեգիտիմ նպատակի՝ հանրության ընդհանուր շահերի և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև ապահովել է արդարացի հավասարակշռություն:
Համաչափության սկզբունքի համարժեքության տարրի առումով, Սահմանադրական դատարանը, անդրադառնալով ախտաբանաանատոմիական դիահերձումներ իրականացնելու օրենսդրական նոր կարգավորումների՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո ուժի մեջ մտնելու հարցին, գտնում է, որ այդ առնչությամբ օրենսդրի այսպիսի մոտեցումը բխել է տնտեսական գործունեության ազատության և տնտեսական մրցակցության երաշխավորման՝ պետության պոզիտիվ պարտականությունից, որի նպատակն է եղել վեցամսյա ժամկետ սահմանելու միջոցով, մի կողմից՝ հնարավորինս մեղմել ախտաբանաանատոմիական դիահերձումներ իրականացնելու լիցենզիա ունեցողների համար առաջացող բացասական հետևանքները, մյուս կողմից՝ վերջիններիս հնարավորություն ընձեռել իրենց գործունեությունն համապատասխանեցնելու օրենսդրական նոր կարգավորումներին։ Այդ համատեքստում, հաշվի առնելով նաև համապատասխան գործունեության տեսակը, դրա՝ լիցենզավորման ենթակա գործունեություն հանդիսանալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սահմանված վեցամսյա ժամկետը բավարարում է համաչափության սկզբունքի համարժեքության տարրը։
Անդրադառնալով Դիմողի՝ Սահմանադրությամբ ամրագրված պատշաճ վարչարարության իրավունքի իրացման առնչությամբ ներկայացրած փաստարկներին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դրանք իրենց ընդհանուր համակցության մեջ առավելապես վերաբերելի են ոչ թե Օրենքի վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությանը, այլ վարչարարության գործընթացի շրջանակներում անձի՝ լսված լինելու իրավունքի ենթադրյալ խախտմանը, որի գնահատումը դուրս է Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակից:
Միաժամանակ, ելնելով տնտեսական գործունեության ազատության և տնտեսական մրցակցության երաշխավորման հրամայականից՝ օրենսդրի խնդիրն է տնտեսական քաղաքականությանը վերաբերող օրենսդրական կարգավորումներ նախատեսելիս կամ առկա կարգավորումներում այնպիսի փոփոխություններ կատարելիս, որոնք առնչվում են տնտեսվարողներին առաջադրվող պայմանների ու պահանջների այնպիսի փոփոխությանը, որը միջամտում է անձի իրավունքներին /ազատություններին, որպես ուղենիշ ընդունել տնտեսական գործունեության ազատության և տնտեսական մրցակցության երաշխավորման այնպիսի գործիքակազմ նախատեսելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ օրենսդրական ժամկետների մասով, որոնք, փարատելով տնտեսական գործունեություն ծավալող անձանց համար իրենց կատարած ներդրումների արդարացման վերաբերյալ հնարավոր մտահոգությունները և ապահովելով որոշակի կանխատեսելիություն վերջիններիս համար, կլինեն հնարավորինս կշռադատված, իրավական առումով՝ հիմնավորված, տնտեսական առումով՝ արդյունավետ՝ ապահովելով հանրային և մասնավոր շահերի ողջամիտ հավասարակշռությունը։
Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 170-րդ հոդվածը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՆԱԽԱԳԱՀող |
Ա. ԴիլանՅԱՆ |
25 ապրիլի 2023 թվականի ՍԴՈ-1685 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական: