Գլխավոր տեղեկություն
Համար
N 1833-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 21.11.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2024 թվականի N 1833-Լ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ԱՆՁԱՆՑ ԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1763-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին և 4-րդ կետերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցություն տրամադրելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված միջոցառման և կարգի շրջանակներում շահառու հանդիսացող անձանց համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1763-Լ որոշման հիման վրա ներկայացված դիմումը:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել՝

1) սույն որոշմամբ հաստատված միջոցառման իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ համակարգ) ապահովման մշակումն ու ներդրումը «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) միջոցով՝ մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը.

2) համակարգի շահագործումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) կողմից.

3) ծառայության կայքէջի միջոցով սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը սույն որոշմամբ հաստատված միջոցառման շահառուներին։

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ սույն միջոցառման շրջանակներում բռնի տեղահանվածների տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը) հիմնադրամից ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հիմնադրամին տրամադրել այդ անձանց 2025 թվականի ապրիլի 1-ից և վերջին սահմանահատումների վերաբերյալ տվյալները։

5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին, առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը, իսկ 2025 թվականի դեկտեմբեր ամսվա համար՝ մինչև դեկտեմբերի 16-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տրամադրել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում կամ պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող՝ բռնի տեղահանվածների տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը)։

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշման 5-րդ կետով սահմանված տվյալները ստանալուց հետո 2-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում կամ պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող՝ բռնի տեղահանվածների ամփոփված տվյալները։

7. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել հանրակրթական ուսումնական հաստատություններում և նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող 18 տարին լրացած՝ բռնի տեղահանվածների տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի համարը և սերիան, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը), իսկ տրված տվյալների փոփոխությունները՝ 5-օրյա ժամկետում՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 15-ը։

8. Սույն միջոցառման շրջանակներում նշանակվող սոցիալական աջակցության գումարները կարող են վճարվել նաև տեղական և միջազգային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց կողմից (այսուհետ՝ ֆինանսավորող) և նրանց կողմից հատկացված դրամական միջոցների (այսուհետ՝ այլ ֆինանսական միջոցներ) հաշվին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վերջիններիս հետ ձեռք բերված գրավոր համաձայնությամբ:

9. Սույն որոշման 8-րդ կետով նախատեսված սոցիալական աջակցության գումարները վճարելու հետ կապված գործողություններ իրականացնելու նպատակով ծառայությանը թույլատրել՝

1) ֆինանսավորողի կամ իր նախընտրած բանկի հետ կնքել համապատասխան պայմանագիր՝ անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորող պայմանների ընդգրկմամբ.

2) ֆինանսավորողին կամ իր նախընտրած բանկին տրամադրել շահառուների էլեկտրոնային վճարման ցուցակներ՝ պայմանագրով սահմանված կարգով։ Ընդ որում, պայմանագրով սահմանված պայմաններով շահառուին սոցիալական աջակցությունը վճարվում է սույն որոշմամբ սահմանված այլ ֆինանսական միջոցներից, իսկ դրանց բացակայության կամ անբավարարության (մասնակի վճարման) դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված պետական բյուջեի միջոցների հաշվին։

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի «Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1763-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման 5-րդ կետում, N 2 հավելվածի 5-րդ կետում և 27-րդ կետում «2024 թվականի դեկտեմբերի» բառերը փոխարինել «2025 թվականի մարտի» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի՝

ա. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով՝

«6) Հայաստանի Հանրապետությունում սեփականության (այդ թվում՝ համատեղ կամ բաժնային) իրավունքով իրեն կամ իր ընտանիքի անդամներին (ամուսին, մինչև 18 տարեկան երեխայի ծնող) պատկանող բնակվելու համար նախատեսված անշարժ գույք ունեցող անձանց, բացառությամբ երբ տվյալ անձը՝

ա. Հայաստանի Հանրապետությունում ունի բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակվելու համար նախատեսված միայն մեկ անշարժ գույք, որի բաժնեմասին (ընդհանուր համատեղ սեփականության դեպքում համասեփականատերերի բաժնեմասերը դիտարկվում են հավասար չափերով) համապատասխան մակերեսը փոքր է 20 քառակուսի մետրից,

բ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշման շրջանակներում բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագիրն իրացրած անձ է:»,

բ. 2-րդ կետում «2024 թվականի դեկտեմբեր» բառերը փոխարինել «2025 թվականի մարտ» բառերով,

գ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 50000 դրամ:».

3) որոշման N 2 հավելվածի՝

ա. 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

բ. 8-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4) տվյալներն առկա են սույն որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 1-6-րդ ենթակետերով սահմանված անձանց ցուցակներում։»,

գ. 17-րդ կետում «անձը չի հանդիսանում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կամ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում կամ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող անձ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակում 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հավաստագիր ստացած անձ» բառերը փոխարինել «անձի տվյալներն առկա չեն սույն որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 1-6-րդ ենթակետերով սահմանված անձանց ցուցակներում» բառերով,

դ. 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«22. Սույն միջոցառման շրջանակներում ամսական դրամական աջակցությունը վճարվում է յուրաքանչյուր շահառուի համար՝ 50000 դրամի չափով:»:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից, բացառությամբ 10-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

21.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 21-ի N 1833-Լ որոշման

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ԱՆՁԱՆՑ ԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. Սույն միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող կամ 63 և ավելի տարեկան կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող կամ հանրակրթական ուսումնական հաստատություններում կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող 18 տարին լրացած այն անձանց և մինչև 18 տարեկան երեխաներին, որոնց տվյալներն առկա են Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 1675-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում միանվագ դրամական սոցիալական աջակցության շահառուների կամ Օպերատիվ շտաբի տրամադրած՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակիչ հանդիսացող անձանց ցուցակներում (այսուհետ՝ շահառուներ), բացառությամբ՝

1) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում ժամանակավոր բնակվող անձանց.

2) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող անձանց.

3) պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող անձանց.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակում 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հավաստագիր ստացած անձանց.

5) Հայաստանի Հանրապետությունում սեփականության (այդ թվում՝ համատեղ կամ բաժնային) իրավունքով իրեն կամ իր ընտանիքի անդամներին (ամուսին, մինչև 18 տարեկան երեխայի ծնող) պատկանող բնակվելու համար նախատեսված անշարժ գույք ունեցող անձանց, բացառությամբ երբ տվյալ անձը՝

ա. Հայաստանի Հանրապետությունում ունի բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակվելու համար նախատեսված միայն մեկ անշարժ գույք, որի բաժնեմասին (ընդհանուր համատեղ սեփականության դեպքում համասեփականատերերի բաժնեմասերը դիտարկվում են հավասար չափերով) համապատասխան մակերեսը փոքր է 20 քառակուսի մետրից,

բ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշման շրջանակներում բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագիրն իրացրած անձ է:

2. Սույն միջոցառման շրջանակում շահառու է նաև մինչև 18 տարեկան այն երեխան, որին դրամական աջակցություն նշանակելու դիմումը ներկայացրած ծնողի կամ խնամակալի կամ հոգաբարձուի (այսուհետ՝ բոլորը միասին՝ ծնող) տվյալներն առկա են Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 1675-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում միանվագ դրամական սոցիալական աջակցության շահառուների կամ Օպերատիվ շտաբի տրամադրած՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակիչ հանդիսացող անձանց ցուցակներում։

3. Սույն միջոցառման շահառու՝ մինչև 18 տարեկան երեխայի համար ամսական դրամական աջակցությունը տրամադրվում է նրա ծնողին:

4. Սույն միջոցառման շրջանակներում սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական աջակցության ձևով՝ 2025 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ ամիսների համար։

5. Սոցիալական աջակցության ամսական չափը յուրաքանչյուր շահառուի համար կազմում է՝

1) 2025 թվականի ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ՝ 40000 դրամ.

2) 2025 թվականի հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ 30000 դրամ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

21.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 21-ի N 1833-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ԱՆՁԱՆՑ ԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են սույն որոշման N 1 հավելվածով հաստատված միջոցառման շրջանակում սոցիալական աջակցության շահառու հանդիսացող անձանց, այդ թվում՝ մինչև 18 տարեկան երեխաներին (այսուհետ՝ շահառուներ) ամենամսյա դրամական աջակցություն (այսուհետ՝ դրամական աջակցություն) տրամադրելու (նշանակելու և վճարելու) հետ կապված հարաբերությունները:

2. Ամսական դրամական աջակցությունը տրամադրում (վճարում) է ծառայությունը էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա:

3. Դրամական աջակցություն նշանակելու և վճարելու համար էլեկտրոնային եղանակով ներկայացվում է մեկանգամյա դիմում՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ։ Դրա համար դիմողը ծառայության socservice.am կայքէջից մուտք է գործում համապատասխան ծրագրային միջավայր և ծառայություն ներկայացնում՝

1) իր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը).

2) իր կամ իր խնամակալության տակ գտնվող մինչև 18 տարեկան երեխայի (այսուհետ՝ անչափահաս շահառու) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը) և

ա. եթե 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սկսված պատերազմական գործողությունների հետևանքով անձանց աջակցություն տրամադրելու միջոցառումների շրջանակներում առկա չէ անձի՝ անչափահաս շահառուի ծնողը լինելու վերաբերյալ տեղեկատվություն, երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը, եթե դիմումը չի ներկայացրել խնամակալը կամ հոգաբարձուն,

բ. անչափահաս շահառուի նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու (խնամակալ կամ հոգաբարձու ճանաչելու) մասին փաստաթղթի (խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշում կամ դատական ակտ կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի կողմից հաստատված և կնքված փաստաթուղթ՝ որոշում, արձանագրություն և այլն) և երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենները, եթե անչափահաս շահառուի դիմումը ներկայացրել է խնամակալը կամ հոգաբարձուն.

3) հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը.

4) իր բանկային հաշվին կցված վճարային քարտի համարը և բանկը.

5) բնակավայրը (ընտրում է ցանկից).

6) փաստացի բնակության վայրի հասցեն:

4. Ծառայությունը դիմումով ներկայացված՝

1) անչափահաս շահառուի մոր կամ հոր վերաբերյալ տվյալները համեմատում (համադրում) է շահառուի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենում նշված՝ շահառուի մոր կամ հոր վերաբերյալ տվյալների հետ։ Անչափահաս շահառուի մոր կամ հոր վերաբերյալ տվյալները չհամապատասխանելու (չհամընկնելու) դեպքում անչափահաս շահառուի մասով դիմումը մերժվում է։ Անչափահաս շահառուի մոր կամ հոր վերաբերյալ տվյալները համապատասխանելու (համընկնելու) դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ համընկնում են երեխայի մոր անձը հաստատող փաստաթղթում և երեխայի ծննդյան վկայականում նշված՝ մոր անունը, առկայության դեպքում՝ հայրանունը (չի համընկնում միայն ազգանունը), իսկ երեխայի ծննդյան վկայականում համընկնում են երեխայի հոր և մոր ազգանունները, անչափահաս շահառուի տվյալները ներառվում են հաշվառված շահառուների ցուցակ.

2) անչափահաս շահառուի և խնամակալի (հոգաբարձուի) տվյալները համեմատում է երեխայի նկատմամբ խնամակալություն (հոգաբարձություն) սահմանելու (խնամակալ (հոգաբարձու) ճանաչելու) մասին փաստաթղթում նշված համապատասխան տվյալների հետ։ Անչափահաս շահառուի և խնամակալի (հոգաբարձուի) վերաբերյալ տվյալները համապատասխանելու (համընկնելու) դեպքում անչափահաս շահառուի տվյալները ներառվում են հաշվառված շահառուների ցուցակ, հակառակ դեպքում՝ անչափահաս շահառուի մասով դիմումը մերժվում է։

5. Դիմումով ներկայացված տվյալները համեմատվում (համադրվում) են բնակչության պետական ռեգիստրի, անշարժ գույքի պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների տվյալների հետ, և մերժվում կամ հաստատվում է դիմումը։

6. Դիմումը մերժվում է այն անձի մասով՝

1) ում տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին).

2) ում մահվան պետական գրանցման վերաբերյալ տվյալներն առկա են քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալներում.

3) ով, համաձայն սույն որոշման N 1 հավելվածի 1-ին կամ 2-րդ կետերի՝ չի հանդիսանում միջոցառման շահառու.

4) ում համար առկա է հաստատված դիմում:

7. Դիմումը հաստատելու կամ մերժելու մասին էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկվում դիմողի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին կամ բջջային հեռախոսահամարին։ Էլեկտրոնային հաղորդագրությունը պարունակում է սույն կարգի 3-րդ կետում նշված տվյալները, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, իսկ դիմումը մերժելու դեպքում՝ նաև մերժելու հիմքերը։

8. Դիմումը մերժվելու դեպքում՝ ներկայացվում է նոր դիմում, իսկ եթե դիմումը չի մերժվում, ապա ամսական դրամական աջակցությունը վճարվում է՝ սկսած 2025 թվականի ապրիլ ամսվանից, բացառությամբ սույն կարգի 9-րդ կետով սահմանված դեպքի:

9. Ամսական դրամական աջակցությունը նախորդ ամիսների համար վճարվում է տվյալ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունից 10 օրվանից պակաս բացակայելու դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ շահառուն բացակայել է Հայաստանի Հանրապետությունից՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների կամ նրանց հետ համագործակցության արդյունքում իրականացվող ծրագրերի շրջանակում: Ընդ որում, սույն կետով սահմանված շահառուների տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բացակայության սկիզբը և ավարտը) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է տրամադրում համապատասխան պետական կառավարման համակարգի մարմինը՝ շահառուի համաձայնությունն ստանալուց հետո։

10. Ամսական դրամական աջակցությունը վճարվում է անկանխիկ եղանակով՝ սույն կարգի 3-րդ կետի 4-րդ ենթակետով ներկայացված քարտային հաշվին փոխանցելու միջոցով:

11. Վճարման ցուցակ ներառվում են՝

1) բանկի անվանումը.

2) շահառուի, իսկ անչափահաս շահառուի դեպքում՝ նրա ծնողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի (այդ թվում՝ ժամանակավոր վկայականի) սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը), բջջային հեռախոսահամարը.

3) անչափահաս շահառուի (շահառուների) անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը).

4) շահառուի (անչափահաս երեխայի դեպքում՝ ծնողի) քարտային հաշվի համարը.

5) վճարման ենթակա գումարը։

12. Աջակցությունը բանկի կողմից վճարվում է դրամական աջակցության գումարը դիմողի քարտային հաշվին փոխանցելու միջոցով: Եթե դիմողը սխալ է նշում իր քարտային հաշվին կցված վճարային քարտի համարը, ապա բանկը վճարումն իրականացնում է դիմողի՝ ընտրված բանկի մասնաճյուղ անձամբ ներկայանալու և վերջինիս նույնականացնելու դեպքում: Ընդ որում, եթե դրամական աջակցության գումարը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում բանկին չի ներկայացվում գումարն ստանալու պահանջ, ապա գումարը բանկի կողմից վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

13. Դրամական աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց և ենթակա չէ ժառանգման:

14. Դիմողը պարտավոր է ներկայացնել հավաստի տվյալներ (փաստաթղթեր), տեղեկացնել այն հանգամանքների մասին, որոնց առկայությունը կարող է հանգեցնել դրամական աջակցություն չվճարելուն (այդ թվում՝ նաև անչափահաս շահառուին նշանակելը մերժելուն): Սույն կետով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանքով ավել վճարված դրամական աջակցության գումարները ենթակա են հետգանձման օրենսդրությամբ սահմանված կարգով:

15. Սույն կարգի հիման վրա մերժված դիմումը կարող է բողոքարկվել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը՝ ծառայություն ներկայացնելով դիմում, որը ներառում է սույն կարգի 3-րդ կետով նախատեսված տվյալները՝ առկայության դեպքում կցելով նաև դիմումը չմերժելու հիմք հանդիսացող անհրաժեշտ փաստաթղթեր։

16. Ծառայությունը սույն կարգի 15-րդ կետի համաձայն ստացված դիմումներն ուսումնասիրում է առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության համապատասխան պետական մարմիններին կատարելով հարցումներ՝ դիմումով ներկայացված տվյալներն ուսումնասիրելու և համապատասխան շտեմարաններում ուղղումներ կատարելու համար։

17. Ծառայությունը սույն կարգի 16-րդ կետի համաձայն՝ համապատասխան շտեմարաններում ուղղումներ կատարելու վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է հիմնադրամին՝ մերժված դիմումները հաստատելու համար։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

21.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան