ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հունվարի 22-ին
«ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» 2010 թվականի ապրիլի 8-ի ՀՕ-42-Ն օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձինք Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) տրամադրման նպատակով տրվող փորձագիտական եզրակացությունը պարտավոր են կազմել և Կոմիտե ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Կոմիտեն ստացված տեղեկատվության հիման վրա վարում և իր պաշտոնական կայքում մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրը աճողական եղանակով հրապարակում է այն ապրանքների ցանկը, որոնց վերաբերյալ, սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան, տրվել է փորձագիտական եզրակացություն այն մասին, որ դրանք չեն հանդիսանում հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկում ներառված ապրանքներ: Հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկում փոփոխություններ կատարելու դեպքում փոփոխող իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից Կոմիտեն ապահովում է սույն մասում նշված ցանկից այն ապրանքների հանումը, որոնք ներառվել են հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկում:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակման պահից վեցամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. փետրվարի 12 Երևան ՀՕ-6-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2025 թվական:
