ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի նոյեմբերի 20-ին
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Հայաստանի Հանրապետության մշակութային օրենսդրության խնդիրները |
Հայաստանի Հանրապետության մշակութային օրենսդրության խնդիրներն են`
1) ապահովել և պաշտպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ խոսքի, ստեղծագործության ազատության, հասարակության մշակութային կյանքին մասնակցելու սահմանադրական իրավունքը.
2) կարգավորել մշակութային գործունեության սուբյեկտների միջև առաջացող հարաբերությունները.
3) սահմանել պետական մշակութային քաղաքականության սկզբունքներ, մշակույթին պետական աջակցություն ցուցաբերելու իրավական հիմքեր և ստեղծագործական գործընթացին պետության կողմից չմիջամտելու երաշխիքներ.
4) ստեղծել Հայաստանի Հանրապետության մշակութային հարստության պահպանման, տարածման և զարգացման համար իրավական երաշխիքներ:
Հոդված 2. | Պետական մշակութային քաղաքականության կազմակերպումը |
Հայաստանի Հանրապետությունում պետական մշակութային քաղաքականությունը կազմակերպվում է մշակույթի պահպանման, զարգացման և տարածման պետական ռազմավարական ծրագրերով, որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
(2-րդ հոդվածը խմբ. 22.01.25 ՀՕ-22-Ն)
(22.01.25 ՀՕ-22-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 3. | Պետական մշակութային քաղաքականության սկզբունքները |
Պետական մշակութային քաղաքականության հիմնական սկզբունքներն են`
1) մշակույթի ոլորտում կառավարման պետական, հասարակական և ժողովրդավարական բնույթը.
2) մշակութային և ստեղծագործական գործունեության ազատությունը.
3) մշակութային արժեքներին հաղորդակցվելու մատչելիությունը.
4) միջազգային նշանակություն ունեցող ազգային մշակութային արժեքների նկատմամբ նախապատվությունը.
5) մշակութային կազմակերպությունների ինքնուրույնությունը.
6) պետություն-մասնավոր հատված համագործակցությունը.
7) պետական աջակցության ծրագրերի մասնակցության մեկնարկային պայմանների հավասարությունը՝ անկախ մասնակցի կարգավիճակից.
8) արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացումը.
9) մշակութային միջոցառումների բազմազանության ապահովումը.
10) մշակույթի ապակենտրոնացումը՝ մարզերում պետական մշակութային քաղաքականության ընդլայնումը և համայնքների մշակութային կյանքի ակտիվացումը։
(3-րդ հոդվածը լրաց. 22.01.25 ՀՕ-22-Ն)
(22.01.25 ՀՕ-22-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 4. | Պետական մշակութային քաղաքականության նպատակները |
Պետական մշակութային քաղաքականության նպատակներն են`
1) հասարակության կողմից մշակույթի՝ որպես զարգացման միջոցի գիտակցումը.
2) նոր արժեքների և նոր գաղափարների որոնումը.
3) հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման համար պայմանների ստեղծումը, ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործողների գործունեության խթանումը, բարենպաստ միջավայրի ձևավորումը.
4) քաղաքացիական հասարակության ձևավորումը:
(4-րդ հոդվածը խմբ. 22.01.25 ՀՕ-22-Ն)
(22.01.25 ՀՕ-22-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 5. | Հայաստանի Հանրապետության մշակութային օրենսդրությունը |
Հայաստանի Հանրապետության մշակութային օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 6. | Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները և բովանդակությունը.
մշակույթ՝ մարդկանց, սոցիալական խմբերի կամ հասարակական միավորումների կողմից նյութական և հոգևոր ոլորտներում ստեղծված արժեքների, համոզմունքների, սովորույթների, ավանդույթների, զգայությունների, մտածողության և հասարակական համակեցության կանոնների, վարքագծի ու գործողությունների ամբողջություն, սոցիալական, տնտեսական և ժամանցային համալիր գործունեություն, որն ապահովում է մշակութային արժեքների փոխանցելիությունը, ժառանգականությունը և պահպանությունը, ձևավորում է հասարակության ինքնությունը և համախմբում նրանց ընդհանրական արժեքների շուրջ.
մշակութային գործունեություն՝ մշակութային արժեքների և առարկաների (օբյեկտների) պահպանում, ստեղծում, տարածում և մեկնաբանում, մշակութային բարիքների մատուցում և իրացում.
մշակութային արժեքներ՝ մշակույթի և արվեստի երկեր, գեղարվեստական ժողովրդական ստեղծագործություններ և արհեստներ, բանահյուսություն, բարոյագիտական և գեղագիտական գաղափարատիպեր (իդեալներ), վարվեցողության կանոններ և ձևեր, լեզուներ, բարբառներ և խոսվածքներ, ազգային ավանդույթներ և սովորույթներ, պատմաաշխարհագրական տեղանուններ, մշակութային գործունեության մասին գիտական հետազոտությունների արդյունքներ և մեթոդներ, մշակութային ժառանգության առարկաներ (օբյեկտներ).
մշակութային բարիքներ՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից բնակչության մշակութային պահանջմունքների բավարարման նպատակով մատուցվող մշակութային ծառայություններ և իրացվող մշակութային արտադրանք (ապրանքներ).
մշակութային ոչ առևտրային կազմակերպություն՝ կազմակերպություն, որի ստեղծման հիմնական նպատակը մշակութային գործունեության իրականացումն է.
ստեղծագործական գործունեություն՝ մշակութային արժեքների ստեղծում և մեկնաբանում.
ստեղծագործական աշխատող՝ մշակութային արժեքներ ստեղծող կամ մեկնաբանող ֆիզիկական անձ.
ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործող՝ մասնագիտական հմտություններ ունեցող, մասնագիտական ծառայություններ առաջարկող և ստեղծագործական գործունեությամբ զբաղվող, ստեղծագործական ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող, ինչպես նաև մշակույթի և արվեստի բնագավառում այդ գործունեության միջոցով եկամուտ ստեղծող անձ․
մշակութային գործունեությամբ զբաղվող անձ՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի գործողության ոլորտներում գործունեություն իրականացնող մշակութային կազմակերպությունում գրանցված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրով ստեղծագործական գործունեություն իրականացնող անձ.
ստեղծարար արդյունաբերություն՝ նոր գաղափարների, ստեղծագործական բովանդակության և նորարարությունների արտադրության, մշակութային արժեքների ստեղծման, մշակութային տարբեր արտադրանքների և ծառայությունների ձևավորման, հանրայնացման, փոխանցման, իրացման, վերավաճառքի, բաշխման և սպառման համակարգ.
ստեղծագործական աշխատողների միություն՝ ստեղծագործական աշխատողների կամավոր միավորում, որն ունի հասարակական միավորման կարգավիճակ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծվել է ստեղծագործական աշխատողների շահերի ընդհանրության հիման վրա՝ հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքներ բավարարելու համար.
Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգություն՝ անցյալում ստեղծված նյութական և ոչ նյութական մշակութային արժեքների ամբողջություն, որը համաշխարհային ժառանգության բաղկացուցիչ մաս է՝ անկախ սեփականության իրավունքից, անհատների ու համայնքների, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների համար ունի մշակութային, հոգևոր, գեղագիտական, զգայական, գիտական, տնտեսական կարևոր նշանակություն, հիմնարար գործոն է Հայաստանի Հանրապետության մշակութային բազմազանության խթանման և կայուն զարգացման համար.
Հայաստանի Հանրապետության մշակութային հարստություն՝ մշակութային արժեքների ամբողջություն (ներառյալ մշակութային ժառանգության օբյեկտները և ոչ նյութական մշակութային ժառանգությունը), որը հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ազգային փոքրամասնությունների և այլ էթնոմշակութային խմբերի համար ունի ազգային նշանակություն.
պետական մշակութային քաղաքականություն՝ պետության գործունեությունը մշակույթի ոլորտում և սկզբունքների ու նորմերի ամբողջությունը, որով ղեկավարվում է պետությունը մշակութային քաղաքականություն իրականացնելիս:
(6-րդ հոդվածը խմբ., լրաց. 22.01.25 ՀՕ-22-Ն)
(22.01.25 ՀՕ-22-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 7. | Սույն օրենքի գործողության ոլորտները |
Սույն օրենքի գործողությունը տարածվում է՝
1) մշակութային ժառանգության օբյեկտների (պատմամշակութային հուշարձանների) պահպանության, ուսումնասիրման, օգտագործման և հանրահռչակման,
2) կինոարվեստի և տեսալսողական այլ արվեստների,
3) գեղարվեստական գրականության, ճարտարապետության, կերպարվեստի, դիզայնի, լուսանկարչության, բեմական, տարածական և երաժշտական արվեստի ու արվեստի այլ տեսակների և ժանրերի,
4) գեղարվեստական ժողովրդական ստեղծագործության և արհեստների, ժողովրդական մշակույթի,
5) ինքնագործ (սիրողական) գեղարվեստական ստեղծագործության,
6) թանգարանային առարկաների, թանգարանային հավաքածուների, հնատիպ գրքերի ու մատենագրերի և մշակութային այլ արժեքների պահպանության, ուսումնասիրման և հանրահռչակման,
7) մշակութային արժեքների հավաքչարարության (կոլեկցիոներության),
8) գրադարանային, արխիվային և հրատարակչական գործի,
9) գեղագիտական դաստիարակության և գեղարվեստական կրթության, մշակույթի ոլորտում մանկավարժական գործունեության,
10) մշակութաբանության և մշակույթի ոլորտում գիտական գործունեության,
11) միջազգային մշակութային համագործակցության,
12) մշակութային արժեքների պահպանման, ստեղծման, տարածման և մեկնաբանման (ընկալման) համար անհրաժեշտ մշակութային նշանակության նյութերի, սարքավորումների և այլ միջոցների արտադրության,
13) մշակութային գործունեության այլ ոլորտներում:
Հոդված 8. | Ազգային փոքրամասնությունների մշակույթների նկատմամբ վերաբերմունքը |
Հայաստանի Հանրապետությունն աջակցում է իր տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, պետական ծրագրերի իրականացման միջոցով նպաստում է նրանց կրոնի, ավանդույթների, լեզվի, մշակութային ժառանգության, մշակույթի պահպանման, տարածման և զարգացման համար պայմանների ստեղծմանը:
Գ Լ ՈՒ Խ 2.
ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ
Հոդված 9. | Մշակութային կյանքին մասնակցելու և մշակութային գործունեություն իրականացնելու իրավունքը |
Հայաստանի Հանրապետության տարածքում հասարակության մշակութային կյանքին մասնակցելը և մշակութային գործունեություն իրականացնելը յուրաքանչյուր մարդու անկապտելի իրավունքն է՝ անկախ նրա ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, համոզմունքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
Հոդված 10. | Ստեղծագործական գործունեություն իրականացնելու իրավունքը |
Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իրականացնելու ստեղծագործական գործունեություն:
Ստեղծագործական գործունեության իրավունքը կարող է իրականանալ և' մասնագիտորեն, և' ոչ մասնագիտորեն (սիրողաբար):
Հոդված 11. | Մշակութային արժեքներին հաղորդակցվելու իրավունքը |
Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հաղորդակցվելու մշակութային արժեքներին, մշակութային գործունեության բոլոր ոլորտներում Հայաստանի Հանրապետության գրադարանային, թանգարանային, արխիվային և այլ հավաքածուներից օգտվելու:
Հոդված 12. | Կրթություն ստանալու իրավունքը |
Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, առանց տարիքային սահմանափակման, հումանիտար և գեղարվեստական կրթություն ստանալու, այդ կրթության ձևերն ու միջոցներն ընտրելու:
Հոդված 13. | Ստեղծագործական գործունեության արդյունքներն արտահանելու իրավունքը |
Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության տարածքից իր սեփական ստեղծագործական գործունեության արդյունքներն արտահանելու:
Հոդված 14. | Մշակութային կազմակերպություններ ստեղծելու իրավունքը |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծելու մշակութային կազմակերպություններ:
Հոդված 15. | Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքը մշակույթի ոլորտում |
Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ մշակութային գործունեության ոլորտում ունեն հավասար իրավունքներ և ստանձնում են հավասար պարտավորություններ, բացառությամբ օրենքով և միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերի:
Գ Լ ՈՒ Խ 3.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 16. | Հայաստանի Հանրապետության մշակութային հարստությունը |
Հայաստանի Հանրապետության մշակութային հարստության պահպանվածությունը, պահպանությունը և օգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:
Մշակութային ժառանգության առարկաները (օբյեկտները) տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու առանձնահատկությունները, դրանց նկատմամբ պետական աջակցություն ցուցաբերելու ձևերը սահմանվում են օրենքով:
Հոդված 17. | Հայաստանի Հանրապետության գրադարանային, թանգարանային, արխիվային և այլ հավաքածուները |
Հայաստանի Հանրապետության հարստություն համարվող գրադարանային, թանգարանային, արխիվային, կինո, ֆոտո, ֆոնո հավաքածուների պահպանության, գործառության և համալրման կարգը սահմանվում է օրենքով և այլ իրավական ակտերով:
Պետական ու համայնքային սեփականություն համարվող մշակութային արժեքները և հավաքածուները չեն կարող օգտագործվել որպես պարտավորությունների կատարման ապահովման միջոց:
Գ Լ ՈՒ Խ 4.
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԻՆՔՆԱԶԲԱՂ ԿԱՄ ԱՆԿԱԽ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(վերնագիրը խմբ. 22.01.25 ՀՕ-22-Ն)
(22.01.25 ՀՕ-22-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 18. | Պետությունը և ստեղծագործական աշխատողները |
Պետությունը՝
1) խթանում է ստեղծագործական աշխատողների՝ մշակույթի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը նպատակաուղղված գործունեությունը.
1.1) խթանում է ստեղծարար արդյունաբերության ոլորտներում ձեռնարկատիրության զարգացումը, օժանդակում ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործող և մշակույթի ոլորտում աշխատող, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց, կազմակերպություններին.
1.2) խթանում է ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործողների և մշակույթի ոլորտի աշխատողների ցանցային ներգրավվածությունը, գաղափարների գեներացումը, նորարարական և ստեղծագործական գաղափարական թիմերի ձևավորումը, մասնակցայնության ու համագործակցության մոտիվացումը.
1.3) նպաստում է մշակույթի ոլորտում հասարակության և տնտեսության զարգացմանն ուղղված համընթաց գործողությունների, ներդրումների, կապիտալի ու ռեսուրսների արդյունավետ օգտագործման մեխանիզմների ներդրմանը, կառավարմանը.
2) ապահովում է ստեղծագործական աշխատողների աշխատանքի և զբաղվածության համար պայմաններ.
3) աջակցում է ստեղծագործական աշխատողների միջազգային ստեղծագործական շփումների ընդլայնմանը։
(18-րդ հոդվածը լրաց. 22.01.25 ՀՕ-22-Ն)
(22.01.25 ՀՕ-22-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 18.1. |
Մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողները |
1. Սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողներն իրականացնում են տվյալ ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերին համապատասխան գործառույթներ՝ համաձայն տվյալ պաշտոնի նկարագրի և պայմանագրի:
2. Մշակույթի ոլորտի յուրաքանչյուր պետական կազմակերպության աշխատողի կարգավիճակը, աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց ներկայացվող պահանջները և օրինակելի նկարագիրը սահմանում է լիազորված պետական մարմինը:
3. Մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու նպատակով լիազորված պետական մարմնի սահմանած կարգով տվյալ կազմակերպությունը իրականացնում է ատեստավորում, եթե տվյալ ոլորտը կարգավորող օրենքով այլ բան սահմանված չէ։ Ատեստավորման անցկացման պարբերականությունը, ժամկետները, արդյունքների բողոքարկման կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը։
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված յուրաքանչյուր ատեստավորման համար մշակույթի ոլորտի տվյալ կազմակերպությունը ձևավորում է ատեստավորման հանձնաժողով՝ համաձայն լիազորված պետական մարմնի սահմանած կարգի։
5. Ատեստավորման հանձնաժողովը մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողի ատեստավորման արդյունքով կայացնում է որոշում՝ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին կամ չի համապատասխանում:
6. Ատեստավորման գործընթացում մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողի ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է դրույքաչափի փոփոխության և հավելավճարի (ելույթավճարի) սահմանման համար: Ատեստավորման արդյունքներով դրույքաչափերի փոփոխության և հավելավճարի (ելույթավճարի) սահմանման դեպքերը և չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Ատեստավորման հանձնաժողովի՝ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշման դեպքում մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողի նկատմամբ կիրառելի են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի՝ աշխատողի զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում աշխատանքային պայմանագիրը լուծելու կարգավորումները:
(18.1-ին հոդվածը լրաց. 22.01.25 ՀՕ-22-Ն)
(22.01.25 ՀՕ-22-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 19. | Պետությունը և ստեղծագործական աշխատողների միությունները |
Պետությունը աջակցում է ստեղծագործական աշխատողների միությունների գործունեությանը, նրանց ընձեռում մշակութային քաղաքականության մշակմանը մասնակցելու հնարավորություն, նկատի առնում նրանց առաջարկությունները ստեղծագործական աշխատողների զբաղվածության, մասնագիտական վերապատրաստման, աշխատանքի ապահովման, սոցիալական պաշտպանվածության ոլորտներում ծրագրեր մշակելիս։
Գ Լ ՈՒ Խ 5.
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ
Հոդված 20. | Պետության գործունեությունը մշակույթի ոլորտում |
Պետությունը՝
1) նպաստում է մշակութային գործունեության իրականացմանը, մշակութային արժեքներին և ծառայություններին հաղորդակցվելու մատչելի պայմանների ստեղծմանը.
2) չի միջամտում քաղաքացիների ու մշակութային կազմակերպությունների մշակութային և ստեղծագործական գործունեությանը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
3) աջակցում է ազգային մշակույթի և արվեստի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը.
4) աջակցում է ստեղծագործող երիտասարդներին, դեբյուտանտներին, շնորհալի պատանիներին և նորաստեղծ ստեղծագործական խմբերին:
Գ Լ ՈՒ Խ 6.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ
Հոդված 21. | Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները մշակույթի ոլորտում |
Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
1) ապահովում է պետական մշակութային քաղաքականության իրականացումը և հաստատում մշակույթի պահպանման, զարգացման և տարածման պետական ռազմավարական ծրագիրը.
2) մշակույթի պահպանման, հանրահռչակման և զարգացման նպատակով ստեղծում է մշակույթի զարգացման հիմնադրամ և հաստատում դրա կանոնադրությունը.
3) օրենքով սահմանում է բնակչության որոշ խավերի համար (նախադպրոցական տարիքի երեխաներ, դպրոցականներ, ուսանողներ, կենսաթոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ժամկետային զինծառայողներ) մշակութային կազմակերպությունների վճարովի ծառայություններից օգտվելու արտոնությունների կարգ.
4) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ.
5) մշակութային ոչ առևտրային առանձին կազմակերպությունների շնորհում է կարգավիճակ, սահմանում է կարգավիճակ շնորհելու կարգն ու պայմանները.
6) սահմանում է մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմները.
7) հաստատում է մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման կարգերը.
8) հաստատում է մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին, այդ թվում՝ ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործողներին դրամական խրախուսում տրամադրելու (վճարելու) կարգը և չափերը.
9) հաստատում է պետական մշակութային կազմակերպությունների աշխատողների (այդ թվում՝ ստեղծագործական) վերապատրաստման և ատեստավորման, դրա համապատասխան արդյունքի գրանցման դեպքում հավելավճարների (ելույթավճարների) տրամադրման, ինչպես նաև սակագնային ընդհանուր քաղաքականության սկզբունքների վերաբերյալ ուղենշային կարգերը.
10) հաստատում է ռազմական դրության ժամանակ և արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության առաջնահերթ տարահանման մշակութային արժեքների ցանկը.
11) սահմանում է պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում մշակութային ծրագրերի և նախաձեռնությունների համաֆինանսավորման սկզբունքները, կարգը և չափորոշիչները։
(21-րդ հոդվածը լրաց. 23.05.11 ՀՕ-183-Ն, փոփ. 07.02.24 ՀՕ-55-Ն, խմբ., լրաց. 22.01.25 ՀՕ-22-Ն)
(22.01.25 ՀՕ-22-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 22. | Մշակույթի ոլորտում լիազորված պետական մարմնի իրավասությունները |
Մշակույթի ոլորտում պետական կառավարում իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը (այսուհետև՝ լիազորված պետական մարմին):
Լիազորված պետական մարմինը՝
1) իրականացնում է պետական մշակութային քաղաքականությունը, մասնակցում է մշակութային օրենսդրության ու մշակույթի պահպանման, զարգացման և տարածման պետական ռազմավարական ծրագրերի մշակմանը.
2) մասնակցում է մշակույթի ոլորտում կրթական չափորոշիչների (ստանդարտների), մեթոդական ձեռնարկների և ծրագրերի մշակմանը.
3) իր իրավասությունների սահմաններում մասնակցում է մշակույթի ոլորտում արտաքին քաղաքականության ձևավորմանը.
4) օրենքով սահմանված կարգով իրականացնում է վերահսկողություն մշակութային արժեքների արտահանման և ներմուծման նկատմամբ.
5) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչում շնորհելու առաջարկություններ.
6) ստեղծում է պետական միասնական տեղեկատվական համակարգ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մշակութային գործունեության ապահովման նպատակով.
7) վարում է մշակույթի ոլորտի վարչական վիճակագրությունը, ինչպես նաև՝ մշակութային կազմակերպությունների հաշվառումը.
8) հայտնաբերում, հաշվառում, ուսումնասիրում, վերականգնում և պահպանում է մշակութային ժառանգության առարկաները (օբյեկտները).
9) վարում է մշակութային ժառանգության առարկաների (օբյեկտների) պետական ցուցակները.
9.1) մշակում է ռազմական դրության ժամանակ և արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության առաջնահերթ տարահանման մշակութային արժեքների ցանկը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.
10) կազմակերպում է մշակույթի ոլորտում աշխատողների մասնագիտական պատրաստումը, վերապատրաստումը և վերաորակավորումը.
11) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին` թատերական, երաժշտական, պարարվեստի, թանգարանային, գրադարանային և արխիվային, «Համապետական», «Տարածքային» կամ «Տեղային» կարգավիճակ շնորհելու վերաբերյալ առաջարկություն։
(22-րդ հոդվածը լրաց. 23.05.11 ՀՕ-183-Ն, փոփ. 28.02.24 ՀՕ-121-Ն, փոփ., խմբ., լրաց. 22.01.25 ՀՕ-22-Ն)
(22.01.25 ՀՕ-22-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 23. | Մարզպետի իրավասությունները մշակույթի ոլորտում |
Մարզպետը՝
1) ապահովում է մարզի տարածքում պետական մշակութային քաղաքականության իրականացումը, կազմակերպում է պետական, ազգային ու այլ տոների և հիշատակի օրերի հետ կապված հանրային միջոցառումներ, նպաստում է ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը.
2) իրականացնում է օրենքով սահմանված լիազորություններ` մարզի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանության և օգտագործման նկատմամբ.
3) կազմակերպում է մարզի տարածքում մշակութային օբյեկտների կառուցումը, պահպանումն ու շահագործումը, հանգստի գոտիների ստեղծումը.
4) իրականացնում է մշակույթի ոլորտում օրենքով սահմանված այլ իրավասություններ:
(23-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-100-Ն)
Հոդված 24. | Համայնքի ղեկավարի իրավասությունները մշակույթի ոլորտում |
Համայնքի ղեկավարը՝
1) ապահովում է համայնքի տարածքում պետական մշակութային քաղաքականության իրականացումը.
2) որպես պարտադիր լիազորություն՝ կազմակերպում է համայնքի կողմից ստեղծված մշակութային կազմակերպությունների գործունեությունը, մշակութային օբյեկտների շահագործման և նորոգման աշխատանքները.
3) որպես պատվիրակված լիազորություն՝ կազմակերպում է Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված զանգվածային միջոցառումներ.
4) որպես կամավոր լիազորություն՝ աջակցում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանը.
5) որպես կամավոր լիազորություն՝ աջակցում է ազգային արհեստների, ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը.
6) իրականացնում է մշակույթի ոլորտում օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Գ Լ ՈՒ Խ 7.
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
(վերնագիրը լրաց. 23.05.11 ՀՕ-183-Ն)
Հոդված 25. | Մշակույթի և մշակութային գործունեության ֆինանսավորումը |
Հայաստանի Հանրապետության տարածքում մշակույթը պահպանելու, տարածելու և զարգացնելու պետական երաշխիքների հիմքը բյուջետային ֆինանսավորումն է:
(25-րդ հոդվածը փոփ. 22.01.25 ՀՕ-22-Ն)
(22.01.25 ՀՕ-22-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 26. | Մշակութային ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը |
(վերնագիրը խմբ. 22.01.25 ՀՕ-22-Ն)
Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունը կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և իր ստեղծման նպատակին համապատասխանող մշակութային և ձեռնարկատիրական գործունեություն:
Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել միայն այնքանով, որքանով այդ գործունեությունը համապատասխանում և ծառայում է կազմակերպության ստեղծման նպատակին: Այդպիսի գործունեություն է համարվում մշակութային ոչ առևտրային կազմակերպության ստեղծման նպատակին համապատասխանող ու շահութաբեր ապրանքների արտադրությունը և ծառայությունների մատուցումը, ինչպես նաև գույքային և ոչ գույքային իրավունքների իրացումը:
Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունը լիցենզավորման ենթակա գործունեության կամ օրենքով նախատեսված այլ գործունեության առանձին տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի կամ համապատասխան թույլտվության հիման վրա:
Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունը հաստատում է իր կողմից տրամադրվող ծառայությունների սակագները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։
(26-րդ հոդվածը խմբ., լրաց. 22.01.25 ՀՕ-22-Ն)
(22.01.25 ՀՕ-22-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 26.1. | Մշակութային ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակը |
1. Մշակութային առանձին կազմակերպությունների՝ թատերական, երաժշտական, պարարվեստի, կինոարվեստի, թանգարանային, գրադարանային և արխիվային, որոնք համապետական և համազգային նշանակության բացառիկ գործունեություն են իրականացնում, կարող է շնորհվել «Համապետական» կարգավիճակ:
2. «Տարածքային» նշանակության կարգավիճակ շնորհվում է այն մշակութային կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են մարզի շրջանակում՝ բավարարելով մարզի բնակչության մշակութային պահանջմունքները:
3. «Տեղային» նշանակության կարգավիճակ շնորհվում է այն մշակութային կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են համայնքի շրջանակում՝ բավարարելով համայնքի բնակչության մշակութային պահանջմունքները:
4. Գործող և նոր ստեղծվող մշակութային կազմակերպություններին «Համապետական», «Տարածքային» կամ «Տեղային» կարգավիճակ շնորհելու, փոփոխելու և դադարեցնելու կարգը, նախապայմանները և չափանիշները հաստատում, ինչպես նաև համապատասխան կարգավիճակը շնորհում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ լիազորված պետական մարմնի առաջարկությամբ։
(26.1-ին հոդվածը լրաց. 23.05.11 ՀՕ-183-Ն, խմբ. 22.01.25 ՀՕ-22-Ն)
(22.01.25 ՀՕ-22-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 26.2. | Մշակույթի զարգացման հիմնադրամի նպատակները և գործառույթները |
1. Մշակույթի զարգացման հիմնադրամի նպատակներն են՝
1) օժանդակել մշակույթի կառավարման արդյունավետ գործիքակազմի ներդրմանը.
2) աջակցել պետական մշակութային կազմակերպությունների ֆինանսական ինքնավարության խթանմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանը.
3) իրականացնել մշակութային և ստեղծարար ոլորտների զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրեր.
4) նպաստել հայկական մշակույթի միջազգայնացմանը։
2. Հիմնադրամն իրականացնում է պետական մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների՝
1) մարկետինգային գործառույթները.
2) վարչատնտեսական գործընթացի կառավարումը, այդ թվում՝ հաշվապահական հաշվառումը, գնումների գործընթացը, ընթացիկ տեխնիկական սպասարկումը.
3) մշակույթի տվյալ ոլորտը կարգավորող օրենքներով սահմանված այլ գործառույթներ։
3. Հիմնադրամի գործառույթների իրականացման կարգը (ներառյալ պետական մարմինների հետ փոխգործակցության մեխանիզմները) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
(26.2-րդ հոդվածը լրաց. 22.01.25 ՀՕ-22-Ն)
(22.01.25 ՀՕ-22-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Գ Լ ՈՒ Խ 8.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ
Հոդված 27. | Միջազգային մշակութային փոխանակությունների քաղաքականությունը և առաջնային ուղղությունները |
Հայաստանի Հանրապետությունը աջակցում է միջազգային մշակութային համագործակցության զարգացմանը, խրախուսում քաղաքացիների ու կազմակերպությունների ինքնուրույն և ուղղակի մասնակցությունը միջազգային մշակութային փոխանակություններին:
Հայաստանի Հանրապետության միջազգային մշակութային փոխանակությունների քաղաքականությունը, նրա առաջնային ուղղությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և մշակույթի պահպանման, տարածման ու զարգացման պետական ծրագրերով:
(27-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-233-Ն)
Հոդված 28. | Ապօրինի արտահանված և ապօրինի ներմուծված մշակութային արժեքների փոխանակության քաղաքականությունը |
Հայաստանի Հանրապետությունն իր տարածքից ապօրինի արտահանված և իր տարածք ապօրինի ներմուծված մշակութային արժեքների վերադարձման համար միջազգային պայմանագրերի հիման վրա իրականացնում է նպատակաուղղված մշակութային քաղաքականություն:
(28-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-233-Ն)
Հոդված 29. | Մշակութային գործակցությունը օտարերկրյա պետություններում |
Հայաստանի Հանրապետությունը (այլ պետությունների և Սփյուռքի հետ համատեղ) աջակցում է օտարերկրյա պետություններում հայկական մշակութային կենտրոնների ու կազմակերպությունների գործունեությանը, նպաստում ազգային մշակույթի և արվեստի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը:
Գ Լ ՈՒ Խ 9.
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 30. | Պատասխանատվությունը մշակութային օրենսդրությունը խախտելու համար |
Մշակութային օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվություն սահմանվում է օրենքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 10.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 31. | Պետական ծրագրերը ներկայացնելը |
(հոդվածն ուժը կորցրել է 22.01.25 ՀՕ-22-Ն)
Հոդված 32. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
