ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հունվարի 22-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու գործերն ընդունվում, և դրանց ընթացք է տրվում քաղաքացիության գործերի կառավարման էլեկտրոնային տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով:».
3) 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձին Համակարգի միջոցով ուղարկվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:»:
Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ կետի «5» թիվը փոխարինել «10» թվով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով.
«Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը չի կարող դադարեցվել, եթե քաղաքացիության դադարեցման հետևանքով վերջինս կդառնա քաղաքացիություն չունեցող անձ:
Քաղաքացիության դադարեցման գործերն ընդունվում, և վարույթներն իրականացվում են Համակարգի միջոցով:»:
Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի առաջին նախադասությունը «գրավոր հավաստման (տեղեկանքի) հիման վրա» բառերից հետո լրացնել «, որը քաղաքացին ներկայացնում է Համակարգի միջոցով» բառերով, իսկ նույն մասի երկրորդ նախադասության «դիմելու օրվանից սկսած» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումն անձամբ ներկայացնելու օրվանից սկսած» բառերով․
2) 4-րդ մասի երկրորդ նախադասության «հինգ» բառը փոխարինել «10» թվով:
Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցող անձը, իսկ անգործունակ ճանաչված անձի դեպքում` խնամակալը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու մասին դիմումը ներկայացնում են անձամբ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումը Հայաստանի Հանրապետության քաղաքացին, իսկ 18 տարին չլրացած քաղաքացու դեպքում՝ ծնողը, ներկայացնում են անձամբ: Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում սույն մասով սահմանված դիմումները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.3-րդ մասերով.
«1.1. Նախքան սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումի ներկայացումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու նպատակով անձը Համակարգի միջոցով սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմիններ ներկայացնում է էլեկտրոնային հայտ, որից հետո Համակարգի միջոցով հերթագրվում է դիմումն անձամբ ներկայացնելու համար, եթե հիշյալ մարմինների կատարած նախնական ուսումնասիրությամբ հաստատվել է, որ ներկայացված փաստաթղթերն ու տեղեկություններն ամբողջական են և համապատասխանում են օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Փաստաթղթերն ու տեղեկություններն ամբողջական չլինելու կամ օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում անձը Համակարգի միջոցով ծանուցվում է դրանք ներկայացնելու և հայտը համալրելու անհրաժեշտության մասին:
1.2. Էլեկտրոնային հայտը ներկայացնելիս անձը սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով հնարավորություն է ստանում Համակարգի միջոցով վճարելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար օրենքով սահմանված պետական տուրքը:
1.3. Սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված էլեկտրոնային հայտ ներկայացվելու դեպքում, իսկ հետագայում նաև դիմումի քննարկման ընթացքում Համակարգի միջոցով հարցումներ են ուղարկվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացում ներգրավված պետական մարմիններ, այդ թվում՝ ինքնաշխատ եղանակով՝ նաև պետական մարմինների տիրապետման ներքո գտնվող էլեկտրոնային տեղեկատվական համակարգեր՝ քաղաքացիություն շնորհելու կամ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ՝ սույն օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասով կամ 24-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանգամանքները պարզելու նպատակով:»:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.1-ին հոդվածով.
«Հոդված 27.1. | Քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծման գործերի կասեցումը |
1. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումի քննարկումը 60 օրով կարող է կասեցնել՝
1) եթե առկա են առերևույթ կեղծ կամ անվավեր կամ սխալ կազմված փաստաթղթեր կամ տվյալներ, որոնց իսկությունը պետք է հավաստվի Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության իրավասու մարմիններ կամ այլ կազմակերպություններ հարցումներ կատարելու միջոցով.
2) եթե դիմումի քննարկման ընթացքում փաստաթղթերում հայտնաբերվել են անհամապատասխանություններ, սխալներ կամ գործի քննության համար էական նշանակություն ունեցող այնպիսի հանգամանքներ, որոնց դեպքում անհնարին է տվյալ դիմումի քննարկումն առանց լրացուցիչ կամ նոր փաստաթղթեր պահանջելու կամ ներկայացված փաստաթղթերում անհրաժեշտ ուղղում կատարելու.
3) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով նախատեսված այլ դեպքերում:
2. Կասեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինն ընդունում է պատճառաբանված որոշում, որը Համակարգի միջոցով եռօրյա ժամկետում ուղարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու նպատակով դիմած անձին:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումի քննարկումը վերսկսվում է կասեցման հիմքերը վերանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից:
4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դեպքերում դիմումի քննարկման կասեցման հիմքերը չեն վերացել մինչև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կասեցման առավելագույն ժամկետը լրանալը, ապա՝
1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումի քննարկման վարույթը վերսկսվում է, և լիազոր մարմինը գործի ընթացքը շարունակում է առկա փաստական հանգամանքների հիման վրա՝ կիրառելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 10-րդ հոդվածը.
2) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումի քննարկման վարույթը կարճվում է:
5. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումի քննարկման վարույթը վերսկսվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու նպատակով դիմած անձը Համակարգի միջոցով ծանուցվում է իր դիմումի քննարկումը կասեցնելու, վերսկսելու կամ վարույթը կարճելու մասին:»:
Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) քաղաքացիության գործերի կառավարման Համակարգի նկարագիրը և աշխատակարգը, Համակարգին հասանելիություն ունեցող մարմինների ցանկը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու, քննարկելու, այդ թվում՝ Համակարգի միջոցով էլեկտրոնային հայտ ներկայացնելու, դիմումն անձամբ ներկայացնելու համար հերթագրվելու, իրավասու մարմիններ (այդ թվում՝ ինքնաշխատ եղանակով պետական մարմինների տիրապետման ներքո գտնվող էլեկտրոնային տեղեկատվական համակարգեր) հարցումներ կատարելու, համապատասխան տեղեկություններ և եզրակացություններ, Համակարգի միջոցով ծանուցումներ ստանալու կարգը և ժամկետները, ինչպես նաև ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության մասին փաստաթուղթ տրամադրող եկեղեցական կառույցների ցանկը.»:
Հոդված 7. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու մասին սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը քննարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին մուտքագրվելու օրվանից սկսած՝ իննսուն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը, ինչպես նաև սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու դեպքում անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ գործերը քննարկվում են վեցամսյա ժամկետում: Ներկայացված դիմումը մուտքագրվում, և դրան ընթացք է տրվում, եթե կից փաստաթղթերն ամբողջական են և համապատասխանում են օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Փաստաթղթերի ամբողջականությունն ապահովված չլինելու դեպքում դիմումատուին տեղում՝ բանավոր, ինչպես նաև Համակարգի միջոցով պարզաբանվում է 15 աշխատանքային օրվա ընթացքում փաստաթղթերը համալրելու մասին: Նշված ժամկետում փաստաթղթերը չհամալրելու դեպքում դիմումին ընթացք չի տրվում, որի մասին դիմումատուն ինքնաշխատ կերպով ծանուցվում է Համակարգի միջոցով: Այս դեպքում դիմումատուն սույն օրենքի 27-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով կարող է կրկին էլեկտրոնային հայտ ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար:
Սույն օրենքի 27-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված էլեկտրոնային հայտերը սույն օրենքի իմաստով չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումներ:
Դիմումը մերժելու կամ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու պարագայում անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում կրկին կարելի է դիմել դիմումը մերժելու կամ քաղաքացիությունը դադարեցնելու օրվանից մեկ տարի հետո՝ սույն օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ հոդվածով.
«Հոդված 31. | Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումների քննարկման գործերով արխիվացումը |
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումների քննարկման գործերն արխիվացվում են էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:
Հոդված 9.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված Կառավարության որոշումն ընդունվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումների քննարկումն իրականացվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող իրավական նորմերով սահմանված կարգով:
3․ Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Կառավարության լիազոր մարմին ներկայացված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումներով կազմված գործերը պահպանվում են թղթային եղանակով՝ մինչև դրանց հետագա թվայնացումը: Թվայնացումից հետո թղթային եղանակով պահպանվող գործերը սահմանված կարգով ոչնչացվում են:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. փետրվարի 12 Երևան ՀՕ-4-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2025 թվական:
