Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1763
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.25-2024.12.08 Պաշտոնական հրապարակման օրը 29.11.2024
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
26.11.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2024

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

26 նոյեմբերի 2024 թ.

 

2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՍԻԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ» ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Դ. Խաչատուրյանի, Ե. Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Կառավարության ներկայացուցիչ` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2023 թվականի ապրիլի 25-ին ընդունված «Մշակութային ժառանգության ասիական դաշինք» կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարությունն իր` 2024 թվականի հունիսի 27-ի N 960-Ա որոշմամբ հավանություն է տվել 2023 թվականի ապրիլի 25-ին ընդունված «Մշակութային ժառանգության ասիական դաշինք» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի մասին Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության՝ 2024 թվականի հուլիսի 1-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Սահմանադրական դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի ՍԴԱՈ-141 աշխատակարգային որոշմամբ «2023 թվականի ապրիլի 25-ին ընդունված «Մշակութային ժառանգության ասիական դաշինք» կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցվել է` գործով լրացուցիչ ապացույցներ պահանջելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

Սահմանադրական դատարանի 2024 թվականի նոյեմբերի 19-ի ՍԴԱՈ-175 աշխատակարգային որոշմամբ «2023 թվականի ապրիլի 25-ին ընդունված «Մշակութային ժառանգության ասիական դաշինք» կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը վերսկսվել է` հաշվի առնելով, որ վերացել է սույն գործի կասեցման հիմքը:

Ուսումնասիրելով վերոնշյալ կանոնադրությունը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Կանոնադրությունն ընդունվել է 2023 թվականի ապրիլի 25-ին՝ ողջ Ասիայում մշակութային ժառանգության պահպանության և օգտագործման կարողությունները զարգացնելու, բարելավելու և մշակութային ժառանգության երկարաժամկետ պահպանությունը ողջ Ասիայում համակարգելու՝ տնտեսության, հասարակության, մշակույթի, զբոսաշրջության և շրջակա միջավայրի պահպանության զարգացմանը համընթաց, մարդկանց կապերը և ուղիղ հաղորդակցությունն ասիական երկրների միջև խթանելու և ավելացնելու, ասիական քաղաքակրթությունների փոխանցումը դյուրացնելու և Ասիայի համար ընդհանուր ապագա ունեցող համայնք ձևավորելու նպատակով:

 

2. Արտաքին գործերի նախարարության` Կանոնադրության վավերացման կամ հաստատման արտաքին քաղաքական նպատակահարմարության վերաբերյալ եզրակացության և ուժի մեջ մտնելու կարգի վերաբերյալ տեղեկանքի համաձայն՝ մշակութային ժառանգության պահպանության ասիական դաշինք նախաձեռնության առաջին հանդիպումը տեղի է ունեցել առցանց՝ 2021 թվականի հոկտեմբերի 27-ին: Նախաձեռնության հիմնադիր անդամներ են դարձել Չինաստանը, Հայաստանը, Կամբոջան, Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը, Իրանը, Ղրղզստանը, Պակիստանը, Սիրիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եմենը։

Ներկա դրությամբ Կանոնադրությունն ընդունվել է 12 պետության կողմից։

 

3. «Մշակութային ժառանգության ասիական դաշինքը» (այսուհետ՝ ՄԺԱԴ) կամավոր մասնակցության, հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահի սկզբունքների հիման վրա ասիական երկրների կողմից ստեղծված միջկառավարական համագործակցության մեխանիզմ է, որն ուղղված է Մշակութային ժառանգության պահպանության ասիական նախաձեռնության իրականացմանը:

 

4. ՄԺԱԴ-ը բաղկացած է Ընդհանուր ժողովից, Խորհրդից, Գիտական կոմիտեից և Քարտուղարությունից:

 

5. ՄԺԱԴ-ն իրականացնում է հետևյալ գործունեությունը.

● աջակցություն համատեղ նախագծերի իրականացմանը Ասիայում մշակութային ժառանգության պահպանության և կառավարման ոլորտում՝ ներառյալ, սակայն չսահմանափակվելով հետևյալ ոլորտներով՝ հնագիտություն, ժառանգության օբյեկտների պահպանություն և վերականգնում, միջթանգարանային փոխանակում, Համաշխարհային մշակութային ժառանգության անվանակարգում, պահպանություն և կառավարում, մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և սեփականության փոխանցման կանխարգելում մշակութային արժեք հանդիսացող կորած օբյեկտների վերադարձի և փոխհատուցման դյուրացում,

● համաժողովների, ֆորումների և մշակութային ժառանգության ոլորտում այլ միջոցառումների կազմակերպում,

● մասնագիտական վերապատրաստման և կարողությունների զարգացմանն ուղղված համագործակցության խթանում,

● փոխանակման ծրագրերի և համագործակցության արդյունքների և ձեռքբերումների ներկայացում և տարածում։

 

6. Կանոնադրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես՝

● պահպանել Կանոնադրության պահանջները և հարակից նորմերն ու կանոնները և կատարել ՄԺԱԴ-ի կայացրած որոշումները (հոդված 9, մաս 1),

● պահպանել և պաշտպանել ՄԺԱԴ-ի շահերը և օրինական իրավունքները (հոդված 9, մաս 2),

● նախաձեռնել ՄԺԱԴ-ի միջոցառումների կազմակերպումը, մասնակցել դրանց և նպաստել դրա առաջընթացին և զարգացմանը (հոդված 9, մաս 3),

● նպաստել ՄԺԱԴ-ի՝ համաշխարհային տեսանելիության մեծացմանը. նշանակել մասնագիտացված մարմին՝ ընթացիկ գործունեության իրականացմանն աջակցելու նպատակով Քարտուղարության հետ հաղորդակցությունն ապահովելու համար (հոդված 9, մաս 4),

● նշանակել մասնագիտացված գործակալություն՝ ամենօրյա գործողությունները դյուրացնելու նպատակով Քարտուղարության հետ կապ պահպանելու համար (հոդված 9, մաս 5):

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2023 թվականի ապրիլի 25-ին ընդունված «Մշակութային ժառանգության ասիական դաշինք» կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Ա. Դիլանյան

 

26 նոյեմբերի 2024 թվականի

ՍԴՈ-1763

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 նոյեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան