ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԱՔԴ/0065/01/11 |
Քրեական գործ թիվ ԵԱՔԴ/0065/01/11 |
|
Նախագահող դատավոր՝ Մ. Պետրոսյան | |
Դատավորներ` Մ. Արղամանյան |
|
Գ. Մելիք-Սարգսյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Պողոսյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
| ||
քարտուղարությամբ |
Մ. Պետրոսյանի |
2012 թվականի հունիսի 8-ին |
Երևան քաղաքում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արթուր Սարգսի Խուրշուդյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի սեպտեմբերի 1-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
1. 2011 թվականի ապրիլի 1-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 09105411 քրեական գործը:
2011 թվականի ապրիլի 1-ին Արթուր Խուրշուդյանը ձերբակալվել է:
Նախաքննության մարմնի 2011 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ Ա.Խուրշուդյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ Ա.Խուրշուդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
2011 թվականի մայիսի 27-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 7-ի դատավճռով Ա.Խուրշուդյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և դատապարտվել ազատազրկման՝ 3 տարի ժամկետով: «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ` Ա.Խուրշուդյանն ազատվել է նշանակված պատիժը կրելուց: Ամբաստանյալ Ա.Խուրշուդյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացվել է, և նա կալանքից ազատվել է դատական նիստերի դահլիճում:
3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2011 թվականի սեպտեմբերի 1-ին որոշում է կայացրել բողոքը մասնակիորեն բավարարելու, Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 7-ի դատավճիռը պատժի մասով բեկանելու և փոփոխելու մասին: Ա.Խուրշուդյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և դատապարտվել տուգանքի՝ 700.000 ՀՀ դրամի չափով:
4. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 1-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանը:
Վճռաբեկ դատարանի 2012 թվականի մարտի 6-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
5. Ա.Խուրշուդյանը դատապարտվել է այն բանի համար, որ 2011 թվականի մարտի 31-ին` ժամը 22:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Դրոյի փողոցի թիվ 15 շենքի մոտ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով փորձել է բացահայտ հափշտակել Աննա Իսախանյանի պարանոցի` 100.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա շղթան և խաչը, սակայն, հանդիպելով Ա.Իսախանյանի դիմադրությանը, իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը և դիմել է փախուստի:
6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ մեղադրողի կողմից բերված վերաքննիչ բողոքում նշված է. «(…) Դատարանը, կիրառելով «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 26.05.2011թ. որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը, հաշվի չի առել, որ նույն համաներման 9-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն` համաներումը կիրառելի չէ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարած կամ այդ հանցագործությունը կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, եթե դրանք հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն չեն: Քանի որ Ա.Խուրշուդյանի կատարած արարքը հանցափորձ է, կարծում եմ, որ դատարանը ճիշտ չի մեկնաբանել համաներման ակտը, այն է` համաներման ակտի 8-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` պատժաչափի չկրած մասը կրճատվում է մեկ քառորդով նույն որոշման 9-րդ կետի 7-րդ ենթակետում հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, եթե դրանք հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն են, այլ ոչ թե ազատում է պատժի կրումից:
Վերոգրյալի հիման վրա (…) խնդրում եմ բեկանել Արթուր Խուրշուդյանի վերաբերյալ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 07.07.2011թ. դատավճիռը, Ա.Խուրշուդյանի նկատմամբ նշանակել պատիժ` առանց «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011թ. մայիսի 26-ի որոշման կիրառման» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, 59-60-րդ էջեր):
7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում նշել է. «(…) Այս պայմաններում վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով մեղադրվող ամբաստանյալ Արթուր Խուրշուդյանի նկատմամբ կիրառելի չէ ՀՀ Ազգային ժողովի համաներում հայտարարելու մասին 26.05.2011 թվականի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը (…):
Բացի այդ, դատարանն ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման հետ կապված պատիժ նշանակելիս պատժատեսակի նպատակահարմարության հարցը քննության առարկա չի դարձրել, չի պատճառաբանել և չի նշել այն շարժառիթները, թե ինչու է ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված պատիժներից առավել խիստ պատիժ` ազատազրկում նշանակել և ինչու պատիժներից նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները:
Վերաքննիչ դատարանը քննության առնելով ամբաստանյալ Ա.Խուրշուդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով պատիժ նշանակելու հարցը և հաշվի առնելով մեղքի ձևը, այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն` ամբաստանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով մեղսագրված հանցագործությունն ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի դասակարգվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, որի համար նախատեսված է նաև այլընտրանքային պատիժ` տուգանքի ձևով, հանգում է այն հետևության, որ վերջինիս նկատմամբ պետք է նշանակել վերոհիշյալ հոդվածով սահմանված պատիժներից տուգանք պատժատեսակը (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, 78-80-րդ էջեր):
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված օրինականության սկզբունքի խախտում:
Ի հիմնավորումն ասվածի` բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ բերված վերաքննիչ բողոքում մեղադրողը վիճարկել է Ա.Խուրշուդյանի նկատմամբ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառման իրավաչափությունը` փաստարկելով, որ Ա.Խուրշուդյանը նշված համաներման ակտի կիրառմամբ ոչ թե պետք է ազատվեր նշանակված պատժի կրումից, այլ նրա նկատմամբ նշանակված պատժի չկրած մասը պետք է կրճատվեր մեկ քառորդով, և խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռն ու Ա.Խուրշուդյանի նկատմամբ նշանակել պատիժ՝ առանց համաներման ակտի կիրառման: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, մեղադրողի բողոքը մասնակիորեն բավարարելով, պատժի մասով բեկանել և փոփոխել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` Ա.Խուրշուդյանին դատապարտելով տուգանքի 700.000 ՀՀ դրամի չափով:
Վերոշարադրյալ հանգամանքը, բողոք բերած անձի կարծիքով, վկայում է այն մասին, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից` թույլ տալով դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում:
9. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 7-ի դատավճիռը, Վերաքննիչ դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 1-ի որոշումը և քրեական գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանում գործի քննության սահմաններն ամրագրող քրեադատավարական իրավանորմերի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Ա.Խուրշուդյանի նկատմամբ կայացված դատավճիռը պատժի մասով բեկանելու և փոփոխելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն այն դեպքում, երբ մեղադրողի վերաքննիչ բողոքը վերաբերել է համաներման ակտի սխալ կիրառմանը:
12. ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա:
Պետական (…) մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենսգիրքը և մյուս օրենքները»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի համաձայն`
«1. Վերաքննիչ բողոքը պետք է բովանդակի`
(…)
5) բողոքի հիմքերը և պահանջը.
51) վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները (…)
3. Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում, և դրանք չեն կարող փոփոխվել և լրացվել գործի դատական քննության ընթացքում:
(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում»:
13. Վերոգրյալ իրավանորմերի ուսումնասիրությունից երևում է, որ վերաքննիչ դատարանում գործի քննության սահմաններն էականորեն տարբերվում են առաջին ատյանի դատարանում գործի քննության սահմաններից: Մասնավորապես, եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության սահմանները որոշվում են անձին առաջադրված մեղադրանքի հիման վրա (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մաս), ապա վերաքննության կարգով գործը վերանայելիս գործի քննության սահմանները կանխորոշում է վերաքննիչ բողոքը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մաս): Այլ կերպ ասած՝ վերաքննիչ դատարանում վերաքննիչ բողոքի սահմաններում դատական ստուգման է ենթարկվում առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը և ոչ թե իրականացվում է գործի ըստ էության քննություն: Ավելին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասն ուղղակիորեն արգելում է վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը փոփոխել կամ լրացնել գործի դատական քննության ընթացքում` ամրագրելով, որ դրանք ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում:
14. Մ.Էլոյանի և այլոց վերաբերյալ գործով կայացված որոշման մեջ քննարկման առարկա դարձնելով վճռաբեկ դատարանում գործի քննության սահմանները` Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրելով «բոլոր դեպքերում» ձևակերպումը` օրենսդիրը արտահայտել է այդ կանոնն իմպերատիվ դարձնելու կամք` անկախ վերադաս դատարաններում վարույթի սահմանները որոշող իրավանորմերից (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մաս և 415-րդ հոդվածի 1-ին մաս): Այլ կերպ, եթե վերադաս դատարանը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա իրավասու է ուղղել այդ դատական սխալը` կաշկանդված չլինելով դատական վերանայման սահմանների վերաբերյալ կանոններով:
Նույնը վերաբերում է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում ամրագրված հիմքերին, որոնցով «հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման». նշված ձևակերպումը ևս վկայում է նշված հիմքերն իմպերատիվ դարձնելու օրենսդրի կամքի մասին:
(…) տրված օրենքի մեկնաբանությունները ոչ միայն պայմանավորված են օրենքի իմաստի տառացի ընկալմամբ, այլև արտահայտում են քրեական դատավարությունում իրավաչափ շահերի ողջամիտ հավասարակշռությունը:
Այսպես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասում և 415-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված իրավանորմերն ըստ էության ամրագրում են Վճռաբեկ դատարանում դատական վերանայման սահմանափակ բնույթը և հետապնդում են իրավաչափ նպատակ. ապահովել կողմերի հետևողականությունն իրենց նյութաիրավական ու դատավարական շահերի պաշտպանության գործում:
Այնուհանդերձ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ և 415-րդ հոդվածներով նախատեսված սահմանափակումները չեն կրում և չեն կարող կրել բացարձակ բնույթ, քանի որ կողմերի իրավական հետևողականության ապահովման իրավական շահին հակակշիռ իրավական շահը` դատական սխալների ուղղումը, որոշակի պայմաններում կարող է էապես մեծարժեք լինել, որպես գերակա հանրային շահ: Ուստի, հիմնարար բնույթ կրող դատական սխալների հայտնաբերման պարագայում Վճռաբեկ դատարանն իրավասու է դուրս գալ բողոքարկման սահմաններից և վերացնել այդ դատական սխալները (…)» (տե՛ս Մխիթար Միհրանի Էլոյանի և այլոց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման 13-14-րդ կետերը):
15. Վերահաստատելով և զարգացնելով վկայակոչված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն վերաբերելի է նաև վերաքննիչ դատարանում գործի քննության սահմաններն ամրագրող իրավանորմերին: Այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածում ամրագրված սահմանափակումները բացարձակ բնույթ չեն կրում և դրանք պետք է դիտարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այլ իրավանորմերի համատեքստում:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանն իրավասու է դուրս գալ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից միայն այն դեպքում, երբ առկա է դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն անվերապահորեն պետք է հանգեցնի դատական ակտի բեկանման (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մաս) կամ առկա է քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր): Մյուս բոլոր դեպքերում վերաքննիչ դատարանը կաշկանդված է դատական վերանայման սահմանների վերաբերյալ կանոններով, հետևաբար իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ, վերաքննիչ բողոքի հիմքերից և հիմնավորումներից դուրս արձանագրել դատական սխալ և ուղղել այն:
16. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ բերված վերաքննիչ բողոքում մեղադրողը վիճարկել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառման իրավաչափությունը` փաստարկելով, որ Ա.Խուրշուդյանը նշված համաներման ակտի կիրառմամբ ոչ թե պետք է ազատվեր նշանակված պատժի կրումից, այլ նրա նկատմամբ նշանակված պատժի չկրած մասը պետք է կրճատվեր մեկ քառորդով (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Վերաքննիչ դատարանը համաձայնել է մեղադրողի փաստարկների հետ, միևնույն ժամանակ դուրս գալով վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, սեփական նախաձեռնությամբ քննարկման առարկա է դարձրել Ա.Խուրշուդյանի նկատմամբ նշանակված պատժի արդարացիության հարցը: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, Ա.Խուրշուդյանի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելով, թույլ է տվել նյութական իրավունքի խախտում և բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` Ա.Խուրշուդյանի նկատմամբ պատիժ է նշանակել տուգանքի ձևով (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
17. Մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-15-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցավորի նկատմամբ նշանակված պատժի անհամաչափությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` դատական ակտի անվերապահ բեկանմանը հանգեցնող դատավարական իրավունքի խախտում չէ և ոչ էլ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված` քրեական գործի կարճման կամ քրեական հետապնդման դադարեցման հիմք: Հետևաբար Վերաքննիչ դատարանն իրավասու չէր սեփական նախաձեռնությամբ, վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից դուրս անդրադառնալ Ա.Խուրշուդյանի նկատմամբ նշանակված պատժի արդարացիության հարցին և այդ մասով փոփոխել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը:
18. Հիմք ընդունելով վերոգրյալ դատողությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավաչափ չէ Ա.Խուրշուդյանի նկատմամբ կայացված դատավճիռը պատժի մասով բեկանելու և փոփոխելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն այն դեպքում, երբ մեղադրողի վերաքննիչ բողոքը վերաբերել է համաներման ակտի սխալ կիրառմանը: Այլ կերպ ասած՝ սույն գործով Վերաքննիչ դատարանը, որոշում կայացնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռն Ա.Խուրշուդյանի նկատմամբ նշանակված պատժի մասով բեկանելու և փոփոխելու մասին, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից` թույլ տալով վերաքննիչ դատարանում գործի քննության սահմաններն ամրագրող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտում, ինչն էլ իր հերթին հանգեցրել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված օրինականության սկզբունքի խախտման:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա (…)»:
Վերոնշյալ հանգամանքը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Արթուր Սարգսի Խուրշուդյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հուլիսի 7-ի դատավճիռը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 1-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
Ա. Պողոսյան | |
Հ. Ասատրյան | ||
Ե. Դանիելյան | ||
Հ. Ղուկասյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|