ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունվարի 2016 թվականի N 30-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի կենսաթոշակը նշանակելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ իր տարածքային ստորաբաժանումների միջոցով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի օգոստոսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ
1. Սույն կարգը կարգավորում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 56-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կենսաթոշակը (այսուհետ՝ կենսաթոշակ) նշանակելուն առնչվող հարաբերությունները:
2. Կենսաթոշակը նշանակվում է օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնի նշանակված անձին (այսուհետ՝ ծառայող), եթե նա այդ պաշտոնից ազատվել է իր գրավոր դիմումի հիման վրա կամ օրենքով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ (եթե օրենքով սահմանված կարգով այն չի երկարաձգվել), կամ հիվանդության կամ ֆիզիկական արատի պատճառով ծառայությանը ոչ պիտանի լինելու կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով և մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը ձեռք է բերել առնվազն 20 օրացուցային տարվա ծառայության ստաժ:
(2-րդ կետը խմբ. 26.10.17 N 1354-Ն)
3. Ծառայողին կենսաթոշակ նշանակվում, վճարվում (այդ թվում` չվճարված կենսաթոշակի գումարը), նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում և վերականգնվում, կենսաթոշակ վճարելը դադարեցվում և վերսկսվում է, կենսաթոշակից պահումներ կատարվում, ավելի վճարված կենսաթոշակի գումարները բռնագանձվում, հետ գանձվում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վերականգնվում, ինչպես նաև կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակվում և վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով զինծառայողների համար սահմանված կարգով և ժամկետում:
(3-րդ կետը լրաց. 26.10.17 N 1354-Ն)
4. Սույն կարգով սահմանված` կենսաթոշակ նշանակելուն առնչվող տվյալները ներառվում են պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան:
5. Սույն կարգի 2-րդ կետում նշված ծառայության ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետում նշված ժամանակահատվածները և քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը:
6. Ծառայողի կենսաթոշակի չափը հաշվարկվում է 2014 թվականի հունիս ամսվա համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական մարմիններում ստացած (հաշվարկված) դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 70 տոկոսի չափով: 20 օրացուցային տարուց ավելի ծառայության ստաժի յուրաքանչյուր լրիվ տարվա համար կենսաթոշակին ավելանում է դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի երկու տոկոսը, իսկ մինչև զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնելն աշխատած և ծառայության ստաժում չհաշվառվող յուրաքանչյուր տարվա համար` մեկ տոկոսը:
7. Ծառայողին նշանակված կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել կենսաթոշակ նշանակելու համար հիմք հանդիսացող դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի չափը:
8. Սույն կարգի 7-րդ կետում նշված դրամական բավարարման չափը որոշվում է պաշտոնային դրույքաչափի, զինվորական կոչման դրույքաչափի, զինվորական ծառայության ստաժի համար տրվող հավելման գումարի և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով:
9. Ծառայողի կենսաթոշակը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` կենսաթոշակառուի դիմումի հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ հաստատված կարգով:
10. Ծառայողին կենսաթոշակ նշանակվում, վճարումն ապահովվում, կենսաթոշակ նշանակելու և կենսաթոշակի չափը հաշվարկելու համար նրա ստաժը հաշվարկվում, ինչպես նաև կենսաթոշակի գործը (փաստաթղթերը) վարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման NN 1, 2, 8, 9, 13 և 14 հավելվածների, ինչպես նաև սույն կարգի համաձայն:
11. Կենսաթոշակ նշանակելու համար դիմումին կից ներկայացվում են`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 10 հավելվածի 3-րդ կետում նշված` անձը հաստատող փաստաթուղթը.
2) հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.
3) ստաժը հաստատող փաստաթղթեր (աշխատանքային գրքույկը, անհրաժեշտության դեպքում` ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ).
4) քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն նշանակված լինելու մասին փաստաթուղթ.
5) ծառայողի պաշտոնից ազատվելու մասին հրամանի քաղվածքը.
6) 2014 թվականի հունիս ամսվա համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական մարմիններում ստացած (հաշվարկված) դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի չափի մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի տված տեղեկանքը:
12. Կենսաթոշակ վճարելը վերսկսելու և չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու, ինչպես նաև կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը վճարելու համար անձը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 10 հավելվածի 25-րդ, 25.1-ին, 26-րդ, 27-րդ և 28-րդ կետերում նշված փաստաթղթերը:
13. Եթե «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կենսաթոշակի իրավունք ձեռք բերած և մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի կեսաթոշակը նշանակելու կարգը հաստատելու մասին» N 30-Ն որոշումն ուժի մեջ մտնելը քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնից ազատված ծառայողը կենսաթոշակ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի N 30-Ն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, ապա կենսաթոշակը նշանակվում է քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնից ազատվելու օրվանից:
(հավելվածը խմբ., լրաց. 26.10.17 N 1354-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |