«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 ապրիլի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005164
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
15 մարտի 2005 թ. |
N 116-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին» ծանուցման օրինակելի ձևը՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
2005 թ. մարտի 22 |
ՀԱՎԵԼՎԱԾ 1
Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
Ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին
Սույն ծանուցման մեջ կիրառվող բոլոր սահմանումները համապատասխանում են
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման երաշխավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի սահմանումներին:
Երաշխավորողը
Ձեր ավանդների հատուցման երաշխավորող է հանդիսանում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետև՝ Հիմնադրամ):
Հիմնադրամի գտնվելու վայրը……………………………………………………………………..
Հեռախոսը.…………………………………………………………………………………………...
Հատուցման դեպքը, երաշխավորված ավանդի առավելագույն չափը և հաշվարկման կարգը
Երաշխավորված ավանդների հատուցման դեպք (այսուհետ՝ հատուցման դեպք) է համարվում «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բանկին անվճարունակ կամ սնանկ ճանաչելը, և եթե բանկը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ի վիճակի չէ օրենքով և պայմանագրերով սահմանված ժամկետներում վերադարձնել ավանդները:
Երաշխավորված ավանդների հաշվարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի փետրվարի 16-ի թիվ 70-Ն որոշմամբ: Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են՝
-
միայն դրամային ավանդի դեպքում - երկու միլիոն դրամ,
-
միայն արտարժութային ավանդի դեպքում - մեկ միլիոն դրամ,
-
և´ դրամային (մեկ միլիոնից ավել) և´ արտարժութային ավանդների դեպքում - մինչև երկու միլիոն դրամ,
-
և´ դրամային (մեկ միլիոնից պակաս) և´ արտարժութային ավանդների դեպքում - դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ մինչև մեկ միլիոն դրամ:
Նույն բանկում բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բոլոր արտարժութային ավանդները` նույնպես համարվում են մեկ ավանդ: Համատեղ ավանդը - համարվում է առանձին ավանդ՝ պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով:
Չերաշխավորված բանկային ավանդ
Ձեր ավանդը երաշխավորված չէ, եթե՝
ա) Դուք հանդիսանում եք տվյալ բանկի ղեկավար և (կամ) վերջինիս ընտանիքի անդամ,
բ) Դուք հանդիսանում եք տվյալ բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձ և (կամ) վերջինիս ընտանիքի անդամ,
գ) Դուք, որպես ավանդի սեփականատեր (համասեփականատեր), հրաժարվել եք ավանդի Ձեր մասի նկատմամբ սեփականության իրավունքից,
դ) Ձեր ավանդն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ճանաչվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց, քանի դեռ Դուք հակառակը չեք ապացուցել,
ե) Ձեր ավանդը տվյալ բանկում ներդրվել է բանկային ավանդի ներդրման պահին տվյալ բանկի կողմից հրապարակային պայմանագիր կնքելու առաջարկով նախատեսված նմանատիպ բանկային ավանդների տոկոսադրույքը առնվազն 1,5 անգամ գերազանցող տոկոսադրույքով,
զ) Ձեր ավանդը ներդրված է բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված օտարերկրյա բանկերի մասնաճյուղերում:
Անկախ ավանդի ներդրման արժույթից՝ հատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրամով՝ դեպքի տեղի ունենալու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով:
Երաշխավորված ավանդների հատուցման կազմակերպումը
Հատուցման դեպքի տեղի ունենալուց մեկ ամիս հետո Հիմնադրամը՝ անվճարունակ բանկի կամ այլ բանկի միջոցով, սկսում է իրականացնել Ձեր ավանդների հատուցման գործընթացը: Գործընթացն սկսվում է զանգվածային լրատվական միջոցներում հատուցման վերաբերյալ Հիմնադրամի համապատասխան հայտարարություն տալու պահից: Երաշխավորված ավանդի գումարի վճարումն իրականացնող բանկին կարող եք դիմում ներկայացնել ոչ ուշ, քան հատուցումն սկսելու պահից մեկ տարվա ժամկետում:
Երաշխավորված ավանդի գումարի հատուցումից հետո, Ձեր՝ անվճարունակ բանկի հանդեպ ունեցած դրամական պահանջը՝ հատուցված գումարի չափով համարվում է բավարարված: Հատուցման առավելագույն չափը գերազանցող գումարը համարվում է սնանկ կամ անվճարունակ բանկի պարտավորությունը Ձեր նկատմամբ: