«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 հոկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60003324
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
13 օգոստոսի 2003 թ. Երևան |
N 48-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏՈՒՅԺԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել տույժերի կիրառման կարգը (հավելված):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի նախագահ՝ |
Ռ. Նազարյան |
Հավելված |
|
Տ ՈՒ Յ Ժ Ե Ր Ի Կ Ի Ր Ա Ռ Մ Ա Ն Կ Ա Ր Գ
Սույն կարգով սահմանվում է էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձանց (այսուհետ՝ Լիցենզավորված անձ) կողմից «Էներգետիկայի մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահաջները խախտելու, Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) իրավական ակտերը, գործունեության լիցենզիայի (այսուհետ՝ Լիցենզիա) պայմանները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ խախտելու դեպքերում տույժերի կիրառման գործընթացը։
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1 Լիցենզավորված անձանց կողմից «Էներգետիկայի մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջները խախտելու, Հանձնաժողովի իրավական ակտերը, Լիցենզիայի պայմանները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ խախտելու դեպքերում Հանձնաժողովն իրավասու է տալ խախտումները վերացնելու վերաբերյալ հանձարարականներ և կիրառել տույժի հետևյալ տեսակները.
ա) նախազգուշացում,
բ) սակագների նվազեցում,
գ) Լիցենզիայի կասեցում,
դ) Լիցենզիայից զրկում:
1.2 Լիցենզավորված անձի կատարած խախտումը կարող է բացահայտել ինչպես Հանձնաժողովը (նրա կողմից լիազորված ներկայացուցիչը), այնպես էլ այլ անձինք։ Վերջին դեպքում, Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանման առաջարկության հիման վրա, Հանձնաժողովի նախագահի հանձնարարականով ստեղծվում է աշխատանքային խումբ՝ խախտման իսկությունը պարզելու և համապատասխան եզրակացություն ներկայացնելու նպատակով։
1.3 Խախտման փաստը հաստատվելու դեպքում Հանձնաժողովն այդ մասին գրավոր տեղեկացնում է Լիցենզավորված անձին՝ անհրաժեշտության դեպքում կցելով համապատասխան հիմնավորող փաստաթղթեր։ Լիցենզավորված անձն իրավունք ունի ընդունելու (ամբողջությամբ կամ մասնակի) կամ մերժելու խախտման մասին Հանձնաժողովի եզրակացությունը, որի վերաբերյալ իր դիրքորոշումը 10 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է գրավոր ներկայացնել Հանձնաժողով։ Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը կատարում է Լիցենզավորված անձի ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրություն և արդյունքների մասին սահմանված կարգով տեղեկացնում Հանձնաժողովի նախագահին։
1.4 Հարցը Հանձնաժողովի նիստի քննարկմանը ներկայացվելու դեպքում Լիցենզավորված անձը սահմանված կարգով տեղեկացվում է այդ մասին։
1.5 Լիցենզավորված անձն իրավունք ունի Հանձնաժողովի նիստում արտահայտել իր կարծիքը, ներկայացնել առաջարկություններ և առարկություններ՝ կիրառվելիք տույժերի վերաբերյալ։
1.6 Լիցենզավորված անձը չի ենթարկվում տույժի, եթե նրա գործունեության ընթացքում արձանագրված խախտումները ֆորս մաժորի (արտակարգ և անկանխելի դեպքեր ու հանգամանքներ, որոնք ստեղծվել են Լիցենզավորված անձի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են Լիցենզավորված անձի գործունեությանը կամ հանգեցնում նրա ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման՝ հակառակ նրա կողմից գործադրված ջանքերի՝ խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը) հետևանք են։
2. ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
2.1 Լիցենզավորված անձի կողմից կատարված՝ սույն կարգի 1.1 կետում նշված խախտումները հայտնաբերելու դեպքում Հանձնաժողովը, ըստ անհրաժեշտության, իրավասու է որոշմամբ տալ նախազգուշացում։ Որոշման մեջ նշվում է կատարված խախտումը, տրվում այն վերացնելու հանձնարարական և սահմանվում ժամկետ։
2.2 Լիցենզավորված անձը պարտավոր է որոշմամբ սահմանված ժամկետում վերացնել խախտումը։ Խախտումը վերացված է համարվում այդ մասին Լիցենզավորված անձի դիմումը (համապատասխան հիմնավորող փաստաթղթերով) Հանձնաժողով մուտքագրվելու օրվան հաջորդող հինգերորդ օրը, եթե այդ ժամկետում Հանձնաժողովն այլ որոշում չի կայացնում։
2.3 Որոշմամբ սահմանված հանձնարարականի կատարման ժամկետը լրանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում խախտումը վերացնելու մասին դիմում չներկայացվելու դեպքում Հանձնաժողովն իրավասու է կիրառել սույն կարգի 1.1 կետի բ) կամ գ) ենթակետերում նշված տույժերը՝ համապատասխան որոշում ընդունելուց հետո այդ մասին տեղեկացնելով Լիցենզավորված անձին ու շահագրգիռ կազմակերպություններին և 10 աշխատանքային օրվա ընթացքում նրանց ուղարկելով տույժի կիրառման մասին որոշման պատճենը։
3. ՍԱԿԱԳՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ
3.1 Սակագնի նվազեցումը կատարվում է Լիցենզավորված անձի, բացառությամբ արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման և էլեկտրական էներգիայի արտահանման գործունեություն իրականացնող Լիցենզավորված անձանց, սակագնի հաշվարկի հիմքում դրված շահույթի հաշվին։
3.2 Սակագնի նվազեցում կիրառելու դեպքում Հանձնաժողովի որոշման մեջ պարտադիր կերպով նշվում են նվազեցված սակագնի գործողության ժամկետը և հաշվարկային շահույթի նվազեցման տոկոսը։
3.3 Սակագնի նվազեցում կիրառելու դեպքում Հանձնաժողովն այդ մասին տեղեկացնում է Լիցենզավորված անձին և շահագրգիռ կազմակերպություններին՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում նրանց ուղարկելով տույժի կիրառման մասին որոշման պատճենը։
3.4 Սակագնի նվազեցումը դադարեցվում է նվազեցման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից։ Եթե սակագնի նվազեցման ժամկետը որոշմամբ սահմանվել է մինչև խախտման պատճառի վերացումը, ապա սակագնի նվազեցումը դադարեցված է համարվում Լիցենզավորված անձի՝ խախտումները վերացնելու մասին դիմումը (համապատասխան հիմնավորող փաստաթղթերով) Հանձնաժողով մուտքագրվելու օրվան հաջորդող հինգերորդ օրը, եթե այդ ժամկետում Հանձնաժողովն այլ որոշում չի կայացնում։
4. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿԱՍԵՑՈՒՄ
4.1 Լիցենզիայի գործողության կասեցումը որոշակի ժամկետով և (կամ) որոշակի պայմաններով Լիցենզավորված անձին ժամանակավորապես զրկումն է լիցենզավորման ենթակա գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կամ Լիցենզիայով վերապահված առանձին գործողություններն իրականացնելու իրավունքից։
4.2 Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել՝
ա) Լիցենզավորված անձի կողմից Լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման տալու, գրավ դնելու կամ օտարելու դեպքում.
բ) Լիցենզավորված անձի կողմից «Էներգետիկայի մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հանձնաժողովի իրավական ակտերով, Լիցենզիայով նախատեսված դեպքերում փոփոխությունների մասին Հանձնաժողովին ժամանակին չհայտնելու դեպքում.
գ) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ Լիցենզիայի պահանջների ու պայմանների, ինչպես նաև լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների կոպիտ խախտման դեպքում.
դ) Լիցենզավորված անձի կողմից պարբերաբար խախտումներ կատարելու դեպքում.
ե) Լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց՝ օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.
զ) Լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեությունից բխող՝ օրենքով նախատեսված հաշվետվությունների ներկայացման ժամկետը 10 աշխատանքային օրվանից ավելի ժամկետով խախտելու դեպքում.
է) տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում.
ը) «Էներգետիկայի մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ օրենքներով, Հանձնաժողովի իրավական ակտերով և Լիցենզիայի պայմաններով նախատեսված այլ դեպքերում։
4.3 Սույն կարգի 4.2 կետի բ), գ), դ), ե), զ), է), ենթակետերով նախատեսված դեպքերում Լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև Լիցենզավորված անձի կողմից խախտման վերացումը։
4.4 Սույն կարգի 4.2 կետի ա) ենթակետով նախատեսված դեպքերում Լիցենզիայի գործողությունը կասեցվում է երկու ամիս ժամանակով։
4.5 Լիցենզիայի գործողության կասեցման ընթացքում Լիցենզավորված անձն իրավունք չունի իրականացնել կասեցման որոշմամբ սահմանված գործունեություն, գործառույթ կամ գործողություն, բացառությամբ նրանց, որոնք ուղղված են Լիցենզիայի գործողության կասեցման պատճառները վերացնելուն, ինչպես նաև կասեցման մասին որոշմամբ նախատեսված անհետաձգելի միջոցառումներն իրականացնելուն։
4.6 Լիցենզիայի գործողության կասեցման ընթացքում Լիցենզավորված անձի կողմից սույն կարգի 4.5 կետով արգելված գործունեության, գործառույթի կամ գործողության իրականացումը համարվում է առանց Լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում և առաջացնում է օրենքով նախատեսված համապատասխան պատասխանատվություն։
4.7 Լիցենզիայի գործողությունը կասեցնելու որոշմամբ պետք է հստակ սահմանվեն կասեցվող գործունեությունը, գործառույթը կամ գործողությունները, ինչպես նաև կասեցման պատճառները, իրավական հիմքերը և ժամկետները։ Եթե, խախտման բնույթից ելնելով, դրանք կամ դրանց հետևանքները հնարավոր է վերացնել Լիցենզավորված անձին լիցենզավորման ենթակա գործունեության առանձին գործառույթները կամ Լիցենզիայով վերապահված առանձին գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկելու միջոցով, ապա այդ դեպքերում Լիցենզիայի ողջ գործողության կասեցում չի կիրառվում։
4.8 Եթե Լիցենզիայի գործողության կասեցման հետևանքով ուղղակի վնաս կհասցվի պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին ու բարի համբավին, ապա Լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշմամբ պետք է նախատեսվեն Լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեությունը կասեցնելու հետևանքով երրորդ անձանց շահերի պաշտպանության երաշխիքները և դրա հետևանքով նրանց պատճառված վնասների հատուցման կարգը կամ հետևանքների վերացման ժամկետը։
4.9 Սույն կարգի 4.7 և (կամ) 4.8 կետերով նախատեսված դրույթները չպարունակող Լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշումներն անվավեր են։
4.10 Լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում այդ մասին որոշումը Լիցենզավորված անձին պատշաճ հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվան հաջորդող օրվանից, եթե Լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշմամբ կամ օրենքով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ։ Լիցենզիայի գործողությունը կասեցնելու դեպքում Հանձնաժողովը այդ մասին տեղեկացնում է նաև շահագրգիռ կազմակերպություններին։
4.11 Լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից։ Եթե Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետը որոշմամբ սահմանվել է մինչև խախտման պատճառի վերացումը, ապա Լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում Լիցենզավորված անձի՝ խախտումները վերացնելու մասին դիմումը (համապատասխան հիմնավորող փաստաթղթերով) Հանձնաժողով մուտքագրվելու օրվան հաջորդող հինգերորդ օրը, եթե այդ ժամկետում Հանձնաժողովը այլ որոշում չի կայացնում։
5. ԼԻՑԵՆԶԻԱՅԻՑ ԶՐԿՈՒՄ
5.1 Հանձնաժողովը Լիցենզիայից կարող է զրկել՝
ա) եթե լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման հետևանքով պատճառվել է ծանր վնաս.
բ) Լիցենզավորված անձի կողմից չարամտորեն խախտումներ կատարելու դեպքում.
գ) մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ սույն կարգի համաձայն Լիցենզիայի գործողությունը կասեցնելու դեպքում.
դ) Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ կասեցված գործունեությունն կամ այդ գործունեության առանձին գործառույթ կամ Լիցենզիայով վերապահված առանձին գործողություն իրականացնելու դեպքում.
ե) «Էներգետիկայի մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ օրենքներով, Հանձնաժողովի իրավական ակտերով և Լիցենզիայի պայմաններով նախատեսված այլ դեպքերում։
5.2 Եթե Լիցենզիայից զրկման հետևանքով ուղղակի վնաս կհասցվի պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին ու բարի համբավին, ապա դատարանի վճռով կամ Հանձնաժողովի որոշմամբ պետք է սահմանվեն Լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեությունը դադարեցնելու հետևանքով երրորդ անձանց շահերի պաշտպանության երաշխիքներ‚ կամ դրա հետևանքով նրանց պատճառած վնասների հատուցման կարգ, կամ հետևանքների վերացման ժամկետ։
5.3 Լիցենզավորված անձին Լիցենզիայից զրկելու դեպքում սպառողների անխափան մատակարարումն ապահովելու նպատակով Հանձնաժողովը, մինչև նոր Լիցենզիա տալը, իրավունք ունի համապատասխան որոշմամբ պարտադրել Լիցենզավորված անձին ժամանակավորապես շարունակել իր գործունեությունը՝ Հանձնաժողովի սահմանած պայմաններին և դրույթներին համապատասխան։ Այդ որոշումը չկատարելու դեպքում կիրառվում են սույն կարգի 5.5 կետի դրույթները։
5.4 Լիցենզիայից զրկված Լիցենզավորված անձը սահմանված պայմանները բավարարելու դեպքում իրավունք ունի ընդհանուր հիմունքներով դիմել Հանձնաժողով՝ նոր Լիցենզիա ստանալու համար:
5.5 Եթե Լիցենզիայից զրկված Լիցենզավորված անձը չի բավարարում նոր Լիցենզիա ստանալու անհրաժեշտ պայմանները կամ հրաժարվում է նոր Լիցենզիա ստանալու իրավունքից, ապա նա օտարում է լիցենզավորված գործունեությունն ապահովող՝ իր սեփականությունը հանդիսացող գույքային համալիրը, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Լիցենզիայից զրկված Լիցենզավորված անձի բաժնետերերին առաջարկում է իր հետ համաձայնեցված կարգով օտարել այդ ընկերության բաժնետոմսերը: Լիցենզիայից զրկված Լիցենզավորված անձի՝ նոր Լիցենզիա ստանալու պայմանները չբավարարելու և իր սեփականությունը կազմող լիցենզավորված գործունեության իրականացումն ապահովող գույքային համալիրը չօտարելու դեպքում, որպես բացառիկ միջոց, այդ գույքը կարող է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 28-րդ հոդվածով սահմանված կարգով՝ օրենքի հիման վրա, օտարվել պետության և հասարակության կարիքների համար՝ նախնական համարժեք փոխհատուցմամբ: Գույքի օտարման ընթացքում սպառողների շահերի պաշտպանության նպատակով Հանձնաժողովը նշանակում է Լիցենզիայից զրկված Լիցենզավորված անձի գույքի ժամանակավոր կառավարիչ: